Ծլիկային խթանում

1. -Բարև ձեզ բժշկուհի, սեռական հարաբերության ժամանակ ես հաճույք եմ ստանում միայն այն դեպքում, երբ զուգահեռ ծլիկային գրգռում եմ անում, որից իմ ամուսինը դժգոհում է, դա ինձ կաշկանդում և արգելակում է: Ես ստիպված եմ լինում սեռական հարաբերությունից հետո թաքուն ինքս ինձ ծլիկային գրգռում անելով բավարարվեմ: Խնդրում եմ օգնեք ինձ, արդյո՞ք ես անլիարժեք եմ:

Պատասխան

-Կարիք չկա կաշկանդվելու, ծլիկային հավելյալ գրգռման կարիք շատ կանայք են ունենում ու դա միանգամայն նորմալ է: Սեռական ինքնաճանաչողությունը շատ կարևոր է, երբ գիտես, թե ինչ է քեզ հարկավոր գրգռման համար: Ձեռքով հավելյալ գրգռում առաջացնելը չի համարվում սեռական այլասերվածություն, ինչպես գտնում են մեր հասարակության որոշ անդամներ, հատկապես տղամարդիկ: Ձեռքով լրացուցիչ գրգռումը ձեռնաշարժություն չէ, այլ հավելյալ խթանում, հավելյալ օգնություն, քանի որ կանանց մոտ սեռազգայունությամբ օժտված հատվածները հեշտոցում չեն կենտրոնացած, այլ ավելի շատ արտահեշտոցային են: Տղամարդը պետք է երջանիկ զգա, որ կարողանում է ճիշտ պահին ճիշտ հատվածների դիպչել և դրանով ավելացնել կնոջ սեռական գրգռման չափը: Ընտրեք սեռական հարաբերման այնպիսի դիրքեր, որոնք հնարավորություն են տալիս տղամարդուն դիպչել ձեր սեռազգայուն հատվածներին:

Փակել

2. -Հարգելի բժշկուհի, ես արդեն մի քանի ամիս է ինչ զբաղվում եմ սեռական հարաբերությունով, սակայն ոչ մի անգամ սեռական ակտի ժամանակ օրգազմ չեմ ապրել: Բայց ծլիկի միջոցով դա լինում է: Ի՞նչ եք կարծում հնարավոր է, որ դա ունենա հոգեբանական պատճառ: Եվ խնդրում եմ ասեք, թե ինչպե՞ս անել, որ բավարարվեմ ակտի ժամանակ:

Պատասխան

Բարի օր: Օրգազմի հասնելը սեռական հարաբերության ժամանակ կախված է նրանից, թե ինչքանով են զարգացած ձեր հեշտոցային սեռազգայուն գոտիները: Ձեր նամակից կարելի է ենթադրել, որ դրանք ձեզ մոտ բոլորովին զարգացած չեն: Հոգեբանական հիմքեր կան միանշանակ, սակայն խնդիրը շատ ավելի տարածուն է, քան միայն հոգեկանի ոլորտը: Նախ և առաջ դա կապ ունի մարմնի որոշ հյուսվածքների թերգործունեության հետ՝ հիմնականում հեշտոցամուտքի նյարդա-մկանային հյուսվածքի: Հետո, կարևոր են նաև միջանձնային հարաբերությունները։ Ինչ վերաբերում է բավարարման հասնելուն, ապա այստեղ միայն հեշտոցային օրգազմի հասնելը քիչ է, քանի որ օրգազմ ապրելը դեռ բավական չէ: Բազում կանայք ունեն այդ օրգազմը, բայց էլի բավարարված չեն: Այնպես որ, անհրաժեշտ է շատ ավելի խորը նայել ձեր խնդրին, քան դուք կարծում եք:

Փակել

Կեղծված օրգազմ

-Հարգելի բժշկուհի, ես 23 տարեկան եմ, ամուսնալուծվել եմ մեկ տարի առաջ՝ սեռական բավարարվածություն չստանալու, և ամուսնու անտարբերության համար այդ հարցում: Հիմա ունեմ զուգընկեր, որին սիրում եմ: Մեկ ամիս է ինչ սեքսով ենք զբազվում,բայց ես ձևացնում եմ, որ օրգազմի եմ հասնում, ինձ մոտ հեշտոցային օրգազմը բացակայում է, անգամ երբեմն ցավ եմ զգում խորը սեղմումից: Ի՞նչ խորհուրդ կտաք: Ես մտածում եմ գրգռիչ դեղեր խմել:

Պատասխան

Սեռական ներդաշնակությունը զույգի համատեղ ջանքերով ձեռք բերվող վիճակ է: Ամուսնալուծությունը փախուստ է նման դեպքերում, քանի որ առաջին զուգընկերոջ հետ ձեր ապրած սեռական զգացողությունների և այս երկրորդ զուգընկերոջ հետ ունեցած սեռական ապրումների մեջ էական տարբերություն չկա: Խնդիրը ձեր մեջ է և եթե դուք չեք գիտակցում այս փաստը, ապա հաջորդաբար կհայտնվեն տարբեր զուգընկերներ և այդպես էլ խնդիրը չի լուծվի: Հեշտանքի ձևացումը նորից փախուստ է խնդրից, ինչը կբերի կհանգեցնի նույն սեռական անբավարարվածության վիճակին: Ես կարծում եմ, որ ամենաճիշտ մոտեցումը նման դեպքերում հոգեսեքսուալ թերապիա անցնելու մեջ է, որպեսզի հասկանաք թե ինչու է արգելափակված ձեր սեռական գրգռման ռեակցիան, որի պատճառով դուք բավարար չեք գրգռվում և օրգազմի չեք հասնում: Սա անհատական թերապիա է, ուղղված ներքին հոգեսեռական կոնֆլիկտների բացահայտմանը և լուծմանը:

