ՆԱՐԻՆԷ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Երկու հատվող բուրգերից ծնվում է Նորը

Category: Տղամարդկանց սեռականություն

Տեստոստերոն

Սեռական թուլության գանգատ ներկայացնող տղամարդկանց հաճախ նշանակվում է արյան քննություն՝ տեստոստերոնի քանակությունը որոշելու նպատակով: Նրանք ովքեր չգիտեն ինչ է տեստոստերոնը (Տ), նշեմ՝ դա կենսաբանորեն ակտիվ քիմիական մոլեկուլ է, որն արտադրվում է տղամարդու ամոձիներում և պատասխանատու է տղամարդու սեռական և վերարտադրողական ֆունկցիայի համար: Տեստոստերոնը ուղղակի և անուղղակի ձևերով պայմանավորում է առնանդամի սեռական գրգռումը՝ էրեկցիայի առաջացումը, սերմնաժայթքման գործընթացը, սերմնարտադությունը: Սակայն առավել քան էրեկցիան, տեստոստերոնը սերտ կապի մեջ է գտնվում մարդու իմացական գործունեության և տրամադրության կարգավորման մեխանիզմների հետ, պայմանավորում է սեքսուալ բովանդակությամբ մտքերի մշակումն ու ու սեռավարքային մոտիվացիաների առաջացումը:

Ամեն օր տղամարդու ամորձիները արտադրում են 5-10 մգ տեստոստերոն, ևս 25 մգ պահեստավորված է ամորձիներում: Որպեսզի տեստոստերոնը կարողանա դրսևորել իր կենսաբանական ակտիվությունը, նա պետք է բավարար քանակությամբ հասնի թիրախ օրգաններ՝ գլխուղեղ և առնանդամ: Տեստոստերոնի միայն 2%-ն է ազատ շրջանառում արյան հունում, պատկերավոր ասած՝ ոտքով տեղ հասնում թիրախ օրգաններ, 40%-ի տեղափոխման խնդիրը լուծվում է հատուկ տրանսպորտային միջոցի օգնությամբ, որի անունն է ալբումին: Տեստոստերոնը ազատ կապվում է ալբումինի հետ և հասնելով իր ազդեցության վայր՝ արձակվում է ալբումինից ու ներս թափանցում թիրախ բջիջ: Արյան հունի մեջ հայտնված տեստոստերոնի մնացած 58%-ը կապնված է մեկ այլ տրանսպորտային միջոցի հետ, որի կրճատ անունը դնենք Գլոբուլին (Սեռական հորմոնը կապող գլոբուլին): Գլոբուլինի հետ Տ-ի կապն այնքան ամուր է ստացվում, որ տեստոստերոնի ազատ արձակումն անհնար է դառնում, այսինքն՝ Գլոբուլինը չեզոքացնում է իր հետ կապնված տեստոստերոնի ակտիվությունը:

Կարդալ ավելին

Այսպիսով արյան մեջ շրջանառող տեստոստերոնի միայն 42%-ն է կենսաբանորեն ակտիվ: Ինչո՞ւ է սա պետք իմանալ: Հաճախ արյան հետազոտության միջոցով բժիշկները ստուգում են միայն տեստոստերոնի ընդհանուր քանակը (Общий Тестостерон), ու ստացված ցուցանիշի հիման վրա գնահատում այդ կարևոր սեռական հորմոնի նորմալ քանակությունը: Պետք է ասել, սակայն, որ միշտ չէ արյան մեջ ընդհանուր տեստոստերոնի քանակությունն արտացոլում կենսաբանորեն ակտիվ բաժնի մակարդակը, հնարավոր է ընդհանուր Տ-ի թիվը լինի նորմալ, սակայն կենսաբանորեն ակտիվ բաժնի քանակը՝ պակաս, հետևաբար առնանդամի թուլության հորմոնալ պատճառագիտությունը կմնա չբացահայտված:

Այս բաց թողումից խուսախելու համար բժիշկները ընդհանուր Տեստոստերոնից բացի կամ երբեմն առանց դրա, ստուգում են միանգամից կենսաբանորեն ակտիվ տեստոստերոնի մակարդակը: Այդ հաշվարկն արվում է ըստ ընդհանուր տեստոստերոնի ցուցանիշի, այսինքն՝ հաշվում են, թե ընդհանուր տեստոստերոնի 42%-ը ինչ թիվ է կազմում: Սակայն որոշ բժշկական իրավիճակներ կարող են փոփոխել Գլոբուլինի քանակությունը, այսպիսով՝ խախտելով արյան մեջ տեստոստերոնի տոկոսային բաշխվածությունը, որի դեպքում հնարավոր է, որ այդ 42%-ը իրականում դարձել է ասենք՝ 32% կամ 12%: Ուրեմն կենսաբանորեն ակտիվ տեստոստերոնի մակարդակի որոշումն արյան մեջ նույնպես չի կարող հավաստի ցուցանիշ լինել և արտացոլել օրգանիզմի տեստոստերոնային հագեցվածության մակարդակը:

Բոլոր այն գիտակ բժիշկները, ովքեր տեղյակ են այս նրբությանը, ապահովությունից դրդված միանգամից ստուգել են տալիս արյան մեջ ազատ տեստոստերոնի քանակությունը (Свободный Тестостерон): Սակայն այստեղ ևս մի նրբություն կա: Ժամանակակից լաբորատոր տեխնոլոգիաների միջոցով հնարավոր չէ ստույգ տարանջատել տեստոստերոնի այդ ֆրակցիան, ուստի այս ցուցանիշը ևս հավաստի համարվել չի կարող: Ուրեմն, բոլոր այն բժիշկները, ովքեր հիմնվում են այս ցուցանիշի վրա կարող են դարձյալ սայթաքում թույլ տալ, եթե բացառապես ախտորոշիչ դատողություններ են անում լաբորատոր այս տվյալի հիման վրա:

Այսօր, միջազգային բոլոր ստանդարտներով և հաստատված ուղեցույցերով կենսաբանորեն ակտիվ տեստոստերոնի քանակությունը որոշվում է հատուկ բանաձևի օգնությամբ: Հաշվարկված տեստոստերոնի այս քանակությունը հավաստիորեն արտացոլում է օրգանիզմի տեստոստերոնային հագեցվածության մակարդակը: Այդ հաշվարկն անում է բժիշկը՝ ձեռքի տակ ունենալով երկու լաբորատոր տվյալ՝ ընդհանուր տեստոստերոնի և Սեռական հորմոնը կապող Գլոբուլինի ցուցանիշները:

Չմոռանանք իհարկե, որ տեստոստերոնի անբավարար քանակի մասին կարելի է եզրահանգումներ անել նաև կլինիկական դիտարման հիման վրա: Կան նշաններ, որոնց իմացությունը թույլ կտա ցանկացած բժշկի, ինչպես նաև ցանկացած քաղաքացու, ով կասկած ունի, որ իր մոտ տեստոստերոնը իջել է, հստակ արձանագրել այդ հորմոնի անբավարարության փաստը:

Այդ նշաններն են՝

  1. Առավոտյան էրեկցիաների նվազած հաճախականություն, ոչ ամեն առավոտ է էրեկցիա լինում
  2. Սեքսուալ բովանդակությամբ մտքերը նվազում են
  3. Առնանդամը թուլանոմ է հարաբերության կեսից կամ ընդհանրապես չի պնդանում
  4. Իջնում է եռանդը
  5. Հոգնածության զգացումը դառնում է գերիշխող, առաջվանից շուտ է հոգնում
  6. Տխրությունը և թախիծը հիմնական հոգեվիճակներն են

Պակաս հավաստի նշաններ են՝ (պակաս հավաստի նշանակում է, որ սրանց առկայությունը հնարավոր է կապ ունենա Տ-ի ցածր լինելու հետ, բայց չի բացառվում, որ կան այլ հիվանդություններ և ախտաբանական վիճակներ)

