ՆԱՐԻՆԷ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Երկու հատվող բուրգերից ծնվում է Նորը

Tag: էրեկցիա

Սեռական գրգռում

Սեռական գրգռումը սուբյեկտիվ վերապրում է, որը հարուցվում է սեքսուալ ազդակների շնորհիվ և դրսևորվում մարմնական փոփոխություններով: Սեքսուալ գրգիռներ ընկալելիս մարմինն անպայմանորեն դրսևորում է համապատասխան ռեակցիա։ Գրգռման ամենաբարձր մակարդակում, առանց որևէ ճիգի հայտնվում է օրգազմի զգացողությունը: Սեռական օրգանների ֆիզիոլոգիական պատասխանը և օրգազմը թողարկվում են բոլոր այն դեպքերում, երբ բավականաչափ գրգիռներ են կուտակվում:

Կարևոր է հիշել սակայն, որ մարդու սեռական գրգռման ամենագլխավոր պատասխանատուն գլխուղեղի կեղևն է։ Մարդը բնության մեջ միակ արարածն է, ով ունի զարգացած գլխուղեղի կեղև: Ինչո՞ւ է դա այդպես և ինչպե՞ս է ուղեղի այդ հատվածը մասնակցում սեռական գրգռման առաջացմանը։ Կեղևը մեր ուղեղի այն հատվածն է, որը նշանակություն և իմաստ է հաղորդում մեր բոլոր ապրումներին, այդ թվում՝ սեռական: Սեռական ակտի ընթացքում մեր բոլոր ապրումների իմաստավորումներն ազդում են մարմնի արձագանքող ունակության և սեքսուալ բավարարման վրա: Սեռական գրգռման առաջացումը և ուժգնությունը պայմանավորված են հենց այդ իմաստներով, որոնք թաքնված են սեռական գործողությունների հետևում։

Կարդալ ավելին

Այսպիսով՝ միայն զգայարանների խթանումը բավարար պայման չէ մարդու սեքսուալ գրգռման համար: Սովորաբար մենք կենտրոնանում և շեշտը դնում ենք շոշափելիքի և ավելի նվազ չափով՝ տեսողական, ձայնային, համի կամ հոտառության զգայությունների վրա: Բայց ինչպես նշեցինք, գրգռվելու համար շատ ավելի մեծ նշանակություն ունի ոչ թե զգայության խթանումը, այլ այդ զգայությունների մտային իմաստավորումները: Եվս մեկ անգամ ընդգծենք, որ միտքը շատ ավելի վճռորոշ դեր է խաղում սեռական օրգանների նորմալ գործունեության համար, քան մեխանիկական գրգիռներն առանձին վերցրած: Ուստի ավելորդ է տարվել զուգընկերոջը/ուհուն «ճիշտ» գրգռելու կպչուն ձգտումով, այլ կարևոր է էմոցիոնալ կապը չընդհատելով ուշադրություն դարձնել, թե ինչ է ընկած սեռական փոխհարաբերման ենթատեքստում: Գրգռում է ոչ թե ինքնին շոյանքը, այլ դրա միտումը:

Սեքսուալ գրգռվածությունը՝ սեռական ակտի ընթացքում զգայական խթանման և բոլոր զգացմունքների ու մտքերի ամբողջականությունն է, դրական հանրագումարն այն ամենի՝ ինչ մտածում ենք, զգում և անում: Սեքսուալ գրգռումը ավելին է քան լորձաթաղանթների հպումը, ավելին է քան սեքսուալ երևակայությունները:

Ֆիզիկական, մեխանիկական գրգիռները նյարդային ուղիներով փոխանցվում են գրգռման օջախից դեպի ողնուղեղ, ապա գլխուղեղ և ի վերջո վերադառնում սեռական օրգաններին: Ցանկացած խոչընդոտ կարող է իջեցնել գրգռման մակարդակը և ի վերջո հանգեցնել սեքսուալ խանգարման և անբավարարվածության: Նման խոչընդոտ կարող է հանդիսանալ նյարդային կամ անոթային հիվանդությունը, հորմոնալ շեղումները, բնածին արատները, որևէ հիվանդություն կամ տրավմա, բժշկի կողմից նշանակված կամ ինքնուրույն ընդունած դեղորայք, վիրահատական միջամտությունը, հոգնածությունը, սթրեսը: Բոլոր թվարկածները կարող են ազդել նյարդային գրգիռները հաղորդելու և մշակման ենթարկելու օրգանիզմի բնականոն ընթացքի վրա: Սեքսուալ գրգռման խանգարման պատճառներից են նաև ալկոհոլիզմի, շաքարային դիաբետի և երիկամային անբավարարության հետևանքով առաջացող անոթային, նյարդային և հորմոնալ բարդությունները:

Եթե կասկած կա որևէ բժշկական խնդրի առկայության մասին, ապա անպայման պետք է մանրամասն բժշկական հետազոտություն անցնել, որպեսզի ճշտվի ախտորոշումը և բուժման համապատասխան կուրս նշանակվի: Սակայն պետք է նշել, որ երբեմն նույնիսկ ծանր ֆիզիկական խնդրի առկայության դեպքում, միայն մտքի հզոր ուժով հնարավոր է դառնում սեքսուալ զգայություն վերապրել: Կան դեպքեր, երբ անդամալույծին հաջողվել է նոր էրոգեն գոտիներ արթնացնել զգայունակությունը պահպանած մարմնի այլ հատվածներում:

Քանի որ զգացմունքերը և մտքերը ազդում են մարդու զգայական ընկալման վրա, ուրեմն՝ զգայությունը կլինի հաճելի այն դեպքում, երբ միտքը և զգացմունքերը նպաստեն դրան: Եթե տխուր ենք, զայրացած, նեղացած ենք կամ ուղղակի մտազբաղ, դժվար թե զգայական ընկալումները ստանան այնպիսի էրոտիկ երանգավորում, որը կբերի գրգռման ու սեռական հաճույքի: Այս դեպքերում այն ամենը, որ սովորավար մեզ սեքսուալ տրամադրվածություն էր ներշնչում, չեն ունենում նմանատիպ ազդեցություն և հակառակը՝ իջեցնում են սեռական ցանկությունը:

Եթե մենք զգում ենք, որ գրգռվել ենք և գիտակցում, որ այդ պահին անհամապատասխան վայրում ենք, ապա մեր զգայական վերապրումը կարող է թույլ լինել և այս դեպքում այն չի տանի դեպի սեքսուալ գրգռվածություն և օրգազմ: Ու հակառակը, եթե «ընդունված կանոնները խախտելու» գաղափարը գրգռում է մեզ, ապա այդ նույն զգայական ընկալումները այն աստիճանի ուժեղ կարող են լինել, որ հասցնեն օրգազմի:

Եվս մեկ դիտարկում` որոշ մարդիկ նշում են, որ իրենց էրեկցիան/լյուբրիկացիան ավելի արտահայտված է, երբ իրենք «գրգռողի», այլ ոչ թե «գրգռվողի» դերում են: Սա կարող է պայմանավորված լինել վերցնելու հետ փոխկապված պարտքի զգացման հետ, քանի որ գերիշխում է այն միտքը, որ պիտի (չգիտես թե ինչու) անպայմանորեն գրգռվես, երբ քեզ շոյում են: Խորը զգացմունքային կապի խթանումը կարող է ազատել պարտավորվածության զգացումից և նպաստել սեքսուալ ֆունկցիայի հաջող իրականացմանը:

Ցանկացած չլուծված էմոցիոնալ խնդիր ազդում է մեր զգայունակության վրա: Եթե անձը վախենում է մտերմությունից, ապա հնարավոր է, որ նա ավելի հեշտ գրգռվի ու հաճույք ստանա պատահական մարդու հետ սեռական կապ ունենալիս, ինչպես ասում են՝ մի գիշերվա ընկերոջ/ուհու հետ: Մարդիկ, ովքեր վախենում են վերահսկվելուց (կոնտրոլից), գրգռման դժվարություններ են ունենում պարտավորությամբ ամրագրված հարաբերություններում, բայց ոչ երբեք պարտավորություններից զերծ կապերի ժամանակ: Իսկ նրանք, ովքեր վախենում են մերժվելուց, կդրսևորեն ճիշտ հակառակ վարքային ստերեոտիպ՝ ավելի հեշտ կգրգռվեն, եթե «ԶԱԳՍ-ի թուղթ ունեն»:

Զզուգընկերոջ/ուհու հույզերը և պահվածքը նույնպես անդրադառնում են սեքսուալ գրգռման վրա: Բավական է հիշել ինչ ենք զգում, երբ մեր կողակիցը դրսևորում է ձանձրույթի, անտարբերության, սառնության նշաններ կամ էլ պնդում է, որ կինը անպայման պետք է հասնի օրգազմի: Ինչքան էլ նա շոյի, գուրգուրի կնոջը, միևնույն է այս դեպքում չի կարող հասցնել կնոջը օրգազմի: Որովհետև սեռական ակտն այս դեպքում կնոջ համար ունի բացասական ենթատեքստ, այսինքն՝ տեղի է ունենում տղամարդու սեռական ինքնահաստատման գործողություն, առանց հաշվի նստելու կնոջ համաձայնության հետ, դեռ ավելին՝ պարտադրելով, որ նա իր օրգազմով կնքի ինքնահաստատման այդ գործընթացը:

Սեռական գրգռման և օրգազմի խանգարումների պատճառներն այնքան տարբեր և անհատական են, ինչպես մարդը ինքն է: Հնարավոր է, որ միանգամից մի քանի գործոններ են միաժամանակ ազդում և թուլացնում սեքսուալ զգայունակությունը: Դրա համար, յուրաքանչյուր դեպք իր սպեցիֆիկ լուծումն է պահանջում, եթե խոսքը գնում է սեռական գրգռման անբավարարման մասին։

Փակել

Էրեկտիլ դիսֆունկցիա

Էրեկցիայի հետ կապված դժվարությունները տղամարդկանց բոլոր տարիքային խմբերում հաճախ հանդիպող գանգատներից են: Սեռականության դրսևորման ոչ մի խանգարում տղամարդուն այնքան մեծ անհանգստություն և հուսահատություն չի պատճառում, որքան էրեկցիայի հետ կապված խնդիրները: Ամոթի և վախի զգացմունքներ կարող են պաշարել տղամարդուն, եթե նա չի կարողանում հասնել էրեկցիայի կամ պահպանել այն: Տղամարդը կարող է դադարել իրեն տղամարդ զգալուց: Տղամարդու թերարժեքության այդ զգացումի զարգացմանը մեծապես նպաստում է էրեկցիայի խանգարմանը ի սկզբանե տրված իմպոտենցիա ավանդական անվանումը, որ թարգմանաբար նշանակում է «ուժի, հզորության և կարողության կորուստ», քանի որ մեր հասարակության մեջ վերոնշյալ հատկանիշներին հաճախ տրվում է տղամարդկությունը բնորոշող էական և պարտադիր բնութագրիչների դեր: Իմպոտենցիա բառի տղամարդու եսը վիրավորող բաղադրիչը նախընտրելի է փոխարինել էրեկտիլ դիսֆունկցիա անվանմամբ, ինչպես և այսօր կոչում են այս խանգարումը ամբողջ աշխարհում, թեև մինչ օրս իմպոտենցիա բառի կիրառումը մնում է շրջանառության մեջ:

ԲՆՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես նշված է DSM-IV ում՝ «Էրեկտիլ դիսֆունկցիան սեռական գրգռումի պարբերաբար կրկնվող կամ մշտական արգելակումն է սեռական գործողության ընթացքում, որը դրսևորվում է էրեկցիայի ձեռք բերման կամ միչև սեռական հարաբերության ավարտը պահպանման մասնակի կամ լրիվ անկարողությամբ»: Այս բնորոշումը ենթադրում է, որ սեռական ցանկությունը պահպանված է և պայմանները համապատասխան են հաջող սեռական հարաբերություն ունենալու համար: Ձեռնաշարժության ժամանակ հազվադեպ հանդիպող էրեկտիլ դժվարությունները ևս ընդգրկված են այս սահմանման մեջ:

Կարդալ ավելին

Հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ էրեկտիլ դիսֆունկցիան նկարագրված է գենիտալ ռեակցիայի բացակայության խորագրում իբրև էրեկցիայի առաջացման և սեռական գործողության ընթացքում բավարար պահպանման դժվարություն:

ԷԴ-ով շատ այցելուներ հաճույքածին են համարում համբուրվելը, շոշափումը և անգամ սեռական օրգաններին անմիջական հպումը, սակայն վերոնշյալ վարքային ակտիվությունները երբեմն կամ ամեն անգամ չեն ուղեկցվում գենիտալ ռեակցիայի առաջացմամբ: Եթե այս տեսակ արգելակումները հաճախ են կրկնվում, կարող է ի հայտ գալ սեռական ցանկության երկրորդային խամգարում՝ իջեցման կամ լրիվ անհետացման տեսքով: Որոշ դեպքերում նմանապես կարող է զարգանալ սեռական փուսափման վարքագիծ, որ կստեղծի արտաքնապես լրիվ ասեքսուալ տղամարդու կերպար:

ԷԴ-ն այնպիսի խանգարում է, որ հնարավոր չէ այն քողարկելը: Այն մտահոգություն է պատճառում նույնիսկ այն եզակի դեպքերում, որոնք անխուսափելի են ցանկացած տղամարդու կյանքում: Էրեկցիայի խանգարմանը տրվող մեկնաբանությունը կարող է տարբեր լինել, ինչից և կախված է, թե զարգացման ինչպիսի ընթացք կունենա ախտանիշը: Շատ տղամարդիկ ցուցաբերում են ընդունելի վերաբերմունք, որը նրանց թույլ է տալիս շարունակել իրենց սեռական կյանքը առանց որևէ արգելքի: Նրանց զուգընկերուհիները սովորաբար է՛լ ավելի պակաս են անհանգստացած: Ինչևիցե, որոշ տղամարդիկ էրեկցիայի խանգարման անգամ մեկ դեպքից հետո սեռական հարաբերությանը մոտենում են իբրև սպառնալից մի փորձության և սկսում վերահսկել իրենց կատարումը սեռական ողջ ակտի ընթացքում: Էրեկցիան կորցնելու վտանգը սեռական վախի պատճառ է հանդիսանում, որը հաճույքի անմիջական զգացողությունից ուշադրությունը շեղում է դեպի առնանդամի պրկվածության աստիճանին հետևելը: Բուժման հիմնական նպատակը կատարողական հենց այս տագնապի վերացումն է:

ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ

Տարբերում են օրգանական և հոգեբանական ԷԴ-ներ: Դրանց արտաքին դրսևորումները սովորաբար նույնն են: Հաճախ շատ ուշադիր և մանրակրկիտ զրույց է պահանջվում՝ ի հայտ բերելու այն ախտորոշիչ տվյալները, որոնք կարևոր կլինիկական նշանակություն ունեն ԷԴ-ի ձևի ախտորոշման համար: Կարևոր է պարզաբանել յուրաքանչյուր մանրամասն հանգամանք, որում առաջանում է ԷԴ-ն:

Այս կապակցությամբ ուշադիր քննարկվում և մեկնաբանվում են այցելուի բոլոր դիտարկումները կապված էրեկցիայի առաջացման հետ: Շատ այցելուներ նշում են, որ ունեն առավոտյան էրեկցիաներ և հեշտությամբ կարող են ձեռնաշարժությամբ զբաղվել մենակ գտնվելիս, մինչդեռ բացարձակապես անկարող են էրեկցիայի հասնելու երբ զուգընկերուհու հետ են: Որոշ դեպքերում էրեկցիայի ձեռք բերումը հաջողվում է, բայց դժվարություն է ներկայացնում այն պահպանելը: Մյուսները կորցնում են այն հագուստը հանելիս, անմիջապես ներթափանցումից առաջ կամ երբ առնանդամը հեշտոցում է, երբ սեռական հարաբերության պահանջ է ներկայացվում կամ էլ, երբ որոշակի տիպի կնոջ կամ որոշակի հանգամանքներում են, որը ինտիմ և վստահություն է պահանջում: Պատահում է, որ գանգատվում են անբավավար պինդ էրեկցիաներից:

Վերոնշյալ ախտորոշիչ տվյալներին անչափ օգտակար հավելում է զուգընկերուհու հետ վարած զրույցը, որի ընթացքում կարող են բացահայտվել նոր մանրամասներ և հաստատվեն արդեն ձեռք բերվածները:

Կանայք տարբեր պատասխան են տալիս իրենց զուգընկերների ԷԴ-ին: Ոմանք հրաշալի գոտեպնդողներ են և հասկացնել են տալիս, որ իրենք կարևորում են տղամարդու անձը և ոչ թե նրա պրկված առնանդամը: Այսպիսի վերաբուրմունքը պատճառային գործոնների շարքից բացառում է զուգընկերուհու մասնակցությունը: Հակադարձ ծայրահեղ վերաբերմունքը պատկանում է այն կանանց, ովքեր սեռապես պահանջկոտ և քննադատ են: Այս կանայք ծայրաստիճան զայրացնում է այն հանգամանքը, որ իրենց զուգընկերը չի բավարարում իրենց սեռական պահանջը: Կան կանայք, ում բավականության միակ աղբյուրը առնանդամի իմիսիայի մեջ է, կանայք, ովքեր առարկում են իրենց զուգընկերոջ կողմից էռոտիկ մեդիայի օգտագործումը, ովքեր հրաժարվում են տղամարդու սեռական օրգանները գրգռելուց: Հաճախ տղամարդուց սպասում են ակնթարթային էրեկցիա և դրա պահպանում մինչև կնոջ բավարարումը: Տղամարդը փորձում է ամեն կերպ բավարարել այդ սպասումները և այդ պատճառով ստեղծվում է մի ճնշում, որն ուժեղացնում է իրագործման տագնապը, արդյունքում առաջանում կամ խորանում է էրեկցիայի խանգարումը:

ՊԱՏՃԱՌԱԾԱԳՈՒՄԸ ԵՎ ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ

Ինչպես հայտնի է, էրեկցիայի առաջացման հիմքում ընկած է արյան բարձր ճնշման ստեղծումը առնանդամում: Դա պայմանավորված է մի կողմից զարկերակային արյան հոսքի ուժեղացմամբ դեպի առնանդամի փապարային մարմիններ, մյուս կողմից՝ երակային հետհոսքի թուլացմամբ: Արդյունքում արյան զգալի քանակություն «բռնվում է կիսափակ տարածքում», առաջացնելով առնանդամի չափերի մեծացում և պրկում:

Էրեկցիայի առաջացման այս բարդ գործընթացները կարգավորվում են հատուկ կազմակերպված նեյրոֆիզիոլոգիական մեխանիզմներով: Էրեկցիան ողնուղեղային ռեֆլեքս է, սակայն ողնուղեղային կենտրոնները գտնվում են գլխուղեղի կառավարման ներքո: Վերջինս կոորդինացնում է հոգեկան և զգայական ներգործությունները և հանդիսանում է էրեկցիայի հոգեբանական ամրապնդման կամ արգելակման կենսաբանական հիմքը:

Էրեկցիայի կառավարման վերջնական պատասխանատուն ողնուղեղային երկու կենտրոնների նյարդային մեխանիզմներն են: Ողնուղեղային վերին կենտրոնը միջնորդում է հոգե-էրոտիկ ազդակների, իսկ ստորինը՝ տակտիլ ներգործությունները: Երբ ներկայացվում է անբավարար էրեկցիայի կամ էրեկցիայի ինքնաբեր առաջացման դժվարության գանգատ, հարկավոր է ճշտել՝ արդյո՞ք այցելուն օգտագործում է երկու հնարավոր՝ հոգեկան և տակտիլ գրգռման աղբյուրների ամբողջ ներուժը: Երիտասարդ տարիքում սովորաբար հնարավոր է էրեկցիայի հասնել հոգեկան գրգիռներով միայն, մինչդեռ ավելի մեծ տարիքում տղամարդը կարիք ունի լրացուցիչ տակտիլ գրգիռների:

Էրեկցիան տղամարդու սեռական դրսևորումներից ամենախոցելին է: Այն կարող է վնասվել բազմաթիվ պատճառներից՝ ամենատարբեր դեղորայքից, հիվանդագին վիճակներից, հուզական վերապրումներից: Էրեկցիայի այս խոցելությունը պայմանավորված է էրեկտիլ համակարգի կազմավորման բարդությամբ: Այս համակարգի անխափան գործունեության համար հարկավոր է առնանդամի նրբագույն կառուցվածքային ամբողջականություն, կոնքի նյարդային և անոթային բավարար մատակարարում, գլխուղեղում նյարդային մեդիատորների ստույգ հավասարակշռություն, վեգետատիվ նյարդային համակարգի հուսալի գործունեություն, համապատասխան հորմոնալ ֆոնի առկայություն և վերջապես խաղաղ և էռոտիկ տրամադրված հոգեկանի առկայություն:

Քանի որ հոգեբանական և օրգանական ԷԴ-ի արտաքին դրսևորումները նույնն են (բացի նրանից, որ հոգեբանական ԷԴ-ն հաճախ իրավիճակային է), բժշկական քննության ժամանակ հարկավոր է ուսումնասիրել և բացառել բոլոր հնարավոր օրգանական պատճառները:

Գոյություն ունեն էրեկցիայի վրա բացասաբար ազդող մի շարք դեղորայքներ՝ հակահիպերտենզիվները, այդ թվում՝ թիազիդային միզամուղները, բետա-ադրենոբլոկատորները, կենտրոնական սիմպատոլիտիկները, հոգեմետ դեղերը և հատկապես հակադեպրեսանտները: Ալկոհոլը և ծխախոտը նունպես ազդում են էրեկտիլ ֆունկցիայի վրա: Ալկոհոլի թույլ դոզաները, «ընդամենը մեկ կամ երկու բաժակ», թեև ակտիվանում են սեռական ցանկությունը, սակայն կարող են ճնշել էրեկցիան: Քրոնիկ ալկոհոլամոլությունը կարող է վնասել ամորձու հյուսվածքը, բերել տեստոստերոնի մակարդակի իջեցման և իգական հորմոնի արտադրության բարձրացման, ալկոհոլային պոլինեյրոպաթիայի: Սրանք ախտաբանական տեղաշարժեր են, որոնք բացասաբար են անդրադառնում առնանդամի վիճակի և սեռական ցանկության վրա: Ծխախոտամոլությունը առաջացնում է զարկերակների պատերի պնդացում, ներառյալ առնանդամը սնող զարկերակներինը: Ծխողները ավելի մեծ հավանականությամբ են ունենում էրեկցիայի խանգարումներ քան չծխողները:

Էրեկցիայի խանգարմանը կարող են նպաստել որոշ էնդոկրին խանգարումներ, որոնք ուղեկցվում են տեստոստերոնային անբավարարությամբ, հիպերպրոլակտինեմիայով: Շաքարային դիաբետը ԷԴ-ի առաջացման հաճախ հանդիպող պատճառներից է:

Էրեկցիայի խանգարմանը նպաստում են նաև առնանդամի հեմոդինամիկան խախտող վասկուլոգեն մեխանիզմները՝ առնանդամը սնող խոշոր և մանր զարկերակների աթերոսկլերոզը, երակային դրենաժների ձևավորումը, առնանդամի տրավմաները, Պեյրոնի հիվանդությունը, մանգաղաձև բջջային անեմիան:

ԷԴ-ն դիտվում է նաև մի շարք նեյրոգեն խանգարումների դեպքում, որոնց ժամանակ դիտվում է էրեկցիայի ռեֆլեքսը ապահովող նյարդային կենտրոնների, նյարդային ուղիների ախտահարում: Այդ հիվանդություններից են՝ բազմակի սկլերոզը, Պարկինսոնի հիվանդությունը, նեյրովասկուլյար հիվանդությունը, Այցհեյմերի հիվանդությունը, ողնուղեղի և ողնուղեղային նյարդերի տրավմաները:

ԷԴ-ն հանդիպում է նաև դեպրեսիաների ժամանակ:

40 տարեկանից ցածր տղամարդկանց մոտ մեծ է հոգեբանական ԷԴ-ի հավանականությունը, մինչդեռ ավելի բարձր տարիքում հաճախանում է օրգանական ԷԴ-ն, քանի որ այս տարիքում աճում է անոթային ախտահարումների, դիաբետի, սեռական ֆունկցիայի վրա բացասաբար ազդող դեղորայքի ընդունման հավանականությունը:

Ըստ էության ԷԴ-ի ախտորոշումը իրականացվում է բացասման եղանակով՝ հերթով բացառվում են այն հիվանդությունները և հիվանդագին վիճակները, որոնք ի վիճակի են առաջացնելու էրեկցիայի խանգարման նեյրոգեն, վասկուլոգեն և հորմոնալ մեխանիզմներ: Սա բարդ, ժամանակատար և ծախսատար գործընթաց է:

Իրականում շատ քիչ թվով այցելուներ են պահանջում լրիվ ուռոլոգիական քննություն: Փորձառու և հմուտ սեքսոլոգը հոգեկան ԷԴ-ների 90% դեպքում ընդամենը զրույցի հիման վրա կարող է բացառել օրգանական ախտածագումը: Բավական է հաստատել էրեկցիայի խանգարման տատանման փաստը այցելուի հոգեհուզական իրավիճակից ելնելով, որպեսզի գրեթե լրիվ համոզմամբ պնդել հոգեբանական պատճառների դերը Էրեկցիայի խանգարման առաջացման մեջ: Այն այցելուները, ովքեր ԷԴ-ի հիմքում ունեն օրգանական մեխանիզմներ, գանգատվում են սեռական թուլությունից ցանկացած ժամանակ, միչդեռ հոգեբանական ԷԴ-ի դեպքում սեռական թուլությունը հայտնվում է միայն հուզական լարում պահանջող իրավիճակներում: Այս նպատակով այցելուին պետք է մանրամասն քննել ձեռնաշարժության ժամանակ առաջացող, ինչպես նաև ինքնաբուխ էրեկցիաների վերաբերյալ, որոնք կապված չեն էռոտիկ գրգռման հետ և հայտնվում են առավոտյան անմիջապես արթնանալուց հետո, գիշերը՝ քնի արագ փուլի ժամանակ: Եթե այցելուն կամ նրա զուգընկերուհին նշում են իմիսիայի համար բավարար և մնայուն էրեկցիա գոնե մեկ անգամ, օրգանական գործոնների հետագա ուսումնասիրումը իմաստ չունի:

Հոգեբանական գործոնները դեր են խաղում ԷԴ-ի գրեթե բոլոր դեպքերում՝ ինչպես առաջնային օրգանական, այնպես էլ հոգեբանական: Անոթային մեխանիզմներով պայմանավորված մեղմ արտահայտված էրեկտիլ թուլությանը տրվող տագնապալից պատասխանալը ի զորու է իսկապես առաջացնելու լրիվ թուլություն: Ասվածը իրավացի է և հակառակ կոնտեքստով՝ փսիխոգեն ԷԴ-ն բերելով երկարատև սեռական ձեռնպահության կարող է առաջացնել երկրորդային օրգանական խանգարումներ, որոնք պարտադիր պետք է հաշվի առնել բուժման ժամանակ: Հաճախ դժվար է որոշել հոգեբանական և օրգանական գործոնների գերակշռող դերը այս հարցում: Նման դեպքում անհրաժեշտ է վիճակը գնահատել խառը կամ անորոշ ծագման: Սակայն հոգեբանական գործոնին անհրաժեշտ է լուրջ ուշադրության արժանացնել, քանի որ այն ազդում է ախտանիշի ձևավորման և բուժման վրա բոլոր դեքերում, նույնիսկ եթե խնդիրը մաքուր օրգանածին է:

Դեպքերի գերակշռող մասում փսիխոգեն ԷԴ-ի առաջացման անմիջական հոգեբանական մեխանիզմը իրագործման տագնապն է (performance anxiety): Այցելուի մտքերի վերլուծությունը, երբ նա սեռական հարաբերության մեջ է, ցույց է տալիս, որ նրան այդ պահին հուզում է իր էրեկցիայի պահպանման խնդիրը՝ արդյո՞ք կկարողանա պահպանել էրեկցիան մինչև հարաբերության ավարտը: Այսպիսի օբսեսիվ անհանգստությունը էրեկցիայի պահպանման կապակցությամբ այցելուին կենտրոնացնում է սեռական գործողության կատարման վրա և առաջացնում վախի զգացողություն: Քանի որ էրեկցիան խիստ զգայուն է հույզերին, իսկ ցանկացած հույզ ունի ֆիզիոլոգիական ուղեկից, կատարումային տագնապը բերում է առնանդամը արյան ավելցուկից դատարկող ռեֆլեքսների թողարկմանը և արդյունքում էրեկցիան թուլանում է:

Երբեմն իրականացման տագնապը հանդիպում է «մաքուր» ձևով և զույգի հոգեբանական գնահատումը բացահայտում է, որ այցելուն ազատ է հուզական որևէ տեսակ կոնֆլիկտից, իսկ զույգի միջանձնային հարաբերությունները խնդիր չեն հարուցում: Այլ դեպքերում այն ծառայում է իբրև պաշտպանական մեխանիզմ ընդդեմ անգիտակից սեռական կոնֆլիկտի կամ էլ մասն է կազմում միջանձնային հարաբերությունների դինամիկ զարգացման: Այս ամենը պետք է հաշվի առնել ԷԴ-ով այցելուի հետազոտման ժամանակ: ԷԴ-ով և այլ սեռական խանգարումով տղամարդկանց փսիխոպաթոլոգիաները իրարից չեն տարբերվում: Հոգեվերլուծական տեսության համաձայն տղամարդկանց սեռական խանգարումների հիմքում ընկած են չլուծված Էդիպյան բարդույթը և «ամորձատման տագնապը» և շատ հաճախ նման տղամարդկանց մոտ կարելի է դիտարկել ամբիվալենտ վերաբերմունք կանանց նկատմամբ: Էդիպյան բարդույքը կարելի է հայտնաբերել այցելուի ընտանեկան դինամիկայի ուսումնասիրման և նրա հասուն սեռական փոխհարաբերությունների վերլուծության միջոցով: ՈՒշադրության են արժանի այցելուի հարաբերությունները իր մայրիկի հետ, ներկայիս զուգընկերուհու մեջ իր մայրիկի կերպարը տեսնելու կամ իր մայրիկին հիշեցնող կանանցից խուսափելու միտումները, տղամարդկանց հետ մրցակցելու և նրանցից վախենալու դրսևորումները: ԷԴ-ով տղամարդկանց հոգեվերլուծական քննությունը ցույց է տալիս, որ նրանք ակնհայտ կերպով թշնամական կամ ամբիվալենտ վերաբերմունք են տածում կանանց նկատմամբ և կախվածություն ունեն մայրերից:

Շատ տղամարդիկ, որոնք էրեկցիայի հետ կապված դժվարություններ են ապրում, սեռական հաճույքի մասին բացասական տեղեկություններ են ստացել: Այդ պատճառով կարևոր է գնահատական տալ այցելուի հայրական ընտանիքում սեռական կյանքի և սեռական հաճույքի մասին տիրող վերաբերմունքին:

Այն կարծիքը կա, որ կանանց վերջերս «ազատագրված վարքը» կապված է նրանց կողմից սեռական ագրեսիվ պահանջների ներկայացման և դրա հետևանքով տղամարդկանց մոտ ԷԴ-ի տարածման հետ: Պետք է նշել, որ սա չի համապատասխանում իրականությանը: ԷԴ-ով այցելուների կանանց ուսումնասիրումը ցույց է տալիս, որ նրանք երբեմն իրոք ճնշում են իրենց զուգընկերներին սեռական գործողության վատ կատարման համար, բայց պատճառը ոչ թե նրանց ազատագրումն է, այլ նևրոտիկ վիճակը: Երբեմն այդ կանանց մեջ հանդիպում են ավանդական դաստիարակություն և հակասեքսուալ արժեքներ կրողները, որոնք չեն ընդունում ծլիկային գրգռումը և սեռական հարաբերության ողջ պատասխանատվությունը գցում են տղամարդու ուսերին: Այս ամենը տղամարդուն դնում է ահռելի ճնշման տակ և առաջացնում էրեկցիայի դժվարություններ: Այս տղամարդկանց վիճակը բարելավում է, երբ նրանց կանայք «ազատագրվում են» և սովորում են սեռապես ավելի ակտիվ լինել և գրգռել իրենց տղամարդկանց:

Սա չի նշանակում սակայն, որ զուգընկերուհու ագրեսիվ սեռական պահանջները և քննադատ վերաբերմունքը դեր չեն խաղում ԷԴ-ի զարգացման գործում: Ընդհակառակը, շատ կանայք չեն գոտեպնդում իրենց տղամարդկանց, երբ վերջիններիս մոտ դրսևորվում են սեռական ձախողումներ, ավելին, սեռական կյանքը դարձնելով զենք, նրանք փորձում են հաղթող դուրս գալ ամուսնական պայքարում, ինչը էական գործոն է ԷԴ-ի առաջացման և բուժման արդյունավետությունը բարձրացնելու գործընթացում: Այդ պատճառով զույգի սեռական փոխհարաբերության ուսումնասիրումը և զուգընկերուհու հուզական ռեակցիաների ուսումնասիորւմը կարևոր են ԷԴ-ով տղամարդու հետազոտման ժամանակ:

ԲՈՒԺՈՒՄԸ

ԷԴ-ի որոշ ձևեր մեծ արդյունավետությամբ բուժվում են փսիխոթերապիայի միջոցով: Դրանք այն դեպքերն են, որոնք պայմանավորված են թեթև արտահայտված իրականացման տագնապով, որը հետևանք է սեքսուալ ինքնավստահության պակասի և զուգընկերուհու կողմից գործադրվող ճնշման և հիմքում չունեն խորը անգիտակից թշնամանք կանանց նկատմամբ: Այն այցելուները, ում մոտ հայտնաբերվում են խորքային փսիխոպաթոլոգիա և միջանձնային դժվարություններ, պահանջում են ավելի երկարատև և բարդ բուժում, որը ներառում է անգիտակից կոնֆլիկտների լուծում:

Էրեկցիայի օրգանոգեն կամ փսիխոթերապիայի նկատմամբ կայուն փսիխոգեն ԷԴ-ի դեպքում բացի փսիխոթերապիայից կիրառվում են դեղորայքային և ֆիզիոթերապևտիկ բուժական մեթոդներ: Մասնավորապես մեծ կիրառում են գտել ֆոֆոդիեսթերազ-5-ի արգելակիչների կիրառումը՝ սիլդենաֆիլ, տադալաֆիլ, վարդենաֆիլ: Օգտագործվում են միջոցներ, որոնք ունեն ակտիվացնող ազդեցություն ԿՆՀ-ի վրա՝ ժենշենի արմատներ, էլեուտերոկոկի մզվածք, պանտոկրին, պրոզերին, սեկուրինին, լոշտակ և այլ: Կիրառվում է վիտամինոթերապիա, ինչպես նաև աֆրոդիզիակներ՝ յոհիմբին: Երբեմն նշանակվում են հորմոնալ պրեպարատներ՝ գոնադոտրոպիններ, անդրոգեններ և դրա սինթետիկ անալոգներ, անաբոլիկ ստերոիդներ: Որոշ դեպքերում կիրառվում է ռեֆլեքսոթերապիա:
Ողնուղային տրավմաների կամ տեղային դիստրոֆիկ պրոցեսների հետևանքով զարգացող Էրեկցիայի խանգարումը վերականգնվում է արտաքին պրոթեզավորման միջոցով: Դիմում են նաև վիրաբուժական միջոցառումներին, որոնք ունեն հիմնականում 3 ուղղություն՝
1. Սեռական անդամի կավեռնոզ մարմինների ռեվասկուլյարիզացիա
2. Կավերնոզ մարմինների երակային հոսքի քչացում
3. Սեռական անդամի էնդոպրոթեզավորում (էնդոֆալոպրոթեզավորում)

Փակել

Էրեկցիա

Դիաբետ

Բարև Ձեզ տիկին Նարինե: Ես մի հարց-խնդրանք ունեմ Ձեզ. մեկ շաբաթ առաջ վիժել եմ ու մնացել էի դժվարությամբ: Հանձնել եմ անալիզ (ԴՀԷԱ): Խնդրում եմ ասել, թե սա իրենից ինչ է ներկայացնում և արդյոք կարող է դառնալ վիժման պատճառ: Պատասխաններս եկել են նորմայից դուրս՝ 18.5, իսկ նորման 1.3-9.8 է: Իսկ սեռական կյանքում ունեմ դժվարություններ. ամուսնուս մոտ կա շաքարային դիաբետ հիվանդությունը: Հիմա նրա մոտ առկա է թույլ էրեկցիա: Կարո՞ղ եք ասել՝ ինչում է խնդիրը կայանում: Իսկ ինձ մոտ կա ցանկություն. դիմում եմ ձեռնաշարժության: Խնդրում եմ օգնեք ինձ: Նախապես շնորհակալություն:

Պատասխան

Շեղումը, որի մասին նշում եք, իրոք կարող է պատճառ դառնալ վիժման: Հարկավոր է դեղորայքային բուժմամբ կարգավորել հորմոնի քանակությունը: Շաքարային դիաբետի հետևանքով առաջացած սեռական թուլությունը ևս բուժելի է, հարկավոր է, որ Ձեր ամուսինը գա սեքսոպաթոլոգի մոտ: Ձեռնաշարժության դիմել խորհուրդ չեմ տա, քանի որ ամուսնացած լինելով հանդերձ նմանատիպ վարքի դիմելով, Դուք հեռավորություն եք ստեղծում Ձեր և Ձեր ամուսու միջև, փոխանակ լուծելու խնդիրը, փախչում եք այդ ձևով: Խորհուրդ կտամ երկուսով այցելել սեքսոպաթոլոգին։

Փակել


Երկրորդ ակտի անհնարություն

Բարև Ձեզ: Ամուսնուս մոտ հարաբերության ժամանակ առաջին ակտից հետո անդամը կարծես թե թուլանում է, այն ձևականորեն կարող է գրգռվել և շատ շուտ թուլանալ: Նրա կարծիքով, եթե առաջին ակտից հետո ես լվացվեմ, ապա նորմալ կլինի: Բայց ախր ինչպե՞ս է հնարավոր ամեն ակտից հետո լվացվել և նորից շարունակել: Իսկ Դուք ի՞նչ խորհուրդ կտաք, որպեսզի մենք բավարարվենք ոչ թե մեկ, այլ մի քանի ակտերից հետո… Նախապես շատ շնորհակալ եմ հարգելի Նարինե:

Պատասխան

Կա այսպիսի հասկացողություն, կոչվում է տղամրադու սեռական անդրդվելիություն. դա մի շրջան է սեռական ակտից հետո, երբ տղամարդը բացարձակապես ընդունակ չէ նորից գրգռվելու, քանի որ ֆիզիոլոգիան թույլ չի տալիս։ Տարբեր տղամարդկանց մոտ այդ շրջանի տևողությունը տարբեր է և կախված է մի քանի հանգամանքներից՝ տարիք, սեռական կոնստիտուցիա և այլն։ Հավանաբար ձեր ամուսնու մոտ անդրդվելության շրջանի տևողությունը երկար է և նրան ինչ-որ ժամանակ է հարկավոր, որպեսզի նա ֆիզիոլոգիապես վերականգնվի հաջորդ ակտի համար: Դա նրա բնությունն է, իսկ բնության դեմ ոչինչ անել հնարավոր չէ: Լվացվելու ուղարկելը նրա կողմից մի հնար է, նրա կարծիքով դա իրեն ժամանակ կտա վերականգնվելու համար, նույն հաջողությամբ կարելի է անել ցանկացած այլ բան, մինչև որ անցնի այդ անհրաժեշտ ժամանակահատվածը: Դուք կարող եք գնալ լվացվելու, եթե դա ձեզանից մեծ ջանքեր չի պահանաջում, հատկապես որ դա ձեզ կթարմացնի և դուք չեք քնի սպասելով հաջորդին, բայց կարող եք նաև ուղղակի պառկել մինչև ինչ-որ ժամանակ անցնի և անդրդվելիության շրաջանից դուրս գա։ Ընտրությունը Ձերն է։ Ամենակարևորը ձեռք մի տվեք իրեն, հատկապես առնանադամին, դա նրան մեծ տհաճություն կարող է պարգևել և մի պահանջեք նրան նորից գրգռվել, նա չի կարող, այլ ոչ թե չի ուզում: Մի քանի ակտ ունենալու Ձեր ցանկությունը այս դեպքում այդքան էլ խորհուրդ չի տրվում, ավելի ճիշտ լուծում է ակտի տևողությունը երկարացնելը, որպեսզի դուք այդ ընթացքում հասցնեք մի քանի անգամ օրգազմ ունենալ, որը և կտա լիարժեք բավարարման զգացողություն: Այս արդյունքին հասնելու համար Ձեզ մասնագետի օգնություն է հարկավոր։

