ՆԱՐԻՆԷ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Երկու հատվող բուրգերից ծնվում է Նորը

Category: Այլ (Page 1 of 2)

Ստվերը

Մեջբերում եմ մի հատված բժշկական գործունեությանս ընթացքում տեղի ունեցած մի զրույցից (կա զրուցակցի նախնական համաձայնությունը, դետալները փոփոխված են).

«…Կան շատ բաներ, որոնք ուզում եմ իմանաք իմ մասին, ես պատասխան չեմ ակնկալում, ուղղակի ուզում եմ ասել ինչ եմ զգում: Զգում եմ, որ իմ մեջ ապրում է մի հրեշ ու ես չեմ կարողանում նրան սաստեմ, իրականում չեմ էլ փորձում… Ինձ թվում է դուք էլ եք հանձինս ինձ տեսնում մի փոքրիկ ու թույլ երեխայի, դա այդպես էլ կա, բայց կա նաև էն մութ կողմը, որից ես ամաչում եմ, բայց ինքը կա… Ես էնքան վատն եմ, վատը շատ պրիմիտիվ բառ է, ես կասեմ տականք ու ստոր եմ, որ ես շփվում են էն մարդկանց հետ, ես հաց եմ ուտում էն մարդկանց տանը, որոնց, որ իմ իմ մտքում բազմիցս վատ խոսքեր եմ ասել… ու ես արդեն չգիտեմ էլ՝ արդյո՞ք ինձ վատ եմ զգում այդ կեղտոտ խոսքերի համար, թե ոչ այդքան, քանզի այդ ամենը դարձել է շատ սովորական ինձ համար: Եղել են պահեր, որ իմ զզվանքը մամայիս հանդեպ էնքան ուժեղ է եղել, որ ես զզվել եմ էն մտքից, որ ես իր ներսում եմ սաղմնավորվել… Այս տողերը գրում եմ շատ հանգիստ, քանզի հիմա չեմ զգում այն, ինչ գրում եմ, ուղղակի շարադրում եմ երբևէ զգացածս ինչ-որ բաներ…»:

Իհարկե մինչև վերջ անկեղծ լինելու դեպքում մարդն իր մեջ այնպիսի որակներ ու կողմեր կարող է տեսնել, որոնք ընդունելը ծայրաստիճան շփոթեցնող է և անգամ կարող է խելագարության հանգեցնել: Այս առումով կցանկանայի մեջբերում անել Կարլ Յունգի՝ մարդու հոգեբանության ոլորտում խորքային ուսումնասիրություններ կատարած այս հեղինակի «Անգիտակցականի հոգեբանությունը» աշխատությունից.

Կարդալ ավելին

«Համակվում ես վախով, երբ մտածում ես, որ մարդն ունի նաև մութ կողմ, որը սոսկ անէական թուլություններ ու թերություններից չէ բաղկացած, այլև ունի միանգամայն դիվական մեխամիզմ: Անհատը հազվադեպ է տեղյակ լինում սրանից: Անհավանական է թվում, որ անհատը երբևէ որևէ հանգամանքում կանցնի իր իսկ սեփական սահմանները: Սակայն բավական է, որ այդ անվնաս էակները կազմեն զանգված, ու այդժամ կառաջանա կատաղած մի հրեշ»:

Յունգը հայտնի է իբրև Ֆրոյդի ախոյան՝ վերջինիս մի քանի տեսական դրույթներին հակադրվելու պատճառով: Հոգու էությունը լուսաբանող մի շարք ծանրակշիռ աշխատություններում Յունգի կողմից առաջ են քաշվել հոգեբանության ոլորտում նշանակալի ազդեցություն թողած «հավաքական անգիտակցական» և «արքետիպեր» հասկացությունները: Արքետիպների մասին իր մոդելում Յունգը նշում է, որ մարդու անգիտակցականում կան իրարից առանձնացված մի քանի «ես»-եր (արքետիպեր), ովքեր տարբեր կերպ են ստիպում վերապրել կյանքը: Ընդհանրապես, մարդու մասին խոսելիս մենք պատկերացնում ենք նրա անձնավորությունը, սակայն, փաստորեն, գոյություն ունեն բազմաթիվ ենթաանձեր, որոնք կարող են ցուցաբերել ինքնուրույնություն և կամք, նաև՝ հակադրվել մեկը մյուսին: Նշված ենթաանձերից խիստ կարևոր են, այսպես կոչված, Ստվերն ու Պերսոնան՝ ինչպես անվանում է դրանց Յունգը:

Պերսոնան այն արքետիպն է, որը պայմանավորում է, թե ինչպես եմ ներկայանում աշխարհին և ինչ եմ ուզում լինել: Պերսոնան ձգտում է հարմարվելուն և նյութական աշխարհը վայելելուն: Persona բառը լատիներեն է և թարգմանաբար նշանակում է դիմակ, պատկերավոր ասած այս բառը վերաբերում է այն սոցիալական դիմակներին, որոնք մենք կրում ենք տարբեր սոցիալական իրավիճակներում, մարդկանց տարբեր խմբերի մեջ գտնվելիս:

Դրան հակառակ, Ստվերը անգիտակցականի մի մասն է, որը կազմված է ճնշված գաղափարներից, բնազդներից, մղումներից, թուլություններից, ցանկություններից, վախերից: Ստվերային անձն ի տարբերություն Պերսոնայի, քողարկված է և դրսևորվում է միայն հատուկ հանգամանքներում: Այս արքետիպով նկարագրում են մեր ամենամութ կողմը, այն ենթաանձը, որը ներկայացնում է անմշակը՝ վայրին, քաոսայինը, անհայտը: Յունգը հավատում էր, որ բոլոր մարդիկ կրում են այս ստվերային կողմն իրենց մեջ, որը շատ դեպքերում ստեղծագործ ներուժի հզոր աղբյուր է դառնում:

Նորածին մանուկը բնության բոլոր տարրերը ներառող ներդաշնակ ու հավասարակշիռ ամբողջություն է: Սակայն սոցիալական միջավայրում մեծանալիս՝ մեզ անընդհատ սովորեցնում են, որ աշխարհում կա բարի ու չար: Ու ահա, ճաշակելով բարու և չարի իմացության պտուղը՝ մենք բևեռանում ենք, քանզի ինքներս մեզ նույնպես սկսում ենք նայել և գնահատել այդ պրիզմայով՝ իրարից տարանջատելով մեր բարի ու չար դրսևորումները: Հասարակական կանոնների և նորմերի ազդեցության ներքո մենք որակավորում ենք գրեթե ամեն հատկանիշ՝ համարելով, որ կան հասարակության կողմից ընդունելի կամ ոչ ընդունելի որակներ: Ընդունված նորմերի հետ բախումից խուսափելու համար ոչ ընդունելի հատկանիշների համախումբը հետագայում դառնում է անգիտակցականում ապրող Ստվերի բովանդակությունը: Ինչպես շվաքն անբաժանելի է իրեն ծնող երևույթից, այնպես էլ Ստվեր արքետիպը անքակտելի է մեր Անձից, սակայն ի տարբերություն շվաքի, այն չի ենթարկվում մեր Անձին, այլ մի փոքր այլ տրամաբանությամբ է գործում:

Ինչպես ասում է Յունգը՝ այն, ինչին մենք անվանում ենք քաղաքակիրթ գիտակցություն, խզել է կապը մեր հիմքային բնազդների հետ, որոնք սակայն չեն անհետացել, այդ բնազդները պարզապես կորցրել են կապը գիտակցականի հետ, այդ իսկ պատճառով ինքնահաստատվելու համար հարկադրված են երևան գալ անուղղակի ձևերով: Այսպես կարող են ի հայտ գալ տարբեր նևրոտիկ ախտանիշեր, տրամադրության չհիմնավորված տատանումներ, անսպասելի մոռացություն, խոսքի վրիպակներ:

ժամանակակից մարդը տեղյակ չէ իր պառակտված վիճակից: Անձի կողմից գործի դրված հոգեբանական պաշտպանական մեխանիզմների շնորհիվ մենք շատ հազվադեպ ենք տեսնում այդ իրողությունը՝ շարունակելով կուտակել այս մութ ցանկությունները, դրդապատճառները և վախերը անգիտակցականի անկյուններում: Ու սա կարող է մեծ վտանգ ներակայացնել: Երկար տարիներ ճնշելով ստվերը մեր ներսում, այն մի օր այնպիսի թափ է հավաքում, որ ջարդուխուրդ է անում ամեն տեսակի արգելք, որը միտված էր իրեն զսպելու: Ընթացքը կասեցնող շինությունը ցաքուցրիվ է լինում ահռելի մեծ հզորություն կուտակած ճնշումից, և արհեստականորեն արգելափակված ուժը դուրս է հորդում այնպիսի թափով, որն անկարելի է արդեն կասեցնել կամ որևէ կերպ վերահսկել: Այդպիսի հզորության ալիքները մեծ վնաս են հասցնում մեր առողջությանը՝ մենք հայտնվում ենք դեպրեսիայի մեջ կամ ձեռք բերում այլ հոգեբանական ու հոգեկան խնդիրներ:

Համաձայն եմ, որ մենք չենք կարող ազատություն տալ մեր այն կողմերին, որոնք չեն համապատասխանում հասարակության բարոյական հրամայականներին: Թեև երբեմն այս հարցում մեծ շփոթություն է տիրում, թե հատկապես ինչն է ընդունելի կամ անընդունելի հասարակության կողմից: Երբեմն ընդունելին խիստ հակասական է մի մշակույթից մյուսը և կարող է երկու իրար հակառակ իմաստներ կրել տարբեր մշակույթներում, օրինակ՝ աչքերի կոնտակտը արևմուտքում համարվում է մարդուն շփման մեջ ներգրավելու փորձ, մինչդեռ Ճապոնիայիում խիստ անհարգալից վերաբերմունք է: Սեքսուալ բաց սցենարներ պարունակող ֆիլմերը լավ չեն դիտվում պահպանողական բարքերով հասարակության մեջ, օրինակ հենց Հայաստանում, մինչդեռ եվրոպական կինոարվեստում դրանք միանգամայն նորմալ և ընդունելի են:

Սակայն հասարակության կողմից թելադրված բարոյական արժեքների պատճառով մենք փաստորեն հարկադրված ենք անընդունելի ճանաչվող մի շարք հատկություններ և հույզեր խնամքով թաքցնել ուրիշներից և առաջին հերթին՝ ինքներս մեզնից: էլ ինչպե՞ս բացահայտենք մեր ով լինելը, ինչպե՞ս բացահայտենք մարդու առեղծվածը: Անկարելի բան է իրական սիրով սիրել՝ նախքան ճանաչելը:

Կան հոգևոր ուսմունքեր, որոնք մեզ սովորեցնում են, որ մեր հիմնական դիրքորոշումը պետք է միտված լինի դեպի բարձր ու վեհ գաղափարներ, մենք պետք է անընդհատ ձգտենք դեպի բարձրագույնը, վեհը, դեպի լույսը: Սակայն եկենք մտածենք՝ մի՞թե հնարավոր է շարժման գոյություն, եթե չլիներ հակառակ բևեռը: Ո՛չ, իհարկե: Ուրեմն՝ ձգտելով միայն դրական բևեռին, առանց պատշաճ ուշադրություն դարձնելու բացասականին, մենք արհամարհում ենք մարդ լինելու ամբողջականությունը: Այսպիսի ուսմունքերը քարոզում են միայն դրական արժեքներ, ինչպիսիք են՝ սիրի՛ր դիմացինին, հարգե՛նք միմյանց, խաղաղություն բոլորիս, ներդաշնակություն, կարեկցանք, լրիվ մոռանալով ու արհամարհելով մեր մյուս կողմը՝ բարկությունը, վրեժխնդրությունը, վերահսկողությունը, վախը, ամոթը, մրցակցությունը, նախանձը, կիրքը…

Կան ամուսիններ, ովքեր պառակտում են իրենց կանանց՝ աստվածացնելով նրանց մայրությունը և խստագույնս պատժելով ոչ էրոտիկ միտումներ հետապնդող ցանկացած կանացի դրսևորում: Այդպիսի ամուսինների համար անտանելի է թվում համատեղել իգական սեռի այդ երկու կողմերի համատեղ գոյությունը ու նրանք, իրենց կամքից անկախ, դատապարտում են իրենց մշտական սեռական մերժման՝ կնոջ մոտ սեռական ցանկության անկման պատճառով: Մայր հանդիսացող կնոջ էրոտիկ կերպարն անհարիր է թվում մայրության սուրբ կերպարանքին, ուստի և այն անխնա կերպով ենթարկվում է արգահատման ու ՛՛գլխատման՛՛: Իրականում կնոջը երկատելու այս միտումը հզոր էներգետիկ աղբյուր է, որով սնվում է նմանատիպ տղամարդը՝ անտեղյակ լինելով նման աղբյուրի ստվերային բնույթի և կործանարար լինելու մասին:

Մինչդեռ առանց այս մութ կողմերը ճանաչելու և դրանք ընդհանուր կառուցվածքի մեջ ներառելու պատրաստակամության հնարավոր չէ առողջանալ: Բանալի բառն այստեղ ներառումն է, լատիներեն integratus, ինտեգրել, որը նշանակում է լրիվության բերել: Ներքին որակների ինտեգրելը նշանակում է տեր դառնալ և պատասխանատու լինել դրանցից յուրաքանչյուրի համար, այլ ոչ թե մասնակիորեն մերժել կամ հերքել դրանցից որոշները: Առողջությունը ամբողջացման և համալրման մեջ է, դրան հակառակ պրոցեսը դեզինտեգրումն է, ներքին տրոհումը, մասնատումը, իրարից անջատումը, առանձին կտորների բաժանումը: Այն անձը, ով անկարող է ամբողջանալու, ներառելու առանձին կտորներ, հատկապես մութ նշան ունեցողները, ուժեղ սթրեսային պայմաններում նյարդային անկում է ապրում: Իրականում տրոհված անձիք մեծ դժվարությամբ են ամբողջացման գալիս, քանի որ նրանք չունեն կենտրոն, որի շուրջ կարելի կլիներ հավաքագրել մասնատված կտորները, այդպիսի մարդիկ ապրում են անձի պերիֆերիկ հատվածներով:

Ինչպես ասում են վաղնջական ժամանակների իմաստունները. «Ի սկզբանե եղել է խավարը, լույսը ծնվում է խավարից, իսկ խավարը ծնվել է ինքն իրենից»: Լույսն ու խավարը կարիք ունեն մեկ-մեկու: Քանի դեռ մարդը չի հանդիպել խավարին, նա չի կարող գալ ներդաշնակության և ինքնահավասարակշռման: Հաճախ դաստիարակության մեջ շեշտը դրվում է բարձրագույն արժեքների հետևորդ դառնալու վրա, սակայն մարդը չի կարող վեհ գաղափարների մարմնավորող լինել, քանի դեռ նա չգիտի ինչ է ցածրագույնը, չի ճանաչել իր Ստվերի բովանդակությունը: Տան հիմքը կարևոր է ամբողջ շինության ամրության համար, քանի որ, եթե չկան ամուր հիմքեր, ինչքան էլ շքեղ վերանորգված լինեն վերնահարկերը, միևնույնն է՝ շինությունը մի օր փլվում է: Նմանատիպ կերպով և մարդը, եթե չի ճանաչել իր ցածրագույն հակումները, չի կարող վստահ լինել իր հոգեկան կայունության և առողջության ամրության վրա: Իզուր չէ, որ մարդու լրիվության գաղափարը խորհրդանշող Բուդդան և Աստծո որդի Հիսուսը նախքան արթնություն ապրելը անցել են Ստվերի աշխարհով՝ Բուդդան հանդիպեց Մարային, իսկ Քրիստոսը փորձություն անցավ անապատում: Նախքան լույսին գալը նրանք անցան խավարի միջով:

Հարկ է նշել, որ ստվերային կողմը ինտեգրել՝ չի նշանակում տեղի տալ մութ հոգեվիճակներին, ցանկություններին ու մղումներին: Տեղի տալ ասելով՝ նկատի ունեմ թաթախվել դրանց մեջ, որից այդ վիճակներն է՛լ ավելի մեծ ուժգնություն են ձեռք բերում: Ներառել ասելով նկատի ունեմ, որ պետք է ընդունել ստվերային կողմի գոյությունը, այն փաստը, որ այդ բանը կա, որովհետև միայն ընդունելու քայլն է թույլ տալիս պատասխանատվություն վերցնել և տեր դառնալ այդ տարրին: Հենց այն պահին, երբ անկեղծորեն ընդունում ենք այդ մութ տարրի գոյությունը, փոխանակ խուսափելու դրանից, այն դադարում է այլևս իշխանություն ունենալ մեզ վրա, քանի որ մեր այդ քայլով հնարավորություն ենք ստեղծում տարանջատվելու և տեսնելու, որ մենք այդ տարրը չենք: Ես Ես եմ, իսկ դա իմ մեջ գտնվող ինչ-որ տարր: Մեր մեջ պարզապես կան որոշակի մտքեր, որոշակի զգացողություններ և հակումներ, որոնք ինչպես գալիս են, այնպես էլ գնում են ու մինչև դրանց չենք նկատում, ընդունում դրանց գոյությունը, դրանցից չենք ազատվում, կարծես թե դրանց սպասումը մեզնից իրենց ինքնահաստատումը լինի, որով հանգստություն են ձեռք բերում և հեռանում մեզնից:

Հակառակ դեպքում, ինչքան խուսափենք և թաքնվենք Ստվերից, մեղադրելու ենք այլ մարդկանց իրենց ստվերային կողմերի համար, երբ իրականում գործ ունենք ինքներս մեր չբացահայտված Ստվերի հետ:

Ամբողջական և հավասարակշռված մարդը խորը ազնվության և գիտակից իրազեկության լույսի ներքո իր բոլոր մասերի հաշտեցմանն ու միավորմանը եկած մարդն է: Ու դա չի նշանակում մեր մութ կողմերին երես տալ, հանդուրժել դրանց ամենաթող ինքնագործունեությունը, այլ պատասխանատվություն ստանձնել մեր իսկ ընտրությունների և որոշումների համար: Սա շրջադարձորեն հակառակ է այնպիսի հոգևոր ուղղությունների, որոնք հերքում, խլացնում, խեղդում, ասկետիկ ինքնազսպմամբ «մաքրագործվում են չարից»:

Ստվերի հետ աշխատանքը անպայման չէ, որ մութ և մռայլ գործընթաց լինի, այստեղ կարելի է գտնել բազում ստեղծագործ և լուսավոր նյութեր, որոնք գաղտնի կերպով թաքցվել են մարդկանցից: Շատ հաճախ ստեղծագործ, եզակի, նորարական և տարբերվող գաղափարները ուղարկվում են մեր ստվերային Ես-ի մեջ, որովհետև դրանք չեն ընդունվում սոցիումի արդեն հաստատված ու կարգաբերված պահպանողական իրականության մեջ:

Որպեսզի առողջացում լինի, չարը և բարին պետք է փոխծածկեն միմյանց: Լույսը չէ, որ բերում է առողջացում, ոչ էլ՝ մութը, այլ այն կետը, որտեղ այդ երկուսը հանդիպում են: Այս գաղտնիքը բացահայտել են շատ վաղուց՝ հին քաղաքակրթությունները, շամանները, մայաները, ամերիկացի տեղաբնակ հնդիկները: Այս գաղտնիքի իմացության մասին է վկայում նաև քրիստոնեական սրբապատկերներում նշաձև տեսքով շրջագիծը, որն իր մեջ է առնում սուրբ Մարիամի կամ Հիսուսի պատկերները: Երկու հավասար շառավիղներ ունեցող շրջանների այնպիսի հատումը, երբ յուրաքանչյուր շրջանի կենտրոն հայտնվում է մյուսի շրջագծի եզրին, ստեղծում է այնպիսի գծապատկեր, որը լատիներենում ունի հատուկ անուն՝ Vesica piscis, թարգմանաբար նշանակում է ձկան պարկ, քանի որ գոյացող նշաձև գծապատկերը շատ նման է ձկան օդապարկին: Իտալերեն այդ նշաձև գծապատկերն անվանում են mandorla, որը թարգմանվում է նուշ: Մանդորլա կարելի է հանդիպել շատ սրբապատկերներում, գոթիկ ճարտարապետության մեջ, կաթոլիկ եկեղեցիների վարդակ պատուհաններին: Մանդորլան երկնքի և երկրի հատումն է, կամ Ոգու և Նյութի հատումը, և կարող է սահմանվել, որպես այն տեղը, որտեղ տեղի է ունենում վերածնունդ, վերափոխում և վերամարմնավորվում:

Իսկ հիմա ներկայացնեմ մի քանի պրակտիկ միջոցներ, թե ինչպես կարող ենք ընդգրկել խավարի հատվածը: Դա հնարավոր է իրականացնել ամենից առաջ գծագրելու կամ նկարելու օգնությամբ՝ ներքին լարումները թղթին կամ կտավին հանձնելով: Սա հնարավորություն է ստեղծում տեսանելի դարձնել և նյութականացնել այդ լարումը, թույլ է տալիս, որպեսզի ինքնադրսևորվի Ստվերը: Երեխաների հոգեբանության ոլորտում երեխային ճանաչելու ամենահեշտ ձևը նրան մատիտ և թուղթ տալն է՝ առաջարկելով, որ նա նկարի իր մտքին եկած ինչ-որ բան: Մեծահասակների դեպքում այս մեթոդն այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ մեծերը այնքան խորն են արտամղել, որ ստվերային կողմերը հեշտորեն դուրս չեն գալիս կտավի վրա: Սակայն եթե չվախենանք ինքնաքննադատությունից, հետևողական գտնվելու դեպքում աստիճանաբար ստվերային ես-ը կսկսի երևալ, և մենք կբացահայտենք մեր թաքնված կեսը:

Փայտագործությունը, կավագործությունը, երաժշտություն գրելը այնպիսի զբաղմունքներ են, որոնք մութ կողմերի վերհանման համար միջավայր են ստեղծում, և նյութի հետ առնչվող ստեղծագործ մարդն աստիճանաբար մաքրագործվում է իր ստվերային հատվածից և ի վերջո մոտենում ու հաղորդակից է դառնում իր իսկական էությանը, որով ծնվում է իրական արվեստը:

Ստվերի բացահայտման այլ ուղի է գրելը: Գյոթեի Ֆաուստը Պերսոնայի և Ստվերի հանդիպումն է: Գրելով մի պատմություն, որտեղ կստեղծենք մի կերպար, ում կարելի է վերագրել բոլոր մեր մութ կողմերը, երբ գրի առնենք մեր դրական և բացասական հույզերը, մտքերը, նկարագրենք դրանք, փորձենք խորանալ դրանց մեջ, ապա կրկին աստիճանաբար կմոտենանք մեր իրական էությանը:

Ուշադրություն դարձրեք ձեր պրոյեկցիաներին, մենք անգիտակցաբար պրոյեկտում ենք մեր ստվերային գծերը դիմացինի վրա, որպեսզի խուսափենք դրա հետ գործ ունենալուց: Ուշադրություն դարձրեք, որ մենք պրոյեկտում ենք ոչ միայն մեր բացասական, այլ նաև դրական կողմերը: Սա տեղի է ունենում որովհետև Էգոն վախենում է, որ այս կամ այն դրական տարրը ինտեգրելուց կխարխլվի իր հարմարավետ ամբողջությունը, ուստի Անձն անգիտակցաբար հրաժարվում է ընդունել այդ ազնվագույն տարրերը:

Հաճախ մենք պրոյեկտում ենք մեր դրական կողմերը այն մարդուն, ով հիացմունք է առաջացնում, ում սիրահարվել ենք, ումով հիանում ենք, հավանում ենք նրան: Պրոյեկցիան սարսափելի է, ոչ միայն որովհետև ծանրաբեռնում ենք մեր կողքիններին մեր ստվերային գծերով, այլ նաև նրանով, որ ֆետիշացնում ենք մյուսներին, նրանց վրա ենք դնում մեր բարեկեցության պատասխանատվությունը՝ զրկելով մեզ ինքնուրույնությունից և կորցնելով մեր ամբողջանալու հնարավարությունը:

Փակել

Ձեզ կարող է հետաքրքրել նաև…

Ազատություն

Բազում անհատների և զույգերի հետ աշխատելով՝ շատ հաճախ եմ հանդիպել մի այսպիսի նկարագրության. «կարծես թե վանդակում լինեմ և չգիտեմ ինչպես ազատվել»։ Վանդակից դուրս պրծնելու այս ձգտումը, լինի կին, թե տղամարդ, շատ բնորոշ է մարդուն և հավանաբար ծանոթ է շատերին: Ամեն անգամ, երբ մարդը հուսահատորեն փորձում է ազատվել վիրավորանքից, խռովքից, տրավմաներից, անվստահությունից, հուզական ռեակտիվությունից, կախվածությունից, սպասումներից, կպչուն մտքերից, դեպրեսիայից, ցանկություններից, կրքերից, մոլուցքներից, մրցակցությունից, ինքնաքննադատությունից և հատկապես՝ վախերից, գործ ունենք ազատության տենչանքի հետ։ Բոլոր ժամանակներում, բոլոր տեսակի քաղաքակրթություններում ազատության ապրումը եղել ու մնում է մարդու ամենահիմնարար պահանջմունքներից մեկը՝ անկախ սեռային և ազգային պատկանելությունից, տարիքից, մասնագիտությունից, կրոնական դավանանքից, սոցիալական դիրքից, քաղաքական դիրքորոշումից, ամուսնական կարգավիճակից: Առանց ազատության չկա երջանկություն, միայն  ազատ մարդը կարող է լիակատար ինքնիրագործվել ու իրեն բավարարված զգալ այս կյանքում:  Սերը և ներդաշնակությունը անհնարին են առանց ազատության, ստրուկը չի կարող սիրել, սիրել կարող է միայն ազատ մարդը:

Սակայն ի՞նչ է ազատությունը հարցին շատերը պատասխանում են՝ ազատ լինել նշանակում է՝ «ինչ կուզեմ, կանեմ», այսինքն՝ մի վիճակ, որը չի սահմանափակում իրականացնելու անձի ցանկությունները: Չենք կարող չընդունել, որ սա իրականում ոչ թե ազատություն, այլ ամենաթողություն է, քանի որ, եթե ամեն մեկն աներ իր ուզածը, ապա մի մեծ քաոս կտիրեր այս աշխարհում: Ամեն մարդ իր գաղափարն ունի, թե ինչ կարելի է ուզել այս կյանքում և եթե ինչ-որ մեկի ուզածը որոշ մարդկանց համար օգտակար է, ապա մյուսներին այն կարող է ի սպառ կործանել: Իհարկե, սրտի խորքում յուրաքանչյուր ոք գիտի, որ գործելու ազատություն նշանակում է անել այն, ինչն օգտակար կլինի բոլորին ու չի վնասի ոչ ոքի, այսինքն՝ ճշմարիտ և բարոյական է թե առանձին անհատի, թե ողջ համայնքի համար: Սակայն ո՞վ է որոշում այդ «ճիշտը» և ո՞րն է ի վերջո բարոյականը:

Կարդալ ավելին

Դարեր շարունակ ճշմարիտի սահմանումը փորձել են տալ կրոնական պատկերացումներից ելնելով: Տարբեր կրոնական առաջնորդներ սահմանել են բարոյականության իրենց համակարգը՝ տալով որոշակի պատվիրաններ, սակայն ինչպես ցույց են տալիս պատմության էջերը, կրոնական ուղեցույցներն այդքան էլ արդյունավետ չեն գտնվել: Փորձեր են արվել ճիշտը սահմանելու համար հասարարակական օրենքներ և կանոններ հաստատել՝ ելնելով ժողովրդական իմաստությունից ու դարերի ժառանգած փորձից, սակայն սրանք նույնպես խախտողներ են գտնվել, իսկ օրենքները՝ շրջանցվել:

Այդ դեպքում ի՞նչ է պահանջվում, որպեսզի մենք, ունենալով ազատություն, առաջնորդվենք միայն հանուն բարին ու ճշմարիտը կարգախոսով: Ըստ էության, հարկավոր է որպեսզի կարողանանք գիտակցել մեր կատարած քայլերի ու վարքի հետևանքերը, ինչի համար բավականաչափ հասունություն և իմաստություն է պետք, հետևաբար «ազատ լինել անելու այն, ինչը ճիշտ ենք համարում» նշանակում է պատասխանատվություն կրելու ունակություն ունենալ, մինչդեռ շատ շատերը գերադասում են խուսափել պատասխանատվությունից:

Մարդիկ ովքեր ազատության ջատագովներ են իրենց համարում, շատ հաճախ կամայականություն սերմանող և տարածողներ են: Ազատությունը նրանց համար ոչ թե վերընթաց, այլ վարընթաց շարժում է՝ ցանկությունների և կրքերի, բնազդային մղումների բավարարմանը խոչընդոտող արգելքների վերացում, այլ ոչ թե աճ դեպի կատարյալը՝ ավելի կարեկից, ավելի ներողամիտ, ավելի գնահատանքի ունակ դառնալը: Եվ եթե ազատ վարքը չի տանում դեպի կատար, ապա վստահաբար կարող ենք ասել, որ գործ ունենք գերության մի նոր ձևի, մի նոր անազատության հետ, քանի որ պարփակվում ենք վախի, հուզական ռեակտիվ արձագանքումների, խթանող ազդեցությունների անդադար որոնումների և հաճույքից կախվածության վանդակներում:

Սովորաբար ազատություն ասելով՝ առաջին հերթին պատկերացնում են արտաքին պլանի վրա գոյություն ունեցող վիճակ, այսինքն՝ բավարար է ազատագրվել արտաքին սահմանափակող ուժերից, օրինակ՝ ընտանիքի հայր, եղբայր, տիրող սոցիալ-քաղաքական իշխանություն և այլն, որպեսզի համարես, թե ազատ ես: Իրականում ազատությունը ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական ու հոգևոր մակարդակներ ունի: Ֆիզիկական մակարդակի ազատությունը վերաբերում է մեր ֆիզիկական մարմնին, որը կարող է շղթայված և կապված լինել՝ բանտում, ճաղերի հետևում, բերդում, տանը, աշխատավայրում, անգամ օրորոցում: Ֆիզիկական մակարդակի անազատությունը վերաբերում է նաև համակարգի, ռեժիմի, բռնատերության տիրապետման տակ գտնվելուն: Կան կանայք, ովքեր ոչնչով չեն տարբերվում բանտարկյալներից, քանի որ գտնվում են իրենց ամուսինների ֆիզիկական և ֆինանսական իշխանության ճնշման տակ, որով սահմանափակվում են նրանց ամենապարզ իրավունքները: Ֆիզիկապես անազատության մեջ եղած մարդիկ կարող են փաստել այս վիճակի անտանելությունը, սահմանափակման նվաստացնող իշխանությունը:

Եթե ֆիզիկական անազատությունն այնպիսի ապրում է, որն անհնար է չզգալ ու ինչ-որ ձևով չարձագանքել, ապա հոգեբանական անազատության մեջ գտնվող մարդը շատ հաճախ անգամ չի էլ գիտակցում, որ գերության մեջ է: Այսպես օրինակ՝ մեծանալով մի մշակույթի մեջ, որը մանկուց ի վեր ներարկել է քաղաքական, սոցիալական և կրոնական պատկերացումների մի ամբողջ տեսականի, մենք ակամայից դառնում ենք այդ մշակութային գաղափարախոսության կրողը ու մեր ընկալած միակ իրականությունը հիմնվում է բացարձակ ճշմարտություն հանդիսացող այդ գաղափարախոսության վրա, որն այնքան սերտորեն է ներհյուսվել մեր էությանը, որ գրեթե անհնար է պատկերացնել, թե այդ մենք չենք այդպես մտածում, այլ մեր փոխարեն մեր մտքի մեջ խոսում է գլխի մեջ ներբեռնած գաղափարախոսությունը: Նմանատիպ կերպով մանկությունից սկսած ինքներս մեր մասին ստեղծում ենք որոշակի պատկերացումներ, շատ հաճախ սխալական, օրինակ՝ որ մենք ծույլ ենք, տգեղ, ստախոս և հիմար, ձախողակ և անարժան, այսպիսով՝ դադարում ենք սիրել մեզ՝ կորցնելով կապը մեր իսկական ինքնության հետ:

Ահա, մեզ ասում են, որ ապրում ենք ազատ երկրում, բայց այս պնդումը վերաբերում է միայն արտաքին ազատությանը: Եթե անգամ նկատի ունեն ներքին ազատությունը, ապա դրա տակ սովորաբար հասկանում են ոչ այլ բան, քան՝ խոսքի ազատությունը: Մինչդեռ իրականում ոչ թե խոսքի, այլ մտքի և հոգու ազատությունն է մարդուն ճախրելու թևեր տալիս: Միայն օբյեկտիվ մտածողության շնորհիվ մենք կարող ենք լինել ազատ: Մենք կանք քանի դեռ մտածում ենք, որը չի նշանակում կրկնել ինչ մեզ սովորեցրել են, այլ սեփական խելքով խորամուխ լինել և հասկանալ՝ ինչին առնչվում ենք:

Մեզանից շատերը սովոր են մեղադրել կառավարությանը, ծնողներին, ուսուցիչներին, հասարակությանը, բայց ճշմարտությունն այն է, որ մենք ինքներս ենք սահմանափակում մեր ազատությունը՝ պատասխանատվություն չկրելով մեր մտքերի, զգացմունքերի, որոշումների և վարքի համար։ Հետևաբար ազատագրման մեխանիզմը մեզ գերության մեջ պահող այդ ամենի գիտակցումն է՝ գիտենալը:

Իսկ կարո՞ղ է մարդն ամենախորքային գիտակցության պարագայում հասնել բացարձակ ազատության: Մեջբերում՝ «Աստված մահացած է: Ու մենք ենք նրան սպանել»-Ֆրիդրիխ Նիցշեի այս խոսքերը բացարձակ ազատության տենչալու նրա ձգտումն են արտացոլում: Եվ իսկապես՝ մեզ երբեք չեն հարցրել, արդյոք մենք ուզո՞ւմ ենք ծնվել, մեռնե՞լ: Մենք ծնվում և մեռնում ենք առանց մեր համաձայնության, մարդը տեր չէ ո՛չ իր ծննդյան, ո՛չ էլ մահվան: Առաջ քաշելով այն միտքը, որ երբ Աստված կենդանի է, մարդը չի կարող երբևէ ազատ լինել, այլ ընդամենը խամաճիկ է նրա ձեռքին, Նիցշեն տանում է այն ուղղությամբ, որ եթե Աստված մեռնի, մարդը կդադարի իր կամքին հակառակ մեռնելուց ու ծնվելուց: Սակայն Նիցշեի այս խոսքերը պետք չէ սխալ հասկանալ: Խոսքն այստեղ գնում է «արտաքին Աստծո» մահվան մասին, այսինքն՝ մեզ դրսից կառավարող և մեր փոխարեն որոշումներ կայացնող այն բարձրագույն Ուժի, ումից մենք կախման մեջ ենք մեզ պահում մինչև այն պահը, երբ այդ Աստծուն ներառում ենք մեր մեջ: Եթե Աստված իմ ներսում է, եթե Աստված ես եմ, ուրեմն իմ որոշմամբ այսուհետ կարող եմ «մեռնել», ու «իմ ծնունդը» իմ ձեռքերում է:

Նիհիլիզմը, որպես ճանապարհ, չի կարող երբևէ տանել ազատության: Մտածեք ինքներդ՝ ինչպես կարող է օրինակ աթեիստը լինել ազատ, երբ Աստծուն դեմ գնալով նա իրեն ստրկացնում է՝ դառնալով Աստծուն ընդդիմախոս: Ինչպես ցանկացած այլ ընդդիմադիր, ով կռվում է ինչ-որ բանի դեմ՝ անընդհատ գտնվում է կռվի առարկային վերաբերող մտքերի և ռեակտիվ հույզերի գերության մեջ: Պարզաբանեմ այս միտքը մեր թավշյա հեղափոխության օրինակով: Հաղթանակը, որով պսակվեց հեղափոխությունը, հենց այն հանգամանքով է բացատրվում, որ Փաշինյանի վարքի մեջ չկար կռվի որևէ նշույլ, նա չէր կռվում ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի դեմ, ուստի և ազատ էր գերող մտքերից ու հույզերից, նա շարժվում էր առաջ հանուն սիրո և համերաշխության, նա քայլում էր ազատության շնչով, նա չէր կռվում, այլ սիրում էր: Նա՝ ով կռվի մեջ է ստրուկ է: Ուրեմն ազատությունը ոչ թե կռվելով է, այլ գիտակցելով, քանի որ միայն գիտակցության շնորհիվ մենք կարող ենք դուրս գալ հակադարձ բևեռների օրինաչափությունից  և գտնել մեր ամբողջությունը: Ազատությունը խորը ինքնաճանաչողություն է, կյանքի խորքային իմացություն:

Անչափ հետաքրքրական է, որ դրախտ բառը պարսկերեն (Behesht, بهشت, հին պարսկերեն` Paridayda) նշանակում է ցանկապատված պարտեզ, այսինքն՝ լինելով գեղեցիկ ու չքնաղ մի վայր, դրախտն այնուհանդերձ մնում է բանտ ու մարդիկ այնտեղ ապրելով ոչ այլ ինչ են, քան բանտարկյալներ: Միայն պտուղը ճաշակելուց հետո Ադամն ու Եվան դարձան գիտակից ու հենց դրա շնորհիվ ազատվեցին բանտից, այսինքն՝ պարադիսից (դրախտից): Առանց գիտակցության մենք ակամայից ստեղծում ենք այս կամ այն բանտը, որում բնակվում ենք, լինի դա ազգային, կրոնական, քաղաքական, սոցիալ-մշակութային, սեռական, թե ցանկացած այլ գաղափարախոսությամբ սահմանափակում: Պետք է վերջ դնել ազատության միայն արտաքին լինելու ընկալմանը՝ լինի դա դրախտ, օրենքի գերակա իշխանություն, ֆինանսական բարեկեցություն, հոգեբանական հարմարավետություն, սեռական անկաշկանդվածություն, կարևոր չէ թե ինչից են սարքված բանտի պատերը՝ մենք անազատ կլինենք այնքան ժամանակ, քանի դեռ չենք գիտակցել ազատ լինելու մեր ներքին պատասխանատվությունը, քանի դեռ մենք չենք ունեցել համարձակություն ապրելու մեր «ներքին աստծուն»։

Պատահում է, որ խնդրում ենք Աստծուն, որ նա մեզ տա այսինչ կամ այնինչ բանը, ու նեղանում ենք նրանից, որ նա չի լսում մեզ ու կատարում մեր ցանկությունը: Ինչ ենք անում այդ դեպքում՝ սկսում ենք մեղավորներ փնտրել դրսում՝ փոխանակ պատասխանատու դառնանք մեր կյանքի ու բարեկեցության համար, սկսում ենք դատապարտել շրջապատող անձանց: Գիտե՞ք թե ինչու ենք հայտնվում սիրային կախվածության մեջ: Որովհետև այնքան չենք սիրում ինքներս մեզ, որ երբ հանկարծակի ի հայտ է գալիս ինչ-որ անձ, ով ողողում է մեզ իր սիրով, անմիջապես հայտնվում ենք երջանկության դրախտում: Առանց հապաղելու սեփական երջանկության ողջ պատասխանատվությունը մի ակնթարթում գցում ենք մեզ սիրողի ուսերին՝ սպասելով, որ նա իրականություն կդարձնի մեր նվիրական երազանքները, ի կատար կածի բոլոր ցանկությունները, մենք նույնիսկ չենք կասկածում, որ ահա այսպես մտածելով՝ ինքներս ենք մեր գերության շղթաները կողպում: Բավական է, որ մեզ սիրող անձնավորությունը թուլացնի մեր հանդեպ ուշադրությունը կամ նրա կյանքում հայտնվի մեկ ուրիշը, անմիջապես կհայտնվենք խանդի վանդակում, բավական է, որ նա թողնի մեզ ու կհայտնվենք կախվածության վանդակում, իսկ եթե իրեն պահի հակառակ մեր սպասումների՝ զայրույթի վանդակում, վարվի ոչ մեր հրահանգներով՝ նեղացածության վանդակում:

Ուրիշների պահվածքից կախված սեփական բարեկեցության որոնման սովորույթը կարող ենք նկատել նաև անծանոթ մարդկանց հետ մեր հարաբերություններում: Օրինակ, երբ ինչ-որ վարորդ երթևեկության մեջ նյարդայնացնում է մեզ իր ոչ բարեխիղճ պահվածքով, մենք զայրույթից բոռում ենք նրա վրա՝ հայհոյանքների տարափ տեղալով նրա գլխին, փոխանակ այդ պահին պատասխանատվություն վերցնենք մեր համբերատարության և հանդուրժողության համար: Չէ՞ որ հենց ամենասկզբից, մենք այդ տեսակ վարորդների հետ պայմանավորվածություն չենք ունեցել, որ իրենք մեր նկատմամբ խնամքով և աչալրջորեն են վերաբերվելու, մի՞թե չենք տեսնում, որ պրոյեկտում ենք պատասխանատվության մեր սպասումը այդ մարդկանց վրա, և պահանջում, որ նրանք չբարդացնեն մեր կյանքը, փոխանակ գիտակցենք, որ խաղաղ լինելու բանալին մեր ներսում է, և պետք է փոխենք ինչ-որ բան հենց մեր ներսում, այլ ոչ թե սպասենք դրսից:

Այլ օրինակ կարող են ծառայել կանանց էմանսիպացիան քարոզող շարժումները: Արտաքինից վեհ հնչեղություն ունեցող այս գաղափարախոսությունը մի նոր տիպի գերության է տանում, որովհետև ֆեմինիստական շարժումների նպատակը տղամարդկանց չեզոքացնելն է, տղամարդկանց իշխանությունից ազատագրվելը, մինչդեռ ոչ թե տղամարդն է կնոջը ստրկացնում, այլ կնոջ ներսում տղամարդու հանդեպ թերարժեքության բարդույթը, վախը, կախվածությունը, սեռական մոլուցքը: Ընդհանրապես ազատությունը հերքում է հավասարությունը, որովհետև ազատությունը ոչ թե անձի, այլ անհատականության մենաշնորհն է, անձը չի կարող ազատ լինել, անձը կարող է միայն ունենալ իրավունքներ, օրինակ գենդերային հավասարության իրավունք: Իսկ ազատությունը անձից ազատագրումն է՝ խորանի վրա դրվում է անձը, որպեսզի այդ նույն տեղում հայտնվի անհատականությունը:

Ազատություն նշանակում է արժանապատվություն կրող մարդ, անկախ և ինքնուրույն մարդ, ով ապրում է ներկա իրավիճակով, ով ներկայի ամեն ակնթարթ ստեղծագործում է, ով պարզապես կա: Ազատ մարդը նա է, ով գիտի թե ինչն է իրեն երջանկացնում ու պատասխանատվություն է վերցրել մարմնավորելու իր երջանկությունը: Մենք չենք կարող փոխել աշխարհը, եվ պետք էլ չի, որովհետև միայն աշխարհը փոխելու մտադրությունն արդեն գերի է դարձնում, քանի որ անմիջապես հայտնվում ենք մեր սպասումների զնդանում: Մենք կարող ենք փոխել միմիայն մեզ և մարմնավորել մեր էությունը:

Իսկ ի՞նչ է նշանակում մարմնավորել էությունը: Մարմնավորել չի նշանակում հուզական արձագանքում տալ իրավիճակին, քանի որ ցանկացած ռեակտիվ դրսևորում գալիս է անձից: Պատասխան քայլը, որով էությունը ինքնադրսևորման հնարավորությոն է ստանում և մարմին առնում, ծնվում է ներկա պահին: Դա հանգիստ ու հավասարակշռված քայլ է, որտեղ ուշադրությունը ամբողջովին կենտրոնացած է լինել-ության վրա: Ես կամ-ի գիտակցումը քայլի ակունքն է: Ցանկացած իրավիճակ, որը պահանջում է քայլ անել, չունի իր նախադեպը, չկան պատրաստի գործելակերպեր, գործելու սխեմաներ, որոնք պետք է ունենալ պահեստում: Պահեստի կարիք չկա, երբ կա ստեղծարար ներկայություն: Զույգերի հարաբերության մեջ ստեղծված իրավիճակները որտեղ կոնֆլիկտային լարվածություն է առաջանում, չունեն պատրաստի լուծումներ, որոնք պետք է գտնել զույգային թերապևտի առանձնասենյակում: Որովետև այդ մեկանգմյա լուծումը չի գործում մյուս հերթական կոնֆլիկտի պարագայում: Յուրաքանչյուր նոր ծնված խնդիր կարող է լուծել միայն ազատ մարդը, ով ունի պատասխանատվության լիարժեք գիտակցություն, ծույլ և անպատասխանատու անձն ի վիճակի չէ քայլ անել և չի կարող իրավիճակի տեր դառնալ:

Քայլ անել չի նշանակում նաև վերահսկել իրավիճակը, որովհետև վերահսկումը գերության մեկ այլ օրինակ է: Լեվ Տոլստոյի հայտնի «Հայր Սերգեյ» վիպակում հերոսը վերահսկում էր իր սեռական մղումները, ճնշելով դրանց գոյությունը: Եվ երբ նա արդեն տոնում էր սեռական բնազդի դեմ տարած հաղթանակը, դաժան փորձությունն ապացուցեց հակառակը: Հայր Սերգեյի ազատությունը ոչ այլ ինչ էր, քան վերահսկողություն, որը մի օր պարզապես «պայթեց»: Հայր Սերգեյն սովորական նևրոտիկ անձ էր, ինչպես ցանկացած ոք ով փորձում է իր ներսում վերահսկել ու խեղդել անցանկալի դրսևորումներ, որպեսզի դրանք հանկարծ չերևան:

Ազատ լինելն արիություն է, որպեսզի կարողանաս ազատությունից դրդված քայլ անել մեծ ռիսկ է պահանջվում, որովհետև դեմ ես դուրս գալիս անորոշությանը, անհայտին, նախապես չգրվածին: Սակայն միայն ազատության շնորհիվ կարելի է մոտենալ իրական Ես-ին, զգալ իրական բերկրանք, իրական հաճույք, իրական կիրք, մոտենալ իրական կոչմանը:

Մենք երբեք չենք կարող բացարձակ ազատ լինել ֆիզիկական մարմնի մակարդակում: Շատ դժվար է նաև ազատագրվելը հոգեբանական և հոգևոր մակարդակներում: Լինելով էվոլյուցիոն սանդղակի բարձրագույն էակներ, մենք այնուհանդերձ  կրում ենք մեր մեջ կենդանականը և բուսականը: Մեր նյարդային համակարգում կան բաժիններ, որոնք համընդհանուր են և գործում են միևնույն սկզբունքներով, ինչպես ցածրակարգ կենդանուն կամ բույսին է բնորոշ:  Եվ եթե մեր ազատությունը ոտնահարում է այլ մարդկանց ազատությունը, ապա դա նշան է մարդուն ներհատուկ բարձրագույն նյարդային կազմավորումների թերի զարգացման:

Մեր ազատությունը կամայականություն է, եթե այն խանգարում է այլ մարդկանց ազատությունը: Մենք ազատ ենք միայն մի կետում, որտեղ ես իմ ինքնությունն եմ, որով ես կարող եմ հարաբերվել այլ մարդու ինքությանը՝ առանց կաշկանդելու նրա ազատությունը: Ուրիշի ազատությունը կարող ես հարգել, երբ հարգում ես սեփական ազատությունդ։

«Մարդիկ փնտրում են մեկուսացում ամայության մեջ՝ ծովի ափին ու լեռներում, ու դու նույնպես սովոր ես կարոտագին ձգտել դրան: Սակայն սա տգիտություն և թուլություն է, քանի որ դու ունես ցանկացած պահի ինքդ քո մեջ պարփակվելու ազատությունը: Չկա մարդու համար ավելի լուռ ու հանգիստ ապաստան, քան սեփական հոգին, մանավանդ եթե նա իր խորքում ունի հատկություններ, որոնց հայելիս միանգամից վայելում է կատարյալ անդորր, ու այս անդորրը, ըստ իս, ոչ այլ ինչ է, քան սեփական բարեպարշտության՝ մաքուր խղճի գիտակցումը»: – Մարկ Ավրելիոս

Փակել

Ձեզ կարող է հետաքրքրել նաև…

Կին և Մայր

Կանանց դերի կարևորությունը ընտանիքում և հասարակության մեջ պայմանավորված է մայրական բնազդին բնորոշ այն հոգատարությամբ ու ջերմությամբ, առանց որի հնարավոր չէ նոր կյանքի պահպանումը: Սակայն չպետք է մոռանալ, որ «կինը մայր է» պատկերացումը ամուսնական հարաբերություններում շատ հաճախ բերում է լարված կոնֆլիկտային իրավիճակների, քանի որ այդ պատկերացմամբ միաժամանակ ծնվում է և հակառակ պնդումը՝ «մայրն էլ կին է», ու ահա դուալիզմի այս թակարդի պատճառով, որում հայտնվում են թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, շատ դժվարին է դառնում այդ թակարդում հայտնված մարդու ամբողջացման գործընթացը:

Իմ նախորդ գրառումներից մեկում նշել եմ, որ հարաբերություններում օգնության ձեռք մեկնողը նախ և առաջ պետք է իրեն օգնած լինի, որպեսզի սիրո այն լույսը, որն ի վիճակի է փակուղուց դուրս բերել և ազատագրել լաբիրինթում հայտնվածին, բնական լինի, այլ ոչ թե արհեստական: Կանանց կողմից անաչառ օգնության ձեռք մեկնելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ մայրության և մայրական սիրո ոչ պակաս հզոր լույսը խամրեցնում և կասեցնում է ինքնության կենարար լույսի թափանցումը:

Սա ունի նաև իր անատոմիա-ֆիզիոլոգիական հիմքը՝ կանանց կոնքի և սեռական օրգանների անատոմիայում գերիշխում են ընդունող կառուցվածքային առանձնահատկությունները, այլ ոչ թե անջատմանը-դուրս բերմանը նպաստող միավորները: Տարանջատման դժվարության պատճառով կանայք՝ անզոր գտնվելով սեռից վեր կանգնել, իրենց դրսևորած բարութան մեջ հաճախ առաջնորդվում են մայրական բնազդի թելադրանքով, որը մի կողմից մայրական սիրո և հոգատարության անգնահատելի գանձ է, մյուս կողմից սակայն՝ կրում է զգուշորեն թաքցրած կանացի սեռի ստվերային կողմը՝ տղամարդուն գերութան մեջ առնելու և սեփական հաճույքներին ու կարիքներին ծառայեցնելու միտումը:

Ես բնավ չեմ ասում, թե մայրական բնազդը կեղծ բարություն է, այլ միայն փաստում եմ, որ մայրությունը իգական սեռի միայն մի կողմն է, ու մյուս կողմում առկա է նույնքան հզոր հակառակ բևեռը, որից հենց կանայք՝ առաջին հերթին, սարսափում և թաքնվում են: Կանացի մրցակցությունը, խորամանկությունը, նենգությունը, անհավատարմությունը և գայթակղելու խարդավանքը ինչքան էլ զարհուրելի է հնչում, մայրական բնազդի հակառակ երեսն են, որը մարդկանց կողմից միշտ մնում է անտեսված, ապահով թաքցրած ու աչքից հեռու՝ մի անկյունում պահված, որպեսզի հանկարծ իրենց վարքի մեջ չհայտնվեն շեղված մոտիվներ, նեգատիվ քայլեր: Իզուր չէ, որ կանացի սեռը խորհրդանշող մոլորակը՝ Վեներան, ունի երկու անուն՝ Լուսաբեր և Գիշերավար:

Կարդալ ավելին

Կոմպլեմենտար ձևով տղամարդու կողմից դրսևորած հոգատարությունը նույնպես ունի իր ստվերային կողմը: Հաճախ հոգատարության անվան տակ ներկայացվող օգնությունն իրականում սեռական տիրապետման, կնոջը օբյեկտ դարձնելու, իշխելու, արական ինքնահաստատման գալու, հաճույք առնելու, ինչպես նաև՝ կնոջը պատժելու, տանջելու, ծաղրելու, նսեմացնելու, դաժանության ծարավը հագեցնելու ներթաքույց մոտիվներ է կրում: «Անձնազոհ հոգատարության» քողի տակ թաքնված այս միտումներն իրականում սեռական գրգռում հարուցելու ներուժ ունեն և սնուցում են գրգռման այդ ռեակցիան, ուստի և կախվածության մեջ են պահում տղամարդուն: Եվ քանի որ նմանատիպ շեղված միտումներն անընդունելի են սիրո պարագայում, ապա դրանք արտաքնապես ներկայացվում են իբրև սեռական զոհաբերման և միայն հանուն կնոջ հաճույքի կատարվող քայլեր: Պատահական չէ, որ  դրանց գիտակցման դեպքում, տղամարդը ժամանակավորապես կորցնում է իր պոտենցիան: Եվ միայն այն բանից հետո, երբ նա հանձն է առնում աշխատել իր այս ստվերային մղումների հետ ու նրան հաջողվում է հաղթահարել ու տիրապետել դրանք, սեռային գրգռման ռեակցիան զրկվելով նախկին սնուցման աղբյուրից, ձեռք է բերում գրգռման նոր ներուժի հեռանկար՝ դարձնելով տղամարդուն առավել հզոր ու ցանկալի զուգընկեր:

«Հիմարիկ կանայք» սեռական գրգռում են առաջացնում հենց այն պատճառով, որ  զոհ են դառնում որսորդ տղամարդու վերոնշյալ ստվերային մղումներին իրենց կախյալության, ագահության, կարճամտության, հեշտասիրության հետևանքով: Մինչդեռ մայր-կինը զուրկ է սեռական գրգռում առաջացնելու իշխանությունից, քանի որ իրեն բնորոշ սրբության խորհրդով, երբեք չի հայտնվում որսորդի ուշադրության տիրույթում:

Այս երկուսի միջև միջանկյալ դիրք են զբաղեցնում իմաստուն կանայք, ովքեր բոլոր ժամանակներում գրավել են թե՛ որսորդական հակումներ ունեցող, թե՛ դրանցից վեր կանգնած տղամարդուն հենց միայն իրենց խելքով, այլ ոչ թե սեռական օրգաններով կամ մարմնի այլ բարեմասնությամբ: Իմաստուն կանանց հետ սեռական ինտիմությունը չի կարելի սեքս անվանել, քանի որ կերպափոխված Մարդու ներկայությունը ստեղծում է ուրիշ իրականություն, որտեղ սեռական գրգռումը սնուցվում է իրական սիրո լույսով, իսկ այդ սերը չի կարող օգտագործել որևէ մեկին:

Իհարկե, երբեմն մարդիկ թյուրիմացաբար կարծում են, թե դիմացինին ծառայելու մղումը և հանուն դիմացինի «ինքնազոհաբերումը» վսեմագույն մղում է և չունի իր ստվերային կոմղը: Ճշմարտությունն այն է, որ ստորացման ենթարկվելու, պատժվելու, ուրիշներին ծառայություն մատուցելու մեջ նույնքան անձնական շահ ու շահադիտական մոտիվներ կան, ինչքան հակառակ դեպքում է:

Հիշենք, որ կին և մայր դուալիզմով առաջնորդվող մարդիկ էականորեն չեն տարբերվում իրարից, իր կրքերին տուրք տված կնոջը նսեմացնելը նույնն է, ինչպես՝ սեռական անզգայությամբ մորն աստվածացնելը: Կանացի հեշտասիրությունից հրաժարվելը և մայր լինելու պարգևով պաշտպանվելը՝ նույնն են իրենց խորքում: Մայրությամբ խոնարհության գալը և կանացի հեշտանքով հպարտորեն մեծամտանալը չեն տարբերվում էականորեն: Թե մեկ, թե մյուս բևեռի դրսևորումները զուգահեռ իրականություններ են, որոնց միաժամանակյա գոյության փաստի գիտակցումն է՛լ ավելի կբարձրացնի կնոջ ընտանեկան և հասարակական անփոխարինելի դերակատարումը:

Փակել

Վահան

Վահան մը լոյս

Վահան մ’աննիւթ — զուտ գաղափար — բորբ հաւատք

Հպարտ փռներ եմ կուրծքիս

Լուտանքներուն դէմ մոլեգնած աշխարհին

Դարանակալ խժգուժութեան դէմ անզուսպ

Մինչ մայթերէն — իբր թէ

Հանդարտօրէն կը քալեմ

Երազատես սուրբի նման անտարբեր —

Իսկութեան մէջ ես կուրծք կու տամ հազարումէկ հարուածի

հազարումէկ թշնամանքի ու դաւի —

Երբ հանդիպիք դուք ինծի

— Թշնամի թէ բարեկամ —

Մէկուն վրայ այս քաղաքին փոշեպաճոյճ մայթերէն —

Մի կարծիք թէ մինակ եմ

անապաւէն — անօգնական — կամ անէն —

Դուք որ — օտար

— չէք նշմարեր հարկաւ վահանն իմ զօրեղ —

Վահան մը լոյս

Վահան մ’աննիւթ — զուտ գաղափար — բորբ հաւատք

Չոր հպարտ

Կուրծքիս վրայ դրօշի պէս կը բռնեմ

ԶԱՀՐԱԴ

Փոքր կրծքագեղձեր

Կրծքի չափերի հետ կապված անհանգստությունը տարածված է շատ երիտասարդ աղջիկների մոտ: Այս անհանգստության առաջացման հիմքում, թերևս, ամենամեծ դերը խաղում է զանգվածային լրատվամիջոցների կողմից սեքսուալ համարվող կնոջ աղավաղված պատկերի ստեղծումը: Ֆիլմերի, անգամ մուլտֆիլմերի հերոսուհիներն այսօր պատկերվում են բարձրահասակ, մեծ կրծքագեղձերով, կլորիկ հետույքով, սլացիկ ոտքերով, լցրած շուրթերով, երկար թարթիչներով: Ամսագրերում, գովազդային վահանակներում պատկերված կանանց, աստղային համարվող դերասանուհիների և երգչուհիների արտաքինն այսօր թելադրված և ձևավորված է մեկ սկզբունքով՝ համապատասխանել էրոտիկ-սեքսուալ համարվող կնոջ կերպարին: Թե ո՞ւմ կողմից է այդ կերպարը սեքսուալ համարվում և ովքե՞ր են այդ կերպարի մասսայականացման հեղինակները՝ հարցի մյուս կողմն է: Թողնելով այդ քննարկումը մեկ այլ առիթի, այս գրառմամբ ձեր ուշադրությանն եմ արժանացնում մեծ կրծքագեղձերի ու դրանց ֆետիշացմանը վերաբերող մի քանի խնդիրներ:

Սկսենք նրանից, որ կրծքագեղձերի զարգացումը սկսվում է սեռահասունացման շրջանում ձվարանների կողմից արտադրվող էստրոգենային հորմոնների ազդեցությամբ: Կրծքագեղձը կազմված է երկու տեսակի հյուսվածքից՝ գեղձային և շարակցական: Երկու տիպի հյուսվածքներն էլ էստրոգեն կախյալ են: Գեղձային հյուսվածքի ձևավորումը ընթանում և իր ավարտին է հասնում սեռահասունացման տարիներին: Մարդը միակ կենսաբանական տեսակն է ում կրծքագեղձերի հասունացումն ավարտվում է սեռահասունացման շրջանում, այլ ոչ թե առաջին հղիության ժամանակ, ինչպես այլ կաթնասունների մոտ է: Կրծքագեղձերի չափսը և տեսքը, որը հիմնականում կախված է գեղձային բլթակների քանակից և դասավորությունից, գենետիկորեն պայմանավորված է ու կապ ունի սննդակարգի հետ: Կրծքագեղձերի չափսի որոշ մեծացում բնականոն կարող է տեղի ունենալ սեռահասունացումից հետո ճարպային հյուսվածքի հաշվին, որը լցնում է միջբլթակային տարածքները:

Կարդալ ավելին

Մեծ կրծքագեղձեր ունենալու կպչուն փափագը հետապնդում է հատկապես երիտասարդ աղջիկներին, ովքեր դեռ ինքնահաստատման մեջ են: Նրանք զոհ են դառնում տղամարդկանց աշխարհում ստեղծված կանացի սեքսուալ-էրոտիկ կերպարի ճնշող թելադրանքին: Այս միտումն, այնուամենայնիվ, զերծ չէ նաև գիտական հիմքից (թեև պարզ չէ, թե հատկապես ում կողմից են ֆինանսավորովւմ այս հետազոտությունները), քանի որ տղամարդկանց սեքսուալությանը բնորոշ է ֆետիշացման հատկանիշը: Տղամարդկանց ուշադրությունը գրավելու նպատակով կանայք բնազդաբար օգտագործում են նրանց այս հատկանիշը` ի ցույց դնելով իրենց մարմնի այս կամ այն առավել աչքի ընկնող մասը: Այսպես օրինակ` այն տղամարդը, ում համար կնոջ սեքսուալությունը նեղացվել ու տեղայնացվել է կրծքի չափի մեջ, հավանաբար կընտրի հենց մեծ կրծքեր ունեցող սեռական զուգընկերուհի, էլ չեմ ասում՝ հարսնացու: Սա կբարդույթավորի բոլոր այն աղջիկներին, ովքեր հավակնում էին այդ տղամարդու ուշադրությանը:

Սակայն պակաս ճնշված հոգեվիճակում չի հայտնվում նաև «մեծ կրծքերով ընտրյալը»: Վերջինս մեծ պատրաստակամությամբ ցուցադրում է իր կուրծքը, գոհանում այդ ցուցադրության թողած տպավորիչ արդյունքներով և ժամանակից շուտ տոնում թվացյալ հաղթանակը: Իսկ ինչո՞ւ թվացյալ, քանի որ կամաց-կամաց նման կնոջ մոտ զարգանում է այն վտանգավոր համոզումը, որ իր սեքսուալության հիմնական զենքը կուրծքն է, քանի որ հենց դրա միջոցով է նա արժանանում հակառակ սեռի ուշադրությանը: Այսպիսի մտածելակերպով կինը վաղ թե ուշ հայտնվում է իր այդ համոզման թակարդում: Իսկ վտանգը՝ սեփական սեքսուալ գրավչությունը տղամարդու ճաշակին հարմարեցնելու մեջ է, դրա հայելային արտապատկեր դառնալը: Կորցնելով սեփական սեքսուալ ինքնության բազմաբովանդակ ու բազմաշերտ իրականությունը՝ կինը նույնպես ֆիքսվում է մարմնի մի հատվածի վրա ու սահմանափակում իր ազատությունը՝ կախվածության մեջ ընկնելով կրծքի չափից: Սա ուղիղ ճանապարհ է դեպի ցածր ինքնագնահատական, որով մեծ կուրծք ունեցող աղջիկները պակաս չեն տառապում, ինչպես և փոքր կուրծք ունեցողները:

Երբ կինը սկսում է մտածել, որ ինքը ցանկալի է տղամարդուն իր մարմնի որևէ հատվածի պատճառով միայն, նա դատապարտում է իրեն մշտնջենական տագնապի և դեպրեսիայի: Եթե սկզբում նա մեծամտորեն իրեն համարում էր մրցակցությունից դուրս, ապա մի որոշ ժամանակ անց Նա սկսում է համեմատվել մյուս աղջիկների հետ, ովքեր ավելի մեծ կուրծք ունեն և այդ համեմատության մեջ պարտություն է կրում: Կանացի ինքնագնահատականն իջնում է: Էլ չեմ ասում, որ վախ է առաջանում, որ զուգընկերը մի օր կհոգնի իրենից և կփոխարինի իրեն ավելի մեծ կուրծք ունեցող աղջկա հետ: Սովորաբար նմանատիպ վախերն իրականանում են և վերջնականորեն զրոյացնում կանացի ինքնագնահատականը: Իսկապես, ինչպես ցույց է տալիս մեր կլինիկական փորձը, ժամանակին մեծ կրծքերի սիրահար տղամարդիկ տարիներ անց դադարում են մեծ կրծքերի ֆետիշ լինել և հակառակը՝ հիմա էլ դառնում են փոքր կրծքերի սիրահար:

Չպետք է մոռանալ, որ իրականում սեքսուալությունը բազմատարր ու բազմակողմանի է, որը ոչ մի դեպքում չի սահմանափակվում մարմնի առանձին մասերի չափերով կամ ձևով: Մարդու սեքսուալության կարևոր բաղադրատարրերից են` միտքը, փոխըմբռնումը, էրոտիզմը, սեռազգայունությունը, երևակայությունը, սեռադերային փոխլրացնող վարքը, զուգընկերոջը ներդաշնակելու ունակությունը, սեռահուզային վերապրումների կարողությունը: Ուստի, եթե զույգըն ուզում է լիարժեք զարգացնել սեքսուալության լայն հնարավորությունները, նա պետք է համակողմանի պատկերացում ունենա սեքսուալության և, հատկապես, կնոջ սեքսուալության վերաբերյալ: Երբևէ որևէ այլ կնոջ հետ համեմատվել չի կարելի, հիշեք, համեմատությունը հղի է ինքնագնահատականի իջեցման, սեռական սառնության առաջացման և սեռական ներդաշնակության խափանման վտանգներով:

Փակել

Հասարակական պարսավանք

Իզուր չէ, որ հասարակական պարսավանքի ենթարկելու ամենադաժան ձևը պարսավանքի սուբյեկտին ամոթանք տալն է։ Ամոթը, ինչպես նաև հզոր ուժգնության այլ հույզեր՝ ցասումը, սարսափը, ատելությունը, կորստի վիշտը, պատճառում են այն աստիճան ճնշող ու անտանելի զգացումներ, որ մենք չդիմանալով այդ տհաճ ապրումի ուժգնությանը, շատ հաճախ, հրաժարվում ենք զգալ այդ հույզերը կամ ոչ բավարար ենք դրանք ապրում՝ ճնշման գործադրմամբ դրանց հեռացնելով մեր գիտակցության տեսադաշտից։ Մինչդեռ այս հույզերի մերժումը կամ ոչ բավարար ապրումը կարող է քրոնիկական հոգնածության և մարդկանց հետ շփումներում ցրվածության, մոռացկոտության, ուժասպառության հանգեցնել, դառնալ գլխացավերի, մկանային և հոդային ցավերի պատճառ։ Ինչպե՞ս ուրեմն արժանապատվորեն կրել այս հույզերը ու հաղթահարել դրանք։

