Վաղաժամ սերմնաժայթքումը (Ejaculatio Praecox, EP) տղամարդկանց սեռական խանգարումների մեջ գերակշիռ տեղ է զբաղեցնում: Գրեթե բոլոր տղամարդիկ իրենց առաջին սեռական հարաբերությունը ավարտում են վաղ սերմնաժայթքմամբ: Սակայն պատանեկության շրջանում նմանատիպ սեռական դրսևորումը համարվում է նորմալ, անկախ անձնական գնահատականից, որը երբեմն կարող է ծայրաստիճան բացասական լինել և անհանգստության աղբյուր դառնալ: Վաղ սերմնաժայթքումը այս տարիներին դեռևս վաղաժամ սերմնաժայթքում չէ, քանի որ պատանին պարզապես դեռ չի սովորել կառավարել սերմնաժայթքումը, մի հատկություն, որ զարգանում է փորձառության աճի հետ և հետևաբար պահանջում է որոշակի ժամանակ: Ինչևիցե, շատ տղամարդկանց համար սերմնաժայթքման կառավարումը այդպես էլ մնում է անհասանելի հմտություն և վաղաժամ սերմնաժայթքումը մնում է նրանց սեռականության դրսևորման սովորական ստերեոտիպ: Վաղաժամ սերմնաժայթքման տարածվածությունը ըստ տարբեր հեղինակների կազմում է 30% -ից մինչև 75%: Թվերի այսպիսի լայն տատանումը պայմանավորված է ՎՍ բնորոշման անորոշության հետ: Շատ դեպքերում վիճակը բարդանում է երկրորդային էրեկտիլ խանգարմամբ և այցելուն դիմում է բժշկի այլ գլխավոր գանգատով:
ԲՆՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
DSM-IV ում վաղաժամ սերմնաժայթքումը (302.75) բնորոշվում է հետևյալ չափանիշներով՝

Կարդալ ավելին

Ա. Մշտական կամ պարբերաբար կրկնվող այնպիսի սերմնաժայթքում, որն առաջանում է ինտրոմիսիայից անմիջապես հետո կամ հենց դրա ժամանակ, նախքան անձը ցանկանում է այդ: Սերմնաժայթքմանը նախորդող գրգռանքի փուլը կարճատև է, որը գնահատում է բժիշկը՝ ելնելով մի շարք չափանիշներից, ինչպիսիք են՝ տարիքը, զուգընկերուհու կամ սեքսուալ գրգռիչի նորույթը, նախորդող սեքսուալ աբստինենտ շրջանի տևողությունը:
Բ. Խանգարումը լուրջ անհանգստություն է պատճառում անձին կամ առաջացնում է միջանձնային խնդիրներ:
Գ. Վաղաժամ սերմնաժայթքումը հետևանք չէ որևէ այլ նյութի ուղղակի ազդեցության

Վաղաժամ սերմնաժայթքման բնորոշումը միշտ եղել է վիճահարույց առարկա: Վասիլչենկո Գ. Ս. գտնում է, որ սերմնաժայթքումը վաղաժամ պետք է համարել եթե այն հայտնվում է ինտրոմիսիայից հետո մեկ րոպեի ընթացքում կամ 20 ֆրիկցիայից հետո: Այսպիսի սերմնաժայթքումը նա անվանում է բացարձակ վաղաժամ սերմնաճայթքում՝ ejaculatio praecox absoluta-EPA: Կինզին իր լայնածավալ հետազոտության արդյունքում պարզել է, որ ամերիկացի տղամարդկանց 75%-ը սերմնաժայթքում են ունենում ինտրոմիսիայի պահից հաշված 2 րոպեի ընթացքում: Այս ցուցանիշը, սակայն, չի բնութագրում տղամարդու կամ նրա զոըգընկերուհու բավարարվածության մակարդակը: Մաստերս և Ջոնսոնի (1970) կարծիքով վաղաժամ պետք է համարել զուգընկերուհու բավարարման զգացողության համար անհրաժեշտ ժամանակից շուտ սերմնաժայթքումը, եթե կինը չի տառապում անհեշտանքիայով: Վասիլչենկոն նույնպես