ՆԱՐԻՆԷ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Երկու հատվող բուրգերից ծնվում է Նորը

Category: Տղամարդ և կին

Ինքնավաճառք կամ պոռնկության լայն պատկերը

Պոռնիկ բառը սովորաբար ասոցացվում է մարմնավաճառության հետ, պոռնիկ է համարվում նա, ով սեռական բնույթի ծառայություններ է մատուցում որոշակի գումարի դիմաց, այլ կերպ ասած՝ վաճառում է իր մարմինը։ Բայց պետք է իմանալ, որ վաճառել կարելի է ոչ միայն մարմինը, այլ նաև այդ մարմնում բնակվողին կամ նրա մասերից որևէ մի բան։

Այս գրառման մեջ պոռնիկ բառի տակ ես նկատի չունեմ փողի դիմաց մարմինը վաճառող մեկին, այլ հասկանում եմ լրիվ ուրիշ բովանդակություն։ Խոսքը գնում է ավելի շուտ արքետիպի մասին, մեր ներսում ապրող միտման, կաղապարի, ունիվերսալ սիմվոլի, որը ժառանգվում է սերնդեսերունդ՝ իբրև վարքային մոդել և ազդում կյանքի ընթացքի վրա՝ թողնելով տարբեր հետևանքներ։

Բոլոր մարդիկ իրենց ներսում ունեն Պոռնիկի արքետիպը՝ թե կանայք, թե տղամարդիկ՝ արտահայտման տարբեր աստիճաններով։ Պոռնիկի արքետիպը մեր կյանքում արտահայատվում է, երբ պատկերավոր ասած՝ մենք վաճառում ենք մեր որևէ մասը ինչ-որ օգուտի դիմաց, երբ գործում ենք «քյարից» դրդված:

Կարդալ ավելին

Պոռնիկի արքետիպը սնվում է այն վախերով, որոնք կապված են գոյության պահպանման և ապոհովության պահանջի հետ։ Իզուր չէ, որ այս արքետիպով առաջնորդվողները մարդիկ են, ովքեր ունեցել են դժվար մանկություն՝ ֆիզիկական և հուզական կյանքի վայրիվերումներով, գոյության պահպանության սպառնալիքներով։ Այսպիսի մանկությունը, ինչպես հայտնի է, մարդու մոտ ձևավորում է խորքային պատկերացումներ ու համոզմունքներ այն մասին, որ այս աշխարհն ապահով տեղ չէ, իսկ կյանքն անհուսալի է։ Պոռնիկի արքետիպը ծաղկում և հզորանում է, երբ մարդը սկսում է վախենալ ապագայի համար, մտածելով, որ չի կարող ապրուստի բավարար միջոցներ վաստակել։ Ու ահա, որպեսզի իրեն ազատի անապահովության կեղեքող զգացումից ու պաշտպանված զգա, հուսահատության ամենավերջին պահերին նա տեղ է տալիս հետևյալ մտքին՝ ի վերջո կզոհեմ այն արժեքները, եթե այլ ելք չունենամ։

Ահա թե ինչն է վաճառքի հանվում այդ րոպեներին մեր ներսում՝

  • Նվիրական երազանքը՝ հանուն բարեկեցիկ կյանքի։
  • Սեփական արժեքներն ու սկզբունքները՝ հանուն հանրային հավանության,
  • Կամքը՝ հանուն փողի չսիրած գործն անելով։
  • Ինքնատիպությունը՝ հանուն հանրային ճանաչման և հայտնի դառնալու։
  • Կյանքը՝ հանուն հուզական/սոցիալական/ֆինանսական ապահովության, երբ պետք է հանդուրժել թունավոր կամ չարաշահող հարաբերությունները, որոնցում գտնվում եմ։
  • Անկեղծությունը՝ հանուն այն մարդկանց սիրաշահելու, ումից ապագայում ակնկալիքներ կան։
  • Ճշմարտախոսությունը՝ հանուն անձնական շահերի պաշտպանության։
  • Ինտելեկտը, զգացմունքները, սիրտը, հոգին, ընկերությունը, ստեղծագործականությունը՝ հանուն անձնական ապահովության։

Ինչպես տեսնում եք պոռնիկը մեր ներսում շատ կերպերով է հանդես գալիս։ Եթե փորձենք դուրս բերել պոռնկության բանաձևը, ապա այն կունենա այսպիսի տեսք՝ ես քեզ կտամ այն ամենը, ինչ ուզում ես, անգամ իմ հավատը, ինքնահարգանքը, ինքնաբավությունս, այնքան ժամանակ, քանի դեռ ինձ հետ կվերադարձնես իմ ուզածը՝ ֆինանսական կամ անձնական օգուտի տեսքով։ Այսպիսով Պոռնիկի արքետիպը զոհասեղանին կարող է դնել շատ բաներ, միայն թե ի վերջո ձեռք բերի ապահովության և անվտանգության բաղձալի զգացումը։ Նա չունի սրբություն, վաճառքի ենթակա է ամեն բան, ամեն բան անխտիր։ Ամեն ինչ իր գինն ունի և կարող է վաճառվել, գրավի տակ դրվել։

Սակայն, ինչքան էլ առաջին հայացքից Պոռնիկի արքետիպը բացասական կարող է թվալ, այնուհանդերձ, այն միանգամայն չեզոք ուժ է և խնդիր է դառնում միայն այն դեպքերում, երբ չենք գիտակցում դրա ակտիվ մասնակցությունը մեր կյանքում։ Ներքին պոռնիկն անգամ դրական դեր կարող է խաղալ, երբ ահազանգում է, որ պատրաստվում ենք ծախել մեզ կամ մեր ինչ-որ մի մասը՝ հանուն ինչ-որ նեղ անձնական շահի, այս իմաստով Պոռնիկի արքետիպը հավատքի յուրօրինակ դռնապանի դեր է կատարում, քանի որ նրա կողմից հնչեցրած ահազանգը նշանակում է, որ թերանում ենք հավատքի մեջ։

Պոռնկի արքետիպից պիտի սովորենք մի կարևոր դաս՝ վստահության դասը։ Վստահել նշանակում է հավատալ, որ մենք ունենք բարօրություն և հարստություն ապրելու ներքին կարողություն ու անսպառ զորություն։ Երբ կասկածում ենք մեր այդ կարողությանը ու սկսում փնտրել վստահության արտաքին երաշխիքներ ու աղբյուրներ, խարխլում և ոտնահարում ենք մեր այդ ներքին կարողությունը, ու որպես հետևանք հաջորդում է ներքին Պոռնիկի կոմպուլսիվ վարքը։

