Բարև Ձեզ բժշկուհի ջան: Շնորհակալ կլինեմ պատասխանի համար: Ես արդեն երեք տարի է ամուսնացած եմ և ինձ անհանգստացնում է իմ սեռական կյանքը, որը շատ անկանոն է: Իմ ամուսինը պատճառաբանում է, որ իր մոտ խնդիր չկա, պարզապես ցանկություն քիչ է զգում, ինչի պատճառով էլ հաճախ կոնֆլիկտներ ենք ունենում: Այս ամենը բացասական է անդրադարձել իմ նյարդային համակարգի վրա: Խնդրում եմ ինձ ասեք, սա խնդիր է նրա կողմից, թե ուղղակի իր տեսակն է այդպիսին: Ես նրա հետ բազմիցս խոսել եմ, նա ասում է, որ հասկանում է ինձ և որոշ ժամանակ նորմալանում է ամեն ինչ, սակայն նորից, չգիտեմ ինչու կանգնում ենք նույն խնդրի առաջ: Մենք ունենք մեկ տարեկան երեխա, խնդրում եմ ինձ խորհուրդ տվեք, ի՞նչ անել: Շնորհակալություն:

Պատասխան

Բարև հարգելի նամակագիր: Սեռական ցանկությունների անհամապատասխանությունը մեր պրակտիկայում հաճախակի հանդիպող սեռական աններդաշնակություն է: Հնարավոր են հետևյալ պատճառները` ա) Ձեր ամուսինը որևէ հիվանդություն ունի, որի մասին նա տեղյակ չէ, իսկ սեռական ցանկության ցածր լինելը այդ թաքնված հիվանդության առաջին, իսկ գուցե նաև` միակ նշանն է, բժիշկը կարող է ժամանակին ախտորոշել և կանխել լուրջ հիվանդության առաջացումը և դրանով կվերականգնվի սեռական ցանկությունը: բ) Ամուսինը թույլ սեռական կոնստիտուցիա ունի (իր տեսակն է այդպես), իսկ դուք ուժեղ կոնստիտուցիայի կին եք, ուրախությամբ պետք է նշեմ, որ այս խնդիրը լուծելի է, այս դեպքում բուժումն ուղղված է ամուսինների միջև սեքսուալ հարաբերման նոր ձևերի մշակմանը, նոր մոդելի ստեղծմանը: Բժիշկ-սեքսոլոգի օգնությամբ դուք կարող եք հաղթահարել բոլոր այն խնդիրները, որոնք խոչընդոտում են հարաբերման այդ նոր մոդելի կառուցմանը, դրանք են` սեքսուալ բարդույթները, անգիտակից հոգեսեքսուալ կոնֆլիկտները: գ) Ամուսնու մոտ կա արական սեռական հորմոնի` տեստոստերոնի պակաս, որը պահանջում է մանրակրկիտ հետազոտություն և պատճառային բուժում: դ) Գործ ունենք հոգեսեքսուալ խնդրի հետ, որի անունն Հիպոակտիվ սեռական ցանկության խանգարում է, այս դեպքում խնդիրը Ձեր ամուսնունը չէ, այլ ձեր համատեղ խնդիրն է: Կին-տղամարդ հարաբերությունը ձեր ամուսնական կյանքում այնպիսի բնույթ ունի, որից մարում է Ձեր ամուսնու կիրքը, որում կա պատասխանատվության նաև Ձեր բաժինը: Եթե Դուք Ձեր բաժին «մեղքը» վերացնեք, ապա ինքնաբերաբար կփոխվի նաև ամուսնու սեռական ցանկության մակարդակը: Դրանից հետո դուք պետք է նոր ձևով շարունակեք ապրել և այլևս նման խնդրի առջև չեք կանգնի: Խնդիրը որի առջև կանգնել եք այնքան էլ թեթև ու հասարակ խնդիր չէ: Այս խնդիրը սեքսոլոգների գիտաբժշկական հանրության մեջ իր դժվար լուծելիությամբ արժանացել է առաջին տեղը հավակնելու տիտղոսին: Սակայն ի ուրախություն մեզ, այսօր կան բազում արդյունավետ սեքսոլոգիական մեթոդներ, որոնք հատուկ մշակված են այս խնդրի լուծման համար:

Փակել