Փակել

Հեշտոցայի՞ն, թե՞ ծլիկային

-Բարև Ձեզ. Ես Մի քանի տարի զբաղվել եմ օնանիզմով (ծլիկային): Արդեն 1տարուց ավելի է` ամուսնացել եմ, բայց հեշտոցային օրգազմ այդպես էլ չեմ ունենում: Ունեմ մեկ երեխա: Խնդրում եմ մի խորհուրդ տվեք: Եվ ասեք թե արդյո՞ք պատճառը դա է:

Պատասխան

Այո, պատճառը հենց այն է, ինչ նշում եք, այսինքն ծլիկայն գրգռումով ստացած օրգազմը ամրապնդվել է իբրև օրգանիզմի սովորույթային ռեակցիա, պայմանական ռեֆլեքս, որից դժվար է անմիջապես ազատվել, երբ ցանկանում եք այդ բանը: Սա պահանջում է մեծ ջանքեր, երբեմն նույնիսկ մասնագիտական միջամտություն, որպեսզի կարողանաք ազատվել դրանից: Ժամանակակից սեքսոլոգիական հետազոտություններում կարող եք հանդիպել այն տեսակետին, թե իբր ծլիկային օրգազմը նորմալ օրգազմի տեսակ է և անհանգստանալ պետք չէ, երբ կինը հենց այդ տեսակի բավարարման է հասնում, սակայն ես համամիտ եմ այլ հեղինակների հետ, ովքեր գտնում են, որ հասուն կնոջ համար պարտադիր է հեշտոցային զգացողություններ ունենալը, ուստի կնոջ նմանատիպ ձգտումը չի կարելի փոքրացնել և իմաստազրկել: Եվ իսկապես, կան հետազոտություններ, որոնք վկայում են, որ հեշտոցային օրգազմ ապրող կանանց կյանքի որակի ցուցանիշները մի քանի անգամ ավելի բարձր են ծլիկայն օրգազմ ապրողների նմանատիպ ցուցանիշներից: Ըստ էության ծլիկային օրգազմի վրա սևեռումը կնոջ հոգեսեռական զարգացման կանգի մասին է վկայում, ինչը խնդիր է հանդիսանում և լուծման կարիք ունի:

Փակել

Ոչ ստանդարտ օրգազմ

– Բարև Ձեզ հարգելի Նարինե: Ես 23 տարեկան եմ, 16 տարեկան հասակում ընկերոջս հետ սեռական հարաբերություն եմ ունեցել և այդ ժամանակ շատ քիչ էի տեղեկացված սեռական կյանքից և երբևիցէ օրգազմի չեմ հասել: Ընթացքում ինքնաբավարարման միջոցով եմ միայն հասել՝ ոտքերս խաչելով: Հիմա ունեմ ուրիշ զուգընկեր և մեզ մոտ ամեն ինչ լավ է ստացվում, սակայն միայն նույն կերպ եմ օրգազմի հասնում՝ ոտքերս խաչելով և ձեռնաշարժությամբ: Խնդրում եմ, եթե հնարավեր է ասեք ի՞նչ դեղ կարող եմ խմել, որպեսզի սեռական ակտի ժամանակ հասենմ օրգազմի: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան

Ի սկզբանե ոչ ճիշը սեռական կյանքի կառուցման հետևանքով ձեր մոտ ստեղծվել է մի սեքսոլոգիական խնդիր, որը մեր լեզվով ասած կոչվում է հեշտոցային օրգազմի բացակայություն: Ցավոք չկա մի դեղ, որը խմելով հնարավոր լիներ լուծել խնդիրը։ Կնոջ սեքսուալության վրա ազդող դեղորայքային ինդուստրիան մինչ այսօր աշխատում է այս ուղղությամբ, բայց պետք է ասել, որ դեռ չի հայտնաբերվել հրաշք գործող «հաճույքի դեղահաբը»։ Մարմնական սովորույթներից ձերբազատում հնարավոր է վարքային թերապիայի օգնությամբ, որի համար դուք պետք է դրսևորեք համբերություն, հաստատակամություն և համառություն։ Խորհուրդ կտամ դիմեք մասնագիտական օգնության, քանի որ ինքնուրույն ուժերով դժվար է հաղթահարել այս խնդիրը։

