ՆԱՐԻՆԷ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Երկու հատվող բուրգերից ծնվում է Նորը

Category: Սեռական հաճույք

Սեռական գրգռում

Սեռական գրգռումը սուբյեկտիվ վերապրում է, որը հարուցվում է սեքսուալ ազդակների շնորհիվ և դրսևորվում մարմնական փոփոխություններով: Սեքսուալ գրգիռներ ընկալելիս մարմինն անպայմանորեն դրսևորում է համապատասխան ռեակցիա։ Գրգռման ամենաբարձր մակարդակում, առանց որևէ ճիգի հայտնվում է օրգազմի զգացողությունը: Սեռական օրգանների ֆիզիոլոգիական պատասխանը և օրգազմը թողարկվում են բոլոր այն դեպքերում, երբ բավականաչափ գրգիռներ են կուտակվում:

Կարևոր է հիշել սակայն, որ մարդու սեռական գրգռման ամենագլխավոր պատասխանատուն գլխուղեղի կեղևն է։ Մարդը բնության մեջ միակ արարածն է, ով ունի զարգացած գլխուղեղի կեղև: Ինչո՞ւ է դա այդպես և ինչպե՞ս է ուղեղի այդ հատվածը մասնակցում սեռական գրգռման առաջացմանը։ Կեղևը մեր ուղեղի այն հատվածն է, որը նշանակություն և իմաստ է հաղորդում մեր բոլոր ապրումներին, այդ թվում՝ սեռական: Սեռական ակտի ընթացքում մեր բոլոր ապրումների իմաստավորումներն ազդում են մարմնի արձագանքող ունակության և սեքսուալ բավարարման վրա: Սեռական գրգռման առաջացումը և ուժգնությունը պայմանավորված են հենց այդ իմաստներով, որոնք թաքնված են սեռական գործողությունների հետևում։

Կարդալ ավելին

Այսպիսով՝ միայն զգայարանների խթանումը բավարար պայման չէ մարդու սեքսուալ գրգռման համար: Սովորաբար մենք կենտրոնանում և շեշտը դնում ենք շոշափելիքի և ավելի նվազ չափով՝ տեսողական, ձայնային, համի կամ հոտառության զգայությունների վրա: Բայց ինչպես նշեցինք, գրգռվելու համար շատ ավելի մեծ նշանակություն ունի ոչ թե զգայության խթանումը, այլ այդ զգայությունների մտային իմաստավորումները: Եվս մեկ անգամ ընդգծենք, որ միտքը շատ ավելի վճռորոշ դեր է խաղում սեռական օրգանների նորմալ գործունեության համար, քան մեխանիկական գրգիռներն առանձին վերցրած: Ուստի ավելորդ է տարվել զուգընկերոջը/ուհուն «ճիշտ» գրգռելու կպչուն ձգտումով, այլ կարևոր է էմոցիոնալ կապը չընդհատելով ուշադրություն դարձնել, թե ինչ է ընկած սեռական փոխհարաբերման ենթատեքստում: Գրգռում է ոչ թե ինքնին շոյանքը, այլ դրա միտումը:

Սեքսուալ գրգռվածությունը՝ սեռական ակտի ընթացքում զգայական խթանման և բոլոր զգացմունքների ու մտքերի ամբողջականությունն է, դրական հանրագումարն այն ամենի՝ ինչ մտածում ենք, զգում և անում: Սեքսուալ գրգռումը ավելին է քան լորձաթաղանթների հպումը, ավելին է քան սեքսուալ երևակայությունները:

Ֆիզիկական, մեխանիկական գրգիռները նյարդային ուղիներով փոխանցվում են գրգռման օջախից դեպի ողնուղեղ, ապա գլխուղեղ և ի վերջո վերադառնում սեռական օրգաններին: Ցանկացած խոչընդոտ կարող է իջեցնել գրգռման մակարդակը և ի վերջո հանգեցնել սեքսուալ խանգարման և անբավարարվածության: Նման խոչընդոտ կարող է հանդիսանալ նյարդային կամ անոթային հիվանդությունը, հորմոնալ շեղումները, բնածին արատները, որևէ հիվանդություն կամ տրավմա, բժշկի կողմից նշանակված կամ ինքնուրույն ընդունած դեղորայք, վիրահատական միջամտությունը, հոգնածությունը, սթրեսը: Բոլոր թվարկածները կարող են ազդել նյարդային գրգիռները հաղորդելու և մշակման ենթարկելու օրգանիզմի բնականոն ընթացքի վրա: Սեքսուալ գրգռման խանգարման պատճառներից են նաև ալկոհոլիզմի, շաքարային դիաբետի և երիկամային անբավարարության հետևանքով առաջացող անոթային, նյարդային և հորմոնալ բարդությունները:

Եթե կասկած կա որևէ բժշկական խնդրի առկայության մասին, ապա անպայման պետք է մանրամասն բժշկական հետազոտություն անցնել, որպեսզի ճշտվի ախտորոշումը և բուժման համապատասխան կուրս նշանակվի: Սակայն պետք է նշել, որ երբեմն նույնիսկ ծանր ֆիզիկական խնդրի առկայության դեպքում, միայն մտքի հզոր ուժով հնարավոր է դառնում սեքսուալ զգայություն վերապրել: Կան դեպքեր, երբ անդամալույծին հաջողվել է նոր էրոգեն գոտիներ արթնացնել զգայունակությունը պահպանած մարմնի այլ հատվածներում:

Քանի որ զգացմունքերը և մտքերը ազդում են մարդու զգայական ընկալման վրա, ուրեմն՝ զգայությունը կլինի հաճելի այն դեպքում, երբ միտքը և զգացմունքերը նպաստեն դրան: Եթե տխուր ենք, զայրացած, նեղացած ենք կամ ուղղակի մտազբաղ, դժվար թե զգայական ընկալումները ստանան այնպիսի էրոտիկ երանգավորում, որը կբերի գրգռման ու սեռական հաճույքի: Այս դեպքերում այն ամենը, որ սովորավար մեզ սեքսուալ տրամադրվածություն էր ներշնչում, չեն ունենում նմանատիպ ազդեցություն և հակառակը՝ իջեցնում են սեռական ցանկությունը:

Եթե մենք զգում ենք, որ գրգռվել ենք և գիտակցում, որ այդ պահին անհամապատասխան վայրում ենք, ապա մեր զգայական վերապրումը կարող է թույլ լինել և այս դեպքում այն չի տանի դեպի սեքսուալ գրգռվածություն և օրգազմ: Ու հակառակը, եթե «ընդունված կանոնները խախտելու» գաղափարը գրգռում է մեզ, ապա այդ նույն զգայական ընկալումները այն աստիճանի ուժեղ կարող են լինել, որ հասցնեն օրգազմի:

Եվս մեկ դիտարկում` որոշ մարդիկ նշում են, որ իրենց էրեկցիան/լյուբրիկացիան ավելի արտահայտված է, երբ իրենք «գրգռողի», այլ ոչ թե «գրգռվողի» դերում են: Սա կարող է պայմանավորված լինել վերցնելու հետ փոխկապված պարտքի զգացման հետ, քանի որ գերիշխում է այն միտքը, որ պիտի (չգիտես թե ինչու) անպայմանորեն գրգռվես, երբ քեզ շոյում են: Խորը զգացմունքային կապի խթանումը կարող է ազատել պարտավորվածության զգացումից և նպաստել սեքսուալ ֆունկցիայի հաջող իրականացմանը:

Ցանկացած չլուծված էմոցիոնալ խնդիր ազդում է մեր զգայունակության վրա: Եթե անձը վախենում է մտերմությունից, ապա հնարավոր է, որ նա ավելի հեշտ գրգռվի ու հաճույք ստանա պատահական մարդու հետ սեռական կապ ունենալիս, ինչպես ասում են՝ մի գիշերվա ընկերոջ/ուհու հետ: Մարդիկ, ովքեր վախենում են վերահսկվելուց (կոնտրոլից), գրգռման դժվարություններ են ունենում պարտավորությամբ ամրագրված հարաբերություններում, բայց ոչ երբեք պարտավորություններից զերծ կապերի ժամանակ: Իսկ նրանք, ովքեր վախենում են մերժվելուց, կդրսևորեն ճիշտ հակառակ վարքային ստերեոտիպ՝ ավելի հեշտ կգրգռվեն, եթե «ԶԱԳՍ-ի թուղթ ունեն»:

Զզուգընկերոջ/ուհու հույզերը և պահվածքը նույնպես անդրադառնում են սեքսուալ գրգռման վրա: Բավական է հիշել ինչ ենք զգում, երբ մեր կողակիցը դրսևորում է ձանձրույթի, անտարբերության, սառնության նշաններ կամ էլ պնդում է, որ կինը անպայման պետք է հասնի օրգազմի: Ինչքան էլ նա շոյի, գուրգուրի կնոջը, միևնույն է այս դեպքում չի կարող հասցնել կնոջը օրգազմի: Որովհետև սեռական ակտն այս դեպքում կնոջ համար ունի բացասական ենթատեքստ, այսինքն՝ տեղի է ունենում տղամարդու սեռական ինքնահաստատման գործողություն, առանց հաշվի նստելու կնոջ համաձայնության հետ, դեռ ավելին՝ պարտադրելով, որ նա իր օրգազմով կնքի ինքնահաստատման այդ գործընթացը:

Սեռական գրգռման և օրգազմի խանգարումների պատճառներն այնքան տարբեր և անհատական են, ինչպես մարդը ինքն է: Հնարավոր է, որ միանգամից մի քանի գործոններ են միաժամանակ ազդում և թուլացնում սեքսուալ զգայունակությունը: Դրա համար, յուրաքանչյուր դեպք իր սպեցիֆիկ լուծումն է պահանջում, եթե խոսքը գնում է սեռական գրգռման անբավարարման մասին։

Փակել

Կեղծված հեշտանք

Կան մարդիկ, ովքեր գտնում են, որ սեռական մերձեցումը վերարտադրողական գործառույթ է, նման մարդիկ սեռական մերձեցմանը վերաբերվում են իբրև կնոջ ամուսնական պարտականություն: Այսօր, սակայն, շատ զույգեր համարում են, որ սեռական կյանքը նրանց ամուսնական երջանկության կարևոր բաղադրիչն է և իրենց սեռականության դրսևորման գլխավոր ուղին: Այս առումով զույգերը կարևորում են կնոջ օրգազմ ապրելու հանգամանքը և դրա բացակայությունը խիստ ծանր են տանում, ուստի և կեղծված հեշտանքի երևույթը մեծ տարածում ունեցող խնդիր է բժիշկ-սեքսոլոգի կլինիկական պրակտիկայում:

Հետաքրքիր է, որ այս կապակցությամբ օգնության դիմող զույգի նախաձեռնությունը հաճախ պատկանում է տղամարդուն: Եթե դիմողը կինն է, ապա նա հաճախ դիմում է առանց իր տղամարդու իմացության, թաքուն։

Կարդալ ավելին

Վերջերս հեռուստացույցով մի հետաքրքիր հաղորդում էի դիտում, չեմ հիշում եվրոպական որ երկրում էր նկարահանած, մի լրագրող հարցում էր կատարում փողոցում քայլող պատահական տղամարդ անցորդներին, թե ինչպես են նրանք վերաբերվում կնոջ օրգազմի հիմնախնդրին։ «Ներեցեք, ի՞նչ եք կարծում, կանայք կեղծու՞մ են իրենց օրգազմը,- հարցնում էր լրագրողը տղամարդ անցորդներին: -Իհարկե, շատ կանայք են խաբում և սեռապես անբավարարված են,- անմիջապես պատասխանում էր տղամարդը: -Իսկ Ձե՞րը, Ձեր կինն էլ է կեղծո՞ւմ»: Այս հարցին հետևում էր լարված լռություն, որին հաջորդում էր տղամարդու վստահ պատասխանը. «Իմը՝ ո՛չ, իմը չի կեղծում: -Ո՞չ, -նորից էր հարցնում լրագրողը,- Իհարկե, ոչ- համոզված պատասխանում էր տղամարդը»:

Թե ինչպիսի պատկեր է տիրում այս հարցի շուրջ Հայաստանում, դժվար է ասել, քանի որ չկան համապատասխան վիճակագրական հետազոտություններ։ Արդյո՞ք հայ կանայք նույնպես կեղծում են իրենց օրգազմը և ինչքա՞ն համատարած է այս երևույթը։ Համենայն դեպս մեր կլինիկական փորձը վկայում է, որ նմանատիպ կանայք քիչ չեն։ Օրգազմ չապրելու և այն կեղծելու խնդրով ամուսիններից թաքուն մեր կլինիկա դիմող կանանց թիվը վերջին 5 տարիների ընթացքում աճել է, միգուցե կանանց ֆինանսական անկախության ձեռք բերման շնորհիվ:

Ինչո՞ւ է տղամարդկանց համար այդքան կարևոր իրենց կանանց օրգազմը և ինչո՞ւ են նրանք համոզված, որ իրենց կինը անպայման հասնում է օրգազմի։ Ինչո՞վ է պայմանավորված լռությունը, որը հաջորդում է անձամբ իրենց սեռական կյանքին վերաբերող հարցադրմանը։ Ենթադրենք` վերոնշյալ տղամարդը սեռային կապեր էր ունեցել մի քանի կանանց հետ և լռության այդ մի քանի րոպեները հարկավոր էին, որպեսզի նա մտովի վերհիշեր այդ կանանց հետ իր փորձը: Բայց միևնույն հարցին երկրորդ, երրորդ տղամարդը նույնպես պատասխանում էին հապաղումով: Ի՞նչն է հապաղման այդ պատճառը, ու ի՞նչ են նշանակում այդ կրկնվող «ոչ»-երը: Գրեթե բոլոր տղամարդիկ համոզված էին` կանանց հիմնական մասը ձևացնում է, բայց ոչ իրենցը: Ամեն անգամ լռության միևնույն դադարը, երբ հնչում էր «իսկ ձե՞րը» հարցը:

Երկար մտորելով այս հարցի շուրջ, ահա այսպիսի միտք ի հայտ եկավ` իրենց անգիտության խոստովանումը կնշանակեր բացահայտել և ընդունել, որ իրենք բացարձակ իշխանություն չունեն ինտիմ հարաբերություններում և ոչ միայն՝ ինտիմ։ Մասկուլինային շեշտվածությամբ հասարակություններում սա տղամարդու համար խայտառակ պարտություն է, քանի որ կնոջ նկատմամբ իշխանություն չունենալու փաստը նշանակում է` հարվածի և կասկածի տակ առնել իր առնականությունը՝ տղամարդ լինելը:

Պետք է ասել, որ կանայք շատ հաճախ չունեն օրգազմի պահանջ, դա նախ և առաջ հենց իրեն` տղամարդուն է անհրաժեշտ:- Մեր այցելուներից հաճախ ենք լսում, որ տղամարդը ընկած է իրենց հեշտանքի հետևից, – նա անընդհատ հարցնում է` «Հը՞, ո՞նց էր, վերջացրի՞ր, քանի՞ անգամ վերջացրիր, դուր եկա՞վ քեզ»: Կանանցից շատերը անհարմար են զգում պատասխանելու` «Օրգազմն ինձ հարկավոր չէ, ինձ ուղղակի պետք է քեզ հետ լինել, զգալ, որ դու սիրում ես ինձ»: Փոխարենը, ցածր ձայնով կմկմում են` «այո, վերջացրի» և որպեսզի շատ չխորանան ստի մեջ և երկխոսությանը դադար տան, համեստորեն ամաչելու են տալիս…

Ի՞նչ է նշանակում, ուրեմն, օրգազմի կեղծումը հանուն տղամարդու, եթե կինը չունի դրա կարիքը։ Արդյոք դա կնոջ կողմից բեմադրված խաղ չէ՞ ընդամենը, որով նա իրավիճակի վերահսկողությունն առնում է իր ձեռքի տակ և օգտվելով տղամարդու անինքնավստահությունից՝ տնօրինում նրան տղամարդ դարձնելու կամ ոչնչացնելու գործընթացը։ Հեշտանքի ձևացումով՝ կինն այն համոզվածությանը կարող է գալ, իբր թե ինքը տիրապետում է իրավիճակին. նա կարող է «հեշտանքի պարտականության» կատարմամբ հաճույք շնորհել տղամարդուն, կարող է նաև հեշտանքի բացակայությամբ ապստամբել նրա դեմ, պատժել նրան: Ի՞նչ է ստացվում՝ տղամարդուն թվում է, թե նա իրավիճակի տերն է, ու դա այդպես չէ, քանի որ նա խաբված է։ Կնոջը թվում է, թե նա վերահսկում է տղամարդուն, ու դա այդպես չէ, քանի որ նրա գործիքը սուտն է։