Պոռնիկին չեզոքացնելու միակ ճանապարհը ինքներս մեզ վստահություն շնորհելն է։ Որպես ինքնա-վստահության գրավական, պետք է ընդունենք, որ իրականում մենք կանք ավելին, քան մեզ թվում է, քանի որ մեր մասին ունեցած մեր պատկերացումների հիմքում ընկած են մեր անձի հնարավորությունները, որոնք միշտ սահմանափակ են։ Մենք ավելին ենք, քան մեր պաշտոնը, ձեռք բերած տիտղոսները, աշխատանքը, մարմինը, մտքերը, զգացմունքերը։ Սակայն շատ դժվար է, գրեթե անհնար, հավատալ նրան, որ մենք իրականում նա չենք, ով գիտենք, որ Ենք։ Շատ վաղ մանկությունից մեզ սովորեցրել են հավատալ, որ ես նա եմ, ով կամ առերևույթ, բայց չի կարող երբեք անցողիկը բերել բարեկեցություն և անվտանգության զգացում, եթե անձը փոփոխական ու հեղհեղուկ կառույց է, եթե մարմինը ծերանում է, աշխատանքը ժամանակավոր է, եթե մտքերը անվերահսկելի են, ինչպե՞ս ուրեմն կարող են դրանք ոգեշնչել մեր հավատը։

Որպեսզի ներքին Պոռնիկից դասեր քաղենք, նախ պետք է վերահաստատենք կապը մեր այն հատվածի հետ, որը երբեք չի փոփոխվում, ու այդ հատվածը Գիտակցությունն է՝ անսահման, համատարած, իմաստուն և սիրող տիեզերական գիտակցությունը կամ Աստված, ումից սկսում է ամեն ինչ, ում դիմում ենք հուսահատության վերջին պահերին։

Ու պետք է հիշել, որ Պոռնիկի արքետիպը մեր անձի մի մասն է միայն, ուրեմն ոչ թե ձուլվենք և նույնանանք, այլ օբյեկտիվորեն դիտարկենք այն։ Պոռնիկը մեր թշնամին չէ, ոչ էլ պետք է ամաչենք նրանից, այն նորմալ պաշտպանական մեխանիզմ է, որն առկա է բոլորիս ներսում տարբեր աստիճանի դրսևորմամբ, պետք է չէ բուժել այն, կամ այնպես անել, որ անհետանա, պարզապես պետք է գիտակցել դրա գոյությունը, և ընդունել նրան, ինչպիսին որ կա, սակայն առանց թույլատրելու, որ նա մեր փոխարեն որոշումներ կայացնի ու թելադրի, թե ինչ ենք անելու, առանց որևէ փոխզիջման գնալու։

Պոռնիկի արքետիպից դասեր քաղելու համար ամուր պետք է կանգնած մնալ այն հավատքի վրա, որ Գիտակցությունը կամ Աստված, ինչպես կուզեք անվանեք այն, միշտ ու հավիտյան մեր հետ է, որպեսզի օգնի մեզ, որովհետև այն իմ ներսում է, որովհետև Այն Ես եմ։

Մեկնաբանությունները ողջունելի են։

Օգտագործված գրականություն՝

  1. Caroline Myss, Sacred Contracts, 2003
  2. C.G.Jung, The Archetypes and the Collective Unconscious, 1981

Փակել


Ձեզ կարող է հետաքրքրել նաև…


 

Ինքնասիրահարվածը

Ամուսնական հարաբերություններում զույգային աններդաշնակության պատճառներից մեկը զուգընկերներից մեկի ներքին համոզումն է, իբր թե ինքն առանձնահատուկ է: Այս համոզումը շատ խորը արմատներ կարող է ունենալ, որոնք երբեմն ձգվում են մինչև վաղ մանկություն: Երբ երեխային ուժերից վեր կյանքի փորձառություն է պատահում, ինքնապաշտպանական դրդապատճառով երեխան կարող է թաքնվել առանձնահատուկ լինելու պատյանի մեջ: Պետք է նշել, որ առանձնահատուկ լինելու համոզումը շատ հաճախ գալիս է բարդույթներից, իսկ ցանկացած բարդույթ խոսում է այն մասին, որ տվյալ անձնավորությունն իրեն լիարժեք չի զգում և թաքցնում է մի թերություն, որից գտնվում է կախվածության մեջ: Տվյալ թերությունը անպայաման չէ որ արատ լինի օբյեկտիվ առումով, այլ շատ հաճախ թերություն է դիտարկվում անձնավորության սուբյեկտիվ ընկալման պատճառով: Օրինակ՝ իրեն գեր համարող ու այդ մտքից տանջվող կինը օբյեկտիվորեն կարող է գեր չլինել:

Առանձնահատուկ լինելու մտքից մարդը ներթաքույց հաճույք է ստանում, ու սա այն թակարդն է, որի պատճառով նա, ինչքան էլ պարադոքսալ հնչի, չի ցանկանում ազատվել իր բարդույթից, քանի որ այդ դեպքում կկորցնի իր առանձնահատուկ լինելու հնարավորությունը ու կդառնա մյուսների պես սովորական, որից նա սարսափում է: Առանձնահատուկ լինելու համոզումը, որի հիմքում ընկած է բարդույթը, այլ ոչ թե իրական անհատական առանձնահատկությունները՝ արիությունը, աշխատասիրությունը, ազնվությունը, շնորհալիությունը և այլն, կարող է բերել ահռելի մեծ ողբերգությունների:

Առանձնահատուկ լինելու անմիջական հետևանքը մեծամտությունն է՝ ուրիշներից ավելի բարձր լինելու, ուրիշներից ավելի շատ բան իմանալու, ի տարբերություն այլոց՝ ավելի հասուն կամ անձնային աճ ապրած և հոգևոր արթուն լինելու համոզմունքները: Ահա թե ինչու, այս մարդիկ ձգտում են «օգնել» ուրիշին, ամեն քայլափոխի խորհուրդ տալ, դասեր տալ, արհեստական հնարներով արթնացնել իբր քնած զուգընկերոջը, փրկել նրան:

Փրկչի դեր ստանձնած զուգընկերն ուրիշին փրկելու, մեղքերից ազատելու պատասխանատվություն է վերցնում՝ հիմնված այն համոզման վրա, որ զուգընկերն անկարող է իրեն ազատել իր կեղտերից, որոնց մեջ թաթախվել է իր չիմացության և պարզամտության պատճառով:

Խորհուրդ տալու միտումը ամենևին էլ վատ բան չէ, քանի դեռ չի հատում ուրիշի անձնական սահմանները: Սակայն ուրիշներից բարձր լինելու, ավելի շատ բան իմանալու թյուր համոզման պատճառով փրկչի առաքելություն ստանձնած մարդիկ, սկսում են այլոց նայել վերևից, իբր իրենք անմեղ են, իսկ մյուսները՝ մեղավոր, սկսում են մեղադրանքներ հնչեցնել, ապացույցներ բերել այդ մեղադրանքներին: Սա կարող է սնուցել հետապնդման և զուգընկերոջը վերահսկելու հակումները ու փրկչի դերը ստանձնած զուգընկերոջը դարձնել ամենաանցանկալի մարդն աշխարհում:

Կարդալ ավելին

Ուրիշներին օգնելու և փրկելու միտումը հաճախ ի հայտ է գալիս այն դեպքում, երբ մարդը չի գիտակցում, որ հենց ինքը օգնության կարիք ունի: Փոխանակ ընդունելու, որ այդ ինքն է, որ կարիք ունի օգնության և «մեղքերի թողության», այս մարդիկ կպչուն կախվածություն ունեն կողակցին մաքրելու մոլուցքից, սա փախուստ է սեփական անձից, որը պայմանավորված է սեփական անձի մութ կողմերին հանդիպելու վախով:

Իրենց առանձնահատուկ համարող մարդկանց թվում է, թե իրենց առաքելությունն է ուղղել մյուսներին: Այս մարդիկ հաճախ օգնության ձեռք մեկնող մասնագիտություններ ունեցողների շարքից են, և մտածում են, որ իրենց տիեզերական առաքելությունը մոլորակը փրկելն է: Սա ելնում է այն պատկերացումներից, թե աշխարհում ինչ-որ բան այն չէ, իրականությունը սխալմունք է, չհաջողված փորձ, իսկ մարդիկ՝ թերի ու արատավոր, նրանց անհրաժեշտ է ուղղել, դաստիարակել, դարձի բերել շեղված ճանապարհից, փրկել կործանումից: Այսպես մտածելով նա իրեն համարում է ավելի առանձնահատուկ և ընդգծում սեփական կարևորությունը ու մի վայրկյան անգամ չի գիտակցում, որ այդ նա է կործանվածը ու փրկության արժանանալու առաջին թեկնածուն:

Փակել

Իմ կեսը

Ինչպիսի՞ օբյեկտիվ ազդանշաններ կարող են լինել, որ ինչ-որ մեկին հանդիպելիս հասկանամ ու վստահ լինեմ, որ հենց նա է այն արժանի մեկը, ում հետ երջանիկ կլինեմ և երկուստեք կնպաստենք միմյանց թռիչքին, այլ ո’չ երբեք` վայրէջքին։

Ուզում եմ հենց սկսզբից հատուկ ընդգծել «երբ հանդիպելիս»-ճշմարիտ մոտեցումը: Շատ մարդիկ անդադար փնտրում, որոնում են նրան, ով իրենց լիարժեք երջանկություն կբերի: Սակայն դրսում՝ ինչ-որ մի տեղ նրան հանդիպելու հույսը, որպես կանոն, բերում է հուսահատության, որովհետև խնդիրը ոչ թե տեղի, այլ ժամանակի մեջ է: Ուրեմն՝ նրանք, ովքեր այս պահին ինչ-որ վայրում, կարևոր չէ որտեղ՝ ֆբ-ում, սրճարանում, գրադարանում, փաբում…, փնտրում և հույս են տածում, որ ահա վերջապես կհանդիպեն իրենց կեսին, խորհուրդ եմ տալիս անմիջապես դադարեցնել որոնումները: Եթե դեռ չեք հանդիպել նրան, ուրեմն՝ ժամանակը չէ, այլ ոչ թե սխալ տեղում եք փնտրում: Կասկածից վեր է ձեր երկրորդ կեսի գոյությունը՝ նա անշուշտ կա, պարզապես այն տեղում է, որտեղ այս պահին պետք է լինի: Ու կգա այն ժամանակը, երբ կհանդիպեք:

Սա չի նշանակում նստել թախտին, սպասել բախտին: Երբ ասում եմ, որ դեռ ժամանակը չէ, նկատի ունեմ ներքին պատրաստվածությունը՝ պատրա՞ստ եմ ներս ընդունել այն մեկին, ում այդքան սպասում եմ, տեղ կա՞ ներսումս: Տեղ ասելով՝ նկատի ունեմ այն ներքին տարածքը, որն իր բնույթով բևեռայի հակադարձություն է: Նա, ում սպասում եմ, արդեն իմ մեջ է իր հակադարձությամբ, ու դրա շնորհիվ իմ ներսը ձգում է նրան, որ պիտի գա դրսից, որպեսզի ես ու նա մեկ դառնանք:

Կարդալ ավելին

Մեր միակին հանդիպելու բերկրանքը մեծ պարգև է, ու բոլոր մարդիկ կարող են արժանանալ այդ պարգևին: Սակայն, ցավոք սրտի, ոչ բոլորն են պատրաստ ընդունել այդ պարգևը կամ որ ավելի ցավալի է՝ չեն գիտակցում, որ արդեն ունեն: Ժամանակակից մարդու կյանքն այնքան լեցուն է սթրեսներով, այնքան շատ են ցածր ինքնագնահատականի տանող ինքնանվաստացնող պատկերացումները, որ հաճախ մարդիկ չեն նկատում, որ նա, ում փնտրում են, իրենց կողքին է: Հետևաբար պետք է ցրել չիմացության խավարը, որպեսզի չլինի այնպես, որ երբ նա հայտնվի ձեր կողքին, հանկարծ իրար չտեսնենք։ Իմ փորձառությամբ՝ հանդիպման ժամանակն այն պահն է, երբ սկսում ես տեսնել կողքինիդ, երբ նա, ում համար պատրաստ ես, նույնպես պատրաստ է, ու կարոտի ուժով սկսում եք ձգել իրար։