Փակել

Օրգազմ միայն ինքնաբավարարումից

-Բարև ձեզ: Ես 28 տարեկան եմ ,ամուսնացած եմ ունեմ երեխա 4 տարեկան, ասեմ, որ ամուսնուս հետ շատ ազատ ենք սեքսում: Հարցերս հետևյալն են.
1 . Ինձ դուր է գալիս կոպիտ սեքս, ես պատկերացնում երկու տղամարդկանց որոնք ինձ ուժով մերկացնում են և բռնաբարում, ես ահավոր գրգռվում եմ, երբ նման պատկեր եմ պատկերացնում և սկսում եմ ինքս ինձ բավարարել ձեռնաշարժության օգնությամբ:
2 . Ես զբաղվել եմ ձեռնաշարժությամբ 17 տարեկանից, և երբեք չեմ ապրել հեշտոցային օրգազմ.. բայց շատ եմ ուզում որ ամուսինս ինձ հասցնի օրգազմի, առնանդամի օգնությամբ: Եվս մի բան, ես կարող եմ ամեն օր ձերնաշարժությամբ զբաղվել և էլի ուզել, ինչի՞ց է դա, միգո՞ւցե ինձ մոտ բարձր է հորմոնալ արտադրությունը:
3. Քանի՞ անգամ օրգազմ պիտի ապրի առողջ կինը, եվ ի՞նչ հաճախականությամբ: Իմ դեպքում, ո՞ր դիրքերն են ավելի հարմար հեշտոցային օրգազմ ապրելու համար:
Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

Պատասխան

Ձեր ներկայացրած խնդիրը խորը արմատներ ունի։ Նման սեռական երևակայությունը բնորոշ է սեռականի նկատմամբ անգիտակից մեղքի զգացում ունեցող կանանց։ Ամենօրյա ձեռնաշարժությունը և զուգընկերոջ հետ հեշտոցային բավարարման բացակայությունը նույնպես վկայում են, որ դուք լուրջ հոգեսեռական խնդիրներ ունեք։ Ձեր խնդիրը չի լուծվում սեռական դիրքեր փոխելով, այն կապ չունի նաև հորմոնների հետ։ Կոպիտ սեքսը նույնպես հարցի լուծում չէ, քանի որ իրականում ձեր ուզածը դա չէ։ Դուք հեգեսեքսուալ թերապիայի կարիք ունեք, որը թույլ կտա վերացնել խորքային խնդիրը։

Փակել

Օրգազմ

1. Բարև, ես 25 տարեկան եմ, իմ առաջին զուգընկերոջ հետ շատ շուտ հասնում էի օրգազմի, իսկ ներկայիս հարաբերության մեջ այդ անել որևէ կերպ չի հաջողվում: Ի՞նչ խորհուրդ կտաք:

Պատասխան

Պատճառը հավանաբար ձեր նոր հարաբերության բնույթի մեջ է, գուցե այն չի կրում խորը մտերիմ բնույթ, չկա փոխադարձ վստահություն, անկեղծություն: Հնարավոր է դեր են խաղում նախկին հարաբերության չլուծված խնդիրները, որոնք տարածվում են ներկայինի վրա: Չի բացառվում նաև սեքսուալ ստերեոտիպերի փոփոխությունը, սեռական գրգիռների որակական տարբերությունը: Ամեն դեպքում խորհուրդ կտայի նաև բժշկական հետազոտում անցնել, որովհետև երբեմն զուգընկերոջ փոփոխությունը ազդում է կնոջ օրգամիզմի նեյրոհումորալ բալանսի վրա` բերելով որոշակի հորմոնների գերարտադրության` ինչի արդյունքում նվազում է սեռական ցանկությունը և սեռազգայունությունը:

Փակել

2. -Բարև Ձեզ: Ես 23 տարեկան եմ, ամուսնացած եմ, մոտ կես տարի ապրում եմ սեռական կյանքով: Ամեն ինչ լավ է, ես սեռական խնդիրներ չունեմ, սեռական հարաբերությունից հաճույք ստանում եմ, բայց չեմ ունենում օրգազմ այսպես ասած: Չգիտեմ դիմեմ բժշկի, թե՞ ոչ: Միգուցե սպասե՞մ:

Պատասխան

Եթե դուք գրգռվում եք, բայց չեք հասնում գրգռման գագաթնակետին, որն ուղեկցվում է օրգազմով, ապա խորհուրդ կտամ դիմեք բժշկի, որովհետև գրգռումը, որը չի ավարտվում օրգազմով, բերում է փոքր կոնքի խոռոչում արյան կանգի և հյուսվածքներում առաջանում է թթվածնային քաղց, սրանից կարող են ծնվել տարբեր առողջական խնդիրներ կանացի սեռական օրգաններում և անուղղակիորեն` կրծքագեղձերում: Օրգազմ ապրելու դժվարությունը սեքսոլոգիական խնդիր է, այն ունի հոգեմարմնական ծագում և պահանջում է կոմպետենտ մասնագետի միջամտություն: Եթե ձեր գրգռման մակարդակն այդքան էլ բարձր չէ, և սեռական հարաբերության ավարտին դուք չունեք կիսատության զգացում, ծանրություն փոքր կոնքի հատակում, ցավեր ձվարանների շրջանում, ապա օրգազմ չապրելու խնդիրը այդքան էլ խնդիր չէ, դուք կարող եք ևս մի 6 ամիս կամ 1 տարի այսպես ապրել և եթե այս ընթացքում, կանոնավոր սեռական կյանքի պարագայում, ձեր սեռական գրգռման մեջ աճման միտում չեք նկատում կամ էլ նկատում եք, բայց այն դարձյալ չի ավարտվում օրգազմով, ապա այս դեպքում կարող եք դիմել մասնագիտական օգնության։