Ամոթն, ինչպես գիտեք, սերտորեն կապված է սեռականի հետ, որովհետև սեռական դրսևորումներում մարդիկ մերկ են։ Մերկությունն անտանելի է բոլոր ինքնագիտակից մարդկանց համար։ Եդեմի պարտեզում ճաշակելով արգելված պտուղը՝ առաջին մարդն ինքնագիտակցության եկավ ու նկատեց իր մերկությունը, որը մինչ այդ չէր տեսնում։ Նա ծածկեց իր սեռական օրգաններն ամոթից։ Նա չդիմացավ իր մարմնի պառակտմանը, կիսատությանը ու դա նրան անտանելի թվաց այն աստիճան, որ նա ծածկեց իր խայտառակությունը։ Հասարակության առաջ բռնի ուժով մերկացնելը բոլոր ժամանակներում եղել է ստորացնելու ամենանվաստացուցիչ ձևը։ Ամոթի անհաղթահարելի զգացումն այդ պահին երկրի երեսից չքվելու, գետնի տակ մտնելու պահանջ է առաջացնում։ Հասկանալի է դառնում, թե ինչու այդքան շատ են մեզ շրջապատող անամոթ մարդիկ, մարդիկ, ովքեր ոչ թե ամոթ չունեն, այլ մերժում են իրենց ամոթը։

Կարդալ ավելին

Սովորաբար մերկությունը բնազդաբար առաջացնում է ծածկվելու գործողություն, միայն շատ քիչ թվով մարդիկ կարող են լիովին մերկ վիճակում ուղիղ մեջքով կանգնած մնալ ու դիմանալ իրենց ուղղված հայացքներին։ Սա չի նշանակում, որ այս մարդիկ այդ պահին ամոթ չեն զգում, նրանք, ովքեր ամաչում են ու շարունակում ուղիղ մեջքով կանգնած մնալ՝ փաստում են իրենց ինքնագիտակից լինելը, այսինքն՝ բարձրագույն արժանապատվություն ունենալը։ Նրանք ամոթի հետ գործ ունենալու ճիշտ ուղին են բռնել։ Փոխանակ ծածկվելու, փակելու իրենց մերկությունը, փոխանակ հերքելու իրենց անկատարությունը, նրանք համարձակվում են ընդունել իրենք իրենց, իրենց ցանկությունները, զգացմունքերը, գործողությունների հետևում կանգնած իրական դրդապատճանռերը, նրանք արիություն են գտնում բաց լինելու և խորամուխ են լինում ինքնակատարելագործման ու ինքնամաքրման գործընթացին։

Մեր կլինիկական փորձից պետք է վկայեմ նման ինքնամաքրման գործընթացի արդյունավետությունը։ Մարդիկ ովքեր դիմում են մեզ սեռական ցանկության բացակայության գանգատով, նշում են, որ իրենք չունեն սեռական ցանկություններ, որ սեռականը նրանց առհասարակ չի հետաքրքրում; Սակայն հնարավոր բան չէ սեռական ցանկություններ չունենալ, այդ մարդիկ պարզապես չեն գիտակցում դրանց գոյությունը, որովհետև ամաչում են։ Ամոթը չի թողնում, որ նրանք գիտակցեն իրենց սեռային մղումները։ Ինչպե՞ս են այս մարդիկ ազատվում իրենց սեռական նևրոզներից։ Մարդիկ հասկանում են, որ չկան լավ կամ վատ հույզեր, որ բոլոր հույզերն ունեն գոյության իրավունք, պարզապես որոշ հույզեր տհաճ են, մյուսները՝ հաճելի։ Երբ մենք որևէ հույզի տեղ ենք տալիս մեր ներսում՝ չկորցնելով մեր ներքին հենարանը և հարմարավետության զգացումը ու շարունակում ենք կրել այդ հույզը, թափանցում նրա միջով առանց կանգ առնելու, առանց զգացողությունների վրա կենտրոնանալու, երբ մենք փորձում ենք դուրս գալ հույզից այն կողմ ու հասկանալ, թե ինչ է թաքնված այդ հույզի հետևում, տեղի է ունենում հրաշք, որովհետև այդ հույզից ազատվելու միակ ձևը այդ հույզն առաջացնող պատճառի հետ հանդիպումն ու գործ ունենալն է:

Օրինակ՝ երբ ինքներս մեզ հարց ենք տալիս՝ իսկ ի՞նչն է հատկապես ամոթալի սեփական սեռականության մեջ, իսկապե՞ս դա ամոթալի է, թե մեզ այդպես են համոզել, երբ այս հարցադրումները խթան են հանդիսանում սեփական սեռականությունն ավելի մոտիկից ուսումնասիրելու, ծանոթանալու և խորքային ճանաչման գալու համար, սեփական անաչառ մտծողությամբ հասկանում ենք սեռին վերաբերող հարցերի ամոթալի լինել կամ չլինելը։ ՈՒրեմն` թող յուրաքանչյուրն ինքը հասկանա ու ԱՌԱՆՑ ՇՏԱՊԵԼՈՒ մտածի՝ բնության կողմից մեր մեջ ամրագրված բնազդային ռեակցիաներն արդյո՞ք գեղեցիկ են ու բարի, արդյոք իրավունք ունե՞ն ինքնադրսևորվելու հենց ինչպես որ կան՝ իրենց հում վիճակում, թե մշակման կարիք ունեն։

Նման ուղիով ինքնամաքրումը ազատագրում է մեզ ավելորդ կուտակված հոգեկան լարումներից, որից մենք ծանրացել ու կարծրացել էինք։ Մերժված հույզերի ընդունումը բեռնաթափում է մեր հոգին, ճանապարհ բացում դեպի երիտասարդություն, դեպի ստեղծագործական եռանդ, դեպի Առողջություն։

Փակել

Սեքս և քրտնահոտ

Պետք է խոստովանեմ, որ այս գրառման պատճառը եղել է պատգամավոր, տիկին Մարգարիտ Եսայանի կողմից 2009-ին գրված «Սեքս» պատմվածքը։ Այն նվիրված է մարդկության ամենագլոբալ երկու ֆենոմեններին` սեքսին և քրտինքին: Պատմվածքը գրված է շատ անմիջականորեն, անկեղծորեն ու համարձակ և նույնիսկ գլուխգործոց կարելի է համարել։

Հայտնի է հոտի ծայրահեղ կարևոր նշանակությունը մարդու սեռականության դրսևորումներում։ Ինչպես ապացուցում են գիտական փաստերը, հենց հոտերի միջոցով է բնության մեջ արական առանձնյակը գտնում իգական առանձնյակին, որն իր բեղմնավորման շրջանում արձակում է սեռական բնազդն ակտիվացնող հատուկ բուրմունքով հեղուկներ։ Այս հոտերը հայտնի են ֆերոմոններ անվան տակ, իսկ ֆերոմոնների ընկալման օրգանը, որը տեղակայված է քթի միջնապատում՝ անմիջականորեն կապված է գլխուղեղի այն հատվածի հետ, որը պատասխանատու է սեռական վարքի կառավարման համար։

Տղամարդու քրտնքի հոտը բազմիցս մատնանշվում է կանանց կողմից իբրև իրենց սեքսուալության վրա դրամատիկ ազդեցություն թողնող գործոն։ Զզվանքի զգացումը տղամարդու քրտնահոտից դառնում է շատ կանանց սեքսուալ արձագանքման ռեակցիայի արգելակման պատճառ։ Մյուս կողմից՝ տղամարդու քրտնահոտը կարող է դառնալ այդ տղամարդուն կամ կնոջը բնազդային ամուր կապով միավորման ամուր գրավական։ Սրանք անհերքելի փաստեր են։

Կարդալ ավելին

Պետք է նշեմ, որ խոսքը գնում է մաքուր մարմնի քրտնահոտի մասին, այլ ոչ թե օրերով չլողացած մարմնի։ Նաև հատուկ ընդգծում եմ, որ խոսքը գնում է Առողջ մարմնի հոտի մասին, քանի որ ինչպես հայտնի է, տարբեր հիվանդություններ փոխում են մարմնի հոտը, օրինակ երիկամային որոշ խնդիրներ ունեցող մարդիկ հաճախ բուրում են ացետոնի հոտ կամ մարսողական խնդիրներ ունեցողները՝ նեխահոտ։ Հոտն ընդհանրապես արտացոլում է նյութափոխանակության վիճակը, առողջ նյութափոխանակություն ունեցող մարդը բուրում է առողջ հոտ, պատկերավոր ասած՝ մարդու հոտ՝ մարդահոտ։ Ավելին՝ մարդիկ իրարից տարբերվում են իրենց հոտերով հենց այն իմաստով՝ թե ինչ տեսակ մարդիկ են, ինչպիսի բնավորություն ունեն։ Լսած կլինեք օրինակ, ինչպես են բնութագրում՝ այս մարդուց հացի հոտ է բուրում կամ անուշ հոտ է գալիս, կամ լսած կլինեք՝ վախի հոտ, կասկածամտության հոտ արտահայտություններին։ Այո, հոտը մարդու շատ հատկանշական բնութագիր է, այն ուղղակիորեն երևան է հանում ավելի խորքային պրոցեսներ, որոնք անտեսանելի են, միայն հոտով երբեմն հնարավոր է դառնում բժշկության մեջ ախտորոշում դնել։ Հոտը միշտ եղել է կարևոր ախտորոշիչ չափանիշ, մեզի, կղանքի, սեռական օրգանների արտադրուկի հոտը գիտակ բժշկի համար բավարար են հիվանդությունը տեսնելու համար։

Երբ առկա է այս կամ այն ֆիզիկական կամ հոգեկան հիվանդությունը և մարմինը սկսում է ախտաբանական հոտ բուրել, զույգերի ինտիմ կյանքում տեղ են գտնում լրջագույն խնդիրներ։ Այս դեպքերում տհաճ հոտն առաջացնող պատճառը ենթակա է բժշկական միջամտությամբ վերացման, այսինքն՝ հիվանդությունը պետք է ախտորոշվի և բուժվի։ Պետք է նշեմ, որ եթե գործ ունենք ոչ թե ձևավորված հիվանդության, այլ նյութափոխանակային խանգարումների հետ, ապա երբեմն միայն սննդաբանի հետ խորհրդատվությունը կարող է օգնել ձերբազատվել վատ հոտից։ Իսկ ինչ անել, երբ հոտը ոչ թե հիվանդության կամ նյութափոխանակյին խանգարման հետևանք է, այլ տվյալ մարդու առանձնահատկությունը, ասենք՝ նրա բնավորության հետևանք է։ Ինչպես կարող է զուգընկերը/ուհին հաղթահարել այդ հոտի հանդեպ իր տհաճ ռեակցիան։

Ահա թե ինչպես է հաղթահարում «Սեքս» պատմվածքի հերոսուհին։ Տառապանքը, որն ապրում է հերոսուհին, երբ իր կամքին հակառակ ստիպված է սեռական կապ ունենալ, նողկանքի այն զգացումը, որը կինն ապրում է ամեն սեռական հարաբերության ժամանակ, աննկարագրելի բրուտալ ձևով ձևախեղում են նրա ողջ հոգեկանը։ Հոգեկանի ձևախեղման այս գործընթացը հայտնի է սեռական բռնության ենթարկված կանանց հետ աշխատող բոլոր փորձագետերին։ Հեղինակը շատ դիպուկ է նկարագրել կնոջ անհույս վիճակը՝ կապված բռնության դեմ նրա անզորության հետ, այնպես, որ նրան մնում է միայն հաշտվել իրեն նողկանք պատճառող հոտի հետ, սիրել այդ հոտը ճարահատյալ, ինքն իրեն բթացնելով, ինքն իրեն անզգայացնելով այդ հոտի նկատմամբ՝ «Կամաց-կամաց ինքը սկսեց իրեն համոզել, որ այդ բանը առանց քրտինքի հոտի ուղղակի չի կարող լինել։»։ Եվ ահա տառապանքից ու ցավից բթացած այս կնոջ զգայական բնազդը արթնանում է մի օր, երբ նրան մոտենում է մի տղաՄարդ, ում հետ «ինքը բաց է, շատ բաց, ում հետ ինքը ազատ է, շատ ազատ» և միաձուլումը ամբողջացնում է, մի զգացում, որը հավատացեք ինձ, հազվակի երևույթ է նման կնոջ պրակտիկայում, ով օրեկան մի քանի տղամարդու է սպասարկում։ ՈՒստի և ամբողջացման զգացում ապրող կինը իրավացիորեն զարմացած է՝ «բայց ուղեղի կենտրոնում մի միտք էր սղոցում` ինչ-որ բան այն չէր, մի բան պակաս էր, կարծես կիսատ մնաց։»

Անզգայացած կինն առաջին անգամ ապրել է բաց լինելու, ազատ լինելու և ամբողջացման գալու հաճույքը, նա զարմացած է, որ սեռական մերձեցումը կարող է նաև այսիպիսին լինել։ Նա զարմացած է, որ տղամարդը կարող է Մարդ բուրել։ Սակայն ձևախեղված հոգեկանը ի վիճակի չէ ճիշտ գնահատական տալու տեղի ունեցածին, և փոխանակ՝ ի վերջո, հենց այդ պահին, նա վերջապես հասկանա, որ կա նման սեքս, կա նման հաճույք, նա՝ տարիների բռնությունից բթացած ու անզգայացած այդ կինը, կարոտում է իրեն տառապանք պատճառող նողկանքի զգացումը։ Նա իրեն անբավարարված է զգում, ունենալով ամբողջացման զգացում։ Նրան պակասում է իր ցավը, իր տառապանքը` «Հասկացավ` չկար քրտինքի արդեն հարազատ դարձած հոտը:», որին նա սովորել է, որի մեջ իրեն հարմարավետ է զգում։ «Առանց քրտինքի հոտի ինքը չէր բավարարվել, իրեն պակասում էր մի բան, որից ինքը զզվում է:»

Իսկ ինձ միշտ զարմացրել է, թե ինչու են Մարդիկ սիրում իրենց տառապանքը, հարմարավետ զգում իրենց ապրած կյանքի գարշահոտության մեջ։ Մի՞թե չենք կարող հրաժեշտ տալ անցյալին և ապրել ներկա պահով, ներկա պահի մեջ, որտեղ կյանքը լրիվ նոր հեռանկար է բացել ու նոր ապագա է խոստանում։

Փակել

ՋՈՒՐԸ ՊԱՏԷՆ ՎԷՐ

Ջուրը- ինքն ալ – զարմացաւ թէ ինչպէս

վեր չթափեցաւ ելաւ պատէն վէր

Ջուր մըն էր բոլոր միւս ջուրերուն պես

-ջուր որ սորված էր անձրեւի շիթէն

թէ իր դերը վար իյնալ է միայն

Եւ եթե չիյնայ հողը կը վշտանայ

քէն կ’ընէ ու ծառ ծաղիկ չի բանար –

Այդ ջուրը ինչպէս ելավ պատէն վէր –

Արդեօք պատճառը ա՞յն էր որ գիշերանց

սիրաբանած էր լիալուսնին հետ

ԲԱՐՈՅԱԿԱՆ

– Հիմա ձեզմէ շատեր պիտի խորհին թէ

այդ ջուրն իրենք են –

– շատերն թէ իրենք լիալուսինն են –

– իսկ պատը ան միշտ միեւնոյն պատն է

ԶԱՀՐԱԴ

Ժուժկալ թագուհին ու իր երեք տղաները

Ժամանակով լինում ա մի թագավոր։ Սրան ունենում ա մինուճար մի աղջիկ։ Էս աղջիկը շատ սիրուն ա լինում։ Շատ խելոք ու շատ նամուսով, բայց միշտ փախչելիս ա լինում աշխարհքի վայելքից։

—Միտք չունեմ,— ասում ա, — աշխարհ մտնելու։ Իմ սիրտը երկնային աստծուն եմ տվել։

Թագավորի տեղը շատ նեղում են.