«Այն մեկը, ով իմն է»՝ մարդիկ են, ում հետ բոլոր մակարդակներում՝ մտային, հուզական, հոգևոր և մարմնական, կապված ես միևնույն հաճախականության ալիքներով: Այդ կապվածությունը անդրանցում է տարածությունը և ժամանակը ու չի ենթարկվում Երկիր մոլորակի վրա գործող ֆիզիկայի օրենքներին ու կանոններին: Այսպիսի կապվածություն ունեցող մարդիկ հարաբերության մեջ խորը ներդաշնակություն են ապրում: Ո՞վ է այդ մեկը և արդյո՞ք նա միակն է: Իրականում նա միակն է իմ համար, բայց նա մեկը չէ, նրանք հոգնակի են: Որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ եմ ասում, պատկերացրեք, որ հոգնակին խիտ նյութ է, և նա՝ ով ինձ հանդիպում է, այդ նյութից դուրս եկած-մարմնավորված առանձին մեկն է, իրեն բնորոշ ֆիզիկական առանձնահատկություններով՝ դեմքի որոշակի գծեր, հասակ, մաշկի գույն…, հոգեբանական առանձնահատկություններ՝ բնավորություն, խառնվածք, նախասիրություններ, ճաշակ… Սակայն նյութը, որից կազմված է իմ միակը, կիսում են շատերը՝ մի խումբ մարդիկ: Խմբին պատկանող յուրաքանչյուր էակ այդ նյութից է: Նյութն ընդհանուր է և մեկն է, իսկ նյութը մարմնավորողները շատ են, և գերագույն վայելք է, երբ առնվազն երկուսը հանդիպում են:

Մենք տարբեր ֆիզիկական մարմիններ ունենք, տարբեր հոգեբանական մակերեսներ ենք կրում, որով հարուստ ենք ու հպարտ, բայց խորքում մեկս մյուսն ենք: Միևնույն Նյութից պոկված երկու առանձին մարդ անպայմանորեն սիրեցյալներ չեն, նրանք կարող են լինել հրաշալի բարեկամներ, անփոխարինելի գործընկերներ, նվիրյալ ընկերներ, նրանք կարող են լինել նույն կամ տարբեր սեռի և անգամ անսեռ: Ու եթե արտաքնապես այդ միությունները տարբեր գործառույթներ են իրականացնում՝ հետապնդելով տարբեր նպատակներ, ներքուստ նրանք բոլորն էլ մեկն են։

Նա, ով իմ արժանի կեսն է, իմ կյանքում կատարում է մի զարմնահրաշ դեր՝ նա հաղթահարում է փոփոխման հանդեպ իմ դրսևորած դիմադրությունը և երբ նա գնում է, ես այլևս առաջվանը չեմ, նա ինձ թողնում է հարստացած, վերածնված, առողջացած, ամբողջացած: Նա՝ այդ միակը, անհնարին է դարձնում իմ լճացումը, ճահճացումը, նա հաղթում է մահացածը, Նա իմ ուսուցիչն է, իմ մթության լույսն է, իմ լուսնի արևն է: Նա արտացոլում է իմ ներքին թաքույց ցանկությունները, վախերը, կարիքները, ինչպես նաև իմ խորքային գեղեցկությունը և հզոր կողմերը: Սրա շնորհիվ նա օգնում է ինձ աճել և հասունանալ՝ հուզական, հոգեբանական և հոգևոր առումներով: Ձևափոխությունը, որ նրա շնորհիվ տեղի է ունենում իմ ներսում, կարող է ընթանալ մի քանի ժամվա մեջ կամ ձգվել տասնյակ տարիներ, երբեմն մի ամբողջ կյանք, բայց ամեն դեպքում Միակը նա է, ով ձգում է ինձ միայն դեպի վեր, հասցնելով դեպի իմ կատարյալ ես-ի հիմքը: Եթե պատկերացնենք, որ մարդը գագաթներով իրար կպած երկու անջատ բուրգ է, ապա իմ կեսի հետ հանդիպումը նշանավորվում է նրանով, որ այդ հանդիպումից հետո բուրգերից ստորինը իր գագաթով սկսում է վեր ընթանալ մինչև հասնի վերին բուրգի հիմքին։ Այսպիսով, իմ կեսը նա է, ում շնորհիվ բուրգերը հատվում են և ծնվում է Նորը, ծնվում եմ ԵՍ:

Պետք չէ մտածել, որ իմ կեսը ինձ հաճույք պարգևողն է և, որ այդ հարաբերություններում ամեն ինչ սահուն և հարթ է ընթանում, սա բնավ ճիշտ չէ: Շատ հաճախ հակառակն է՝ կեսը նա է, ով մեզ ամենաշատն է ցավեցնում, հատկապես, եթե ես խորը վերքեր եմ ժառանգել մանկությունից, դոգմատիկ եմ, պարանոյալ, կախյալ, համառ, ռոմանտիկ.. Բայց նա՝ այդ միակը, նա է, ով ստիպելու է ինձ ազատվեմ հենց ինձնից, դուրս գամ ինքս իմ միջից, ինչպես օձն է դուրս գալիս ինքն իրենից, երբ արտանետում է հին մաշկը:

ՈՒրեմն՝ նա, իմ կեսը նա չէ, ով բերում է քուն, այլ նա՝ ով արթնացնում է, Միակը նա չէ, ում հետ քնում են, այլ նա ում հետ չեն քնում երբեք: Իսկ, եթե անգամ քնում են, ապա հերթափոխով:

Բայց միշտ չէ, որ հանդիպումը միայն տանջալից է, հատկապես երբ խոսքը գնում է սիրառատ զույգի մասին: Սեռական հաճույքը, որպես պարգև, փոխհատուցում է տառապանքի ցավը: Նա՝ իմ կեսը, զգում է ինձ ու հաղորդակցվում այն նյութի հետ, որից կազմված է իմ էությունը, ու նա գիտի, թե ինչպես վարվի դրա հետ: Իհարկե մեծ բան է կախված նաև ինձնից, ինչքան պատրաստակամ եմ փոխվելու, ինչքան բաց եմ փոփոխությանը ու կառչած չեմ ունեցվածքիցս, այնքան անցավ է ձևափոխումս: ՈՒ նաև դասեր տալուց նա խոսում է մի այնպիսի աներևույթ ձայնով, որ մոռացնել է տալիս ցավի առկայությունն ու կենտրոնացնում ձևափոխմանս վրա:

Իսկ ինչու է պետք ձևափոխվե՞լ։ Մի պարզ պատճառով, որպեսզի գա Նորը: Ահա թե ինչու են մարդիկ այդպես ուրախանում և աչքալուսանք տալիս, երբ երեխա է ծնվում, քանի որ երեխան խորհրդանշում է Նորը: Երբ մի քանի հոգիներ, ովքեր նույն նյութից են, հավաքվում են գլուխ գլխի, տեղի է ունենում հրաշք, այդ հրաշքը կոչվում է ծնունդ: Սա էվոլյուցիա ասվածն է, որը նշանակում է նորի գալուստ: Պատմության մեջ բոլոր նշանակալի փոփոխությունները տեղի են ունեցել նյութի խտացումից: Միևնույն նյութից կազմված մարդկանց հանդիպումը էվոլյուցիայի առաջընթացն ապահովող խթան է, հանուն ապագա սերունդների, ովքեր շարունակելու են սկսված գործը, ու սա հավերժ ընթացք է:

Սոցիալական հարաբերություններում չկա առավել բովանդակալից փորձառություն, քան միևնույն նյութից բաղկացած խմբի ներկայացուցչի հետ շփումն է: Դրա պատճառով են դեմոկրատ երկրներում ձևավորվում տարաբնույթ, բազմահազարավոր խմբեր: Խմբում միմյանց հետ ամուր փոխկապվածության գիտակցումն է, որ տանում է զարգացման, կյանքի զգացողության: Սրանով պորնոգրաֆիան տարբերվում է իրական սիրային սեքսից, որտեղ առաջինը ստվերների հարաբերումն է, մակերեսային երևութականություն, իսկ երկրորդը՝ նյութի բովանդակային մարմնավորումը: Պորնոգրաֆիայի դեպքում մենք օգտագործում ենք ուրիշին որպեսզի անձնանական հաճույք ստանանք, իսկ սիրո դեպքում մեր միակ նպատակը դիմացինին հաճույք պարգևելն է:

Հիմա անդրադառնանք այն օբյեկտիվ տարբերակիչ ազդանշաններին, որոնցով կարելի է հասկանալ, որ հանդիպել ես նրան: Ամենաօբյեկտիվ ազդանշանն աչքերն են տալիս: Հայացքները հանդիպում են իրար ու ոչ մեկի մտքով չի անցնում աչքերը փախցնել իրարից: Մագնիսական անհասկանալի ձգողություն է գոյանում երկուսի միջև: Զրույցը ուժ է հաղորդում ու ծավալվում ժամեր, որոնք սակայն թվում են րոպեներ: Զրույցն ընթանում է միևնույն լեզվով, յուրահատակուկ, միայն տվյալ զույգին հասկանալի լեզվով, որը կողքից լսողին խենթերի զրույց կարող է թվալ, երբեմն կարիք չկա անգամ խոսելու, ամեն ինչ պարզ է առանց խոսքի: Իրար հանդիպած կեսերը Նույն բանն են խորհում և շատ հաճախ նրանցից մեկը կես վայրկյան առաջ հնչեցնում է հենց այն, ինչը մյուսի լեզվի ծայրին էր: Խոսակցությունը ծավալվում է անկաշկանդ, այն տանում է դեպի հեռուներ, դեպի խորքեր՝ սնուցելով, ուժեղացնելով երկուսին: Կեսը հայտնվում է ճիշտ այն պահին, երբ օդի չափ անհրաժեշտ էր: Նա արտացոլում է մեր ուժեղ կողմերը, մենք դադարում ենք պաշտպանվել, մարմինը հանգստանում է, դառնում ենք, ինչպիսին որ կանք, մարմինները ձգվում են իրար ու պատրաստ են ամբողջացմանը: Ահա, թե ինչպես է սկսվում իրական սեռային մերձեցումը:

Անգամ եթե օվկիանոսի տարբեր ալիքներ տարբեր խառնվածք ու կազմվածք ունեն, տարբեր նպատակ ու հեռանկար, բոլորն էլ, միևնույն է՝ օվկիանոս են: Հայր մեր… Հայր՝ եզակի, մեր՝ հոգնակի…

Փակել

Սեռից անդին կամ ռոմանտիկ սիրո սահմանները

Սիրելն ու սիրվելը մարդու ամենախորքային, հիմքային պահանջներից են: Դա կենսաբանական, հոգեբանական, հուզական և հոգևոր պահանջ է, որի բավարարումը խիստ կարևոր է լիարժեք մարդ լինելու համար: Կին-տղամարդ սիրային կապի միջոցով բավարարվում է այդ կարևոր պահանջմունքը, ու միանգամայն բնական է, որ ցանկություն ունենք ինտիմ հարաբերություններ կառուցել ինչ-որ մեկի հետ, ով կդառնա մեր կյանքի ուղեկիցը: Ոչ ոք չի ուզում մենակ մնալ, մենակ ապրող կնոջը անվանում են «տանը մնացած», մենակ տղմարդուն՝ «ծեր ամուրի»: Նույն վերաբերմունքը կա ամուսնալուծված մարդկանց հանդեպ, նրանց համարում են սխալ մարդիկ, պակասորդ ունեցող մարդիկ: Սա խոսում է այն մասին, որ մենակ մարդկանց հանդեպ հասարակությունը չունի հանդուրժող վերաբերմունք: Ցավոք, շատերը ձգտում են գտնել իրենց կողակցին, որպեսզի չարժանանան նման պիտակի, ու եթե տարիքն անցել է ու դեռ ամուսնացած չեն, ներքին տագնապի զգացում է հայտնվում, կարծես թե կյանքը գնաց ու այդպես էլ չիրագործեցին կյանքի ամենագլխավոր նպատակը՝ չգտան իրենց լրացնող կեսին:

Ռոմանտիկ-սիրային հարաբերություններ փափագելը լիովին բնական է, սակայն խնդրահարույց է, երբ այդ տեսակ սիրո միջոցով փորձում ենք լուծել մեր կյանքի բոլոր խնդիրները` մտածելով, որ ռոմանտիկ սերը կոչված է լրացնելու մեզ, ամբողջացնելու մեր էությունը: Ընդհանրապես, պետք է ընդունել, որ ռոմանտիզմն իրոք երջանկացնելու հատկություն ունի: Սիրահարված մարդուն աշխարհը թվում է թեթև ու վարդագույն` ինչպես բարի հեքիաթներում է: Ընդ որում, ռոմանտիզմի հակված մարդիկ նման վերաբերմունք են տածում ոչ միայն իրերի ու երևույթների, այլ անգամ հիվանդությունների հանդեպ՝ հավատալով և հուսալով, որ որևէ լուրջ բան չի կարող պատահել, եթե անգամ ախտորոշվել է լուրջ հիվանդություն:

Կարդալ ավելին

Իհարկե, ռոմանտիկ լինելը պաշտպանում է կյանքի դառնություններից ու ինչ-որ տեղ հարմարողական նշանակություն ունի, սակայն ռոմանտիկ վերաբերմունք տածելով մարդկանց ու աշխարհի հանդեպ՝ կտրում ենք մեզ իրականությունից: Եթե ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան այս աշխարհում չի համապատասպանում մեր պատկերացրած իդեալին, ռոմանտիզմը հերքում է այդ փաստը: Ուստի վարդագույն ակնոցներով աշխարհին նայելը աղավաղում է ճշմարտությունը: Եվ ինչքան շատ աղավաղենք իրականությունը, այնքան շատ ենք հետո զղջալու և տառապելու: Սյս ճշմարտությունը հասկանալով` ռոմանտիկ մարդիկ իբրև այլընտրանք, ընտրում են պրագմատիզմը, ինչն էլ նրանց դարձնում է ցինիկ, ջղային, դառնացած, ատելությամբ լցված ու դեպրեսիվ:

Ինչո՞ւ են ռոմանտիզմով լցված մարդիկ տառապում մտերիմների հետ հարաբերություններում: Որովհետև նրանց հոգին պատսպարած դյուրահավատ անմեղությունը ներս է թողնում միայն իրականության իդեալիստական պատկերները: Բայց ակնոցները կոտրվելու հակում ունեն, դե հիմա պատկերացրեք՝ ինչ տեղի կունենա, եթե մի օր կոտրվեն այդ վարդագույն ակնոցները: Ակնոց կրող մարդիկ կհավաստեն ասածս, քանի որ իրենց մաշկի վրա զգացածել են, թե դա ինչ է: Առանց ակնոցների` աշխարհը հանկարծ, մի ակնթարթում կորցնում է իր նախկին հստակությունը, խավարում է, ու տիրում է անպաշտպանության մի անհաղթահարելի զգացում, կարծես թե բոլորովին մերկ ես մնացել` ի ցույց հանված անվերահսկելի վտանգավոր աշխարհին: Անպաշտպանության այս անտանելի վիճակը հաղթահարելու համար ռոմանտիզմի հակված շատերը շտապում են անմիջապես նոր ակնոց դնել, որն այս անգամ ուրիշ պրիզմայով է բեկում աշխարհը՝ ցինիզմի, աուտիզմի, նիհիլիզմի, սեքսիզմի և մնացած -իզմերի: Նայեցեք ձեր շուրջը և հաստատ շրջապատում կտեսնեք մարդկանց, ովքեր պաշտպանվում են ցինիզմի, ջղայնության, հիպերֆեմինային կեցվածքի կամ մեկուսացման վահանների ետևում:

Երբ մենք սիրահարվում ենք ու մեզ թվում է, թե վերջապես գտել ենք մեր երկրորդ կեսին ու հանգստացած շունչ ենք քաշում, որ ահա, մեր բոլոր խնդիրներն այլևս լուծված են, երբ մենք ապրում ենք ինտիմ մտերմության ամենակրքոտ րոպեները և միաձուլման բերկրալի զգացումը, գալիք հիասթափությունն անխուսափելի է: Նախքան ամուսնությունն ամեն ինչ ռոմանտիկ է, սեքսոլոգիայում նույնիսկ հատուկ եզրույթ են օգտագործում՝ ռոմանտիկ լիբիդոյի փուլ, որի ընթացքում հարաբերությունները ոգեշնչող են, թեևեր պարգևող, տիրում է յուրատեսակ թմրածության զգացում, կարծես մշտապես հաճույքի մեջ լինես: Ամուսնության առաջին տարվա ավարտից սկսած, իսկ գուցե և ավելի շուտ, որոշ դեպքերում նույնիսկ հենց առաջին ամուսնական գիշերից հետո, շատերի թևերը կարծես պոկվում են, ու ցավով գահավիժում են ցած: Սկսվում է ընտանեկան կյանքի դժոխային փուլը, զգում ես, թե ինչքան ոչ ադեկվատ ես, իջնում է ինքնագնահատականը, տագնապի և անհանգստության աճող զգացումները դառնում են անվերահսկելի, հուսահատությունն ու ափսոսանքը կյանքը դարձնում են դատարկ և ունայն:

Միգուցե այն միտքը, որ մեր երկրորդ կեսը չի կարող լրացնել ու երջանկացնել մեզ, դիմադրություն առաջացնի: Բնական է, որ այդպես լինի, քանի որ ծնված օրվանից մեզ սովորեցնում են, որ կյանքի նպատակը պակասող կեսին գտնելն է, բոլոր հեքիաթներում, կինոներում, երգերում, գլխավոր սյուժեն այն է, որ սիրած տղան հասավ իր մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին, ու նրանք ապրեցին երկար ու երջանիկ, ունեցան բազում զավակներ։ Ֆիլմի ավարտը։ Երբ ծնված օրվանից մեզ ներարկում են, որ մենք կիսատ ենք ու մեզ կարող է լրացնել միայն մեր սիրած անձնավորությունը, դժվար է ընդունել, որ դա այդպես չէ, բայց դժբախտաբար, իսկ միգուցե նաև բարեբախտաբար՝ դա այդպես է: Բարեբախտաբար, որովհետև հենց այն պահին, երբ հասկանում ենք, որ մեր ամբողջական լինելը կախված չէ մեր զուգընկերոջից, կատարյալ ու համապատասխանող զուգընկեր գտնելուց, մենք միանգամից, հենց այդ վայրկյանին տեղափոխվում ենք հանգստության դաշտ:

Անքննելի է, թե ինչքան լարվածություն է առաջացնում այն միտքը, որ մեր երջանկության բանալին գտնվում է ինչ-որ մեկի ձեռքին: Այս մտքից ծնվում են տագնապներ և դեպրեսիա: Մենք զոհ ենք դառնում այն մտածելակերպին, որ մեր երջանկությունը կախված է հաջող ամուսնությունից, ներդաշնակող զուգընկերոջ ընտրությունից: Ուրեմն՝ ինչ է մնում անել, եթե չենք ուզում տառապել՝ հրաժարվում ենք երջանկությունը դրսում փնտրելուց և սկսում ենք ներսից փնտրել մեր պակասող մասերը, ինքնալրացվել ու ամբողջանալ:

Բոլոր ժամանակների իմաստուն մարդիկ ասել են, որ մարդն ամբողջական է։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ այն ամենն, ինչը մեզ երջանկացնում է դրսից, մի օր դադարում է գոյություն ունենալ, իսկ այն շնորհը, որը մենք կրում ենք ներսում, հավերժ մեր հետ է և երջանկության անսպառ աղբյուր է: Բոլորիս հայտնի է այն ցավը, որն ի հայտ է գալիս, երբ կորցնում եմ արտաքին աշխարհում գտնվող ինձ երջանկացնող թանկ բանը: Ու ինչքան էլ ամուր եմ բռնում, միևնույնն է, այն հեռանում է ինձնից՝ բռունցքից հոսող ավազահատիկների պես: Ես կորցնում եմ իմ սիրելի գնդակը, գրիչը, հեռախոսը, ավտոմեքենան, տունը, գործը, մարդուն, երեխային… Ես կորցնում եմ իմ մարմնի ինչ-որ մասը՝ կուրծքը, ոտքը, աչքը, երիկամը… կորցնում եմ իմ երիտասարդությունը, գեղեցկությունը, հույզերը, զգացմունքները, պատկերացումները, համոզմունքերը, կարծիքները… Բոլորն ապրել են կորստի ցավ ու գիտեն, թե ինչքան դառն է կորստի տառապանքը:

Կան և այնպիսինները, ովքեր կորցնում են այս բոլորը միասին, կորցնում են այն ամենը, ինչ թանկ էր իրենց համար, կորցնում են ամեն ինչ…: Եվ ի՞նչ է մնում տակը: Դատարկություն: Մենակություն: Մթություն: Խավար… Խելագարության հասցնող անվերջ խավար: Ու մի օր, մի պայծառ օր արթնանում ես, ու տեսնում, որ լույսի շող է նշմարվում, շատ նուրբ, մի հույլ շող, որն ուզում ես փայփայել, գրկել, գուրգուրել, բայց չես համարձակվում շարժվել, որ հանկարծ չկորչի, այդպես անշարժացած հայացքդ հառում ես այդ շողին ու առաջին անգամ կյանքում հասկանում, որ գտել ես այն, ինչ քեզ պակասել է, այնքան թանկ մի բան, որի ներկայությունն ամեն ինչ է: Շողը գնալով դառնում է է՛լ ավելի պայծառ ու բացվում է լույսը… Գիշերվա արևը: Ինչքան թանձր է եղել խավարը, այնքան հստակ են լույսի շողերը: Կյանքը սկսվում է նորից, բայց այս Արևի ներքո այն լրիվ ուրիշ է, այս արևի ճառագայթներից հալվում է այն ամենը, ինչն իմը չէ, արևը խանձում է ու սրբում օտարը, որից թուլանում էր լույսի ներթափանցումը:

Թափանցիկությունը հանգուցալուծված խնդիրներն են, երբ ներաշխարհի մթնոլորտն աղտոտող կարծիքները, պատկերացումները, համոզմունքները ցրվում և տարրալուծվում են։ Ամենն ինչ օտար է, արևի լույսից չքանում է, հալվում-գնում: Մնում է միայն այդ Արևի պայծառ լույսը, ջերմացնող ու կենսածին լույսը: Ամենևին չթերագնահատելով այս պահին տառապող հոգիների ցավը, հորդորում եմ կորուստ ապրող մարդկանց չհանձնվել ու շարունակել տառապանքի ճանապարհը դեպի անդունդ, որտեղ այս հրաշագործ լույսի ներքո կբացահայտվի, որ տառապանքը գալիս է միայն ու միայն մեր մտքերից, որոնք անգամ մերն էլ չէին, այլ հայտնվել էին այնտեղ շատ պատահական, ճակատագրի բերումով:

Մեր ամենախորքային պահանջը սիրելն ու սիրված լինելն է, սա շատ բնական պահանջ է, ու ես բացարձակապես դեմ չեմ ռոմանտիկ հարաբերություններին, ասածս միայն այն է, որ երջանկությունը չհիմնենք այս հարաբերությունների վրա: Երբ սկսում ենք մտածել, որ մեր ամուսինը կամ կինը մեզ պետք է տա այն ամենը, ինչ մեզ պակասում է, մենք մեզ թակարդն ենք գցում: Մեր կողակիցը չի կարող մեզ ապահովել այն ամենով, ինչի պակասը զգում ենք, մի հոգին չի կարող ապահովել մի ամբողջ համայնքի պարգևածը: Թույլ տվեք, որ այս միտքը տեղ գտնի ձեր ներսում և տառապանքի փակուղին անմիջապես կքանդվի, կբացվի ազատագրման դուռը: Այդ դռնով հեղեղի պես դուրս կհորդեն կուտակված զայրույթը, վիշտը, հիասթափությունը, խռովքը, միայնությունը, վախը: Խնդրում եմ դատարկեք ձեր տառապանքը, թույլ տվեք տառապանքը դուրս գա ձեր միջից, տառապանքը հոգնել է ձեզնից և ուզում է թողնել ձեզ, տվեք նրան այդ հնարավորությունը, բացեք դռները:

Իսկ մեր զուգընկերը, ընկերը, ամուսինը, կինը, ով չի կարող լրացնել ու ամբողջացնել մեզ, այս գործում մեկ այլ կարևոր դեր է խաղում` նրանք արագացնում են մեր այս ընթացքը դեպի անդունդ, նրանք արտացոլում են մեզ ու օգնում, որ տեսնենք ինքներս մեզ և հասկանանք, թե որ ճանապարհով պիտի ընթանանք: Նորից կրկնեմ, ռոմանտիկ հարաբերությունները ոչ թե լրացնում են մեզ, այլ օգնում որ ինքներս մոտենանք մեր լրիվությանը, այն մեր ներսում է, լրիվությունը մենք ենք:

Պլատոնական սիրո մեջ մեր սիրտը բաց է, ահա թե ինչու ազատության զգացումը լիուլի լցնում է մեզ, ու սա շատ նման է այն զգացողությանը, որը կոչվում է անպայմանական սեր, բայց դա միայն արտաքնապես է նույնը: Անպայմանական սեր ասելով նկատի ունեմ սերն առանց նախապայմանների, երբ ընդունում և սիրում ես մարդուն առանց նախապայմանների, անկախ այն ամենից, թե նա ինչ է ասում, զգում, անում, ինչ է մտածում, ինչին է հավատում: Միչդեռ ռոմանտիկ սիրո երջանկությունը պատրանք է: Ու դրանից կառչելը բերելու է տառապանքի: Ուրեմն` եթե չենք ուզում տառապել, հիշենք՝ սիրելու և սիրվելու մեր պահանջը շատ բնական ու շատ առողջ է, բայց սիրած անձնավորությունից չսպասենք ամեն ինչ, նա չի կարող լրացնել մեր բոլոր բացերը, իրականացնել մեր բոլոր երազանքները, երկնքից իջեցնել բոլոր աստղերը: Հիշենք, որ ինքներս մեզնից չենք փախչի, դեմ առ դեմ կանգնենք այն խնդրի առջև, որից փախչում ենք, չվազենք երջանկության ետևից, երջանկությունը ինքը կգա մեր դուռը թակելու, երբ այլևս ոչ մի հենարան չենք փնտրի:

Փակել

Անպատասխան սեռական գրգռվածություն

Հաճախ են բժիշկ-սեքսոլոգին հարցնում, թե արդյոք վնասակար չէ՞ սեռական կյանքի բացակայությունը կնոջ կյանքում: Նմանատիպ հարցեր ուղղում են հատկապես այն կանայք, ովքեր գտնվում են հասուն տարիքում և դեռ ամուսնացած չեն: Ինչո՞ւ են ծագում այսպիսի հսրցեր, մի՞թե այդ կանայք տանջվում են սեռական ցանկությունից, թե ուղղակի արգելված պտուղը քաղցր է թվում, որովհետև հասարակական անգիտակցականում նախաամուսնական սեռական հարաբերությունը համարվում է միայն տղամարդկանց տրված արտոնություն…

Իսկապես, եթե չամուսնացած, սեռահասուն տարիքի կինը վերապրում է սեռական մերձեցման ուժգին պահանջ ու չի բավարարում այն, ապա վնասակա՞ր է արդյոք այդ պահանջի հետ մղումն ու սեքսուալ գրգռվածության դեմ պայքարը: Այս հարցին պատասխանելու համար հարկ է որոշակի պատկերացում ունենալ կնոջ սեքսուալության ֆիզիոլոգիայի վերաբերյալ: Սեքսուալ առողջ կնոջը բնորոշ է սեռական գրգռմանն ի պատասխան մարմնապես արձագանքելը: Այդ արձագանքը դրսևորվում է սեռական օրգանների արյունալեցմամբ, որի հիմնական արտաքին նշանը հեշտոցի խոնավացումն է: Գոյություն ունի նաև սեքսուալ գրգռման ներքին սուբյեկտիվ վերապրում, որը նորմայում զուգուրդվում է մարմնական պատասխանի հետ: Սակայն սեռական գրգռման վերապրումը դեռևս չի նշանակում, որ կինը պատրաստակամ է սեռական հարաբերություն ունենալ: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի կինը սեռական մերձեցման օգտին խոսող հիմնավոր մոտիվացիա ունենա: Եթե կողմ և դեմ մոտիվացիաների համադրումը խոսում է ի օգուտ առաջինի, սեռական մերձեցումը կայանում է:

Կարդալ ավելին

Այժմ պատկերացնենք, որ ի պատասխան սեքսուալ գրգիռի, կնոջ մոտ ի հայտ է եկել սեռական գրգռվածության ներքին վերապրում, սակայն սեռական հարաբերության օգտին խոսող «կողմերը» ծանրակշիռ չեն: Ի՞նչ է անում կինը: Դե իհարկե, բռնանում է սեփական մարմնի վրա, դիմադրելով սեռական գրգռման բնականոն և միանգամայն առողջ դրսևորմանը: Իսկ ո՞րն է հետևանքը: Եթե այդպիսի “բռնությունը” հաճախակի և պարբերաբար կրկնվող իրողություն է, հետևանքը` նյարդային մեխանիզմներով սեռական գրգռման առողջ ռեֆլեքսի ապաարգելակումն է: Աստիճանաբար սեքսուալ գրգիռները դառնում են անտարբեր, կինը հանգիստ կարող է պահպանել լիակատար սեռական սառնություն անգամ ամենաիմաստուն սեռական գրգռման պարագայում: Այսպիսի ելքը կարող է դրամատիկ դեր խաղալ ապագայում, երբ պարզվում է, որ սիրելի ամուսնու հետ ցավոք, ոչինչ չի ստացվում:

Ուրեմն` ի՞նչ: Ինչպե՞ս վարվել խելամտորեն, որպեսզի կոնֆլիկտ չունենալ բազմամյա ավանդության հետ և պահպանել առողջ սեքսուալությունը: Պատասխանը շատ պարզ է` պատասխանատու լինել սեփական մարմնի նկատմամբ: Իսկ դա նշանակում է ճանաչել մարմինը և հաշվի նստել մարմնական դրսևորումների հետ, նախքան սեռական բնույթի որևէ գործողություն ձեռնարկելը` կշռադատել ու գիտակցել մարմնի վրա սեռական վարքի բոլոր հնարավոր հետևանքերը:

Փակել

© 2017 | ՆարինԷ Ներսիսյան | Բոլոր իրավունքները պաշտպանված են |

Besucherzahler
счетчик посещений