Փակել

3. -Բարև Ձեզ: Ես 2 ամիս է ինչ ամուսնացած եմ և սեռական հարաբերության ժամանակ հաճույք չեմ զգում: Երբ ամուսինս ասում է «վերջացրի՞ր» կամ «կասես միասին վերջացնենք» չգիտեմ՝ ինչ ասեմ: Ամաչում եմ, որ չեմ զգում, ինչի՞ց կլինի, ի՞նչ անեմ: Շնորհակալություն:

Պատասխան

Ամուսնուն հարկավոր է ասել.  «Ոչ, սիրելիս չեմ վերջացրել, ես չգիտեմ ինչպես են վերջացնում և ընդհանրապես այդ ինչ բան է, այդ վերջը»: Երբևէ չեմ ունեցել այն պատկերացումը, որ սեռական հարաբերությունը մի բան է, որն ունի սկիզբ և վերջ, միայն այն գիտեմ, որ երբ տղամարդը սերմնաժայթքում է ունենում, այլևս անհնար է շարունակել կենակցումը: Որպեսզի նա շատ ծանր չտանի ձեր այդ խոստովանությունը, ավելացրեք իրականության մյուս կողմը նույնպես՝ «Սիրելիս, ինձ համար հաճելի է հարաբերության ողջ ընթացքը, պարզապես ես չունեմ զգացողություն, որ հաճույքի աճ եմ ապրում, չունեմ զգացողություն, որ այդ աճն ի վերջո հասնում է իր գագաթնակետին, որին հետևում է դրա կտրուկ անկումը, չեմ ապրում գրգռման նման տատանումներ, ես մնում եմ գրգռման միևնույն մակարդակի վրա, շատ կուզենայի ապրել գրգռման տարբեր աստիճաններ, քո պես հասնել գրգռման գագաթնակետին ու լիցքաթափվել, բայց չգիտեմ ինչ պետք է անեմ դրա համար: Վերջերս կարդացի, որ դա սեքսոլոգիական խանգարում է և մտածեցի գուցե ես էլ ունեմ այդ խանգարումը: Այս զրույցից հետո վտանգն այն է, որ նա կարող է թերարժեք զգալ, որ չի կարողանում ձեզ բավարար գրգռել: Որպեսզի կանխեք նման վտանգը, ասացեք, որ խնդիրը ձեր մեջ եք տեսնում և իր հետ կապված որևէ պահանջներ չունեք (եթե իհարկե գտնում եք, որ նա ամեն ինչ անում է, ինչ հարկավոր է ձեզ)։ Ամենակարևորը, պետք է չամաչել, որ ոչինչ չեք զգում, և ոչ էլ մեղավոր զգալ, որովհետև դուք մեղավոր չեք, որ ձեզ մոտ առկա է այս խնդիրը, քանի որ դուք չեք ընտրել այն։ Դա տարածված խանգարում է, միայն դուք չէ, որ նման խնդիր ունեք: Երբ ամուսնու հետ անկեղծ քննարկեք բոլոր այս հարցերը, կարծում եմ նա կհասկանա, որ մասնագիտական օգնության կարիք կա ու ինքն էլ մեծ ուրախությամբ պատրաստ կլինի աջակցել, ինչով կարող է:

Փակել

4. -Բարև Նարինե ջան, շատ ուրախ եմ, որ այս կերպ կարող եմ ինձ այդչափ հուզող հարցի պատասխանը ստանալ: Ես 29 տարեկան եմ, ամուսնացած եմ, ունեմ երկու բալիկ: Հարաբերության ժամանակ օրգազմ երբևէ չեմ ապրել, ինձ միշտ ինչ-որ բան պակաս է կամ քիչ: Գրգռվում եմ, բայց չեմ հանգստանում, դրանից հետո շատ նյարդային եմ ողջ օրվա ընթացքում և ունենում եմ գլխացավ: Ես ինձ լիարժեք չեմ զգում, ի՞նչ խորհուրդ կտաք: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան

Բարի օր Դուք նկարագրում եք դասական անօրգազմիայի խնդիր։ Օրգազմ ապրելու դժվարությունը գալիս է նրանից, որ ձեր նյարդային համակարգը ինչ-ինչ պատճառներով մինչև վերջ չի թուլանում սեռական հարաբերման ժամանակ: Հարկավոր է պարզել այն խնդիրը, որի պատճառով նյարդային արգելակող մեխանիզմները գերիշխում են սեռական գրգռման կենտրոնների վրա: Այդ խնդիրը հասկանալու համար հոգեսեռական վերլուծության կարիք կա: Իսկ նյարդային լարվածութունը և գլխացավը, որն ունենում եք հարաբերությունից հետո, կիսատ գրգռման հետևանք են և վտանգավոր են առողջության համար: Խորհուրդս այն է, որ սեքսոլոգիական որոշ հետազոտություններ կատարվի և բացահայտվի արգելակող խնդիրը, որից հետո միայն կարելի է այդ խնդրի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ մտածել:

Փակել

Օրգազմի բացակայություն

1. -Խնդրում եմ, օգնե՛ք: Երեք տարի է ամուսնացած եմ, ունեմ երկու տարեկան բալիկ: Ամուսնության առաջին օրվանից օրգազմ չեմ ապրել: Հարաբերության առաջին մի քանի վայրկյանն եմ հաճույք զգում, հետո միանգամից վերանում է հարաբերության ցանկությունը, և այդպես ամեն անգամ: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ անեմ:

Պատասխան

Նախ և առաջ հարկավոր է անկեղծ լինել ամուսնու հետ և ասել, որ դուք սեռական հարաբերությունից հաճույք չեք ստանում, կայացած տղամարդը նման հայտարարությունից ոչ թե կբարդույթավորվի, իրեն վիրավորված ու նվաստացած կզգա, ինչպես մտածում են շատ կանայք, այլ հակառակը՝ կդառնա ավելի ուշադիր և շրջահայաց այս հարցում: Դուք պետք է գիտակցեք, որ օրգազմ չապրելու խնդիրը ձեր կամ ձեր ամուսնու մեղավորությունը չէ, պետք չէ մեղավորներ փնտրել կամ ամաչել դրա համար: Նաև խորհուրդ կտամ չմտածել օրգազմ ապրելու մասին, սեռական հարաբերման նպատակ չդարձնել օրգազմի հասնելը, որովհետև ինչքան զույգը հետապնդում է այդ նպատակը, այնքան դրա առաջանալու հավանականությունը փոքրանում է: Հարկավոր է փոխել ուշադրության կենտրոնը, ավելի խորքային վերաբերվել սեռական կյանքին, այն զուտ մարմնական դրսևորում չէ, չի կարելի սեքսը դարձնել միայն ֆիզիկական դրսևորում:

Փակել

2. Բարև Ձեզ: Ես ամուսնացած եմ արդեն չորս տարի: Առաջին երեխայիս ծնվելուց հետո ես այլևս օրգազմ չեմ ստանում: Երկրորդ երեխաս չորս ամսեկան է, և ես նույն վիճակում եմ: Խնդրում եմ, ասեք դա նորմա՞լ է, թե՞ ինչ-որ խնդիր կա:

Պատասխան

Երեխաների ծնունդը կնոջ կյանքում հիմնովին փոխում է նրա սեռային ինքնազգացողությունը, սովորաբար առողջ սեքսուալության դեպքում կինը ինքնահաստատվում է մայրության շնորհիվ, ինչը ավելի է բարձրացնում նրա սեռային ինքնագնահատականը և սեռական ակտիվությունը: Սեռական ցանկության ֆիզիոլոգիական նվազում դիտվում է, եթե մայրը իր նորածին երեխային կերակրում է կրծքի կաթով, դա միանգամայան նորմալ է, պայմանավորված է հորմոնալ տեղաշարժով և կանցնի երբ կինը դադարի կրծքով կերակրել, սեռական ցանկության նվազում դիտվում է նաև անքուն գիշերների պատճառով կուտակված քնի պակասից, գեևհոգնածությունից, եթե նորաթուխ մայրիկին չկա օգնող: Կնոջ համար հիմա առաջնայինը իր բալիկն է/բալիկները և միտքը աշխատում է երեխաներին խնամելու և պահելու ուղղությամբ: Օրգազմի բացակայությունը խոսում է այն մասին, որ ձեր օրգանիզմն այս պահին ի վիճակի չէ սեռական հակազդման բավարար ռեակցիա դրսևորել, հնարավոր է կան նաև հոգեբանական պատճառներ՝ միջանձնային բնույթի, ինչը հետազոտման կարիք ունի։ Սովորաբար, երբ երեխաները մեծանում են և հասնում մանկապարտեզի տարիքին, կին-տղամարդ հարաբերությունը նորից վերականգնվում է, եթե դա տեղի չի ունենում, խորհորդ է տրվում անմիջապես դիմել մասնագետի։

Փակել

3. Բարև Ձեզ: Ես 27 տարեկան եմ, դեռ ամուսնացած չեմ, բայց ապրում եմ սեռական կյանքով: Ուղղակի հարաբերության ժամանակ օրգազմ չեմ ապրում և դրանից ահավոր վատ եմ զգում: Ինձ մոտ մշտական թուլություն կա, գլխապտույտներ ու սրտխառնոց, ինչպես նաև ցավեր հեշտոցի մասում: Խնդրում եմ օգնեք ինձ:

Պատասխան

Մշտական թուլությունը, գլխապտույտը և սրտխառնոցը նյարդավեգետատիվ նշաններ են, որոնք խոսում են ձեր նյարդային համակարգի խանգարման մասին, դա կարող է հետևանք լինել սեռական կյանքում տեղ գտած անբավարարության զգացումի հետ, այո: Սակայն չի բացառվում և հակառակ տարբերակը, նյարդավեգետատիվ նշված գանգատները իրենք են սկզբնապատճառ հանդիսանում սեռական կյանքում խնդիրների առաջացման համար, իսկ իրենք պատճառ են որևէ այլ ուղեկցող հիվանդության, որի մասին դուք հնարավոր է տեղյակ չեք: Այդ իսկ պատճառով նմանատիպ դեպքերում մեր խորհուրդն է լիարժեք հետազոտվելը, որպեսզի պարզ դառնա, թե ինչն է ինչից առաջացել: Նույնը վերաբերում է նաև հեշտոցի մասում առկա ցավերին: Մեր օրգանիզմում ամեն ինչ փոխկապված է, էլ չեմ ասում, որ օրգանիզմի գործունեությունը անմիջականորեն կապված է հոգեկան աշխարհի ապրումների հետ, այնպես որ ձեր խնդիրը մի քանի մակարդակներ ու շերտեր ունի, որոնք հարկ է մեկ առ մեկ անդրադառնալ և լուծել: Ինչ վերաբերում է օրգազմ չապրելուն, ապա սա սեքսոլոգիական խնդիր է, որը շատ հեշտությամբ կարելի է կարգավորել, երբ հայտնի դառնա ձեր պատմության մանրամասները։

Փակել

4. Կցանկանայի մի փոքր ինֆորմացիա ստանալ օրգազմի բացակայության մասին: Ես մոտ չորս տարի է ամուսնացած եմ ու երբեք դա չեմ զգացել, չնայած սեռական հարաբերությունների ժամանակ հաճելի զգացողություններ եմ ունենում: Գիտեմ, որ գոյություն ունի ծլիկային և հեշտոցային օրգազմ: Ինձ մոտ առկա է միայն առաջինը:

Ես բավականին ազատ էի ամուսնանալուց ու սեռական կապը սկսելուց առաջ, բայց դա նրա կողմից չէր ողջունվում: Նրա մոտ համեստ աղջկա կերպար էր ձևավորվել՝ առանց ինձ ճանաչելու, և ուզում էր, որ ես այդ կերպարին համապատասխանեմ: Ամուսնանալուց հետո ես կուսաթաղանթի հետ կապված պրոբլեմ ունեցա: Այսինքն այդ չարաբաստիկ արյունը չկար: Մենք նույնիսկ, իմ պնդմամբ, գնացինք գինեկոլոգի մոտ: Ես մտածում էի, որ ամենայն հավանականությամբ կուսաթաղանթս չի պատռվում: Լսել էի, որ լինում է խորը տեղակայում, կամ հաստ է լինում, կամ էլաստիկ ու դժվար է պատռվում: Բայց գինեկոլոգը հաստատեց, որ կուսաթաղանթս պատռված է, վերքն էլ թարմ: Բայց դա էլ մեզ ոչնչով չօգնեց: Մեր, այսպես կոչված, մեղրամիսը վերածվեց դժոխքի: Չնայած մենք չբաժանվեցինք, բայց քանի որ ես նարանից առաջ ընկեր էի ունեցել, նա ինձ չէր հավատում: Ինչքան էլ փորձում էր մոռանալ, անտեսել կամ ուղղակի հավատալ իմ խոսքերին՝ նրա մոտ չէր ստացվում, ու ժամանակ առ ժամանակ մենք բուռն վեճեր էինք ունենում, որի հիմքում, պարզվում էր, այդ խնդիրն է ընկած: Գումարած դրան, մի օր անկեղծ զրույցի ժամանակ, ես նրան պատմեցի, որ հասունացման շրջանից սկսած զգացմունքեր եմ ունեցել ոչ միայն հակառակ, այլ նաև իմ սեռի ներկայացուցիչների նկատմամբ: Կարծում եմ, որ հոգուս խորքում բիսեքսուալ եմ: Կես կատակ կես լուրջ ասեցի, որ դեմ չէի լինի, եթե մի օր մեզանից բացի նաև ինձ դուր եկած գեղեցիկ աղջիկ հայտնվեր մեր անկողնում: Ուղղակի հետաքրքրության համար: Նա սկզբում հանգիստ էր, հարցեր էր տալիս, զրուցում էինք: Բայց հետո պարզվեց, որ մեղմ ասած դա նրան դուր չի եկել: Կարելի՞ է ասել, որ ես ֆրիգիդ եմ: Եվ հնարավո՞ր է, որ իմ սեռական կողմնորոշման խանգարումը հորմոնային ծագում ունի:

Պատասխան

Ասել, որ դուք ֆրիգիդություն ունեք, սխալ կլինի, քանի որ դուք ունենում եք հաճելի զգացողություններ և ի վիճակի եք (թեկուզ ծլիկային) օրգազմ ապրել: Ծլիկային օրգազմը չի համարվում օրգազմի սխալ տեսակ, պարզապես շատ կանայք նախընտրում են հեշտոցային օրգազմ ունենալ, քանի որ այն ավելի մեծ և խորը բավականության զգացում է տալիս: Օրգազմի բացակայության պատճառները տարբեր կարող են լինել, հիմնականում դրանք հոգեսեռական բնույթի են, օրինակ` որոշակի թյուր պատկերացումներ սեքսի և սեքսուալության մասին, որոնք կարող են առաջացնել տագնապի, ամոթի, վախի և զզվանքի զգացողություն և արգելափակել սեռական գրգռումը: Կամ էլ պարզապես բացակայում են այն անհրաժեշտ պատկերացումները, որոնք նախապայման են սեքսուալության առողջ դրսևորման համար: Տրամադրող են մարմնական որոշակի գործոններ` նյարդային համակարգի տիպը, հորմոնալ ֆոնի մակարդակը: Ինչպես տեսնում եմ կա նաև միջանձնային հարաբերման խնդիր, քանի որ ունենք կասկածամիտ ամուսին` պահպանողական ավանդապաշտ հայացքներով հայ տղամարդ: Իհարկե դեր է խաղացել նաև չարաբաստիկ կուսաթաղանթը։
Ինչ վերաբերում է բիսեքսուալիզմին, ապա պետք է ասեմ, որ որոշակի տարիքում բիսեքսուալ երևակայությունները հոգեսեռական զարգացման օրինաչափ դրսևորում են համարվում։ ՈՒղղակի ելնելով մեր սոցիալ-մշակութային պատկերացումներից հարկավոր է հաշվի առնել, որ ոչ բոլորի կողմից է այն ընկալվում իբրև սեռականության մի առանձնահատկություն ու դա բարձրաձայն հնչեցնելու համար պետք է վստահ լինել, որ լսարանը պատրաստ է “մարսելու” այդ լուրը: Բնական է, որ մեր ավանդապաշտ ամուսինը չէր ընդունելու իր կնոջ մոտ նման երևակայության գոյությունը:
Կարծում եմ, որ այստեղ անհրաժեշտություն կա զույգային սեքսոլոգիական թերապիայի։

Փակել

5. Հարգելի բժիշկ, կարո՞ղ է արդյոք աղջիկը օրգազմ չապրել, եթե առնանդամի կեսն է ներհրված հեշտոցի մեջ: Վտանգավո՞ր է արդյոք ,թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:

Պատասխան

Օրգազմ չապրելու պատճառները բազում են և տարաբնույթ: Ընդ որում միաժամանակ մի քանի գործոնների համատեղ ազդեցությունն է, որը բերում է օրգազմ ապրելու դժվարությանը: Այդ գործոնների մեջ կան այնպիսիք, որ նախատրամադրող են, այսինքն՝ պարարտ հող են ստեղծում, այնպիսիք, որ նպաստում են, այսինքն՝ անմիջականորեն բերում են խնդրի առաջացմանը և վերջապես կա գործոնների երրորդ խումբը, որ խնդրի գոյության հարցում պահպանող դերակատարում ունի: Կիսատ ներհրումը ընդհանրապես կապ չունի վերոնշյալ գործոններից և ոչ մի խմբի հետ: Հակառակը, այն կարող է հեշտացնել հեշտոցային օրգազմի առաջացումը, քանի որ հեշտոցի ամենազգայուն հատվածը հենց նրա սկզբնական հատվածն է՝ հեշտոցամուտքը: Իսկ G-գոտին ինչպես գիտեք, գտնվում է հեշտոցի հենց սկզբնամասում: Այնպես որ, կիսատ ներհրումից չէ, որ դուք օրգազմ չեք ապրում: Անհրաժեշտ է հետազոտվել և գտնել բուն պատճառը։

Փակել

6. Բարև Ձեզ: Ես բազմաթիվ անգամներ գրել եմ Ձեզ և շատ շնորհակալ եմ պատասխանելու համար: Այսօր ինձ մի բան է հետաքրքրում՝ ինչպե՞ս հասնել կատարյալ օրգազմի: Ես շատ եմ սիրում նրան ու շատ հաճելի է նրա հետ: Անկեղծ ասած սեքսի ընթացքում շատ հաճելի է, բայց ես չեմ զգում վերջնական հաճույք: Ի՞նչ անեմ:

Պատասխան

Խնդիրը որ ներկայացնում եք շատ կանանց է բնորոշ: Օրգազմի հասնելու դժվարությունը կանանց սեռական կյանքի հիմնական բարդությունն է: Պետք է ասեմ, որ այս խնդրի լուծման համար դուք պետք է տրամադրվեք այցելության, որովհետև դա այդքան էլ հասարակ խնդիր չէ, որին կարելի է երկու խոսքով լուծում առաջարկել։

Փակել

7. Ես 20 տարեկան եմ: Արդեն 1 տարի է, ինչ ապրում եմ սեռական կյանքով: Սկզբից ամեն ինչ լավ էր, բայց արդեն 4 ամիս է, ինչ օրգազմ չեմ ապրում: Այս փաստն ինձ անհանգստացնում է: Կցանկանայի իմանալ` ինչի հետ է դա կապված: Ի՞նչ պետք է անել, որպեսզի կրկին ապրեմ նորմալ սեռական կյանքով, հակառակ դեպքում ինձ լիարժեք չեմ զգում:

Պատասխան

Օրգազմի խանգարումը սեքսոլոգիական խանգարում է: Դժվարանում եմ ասել, թե ինչից է զարգացել այս խանգարումը, որովհետև բավարար տեղեկություններ չունեմ: Գուցե միջանձնային հարաբերությունների խնդիր կա, կամ խնդիրը հենց ձեր անձի ներսում է: Չի բացառվում նաև որևէ մարմնական խնդրի առկայություն լինի։ Եթե ուզում եք լրջորեն զբաղվել այս հարցով, հարկավոր է այցելել մասնագետի և հետազոտվել։