Փակել


Էրեկցիայի թուլություն

Բարև Ձեզ հարգելի Բժիշկ Ներսիսյան, շատ, անչափ շատ, շնորհակալ կլինեմ Ձեզ, եթե պատասախանեք իմ այս հարցերին: Իմ ընկերը 21 տարեկան է և նա գանգատվում է իր անդամի թույլ էրեկցիայից, իսկ օրգազմից անմիջապես 10 վայրկյան անց, այն միանգամից թուլանում է: Դա նորմա՞լ է արդյոք: Բացի այդ, նրա մոտ սնկային վարակ է եղել, ինչից նա բուժվել է մեկ տարի առաջ, բավական երկար ժամանակ համապատասխան դեղամիջոցներ է ընդունել և քսուքներ: Ու դրանից հետո մի տեսակ վախի զգացողություն ունի՝ սեքսով զբաղվե՞լ, թե՞ ոչ: Մեկ հարց ևս. արդյոք վատ է երկար ժամանակ ձեռնաշարժությամբ զբաղվելը (ըստ ընկերոջս, քանի որ նա երկրի սահմաններից դուրս է և ստիպված է զբաղել ինքնաբավարարմամբ ): Իսկ այդ թույլ էրեկցիայի պատճառով նա անչափ մտահոգ է և այնքան է մտածում, որ ես շատ եմ անհանգստանում նրա համար: Այդ իսկ պատճառով որոշեցի դիմել Ձեզ: Կանխավ շնորհակալ եմ` Մարի:

Պատասխան

Առնանդամի թույլ էրեկցիան այդ տարիքում առավելապես պայմանավորված է լինում հոգեսեռական գործոններով, հավանաբար Ձեր ընկերը սևեռվել է սեռավարակ ձեռք բերելու մտքի վրա, որից էլ նրա մոտ սեռական ակտից առաջ տագնապախռով հոգեվիճակ է առաջանում և էրեկցիայի նյարդային մեխանիզմները արգելավում են: Իհարկե հաճախակի ձեռնաշարժությունը նույնպես նպաստավոր գործոն է այս դեպքում և կարող է խորացնել առկա խնդիրը: Ձեր անհանգստությունը տեղին է, բայց Դուք ինքնուրույն ուժերով ոչինչ անել չեք կարող, քանի որ այստեղ առկա է մասնագիտական օգնության կարիք: Կարևորը իմացեք, որ խնդիրը միանգամայն լուծելի է, հարկավոր է միայն առանց շատ հետաձգելու դիմել մասնագետին:

Փակել


Բարև Ձեզ, ինձ կօգնե՞ք հասկանալ՝ ինչ անել: Իմ նշանածը, որն արտերկրում է ապրում, ինձ այցելել էր հոկտեմբեր ամսին և սիրային փաղաքշանքների ժամանակ նա շատ էր գրգռվում (ասեմ, որ սեռական հարաբերություն չի եղել), իսկ 2 շաբաթից, երբ նա վերադարձավ իր երկիր, չէր կարողանում իրեն տիրապետել և իր հոր ասածով ընդունեց մեծ քանակությամբ դեղորայք որպեսզի հանգստանալ: Դեկտեմբերին մենք նորից հանդիպեցինք,սակայն նա ասաց,որ խնդիրներ ունի գրգռվածության հետ: Ճիշտ է, ես իրեն օգնեցի. վիճակը ավելի լավացավ, սակայն ամեն անգամ ասում էր, որ նույնը չէ ինչ անցյալ անգամ, շատ չի գրգռվում: Ի՞նչ կաերելի է անել, և արդյո՞ք մի քանի ամսից վիճակը կանցնի: Մենք պատրաստվում ենք ամուսնանալ, և ինձ մտահոգում է այդ հարցը: Խնդրում եմ, կասեք ի՞նչ անել:

Պատասխան

Տղամարդու սեռականությունը այնպես է կառուցված ու կազմակերպված, որ երկարատև սեռական դադարը նշանակալի ազդեցություն է թողնում նրա սեռական գործունեության վրա՝ բացասական առումով: Եվ հակառակը՝ ինչքան հաճախակի և կանոնավոր է տղամարդու սեռական կյանքը, այնքան նա ավելի ու ավելի քիչ սեռական խնդիրներ կունենա: Այնպես է ստացվում, որ հեռու լինելով սիրած աղջկանից ու ցանկանալով հավատարիմ մնալ նրան, նա ռիսկի տակ է առնում իր առողջությունը և ձեռք է բերում որոշակի առողջական խնդիրներ: Սակայն մեր օրգանիզմն այնքան իմաստուն է ստեղծված, որ ազատում է իր տիրոջը սեռական լարվածության ավելորդ դիսկոմֆորտից այն պարագաներում, երբ նա չունի սեռական կյանքի հնարավորություն: Ձեր ընկերոջ մոտ գործել է հենց օրգանիզմի վերոնշյալ իմաստուն մեխանիզմը՝ սեռական գրգռման արգելակմամբ, որից էլ նա գանգատվում է սեռական թուլությունից: Սակայն վտանգավոր որևէ բան չկա, երբ նա վերսկսի կանոնավոր սեռական գրգռումները և սեռական հարաբերություններ ունենա, ամեն ինչ կկարգավորվի, եթե ոչ, ապա շատ թեթևակի բժշկական միջամտությամբ ամեն ինչ իր տեղը կգտնի: Կարևորն այն է, որ նա հիմա հեռու գտնվելով ձեզնից, կիսատ սեռական գրգռումներ չունենա և իր օրգանիզմից բարձր սպաումներ չունենա, չպահանջի, որ իր առնանդամը գործառի ինչպես 18տարեկանում էր: Սրանք ոչ իրատեսական սպասումներ են և բնականաբար կարող են հուսահատության առաջ կանգնեցնել իրականության հետ բախվելուց:

Փակել

Զրույց երիտասարդ տղայի հետ

Դա իմ առաջին փորձն էր, ես 21 տարեկան էի և մտածում էի, որ ժամանակն է հասուն ձևով բավարարելու պահանջս: Այդ ժամանակ բոլոր ընկերներս ապրում էին սեռական կյանքով, ու մենակ ես էի, որ դեռ չէի փորձել։ Որոշեցի գնալ մարմնավաճառի մոտ․ կատարյալ ձախողում, ոչինչ չստացվեց, լրիվ թույլ վիճակ էր։ Հետո փորձեցի գնալ մի ուրիշ մարմնավաճառի մոտ՝ մտածելով, որ խնդիրը մի գուցե աղջկանից է, բայց միևնույնն է՝ չստացվեց։ Հիմա ինձ շատ վատ եմ զգում, չեմ հասկանում՝ ինչու՞ բոլոր ընկերներիս մոտ ստացվում է, իսկ իմ մոտ՝ ոչ։

