Հարգելի բժշկուհի, ես երկար եմ մտածել, բայց չեի համարձակվում, ոչ ոքի հետ խոսել այս մասին: Ես ամուսնացած եմ արդեն 8 տարի, 17 տարեկանում եմ անուսնացել, հիմա 25 տարեկան եմ, ունեմ երկու բալիկ և ես չեմ կարողանում գտնել իմ հանգիստը ընտանեկան կյանքում: Ամուսինս 30 տարեկան է, դրսի, շրջապատի, ընկերության տղա, երբեք չի հասկացել՝ ինչ է ընտանիքը, միասին ճաշելը կամ զբոսնելը: Դեռ ամուսնության սկզբում ես ոչինչ չէի հասկանում սեռական կյանքից: Հետո առաջին բալիկիս ծնվելուց հետո, ընկերուհիներիցս մեկի հետ զրուցելիս հասկացա, որ սեռական ակտից հետո կինը նույնպես պետք է հաճույք զգա: Հիմա ՝մեր ամուսնության ութերորդ տարում, ես զգում եմ անտարբերություն, սառնություն ամուսնուս կողմից (նկատի ունեմ սեռական կյանքում): Ինձ թվում էր, որ նա մեկ ուրիշին ունի, բայց ոչ մի կերպ չէի կարողանում հավաստի տվյալ ունենալ: Միշտ ուղղակի ակնարկ էի անում, իսկ նա թեման փակում էր իր սառնությամբ: Անկողնում սկսել էր պատճառաբանել, որ հոգնած է և ուզում է քնել: Հետո մի քանի անգամ, երբ փորձում էր մոտենալ՝ իր մոտ ոչինչ չեր ստացվում, իսկ ես չեմ հասկանում դրա իրական պատճառը: Մի անգամ համարձակվեցի հարցնել, թե ինչ է կատարվում, միգուցե մեկ ուրիշը կա իր կյանքում, նա բացառեց այդ տարբերակը՝ ասելով, որ շատ նյարդային վիճակում է և քիչ է քնում, դրանից է: Ասեմ, որ նա ֆիզիկական աշխատանք երբեք չի անում: Նա ինձ չի մերժում ոչինչ, ֆինանսական առումով, առիթներին նույնպես ուշադիր է, երեխաների հանդեպ նույնպես՝ դպրոց ուղեկցել, փոքրին մանկապարտեզ, ինձ աշխատանքի, հետո տուն: Վերջին խոսակցությունն եղավ այն ժամանակ, երբ նրա մոտ էլի ոչինչ չստացվեց, նա պատճառաբանեց, որ ինձ երեխայի պես է սիրում, որ երբ ես հպվում եմ նրան՝ չի հասկանում՝ ինչ է կատարվում իր մոտ: Ես նույնպես չեմ հասկանում, նա միշտ ուշ է վերադառնում տուն, բայց երբեք հեռախոս չի անջատում, առաջին զանգից պատասխանում է ինձ: Իմ կյանքը մղձավանջի է վերածվել այս ծագած հարցերից: Կասկածներ են առաջանում, չգիտեմ՝ արդյո՞ք արդիական են դրանք:

Պատասխան

Ձեր ամուսնու մոտ առկա է սեռական առողջության խնդիր, որը մենք մեր լեզվով անվանում ենք իրավիճակային էրեկցիայի թուլություն: Չարժե կեղեքել ինքներդ ձեզ կասկածներով կամ անիմաստ երևակայություններով: Երեխայի պես է սիրում արտահայտությունը, շատ հետաքրքիր պատճառաբանում է, քանի որ իրոք, երբ ամուսնացել է ձեր հետ, դուք իրոք երեխա եք եղել և հնարավոր է մինչև հիմա ըստ սովորության շարունակում է վերաբերվել ձեզ նույն կերպ: Այստեղ շատ կարևոր է նրան հասկացնել, որ դուք արդեն երեխա չեք, բայց դա անել, ոչ թե խոսքերով այլ գործերով: Դուք ինքներդ ձեր մեջ պետք է տեսնեք կնոջը, որովհետև միայն այդ դեպքում կկարողանաք այդ կնոջ օգնությամբ հարաբերություն ստեղծել տղամարդու հետ: Առանց հուսահատվելու և համբերությունը հատելու, հետևողականորեն, արեք քայլեր, որով կստեղծեք սիրո և ջերմության մթնոլորտ, որտեղ նա կարող է գտնել իր բոլոր պահանջների՝ այդ թվում սեռական, բավարարումը: Իհարկե կարծում եմ հարկ կլինի նրա խնդրի մասնագիտական կարգավորման դիմել, բայց նա ինքը պետք է ուզենա դիմել մասնագետին, այլ ոչ թե սպառնալիքի ազդեցությամբ կամ որևէ տիպի ճնշման հարկադրումով: Ասեմ, որ ձեր խնդիրը հեշտագույններից չէ։

Փակել