Մոռանալ նախկինին

1. Բարև հարգելի Նարինե: Ես արդեն երկրորդ տարին է ամուսնացած եմ: Սակայն կա մի բան, որն ինձ հանգիստ չի տալիս. ես չեմ կարողանում գլխիցս հանել մի տղայի՝ նա իմ առաջին երկրպագուն էր, շատ գեղեցիկ արտաքինով ու կազմվածքով, ես նրան չէի սիրում, բայց շատ մեծ կիրք էի զգում: Այդ ժամանակ ես 17 տարեկան էի ու ինձ վախեցնում էին այդ զգացմունքներն ու զգացողությունները, և ես նրան հեռու էի վանում, չնայած նրա բազմաթիվ փորձերի: Երկար ժամանակ չէինք շփվում, նոր էի ծանոթացել ներկայիս ամուսնուս հետ, երբ սկսեց գրել ինձ սոց. ցանցերում, սակայն կրկին խուսափեցի նրանից: Ես ամուսնուս շատ եմ սիրում, առանց նրա կյանքը չեմ պատկերացնում, բայց այդ տղային չեմ կարողանում մոռանալ: Ես հիմա էլ երբեմն ֆանտազիաներ եմ ունենում… Ինչպե՞ս կարող եմ ձերբազատվել այդ մտքերից:

Պատասխան

Ձեր վրա գործում է հոգեբանական այն օրինաչափությունը, համաձայն որի՝ ինչքան հեռու, այնքան ցանկալի: Սա խաբկանք է, բերեմ մի օրինակ ֆիզիկայից, որն ավելի կհստակեցնի միտքս, ֆիզիկայում գործում է մի օրենք, երբ ջրով լեցուն բաժակի մեջ գդալ ես դնում և դրսից նայում, այնպիսի տպավորություն է, որ գդալը կոտրված է, մինչդեռ դա խաբկանք է, գդալը ամենևին էլ կոտրված չէ: Ինչպես ֆիզիկական աշխարհում, մեր հոգեկան աշխարհում ևս գործում են օրենքներ, որոնցից մեկի ներազդեցությանն տակ էլ դուք հիմա գտնվում եք: Խաբկանքին տրվելը հաճելի է, քանի որ այն թմրեցնող ազդեցություն ունի և շոյում է մեր ինքնասիրությունը: Դուք կարող եք ազատվել այդ խաբկանքից մի փոքր աշխատանք տանելով ձեր սեռական կյանքում։ Փորձեք կենտրոնանալ ձեր ներկա հարաբերության վրա, խորացրեք այդ հարաբերությունը, սովորեք կարեկցել ձեր ամուսնուն իր այն հատկությունների համար, որորնց պատճառով դուք հեռու եք զգում նրանից իբրև տղամարդ: Սեռական կիրքը ամուսնական կյանքում ծնվում է ավելի վսեմ հոգեհուզական վիճակների վերապրումից, քան արտաքին համակրանքն է կամ հրապույրը: Հավատացեք ինձ, եթե դուք լիարժեք կին զգաք ձեր ամուսնու կողքին, որը ձեզ ավելի կմիավորի ու կմոտեցնի, այն մեկի անունն անգամ կմոռանաք:

Փակել

Սեռական մեղքի հետապնդող զգացում

1. Հարգելի բժիշկ ողջույն: Ես 17 տարեկան եմ: Երբևէ սեռական կյանքով չեմ զբաղվել: Համացանցում ծանոթացել էի մի տղայի հետ, ով դարձավ իմ զուգընկերը, սակայն տարբեր երկրներում էինք ապրում. Զգացմունքներին տրվելով ուղղակի զբաղվեցինք ինքնաբավարարմամբ՝ ձեռնաշարժություն, կրքոտ խոսքեր. Ինչ-ինչ պատճառներով մենք բաժանվեցինք ու ես իսպառ ջնջվեցի համացանցից: Ինձ անընդհատ մեղքի զգացումն է պատում, ես ինքս ինձ չեմ կարողանում ներել իմ արարքի համար… ես գիտակցում եմ, որ շատ վատ բան եմ արել, բայց չգիտեմ ինչպես դուրս գալ այս վիճակից. Չգիտեմ արդյոք արժե պատմել այս ամենը այն մարդուն ով կլինի իմ ապագա ընկերը: Ես իրոք ունեմ ձեր խորհրդի կարիքը, քանի որ փնտրելով ելքեր, չկարողացա գտնել: Սպասում եմ ձեր պատասխանին:

Պատասխան

Դուք ոչ մի վատ բան չեք արել, սեռական ցանկությունը և սեռական գրգռվածությունը վատ բաներ չեն և դրանց տրվելը նույնպես վատ բան չի, դուք հետևել եք ձեր սեռային բնության օրենքներին ու հավատարիմ եք եղել ինքներդ ձեզ, դա վերին աստիճանի բարոյական դրսևորում է, երբ մարդն ինքն իրեն հավատարիմ է մնում: Հարկավոր է ձերբազատվել այդ մեղքի զգացումից, որը միանգամայն անհեթեթ է ձեր պարագայում, դուք որևէ օրենք չեք խախտել, ինքներդ ձեզ թերևս փոքր-ինչ վնասել եք՝ ձեռք բերելով համացանցային սեռակային վարքի հակվածություն, սակայն սրանից կարելի է հեշտությամբ ազատվել, եթե պարզապես որոշեք այլևս համացանցով սեռական դրսևորում չփնտրել։ Ձեր ապագա տղամարդուն կարծում եմ կարիք չկա մանրամասները պատմելու, քանի որ չեմ գտնում ձեր անցյալի բեռով նրան ծանրաբեռնելու իմաստը, նա իր անցյալի բեռն է հազիվ կրում: Խորհուրդս այստեղ ավելի շուտ ուղղված է ձեր սեռական մեղքի զգացման հաղթահարմանը, որովեհետև կարծում եմ սա մի բան է, որը կխանգարի տղամարդու հետ ձեր հարաբերությունների կառուցմանը: Կարծում եմ, որ դուք պետք է հեռու մնաք վիրտուալ ճանապարհով ծանոթություններից, քանի որ դրանք կարող են խորացնել ձեր խնդիրը և բարդացնել այն այլ տեսակի խնդիրների գումարումով: Հարկավոր է սեռական ինքնաճանաչողության ձգտել և սեռականությունն արտահայտել միայն զույգային իրական հարաբերությունների մեջ, սա է սեռական առողջության պահպանման նախապայմանը:

Փակել

Սևեռուն պատկեր

1. Բարև Ձեզ: Եա արդեն մեկ տարի է ամուսնացած եմ և այս վերջերս չեմ կարողանում սեքս անել ամուսնու հետ: Ամեն անգամ ինձ կպչելուց աչքերիս երևում է նախկին ընկերս: Ի՞նչ անեմ,որ այդ մղձավանջից ազատվեմ:

Պատասխան

Բարի օր Դուք նկարագրում եք մի խնդիր, որը կոչվում է սևեռուն խանգարում (obsessive disorder): Կպչուն-սևեռուն մտքերը, պատկերները, մղումները մարդու երևակայության մեջ ներխուժում են առանց նրա սեփական ցանկության։ Անձնավորության բոլոր ջանքերն ուղղվում են ազատվելու այդ կպչունություններից, ու եթե նա ինչ-որ ձև է գտնում, ինչ-որ միտք կամ ռիտուալ դարձած գործողություն է կատարում այդ կպչունությունից ազատվելու համար, ապա այստեղ գործ ունենք օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման հետ։ Ամենակարևորն այստեղ ձեզ մեղավոր չզգալն է կպչուն պատկերի բովանդակության առիթով, ձեր նախկին ընկերոջ պատկերը գալիս է, ոչ թե այն պատճառով, որ դուք ձեր ամուսնուն չեք սիրում կամ կարոտում եք նախկին ընկերոջը, այլ բոլորովին այլ մեխանիզմներով, որոնք գործում են նյարդային համակարգում զանազան պատկերների ասոցիատիվ կապերի պատճառով։ Մյուս կարևոր բանն այն է, որ չփորձեք կամքի ուժով հեռացնել այդ պատկերը, քանի որ դրանից նա է՛լ ավելի մեծ թափով կսկսի ձեզ հետապնդել։ Եթե ուզում եք ազատվել այս խնդրից, ապա դուք պետք է դիմեք մասնագետի օգնության, քանի որ դուք ձեր ուժերով չեք կարող հաղթահարել այն։ Կարող եք դիմել հոգեկան առողջության ոլորտի ցանկացած մասնագետի՝ հոգեբույժ, հոգեթերապևտ, սեքսոպաթոլոգ։