Փակել

Օրգազմի դիրք

– Բարև Ձեզ: Ես 23 տարեկան եմ, ամուսնացած եմ երեք տարի, երեխաներ չունեմ, ապրում եմ նորմալ սեռական կյանքով: Բայց օրգազմ ապրում եմ միայն կինը վերևից դիրքով և ամեն անգամ տարբեր կերպ է ստացվում. ես չեմ կարողանում կողմնորոշվել՝ մեկ ինձ դուր է գալիս,որ ամուսինս շարժվի, մեկ՝ ոչ: Արդյո՞ք խնդիրը նրանումն է, որ ես չեմ կարողանում բավարարվել այլ դիրքերով:

Պատասխան

Կինը վերևից դիրքում իրոք նպաստավոր դիրք է կնոջ օրգազմի համար: Շատ կանայք հենց այդ դիրքում են միայն օրգազմ ապրում, ինչպես և դուք, նաև պետք է ասել, որ շատ կանայք իրենց առաջին օրգազմը հենց այդ դիրքում են ապրում: Դա այդպես է, քանի որ այդ դիրքում առնանդամի հրումները սեղմում են հեշտոցի առաջային պատի վրա գտնվող G-գոտու նյարդային վերջույթները, որտեղից էլ սկիզբ է առնում օրգազմի ռեֆլեքսը: Նորմալ է, որ առայժմ ձեր օրգազմը վրա է հասնում միայն այդ դիրքում, անհանգստանալու կարիք չկա, ժամանակի հետ, երբ սեռական փորձը ավելանա և դուք ի վիճակի լինեք կառավարել ձեր սեռական զգացողությունները, ձեզ կհաջողվի օրգազմ ապրել նաև այլ դիքերում, ամենակարևորը, որ հիմա չկենտրոնանաք այդ երևույթի վրա և արհեստական խնդիր չսարքեք դրանից: Ամուսնու շարժվելու նպատակահարմար լինելը կախված է ձեր սեփական շարժումներից, եթե դրանք ներդաշնակ և համահունչ են, ապա ամեն ինչ կարգին է:

Փակել

Օրգազմի նորմալ հաճախականություն

– Բարև Ձեզ: Կարող եմ իմանալ հաճախակի օրգազմի հասնելը (երկու օրը մեկ անգամ) վնաս է, թե՞ ոչ և ի՞նչ հետևանքներ կունենա: Աննա 24 տարեկան:

Պատասխան

Բարև Աննա, օրգազմի զգացումը ինքնին ոչ մի վտանգավոր ազդեցություն չունի առողջության վրա, ընդհակառակը, օրգազմի ժամանակ մարմնական բոլոր տեսակի փոփոխությունները միմիայն ֆիզիկական առողջությունը ամրապնդող, նյարդահոգեկան լարվածությունը թուլացնող և իմունիտետը բարձրացնող դեր են խաղում: Այդ իսկ պատճառով շատերը սեռական հարաբերություն են ունենում հենց առողջությունը ամրապնդելու և պահպանելու նպատակով: Այլ հարց է, թե ինչ հոգեբանական ենթատեքստում է ապրվում այդ օրգազմը: Կանանց օրգազմը ոչ միշտ է, որ հարկավոր է կնոջ սեռական բավարարում ստանալու համար, կան այնպիսի կանայք, ովքեր նշում են, որ իրենց սեռական հաճույքը ոչ մի կապ չունի օրգազմի հետ, նրանք պնդում են, որ շատ ավելի մեծ սեռական հաճույք են ապրում երբ այդպես համառորեն չի հետապնդվում օրգազմ ապրելու կարևորությունը, այլ ավելի է արժեքավորվում սեռական հարաբերության ընթացքը: Եթե օրգազմի ապրումը կյանքի գնով ձեռք բերվող պարտադիր պայման է՝ իբր թե հաջողված սեռական հարաբերություն ունենալու հավաստիք, ապա այդ պարտադրված օրգազմը չի կարող համարվել առողջությանը նպաստող սեքսուալ դրսևորում: Մնացած դեպքերում, եթե օրգազմը ինքնըստինքյան առաջացող երևույթ է՝ սեռական հաճույքի աճման ընթացքում հանկարծակի ի հայտ եկող, այլ ոչ թե բռնի ուժով բերման ենթարկվող, ապա այդպիսի օրգազմի հաճախակիությունը միմիայն առողջաբեր է: Իհարկե չի կարելի անտեսել նաև այն ենթատեքստը, որտեղ օրգազմի ապրումը կախվածության պես է դարձել, այս դեպքում ևս, ինչպես ցանկացած այլ տիպի կախվածության, բնորոշ է, որ առողջությունը վտանգելու խնդիր կա, քանի որ օրգազմը դառնում է կնոջ վարքի կառավարման էպիկենտրոնը և այն գլխավոր արժեքը, որն իրեն է ենթարկեցնում մնացած բոլոր, շատ ավելի կարևոր մարդկային գործոններ:

Փակել