ՆԱՐԻՆԷ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Երկու հատվող բուրգերից ծնվում է Նորը

Tag: զուգընկերուհու բավարարվածություն

Հնարավո՞ր է սերմնաժայթքում առանց օրգազմի կամ օրգազմ` առանց սերմնաժայթքման

Այո, ինչպես որ հնարավոր է առանց օրգազմի հասնել սերմնաժայթքման, այնպես էլ` առանց սերմնաժայթքման հնարավոր է հասնել օրգազմի: Գոյություն ունեցող որոշ խնդիրներ կարող են պահպանված էրեկցիայի և օրգազմի դեպքում արգելակել սերմնաժայթքումը: Նման խնդիրները տարաբնույթ են` շագանակագեղձի վիրահատությունը, հոգեբանական որոշ արգելակումներ, օրինակ` տղամարդը մոլեռանդորեն կենտրոնացած է հիգիենայի վրա և սերմնաժայթքումը համարում է աղտոտող երևույթ: Գոյություն ունեն նաև որոշ հոգեսեքսուալ խնդիրներ` զուգընկերուհու հղիանալու հավանականությամբ պայմանավորված վախը, վերահսկողությունը կորցնելու վախը, կամ սոցիալ-մշակութային արգելքները: Սերմնաժայթքման բացակայությունը կարող է նաև նևրոլոգիական խնդիրների` բազմակի սկլերոզի, ողնաշարի վիրահատության, ուղեղի կաթվածի կամ հորմոնալ խանգարման հետևանք լինել:

Հակառակ վերոնշյալի, գոյություն ունեն որոշ պատճառներ, որոնց հետևանքով տղամարդը կարող է առանց էրեկցիայի և օրգազմի հասնել սերմնաժայթքման: Նման խնդիրներից է վաղաժամ սերմնաժայթքումը, երբ նախքան էրեկցիայի հասունացումը կամ առնանդամի բավականաչափ գրգռումը տեղի է ունենում սերմնաժայթքում: Հոգեբանական որոշ գործոններ` գերգրգռվածությունը, մերձեցման հանդեպ վախը, հարաբերություն կառուցելու անկարողությունը, ինչպես նաև շիզոֆրենիան, սեռական օրգանների վիրահատությունից հետո ի հայտ եկած բարդությունները, հորմոնալ խանգարումները, նևրոլոգիական խանգարումները, ուղեղի և ողնաշարի վիրահատությունը, շաքարային դիաբետը, թմրանյութերի և ալկոհոլի չարաշահումը, նույնպես կարող են առանց օրգազմի սերմնաժայթքման հիմնավոր պատճառ դառնալ:

Որոշ տղամարդիկ միտումնավոր են օրգազմը առանձնացնում սերմնաժայթքումից: Նրանք այդպես են վարվում` հետաձգելով այն վերջին կետը, որից հետո այլևս հետդարձ չկա: Այդ վերջնակետը «սերմնաժայթքման անխուսափելիության» կետն է և կանոնավոր վարժեցնելով` հնարավոր է դառնում լիովին վերահսկել սերմնաժայթքումը: Նման կերպ սերմնաժայթքումը երկարաձգող տղամարդիկ կարևորում են իրենց զուգընկերուհու հետ հաճելի ու երկարատև սեռական մերձեցումը, որի հիմքում առավել խոր և առավել զգայական սեռական մտերմությունն ու ճանաչողությունն է:

Սեռական համատեղելիություն և ներդաշնակություն

Հաճախ լսում ենք այն թյուր կարծիքը, որ սեռական ներդաշնակությունը որոշակի կնոջ և որոշակի տղամարդու սեռական համապատասխանությունն է, ինչպես ասենք բանալին համապատասխանում է իր կողպեքին: Եթե կնոջ և տղամարդու սեռական կյանքը երկկողմանի բավարարություն չի պատճառում, ուրեմն նրանք ուղղակի սեռապես համատեղելի չեն: Ստացվում է, որ սեռական ներդաշնակությունը ի սկզբանե տրված և կայացած մի բան է, որը կամ կա, կամ չկա ու չի էլ կարող լինել:

Այս տեսակետից բխում են որոշ հասարակական դրսևորումներ: Երիտասարդ տղան ամեն կերպ ձգտում է սեռական հարաբերություն ունենալ աղջկա հետ նախքան ամուսնանալը, քանի որ ուզում է համոզված լինել, որ սեռապես համատեղելի է նրա հետ: Նրան սարսափ է ներշնչում այն միտքը, որ ամուսնանալուց հետո ինքը կարող է կանգնել “փաստի առջև” և արդեն ուշ կլինի որևէ բան փոխելը ու ստիպված կլինի ամբողջ կյանքը բավարարվել “միջակ սեքսով”: Փոխելով զուգընկերոջը/ուհուն հույսեր են տածվում ավելի մեծ սեռական բավականություն ստանալու, քան իրականում առկա է ներկա հարաբերության մեջ:

Այսպիսով հետապնդելով սեռական ներդաշնակությունը պատրաստի վիճակում ինչ-որ տեղ գտնելու անհիմն փափագը, անցնում են տարիներ, մեկը մյուսի հետևից հերթափոխվում են սեռական զուգընկերներ/ուհիներ և այդպես էլ սայլակը տեղից չի շարժվում:

Մինչդեռ իրականում սեռական համատեղելիությունը զույգի համատեղ ջանքերով ստեղծված իրողություն է: Այն չի տրված պատրաստի վիճակում, այլ սերմ է, որը պահանջում է հետևողական խնամք, որպեսզի ծլի ու ծաղկի և ամուսնական կյանքի տարիների ընթացքում տա իր արժանի պտուղները: Այս ճանապարհին զույգը հանդիպում է որոշակի դժվարությունների և խոչընդոտների, այդ թվում և բժշկական, որոնց հաղթահարումը սեռական ներդաշնակության հասնելու նախապայման է: Փախուստը այդ դժվարություններից խոսում է անձնային խնդիրների մասին: Ամեն անգամ դիմելով փախուստի անձը մնում է նույն կետում կանգնած, որը շատ հեռու է սեռական ներդաշնակությունից:

© 2017 | ՆարինԷ Ներսիսյան | Բոլոր իրավունքները պաշտպանված են |

Besucherzahler
счетчик посещений