—Աղջկանդ մարդու տուր, որ մահիցդ հետո աշխարհքը անտեր չմնա։

Թագավորի աղջիկն ասում ա.

—Այ հեր, դե որ էդպես զոռում են, ես էսպես պայման եմ դնում. Ես կուզեմ էն տղին, որ կհամաձայնվի տարին մենակ մի անգամ իմ անկողինը գալ։

Էս բանը հայտնում են աշխարհի բոլոր կողմերին, ամա բոլոր թագաժառանգներն ու իշխանները հրաժարվում են էդ չլսված պայմանից։ Ոչ ոք չի ուզում էդ աղջկան առնել։

Գալիս ա մի նախրչու տղա, ասում ա.

—Ես կուզեմ։ Թե որ թագավորի աղջիկը էդքան համբերող ու նամուսով կլինի՝ ես էլ կլինեմ։ Ես էդ պայմանին համաձայն եմ, ախպեր, ես դրան կուզեմ։

Թագավորի աղջիկը էս տղի խոսք ու զրույցից հասկանում ա, որ սա համ շատ խելոք ա, համ էլ շատ դիմացկուն ու համբերող։ Բերում են սրանց պսակում։ Թագի տակին երդվում են՝ տարին մենակ մի անգամ իրար հետ անկողին մտնեն.—ով որ մեզանից,—ասում են,—էս պայմանը քանդի, աստված էն րոպեին նրա մեջքը կոտրի։—Ասում են ու իրանց խոսքին հաստատ մնում։

Կարդալ ավելին

Պսակի առաջին գիշերը աղջիկը հղիանում ա։ Ծեր թագավորը հրաժարվում ա գահից, ու նրա տեղը թագավոր ա նստում փեսեն՝ նախրչու տղեն։ Սա էնպես խելքով ու իմաստությունով ա կառավարում երկիրը, որ ժողովուրդը սրտով սիրում ա ու պատվում սրան։

Վրա երկրորդ տարին թագուհին պառկում ա, բերում մի սիրուն տղա։ Աշխարհքն էլ իրանց սիրած թագավորի ու թագուհու հետ ուրախանում ա ու զվարճանում ա։ Բոլորի բերանին նրանց բարի գործերն ու անարատ հալալ սուրբ անկողինն ա լինում։ Օրերը գալիս են՝ անց կենում, թագուհին մի տղա էլ ա բերում։

Էդ վախտերը, մի իրիկուն, մի քանի փչացած ջահել տղերք քեֆ անելիս են լինում։ Նրանցից մեկն ասում ա, —թագավորի ու թագուհու բախտավորությունն էլ երկար չի քաշիլ։ Թագավորը տարին մեկ ա գնում թագուհու անկողինը։

—էդպես ա,—ասում ա մյուսը, —ասում են, հենց էս գիշերը նրանց ժամկետը լրանում ա։ Թագավորը պիտի գնա թագուհու անկողինը։

—Տղերք,—ասավ սրա կողքին նստողը,—ես էս գիշեր գնալու եմ թագուհուն խաբեմ։ Թե ես նրանց բախտավորությունը չքանդեմ, ես՝ ես չեմ։

Ընկերները ասին՝ ինչացո՞ւ ես դու, ին՞չ քու խելքի բանն, որ էդ անես։ Նա թե՝ ես էդ բանը թե գլուխ չբերեմ, ինձ շուն-շան որդի ասեք։ Ու մարջ ա գալի։

Էս փչացած, աննամուս տղեն գալիս ա ընկնում թագավորի ոտները։

—Տեր թագավոր, աչքիդ ու գլխիդ մատաղ,—ասում ա, —ես մի քյասիբ տղա եմ։ Մի սիրուն աղջիկ եմ սիրել, էս գիշեր գնալու եմ որ նշանը տամ։ Ամա էս շորերով ամաչում եմ գնամ։ Քու շորերիցը մի ձեռք տուր, հագնեմ, գնամ սիրածիս մոտ, ետ կգամ շորերդ կտամ քեզ։

Թագավորի մեղքը գալիս ա.—հայ գիտի,—ասում ա, —ես էլ եմ սրա օրին եղել՝ տկլոր, առանց լավ շորի։

Ու մի ձեռք իր շորերից տալիս ա էդ տղին։

Տղեն հագնում ա, գնում թագավորի շորերով ու անունով թագուհու անկողինը պղծում, ետ գալիս, շորերը տալիս թագավորին․

—Շնորհակալ եմ թագավոր, —ասում ա ու գնում կորչում։

Մի քիչ հետո թագավորը գնում ա թագուհու մոտ, դուռը ծեծում ա։

—էն ո՞վ ա,—ձեն ա տալիս թագուհին։

—Ես եմ, թագուհի ջան, դուռը բաց արա։

—Թագավոր, ի՞նչ եղավ քեզ, նոր չգնացի՞ր էստեղից։

Թագավորը գլխի ա ընկնում, որ միամիտ թագուհին խաբվել ա իրա շորերին, ու էդ բանի պատճառն էլ ինքն ա։

—Վա՜յ, մեջքս կոտրեց, թագուհի,—ասում ա ու վեր ընկնում։

Թագուհին դուռը բաց ա անում, տեսնում՝ թագավորի մեջքը կոտրել ա։

—Իմ անգին թագուհի,—ասում ա թագավորը,—քեզ շատ անչափ սիրելուց երկրորդ անգամ եկա, դրա համար աստծո պատիժը մեջքս կոտրեց։

Թագուհին վրա ա ընկնում մարդին, արտասուք թափում, օգնություն կանչում։ Պալատականները թագավորի համար բժիշկներ ու հայտնի գրբացներ են կանչում, ամեն տեսակ դեղ ու դարման են անում, ամա թագավորին լավանալու ճար չի լինում։

Էն օրվանից անց ա կենում ինն ամիս, ինն օր, ինը ժամ, ինը րոպե, թագուհին ծունկը գետնին ա տալիս, բերում ա երրորդ տղեն։ Խաբարը տանում են հիվանդ թագավորին, աչքալիս են տալիս թագուհու կողմից։

Էստեղ թագավորը գիր ա գրում թագուհուն, թե.

—Ես իմ երեք որդիներից մեկին զրկում եմ ժառանգությունից։ Գրի տակին ձեռք ա քաշում, կնիքը խփում, ձեռները ծալում դոշին, աչքերը գցում երկինք ու հոգին փչում։

Մինչև տղերանց հասնելը թագուհին ա երկիրը կառավարում։ Ուշք ու միտքը գցում ա իրա երեք տղի վրա, որ մեկը մյուսից լավն են լինում, խելոք ու սիրուն։ Համ էլ շատ ա միտք անում, թե ինչո՞ւ թագավորը տղերքից մեկին զրկեց ժառանգությունից։ Միտք ա անում, ամա գլխի չի ընկնում պատճառը։

Օրեր են էլի, գալիս, անց են կենում։ Տղերքը մեծանում են, հասնում են գահին նստելուն, ամա ոչ ոք չի կարում իմանա, թե դրանցից ո՞ր մեկն ա զրկված ժառանգությունից։ Թագուհին իմացած ա լինում, որ կողքի երկրի թագավորը մի շատ խելոք, իմաստուն ու աստվածավախ մարդ ա։ Երկրի բանիմաց մարդիկը խորհուրդ են տալիս, որ տղերքը գնան էդ թագավորի մոտ, բալքի նա մի բան գլխի ընկնի, մի ճամփա ցույց տա։

Տղերքը գնում են, հասնում էդ թագավորի դուռը։

—Բարով, հազար բարին եք եկել,—ասում ա էդ թագավորը,—ճամփա եք կտրել, բեզարել, սոել եք․ էսօր դինջացեք հաց կերեք, քնեք, առավոտը, որ աստծու լույսը բացվի, տենանք, թե ձեր դարդին ի՞նչ դարման կարվի։

Առավոտը տղերքը պատմում են թագավորին իրենք դարդը։ Թագավորն էլ պատմում ա իրա աղջկան, որ նրանց կտակի միտքը բաց անի։

Թագավորի աղջիկը, որ դուրս ա գալիս իրա սենյակիցը, քողը վրայից դեն ա նետում, նրա երեսի լույսիցը տղերքը աչքերը խուփ են անում՝ հենց իմանում են արեգակ ա դուրս եկել։

Թագավորի աղջիկն ասում ա.

—Ձեր ուզածը ես գիտեմ, հլա դեռ ինձ լսեք մի բան պատմեմ, հետո կմտածենք, թե ոնց անենք, որ դուզ ճամփեն գտնենք։

Մի օր մի քանի աղջիկ գնում են հանդը բոխ ու զոխ քաղելու։ Դրանցից մեկը մյուսներից ջոկվում ա, զոխ ու բոխ քաղելով շատ ա հեռանում, մին էլ մտիկ ա անում, տեսնում ա, որ մնացել ամենակ ու էստեղ մի չոբան ոչխար ա արածացնում։

Չոբանը տեսնում ա էս սիրուն աղջկան, քեֆը գալիս ա, սիրտը ցնծում ա, բռնում ա էդ սիրունին, որ սիրի, աղջիկը աղաչում ա.

—Չոբան ախպեր,—ասում ա,—ուխտ ունեմ արած, որ անարատ մնամ, սուրբ սրտով իմ թագին ու պսակին արժանի լինեմ։ Ես քեզ հաստատ խոսք եմ տալիս, որ իմ պսակի առաջին գիշերը, էլի էսպես մաքուր ու անարատ գամ քու մոտ։

Չոբանը էդ աղջկան հավատում ա ու բաց թողնում։

Ժամանակ ա անցնում։ Էս աղջիկը պսակվում ամի շատ լավ տղի հետ։ Առաջին գիշերը, երբ սրանք մտնում են իրանց սենյակը, աղջիկը սիրտը բաց ա անում տղի առաջ, իր գլխի եկածը պատմում.—Ոտիդ ու գլխիդ մատաղ, իմ տեր, թագ ու պսակ, ես չոբանին հաստատ խոսք եմ տվել, չեմ ուզում խոսքս կոտրել։ Բեր դու ինձ բաց թող, գնամ նրա մոտ։ Թե ինձ սիրում ես, մի թող, որ ես խոսքս գետին գցեմ, չոբանի մոտ անազնիվ դուրս գամ։

—Գնա,—ասում ա մարդը,—որ դու հաստատ խոսք ես տվել, չոբանն էլ քեզ հավատացել ա, քեզ բաց ա թողել, գնա քո ազնիվ խոսքը կատարի։

Ու անարատ բաց ա թողնում իր նորահարսին…

…Էստեղ թագավորի աղջիկը խոսքը կտրում ա ու դառնում մեծ աղբորը, հարցնում,—Ուղիղն ասա, թագավորի մեծ տղա, դու որ լինեիր էդ տղի տեղը, քու նշանածին, քու նորահարսին, քողն էլ երեսին բաց կթողնե՞իր։

—Իհարկե, բաց կթողնեի, որ չոբանը նրան հավատացել ա, նա էլ հաստատ խոսք ա տվել, էն նորափեսեն էդպես պիտի աներ։

Թագավորի աղջիկը լռում ա, հետո շարունակում․

—Էդ նորահարսը քողն երեսին, գնում ա հասնում չոբանի տուն, դուռը ծեծում․ «Չոբան ախպեր,—ասում ա,—ես իմ խոսքի տերն եմ, էս գիշեր պսակվեցի, իմ նշանածից իրավունք առա, անարատ եկել եմ քու մոտ, հիմի մնացել եմ քու խղճմտանքին, թե ուզում ես ինձ հոգեց-հոգի կորցնել, թե ուզում ես, որ իմ մարդը ամեն օր ինձ երեսծեծանք անի, թե ուզում ես, որ ես անբախտ լինեմ, ամեն օր աղի արտասուք թափեմ՝ կատարի քո կամքը։

Չոբանը զարմանում աէդ նորահարսի ու իր նորափեսի ազնվության վրա, սիրտը փուլ ա գալի, ասում ա,—դու իմ քույրն ես, իմ բերնի սրբությունն ես ու օրհնանք ես, գնա, քու մուրազին հասի։ Քու նշանածն էլ սրանից դենը իմ ախպերն ա։ Իմ դուռը միշտ բաց կլինի ձեր առաջ…

…Էստեղ թագավորի աղջիկը իր պատմությունը կտրում ա ու դառնում միջնեկ ախպորը հարցնում.

