Բարև Ձեզ: Երկար մտածելուց ու պատասխան չգտնելուց հետո, որոշեցի գրել Ձեզ՝ հուսալով, որ ինչ-որ խորհուրդ կտաք: Ես 19 տարեկան եմ: Երբեք սեռական հարաբերություն չեմ ունեցել: Մանկուց՝ մոտ 10 տարեկանից, զբաղվել եմ ինքնաբավարարմամբ: Միշտ մտածել եմ, որ իմ առաջին սեռական հարաբերությունը պետք է լինի այն մեկի հետ, ում իրոք կսիրեմ: Բայց ես շատ դժվար եմ սիրահարվում, հատկապես վերջին տարիներին: Չեմ կարողանում գտնել մեկին, ում կկարողանամ սիրել: Սրա հետ մեկտեղ ուժեղ սեռական ցանկություն եմ ունենում: Ինքնաբավարարումն արդեն չի օգնում: Վերջերս էլ անքնություն ունեմ, որը կարծում եմ նշածս խնդրի հետևանքն է: Հարցս հետևյալն է. ի՞նչ բացասական հետևանք կարող է ունենալ այն, որ ես իմ սեռական կյանքը սկսեմ ոչ սիրելի մարդու հետ, այսինքն` առաջին հարաբերությունս լինի միայն սեռական պահանջների բավարարում ու ոչ ավելին: Շնորհակալ եմ նախապես:

Նախ ասեմ, որ այս տարիքում սեռական ինքնաբավարարումը պայմանավորված է հորմոնների բուռն արտադրությամբ: Այն սկսվում է պատանեկան տարիքից և պայմանավորված է գլխուղեղի վրա այդ հորմոնների էրոտիզացնող ազդեցությամբ, սերմնահեղուկի ինտենսիվ արտադրությամբ և դրա կուտակման համար նախատեսված պահեստների բացակայությամբ: Սակայն պետք է իմանալ մի շատ կարևոր ֆիզիոլոգիական օրինաչափություն՝ ինչքան շատ եք ձեռնաշարժությամբ ազատագրվում սեռական լարվածությունից, այնքան ավելի ուժեղ է դառնում հերթական սեռական ցանկությունը:

Պատասխան

Իհարկե, ֆիզիոլոգիական տեսակետից, որևէ առողջական մարմնական խնդիր չի առաջանում: Գլխուղեղի այն կենտրոնները, որոնք պատասխանատու են սեռական ակտիվության ֆիզիոլոգիական ընթացքի համար, «չեն տարբերում, թե ինչպես է լիցքաթափվում իրենց տերը՝ զույգային սեռական հարաբերությա՞ն, թե՞ ինքնաբավարարման միջոցով», ֆիզիկական մարմնի մակարդակում ընթացող գործընթացները նույնն են երկու դեպքում էլ։ Պետք է իմանալ, որ սեռական վարքը վերահսկող այդ կենտրոնները նույնական են կենդանական աշխարհի ավելի ցածրակարգ տեսակների՝ օրինակ առնետների կամ ճագարների այդ կենտրոններին: Դրանք պարզապես գրանցում են առկա սեռական ակտիվության փաստը և «իրենց պարտավորությունների համաձայն» մատակարարում են բավարար ֆիզիոլոգիական միջոցներ սեռական գործունեության բարեհաջող ընթացքի համար:

Սակայն միայն փաստի արձանագրումը բավարար չէ մարդու վարքի կարգավորման համար: Փաստերը իմաստավորման կարիք ունեն, եթե խոսքը գնում է մարդկային էակի գործունեության մասին, ուստի բացի ցածրակարգ կենտրոնների մասնակցությունից, որոնք պատասխան են տալիս վեգետատիվ գոյության համար, մարդու սեռական վարքի կարգավորմանը մասնակցում են գլխուղեղի ավելի բարձրագույն հատվածներ: Դրանք այն կենտորններն են, որոնց շնորհիվ մարդը ճանաչողական գործունեություն է իրականցնում: Միայն մարդուն է հուզում այն հարցը, թե որքանով է իր արածը մարդուն արժանավայել: Միայն մարդն է ամոթի և մեղքի զգացում ապրում, երբ կողմնակի հայացքով նայում է իր արածին: Ինքնաբավարարումից ապրած ամոթը և մեղավորության զգացումը խոսում են հենց այն իրողության մասին, որ մարդը գնահատական է տալիս իր արածին, միչդեռ կնեդանին երբեք չի ամաչում իր սեռական բնազդի ցանկացած տեսակի դրսևորումից:

Մարդն ամաչում է ինքնաբավարումից, քանի որ այդ ակտիվության ժամանակ նա հաճույք է ապրում մենակով և սա գնահատում է որպես անձնասիրական քայլ, բայց մի կողմ թողնելով այս երևույթի բարոյահոգեբանական գնահատականը, այս պահին ուզում եմ միայն շեշտադրել այն հանգամանքը, որ ինքնաբավարարումից հետո անխուսափելիորեն ի հայտ են գալիս մեղքի և ամոթի զգացումներ ու այս խնդիրը մարդուն անամոթ դարձնելու փորձերով չէ, որ պետք է լուծել:

Հատուկ պետք է ուշադրություն դարձնել տարիքային գործոնին: Ինչ-որ տարիքում միանգամայն նորմալ է անձնասեր լինելը, անձի շահերը պաշտպանելը և անձի նպատակներին հասնելը: Նորմալ է նաև սեռական ինքնաճանաչողության նպատակով մարմնի սեռազգայուն հատվածները ուսումնասիրելը: Սակայն ավելի ուշ տարիքում, առողջ մնալու համար պահանջվում է, որ մարդը դուրս գա իր անձի շրջանակներից և սկսի ծառայել այլ մարդկանց բարեկեցությանը, այլ կերպ ասած` մարդու կայացման համար կարևոր է, որ նա սոցիալական էակ դառնա, ապրի այլ մարդու հետ հարաբերության ենթատեքստում, իսկ զույգային հարաբերությունը և հատկապես ինտիմ կյանքը այն հարթակն է, որի շրջանակներում տեղի է ունենում մարդու կայացման այդ գործընթացը:

Որոշակի տարիքից սկսած, իսկ դա 25 տարեկանն է, անձը պետք է կարողանա սեռական իր հակումը բավարարել զույգի հետ հարաբերության ենթատեքստում: Կանայք և տղամարդիկ, ովքեր ունեն այդ հակման ոչ հասունություն, ի վիճակի չեն կենտրոնացնելու իրենց սեռականության ուժային պոտենցիալը ներթափանցման մտքի մեջ, որը խորհրդանշում է սեռային ամբողջացման ուղին: Ինքնաբավարարվող մարդիկ շահագործում են իրենց սեքսուալության զգայական բաղադրիչը, այսինքն սեքս են անում միայն հաճույքի և օրգազմ ապրելու նպատակով՝ անտեսելով սեռային ամբողջացման խորհուրդը: Ընդ որում, շատ հաճախ սեռական ինքնաբավարարման այդ ակտիվությունը կատարվում է թաքուն կնոջից/ամուսնուց, որի պատճառով այս մարդիկ խորը ներքին կոնֆլիկտ և մեծ սթրեսային լարվածություն են ապրում:

Ես խորհուրդ չէի տա առաջին սեռական հարաբերություն ունենալ ոչ սիրելի անձնավորության հետ, դա կարող է խեղաթյուրել սեռային և հոգեկան առողջության հիմքերը, քանի որ կենտրոնական նյարդային համակարգում կառաջանան ոչ առողջ նյարդային ասոցիացիաներ, դուք իրավացիորեն դեմ եք ոչ զգացմունքային սեքսին: Խորհուրդ կտամ դադարեցնել նաև ձեռնաշարժությունը և կնոջ հետ հարաբերություն ստեղծելու հմտություններ ձևավորել որպեսզի այս ոլորտում չդառնաք «հաշմանդամ»։

Պետք է հիշել, որ սեռական հասունացման համար անհրաժեշտ է փոխհարաբերություն, այլ ոչ թե սեռական ցանկություն, սեռական կիրքը չի նպաստում հասունացմանը, այլ հակառակը, այն կասեցնում է կին/տղամարդ դառնալու ամեն հնարավորություն, փակում է զարգացման ճանապարհը: Սեռահասուն կին/տղամարդ ի վիճակի է ձևավորել միայն սեռական կրքի լռեցման պարագայում: Հոգեսեռական էակի աճն ապահովողը մարդու ինքնությունն է, քանի որ միայն նրա ներկայությամբ է հնարավոր սեռերի անշահախնդիր միաձուլում՝ ձգտում միմյանց նկատմամբ՝ պայմանավորված ոչ թե սեռական կրքով, այլ կարոտով: Կարոտ առ այն, ինչ պակասում է սեռային լրիվության, ամբողջացման համար, քանի որ սեռային տեսակետից մարդը պառակտված է:

Փակել