ՆԱՐԻՆԷ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Երկու հատվող բուրգերից ծնվում է Նորը

Tag: ինքնաբավարարում

Ձեռնաշարժություն

Ինքնաբավարարման վտանգը

1. Ես 23 տարեկան եմ: Մի հարց ունեմ, որ անպայաման կուզեի Ձեզ ուղղել ու նաև Ձեր կարծիքը կամ խորհուրդը իմանալ: Հուսով եմ չեք անտեսի նամակս և կպատասխանեք: Ես ամուսնացած չեմ, սեռական հարաբերություն երբեք չեմ ունեցել և պարբերաբար զբաղվել եմ ձեռնաշարժությամբ: Վերջին մի քանի օրը հաճախականությունը շատացավ և ես գրեթե ամեն օր զբաղվում էի ձեռնաշարժությամբ: Խնդիրը նրանում է, որ վերջին անգամից հետո ես ունեցա մի զգացում, որ կարծես ես այլևս նույն սեռական գրգիռը չեմ ունենում ինչ նախորդ ձեռնաշարժությունների ժամանակ և ավելին՝ նույնիսկ ընդհանրապես սեռական ոչ մի բան ինձ չի հետաքրքրում ու ոչ մի սեռական հետաքրքրություն ու գրգիռ չի առաջանում… (խոսքս ավելի հստակեցնեմ ու մի փոքր մանրամասնեմ, որպեսզի պատկերը ավելի պարզ լինի, թե ինչ եմ ուզում ասել…): Նույնիսկ իմ սիրած տղայի մտածելուց կամ պատկերացնելուց ոչ մի զգացում չեմ ունենում, ինչ որ նախկինում: Ու մի տեսակ հակառակ սեռի ու սեռական ցանկացած տիպի շփման ու հարաբերության մասին պատկերացումների ու մտքերի նկատմամբ շատ անտարբեր զգացում ունեմ, ինչը նախկինում չկար: Այս վիճակը իրոք անհանգստացնում է ինձ ու նույնիսկ տագնապային վիճակի մեջ դնում: Խնդրում եմ ասեք, նման վիճակը իրո՞ք լուրջ խնդիր է, թե՞ սա պարզապես իմ ներշնչանքի ու կենտրոնացվածության հետևանք կարող է լինել:

Պատասխան

Նախ և առաջ 23 տարեկանում ձեռնաշարժությունը, այն էլ ամենօրյա կպչուն բնույթի ինքնին խնդիր է համարվում։ Հոգեսեռական նորմալ զարգացման դեպքում 21 տարին լրանալուց հետո անձնավորությունն արդեն ի վիճակի է իր սեռական զգացողությունները կիսել հարաբերության մեջ, այսինքն հաստատել զույգային հարաբերություն։ Սա շատ կարևոր պահ է զարգացման մեջ, որպեսզի անձնավորության սեռականությունը չմնա կենտրոնացած սեփական մարմնի վրա, այլ տարածվի դեպի հակառակ սեռի մարմինը՝ ամբողջացման նպատակով։ Հակառակ դեպքում մենք կունենանք ոչ առողջ սեռականություն՝ պարփակված ինքն իր մեջ։ Ինչ վերաբերում է ձեր նշած զգացողությունների կորստին, ապա դա պայմանավորված է մի կողմից նյարդային համակարգի ֆիզիոլոգիայով, մյուս կողմից ձեր վախով։ Նյարդային համակարգի ֆիզիոլոգիան այնպես է գործում, որ միևնույն բնույթի գրգիռները ինչ-որ ժամանակ անց դադարում են գրգիռ հարուցել, իսկ ձեր վախը անզգայությունը ամրապնդող դեր է կատարել։ Ընդհանուր առմամաբ կարծում եմ, որ ձեր անձի ներսում կան հոգեսեռական բնույթի բարդույթներ, որոնցից լավ կլինի ազատվել, հետագա ավելի լուրջ խնդիրներից խուսափելու համար։