—Ուղիղն ասա, թագավորի միջնեկ տղա, դու որ լինեիր էն չոբանի տեղը, էն սիրուն նորահարսին, քողն երեսին, բաց կթողնե՞իր։

—Իհարկե, բաց կթողնեի։ Երբ որ նորահարսն ու փեսեն էնքան ազնիվ էին, որ մեկն իրա հաստատ խոսքի տերն էր, մյուսն էլ իր նշանածի խոսքը չկոտրեց, ազնիվ չոբանն էլ իր մարդկությունը ցույց տվեց, ես հո քարսիրտ չեմ, որ բաց չթողնեի։

Թագավորի աղջիկը էլի սուս կացավ, հետո շարունակեց․

—Նորարսը, չոբանից որ հեռացավ, վազեց, ինչքան ուժ ուներ, որ շուտ հասնի իր փեսին, էնա հասել էր քաղաքին, որ մի քանի լոթի տղերք նրա առաջը կտրեցին․ «Հիմի, որ իսկական քեֆ կանենք,—ասին,—որսը իրա ոտովն եկավ»։ Ուզեցին խայտառակ անեն։

Նորահարսը, քողն երեսին, նրանց ոտներն ընկավ․ «Ախպերտինք, ձեր ջանին ղուրբան, ձեր ոտին մատաղ, թողեք մի երկու խոսք ասեմ ու հետո ինչ ուզում եք, արեք»։

ՈՒ նա պատմեց իր գլխին եկածը, ասեց․ «Կամ ինձ էստեղ սաղ-սաղ թաղեցեք, կամ թողեք գնամ մուրազիս հասնեմ։

Որիդ քուր չունեք՝ ինձ քուր հաշվեցեք, որիդ էլ ունեք, մեկն էլ ավելացրեք»։

Էդ լոթիքը խղճացին նորահարսին ու բաց թողին։

Էստեղ թագավորի աղջիկը իր պատմությունը կտրում ա ու պուճուր ախպորը հարցնում․

—Ուղիղն ասա, թագավորի պուճուր տղա, դու որ լինեիր էն տղերանց տեղը, էն սիրուն հարսնացուին բաղ կթողնեի՞ր։

—Չէ, բաց չէի թողնի, ես զարմացել եմ էն նորափեսի վրա, որ սարսաղություն արավ, իր նորահարսին բաց թողեց կես գիշերին գնա չոբանի մոտը։ Չոբանն էլ սարսաղություն արավ, իր ոտով եկած որսը ձեռից բաց թողեց։ Էն լոթի քեֆ անող տղերքն էլ սարսաղություն արին, որ նրան բաց թողին։ Ես էդ բանը չէի անի։ Հլա մի ուզածս կանեի, հետո ինչ ուզում էր լիներ։

Թագավորի աղջիկը վեր ա կենում ու էդ տղին ասում.

—Ժառանգությունից զրկվածը հենց դու ես, որ կաս։ Դու խառնակ արյուն ունես, որ քեզ էդպես ա խոսացնել տալիս։ Դու էն թագի տակ երդում կերած հոր ու մոր հալալ տղեն չես։ Քու աշխարհ գալում կամ հերդ ա խաբված, կամ մերդ, կամ թե չէ՝ երկուսը միասին։ Հալբաթ թագավորին մի ուրիշը խաբել ա ու նրա անունով խաբել քո մորը։ Հենց էդ ա թագավորի մեջքը կոտրել։

—Ապրես աղջիկ ջան,—ասաց թագավորը,—շատ ճիշտ ես գտել զրկվածին։

Էստեղ վեր ա կենում թագավորի մեծ տղեն, էս թագավորի ձեռը պաչում ա, ասում.

—Տեր թագավոր, թե որ արժան կհամարես, խնդրում եմ քու աղջկա ձեռքն ինձ տաս։

Աղջիկն էլ տենելուն պես սիրահարվում ա մեծ ախպորը։ Թագավորը իր ձեռքով նրանց հարսանիքն անում ա ու մեծ բաժինքով ու դուժինքով ճանապարհ դնում։

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

Հայկական ժողովրդական հեքիաթ

Փակել


Սեռերի կենսաբանական-էվոլյուցիոն նշանակությունը

Սեռային պատկանելիության կենսաբանական նշանակության իմացությունը, ասել է թե՝ ինչ է նշանակում լինել արական կամ իգական սեռի առանձնյակ, մեզ՝ բժիշկ-սեքսոլոգներին, մտածելու լուրջ տեղիք է տալիս, հատկապես մեր օրերում, երբ մարդը դիտարկվում է որպես էվոլյուցիայի ընթացքում կապիկից առաջացած կենսաբանական տեսակ։ Սեռերի կենսաբանական նշանակությանը կփորձեմ անդրադառնալ էվոլյուցիոն կենսաբանների դիտարկման տեսանկյունից, քանի որ յուրաքանչյուր կենսաբանական հատկանիշի ժառանգական փոխանցում և ամրապնդում ըստ այս մտածողների՝ հնարավոր է դառնում միայն գոյապահպանությանը սպառնացող բոլոր փորձությունների հաղթահարման պարագայում։

Սեռերն կենսաբանական-էվոլյուցիոն նշանակության մասին ամենատարածված և ընդունելի տեսությունն այսօր Գյոդակյանի կողմից մշակված տեսությունն է, որը արական և իգական սեռային պատկանելիության խորքային նշանակությանը մոտենում է այդ սեռերի վերարտադրողական գործառույթից ելնելով։ Ըստ այս տեսության՝ որպես սկզբնակետ հիմք է վերցվում այն, որ արական սեռային էակն ունի բեղմնավորման բարձր ցուցանիշ, քանի որ նրա սերմնաբջիջներն արտադրվում են անընդհատ կերպով, առանց դադարի, օրական 1մլն քանակությամբ սերմնահեղուկում հասնելով միլիոնավոր, անգամ միլիարդավոր սերմնաբջիջների։ Համարվում է, որ արական էակի «գործն» է լայնորեն (առատաձեռնորեն) տարածել իր սերմը ու բեղմնավորել առավելագույն թվով իգական էակների, այսինքն՝ բազմանալ ու գրավել հնարավորինս ընդարձակ տարածքներ: Դրա համար է, որ նրա սեռականությունն օժտված է հեշտ գրգռողականությամբ և ոչ բծախնդիր ընտրողականությամբ, ինչը դրսևորվում է դեպի նորությունը և բազմազանությունը հակվածությամբ, որի շնորհիվ հնարավոր է դառնում բեղմնավորել մեծաքանակ առանձնյակների և բացառել մյուս մրցակիցներին ասպարեզից: Արական էակը բնազդաբար ակտիվանում է (հուզական ռեակցիաների միջնորդությամբ)՝ ի պատասխան իգական էակից եկող բեղմնավորման հնարավորությունն ազդարարող սեռային նշանների (հոտեր, տեսողական գրգիռներ, առինքնող դիրք, վարքային ակտիվություններ)։ Սա ծրագիր է, որը խնայում է արական էակի ժամանակը, ուժերը և սերմնաբջիջները, որոնք հակառակ դեպքում կվատնվեին ոչ պտղաբեր իգական էակին ուշադրություն տալով:

Կարդալ ավելին

Արական սեռականությունը պերմանենտ (մշտական) բնույթ ունի, բացառությամբ սերմնաժայթքումից հետո ընկած ժամանակահատվածի, որում նա անդրդվելի է նյարդահումորալ վերականգնողական աշխատանքների պատճառով: Արական սեռական վարքը դրական ամրապնդման պահանջ ունի, որպեսզի սերմնաժայթքումից հետո նա նորից շահագրգռված լինի նույն եռանդով ջանալու, այդ իսկ պատճառով սերմնաժայթքումը ուղեկցվում է օրգազմի զգացողությամբ։ Կարճ ասած՝ երբ իգական էակը պատրաստ ու մատչելի է բեղմնավորման համար, արական էակն «անցնում է գործի», այսինքն` արական սեռականությունն առաջընթաց, ներթափանցող է, մինչդեռ իգականը՝ սպասող, ընդունող: Արական սեռականությունը սերտ կապ ունի ագրեսիվության հետ, քանի որ ագրեսիվության շնորհիվ հնարավոր է դառնում հաղթել մյուս արուներին և արժանանալ էգի «բարյացակամությանը»: Արական էակն այստեղ դոմինանտ է, այն ունի իշխանություն հնազանդվող իգական էակի նկատմամբ:

Սեռերի զարգացման էվոլյուցիոն տեսության համաձայն իգական սեռի էակները ռեպրոդուկտիվ ցածր պոտենցիալի պատճառով (ամսվա մեջ ընդամենը մեկ ձվաբջիջ) պարտավոր են բծախնդիր լինել իրենց ընտրության հարցում: Դրա համար իգական էակը օժտված չէ բարձր գրգռվողականությամբ, ինչը կխանգարեր նրան դանդաղ ու համբերատար քննել, գնահատել ու «կշռադատված որոշում» ընդունել: Իգական սեքսուալությունն օրգազմի կարիք չունի, քանի որ այդպիսով նա շատ արագ կկորցներ իր սեռական հետաքրքրությունը: Իգական էակի էվոլյուցիոն ֆունկցիաներն են՝ հատկանիշների պահպանում, գենային զանազանության զտում կենսաբանական նպատակահարմարության մաղով, սերնդի քանակության ապահովում, տեսակի կայունության պահպանում:

Մարդու սեռական կյանքում հանդիպող սեքսուալության շատ դրսևորումներ, ինչպես նաև վարքային գործելակերպեր, կարելի է բացատրել վերոնշյալ կենսաբանական-էվոլյուցիոն նպատակահարմարությամբ, օրինակ` թե ինչո՞ւ է կինը դժվարությամբ գրգռվում, իսկ՝ տղամարդն արագ, ինչո՞ւ են կանայք ավելի հաճախ անօրգազմիայի, իսկ տղամարդիկ՝ վաղաժամ սերմնաժայթքման անհանգստություն ունենում, ինչո՞ւ են կանայք և տղամարդիկ տարբեր տիպի պոլիգամ (տղամարդիկ՝ ֆիզիկական-մարմնական, կանայք՝ հոգեհուզական) վարք դրսևորում։ Այս բոլորը կարելի է բացատրել սեռերի փոխհարաբերության հենց կենսաբանական-էվոլյուցիոն տեսակետից, եթե մարդուն չափենք կենսաբանական-կենդանաբանական օրենքներով։

Այո, սեռականության բնազդային օրենքներն ապահովում են սեռական վարքի անթերի կազմակերպված գործողություններ, որպիսիք միայն հիացմունք (մեղուների դեպքում), ինչու չէ նաև զվարճանք են (կապիկների պարագայում) առաջացնում։ Միայն թե կան մարդիկ, որոնց մոտ սեռական կյանքի դրսևորումները բոլորովին չեն համապատասխանում վերոնշյալ օրենքներին և այդ մարդկանց հիվանդ լինելու կատեգորիային չես կարող դասել, օրինակ՝ ամուսնուն հավատարիմ սպասող կնոջը կամ մատչելի կնոջից ազատ կամքով հրաժարվող տղամարդուն, փոխադարձ վիրավորանքներն ու խռովքներն իրար ներող և սեռական կյանք շարունակող զույգերը։ Այս տեսակ մարդկանց հիվանդ համարել և բուժել չես կարող, դա կհակասակի էթիկայի բոլոր կանոններին։ Բուժում առաջարկել մարդուն, ով հրաժարվում է պրիմատային սեքսուալություն դրսևորել, կնշանակի ինքդ պրիմատ դառնաս։ Մարդու սեքսուալությունը բոլորովին այլ իմաստներ է պարունակում, որոնք դեռ լիովին ուսումնասիրված չեն և չեն էլ լինի, քանի դեռ սեռագիտության մեջ հետազոտությունները հիմնվում են վիճակագրական տվյալների վրա, քանի դեռ նորմա հասկացության մեջ մարդկանց պատկերացնումներում գերիշխում են թվաբանական միջիններ և մեդիաններ։ Որպես բժիշկ, կհամարձակվեմ ասել, որ սեռական բազում խնդիրներ (Էրեկտիլ դիսֆունկցիա, կնոջ սեռական ցանկության բացակայություն, նախադռնային սերմնաժայթքում և այլ բազում սեքսոլոգիական գանգատներ), բուժման ենթակա խնդիրներ չեն (այն իմաստով, որով հասկանում է ժամանակակից գիտությունը), այլ մարդու էվոլյուցիան ապահովող նոր հնարավորություններ են, որոնք բավարար ուշադրության չեն արժանանում հենց այս՝ մարդու կայացման տեսանկյունից։

Փակել

Page 1 of 2

© 2022 | ՆարինԷ Ներսիսյան | Հեղինակային իրավունքները պաշտպանված են |

Besucherzahler
счетчик посещений