Սիրելի բժշկուհի, ես մտահոգ եմ մի հարցով, որի համար բավարար ինֆորմացիա ակնկալում եմ Ձեզնից՝ իմ մոտեցումը ճիշտ դրսևորելու համար: Տասներեք տարեկան աղջկաս մոտ նկատել եմ ձեռքով ինքնաբավարարմամբ զբաղվելը: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչը կարող էր նման արարքի պատճառ դառնալ, ինչքանով է՞դա նորմալ այդ տարիքում, և ո՞րն է լինելու իմ արձագանքը դրան:

Պատասխան

Դեռահասությունը այն տարիքն է, երբ աղջիկների և տղաների մոտ սկսվում է սեռական արբունքը։ Արտադրվում են մեծ քանակությամբ սեռային հորմոններ, որոնց ազդեցությամբ հասունանում և ձևավորվում են սեռին բնորոշ ֆիզիկական և հոգեկան առանձնահատկությունները, հայտնվում են նոր վարքագծային ստերեոտիպեր։ Սեռական ինքնաբավարարումը այս տարիքին շատ բնորոշ սեռային դրսևորում է, հատկապես տղաների մոտ, սակայն հանդիպում է նաև աղջիկների մոտ: Այն ուղղված է սեռական լարվածության հաղթահարմանը, որը կուտակվում է դեռահասի մարմնում։ Այդ լարվածության զգացողությունը սկզբում անգիտակից է, դեռահասը չգիտի, թե ինչ է կատարվում իր հետ, նա միայն զգում է, որ ինչ-որ նոր զգացողություններ են հայտնվել, որոնք հանգիստ չեն տալիս: Հատկապես մեծ շփոթություն կարող են առաջացնել էրոտիկ բովանդակությամբ երևակայությունները։ Հաճախ այս տարիքում դեռահասները զրուցում են իրար հետ նման հարցերի շուրջ կամ էլ ինքնուրույն համացանցում որոնում են իրենց հուզող հարցերի պատասխանները։ Քանի որ ինքնաբավարարումը բերում է երանելի խաղաղության զգացման, ապա այս զբաղմունքը դառնում է սովորության պես մի բան և դրանից կարող է առաջանալ կախվածություն: Ձեր մտահոգությունը իբրև ծնողի միանգամայն հասկանալի է, սակայն ձեր կողմից այդ անհանգստությունը կարող է է՛լ ավելի վնասել դեռահասին՝ բարդացնելով նրա ապրումները մեղավորության զգացումով և առաջացնել զզվանք սեռական դրսևորումների հանդեպ: Ձեր կողմից գրագետ մոտեցում կլինի խոսել ձեր աղջկա հետ նրա սեռական զգացողությունների, սեռական հետաքրքրության, սեռական գրգռման մասին, ասել նրան, որ դրանք նրա սեռի միանգամայն նորմալ դրսևորումներ են և լրիվ առողջ են: Շատ կարևոր է, որ զրույցը տանեք առանց ամոթի, զայրույթի, կշտամբանքի ներթաքույց զգացումների, որոնք լսելի կլինեն ձեր ձայնի մեջ: Հարկավոր է սովորեցնել դեռահասին, թե ինչպես նա կարող է ճանաչել և առողջ ձևով տիրապետել այդ զգացողությունները, որպեսզի դրանք չդառնան գերիշխող իր առօրյայում և չկլանեն նրա ամբողջ ուշադրությունը, այլ համեստորեն զբաղեցնեն իրենց տեղը նրա անձնական կյանքում: Կան այս թեմաներով սեմինարներ, բայց ավելի մեծ ուսուցիչ է բնությունը, ուստի այս տարիքում խորհուրդ է տրվում հնարավորինս շատ գտնվել բնության գրկում, որպեսզի դեռահասի հոգեսեռական հասունացումը ներդաշնակի բնության ռիթմերին: Բնությունից քաղած ամենամեծ դասը դա սեռականության և վերարտադրողության անխզելի կապի գիտակցումն է։ Բացի այդ, անչափ կարևոր է այս տարիքում գեղարվեստական գրականության ընթերցումը և սպորտով զբաղվելը: Ամեն ինչ պետք է անել, որ սեռական զարգացման հետ մեկտեղ հարստանան նաև դեռահասի իմացական, հոգեկան, հոգեսոցիալ և սոցիալ-մշակութային աշխարհները: Սովորաբար համակողմանիորեն մատուցած սեռական դաստիարակությունը կասեցնում է պատանեկության տարիքի մաստուրբացիոն ակտիվությունը՝ շեշտը դնելով զույգային հարաբերություններ կառուցելու կարևորության և այդ հարաբերության ենթատեքստում սեռական դրսևորումները ներառելու հմտությունների ձևավորման վրա։

Փակել