Հայտնի է, որ ցանկացած հարաբերության մեջ իշխանության տնօրինումը և իրավիճակի վերահսկողության պահպանումը կողմերի կարևոր պահանջներից են։ Միջանձնային շատ վեճեր, արտաքնապես ծավալվելով ամենաչնչին մանրուքների շուրջ, խորքում շատ հաճախ ունեն հենց այս պահանջմունքի ոչ բավարարված լինելը, որն էլ տեղափոխվում է ինտիմ կյանք և դառնում սեռական կեղծիքի հիմք։ Ուրեմն ի՞նչ է պետք կեղծիքից խուսափելու համար, եթե ոչ զույգի ներսում իշխանության պայքարից հրաժարումը, վերահսկողության անդադար մոլուցքից ձերբազատումը՝ միմյանց անվերապահորեն վստահելու և փոխհամագործակցության հաստատուն կամքի հաստատմամբ։ Մի՞թե սա չէ խորքային մտերմության գաղափարը, ապահովության զգացումի և անձնային աճի անխոչընդոտ ընթացքի երաշխիքը։

Չտրվելով հեշտանքի ֆետիշացման վտանգավոր միտմանը, նշեմ, որ կնոջ հեշտանքն այնուամենայնիվ կարևոր սեքսուալ դրսևորում է, որից բարձրանում է նրա սեռական կյանքի և կյանքի որակը՝ ընդհանուր առմամբ։ Օրգազմի բացակայությունը մեծ մաս դեպքերում համարվում է սեքսոլոգիական խանգարում, որից իջնում է ինքնագնահատականը, սեփական լիարժեքության զգացումը։ Կինը հաճախ իրեն մեղավոր է համարում օրգազմ չապրելու խնդրում, սակայն դա այդպես չէ։ Կան բազմաթիվ պատճառներ, որոնք պայմանավորում են այս խնդրի առաջացումը։ Կեղծված օրգազմը /իմիտացիան/ կնոջ, ինչպես նաև տղամարդու մոտ սեռական անլիարժեքության առաջացման լուրջ պատճառ է և կարող է բերել զույգի հարաբերությունների ապակայունացման և լարվածության: Պրոֆեսիոնալ բժիշկ-սեքսոլոգի աջակցությամբ կարելի է այս խնդրին մեկընդմիշտ լուծում տալ։

Փակել

Էրոտիզմի փիլիսոփայությունը կամ սեռական մտերմություն

Թերևս անհերքելի է, որ սեքսուալության դրսևորումը մարդու կյանքում նրա ներքին կենսաբանական պահանջի/բնազդի անմիջական ելքը չէ դեպի արտաքին աշխարհ:
Պատանեկության շրջանում արթնացած սեքսուալությունը տարերային-բնազդային բնույթից մինչև բանականորեն սահմանված և մշակված սեռական վարք դառնալն ու մարդու կյանքում ինտեգրվելը երկար ճանապարհ է անցնում, որտեղ սեռահասունացման ընթացքի վրա համարժեք իրավասությամբ գործում և ներազդում են երեք խումբ գործոններ՝ մարմնականը, հուզականը և իմացականը: Սեռականության ոլորտում ճանաչողության գործառույթի ներառումը մարմնասեռական հասունացմանը համընթաց տեմպով և հուզական տրամադրության ենթակայությունը այդ գործառույթին պահանջում է որոշակի տարիք և ինքնագիտակցության համապատասխան մակարդակ, այլ կերպ ասած՝ սեռական հասունացմանը բնորոշ ֆիզիոլոգիական փոփոխությունները և ներքին անծանոթ հոգեվիճակները անձնավորության ներդաշնակ զարգացման մեջ ինտեգրվելու համար բանական իմաստավորման են ենթարկվում և հետո նոր միայն դրսևորվում։

Ըստ էության մարդու սեռականության կայացման միտումը կենսաբանորեն ժառանգված բնազդային մղումներն ու զգացողությունները բանականորեն սահմանված հիմքերի կանգնեցնելն է, այլ կերպ ասած՝ մշակութային փոփոխության ենթարկելը, որ իր կատարյալ գեղեցկությամբ դրսևորվում է ամուսնական անկողնու խորհրդով, ամուսինների միմյանց նկատմամբ փոխնվիրումով և սեռական հավատարմության պահպանմամբ: Չունենալով որևիցէ էական նշանակություն սեռական ակտի խորքային կենսաբանական բնույթի համար, որն ինքն-իրենով հորմոն կախյալ դրսևորում է, այդ մշակութային «արհեստական ձևերը», այնուհանդերձ, որպես չափանիշ են ծառայում սեռական ակտի որակական տարբերման համար՝ մեկը որպես անասնական «կցորդում», մյուսը՝ որպես մարդկային կողակցում:

Կարդալ ավելին

Իշխող սոցիալ-մշակութային մտակեցվածքը ներկայացնում է որոշակի սեռական նորմեր և տաբուներ, մարդուն հարիր սեռական վարքի սոցիալական սպասումներ, որոնք աներկբաորեն մակաբերում են իրենց համարժեք սեռական վարք: Դժվար չէ նկատել, սակայն, որ մարդկային գիտակցության նատուրալիստական ուղղվածությունը, որն ընկալում է սեռական բնազդն իբրև սեռական վարքի հիմքում ընկած սուբստրատ, իսկ սոցիալական միջավայրը՝ այդ բնազդին սոցիալապես ընդունելի ձև և կառուցվածքայնություն հաղորդող կողմ, ստեղծում է սեռական կյանքի մասին հասկացողություն, որը ոչ թե արտացոլում է իրականությունը, այլ այդ իրականության մասին մեր ունեցած պատկերացումն է:

Այս տիպի մտածողության արտացոլումներից է նաև այն հանգամանքը, որ վերջին տասնյամակում գնալով ավելի նշանակալի է դառնում տարանջատումը մի կողմից սեռագիտության բնագավառի դասական հետազոտողների և մյուս կողմից՝ սոցիալական կոնստրուկցիոնիստների միջև: Սեռականության դասական հետազոտողները իրականությունը տեսնում և պատկերում են ելնելով մարդու սեքսուալության կենսաբանական հիմքից, մինչդեռ սոցիալ կոնստրուկցիոնիստները ունեն այն համոզումը, որ մարդու սեքսուալությունը սոցիալական կառույց է, որը կանխորոշվում և փոփոխվում է պատմամշակութային ենթատեքստի ներքո:

Սակայն մարդու սեռականությունն ուսումնասիրող այս երկու ուղղություններն էլ փորձում են սուբյեկտազերծել իրենց ուսումնասիրության առարկան, իսկ մարդու սեքսուալության առանձնահատկությունը հենց այն է, որ այն իր մեջ մարդու, սուբյեկտի դրոշմն է կրում որպես էական բաղադրիչ և դրանից ձերբազատվել նշանակում է գործ ունենալ սեռականության դիահերձման և անատոմիական պատրաստուկների հետ:

Մտածողության այլ ուղղվածություն է իբրև ելակետ՝ ոչ թե առարկայական գիտելիքի, այլ մարդու վերաբերմունքի, նրա ազատ գործունեության ընդունումը, որով մարդն ի վիճակի է լինում ապրելու սեռականության այլակեցությունը մարդկային սուբյեկտիվության տեսքով՝ որպես մարդկային գոյի մի դրսևորում: Այսպես կառուցված մտածողությունը ոչ թե առարկայական գիտելիք է ստեղծում մարդու սեռականության մասին, որ կարելի լիներ շահարկել նրա կառավարման-կանոնակարգման նպատակով, այլ ազատ է թողնում մարդուն, ներքուստ մտային կազմավորման ենթարկելու իր սեքսուալությունը, այսինքն ոչ թե սեռական մշակույթ է ստեղծում մարդու համար, այլ մարդ՝ իր սեռականությունն ապրելու համար:

Սեռականությունն իբրև մարդու անձնային սուբյեկտիվության անքակտելի բաղադրիչ չի կարող համարվել իրական, այլ միայն բանականորեն ինքնասահմանված սեռականությունն է, որ իրավացիորեն մարդկային լինելու արժանիքն է կրում: Բարոյական է ոչ թե բնականը, այլ բանականը: Հետևաբար ժամանակակից գիտության կողմից սեռականության հետազոտումը ուսումնասիրում է մի բան, ինչը անհատական զարգացման ընթացքում ձեռք բերված, սովորույթային բնույթ կրող ինքնադրսևորում է և չի կարող արտացոլել մարդու՝ իբրև ինքնություն ունեցող էակի հատկանիշ:

Մարդու համար գոյություն ունենալ՝ նշանակում է միտվել իր իդեալին կամ ինչպես Հեգելն է ասում՝ իր կեցության մեջ լինել իր հասկացությունը: Մարդու ինքնահաղթահարումը և դեպի իր կատարելատիպը մշտապես վերընթանալու պահանջմունքը, մարդու ամենախորքային պահանջմունքներից է: Սեռային պատկանելիության ինքնիրացումը հնարավոր է միայն մարդու ինքնության էպիկենտրոնի գիտակցման շնորհիվ: Այլ կերպ ասած ինքնաբեր գոյության կամ սուբյեկտային տրվածության կարգավիճակից սեռականությունը անցում պետք է կատարի ազատ-բանականորեն ընտրված, հասցեատեր ունենալու կարգավիճակի: Այս ընթացքում սեռականությունը էական ձևափոխություն է կրում մարդու արարչական իմաստավորմամբ և հայտնվում է իսկական էրոտիզմը։

Հեղինակն իբրև սեռականության ոլորտում պրակտիկ գործառող բժիշկ և հետազոտող՝ անկասելիորեն հետևում է մտային այն ավանդույթին, որի մասին խոսել են նաև Սոկրատեսը և Պլատոնը, համաձայն որի մարդկային գոյը տարբերակվում է մարմնականի, հոգեկանի և ոգեկանի: Մարմնականը և հոգեկանը կազմում են նրա անհատական սուբյեկտիվությունը, իսկ մարդկային գոյի բարձրագույն գաղափարը կրող ոլորտը ոգեկանն է: Վերջինս, կարելի է ասել, ոչ թե անհատական, այլ տրանսցենդենտալ սուբյեկտիվություն է, տրանսցենդենտալ եսը: Չգիտակցված, զգայականի հետ միաձույլ գոյը ի վիճակի չէ ապրելու իր սեռային պատկանելիությունը: Միայն ինքնագիտակցության գործընթացը, ռեֆլեքսիվությունը մարդկային հոգեկանի և մասնավորապես՝ սեռականի ինքնաըմբռնման մեջ՝ նատուրալիստական բնույթից վերացարկող-դատողական ձգտումով գնում է առաջընթաց, դեպի մարդ տեսակի իրական ինքնիրագործում և մասնավորապես՝ իրական սեռային ինքնություն և ինքնիրացում: Սոկրատեսի այն միտքը, թե-«պետք է սիրել միայն տգեղ կանանց» ասվածի փայլուն արտացոլումն է և հարկ է հասկանալ հենց այս ընկալմամբ՝ միայն հասուն ոգեղենության պարագայում հնարավոր է իրական սեռային մոտիկություն կամ մաքուր էրոտիզմ:

Փակել

Կնոջ սեռական ցանկություն

Շատ կանանց համար սեռական ցանկությունը և սեռական գրգռումը միահյուսված են, այսինքն կինը սեռական ցանկություն է ապրում այն դեպքերում, երբ ունենում է ներքին էրոտիկ գրգռման զգացողություն, որն անպայման չէ, որ ուղեկցվի հեշտոցի խոնավությամբ: Ի տարբերություն տղամարդկանց, կանանց սեռական ցանկության «օբյեկտը» խիստ տարբեր կարող է լինել: ՈՒստի երբ կինը գանգատվում է սեռական ցանկության պակասից, հարց է առաջանում, թե հատկապես ինչի պակաս է նա ապրում:

Գիտական փաստերը վկայում են, որ կնոջ սեռական ցանկությունն է «ցանկալի լինելը», համենայն դեպս այդպես է շատ կանանց համար: Այս տիպի կնոջ համար սեռական մերձեցման ներքին խթան է հանդիսանում ցանկալի տղամարդու համար ցանկալի լինելու մղումը: Այլ կանանց համար սեռական ցանկությունը սեռական հաճույք զգալու պահանջն է, ինչպես տղմարդկանց մոտ է: Չի բացառվում, իհարկե, որ այս երկուսը միասին հանդես գան միևնույն կնոջ մոտ:

Կնոջ սեռական ցանկությունը կարող է ի հայտ գալ ինքնաբուխ` այսինքն ներսից` անկախ այն բանից, թե որն է ցանկության մոտիվացիան` ցանկալի լինելը, թե՞ հաճույք զգալը: Այլ կանանց սեռական ցանկությունը արտաքին գրգիռներին տրված արձագանք է, այն առաջնում է ի պատասխան տղամարդու սեռային նախաձեռնության և խթանող գրգիռների: Հնարավոր է նաև միևնույն կնոջ մոտ պարբերաբար դրսևորվի սեռական ցանկության առաջացման թե մեկ, թե մյուս աղբյուրը:

Այսպիսով կնոջ սեռական ցանկությունը միատարր չէ, սեռական ցանկության խանգարումներն էլ բազմապիսի են և բազմաբնույթ:

Անպատասխան սեռական գրգռվածություն

Հաճախ են բժիշկ-սեքսոլոգին հարցնում, թե արդյոք վնասակար չէ՞ սեռական կյանքի բացակայությունը կնոջ կյանքում: Նմանատիպ հարցեր ուղղում են հատկապես այն կանայք, ովքեր գտնվում են հասուն տարիքում և դեռ ամուսնացած չեն: Ինչո՞ւ են ծագում այսպիսի հսրցեր, մի՞թե այդ կանայք տանջվում են սեռական ցանկությունից, թե ուղղակի արգելված պտուղը քաղցր է թվում, որովհետև հասարակական անգիտակցականում նախաամուսնական սեռական հարաբերությունը համարվում է միայն տղամարդկանց տրված արտոնություն…

Իսկապես, եթե չամուսնացած, սեռահասուն տարիքի կինը վերապրում է սեռական մերձեցման ուժգին պահանջ ու չի բավարարում այն, ապա վնասակա՞ր է արդյոք այդ պահանջի հետ մղումն ու սեքսուալ գրգռվածության դեմ պայքարը: Այս հարցին պատասխանելու համար հարկ է որոշակի պատկերացում ունենալ կնոջ սեքսուալության ֆիզիոլոգիայի վերաբերյալ: Սեքսուալ առողջ կնոջը բնորոշ է սեռական գրգռմանն ի պատասխան մարմնապես արձագանքելը: Այդ արձագանքը դրսևորվում է սեռական օրգանների արյունալեցմամբ, որի հիմնական արտաքին նշանը հեշտոցի խոնավացումն է: Գոյություն ունի նաև սեքսուալ գրգռման ներքին սուբյեկտիվ վերապրում, որը նորմայում զուգուրդվում է մարմնական պատասխանի հետ: Սակայն սեռական գրգռման վերապրումը դեռևս չի նշանակում, որ կինը պատրաստակամ է սեռական հարաբերություն ունենալ: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի կինը սեռական մերձեցման օգտին խոսող հիմնավոր մոտիվացիա ունենա: Եթե կողմ և դեմ մոտիվացիաների համադրումը խոսում է ի օգուտ առաջինի, սեռական մերձեցումը կայանում է:

Կարդալ ավելին

Այժմ պատկերացնենք, որ ի պատասխան սեքսուալ գրգիռի, կնոջ մոտ ի հայտ է եկել սեռական գրգռվածության ներքին վերապրում, սակայն սեռական հարաբերության օգտին խոսող «կողմերը» ծանրակշիռ չեն: Ի՞նչ է անում կինը: Դե իհարկե, բռնանում է սեփական մարմնի վրա, դիմադրելով սեռական գրգռման բնականոն և միանգամայն առողջ դրսևորմանը: Իսկ ո՞րն է հետևանքը: Եթե այդպիսի “բռնությունը” հաճախակի և պարբերաբար կրկնվող իրողություն է, հետևանքը` նյարդային մեխանիզմներով սեռական գրգռման առողջ ռեֆլեքսի ապաարգելակումն է: Աստիճանաբար սեքսուալ գրգիռները դառնում են անտարբեր, կինը հանգիստ կարող է պահպանել լիակատար սեռական սառնություն անգամ ամենաիմաստուն սեռական գրգռման պարագայում: Այսպիսի ելքը կարող է դրամատիկ դեր խաղալ ապագայում, երբ պարզվում է, որ սիրելի ամուսնու հետ ցավոք, ոչինչ չի ստացվում:

Ուրեմն` ի՞նչ: Ինչպե՞ս վարվել խելամտորեն, որպեսզի կոնֆլիկտ չունենալ բազմամյա ավանդության հետ և պահպանել առողջ սեքսուալությունը: Պատասխանը շատ պարզ է` պատասխանատու լինել սեփական մարմնի նկատմամբ: Իսկ դա նշանակում է ճանաչել մարմինը և հաշվի նստել մարմնական դրսևորումների հետ, նախքան սեռական բնույթի որևէ գործողություն ձեռնարկելը` կշռադատել ու գիտակցել մարմնի վրա սեռական վարքի բոլոր հնարավոր հետևանքերը:

Փակել

© 2017 | ՆարինԷ Ներսիսյան | Բոլոր իրավունքները պաշտպանված են |

Besucherzahler
счетчик посещений