-Նախ ասեմ, որ երիտասարդ տարիքում էրեկցիայի հետ կապված խնդիրները ավելի շուտ նյարդահոգեկան ծագում ունեն և կապված են հուզական լարման հետ։ Այնուհանդերձ, անկախ տարիքից, նման դեպքերում մենք նախևառաջ հերքում ենք խնդրի առաջացման օրգանական պատճառները՝ կատարելով համապատասխան հետազոտություններ։ Տարբերակիչ ախտորոշման համար բժշկին օգնում են նաև ձեռնաշարժության ժամանակ և առավոտյան ի հայտ եկող էրեկցիաները։ Սովորաբար, եթե դրանք պահպանված են, ապա քիչ հավանական է, որ խնդիրը լինի ֆիզիկական դաշտում։ Թեև դրանց բացակայությունն էլ միանշանակ չի վկայում խնդրի ֆիզիկական լինելու մասին։

Հիմա փորձենք իրարից տարբերել երկու երևույթ՝ սեռական ցանկություն և սեռական գրգռում: Շատ հաճախ այս երկու՝ իրար հետ սերտորեն կապված, բայց միևնույն ժամանակ իրարից խիստ տարբերվող դրսևորումները՝ ցանկությունը և գրգռումը նույնացվում են, ինչի պատճառով էլ մարմնական դրսևորումները ոչ ճիշտ մեկնաբանության են արժանանում։ Պետք է իմանալ, որ Եթե տղամարդը տվյալ պահին չունի սեռական որևէ ցանկություն, ապա նրա մարմինը դժվար թե սեռական գրգռման արձագանք դրսևորի։ Կենցաղային մտածողության մեջ կա մի սխալ պատկերացում, որ եթե գնացել ես սեռական հարաբերություն ունենալու, ու դա է ենթադրում ստեղծված իրավիճակը, ապա մարմինն անկախ ամեն ինչից, պետք է մեխանիկորեն ծառայի: Բայց փոխարենը առճակատում է տեղի ունենում մարմնի անտարբերության հետ։ Ինչո՞ւ, որովհետև հանդիպումը մարմնավաճառի հետ երիտասարդի ներսում արթնացնում է ոչ թե շահագրգիռ տղամարդուն, ոչ թե գրգռված որձին, այլ ուրիշ հետաքրքրություններ ունեցող ավելի գիտակից էակի, ում համար կարևոր է ոչ այնքան սեռական, որքան մի գուցե իմացական բավարարումը։ Ուրեմն շատ առողջ է, որ նման կնոջ հետ հանդիպումից, սեռական գրգռում չի առաջանում:

Իսկ ինչո՞ւ է իմ ընկերների մոտ առաջանում, իսկ իմ մոտ՝ ոչ, ես փորձել եմ շատ տարբեր մարմնավաճառների մոտ գնալ։

Կարդալ ավելին

-Ձեր և նրանց տարբերությունն այն է, որ դուք ավելի բաց եք մտքով, դրա համար էլ տեսնում եք ավելին, քան միայն սեռական օբյեկտ հանդիսացող կինն է, մինչդեռ նրանք ավելի խորը խնդիր ունեն, նրանք այնքան փակ են, որ այլևս աշխատում է նրանց միայն կենդանական բնազդը, այստեղ նրանք ոչնչով չեն տարբերվում օրինակ՝ առնետներից կամ ճագարներից, դուք մի աստիճան բարձր գիտակցություն ունեք և ավելի մոտ եք գտնվում մարդուն բնորոշ սեռականություն դրսևորելուն։

Ստացվում է, որ սեռական գրգռումը կենդանական դրսևորո՞ւմ է։

-Սեռական գրգռումը բնազդային ռեակցիա է, որը մեր մեջ դրված է սերնդաշարունակության համար: էրեկցիան, որպես այդ բնազդի իրականացման միջոց, առաջանում է առնանդամի հարթ մկանների թուլացման հետևանքով, այդ ժամանակ արյան ներհոսը դեպի առնանդամ ուժեղանում է, իսկ արտահոսը դժվարանում, արդյունքում արյան լրացուցիչ քանակություն է կուտակվում առնանդամի ներսում, որի շնորհիվ էլ այդ օրգանը մեծանում և պնդանում է: Հիմա…, կարևոր է հասկանալ, որ բոլոր այս ռեակցինաերը տեղի են ունենում առանց տղամարդու մասնակցության, նա կարող է իմանալ թե որն է էրեկցիայի առաջացման մեխանիզմը, բայց իմանալը չի նշանակում, որ նա մասնակցում է դրան, չի կարելի ասել, որ ձեզ հաջողվել է կալցիումական իոնները դուրս մղել առնանդամի հարթ մկաններից… կամ ստացվել է արգելափակել արյան հետհոսի բոլոր ճանապարհները…. տղամարդը չի կարող ասել, որ դա իր արժանիքն է, իր վաստակը: Եվ եթե նա իր առնանդամի պնդանալով է ինքնահաստատվում, ապա նա պարզապես մոլորության մեջ է, քանի որ դրանում իր մասնակցությունը զրո է: Այն ինչը մարդուն զանազանում է կենդանուց, դա իմաստային ապրումներն են, որով սեռաբնազդայինը դառնում է էրոտիկ-սեքսուալ, այսինքն՝ մարդու սեռական կյանքը էրոտիկ կյանքն է՝ լեցուն երևակայություններով, իմաստավորումներով, ստեղծագործականությամբ։

Իսկ ինչպե՞ս կայանալ իբրև տղամարդ, եթե մարմնավաճառն իմ մոտ չի արթնացնում տղամարդուն։ Ո՞րն է այդ ուղին։

-Տղամարդու ինքնահաստատումը նախևառաջ հաստատումն է իր ինքնության վրա։ ՏղաՄԱՐԴԸ չի կարող կնոջը վերաբերվել իբրև մսի կտոր, նա ձգտում է ստեղծել հարաբերություններ, որտեղ կնոջ հետ սեռային ապրումները այդ հարաբերության բնականոն զարգացման հետևանքն են, այդ ժամանակ ցանկություն է առաջանում սիրած էակին ինչքան հնարավոր է մոտ գտնվելու, այդ ցանկությունը փոխանցվում է մարմնի լեզվին և հնարավոր է դառնում սիրո դրսևորման ևս մի ձև, մարմնականը: Այստեղ տղամարդու սեռային ինքնադրսևորումն անարգելք է ընթանում, որովհետև նա ոչ մի տեղ չի չարաշահում և օգտագործում կնոջը, այլ կնոջ հետ փոխլրացնող միության մեջ է:

Փակել


© 2017 | ՆարինԷ Ներսիսյան | Բոլոր իրավունքները պաշտպանված են |

Besucherzahler
счетчик посещений