նշում է վաղաժամ սերմնաժայթքման այս ձևի մասին, անվանելով այն ejaculation praecox relativa-EPR հարաբերական ՎՍ, եթե սերմնաժայթքումը տեղի է ունենում ինտրոմիսիայից 1րոպե անց, բայց նախքան կնոջ հեշտանքը : DSM-IV ում, ինչպես նշվեց վերևում, «վաղաժամի» ցուցանիշը ոչ թե ժամանակն է (1 կամ 2րոպե), ֆրիկցիաների քանակը (20-25 ) կամ անձնական բավարարումը (ելնելով կնոջ հեշտանքից) այլ սերմնաժայթքման կառավարման սուբյեկտիվ զգացողությունը:: Այս մոտեցումը, ըստ երևույթին, ավելի գործնական է, քանի որ որոշ տղամարդիկ և նրանց զուգընկերուհիներ ամենևին էլ անհանգստացած չեն վաղ սերմնաժայթքման փաստով: Նրանք, որ օգնություն են փնտրում այս վիճակի կապակցությամբ, այն անբավարարված տղամարդիկ են, ովքեր սերմնաժայթքում են ունենում ոչ այն ժամանակ, երբ իրենք են ցանկանում:
Հաճախ (բայց ոչ միշտ) վաղաժամ սերմնաժայթքումը ազդեցություն է ունենում զուգընկերուհու վրա՝ վերջինիս մոտ դժգոհության առաջացման և միջանձնային խնդիրների պատճառ դառնալով: Տղամարդը ապրում է ամոթի, նսեմացման զգացումներ: Նրա զուգընկերուհին սկզբում կարող է շփոթմունքի մեջ հայտնվել՝ իրեն մեղավոր համարելով իրավիճակի կապակցությամբ, սակայն ավելի հաճախ կանայք, հատկապես սեռական հարցերից տեղեկացվածները, հուսախաբության զգացում են ունենում, դառնում անհամբեր և զայրացկոտ: Սա իր հերթին էլ ավելի է ուժեղացնում տղամարդու տագնապը և խորացնում սեռական խանգարումը:
Տարբերում են վաղաժամ սերմնաժայթքման առաջնային և երկրորդային ձևերը: Առաջնային ձևը գոյություն ունի սեռական կյանքի հենց սկզբից: Երկրորդային վաղաժամ սերմնաժայթքումը, որ պայմանավորված է հոգեսեքսուալ տրավմայով, բավականին հազվադեպ հանդիպող վիճակ է: Երկարատև սեռական ձեռնպահությունը նույնպես կարող է վաղաժամ սերմնաժայթքում առաջացնել: Սովորաբար այսպիսի դեպքերում տղամարդիկ շատ արագ վերականգնում են կամային կառավարումը, սակայն երբեմն այն չի հաջողվում և պատճառ է դառնում աճող տագնապի: Բոլոր վաղաժամ սերմնաժայթքում ունեցողները տագնապի զգացում ունեն, որն այս խանգարման մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում: Կայանալիք սեռական հարաբերությունը թեþ տղամարդու, թեþ կնոջ մոտ վատ նախազգացում է առաջ բերում, իսկ սեռական ակտիվության ավարտը անբավարարվածության զգացում է բերում: Որպես երկրորդային խանգարում առաջանում է սեռական ցանկության իջեցում, իսկ որոշ դեպքերում նմանապես խանգարվում է էրեկտիլ ֆունկցիան: Որոշ դեքերում զարգանում է նաև խուսափում սեռական հարաբերությունից:
ՊԱՏՃԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Շատ փորձեր են կատարվել բացատրելու համար վաղաժամ սերմնաժայթքման պատճառները: Այս այցելուների սեքսուալ ստատուսի քննությունը բացահայտում է, որ նրանք հաճախ չեն գիտակցում իրենց գրգռված լինելը կամ ճիշտ չեն ընկալում իրենց գրգռման մակարդակը: Այս տղամարդիկ կպչուն կերպով փորձում են կառավարել իրենց սերմնաժայթքումը: Նրանք չեն նկատում, թե ինչպես է բարձրանում իրենց գրգռվածության մակարդակը և չեն գիտակցում այն զգացողությունը, որ անմիջապես նախորդում է հեշտանքին: Հաստատվել է, որ ընկալման այս խանգարումը այս համախտանիշի բանալին է: Զգայական ընկալումը պարտադիր պայման է բոլոր կամային ռեֆլեքսների կառավարման համար, և սերմամնաժայթքումը բացառություն չի կազմում: Ավելի խորքային մակարդակում այս այցելուները կոնֆլիկտ ունեն սեռական բավարարման և հաճույքի վերաբերյալ, և ճնշում կամ մերժում են իրենց էռոտիկ զգացողությունները, երբ վերջիններս դառնում են «չափից դուրս ուժգին» կամ տևում են «չափից դուրս երկար»: Զգայական ընկալման դեմ վաղաժամ սերմնաժայթքումով այցելուների պաշտպանողական մեխանիզմները գործում են ի դեմս կառավարումը սովորելու նրանց ընդունակության:
Ի տարբերություն այլ սեռական խանգարումների վաղաժամ սերմնաժայթքման դեպքում անգիտակից ներհոգեբանական կոնֆլիկտները մեծ դեր չեն խաղում: Վաղաժամ սերմնաժայթքումը հաճախ հանդես է գալիս իբրև մեկուսացված ախտանիշ, առանց այլ հոգեբանական խնդրի առկայության, որ կարելի է հայտնաբերել մանրակրկիտ հետազոտության ժամանակ: Այս դեպքերում կարելի է խոսել զուտ սեռական մարզվածության անկարողության մասին: Այլ դեպքերում, վաղաժամ սերմնաժայթքումը կապված է ավելի խորը ներհոգեբանական և միջանձնային խնդիրների հետ: Առաջ է քաշվել մի ենթադրություն, որ վաղաժամ սերմնաժայթքումը ծառայում է իբրև գործիք կանանցից չարացած տղամարդկանց համար: Այս միջոցով նրանք կարծես վրեժ են լուծում, քանի որ զրկում են կնոջը ամենաբաղձալի հաճույքից: Այլ տեսության համաձայն վաղաժամ սերմնաժայթքումը ամորձատման բարդույթի դրսևորում է: Այս դեպքում հեշտոցը դիտարկվում է իբրև սպառնացող և սարսափ ներշնչող օրգան, իսկ վաղ սերմնաժայթքումը այն միջոցը, որի շնորհիվ կարելի է հնարավորինս շուտ «դուրս հանել առնանդամը այնտեղից»: Կլինիկական ակներևությունը վկայում է, որ այս այցելուների հոգեբանական խնդիրները ոչ սպեցիֆիկ չեն: Կարելի է հանդիպել կանանց նկատմամբ ինչպես ջերմ և սիրագորով, այնպես էլ թշնամական վերաբերմունքով տղամարդկանց, զուգընկերուհիները նույնպես տարբեր կարող են լինել: Այս պատճառով յուրաքանչյուր դեպքում հարկավոր է անց կացնել հոգեդինամիկ և միջանձնային հարաբերությւոների քննություն՝ կիրառելով անհատական մոտեցում:
ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ
Հոգեթերապիայի բարձր արդյունավետությւոնը ցույց է տալիս, որ առաջնային վաղաժամ սերմնաժայթքումը հազվադեպ է օրգանական ծագման լինում: Այնուհանդերձ կան ուռոգենիտալ և նյարդային համակարգի որոշ բնածին հիվանդություններ, որոնք կարող են առաջացնել առաջնային ՎՍ օրգանական ծագման: Ամենից հաճախ հանդիպող ախտաբանական վիճակներն են spina bifida-ն և պարացենտրալ բլթակների համախտանիշը: Սրանք հազվադեպ հանդիպող վիճակներ են, որոնց ժամանակ դիտվում են այլ կլինիկական ախտանշաններ, նևրոլոգիական նշաններ:
Պարացենտրալ բլաթակների համախտանիշի դեպքում, որը ուռոգենիտալ ֆունկցիաները վերահսկող կեղևային կենտրոնների ախտահարման հետևանք է, վաղաժամ սերմնաժայթքումը ուղեկցվում է գիշերամիզության, հաճախամիզության հետ: Բնորոշ են կոնստիտուցիանալ պարամետրերին չհամապատասխանող վաղաժամ օյգարխեն, ինչպես նաև պիրամիդային համակարգի ախտահարման նշաններ՝ աքիլեսյան ռեֆլեքսների ինվերսիա, ոտնաթաթերի կլոնուս, Բաբինսկու և Ռոսոլիմոյի ախտանիշներ, անիզոկորիա, օրալ ավտոմատիզմի արտահայտումներ:
Երկրորդային ՎՍ հիմքում ավելի մեծ հավանականությամբ ընկած են օրգանական պատճառներ, հատկապես երբ սերմնաժայթքման կառավարման կորուստը ոչ մի կերպ կապված չէ փսիխոէմոցիոնալ սթրեսի կամ սեռական փոխհարաբերություններում էական փոփոխության հետ: ՎՍ առաջացման պատճառներից մեկը կարող է լինել էրեկտիլ դիսֆունկցիայի զարգացումը: Օրգանական պատճառներով առաջացած էրեկտիլ դիսֆունկցիան կարող է առաջ բերել ՎՍ, քանի որ այդ ձևով հնարավոր է խուսափել էրեկցիայի խանգարման դրսևորումից, այլ խոսքերով ասած, այցելուն սերմնաժայթքում է նախքան էրեկցիայի կորուստը:
Որոշ վիրահատություններ և ողնուղեղի վնասումներ, որոնց ժամանակ վնասվում են էյակուլյացիան կարգավորող ողնուղային կենտրոնները և նյարդերը, առաջ են բերում երկրորդային ՎՍ: Որոշ ուռոգենիտալ բորբոքայինգործընթացներ, ինչպիսիք են շագանակագեղձի բորբոքային հիվանդությունները, նունպես առաջացնում են սերմնաժայթքման երկրորդային խանգարումներ: Այսպիսով, երբ նախկինում սերմնաժայթքումը հաջողությամբ կարգավորող տղամարդը կորցնում է իր այդ ունակությունը, մանրազնին ուռոգենիտալ և նևրոլոգիական քննությունը դառնում է պարտադիր հրամայական:
ԲՈՒԺՈՒՄԸ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ԵԼՔԵՐԸ
Վաղաժամ սերմնաժայթքումը մեծ արդյունավետությամբ բուժվում է սեքս-թերապիայի միջոցով՝ օգտագործելով “squeeze” կամ “stop-start” մեթոդները: Վարքային փոիխոթերապիայի այս մեթոդների կիրառմամբ հնարավոր է դառնում վերացնել ախտանիշը, անգամ եթե այն ծառայում է իբրև անգիտակից պաշտպանական մեխանիզմ: Այնուհանդերձ, երբ սերմնաժայթքման վաղաժամությունը նշանակալից դեր է խաղում այցելուի հոգեդինամիկ զարգացման կամ զույգի փոխհարաբերությունների նևրոտիկ կազմավորման մեջ, բուժումը հաճախ բարդանում է: Այսպիսի դեպքերում սեռական խանգարման վերականգնումը հղի է տագնապի առաջացման վտանգով և բուժման դեմ պաշտպանական մեխանիզմների ստեղծումով:
Պարացենտրալ բլթերի հիվանդության ժամանակ Վասիլչենկոյի կողմից առաջարկվել է կատարել Միխայելիսի ռոմբի շրջանում 60-80 սմ2 մակերեսով մաշկի խլորէթիլային բլոկադաներ:
Խրոնիկական բորբոքային հիվանդությունների հետևանքով առաջացած վաղաժամ սերմնաժայթքումների համար նույնպես օգտագործվում է վերոնշյալ բուժական մեթոդը:

Փակել