Փակել

Սևեռուն սեռական երևակայություն

1. Ես ունեմ մի այնպիսի սեռական երևակայություն, որը ինձ մեծ տառապանք է պատճառում: Ես պատկերացնում եմ, թե ինչպես մի քանի տղամարդիկ կոպիտ վերաբերմունքով օգտագործում են մի աղջկա` իրենց սեռական կիրքը բավարարելով ամենատարբեր ձևերով: Այս երևակայության շնորհիվ հասնում եմ սեռական գրգռման և օրգազմի, սակայն հարաբերության ավարտին ամեն անգամ ծանր ճնշվածություն եմ ապրում, քանի որ ես ամուսնացած եմ և սիրում եմ իմ ամուսնուն, բարեկիրթ ընտանիքից եմ և նախաամուսնական սեքսով չեմ զբաղվել: Խնդրում եմ օգնեք ինձ ձերբազատվել այդ ամոթալի երևակայությունից: Ես խուսափում եմ ամուսնուս աչքերին նայել, կարծես թե դավաճանում եմ նրան:

Պատասխան

Հարգելի նամակագիր Ձեր նկարագրած խնդիրը սևեռուն խանգարումների շարքից է, դուք բոլորովին պետք չունեք մեղքի զգացում ապրելու երևակայության բովանդակության համար, քանի որ այն որևէ կապ չունի ձեր իրական ցանկությունների հետ։ Այս երևակայությունը բնորոշ է շատ աղջիկների և կանանց նույնպես: Ստորացման, նվաստացման կամ ցավի երևակայական ապրումը ունի մեկ նպատակ` հաղթահարելու անգիտակից մեղքի զգացումը: Մեխանիզմը շատ պարզ է` տղամարդկանց ընձեռելով ձեզ տիրելու իշխանություն, դուք ազատվում եք նրանց հանդեպ տածած մեղքի զգացումից, որն առաջ է եկել այն պատճառով, որ ձեզ ինչ-որ բանով բարձր եք դասում արական սեռից կամ էլ նրանց հանդեպ ունեք ագրեսիայի զգացմունք և տեղն եկած դեպքում առիթը բաց չեք թողնի ինքներդ վնասելու նրանց: Տղամարդու հանդեպ այս վերաբերմունքը, սակայն, ձեր մեջ մեղքի խորը զգացում է առաջացնում, որի պատճառով էլ դուք չեք կարող սեքսուալ գրգռում ունենալ նրա հետ ինտիմ կապ ունենալուց: Միայն եթե ձեզ տեղադրեք տղամարդուն ենթակա և ստորադաս կարգավիճակում, կարող եք ձերբազատվել նրանց վնասելու թաքույց ցանկության հարուցած մեղքից և թուլանալ այնքան, որ ազատ արձակվի ձեր ներսում կուտակված սեռական ողջ կիրքը (այն պատրանքն է ստեղծվում, թե նրանք են ձեզ վնասում, այլ ոչ թե դուք՝ նրանց)։ Այս վիճակը հոգեսեռական զարգացման ընթացքում տեղ գտած կոնֆլիկտների ոչ առողջ և ոչ ադապտիվ լուծման հետևանք է և ենթակա է հոգեսեքսուալ թերապիայի կոմպետենտ մասնագետի օգնությամբ։

Փակել