ՆԱՐԻՆԷ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Երկու հատվող բուրգերից ծնվում է Նորը

Tag: առնանդամի չափս

Առնանդամի չափս

Վերադարձ

Զուգընկերոջս առնանդամը մեծ է

Բարև Ձեզ: Ճիշտն ասած մի քանի հարց ունեմ, հուսով եմ կկարողանաք ինձ օգնել: Ես արդեն բավականին ժամանակ է հանդիպում եմ մի տղայի հետ, և մենք վարում ենք նորմալ սեռական կյանք: Սակայն ունենք մի խնդիր. նրա սեռական օրգանը բավականին հաստ է, և նա բավականին ուշ է հասնում օրգազմի, այդ ընթացքում իմ սեռական օրգանի մկանները սկսում են ցավալ, հեշտոցս չորանում է: Դրանից հետո ինչ նյութեր, որ օգտագործում ենք, միևնույն է ցավը չի պակասում: Ի՞նչ կարող ենք անել: Նա բավականին ուշ է հասնում օրգազմի, օրինակ՝ առաջին անգամ մոտ քսան րոպե է տևում, սակայն դրանից հետո կարող է մոտ երկու ժամ տևել, իսկ ես չեմ կարողանում այդքան երկար հարաբերություն ունենալ, և, ցավոք, նա դեմ է օրալ սեքսին: Նախապես շնորհակալություն:

Պատասխան

Սկսենք ուշացած օրգազմից, 20 րոպեն այդքան էլ ուշ չի համարվում, իհարկե հետազոտությունները վկայում են, որ կնոջ հեշտոցային խոնավեցման ռեակցիան պահպանվում է 11 րոպե, սակայն շատ կանայք ի վիճակի են հեշտոցային գրգռման ռեակցիայի մեջ գտնվել մինչև 30-40 րոպե: Բացի այդ, ուշացած սերմնաժայթքման խնդիրը դրսևորվում է և առաջին, և հերթական փորձերի ժամանակ, իսկ ձեր դեպքում առաջին փորձը ուշացած չի համարվում: Հարկավոր է իմանալ նաև տղամարդու ռեֆրակտեր շրջանի մասին: Այս շրջանը սեռական անդրդվելիության վիճակ է, երբ օրգանիզմը ֆիզիկապես ի վիճակի չէ սեռական նոր ցիկլի առաջացման, հնարավոր է ձեր դեպքում երկրորդ փորձի ժամանակ տղամարդը գտնվում է հենց այդ շրջանում: Առնանդամի հաստությունը խնդիր չէ, ընդհակառակը շատ կանայք նշում են, որ հաստությունը ավելի ուժեղ զգացողությունների առաջացման պատճառ է, ուստի և ոչ թե թերություն, այլ առավելություն է: Ձեր նկարագրածի մեջ խնդիր կարող է համարվել այն, որ դուք չունեք հեշտոցի բավարար խոնավեցման ռեակցիա և սեռական գրգռման մնայուն և հարաճող զգացում։ Սրա պատճառները տարբեր են՝ հավանաբար սեռական հարաբերության ենթատեքստը չի համընկնում ձեր նախընտրածին։ Գուցե դուք ինքնե՞րդ էլ չգիտեք այդ մասին։ Լյուբրիկանտների կիրառումը խնդրի լուծում չէ, ընդհակառակը կարող է ավելի բարդացնել և խորացնել խնդիրը: Օրալ սեքսին դեմ լինելու նրա վերաբերմունքը մշակութային, կրոնական ծագման խնդիր է, որը կարելի է լուծել մտածողության վերափոխման, մտահորիզոնի ընդարձակման և նոր պատկերացումների կառուցման շնորհիվ: Խորհուրդս ձեզ մասնագետի այցելելն է, քանի որ ինքնուրուն ուժերով այս տեսակ խնդիրները չեն լուծվում։

Փակել

Զուգընկերոջս առնանդամը փոքր է

1.Բարև Ձեզ: Հարգելի բժշկուհի, ես 19 տարեկան եմ, նշանված եմ, նրա հետ ունեցել եմ հարաբերություն երեք անգամ: Խնդիրն այն է, որ նրա առնանդամի չափսը փոքր է, և լիարժեք հաճույք չեմ ստանում հարաբերությունից հետո: Խնդրում եմ օգնեք, ինչպե՞ս կարող ենք խնդիրը լուծել:

Պատասխան

Առնանդամի փոքր չափը խնդիր չէ: Բանը նրանումն է, որ կնոջ սեռազգայուն գոտիները մակերեսային տեղակայում ունեն (փոքր սեռական շուրթեր, հեշտոցամուտք, ծլիկ) և բոլորովին կարիք չկա առնանդամի խորը ներթափանցման, քանի որ բավարար է առնանդամի (և ոչ միայն) մակերեսային հպումը այդ հատվածներին: Հեշտոցային խողովակի ներքին մակերեսի զգայուն հատվածը դարձյալ արտաքին տեղակայում ունի, այն գտնվում է հեշտոցի առաջային պատի 1/3 –ում (G-գոտի): Գուցե առնանդամի փոքր լինելը ստեղծում է որոշակի սահմանափակումներ սեռական դիրքերի հետ կապված ու նաև խնդիր է ստեղծում, եթե կնոջ մոտ սեռազգայուն է արգանդի վզիկի հատվածը: Սակայն այս անհարմարությունը ուշադրության այդքան էլ արժանի չէ, պետք է հասկանալ, որ սեռական հաճույքը չի գոյանում նրանից, որ պատշաճորեն խթանվում են կնոջ բոլոր սեռազգայուն գոտիները, այլ այն մտքից, որ նրա սեռական անբռնազբոսիկ մղումները ազատ են արձակվել իր իսկ սեփական կամքով և գտնվում են այն միակ մարդու իշխանության տակ ում որոշել են վստահել և արժանի են համարում սիրելու և տրվելու: Առնանդամի միայն այն չափն է խնդրահարույց, եթե հնարավոր չէ ընդհանրապես ներհրում իրականացնել և այդ պատճառով տուժում է բնական ճանապարհով բեղմնավորվելու հնարավորությունը: Ի վերջո սեռական հարաբերության հիմնական նպատակը սերնդաշարունակությունն է, իսկ սեռական հաճույքի վերապրումը հնարավոր է բազում տարբերակներով, քանի որ մարդը կարող է ստեղծագործել:

Փակել

2.Բարև Ձեզ բժիշկ Ներսիսյան: Մի մեծ խնդրանք ունեմ, փորձեք օգնել: Ես ու ընկերուհիս շփվում ենք արդեն 4 տարի: Մեր ընկերության երկրորդ տարվանից մենք բավարարվում ենք սեռական օրգանները իրար հպելով: Ամեն ինչ լավ էր մինչև ես գնացի արտասահման, մենք սկսեցինք հաճախ վիճել:Բայց դե չէր մարել մեր անհագ ցանկությունը,երբ կարոտը հաղթեց բանականությանս ես խնդրեցի նրան նկարի կուրծքը և ինձ ուղարկի: Նա արեց, ես շատ գոհ էի, որովհետև ես նրան շատ եմ սիրում: Նա խնդրեց ինձ ուղարկեմ իմ անդամը,ես պահի տակ արեցի դա: Բայց նա միայն մի բան գրեց. «Ինչու՞ է սենց փոքր»: Ճիշտ է ես վիրավորվեցի, բայց բան չասացի: Այդ օրվանից սկսած նա ասաց, որ այլևս չի ուզում նման թեմաներից խոսենք: Ես վախենում եմ, միգուցե նա հիասթափված է: Կամ էլ ինձ չի սիրում: Խնդրում եմ, փորձեք օգնել: Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան

Առնանդամի չափը բոլորովին կապ չունի կնոջ սեռական բավարարման հետ, ավելին, փոքր առնանդամը երբեմն ավելի գրգռող կարող է լինել, քան ավելորդ դիսկոմֆորտ պատճառող, անիմաստ երկար առնանդամը: Այնպես որ կարծում եմ բոլորովին հարկ չկա բարդույթավորվել առնանդամի չափերի հետ կապված, միանգամայն բավավարար է այն չափը, որի դեպքում առնանդամը կարողանում է 1/3 –ով մուտք գործել հեշտոցային խողովակ, ավելին պետք էլ չի, քանի որ հեշտոցի միայն արտաքին 1/3 –ն է զգայուն: Ինչ վերաբերում է ձեր ընկերուհու հիասթափությանը, ապա եթե նա իրոք հիասթափություն է զգում, ապա միայն այն պատճառով, որ ի սկզբանե հիացած է եղել մակերեսային փայլով, որից հիմա սթափվել է և հասկացել, որ իրականությունն այն չէ, ինչ ինքը պատկերացնում էր, ուրեմն և նրա զգացմունքը ձեզ հետ ոչ մի կապ չի ունեցել: Մակերեսային զգացմունքը այն հիմքը չէ, ինչի վրա կարելի է հարաբերություն կառուցել, հարկավոր է գիտակցել, որ լուրջ հարաբերություն ունենալու համար կիրքը և զգացմունքները պետք է սնվեն գիտակցական ակունքներից, մտքից, որտեղ չպետք է լինեն սխալ պատկերացումներ սեռական կյանքի և հարաբերությունների մասին: Այնպես որ, եթե անգամ ձեր զուգընկերուհին հեռանա ձեզանից, ապա լուրջ կորստի մասին խոսել չի կարելի, քանի որ նմանատիպ կիրք և զգացմունքներ դուք նորից կունենաք, ասում եմ նմանատիպ, քանի որ ամեն հարաբերություն իրականում անկրկնելի է և անփոխարինելի:

 

Փակել

3.Բարև բժշկուհի Նարինե: Ես սեռական առողջության ոչ մի խնդիր չունեմ, միակ պրոբլեմը առնանդամիս չափսերն են: Ինձ մոտ ամեն ինչ նորմալ է ընթանում մինչև սեքսը, սեքսից հետո զգում եմ, որ չեմ կարողացել լիարժեք բավարարել զուգընկերուհուս, ուզում եմ մեծացնել առնանդամիս չափերը, շատ մեթոդներ կան, բայց չգիտեմ, որն է ավելի ապահով ու առանց առողջության համար վատ հետևանքների, խնդրում եմ խորհուրդ տվեք ում դիմել և որ մեթոդից օգտվել, շնորհակալություն:

Պատասխան

Իմ խորհուրդը նման դեպքում առնանդամը հանգիստ թողնելն է: Կնոջը սեռական բավարարում կարելի է պարգևել անգամ ամենափոքր առնանդամով: Կնոջ լիարժեք բավարարումը հեշտոցից չի գալիս: Կնոջ սեռական գրգռումը հեշտոցի թացությունը չէ, այլ ներքին հոգեվիճակ, որի մեջ հայտնվելու համար տղամարդը, և առավել ևս իր առնանդամը, այդքան էլ մեծ դեր չունեն: Ձեր բարդույթի պատճառն այն է, որ դուք փորձում եք ինքնահաստատվել ձեր սեռի միջոցով, մինչդեռ սեռային պատկանելիությունն այն հիմքը չէ, որին կարելի է ապավինել ինքնահաստատման ճանապարհին, դա նույնն է թե ինքնահաստատվել փողով, պաշտոնական դիրքով, ֆիզիկական ուժով, հայտնի աստղ դառնալով և այլն։ Կարճ ասած ձեր խնդիրը ոչ թե առնանդամի չափն է, այլ ինքնահաստատման բացակայությունը։

Փակել

Վերադարձ

Առնանդամի չափը

Առնանդամի չափսը մեր պրակտիկայում հաճախակի հանդիպող գանգատ է: Բժշկական օգնության տեսանկյունից կարելի է տարբերակել երեք խումբ տղամարդիկ: Առաջին խումբը` առնանդամի նորմալ չափս ունեցող տղամարդիկ են, որվքեր պարզապես ունեն սխալ պատկերացումներ և սպասումներ` կապված առնանդամի չափսի և սեռական մերձեցման իրականացման հետ: Սա խորը իմաստով գալիս է նրանից, որ տղամարդու ինքնությունը սոցիալ-մշակութային հրամայականներով նույնացվում է այդ օրգանի չափսի հետ, և անատոմիական այս միավորը, փաստորեն, դառնում է տղամարդկության սոցիալ-մշակութային նշանակության ողջ ծանրությունը իր վրա կրող անարդարացիորեն չարաշահված օրգան: Այս տեսակի տղամարդիկ կարիք ունեն ռացիոնալ հոգեթերապևտիկ օգնության, որը արմատապես կլուծի նրանց անհանգստությունը:

Երկրորդ խումբ տղամարդիկ ունեն ավելի լուրջ` հոգեբուժական խնդիրներ` դիսմորֆոֆոբիկ համախտանիշ` կապված առնանդամի չափի հետ: Այստեղ երբեմն պահանջվում է հոգեբուժական խորհրդատվություն և բուժական օգնության կազմակերպում այս դաշտի շրջանակներում:

Երրորդ խումբը իրոք միկրոպենիսով տղամարդիկ են, այստեղ չափի պատճառով իրոք առաջանում են ներթափանցման լուրջ խնդիրներ և սեռական դիրքերի անհարմարություն: Կանայք, ովքեր սեռական հաճույք են ապրում վուլվայի գրգռումից, ներթափանցման կարիք չունեն և միկրոպենիսը այս դեպքերում խնդիր հանդիսանալ չի կարող: Այլ է այն կանանց դեպքում, երբ ներթափանցումը պարտադիր անհրաժեշտություն է սեռական հաճույք ապրելու համար: Կարելի է ենթադրել, որ ամենամեծ դժգոհությունը չափսից արտահայտում են այն կանայք, ովքեր ընդհանրապես սեռական գրգռում և հաճույք չեն ապրում, քանի որ այստեղ տուժում են իրենց էմոցիոնալ կարիքները, կանացի ինքնությունը:

© 2017 | ՆարինԷ Ներսիսյան | Բոլոր իրավունքները պաշտպանված են |

Besucherzahler
счетчик посещений