Երեք տարի է ամուսնացած եմ: Մինչ ամուսնանալը չորս տարի ընկերություն ենք արել: Ընկերության ընթացքում ամուսինս մեծ սեռական և հոգեկան տարվածություն և կապվածություն ուներ դեպի իմ անձը. գնում էինք այնպիսի վայրեր, որ առանձին լինեինք. ինձ խնդրում էր,որ նույնիսկ մերկապարեմ: Նշանադրությունից հետո ասաց,որ քչացնենք մեր շփման այդ ձևը, ես չմերժեցի, չնայած, որ մի քիչ տխրեցի: Ամուսնական առաջին գիշերից հետո երեք ամիս սեռական հարաբերություն չունեցանք, չնայած որ շատ էինք ուզում երեխա ունենալ, ես նախաձեռնությունը վերցրեցի ինձ վրա. կարելի է ասել օրեր էին լինում, որ համոզում էի սեռական հարաբերություն ունենալ: Չեմ կարծում, որ նա խնդիր ունի կապված իմպոտենցիայի հետ: Երեխայից հետո էլ չեմ զգում իր կողմից սեռական հակվածությունը, չնայած, որ միշտ հոգատար է, կատարում է իմ բոլոր պահանջները: Ապրում ենք իր ծնողների հետ: Սեռական հարաբերություն ունեցել ենք վեց ամիս առաջ:

Պատասխան

Նման է նրան, որ Ձեր ամուսնու մոտ սեռական ցանկության սեքսուալ բաղադրիչի ոչ հասունություն կա, այսինքն’ նրան գրավում և հետաքրքրում է սեքսուալ-էրոտիկ բնույթի վարքը, որի մեջ տեղ չունի հեշտոցային ներհրումը: Հնարավոր է, որ էրոտիկ բաղադրիչի գերարտահայտված լինելը նրա մոտ հարուստ սեքսուալ երևակայության, զգայականության բազմերանգության և էսթետիկ հակումների դրևորում լինի, իսկ սեքսուալ բուն գործողությունը նրա մոտ ընկալվում է իբրև բնազդային պրիմիտիվ շարժումներ՝ զրկված ամեն տեսակի էսթետիկ վերապրումներից և հարուստ զգացականությունից: Հնարավոր է, որ նրա սեռական պասիվության պատճառը բոլորովին այլ հիմքեր ունենա, ասենք՝ նախընտրության հետ կապված խնդիրներ լինեն, որոնք կոնֆլիկտի մեջ են դասական սեռական հարաբերման ձևի հետ: Չի բացառվում, որ իրեն խանգարում է ձեր միջև միջանձնային հարաբերությունների ոչ բարերար ընթացքի արգելակող ազդեցությունը: Մի խոսքով դժվար է գուշակել ինչ է կատարվում Ձեր ամուսնու հետ՝ առանց նրան տեսնելու և իր հետ զրուցելու, քանի որ մարդու հոգեսեռական աշխարհը շատ խորն է և չի կարելի պարզունակացնել այն մեկ երկու բացատրություններ տալով, էլ չեմ ասում, որ այստեղ մեծ դեր են խաղում մարմնական հիվանդությունները նույնպես, որոնք կարող են վճռորոշ դեր խաղալ մարդու մոտ նմանատիպ սեռական խնդրի առաջացման գործում:

Փակել