  • Գինեկոմաստիա-կրծքագեձերի մեծացում
  • Մարմնի մազածածկույթի քչացում, սափրվելու ամենօրյա անհրաժեշտությունն անցնում է
  • Փոքրացած ամորձիներ
  • Բոյի նվազում, կոտրվածքներ
  • Ջերմահորդանքներ, առատ քրտնարտադրություն
  • Ցածր ինքնավստահություն
  • Կենտրոնանալու դժվարություն, ցրվածություն
  • Քնի խանգարում, քնկոտություն
  • Թեթև սակավարյունություն
  • Մկանային զանգվածի պակասում, մկանային ուժի թուլացում
  • Ճարպակալման հակում
  • Աշխատանքային արդյունավետության իջեցում

Տեստոստերոնի քանակության իջեցումը բժշկության մեջ կոչվում է հիպոգոնադիզմ, այն հիվանդություն է, որը պարտադիր պետք է բուժել: Բուժումը կախված է կոնկրետ պատճառից, որի հետևանքով զարգացել է այդ իրավիճակը: Բուժումը կարող է երկար տևել, սակայն բավական արդյունավետ է:

Փակել

Սեռական ձախողման տագնապ

Առաջին սեռական հարաբերության անհաջող փորձը շատերի սեռական կյանքում տեղ գտած իրողություն է: Անհաջող փորձից հետո շատ տղաներ այլևս ի վիճակի չեն լինում լիարժեք սեռական գրգռման հասնել: Տագնապի զգացումը, որը նրանց անբաժան ուղեկիցն է կանանց հետ փոխհարաբերություններ կառուցելիս, այն աստիճանի ուժգնության կարող է հասնել, որ նրանք ի սպառ հրաժարվեն սեռական կյանքից, դառնան ներամփոփ, տրվեն վիրտուալ իրականության մեջ սեռային ինքնահաստատման փորձերին և այլ անհարմարողական վարք դրսևորեն: Սեռական թուլության այս խնդիրը կապված է սեռական ակտն իրականացնելու տագնապի հետ և սեքսոլոգիական պրակտիկայում հայտնի է «անհաջողության սպասման տագնապ» անունով:

Տագնապային խանգարումների վերաբերյալ ժամանակակից հոգեբուժության դիրքորոշումն այն է, որ այս խմբի խանգարումների հիմքում ընկած է գլխուղեղի նյարդային բջիջներում միջնորդանյութերի փոխանակման խանգարումը: Նշվում է, որ նյարդային որոշ մեդիատորներ ավելի ազդեցիկ են դառնում, քան մյուսները՝ ավելի շատ արտադրման կամ ապաարգելակող մեխանիզմներից ազատագրման հետևանքով: Արդյուքնում՝ այդ նյութերի ավելացած կամ պակասած ակտիվությունը բերում է տագնապի զգացողության կամ դեպրեսիայի առաջացման:

Այլ ուսումնասիրողներ, սակայն, նշում են, որ իրականությունը ճիշտ հակառակն է և ժամանակակից գիտնականները խառնել են պատճառը՝ հետևանքի հետ: Իրականում, սկզբում հայտնվում է տագնապի կամ ընկճվածության զգացողությունը, ապա նոր՝ գլխուղեղում փոփոխվում է քիմիական հավասարակշռությունը, որն արտացոլում է այդ հոգեվիճակների հայտնման փաստը: Ինչպես փափուկ հողի վրա վազող գիշատիչը թողնում է իր հետքերը, այդպես էլ ցանկացած հոգեվիճակ՝ տեղ գտնելով մեր ներաշխարհում, թողնում է իր նեյրոբիոքիմիական հետքը: Հողի վրա թողած հետքի ուսումնասիրմամբ կարելի է կռահել, թե ինչ կենդանի է անցել քիչ առաջ, ուրեմն գլխուղեղի քիմիական նյութերի ուսումնասիրությունը պետք է հիմնվի այս ելակետային հայեցակարգի վրա:

Կարդալ ավելին

Ամենևին չթերագնահատելով նեյրոգիտության ժամանակակից նվաճումները, կուզենայի պարզապես հայտնել իմ դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ: Ես հակված չեմ մտածելու, որ տագնապային խանգարումներն աներկբաորեն պահանջում են հոգեմետ դեղորայքի նշանակում, առանց որի դրանցից ազատվել իբր հնարավոր չէ: Իմ մասնագիտական փորձից կարող եմ վկայել, որ տագնապային և դեպրեսիվ խանգարումների շատ դեպքեր բուժվել են առանց դեղորայքի, միայն զրուցելով: Աշխատելով այցելուների մտային պատկերների հետ ինձ հաջողվել է փոխել նրանց «մտային լանդշաֆտը», արդյունքում՝ առանց նույնիսկ մեկ կոճակ ընդունելու, մենք կարողացել ենք հաղթահարել ինչպես տագնապը և դեպրեսիան, այնպես էլ՝ այդ հոգեվիճակներով պայմանավորված սեռական դիսֆունկցիաները՝ սեռական թուլությունը, վագինիզմը, վաղաժամ սերմնաժայթքումը:

Մտային պատկերները մեր գլխում հայտնվում են մեր փորձից: Այդ փորձի հիման վրա մենք ընկալում ենք իրականությունը և հավատում այդ ընկալմանը: Եթե կյանքում մի անգամ ինչ-որ բան ձեռնարկելիս դա ինձ չի հաջողվել ու արդյունքում եկել եմ ընդհանրացնող եզրահանգման՝ «ուրեմն ես անհաջողակ եմ», ապա դժվար թե ապագայում՝ որևէ պատասխանատու նախաձեռնություն ստանձնելիս, հաջողվի խուսափել տագնապի հզոր ալիքից, իմ քայլերը կլինեն անվստահ ու հնարավոր է հենց այդ անվստահության պատճառով տապալեմ գործը՝ ինչն իր հերթին կամրապնդի համոզումս այն մասին, որ ձախողակ եմ: Այսպիսով, անցյալում ընդամենը մեկ անգամ տեղ գտած անհաջող փորձառությունն իմ մեջ ուրվագծում է ապագա կերտելու ներուժ ունեցող «ձախողակի պատկերը», իմ մեջ արմատավորվում է անձիս մասին սխալ համոզմունք, որը դառնում է անկախություն և ինքնավարություն ունեցող ենթագիտակցական կանոն:

Ընդհանուր առմամբ մեր ենթագիտակցականն իր մեջ է հավաքում մեր բոլոր փորձառությունների սուբյեկտիվ դասերը ու դրանց հիման վրա մշակում գործող օրենքներ ու կանոններ: Մի շարք գործողություններ ավտոմեքենա վարելիս մենք անում են ավտոմատ կերպով, նույնպես էլ կյանքում տարբեր քայլեր ձեռնարկելիս ավտոմատ գործի են դրվում ենթագիտակցական այդ կանոնները: Եթե այդ կանոնի համաձայն բոլորը քայլերը պիտի տապալվեն, ուրեմն դրանք կտապալվեն: Ահա թե ինչու տագնապի մշտական զգացողությունը նման կանոններով աշխատող ենթագիտակցության տիրապետման տակ գտնվող կամ անինքնագիտակից անձանց անբաժան ընկերն է դառնում:

Ինքնավարություն ունեցող ենթագիտակցությունն՝ իր մեջ ամփոփված ողջ բովանդակությամբ, մեր կամքից անկախ ազդում է մեր կյանքի վրա, ինքնուրույն գործունեություններ ծավալում, հավատացնելով թե այդ մենք ենք այդպես մտածում, մինչդեռ իրականում հեղինակն ինքն է: Տագնապը, որը մենք ընկալում ենք իբրև զգացողություն, իրականում չգիտակցված միտք է: Ստորև թվարկում եմ մի շարք այդպիսի տագնապահարույց մտքեր՝ «նույն բանը կկրկնվի հաջորդ անգամ», «ոչ ոք չի ցանկանա ինտիմ կապ հաստատել իմ հետ», «նա չի համաձայնի ամուսնանալ», «ինձ միշտ պատահում են անբարո աղջիկներ», «ես երբեք չեմ գտնի նորմալ աղջիկ», «բոլոր աղջիկները նույնն են», «իմ կատարած սխալը երբեք չի ներվի», «ես երբեք չեմ գտնի ինձ համապատասխան զույգ», «նա ինձ կթողնի», «նրան դուր չի գա իմ մարմինը/առնանդամը», «ինձ էլ ոչ ոք չի սիրի», «ես ցանկալի չեմ», «ես պետք է ավելի երկար ձգեմ ակտի տևողությունը», «ես պետք է նրան օրգազմի հասցնեմ», «իմ ամբողջ կյանքը կախված է նրա համաձայնությունից» և այլն:

Վերադառնալով առաջին անհաջող սեռական հարաբերությանը, նշեմ, որ դրա հետևանքով ձեռք բերված տագնապի զգացումը պայմանավորված է իրականությունը ընդհանրացնելու կամ ողբերգականացնելու հակումներով և այն հուսահատեցնող մտքերով, որոնք կապված են ձախողակի պատկերի հետ: Եվ եթե տագնապի զգացումը հանելու համար բժիշկը ձեզ կարող է որոշ նշանակում անել, ապա միտքը, որը ընկած է դրա հիմքում, դեղերի ազդեցությամբ չի փոխվում և պահանջում է ինքնաճանաչողական ու օբյեկտիվ ինքնավերլուծական աշխատանք՝ ուղղված ենթագիտակցական կանոնների գիտակցմանը և դրանց առողջ բարեփոխմանը:

Փակել

Տղամարդու սեռական թուլություն

Հարգելի բժիշկ, ժամանակ առ աժամանակ հարաբերության կեսից առնանդամս թուլանում է և չեմ կարողանում ակտն ավարտին հասցնել: Կինս իհարկե չի դժգոհում, սակայն ես ինձ շատ վատ եմ զգում, շատ անհանգիստ եմ, կարող է ինչ-որ լուրջ հիվանդություն ունեմ, որի մասին տեղյակ չեմ: 41 տարեկան եմ, առողջական այլ գանգատ չունեմ:

Հարգելի բժիշկ, ներհրման պահին առնանդամիս պնդությունն անցնում է և չեմ կարող կնոջս բավարարել, գնացել եմ ուռոլոգի մոտ, նշանակել է Վեգարա, խմել եմ, բայց ոչ մի օգուտ: Հետազոտությունների արդյուքնում պարզվեց, որ ունեմ սնկային բորբոքում, ստացել եմ համապատասխան բուժում, բայց էրեկցիան չի վերականգնվել:

Բարև Ձեզ հարգելի Բժիշկ Ներսիսյան, շատ, անչափ շատ, շնորհակալ կլինեմ Ձեզ, եթե պատասախանեք իմ այս հարցին: Ամուսինս 47 տարեկան է և գանգատվում է թույլ էրեկցիայից, իսկ օրգազմից անմիջապես 10 վայրկյան անց, այն միանգամից թուլանում է: Դա նորմա՞լ է արդյոք:

Առնանդամի պրկման առաջացմանը մասնակցում են օրգանիզմի մի քանի համակարգեր և ենթակառույցներ՝ նյարդային, սիրտ-անոթային, ներզատական համակարգերը, առնանդամի փապարային մարմինները, շագանակագեղձը: Մի շարք հիվանդություններ՝ շաքարային դիաբետը, զարկերակային գերճնշումը, սրտային հիվանդությունները, քնի ապնոէն, հիպերպրոլակտինէմիան, հիպոգոնադիզմը, ինչպես նաև որոշ հակահիպերտենզիվ և հոգեմետ դեղեր թուլացնում են էրեկցիան: Առնանդամի թուլության ախտածագման մեջ մեծ դեր են խաղում նաև հոգեէմոցիոնալ գործոնները և հոգեախտաբանական վիճակները, մասնավորապես՝ դեպրեսիան, կախվածությունը, բնավորության շեշտվածությունները և անձնային խանգարումները:

Կարդալ ավելին

Չպետք է մոռանալ սակայն, որ էրեկցիան տղամարդու սեռային ինքնության ինքնաարտահայտումն է, արական ուժի կենդանացումը, և առնանդամի պրկումը տղամարդու սեռական ակտիվացման միայն արտաքին՝ երևացող մասն է: Ավելի խորքային՝ չերևացող կողմում, տղամարդու սեռական գրգռման համար պատասխանատու է տղամարդու էությունը, որքան շատ է այդ էությունը մուտք ունենում դեպի արական ուժային մարմիններ, այնքան ուժեղ է էրեկցիայի պնդության աստիճանը: Սեռական ակտ իրականացնողն այդ ուժը սնուցող էությունն է, ոչ թե առնանդամը, առնանդամը ընդամենը գործիք է այդ ուժի ձեռքին, որի հիմնական նպատակը սերմնահեղուկի ուղղորդված արտանետումն է:

Էրեկցիայի թուլությունը մեր օրերում դարձել է բավական տարածված խնդիր, որովհետև ժամանակակից տղամարդն իր էության կորստի պատճառով սեռական ակտ է իրականացնում ոչ թե այդ էությամբ, այլ առնանդամով: Տղամարդու էության կորուստը տարածված խնդիր է, որի հիմնական պատճառներից են ինքնագիտակցության պակասը, հոգետրավմատիկ իրադարձությունները, ֆիզիկական հիվանդությունները: Տղամարդու էության կորուստը ավելի երիտասարդ տարիքում կարող է փոխհատուցվել հորմոնային հագեցվածությամբ, ինչը հնարավոր չէ 40-ից հետո, որովհետև ցածր հորմոնալ ֆոնի վրա առնանդամը գործի դնող ուժի բացակայությունն արդեն ակնհայտ է դառնում:

Իսկ ինչպես է տեղի ունենում տղամարդու էության կորուստը և արդյոք հնարավոր է այն վերադարձնել?: Ամեն անգամ, երբ տղամարդը նույնականացվում է իր սեռական կրքի, սիրային կախվածությունների, սեռական խթանիչների, դոգմատիկ սեռական պատկերացումների հետ, տղամարդու էության մի հատված «պոկվում և թաքնվում է տեսադաշտից»: Նույնականանալ սեռական կրքի, սիրային կախվածությունների, սեռական խթանիչների, դոգմատիկ սեռական պատկերացումների հետ նշանակում է էության մասնատում և այդ մասերից յուրաքանչյուրի անկախացում:

Էությունը մասնատող ամենատարածված պատճառը մանկության կամ պատանեկության տարիքում ապրած սեռային ոտնձգության կամ չարաշահման փորձն է: Երեխայի հոգեկանն ի զորու չէ բանական իմաստավորմամբ հանդարտեցնել այդ ցավը, ուստի և սեռական ապրումների հետ մեկտեղ այդ ցավագին փորձառությունը պոկվում և տարանջատվում է հոգեկան ամբողջից՝ թաքցնելով գիտակցության տեսադաշտից էության մի կարևոր հատված: Հոգեսեռական զարգացումն այնուհետև ընթանում է այլընտրանքային սեռականության ստեղծման ճանապարհով՝ բերելով անձի «սեռային երկատման», ձևավորվում է այլընտրանքային սեռային ինքնություն, որը կտրված է իրական սեռականությունից: Երկատման այս իրողությունը կտրում է սեքսուալ-էրոտիկն իր ակունքից, որն այսուհետ ձեռք է բերում անկախություն և դադարում հոգեկան ամբողջի շրջանակներում հանուն այդ ամբողջության իր մասնաբաժնով գործառելուց: Հոգեբուժության մեջ այս խանգարումը նկարագրված է դիսոցիատիվ խանգարումներ խորագրի ներքո:

Տղամարդու էության վերադարձը այն նախապայմանն է, ու դա կարող է անել յուրաքանչյուր տղամարդ, եթե նա ուզում է արմատապես ազատվել սեռական կյանքի հետ կապված բոլոր խնդիրներից, առանց որի հնարավոր չէ բուժել սեռական անկարողությունը, վերականգնել սեռական կյանքում ներդաշնակ զույգային հարաբերությունները:

Փակել

Զրույց երիտասարդ տղայի հետ

Դա իմ առաջին փորձն էր, ես 21 տարեկան էի և մտածում էի, որ ժամանակն է հասուն ձևով բավարարելու պահանջս: Այդ ժամանակ բոլոր ընկերներս ապրում էին սեռական կյանքով, ու մենակ ես էի, որ դեռ չէի փորձել։ Որոշեցի գնալ մարմնավաճառի մոտ․ կատարյալ ձախողում, ոչինչ չստացվեց, լրիվ թույլ վիճակ էր։ Հետո փորձեցի գնալ մի ուրիշ մարմնավաճառի մոտ՝ մտածելով, որ խնդիրը մի գուցե աղջկանից է, բայց միևնույնն է՝ չստացվեց։ Հիմա ինձ շատ վատ եմ զգում, չեմ հասկանում՝ ինչու՞ բոլոր ընկերներիս մոտ ստացվում է, իսկ իմ մոտ՝ ոչ։

-Նախ ասեմ, որ երիտասարդ տարիքում էրեկցիայի հետ կապված խնդիրները ավելի շուտ նյարդահոգեկան ծագում ունեն և կապված են հուզական լարման հետ։ Այնուհանդերձ, անկախ տարիքից, նման դեպքերում մենք նախևառաջ հերքում ենք խնդրի առաջացման օրգանական պատճառները՝ կատարելով համապատասխան հետազոտություններ։ Տարբերակիչ ախտորոշման համար բժշկին օգնում են նաև ձեռնաշարժության ժամանակ և առավոտյան ի հայտ եկող էրեկցիաները։ Սովորաբար, եթե դրանք պահպանված են, ապա քիչ հավանական է, որ խնդիրը լինի ֆիզիկական դաշտում։ Թեև դրանց բացակայությունն էլ միանշանակ չի վկայում խնդրի ֆիզիկական լինելու մասին։

Հիմա փորձենք իրարից տարբերել երկու երևույթ՝ սեռական ցանկություն և սեռական գրգռում: Շատ հաճախ այս երկու՝ իրար հետ սերտորեն կապված, բայց միևնույն ժամանակ իրարից խիստ տարբերվող դրսևորումները՝ ցանկությունը և գրգռումը նույնացվում են, ինչի պատճառով էլ մարմնական դրսևորումները ոչ ճիշտ մեկնաբանության են արժանանում։ Պետք է իմանալ, որ Եթե տղամարդը տվյալ պահին չունի սեռական որևէ ցանկություն, ապա նրա մարմինը դժվար թե սեռական գրգռման արձագանք դրսևորի։ Կենցաղային մտածողության մեջ կա մի սխալ պատկերացում, որ եթե գնացել ես սեռական հարաբերություն ունենալու, ու դա է ենթադրում ստեղծված իրավիճակը, ապա մարմինն անկախ ամեն ինչից, պետք է մեխանիկորեն ծառայի: Բայց փոխարենը առճակատում է տեղի ունենում մարմնի անտարբերության հետ։ Ինչո՞ւ, որովհետև հանդիպումը մարմնավաճառի հետ երիտասարդի ներսում արթնացնում է ոչ թե շահագրգիռ տղամարդուն, ոչ թե գրգռված որձին, այլ ուրիշ հետաքրքրություններ ունեցող ավելի գիտակից էակի, ում համար կարևոր է ոչ այնքան սեռական, որքան մի գուցե իմացական բավարարումը։ Ուրեմն շատ առողջ է, որ նման կնոջ հետ հանդիպումից, սեռական գրգռում չի առաջանում:

Իսկ ինչո՞ւ է իմ ընկերների մոտ առաջանում, իսկ իմ մոտ՝ ոչ, ես փորձել եմ շատ տարբեր մարմնավաճառների մոտ գնալ։

Կարդալ ավելին

-Ձեր և նրանց տարբերությունն այն է, որ դուք ավելի բաց եք մտքով, դրա համար էլ տեսնում եք ավելին, քան միայն սեռական օբյեկտ հանդիսացող կինն է, մինչդեռ նրանք ավելի խորը խնդիր ունեն, նրանք այնքան փակ են, որ այլևս աշխատում է նրանց միայն կենդանական բնազդը, այստեղ նրանք ոչնչով չեն տարբերվում օրինակ՝ առնետներից կամ ճագարներից, դուք մի աստիճան բարձր գիտակցություն ունեք և ավելի մոտ եք գտնվում մարդուն բնորոշ սեռականություն դրսևորելուն։

Ստացվում է, որ սեռական գրգռումը կենդանական դրսևորո՞ւմ է։

-Սեռական գրգռումը բնազդային ռեակցիա է, որը մեր մեջ դրված է սերնդաշարունակության համար: էրեկցիան, որպես այդ բնազդի իրականացման միջոց, առաջանում է առնանդամի հարթ մկանների թուլացման հետևանքով, այդ ժամանակ արյան ներհոսը դեպի առնանդամ ուժեղանում է, իսկ արտահոսը դժվարանում, արդյունքում արյան լրացուցիչ քանակություն է կուտակվում առնանդամի ներսում, որի շնորհիվ էլ այդ օրգանը մեծանում և պնդանում է: Հիմա…, կարևոր է հասկանալ, որ բոլոր այս ռեակցինաերը տեղի են ունենում առանց տղամարդու մասնակցության, նա կարող է իմանալ թե որն է էրեկցիայի առաջացման մեխանիզմը, բայց իմանալը չի նշանակում, որ նա մասնակցում է դրան, չի կարելի ասել, որ ձեզ հաջողվել է կալցիումական իոնները դուրս մղել առնանդամի հարթ մկաններից… կամ ստացվել է արգելափակել արյան հետհոսի բոլոր ճանապարհները…. տղամարդը չի կարող ասել, որ դա իր արժանիքն է, իր վաստակը: Եվ եթե նա իր առնանդամի պնդանալով է ինքնահաստատվում, ապա նա պարզապես մոլորության մեջ է, քանի որ դրանում իր մասնակցությունը զրո է: Այն ինչը մարդուն զանազանում է կենդանուց, դա իմաստային ապրումներն են, որով սեռաբնազդայինը դառնում է էրոտիկ-սեքսուալ, այսինքն՝ մարդու սեռական կյանքը էրոտիկ կյանքն է՝ լեցուն երևակայություններով, իմաստավորումներով, ստեղծագործականությամբ։

Իսկ ինչպե՞ս կայանալ իբրև տղամարդ, եթե մարմնավաճառն իմ մոտ չի արթնացնում տղամարդուն։ Ո՞րն է այդ ուղին։

-Տղամարդու ինքնահաստատումը նախևառաջ հաստատումն է իր ինքնության վրա։ ՏղաՄԱՐԴԸ չի կարող կնոջը վերաբերվել իբրև մսի կտոր, նա ձգտում է ստեղծել հարաբերություններ, որտեղ կնոջ հետ սեռային ապրումները այդ հարաբերության բնականոն զարգացման հետևանքն են, այդ ժամանակ ցանկություն է առաջանում սիրած էակին ինչքան հնարավոր է մոտ գտնվելու, այդ ցանկությունը փոխանցվում է մարմնի լեզվին և հնարավոր է դառնում սիրո դրսևորման ևս մի ձև, մարմնականը: Այստեղ տղամարդու սեռային ինքնադրսևորումն անարգելք է ընթանում, որովհետև նա ոչ մի տեղ չի չարաշահում և օգտագործում կնոջը, այլ կնոջ հետ փոխլրացնող միության մեջ է:

Փակել


Սեռական կյանքը կլիմաքսից հետո

Կլիմաքսը կամ վերարտադրողական կյանքի ավարտը ամենևին չի նշանակում սեքսուալ կյանքի դադար: Դաշտանադադարով կանայք և անդրոպաուզայով տղամարդիկ շարունակում են ունենալ սեռական պահանջ, որն իր ուժգնությամբ բոլորովին չի զիջում ավելի երիտասարդ տարիքում այդ պահանջի դրսևորմանը: Տարբերությունը այդ պահանջի առաջացման հաճախականության մեջ է, տարիքի հետ այդ հաճախականությունը նվազում է: Այլ խնդիր է այդ պահանջի բավարարումը: Այստեղ դեր են խաղում մի շարք գործոններ` ընդհանուր առողջական վիճակը, զուգընկերոջ ներկայությունը, սեփական սեռական պահանջի հանդեպ վերաբերմունքը, սոցիալական ստատուսի փոփոխությունը /թոշակի անցնելը/: Սովորաբար տարիքի հետ ծագում են առողջական խնդիրներ, օրինակ սիրտանոթային, ստամոքսաղիքային, հենաշարժիչ ապարատի հետ կապված, շաքարային դիաբետ, տարբեր վիրահատական միջամտություններ, որոնք անուղղակի ձևով ազդում են սեռական ֆունկցիայի վրա: Շատ դեպքերում այդ հիվանդությունը բուն սեռական օրգանների և դրանց ֆունկցիայի խանգարմանը չի բերում, սակայն հոգեբանորեն ընկճելով մարդուն` ստիպում է հրաժարվել սեռական կյանքից: Այստեղ պետք է նշել, որ սեռական կյանքից հրաժարումը կամ, այլ կերպ ասած, իբրև կին կամ տղամարդ սեռական ինքնադրսևորումից հրաժարումը, ոչ մի դրական արդյունքի չի կարող բերել, այլ հակառակը` էլ ավելի է իջեցնում սեփական ինքագնահատականը և տանում է արագընթաց ծերացման:

Կարդալ ավելին

Մինչդեռ ընտրելով սեռական կյանքը պահպանելու որոշումը` զույգերը նոր ասպարեզ են բացում իրենց փոխհարաբերություների վերակառուցման համար, և այդ նոր փոխհարաբերությունները սովորաբար տարբերվում են նախկինից է՛լ ավելի խորը և է՛լ ավելի հարուստ բնույթով: Բացի այդ, սեռական կյանքի պահպանումը միանշանակ լավ է անդրադառնում ընդհանուր առողջական վիճակի վրա` կազդուրելով հիմնական հիվանդությունից վատթարացած առողջական վիճակը: Դե ինչ վերաբերում է սեռական օրգանների հետ կապված հիվանդություններին և հատկապես` այդ օրգանների վիրահատական միջամտությանը /արգանդի միոմա և այլ նորագոյացություններ,ձվարանի կիստաներ, շագանակագեղձի ադենոմա, միզապարկի նորգոյացություններ և այլն/ ապա դարձյալ պետք է ասել, որ սեռական պահանջի և սեռական հաճույքի վերապրումը այս պարագայում ևս պահպանվում են: Թերևս կարող են ծագել որոշակի դժվարություններ սեռական գրգռման առաջացման և պահպանման հետ կապված, բայց դա միանշանակ և գրեթե ամբողջովին լուծելի խնդիր է: Ընդ որում ինչքան շուտ է խնդրին լուծում տրվում, այնքան հեշտ և լիարժեք է դառնում սեռական կյանքի և սեքսուալության վերականգնումը:

Մյուս խնդիրը, որը լուծում է պահանջում զուգընկեր/ուհի գտնելն է: Ցավոք ամուսիններից որևէ մեկի մահը կարող է պատճառ դառնալ սեռական կյանքից հարկադիր կերպով զրկման: Այս տարիքում նոր ամուսնություն և առավել ևս նոր սիրային կապ ստեղծելը իսկապես դժվար խնդիր է: Երբեմն իհարկե, որոշում է կայացվում հանուն հանգուցյալ ամուսնու/կնոջ հանդեպ տածած սիրո հիշատակի հրաժարվել սեռական կյանքից և պահպանել ամուսնական հավատարմություն: Իհարկե վեհ գաղափար է և ուժեղ մարդու բնութագիր, խոսք չկա: Բայց այնուհանդերձ սեռական պահանջը երբեմն այնքան հզոր է լինում, որ ուղղակի անհնար է դիմակայելը և ակամայից միտք է առաջանում նոր սեռական զուգնըկեր/ուհի գտնելու և սեռական հարաբերության մեջ ընդգրկվելու մասին:

Պետք է նշել, որ սեռական կյանքի երկարատևությունը, այսինքն թե ինչքան երկար կշարունակվի սեռական կյանքը տվյալ անձնավորության կյանքում, կախված է սեռական պահանջի կանոնավոր բավարարումից: Ինչքան կանոնավոր է սեռական կյանքը մարդու կյանքում, այնքան երկարատև էսեռական կիրքը բավարարելու հնարավորության պահպանումը: Այնպես որ եթե տարեց անձնավորությունը ուզում է պահել իր սեռական կարողությունը, ապա հարկավոր է հնարավորինս շուտ նոր սեռական զուգընկեր գտնելը:

Լինում է և հակառակը: Ամուսնու/կնոջ մահից հետո հանկարծակի արթնանում է երկար տարիներ քուն մտած սեռական պահանջը: Այս երևույթը հանդիպում է նաև տարեց հասակում ամուսնալուծության պարագայում: Ամուսնական շրջանակներում ընկճված և արգելակված սեռական պահանջը վերջապես ազատության ելք է գտնում և բավարարման պահանջ ներկայացնում: Բայց սա այլ թեմա է: Հասարակությունը տարեց մարդկանց սեռական դրսևորումներին մեղմ ասած անբարյացկամ է վերաբերվում: Երբեմն ծայրահեղ անբարյացկամ վերաբերմունքը կարող է զզվանքի աստիճանի հասնել: Հաճախ ամուսինները երբ ծերանում են` լռելյայն որոշում են կայացնում սեռական կյանքից հրաժարվելու` պահպանելով իրենց «բարոյական դիմակը»:

Կան դեպքեր, հատկապես երբ կինը սեռական ցանկության խնդիր ունի` ամուսնու ծերանալը կամ որևէ հիվանդություն ձեռք բերելը դառնում է իսկական արդարացում և համոզիչ փաստարկ սեռական կյանքին ց’տեսություն ասելու, թեև այդ տղամարդը դեռ երկար կարող էր վայելել սեռական կյանքիհաճույքը: Մեկ այլ պարագայում, երբ խնդիր ունի տղամարդը, տարիքը և/կամ հիվանդությունը դառնում է թանկարժեք «ալիբի» կնոջ սեռական պահանջներից «վերջապես» փախնելու համար: Կարճ ասած, քանի որ տարածված է այն համոզմունքը, որ «բարոյական» տարեցները սեռական պահանջներ չեն ունենում, տարիքը դառնում է սեռական կյանքի առաջին թշնամին:

Տարիքի հետ կապված մյուս խնդիրը մարդու արտաքին տեսքի մեջ է: Մաշկը թուլանում է` կորցնելով իր առաձգականությունը, հայտնվում են կնճիռներ, հղիություններից և տարած վիրահատություններից հետո ձևախեղվում են մարմնի և մաշկի երբեմնի սեքսուալ ուրվագծերը, գիրության հետ կապված հայտնվում են ավելորդ ճարպի կուտակումներ, սպիտակ մազեր, մի խոսքով տարիքով մարդու մարմինը կարելի է ասել հակաէսթետիկ տեսք է ստանում և սեքսուալ առումով վանող է թվում: Սակայն, այս բոլորի հետ մեկտեղսեռական պահանջը այնուամենայնիվ շարունակում է ապրել և սեռական հաճույքի վերապրումը միանգամայն պահպանվում է: Ավելին, տարիների կուտակված սեռական փորձը և կյանքի փորձը սեռական հարաբերությունը կարող են դարձնել անզուգական և իր խորությամբ երբեմն անհասանելի: Այս տարիքում վերապրած սեռական հաճույքի ուժգնությունը կարող է մի քանի անգամ գերազանցել երիտասարդ տարիքի օրգազմի ուժգնությանը, քանի որ այս տարիքում միանում է նաև օրգազմի փսիխոէմոցիոնալ բաղադրիչը, որը կարող է հասցնել իսկական սեքսուալ էքստազի: Ցավոք այդ էքստազը չափազանց թանկ գին է պահանջում, ծերության և մահվան գիտակցման գինը:

Այսպիսով` սեռական կյանքը տարիքային սահմանափակում չունի, ցանկացած տարիքում հնարավոր է ապրել սեռական կյանքով և վայելել սեռական հաճույքի երանություն:

Փակել

Առնանդամի չափը

Առնանդամի չափսը մեր պրակտիկայում հաճախակի հանդիպող գանգատ է: Բժշկական օգնության տեսանկյունից կարելի է տարբերակել երեք խումբ տղամարդիկ: Առաջին խումբը` առնանդամի նորմալ չափս ունեցող տղամարդիկ են, որվքեր պարզապես ունեն սխալ պատկերացումներ և սպասումներ` կապված առնանդամի չափսի և սեռական մերձեցման իրականացման հետ: Սա խորը իմաստով գալիս է նրանից, որ տղամարդու ինքնությունը սոցիալ-մշակութային հրամայականներով նույնացվում է այդ օրգանի չափսի հետ, և անատոմիական այս միավորը, փաստորեն, դառնում է տղամարդկության սոցիալ-մշակութային նշանակության ողջ ծանրությունը իր վրա կրող անարդարացիորեն չարաշահված օրգան: Այս տեսակի տղամարդիկ կարիք ունեն ռացիոնալ հոգեթերապևտիկ օգնության, որը արմատապես կլուծի նրանց անհանգստությունը:

Երկրորդ խումբ տղամարդիկ ունեն ավելի լուրջ` հոգեբուժական խնդիրներ` դիսմորֆոֆոբիկ համախտանիշ` կապված առնանդամի չափի հետ: Այստեղ երբեմն պահանջվում է հոգեբուժական խորհրդատվություն և բուժական օգնության կազմակերպում այս դաշտի շրջանակներում:

Երրորդ խումբը իրոք միկրոպենիսով տղամարդիկ են, այստեղ չափի պատճառով իրոք առաջանում են ներթափանցման լուրջ խնդիրներ և սեռական դիրքերի անհարմարություն: Կանայք, ովքեր սեռական հաճույք են ապրում վուլվայի գրգռումից, ներթափանցման կարիք չունեն և միկրոպենիսը այս դեպքերում խնդիր հանդիսանալ չի կարող: Այլ է այն կանանց դեպքում, երբ ներթափանցումը պարտադիր անհրաժեշտություն է սեռական հաճույք ապրելու համար: Կարելի է ենթադրել, որ ամենամեծ դժգոհությունը չափսից արտահայտում են այն կանայք, ովքեր ընդհանրապես սեռական գրգռում և հաճույք չեն ապրում, քանի որ այստեղ տուժում են իրենց էմոցիոնալ կարիքները, կանացի ինքնությունը:

Պատանեկան ձեռնաշարժություն

Ձեռնաշարժությունը (մաստուրբացիա, ինքնաբավարարում, օնանիզմ) ձեռքի օգնությամբ ինքնագրգռման հասնելն է, որն ավարտվում է սերմնաժայթքումով` տղամարդկանց մոտ և հեշտանքի զգացումով` երկու սեռերի մոտ: Կան ձեռնաշարժության մի քանի ձևեր: Նախ և առաջ դա պատանեկան ձեռնաշարժությունն է: Սա պատանեկան տարիքում տղաների սեռական հասունացման բնորոշ դրսևորումներից է: Ձեռնաշարժության այս տեսակը պայմանավորված է ֆիզիոլոգիական և սոցիալական գործոններով: Ֆիզիոլոգիական գործոնն այս տարիքում առաջացող նեյրոհորմոնալ բուռն տեղաշարժերն են:

Պատանեկության շրջանում կտրուկ բարձրանում է արական սեռական հորմոնի` տեստոստերոնի քանակությունը, որը երկու ճանապարհով խթանում է ձեռնաշարժության երևույթը: Նախ, տեստոստերոնի աճող քանակը արագացնում է ամորձիների զարգացումը և սերմի արտադրության պրոցեսը: Արագ տեմպերով կուտակվող սերմնահեղուկը լարում է առաջացնում սերմնատար ուղիներում` ճնշում գործադրելով այդ ուղիների պատերում տեղակայված մեխանոռեցեպտորների վրա: Այս ճնշումը ընկալվում է իբրև ֆիզիոլոգիական դիսկոմֆորտի վիճակ, որից ամեն կերպ ազատվելու ձգտումը դառնում է գերիշխող շարժառիթ:

Կարդալ ավելին

Մյուս կողմից, տեստոստերոնն ազդելով բարձրագույն նյարդային համակարգում տեղակայված սեռական վարքի համար պատասխանատու կենտրոնների վրա` թողնում է էրոտիզացնող հատկություն, որը դրսևորվում է սեռազգայնության բարձրացմամբ, սեռական բնույթի երևակայությունների առաջացմամբ: Ձեռնաշարժությանը նպաստող սոցիալական գործոններն են` ընտանիքի ձևավորման տարիքային բարձր շեմը և մեր հասարակության մեջ կնոջ և տղամարդու համար գործող բարոյական նորմերի երկակի ստանդարտները:

Պատանին այս տարիքում ոչ կարող է ամուսնանալ, քանի որ սոցիալապես հասուն չէ, ոչ էլ սեռական կապ ունենալ իր հասակակից աղջիկների հետ, քանի որ վերջիններս պետք է պահպանեն իրենց կուսությունը նախքան ամուսնանալը: Այսպիսով, պատանեկան տարիքում հորմոնալ փոթորկով պայմանավորված սեքսուալ դիսկոմֆորտից ձերբազատվելու ուղին դառնում է ձեռնաշարժությունը: Բժշկական տեսանկյունից պատանեկան հիպերսեքսուալության ձեռնաշարժությունը չունի ախտաբանական ազդեցություն առողջության վրա: Այն ունի ժամանակավոր բնույթ և սովորաբար անցնում է, երբ ավարտվում է սեռական հասունացման բուռն շրջանը, սովորաբար 21 տարեկանին մոտ:

Սակայն, կրոնական պատկերացումների ազդեցության տակ ձեռնաշարժությունը սերտ կապով ամրացել է մեղքի զգացումի հետ: Հին Կտակարանում այս երևույթին տրվում է խիստ բացասական գնահատական, համարվելով ծանրագույն մեղք:

Փակել

Սեռական համատեղելիություն և ներդաշնակություն

Հաճախ լսում ենք այն թյուր կարծիքը, որ սեռական ներդաշնակությունը որոշակի կնոջ և որոշակի տղամարդու սեռական համապատասխանությունն է, ինչպես ասենք բանալին համապատասխանում է իր կողպեքին: Եթե կնոջ և տղամարդու սեռական կյանքը երկկողմանի բավարարություն չի պատճառում, ուրեմն նրանք ուղղակի սեռապես համատեղելի չեն: Ստացվում է, որ սեռական ներդաշնակությունը ի սկզբանե տրված և կայացած մի բան է, որը կամ կա, կամ չկա ու չի էլ կարող լինել:

Այս տեսակետից բխում են որոշ հասարակական դրսևորումներ: Երիտասարդ տղան ամեն կերպ ձգտում է սեռական հարաբերություն ունենալ աղջկա հետ նախքան ամուսնանալը, քանի որ ուզում է համոզված լինել, որ սեռապես համատեղելի է նրա հետ: Նրան սարսափ է ներշնչում այն միտքը, որ ամուսնանալուց հետո ինքը կարող է կանգնել “փաստի առջև” և արդեն ուշ կլինի որևէ բան փոխելը ու ստիպված կլինի ամբողջ կյանքը բավարարվել “միջակ սեքսով”: Փոխելով զուգընկերոջը/ուհուն հույսեր են տածվում ավելի մեծ սեռական բավականություն ստանալու, քան իրականում առկա է ներկա հարաբերության մեջ:

Այսպիսով հետապնդելով սեռական ներդաշնակությունը պատրաստի վիճակում ինչ-որ տեղ գտնելու անհիմն փափագը, անցնում են տարիներ, մեկը մյուսի հետևից հերթափոխվում են սեռական զուգընկերներ/ուհիներ և այդպես էլ սայլակը տեղից չի շարժվում:

Մինչդեռ իրականում սեռական համատեղելիությունը զույգի համատեղ ջանքերով ստեղծված իրողություն է: Այն չի տրված պատրաստի վիճակում, այլ սերմ է, որը պահանջում է հետևողական խնամք, որպեսզի ծլի ու ծաղկի և ամուսնական կյանքի տարիների ընթացքում տա իր արժանի պտուղները: Այս ճանապարհին զույգը հանդիպում է որոշակի դժվարությունների և խոչընդոտների, այդ թվում և բժշկական, որոնց հաղթահարումը սեռական ներդաշնակության հասնելու նախապայման է: Փախուստը այդ դժվարություններից խոսում է անձնային խնդիրների մասին: Ամեն անգամ դիմելով փախուստի անձը մնում է նույն կետում կանգնած, որը շատ հեռու է սեռական ներդաշնակությունից:

Անպատասխան սեռական գրգռվածություն

Հաճախ են բժիշկ-սեքսոլոգին հարցնում, թե արդյոք վնասակար չէ՞ սեռական կյանքի բացակայությունը կնոջ կյանքում: Նմանատիպ հարցեր ուղղում են հատկապես այն կանայք, ովքեր գտնվում են հասուն տարիքում և դեռ ամուսնացած չեն: Ինչո՞ւ են ծագում այսպիսի հսրցեր, մի՞թե այդ կանայք տանջվում են սեռական ցանկությունից, թե ուղղակի արգելված պտուղը քաղցր է թվում, որովհետև հասարակական անգիտակցականում նախաամուսնական սեռական հարաբերությունը համարվում է միայն տղամարդկանց տրված արտոնություն…

Իսկապես, եթե չամուսնացած, սեռահասուն տարիքի կինը վերապրում է սեռական մերձեցման ուժգին պահանջ ու չի բավարարում այն, ապա վնասակա՞ր է արդյոք այդ պահանջի հետ մղումն ու սեքսուալ գրգռվածության դեմ պայքարը: Այս հարցին պատասխանելու համար հարկ է որոշակի պատկերացում ունենալ կնոջ սեքսուալության ֆիզիոլոգիայի վերաբերյալ: Սեքսուալ առողջ կնոջը բնորոշ է սեռական գրգռմանն ի պատասխան մարմնապես արձագանքելը: Այդ արձագանքը դրսևորվում է սեռական օրգանների արյունալեցմամբ, որի հիմնական արտաքին նշանը հեշտոցի խոնավացումն է: Գոյություն ունի նաև սեքսուալ գրգռման ներքին սուբյեկտիվ վերապրում, որը նորմայում զուգուրդվում է մարմնական պատասխանի հետ: Սակայն սեռական գրգռման վերապրումը դեռևս չի նշանակում, որ կինը պատրաստակամ է սեռական հարաբերություն ունենալ: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի կինը սեռական մերձեցման օգտին խոսող հիմնավոր մոտիվացիա ունենա: Եթե կողմ և դեմ մոտիվացիաների համադրումը խոսում է ի օգուտ առաջինի, սեռական մերձեցումը կայանում է:

Կարդալ ավելին

Այժմ պատկերացնենք, որ ի պատասխան սեքսուալ գրգիռի, կնոջ մոտ ի հայտ է եկել սեռական գրգռվածության ներքին վերապրում, սակայն սեռական հարաբերության օգտին խոսող «կողմերը» ծանրակշիռ չեն: Ի՞նչ է անում կինը: Դե իհարկե, բռնանում է սեփական մարմնի վրա, դիմադրելով սեռական գրգռման բնականոն և միանգամայն առողջ դրսևորմանը: Իսկ ո՞րն է հետևանքը: Եթե այդպիսի “բռնությունը” հաճախակի և պարբերաբար կրկնվող իրողություն է, հետևանքը` նյարդային մեխանիզմներով սեռական գրգռման առողջ ռեֆլեքսի ապաարգելակումն է: Աստիճանաբար սեքսուալ գրգիռները դառնում են անտարբեր, կինը հանգիստ կարող է պահպանել լիակատար սեռական սառնություն անգամ ամենաիմաստուն սեռական գրգռման պարագայում: Այսպիսի ելքը կարող է դրամատիկ դեր խաղալ ապագայում, երբ պարզվում է, որ սիրելի ամուսնու հետ ցավոք, ոչինչ չի ստացվում:

Ուրեմն` ի՞նչ: Ինչպե՞ս վարվել խելամտորեն, որպեսզի կոնֆլիկտ չունենալ բազմամյա ավանդության հետ և պահպանել առողջ սեքսուալությունը: Պատասխանը շատ պարզ է` պատասխանատու լինել սեփական մարմնի նկատմամբ: Իսկ դա նշանակում է ճանաչել մարմինը և հաշվի նստել մարմնական դրսևորումների հետ, նախքան սեռական բնույթի որևէ գործողություն ձեռնարկելը` կշռադատել ու գիտակցել մարմնի վրա սեռական վարքի բոլոր հնարավոր հետևանքերը:

Փակել

Սեռական անկարողություն

Այցելուի հիմնական գանգատը սեռական անկարողությունն էր: 37 տարեկան էր, ամուսնալուծվել էր, կնոջ ծնողները խայտառակ ձևով հետ էին տարել իրենց դստերը: Երբեք չէր դիմել բժշկական խորհրդատվության, քանի որ ֆինանսական կարիքի մեջ էր: Այցելուն հաճախում էր կյանքի խոսք եկեղեցի արդեն 10 տարուց ավել: Իր խոսքերով` աստված էր իրեն պատժել, քանի որ երիտասարդ տարիներին չարաշահել էր ինքնաբավարարումը և բորբոքել աստծու բարկությունը իր նկատմամբ: Վաղուց հաշտվել էր իր սեռական անկարողության /սեռական թուլության/ և աղքատության հետ, գտնում էր, որ երբևէ հաջողություն չի ունենա կյանքում, չի ամուսնանա և ունենա ընտանիք` կին, երեխաներ: Միակ հույսը դրել էր Աստծո բարեհաճության վրա, իր խոսքերով աստված մի օր հրաշք կանի:

Կարդալ ավելին

Ինձ մոտ այցելուն հայտնվեց ոչ իր նախաձեռնությամբ, այլ` մոր և քրոջ: Իմ բոլոր փորձերը նրան հասկացնելու, որ ինքը պատժված չէ աստծո կողմից, այլ չի կարողանում սեռական կյանքով ապրել այն պատճառով, որ ունի հիվանդություն, որի համար ինքը ամենևին պատասխանատու չէ, քանի որ իր ընտրությունը չէ, բոլոր իմ համոզումները, որ 100 % դեպքերում իր հիվանդությունը բուժելի է, ապարդյուն անցան, ինչպես և լինում է բոլոր այն դեպքերում, երբ այցելուն չի գալիս իր նախաձեռնությամբ, այլ մեկ ուրիշի:

Այցելուն ընկճված էր, ճնշված տրամադրության մեջ: Ոչ մի հույս չուներ, որ լավ կլինի, մռայլ վհատությունը լրիվ կուրացրել էր նրան,-Ինձ միայն Աստված կարող է օգնել, ուրիշ ոչ մեկ: Անվստահությամբ նայում էր ինձ ու նկատեցի, որ աչքերի մեջ կատաղության փայլ երևաց, -ուրիշ ոչ մեկ, հասկանու՞մ եք, գոռաց նա հանկարծակի կատաղությամբ, -ես հիվանդ չեմ, ինձ հիվանդ են դարձրել այն աղջկա ծնողները, որ տարան կնոջս ինձանից,-կատաղած վեր բարձրացավ աթոռից ու դուրս եկավ սենյակից` դուռը հետևից այնպես շրմփացնելով, որ գաջի մի քանի ծեփակտոր թափվեցին գետնին:

Հասկացա, ինչ է կատարվում: Վիճակը շատ լուրջ էր, պետք էր անհապաղ մի բան անել: Անհանգստացած վեր կացա, որ դուրս գամ միջանցք և խնդրեմ մի վերջին խոսք ասել նրան: Բայց նա ինքը ներս մտավ ու մի պահ քիչ մնաց բախվեինք իրար:

-Կներեք բժշկուհի, -մեղավոր հայացքով նայեց ինձ, ու արցունքի կաթիլները սկսեցին հորդել աչքերից: Դեմքը թաքցրեց ափերի մեջ և հուզմունքի երկար րոպեներ հաջորդեցին իրար:

Փորձելով յուրաքանչյուր բառս կշռադատել, ծանր ու թեթև անել, հնարավորինս մեղմ ձայներանգով ասեցի`

-Ես հասկանում եմ, ինչքան դժվար է ձեր վիճակում գտնվելը, դուք իսկապես հզոր անձնավորություն եք, որ կարողացել եք տանել ձեր կյանքի բոլոր ծանր ապրումները: Մեկ ուրիշը ձեր փոխարեն կարող էր և չդիմակայել այնպես հերոսաբար, ինչպես դուք եք արել: Ու հետո, փոքր ինչ ավելի լուրջ տոնով, շարունակում եմ`այո, դրանք աստծո պատիժն են ձեր կյանքում, ու ձեզ մնում է միայն աղոթել աստծո բարեհաճության համար ու ես էլ ձեր հետ կաղոթեմ: Բայց չեք կարծում, որ հենց հիմա դուք շարունակում եք նույն բանն անել` բորբոքել Աստծու բարկությունը` չհարգելով ձեր մորը, որ տարիքն առած կին է, ու մեծ դժվարությամբ եկել-հասել է այստեղ հանուն ձեզ, հանուն ձեր առողջության: Ինչու հանուն ձեր մոր, չփորձել մի քանի բժշկական հետազոտություն անցնել: Ձեր մայրը կուրախանա դրանից ու դուք կշահեք աստծո ներողամտությունը:

Կարծես ինչ-որ բան շարժվեց, աչքերի մեջ հայտնվեց հույսի նշույլ:

-Լավ, ի՞նչ պետք է անեմ:

Անմիջապես թղթի վրա գրեցի այն բոլոր հետազոտությունները, որոնք կարող են օգտակար ինֆորմացիա տալ իր հիվանդության ախտորոշման և բուժման կազմակերպման համար:

Թուղթը մեկնեցի նրան, վերցրեց, ուշադիր կարդաց ու խոստացավ անցնել բոլոր հետազոտման սենյակներով:
Մի քանի օր անց, հետազոտությունների արդյունքների հիման վրա պարզվեց, որ առկա է արտահայտված բորբոքում ներքին սեռական օրգաններում, հորմոնալ որոշակի տեղաշարժ և նյարդային համակարգի ախտահարման ցուցանիշներ:

Մշակվեց բազմափուլանի բուժում:

Անցավ երեք շաբաթ, այցելուն եկավ ադեկվատ հագնված, աչքերը փայլում էին, դեմքը լուսավորվել էր: Եկավ առանց ուղեկցության, իր կամքով և հայտնեց, թե ինչքան սրտատրոփ սպասել էր մեր հանդիպմանը: Կարծես թե դրական տեղաշարժեր կան, -ասաց նա ուրախությամբ,- կենդանության նշաններ եմ զգում մարմնիս մեջ:

Խոսակցությունը շրջվեց դեպի իր մեղքի զգացումը, նա հայտնեց, որ դեռ պատանի հասակում միշտ լսել է իր ընկերներից ու ծնողներից, որ ձեռնաշարժությունը ծանր մեղք է, որ մարդիկ, ովքեր զբաղվում են դրանով, անդառնալի վնաս են հասցնում առողջությանը, այդ պատճառով ամեն անգամ այդ միջոցին դիմելուց հետո ծանր մեղքի զգացում էր ունենում: Յուրաքանչյուր հաջորդ անգամ սեռական կիրքը այնքան ուժեղ էր լինում, որ չէր կարողանում դիմակայել դրան ու հարկադրաբար կրկին զբաղվում էր ինքնաբավարարմամբ:

Բժշկական տեսանկյունից միանշանակ կարելի է ասել, որ կան ինքնաբավարարման ձևեր, որոնք ոչ մի ձևով հիվանդագին համարել չի կարելի, այլ ընդհակառակը` նույնիսկ ցուցված են, որպեսզի խուսափել լուրջ հիվանդագին վիճակների առաջացումից: Դրանք են պատանեկան տարիքի ինքնաբավարարումը, փոխարինող ինքնաբավարարումը: Այս դեպքերում ձեռնաշարժությունը հանում է սեռական լարվածությունը և վերականգնում ներքին մարմնական և հոգեկան հավասարակշռության զգացողությունները:

Պատանեկան տարիների ձեռնաշարժությունը հատկապես մեղքի զգացումով է արմատավորվում այն անձանց մոտ, ում միկրոսոցիալ շրջանում բացասական վերաբերմունք է իշխում սեռական դրսևորումների հանդեպ և երեխաներին հաղորդում են այն սխալ համոզումը, որ աստված պապիկը կբարկանա, եթե դու չարություն անես ու կպատժի քեզ:

Հոգևոր գործիչները ինձանից լավ կբացատրեն, թե ինչ տեսակ կործանարար ազդեցություն է ունենում մանկական հոգեբանության վրա աստծո մասին այս տեսակ պատկերացում ստեղծելը:

Սեքսոլոգները կարող են հավաստել, որ ոչ պակաս կործանարար է ազդում հակասեքսուալ դիրքորոշումը ընտանիքում և սեքսուալ դրսևորումների ճնշումը մանկական և պատանեկան տարիներին, ինչպես նաև ավելորդ մեղքի զգացումը, որը հետագայում տարածվում է նաև նորմալ ֆիզիոլոգիական դրսևորումների վրա` սեռական և, ինչու չէ, հոգեկան հիվանդությունների պատճառ դառնալով: Եթե այսպիսի մթնոլորտում մեծացող երեխան ունի նաև հորմոնալ անբավարարություն, ասենք սոմատոսեքսուալ զարգացման ուշացում, և/կամ անձնային որոշակի գծեր` ամաչկոտություն, ինքնամփոփություն, ինքնավերլուծման և ինքնաքննադատման հակվածություն և այլն, ապա շատ մեծ է հավանականությունը, որ կզարգանա որևէ սեռական խանգարում: Սովորաբար այս տեսակ անձանց մոտ անխուսափելի են նաև սեռական օրգանների տեղային ախտահարումները, որոնք իրենց հերթին խորացնում են հիվանդության ընթացքը: Մեծ հավանականությամբ ախտաբանական գործընթացի մեջ է ընդգրկվում նաև նյարդային համակարգը և գլխուղեղի համապատասխան ենթաբաժինները, բերելով այս կամ այն հոգեկան նշանների առաջացմանը:

Անցավ ևս 3 շաբաթ, այցելուն հայտնվեց իմ սենյակում մի երիտասարդ կնոջ ուղեկցությամբ, պարզվեց, որ երկար ժամանակ հավանում էր այս աղջկան, բայց չէր համարձակվել մոտենալ: Հիմա միասին էին, և կինը պատրաստ էր ամեն ինչով աջակցել բուժման ընթացքին: Պարզվեց նաև, որ այցելուն աշխատանքի առաջարկություն էր ստացել իր տան հարևանությամբ գտնվող մի ձեռնարկությունից:

4 ամիս անց այն օրվանից, երբ առաջին անգամ նա հայտնվեց մեր կլինիկայում, ես ստացա մի հեռախոսազանգ` -Բժշկուհի, կինս հղի է… Հուզվելու իմ հերթն էր: Ամեն անգամ, երբ այցելուն բուժվում է և լույս աշխարհ գալիս մի նոր մանուկ, աննկարագրելի հուզմունք է առաջանում մեջս և ուզում եմ ամբողջ ուժով բղավել.

-Սեռական հիվանդությունները ոչ անձի կամքով առաջացող հիվանդություններ են, անձը «մեղավոր» չէ իր հիվանդության համար, սեռական խանգարումները բուժելի են և գրեթե 100% դեպքերում վերականգնվում է սեքսուալ, ինչպես նաև մանկածնման ֆունկցիան, միայն թե պետք է ճանաչել այն ու հավատալ:

Փակել

© 2017 | ՆարինԷ Ներսիսյան | Բոլոր իրավունքները պաշտպանված են |

Besucherzahler
счетчик посещений