Բարև ձեզ հարգելի Նարինե: Ես 20 տարեկան եմ: Արդեն 2 տարի է, ինչ անընդհատ սեռական ցանկություն եմ ունենում: Երբեմն էրոտիկ ֆիլմեր եմ նայում` ինձ բավարարելու համար, սակայն լրիվ հակառակն է ստացվում, խնդրում եմ, ասացեք` ի՞նչ կարող եմ անել, որպեսզի ազատվեմ այդ ցանկությունից:

Պատասխան

Բարև, դուք այն տարիքում եք որին բնորոշ են բուռն հորմոնալ տեղաշարժեր, ինչի հետևանքով էլ սեռական կարիքն իրեն դրսևորում է ողջ ուժգնությամբ։ Սակայն երկու բան հարկավոր է տարբերել իրարից՝ սեռական կարիք և սեռական ցանկություն: Սեռական կարիքը բնազդ է, որը հնարավոր չէ վերացնել, ինչպես հնարավոր չէ վերացնել և ցանկացած այլ բնազդ: Խոսքն այստեղ գնում է վերարտադրողական կամ տեսակի պահպանման բնազդի մասին, դա շատ ամուր նյարդային հիմքերով մեխանիզմ է, որը երաշխավորում է մարդկության գոյության պահպանումը Երկրի երեսին։ Սեռական ցանկությունը այդ բնազդի հիման վրա ստեղծվող հոգեվիճակ է, ներքին վերապրում, որի հեղինակը հենց ինքը՝ մարդն է: Ձեր կողմից ստեղծած սեռական ցանկությունը միայն մարմնական բավարարման ձգտում է, այն էլ հենց ձեր ջանքերով, դրա համար էլ այն դատապարտված է և չի կարող իրականություն դառնալ։ Նախ և առաջ բավարարման համար պարտադիր պայման է զուգընկերոջ/զուգընկերուհու ներկայությունը, իսկ հետո, այնպես է ստեղծված, որ մեր սեռական մարմնի ֆիզիոլոգիական հագեցումը միայն ժամանակավոր լինի, որպեսզի ամեն անգամ մենք բեղմնավորման նոր հնարավորություններ փնտրենք։ Այդ իսկ պատճառով, հերթական բավարարումից հետո գալիս է ներքին դատարկության-քաղցի վերապրում, ինչի շնորհիվ սկսվում է նոր սեռական ցիկլ։ Բավարարում է գալիս միայն այնպիսի սեռական ակտիվությունից, որի հիմքում կան հոգե-հուզական և հոգևոր արժեքներ, և եթե առաջինը նույնպես ժամանակավոր է, (թեև մի փոքր ավելի տևական, քան ֆիզիոլոգիականը), ապա հոգևոր արժեքների առկայության դեպքում վերապրումն այնքան խորն ու ակունքային է, որ երբեք չի մարում և տալիս է լիարժեք բավարարման զգացում։

Փակել