ԴԻՍՊԱՐԵՈՒՆԻԱ

ԲՆՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Դիսպարեունիան սեռական ակտի հետ կապված կրկնվող կամ մշտական ցավային զգացողություններ են, որոնք հանդիպում են թե՛ կնոջ, թե՛ տղամարդու մոտ: Այն լուրջ անհանգստություն է պատճառում անձին կամ ստեղծում է միջանձնային լարվածություն և պայմանավորված չէ վագինիզմով կամ լյուբրիկացիայի խանգարմամբ, հետևանք չէ որևէ այլ հիվանդության կամ դեղորայքի ընդունման:

Նախկինում սեռական ակտի ժամանակ սեռական օրգաններում ի հայտ եկող ցավը նկարագրելու համար օգտագործվում էր գենիտալգիա տերմինը: Գենիտալգիաներ ասելով հասկացվում էր ինչպես փսիխոգեն, այնպես էլ միզասեռական, գինեկոլոգիական, նևրոլոգիական հիվանդություններով պայմանավորված ցավային զգացողությունները: Միևնույն ժամանակ շատ հեղինակներ նշում են, որ անհրաժեշտ է տարբերակել ֆունկցիոնալ գենիտալգիան ուռոգենիտալ հիվանդությունների ժամանակ առաջացած ցավային սինդրոմից:

Կարդալ ավելին

Հիվանդությունների միջազգային դասակարգման 10-րդ վերանայման համաձայն ոչ օրգանական բնույթի դիսպարեունիան դա սեռական ակտի ժամանակ ցավային զգացողություններն են, որոնց հիմքում ընկած են հուզական պատճառներ:

Խրոնիկական դիսպարեունիան կարող է սեռական կյանքի հանդեպ հետաքրքրության կորստի պատճառ դառնալ:

Դիսպարեունիան հանդիպում է և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ, չնայած առաջինների մոտ հանդիպման հաճախականությունը անհամեմատ բարձր է: Այն կապված է կանանց սեռականության առանձնահատկությունների հետ, այն է նրանց համար հոգեբանական գործոնների մեծ նշանակությունը, սեռական դրսևորումների կախվածությունը անհատական փորձից և որ ամենակարևորն է զուգընկերոջ անձնային հատկանիշները: Ահա վերոհիշյալ նախապայմաններն են, որոնցից կախված է կնոջ սեռական կյանքի որակը: Կանանց սեռական խանգարումների պատճառ կարող են հանդիսանալ համեմատաբար թույլ հոգեբանական ազդակները, որը վկայում է նրանց սեռականության խոցելիության մասին:

Դիսպարեունիան կարող է հանդես գալ որպես առանձին սեռական խանգարում, սակայն հիմնականում այն ուղեկցվում է սեռական ցանկության բացակայությամբ և հեշտանքի խանգարումներով: Ընդ որում կարող է դիսպարեունիան վերը նշված խանգարումների զարգացման համար ինչպես պատճառ լինել այպես էլ հետևանք:

ՊԱՏՃԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԽՏԱԾԱԳՈՒՄԸ Զարգացման հիմքում ընկած է ԿՆՀ-ի նոցիցեպտիվ և հականոցիցեպտիվ համակարգերի համաձայնեցված գործունեության խանգարումը, որի արդյունքում իջնում է ցավի ընկալման շեմքը:

Պետք է նշել, որ դիսպարեունիայի առաջացման հիմքում ընկած է նաև կոնքի հատակի, որովայնի առաջային պատի և ազդրերի ներսային հատվածի մկանների կծկումը, որը կարող է լինել հետևանք տագնապի կամ էլ արտահայտված բացասական էմոցիաների` ուղղված կոնկրետ զուգընկերոջը կամ սեռական կյանքին ընդհանրապես: Քիչ արտահայտված մկանային սպազմի դեպքում վագինիզմ չի առաջանում, սակայն դժվարությամբ է կատարվում իմիսիա և ներհրումների կատարելիս լորձաթաղանթի տրավմատիզացիայի հետևանքով առաջանում է ցավ` տեղակայված հեշտոցի, փոքր կոնքի և արտաքին սեռական օրգանների շրջանում:

Մյուս կողմից աններդաշնակ սեռական կյանքը, որը չի համապատասխանում կնոջ սեռական պահանջներին և նախընտրություններին, կարող է ուղեկցվել բացասական էմոցիաներով (գերդրդվածություն, զզվանք), ֆրուստրացիայով, սեռական ակտի ժամանակ տհաճ և ցավային զգացողություներով: Կինը այս զգացողությունները օգտագործում է ամուսնու դեմ` սեռական հարաբերություններից խուսափելը մեկնաբանելով ցավի առկայությամբ:

Ինչպես արդեն նշվեց սեռական կայանքի որակը մեծապես կախված է միջանձնային հարաբերություններից: Կոնֆլիկտների վերբալիզացիայի անկարողությունը, կապված կնոջ անինքնավստահության և չափից դուրս համեստության հետ, բերում է «մարմնի լեզվի» ակտիվացմանը: Սեռական մերձեցման ժամանակ ցավի առաջացումը, զուգընկերոջը մերժելու ոչ վերբալ դրսևորումն է:

Ոչ օրգանական ծագման դիսպարեունիան կրում է ընտրողական բնույթ: Սեռական հարաբերության ժամանակ ցավ նկատվում է միայն կոնկրետ զուգընկերոջ հետ մերձեցման կամ փորձի ժամանակ, և լրիվությամբ բացակայում է այլ տղամարդկնց հետ հարաբերության ժամանակ:

Դիսպարեունիայի առաջացումը կախված չէ զուգընկերոջ անձնային հատկանիշներից, երբ կինը բացասական վերաբերմունք ունի հանդեպ սեռականությանը ընդհանրապես:

Ոչ օրգանական բնույթի դիսպարեունիայի առայացմանը կարող են նպաստել նաև հղիությունից, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից վախի առկայության դեպքում:

Հաճախ ոչ օրգանական բնույթի դիսպարեունիան պայմանավորված է կանանց անձնային առանձնահատկություններով: Սովորաբար նման կանայք ինֆանտիլ են և էմոցիոնալ ոչ հասուն: Նրանց բնորոշ են հետևյալ բնավորության գծերը. զգայուն են, համեստ, ամաչկոտ, հակված են դեպրեսիվ և հիպոխոնդրիկ ռեակցիաների: Ապացուցված է, որ նման բնավորության գծերով օժտված անձանց մոտ ցավի ընկալման շեմքը շատ ցածր է, այսինքն ցավի նկատմամբ ավելի զգայուն են:

Այսպիսով ոչ oրգանական բնույթի դիսպարեունիան առաջանում է աններդաշնակ ամուսնական և սեռական հարաբերությունների ֆոնի վրա, հատկապես այն կանանց մոտ, որոնք ունեն փսիխոսեքսուալ զարգացման խանգարումներ և անձնային որոշակի առանձնահատկություններ:

ԲՈՒԺՈՒՄԸ

Բուժման հիմնական մեթոդո հոգեթերապիան է: Առավել արդյունավետ է ռացիոնալ հոգեթերապիան, որը ուղղված է այցելուներին ցավի առաջացման մեխանիզմի պարզաբանմանը, ախտաբանական դիրքորոշումների դեզակտուալիզացիային, որոնք ուղղված են սոմատիկ և սեռական անլիարժեքությանը, այցելուի հետ սեռական ֆունկցիայի ֆիզիոլոգիայի և կանանց սեռական կյանքի հոգեբանական ասպեկտի քննարկմանը:

Քանի որ ոչ օրգանական բնույթի դիսպարեունիան հաճախ պայմանավորված է միջանձնային և սեռական աններդաշնակությամբ և համակցվոում է այլ սեռական խանգարումներով, անհրաժեշտ է նրանց ներդաշնակեցմանը ուղղված աշխատանք տանել: Վերջինիս նպատակով պետք է ուշաադրություն դարձնել զուգընկերների վերբալ փոխազդեցությանը, ինչը նպաստում է հասկանալ ինչպես սեփական այնպես էլ զուգընկերոջ խնդիրները և պահանջները, արդյունքում բարձրանում է սեռական կոմունիկացիայի մակարդակը:

Սակայն միշտ չէ, որ ներանձնային կամ միջանձնային խնդրի վերացումը բերում է ցավային ախտանիշի անհետացմանը: Հաճախ ցավային ախտանիշը կարող է բացասական փորձի հետևաանք լինել, որը ամեն անգամ սեռական հարաբերությունից առաջ լարվածության և տագնապի տեղիք է տալիս: Այդ է պատճառը, որ դիսպարեունիայի բուժման համար բավականին արդյունավետ է սեքս-թերապիայի կիրառումը:

Ոչ օրգանական բնույթի դիսպարեունիայի բուժման համար դեղորայքային բուժումը համարվում է հավելյալ մեթոդ:

Փակել