Փակել

2. Արդյոք ձեռնաշարժությունը նորմա՞լ երևույթ է և արդյոք վնաս չէ՞ առողջությանը:

Պատասխան

Ձեռնաշարժությունը կարող է դառնալ վնասակար որոշակի տարիքում և բարձր հաճախականության դեքպքում։ Սեքսոլոգիայում ֆիզիոլոգիական ձեռնաշարժություն է համարվում պատանեկան հիպերսեքսուալության տարիքի ձեռնաշարժումը, հասուն տարիքում նորմալ է ինքնաբավարարման դիմել ծայրահեղ սեռական լարվածության դեպքում, երբ զուգընկերը/ուհին այդ պահին անհասանելի է, սակայն ոչ մի դեքպում այն չդարձնել սովորույթ։ Մյուս կարևոր հանգամանքը ձեռնաշարժության հանդեպ վերաբերմունքն է: Եթե այդ վերաբերմունքի մեջ կա մեղքի, ամոթի կամ վախի զգացում, ապա միանշանակ ձեռնաշարժությունը կվնասի սեռական առողջությանը, և այստեղ խնդրի լուծումը ոչ թե դրանից հրաժարվելն է, այլ մասնագետի օգնությամբ նշված նեգատիվ զգացմունքների հաղթահարումը:

Փակել

3. Բարև Ձեզ: Ես 22 տարեկան եմ, կույս չեմ, բայց ներկա պահին սեռական կյանքով չեմ ապրում: Արդեն վաղուց զբաղվում եմ ինքնաբավարարմամբ, դեռ կույս ժամանակից: Միշտ հասել եմ օրգազմի: Բայց արդեն մեկ ամիսից ավել է ինքնաբավարարմամբ զբաղվելով ես ոչ միայն հաճույք չեմ ստանում, այլ նույնիսկ տհաճ զգացողություններ եմ ունենում: Ինչի՞ց դա կարող է լինել: Նախապես շնորհակալություն:

Պատասխան

Բարև: Նախ և առաջ հարկավոր է բացառել մի քանի հիվանդություններ, որոնց ժամանակ հնարավոր է լինի սեռական հաճույքի երկրորդային կորուստ, դրանք նյարդային համակարգի հետ կապված հիվանդություններ են, որոնք ի սկզբանե դրսևորվում են միայն սեռական գանգատներով, հնարավոր է, որ պատճառը դեպրեսիան է, որը կարող է ընթանալ թաքնված տարբերակով, այսպես կոչված՝ դիմակավորված դեպրեսիա և հնարավոր է, որ լինի նյութափոխանակության հետ կապված խանգարում: Այս բոլոր մարմնական խնդիրները պարտադիր կերպով բացառման կարիք ունեն, դրանից հետո միայն կարելի է մտածել, որ հաճույքի կորուստը հոգեսեռական պատճառ ունի, ինչ-որ հոգեբանական կոնկֆլիկտ կա սեռականի հետ կապված, որի պատճառով սեռական գրգռումը արգելակվում է: Այդ կոնֆլիկտի առաջացումը երբեմն աննկատ է մնում անձնավորության գիտակցությունից, ուստի և նա ի վիճակի չէ հասկանալ թե ինչպես և ինչու է անհայտացել իր սեռական հաճույքը: Մեծ դեր է այստեղ խաղում մեղքի զգացումը, այն, որ ինքնաբավարարումը սխալ և առողջությունը վնասող միջոց է և դրանից հնարավոր է ձեռք բերել լուրջ հիվանդություններ:

Փակել

Ինքնաբավարարում ցնցուղով

1. Ընկերուհիս զրույցի ժամանակ պատմեց, որ մի հոդվածում կարդացել էր, թե տաք ջրով էլ կարելի է հանգստանալ, առանց ձեռնաշարժության, ես էլ փորձեցի: Մի քանի անգամ արդեն հանգստացել եմ ջրի միջոցով: Ես ամուսնացած չեմ, բայց ունեցել եմ հարաբերություններ, իսկ հիմա ընկեր չունեմ: Արդյո՞ք վտանգավոր է ջրով ինքնաբավարարումը: Ինքնաբավարարման գնահատումը բժշկական տեսանկյունից կատարվում է մի քանի չափանիշներով:

Պատասխան

Նախ և առաջ կարևոր է Ձեր տարիքը, եթե դուք մինչև 21 տարեկան եք, ապա այս ակտիվությունը չի վնասի Ձեր սեռական առողջությունը, քանի որ այս տարիքում սեռական ինքնաբավարարման փորձերը հորմոնալ տեղաշարժերով պայմանավորված բարձր սեռազգայունության հետևանք են, որոնց տիրապետելը այս տարիքում դժվար է: Ավելի բարձր տարիքում, երբ Դուք համարվում եք արդեն հասուն անձնավորություն, ենթադրվում է, որ ձեր կյանքում պետք է առկա լինի զուգընկեր, և Ձեր սեռական մղումները պետք է ուղղորդվեն դեպի նա, սեռական կարիքները պետք է բավարարվեն զույգի հետ հարաբերման ժամանակ: Եթե զուգընկեր չկա, ապա սեռական կարիքների անբավարարված մնալը ստեղծում է ոչ հաճելի սեռական լարվածություն, դիսկոմֆորտի զգացողություն, որից անձը փորձում է դուրս գալու ելքեր փնտրել և ինքնաբավարարումը թվում է ամենանպատակահարմար տարբերակը, սակայն դա այդպես չէ: Պարզվում է, որ ինքչքան շատ ենք մենք դիմում ինքնւորույն ուժերով սեռական լիցքաթափմանը, այնքան ավելի շատ սեռական ցանկություններ ենք մեր մեջ առաջացնում, մեր ուղեղը չի հասկանում, որ զուգընկեր չկա, նրա համար տարբերություն չկա, թե ինչպես է տեղի ունենում այդ լիցքաթափումը, ուստի նա մեր ամբողջ օրգանիզմի գործունեությունը ուղղորդում է այնպես, որ մենք պատրաստ լինենք սեռական կապի մեջ մտնելու, զգայուն լինենք, շահագրգռված լինենք, հետաքրքրված լինենք: Կարելի է ասել ձեռնաշարժությամբ մենք խաբում ենք մեր ուղեղին։ Սակայն դա անհետևանք չի անցնում։ Ինչքան շատ եք դուք ինքնաբավարարվում, որպեսզի ազատվեք սեռական լարվածությունից, սեռական լարվածություն է՛լ ավելի շատ է առաջանում, գնալով գերաճում և ստիպում հաշվի նստել իր հետ: Ձեր իսկ գործողություններով դուք ձեզ ծանր կացության մեջ եք դնում և դառնում սեռական զգացողությունների գերի: Ինքնաբավարարման վնասակար կողմը հենց սա է, կարևոր չէ ինչ ձևով է դա արվում, թեև այստեղ էլ մեծ վտանգներ կան, հատկապես այն ձևերի կիրառման դեպքում, որոնք շատ հեռու են բնական զգացողություններից, ինքնաբավարարումը հասուն տարիքում առողջությունը վնասելու վտանգ ունի:

Փակել

2. Արդյոք ջրի տաք շիթով ինքնաբավարարման դեպքում կարո՞ղ է կուսաթաղանթը պատռվել: Հարցս ուղղում եմ, քանի որ հետաքրքրության համար փորձեցի, ինչից 10-15 րոպե հետո, երբ զուգարան էի գնացել, թղթի վրա արյան մեկ-երկու կաթիլ նկատեցի:

Պատասխան

Ջրի շիթով ինքնաբավարարումը չի կարող վնասել կուսաթաղանթը. այդ արյունը հավանաբար դաշտանային արյուն է եղել: Իսկ եթե երբևէ նորից նկատեք արյան արտահոսք հեշտոցից ոչ դաշտանային օրերին, անպայման դիմեք մասնագետի:

Փակել

Ծնողի անհանգստությունը

1. Բարև Ձեզ: Սիրելի բժշկուհի, ես մտահոգ եմ մի հարցով, որի համար բավարար ինֆորմացիա ակնկալում եմ Ձեզնից՝ իմ մոտեցումը ճիշտ դրսևորելու համար: Տասներեք տարեկան աղջկաս մոտ նկատել եմ ձեռքով ինքնաբավարարմամբ զբաղվելը: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչը կարող էր նման արարքի պատճառ դառնալ, ինչքա՞նով է դա նորմալ այդ տարիքում, և ո՞րն է լինելու իմ արձագանքը դրան:

Պատասխան

Դեռահասությունը այն տարիքն է, երբ աղջիկների և տղաների մոտ սկսվում է սեռական արբունքը։ Արտադրվում են մեծ քանակությամբ սեռային հորմոններ, որոնց ազդեցությամբ հասունանում և ձևավորվում են սեռին բնորոշ ֆիզիկական և հոգեկան առանձնահատկությունները, հայտնվում են նոր վարքային ստերեոտիպեր։ Սեռական ինքնաբավարարումը այս տարիքին շատ բնորոշ սեռային դրսևորում է, այն ուղղված է սեռական լարվածության հաղթահարմանը, որը կուտակվում է դեռահասի մարմնում։ Այդ լարվածության զգացողությունը սկզբում անգիտակից է, դեռահասը չգիտի, թե ինչ է կատարվում իր հետ, նա միայն զգում է, որ ինչ-որ նոր զգացողություններ են հայտնվել, որոնք հանգիստ չեն տալիս։ Բնազդաբար նա գալիս է այն բացահայտմանը, որ հանգստության և խաղաղության կարելի է հասնել սեռական օրգանների գրգռման միջոցով։ Հաճախ այս տարիքում դեռահասները զրուցում են իրար հետ այս հարցերի շուրջ կամ էլ ինքնուրույնաբար համացանցում որոնումներ են անում՝ իրենց հուզող հարցերին պատասխան գտնելու համար։ Քանի որ ինքնաբավարարումը բերում է երանելի խաղաղության զգացման, ապա այս զբաղմունքը դառնում է սովորության պես մի բան և դրանից կարող է առաջանալ կախվածություն: Ձեր մտահոգությունը իբրև ծնողի միանգամայն հասկանալի է, սակայն ձեր կողմից այդ անհանգստությունը կարող է էլ ավելի վնասել դեռահասին՝ բարդացնելով նրա ապրումները մեղավորության և զզվանքի զգացումով հանդեպ սեռական դրսևորումները: Ձեր կողմից գրագետ մոտեցում կլինի խոսել ձեր աղջկա հետ նրա սեռական զգացողությունների, սեռական հետաքրքրության, սեռական գրգռման մասին, ասել նրան, որ դրանք նրա սեռի միանգամայն նորմալ դրսևորումներ են և լրիվ առողջ են: Սովորեցնել նրան ճանաչել և առողջ ձևով զսպել այդ զգացողությունները, որպեսզի դրանք չդառնան գերիշխող իր առօրյայում և չկլանեն նրա ողջ ուշադրությունը, այլ համեստորեն զբաղեցնեն իրենց տեղը իր անձնական կյանքում:

Փակել

2. Բարև Ձեզ: Ես մի հարց ունեմ, կարո՞ղ եք օգնել: Իմ աղջիկը հինգ տարեկան է, և ես նկատել եմ,որ ինքը խախալուց մատիտով կամ այլ ուրիշ իրերով փորձում է մտցնել սեռական օրգանների ներսը: Ես չգիտեմ ինչ անեմ: Ի՞նչից կարող է լինել դա: Ես իրեն հարցնում եմ, թե որտեղ է տեսել, ասում է ոչ մի տեղ: Չգիտեմ ինչ անել: Կարո՞ղ եք խորհուրդ տալ: Նախապես շնորհակալություն:

Պատասխան

Նախ և առաջ հարկավոր է պահպանել հանգստություն: Ոչ մի դեպքում մի խառնվեք իրար և խուճապի մի մատնվեք, ոչ մի վտանգավոր բան չկա նրանում, որ երեխան նման վարք է դրսևորում, Ձեր հուզական արձագանքը շատ ավելի վտանգավոր է, քան նրա մանկական հետաքրքրասիրությունը: Հնարավոր է, երեխան ինչ-որ ձևով բացահայտել է, որ իր սեռական օրգանների շրջանում հպումները ինչ-որ յուրահատուկ զգացողություններ են պատճառում և հիմա փորձում է ավելի խորը բացահայտել այդ հաճելի զգացողությունները: Շատ կարևոր է շեղել երեխային, երբ նա նման բան է անում՝ դեմքի շատ հանգիստ արտահայտությամբ, առանց ավելորդ հուզականության: Ձեր վախը, անհանգստությունը, բարկությունը, ամոթանքը, հուսահատությունը, բոլորը կարող են ֆիքսել երեխայի մոտ նմանատիպ վարքի հիշողությունը և հետագայում խնդիրներ առաջացնել: Կարևոր է, որ դուք բովանդակալից դարձնեք Ձեր երեխայի կյանքը, լիքը խաղեր խաղաք նրա հետ, ամեն րոպե ուշադիր լինեք նրա նկատմամբ և զբաղեցնեք նրան ամենատարբեր զբաղմունքներով: Եթե երեխան մանկապարտեզ է հաճախում, ապա ճիշտ կլինի մի որոշ ժամանակ նրան չտանել մանկապարտեզ, որտեղ բազում երեխաների հետ մեկտեղ Ձեր երեխան չի կարող ստանալ այնքան մեծ ուշադրություն, ինչպիսին նրան կարող է տալ հարազատ մայրը, տատիկը կամ հոգատար դայակը: Մի քանի ամիս անց երեխան կթողնի իր այդ ակտիվությունը, քանի որ նրա կյանքում Ձեր օգնությամբ կբացվեն հետաքրքիր բացահայտումների նոր աշխարհներ։

Փակել

Հույսով սպասել մեկին

Բարև Ձեզ: Երկար մտածելուց ու պատասխան չգտնելուց հետո, որոշեցի գրել Ձեզ՝ հուսալով, որ ինչ-որ խորհուրդ կտաք: Ես 19 տարեկան եմ: Երբեք սեռական հարաբերություն չեմ ունեցել: Մանկուց՝ մոտ 10 տարեկանից, զբաղվել եմ ինքնաբավարարմամբ: Միշտ մտածել եմ, որ իմ առաջին սեռական հարաբերությունը պետք է լինի այն մեկի հետ, ում իրոք կսիրեմ: Բայց ես շատ դժվար եմ սիրահարվում, հատկապես վերջին տարիներին: Չեմ կարողանում գտնել մեկին, ում կկարողանամ սիրել: Սրա հետ մեկտեղ ուժեղ սեռական ցանկություն եմ ունենում: Ինքնաբավարարումն արդեն չի օգնում: Վերջերս էլ անքնություն ունեմ, որը կարծում եմ նշածս խնդրի հետևանքն է: Հարցս հետևյալն է. ի՞նչ բացասական հետևանք կարող է ունենալ այն, որ ես իմ սեռական կյանքը սկսեմ ոչ սիրելի մարդու հետ, այսինքն` առաջին հարաբերությունս լինի միայն սեռական պահանջների բավարարում ու ոչ ավելին: Շնորհակալ եմ նախապես:

Նախ ասեմ, որ այս տարիքում սեռական ինքնաբավարարումը պայմանավորված է հորմոնների բուռն արտադրությամբ: Այն սկսվում է պատանեկան տարիքից և պայմանավորված է գլխուղեղի վրա այդ հորմոնների էրոտիզացնող ազդեցությամբ, սերմնահեղուկի ինտենսիվ արտադրությամբ և դրա կուտակման համար նախատեսված պահեստների բացակայությամբ: Սակայն պետք է իմանալ մի շատ կարևոր ֆիզիոլոգիական օրինաչափություն՝ ինչքան շատ եք ձեռնաշարժությամբ ազատագրվում սեռական լարվածությունից, այնքան ավելի ուժեղ է դառնում հերթական սեռական ցանկությունը:

Պատասխան

Իհարկե, ֆիզիոլոգիական տեսակետից, որևէ առողջական մարմնական խնդիր չի առաջանում: Գլխուղեղի այն կենտրոնները, որոնք պատասխանատու են սեռական ակտիվության ֆիզիոլոգիական ընթացքի համար, «չեն տարբերում, թե ինչպես է լիցքաթափվում իրենց տերը՝ զույգային սեռական հարաբերությա՞ն, թե՞ ինքնաբավարարման միջոցով», ֆիզիկական մարմնի մակարդակում ընթացող գործընթացները նույնն են երկու դեպքում էլ։ Պետք է իմանալ, որ սեռական վարքը վերահսկող այդ կենտրոնները նույնական են կենդանական աշխարհի ավելի ցածրակարգ տեսակների՝ օրինակ առնետների կամ ճագարների այդ կենտրոններին: Դրանք պարզապես գրանցում են առկա սեռական ակտիվության փաստը և «իրենց պարտավորությունների համաձայն» մատակարարում են բավարար ֆիզիոլոգիական միջոցներ սեռական գործունեության բարեհաջող ընթացքի համար:

Սակայն միայն փաստի արձանագրումը բավարար չէ մարդու վարքի կարգավորման համար: Փաստերը իմաստավորման կարիք ունեն, եթե խոսքը գնում է մարդկային էակի գործունեության մասին, ուստի բացի ցածրակարգ կենտրոնների մասնակցությունից, որոնք պատասխան են տալիս վեգետատիվ գոյության համար, մարդու սեռական վարքի կարգավորմանը մասնակցում են գլխուղեղի ավելի բարձրագույն հատվածներ: Դրանք այն կենտորններն են, որոնց շնորհիվ մարդը ճանաչողական գործունեություն է իրականցնում: Միայն մարդուն է հուզում այն հարցը, թե որքանով է իր արածը մարդուն արժանավայել: Միայն մարդն է ամոթի և մեղքի զգացում ապրում, երբ կողմնակի հայացքով նայում է իր արածին: Ինքնաբավարարումից ապրած ամոթը և մեղավորության զգացումը խոսում են հենց այն իրողության մասին, որ մարդը գնահատական է տալիս իր արածին, միչդեռ կնեդանին երբեք չի ամաչում իր սեռական բնազդի ցանկացած տեսակի դրսևորումից:

Մարդն ամաչում է ինքնաբավարումից, քանի որ այդ ակտիվության ժամանակ նա հաճույք է ապրում մենակով և սա գնահատում է որպես անձնասիրական քայլ, բայց մի կողմ թողնելով այս երևույթի բարոյահոգեբանական գնահատականը, այս պահին ուզում եմ միայն շեշտադրել այն հանգամանքը, որ ինքնաբավարարումից հետո անխուսափելիորեն ի հայտ են գալիս մեղքի և ամոթի զգացումներ ու այս խնդիրը մարդուն անամոթ դարձնելու փորձերով չէ, որ պետք է լուծել:

Հատուկ պետք է ուշադրություն դարձնել տարիքային գործոնին: Ինչ-որ տարիքում միանգամայն նորմալ է անձնասեր լինելը, անձի շահերը պաշտպանելը և անձի նպատակներին հասնելը: Նորմալ է նաև սեռական ինքնաճանաչողության նպատակով մարմնի սեռազգայուն հատվածները ուսումնասիրելը: Սակայն ավելի ուշ տարիքում, առողջ մնալու համար պահանջվում է, որ մարդը դուրս գա իր անձի շրջանակներից և սկսի ծառայել այլ մարդկանց բարեկեցությանը, այլ կերպ ասած` մարդու կայացման համար կարևոր է, որ նա սոցիալական էակ դառնա, ապրի այլ մարդու հետ հարաբերության ենթատեքստում, իսկ զույգային հարաբերությունը և հատկապես ինտիմ կյանքը այն հարթակն է, որի շրջանակներում տեղի է ունենում մարդու կայացման այդ գործընթացը:

Որոշակի տարիքից սկսած, իսկ դա 25 տարեկանն է, անձը պետք է կարողանա սեռական իր հակումը բավարարել զույգի հետ հարաբերության ենթատեքստում: Կանայք և տղամարդիկ, ովքեր ունեն այդ հակման ոչ հասունություն, ի վիճակի չեն կենտրոնացնելու իրենց սեռականության ուժային պոտենցիալը ներթափանցման մտքի մեջ, որը խորհրդանշում է սեռային ամբողջացման ուղին: Ինքնաբավարարվող մարդիկ շահագործում են իրենց սեքսուալության զգայական բաղադրիչը, այսինքն սեքս են անում միայն հաճույքի և օրգազմ ապրելու նպատակով՝ անտեսելով սեռային ամբողջացման խորհուրդը: Ընդ որում, շատ հաճախ սեռական ինքնաբավարարման այդ ակտիվությունը կատարվում է թաքուն կնոջից/ամուսնուց, որի պատճառով այս մարդիկ խորը ներքին կոնֆլիկտ և մեծ սթրեսային լարվածություն են ապրում:

Ես խորհուրդ չէի տա առաջին սեռական հարաբերություն ունենալ ոչ սիրելի անձնավորության հետ, դա կարող է խեղաթյուրել սեռային և հոգեկան առողջության հիմքերը, քանի որ կենտրոնական նյարդային համակարգում կառաջանան ոչ առողջ նյարդային ասոցիացիաներ, դուք իրավացիորեն դեմ եք ոչ զգացմունքային սեքսին: Խորհուրդ կտամ դադարեցնել նաև ձեռնաշարժությունը և կնոջ հետ հարաբերություն ստեղծելու հմտություններ ձևավորել որպեսզի այս ոլորտում չդառնաք «հաշմանդամ»։

Պետք է հիշել, որ սեռական հասունացման համար անհրաժեշտ է փոխհարաբերություն, այլ ոչ թե սեռական ցանկություն, սեռական կիրքը չի նպաստում հասունացմանը, այլ հակառակը, այն կասեցնում է կին/տղամարդ դառնալու ամեն հնարավորություն, փակում է զարգացման ճանապարհը: Սեռահասուն կին/տղամարդ ի վիճակի է ձևավորել միայն սեռական կրքի լռեցման պարագայում: Հոգեսեռական էակի աճն ապահովողը մարդու ինքնությունն է, քանի որ միայն նրա ներկայությամբ է հնարավոր սեռերի անշահախնդիր միաձուլում՝ ձգտում միմյանց նկատմամբ՝ պայմանավորված ոչ թե սեռական կրքով, այլ կարոտով: Կարոտ առ այն, ինչ պակասում է սեռային լրիվության, ամբողջացման համար, քանի որ սեռային տեսակետից մարդը պառակտված է:

Փակել

Մեղքի զգացում ձեռնաշարժությունից

2. Հարգելի բժիշկ: Արդեն շուրջ ութ ամիս է ամուսնացած եմ, բայց չեմ հղիանում: Ամուսինս հաճախ մինչև ամուսնանալը ձեռնաշարժությամբ էր զբաղվում, հազվադեպ դեպքերում էլ ես, սեքսով զբաղվում ենք շաբաթական 4-5 օր, հետևում եմ նաև դաշտանային ցիկլին , սակայն ոչինչ չի ստացվում: Հնարավո՞ր է արդյոք, որ ձեռնաշարժությամբ զբաղվելը պատճառ հանդիսանա չհղիանալու:

Պատասխան

Ընդհանրապես այս երկու երևույթները՝ ձեռնաշարժությունը և հղիությունը, իրար հետ ուղղակի կապ չունեն: Բայց Ձեր գրածից կարելի է տեսնել, թե ինչպիսի արտահայտված մեղքի զգացում ունեք, ինչն իր հերթին կարող է ազդել հղիանալու հնարավորության վրա, քանի որ հոգեհուզական լարվածությունը ազդում է հորմոնալ հավասարակշռության վրա` բերելով ձվազատման պրոցեսի խախտման: Իմ խորհուրդն իբրև մասնագետ հետևյալն է` աշխատեք որքան հնարավոր է շատ գրգռվել սեքսի ժամանակ, գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ դա մեծացնում է հղիանալու հավանականությունը: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ գրգռման ժամանակ հեշտոցում արտադրվում է հեղուկ, որը ակտիվացնում է սերմնաբջիջների շարժունակությունը: Բացի այդ սեռական գրգռման ժամանակ ակտիվանում է սեռական օրգանների արյունամատակարարումը, լավանում է հյուսվածքների սնուցումը և ֆիզիոլոգիական ֆունկցիան: Վերջապես, գրգռման ժամանակ անջատվում են գլխուղեղային այն կենտրոները, որոնք արգելակող ազդեցություն ունեն սեռական գործունեության վրա: Դա բերում է նյարդային լարվածության և մկանային հյուսվածքների թուլացման, որը նպաստում է բեղմնավորման պրոցեսին: Ուժգին սեռական գրգռում ապրելու համար դուք պետք է սովորեք կին լինել ձեր ամուսնու համար։

Փակել

Պատանեկան ձեռնաշարժություն

1. Բարև Ձեզ: Ես ընդհամենը 16 տարեկան եմ, բայց իմ մոտ սեռական զգացողությունները ավելի մեծի են նման: Ես հաճախ եմ գրգռվում ամեն մի սեռական բովանդակության ֆիլմ դիտելիս: Եվ ես ունեմ մի խնդիր, որի մասին երբեք ոչ ոքի չեմ ասել,անգամ մայրիկիս: Ես այդ գրգռվածության ժամանակ պառկում եմ և վերցնելով իմ վերմակի մի ծայրը ես այն հարմարացնում եմ տղայի գործիքին, սկսում եմ շարժումներ անել: Ի՞նչ անեմ, խնդրում եմ օգնել ինձ, ես վախենում եմ, որ դա ինձ կարող է վնաս հասցնել: Աղաչում եմ օգնել:

Պատասխան

Նախ ասեմ, որ անհանգստանալու կարիք չկա: Այն ինչ նկարագրում եք, սեռական կարիքի դրսևորում է , որը միանգամայն առողջ է ձեր տարիքի համար: Առողջ է սեռական գրգռում ապրելը, երբ նայում ես սեռական բովանդակության ֆիլմեր, առողջ է նաև այդ տարիքում ինքնաբավարարման դիմելը, որը դուք անում եք բավական արտառոց ձևով: Սակայն պիտի ասեմ, որ ձեր տարիքում ռիսկային է նմանատիպ ֆիլմերով տարվելը, քանի որ այս տարիքում դեռևս ամբողջովին չի ավարտվել հոգեսեռական զարգացումը, ուստի և չարաշահելով նմանատիպ ֆիլմերի դիտումը դուք ռիսկի եք դիմում միակողմանի և սահմանափակ հոգեսեռական զարգացում ապրելու: Դա հետագայում խոչընդոտներ կստեղծի ամուսնական ներդաշնակ կապի ձևավորման հարցում, ամուսնական սեռական կյանքը ձեր համար կկորցնի իր հաճույքաբեր ներուժը և հնարավոր է զարգանա սեռական սառնություն: Նմանատիպ ֆիլմերի հանդեպ առողջ վերաբերմունքի ձևավորման համար անձը պիտի ունենա հասունության բավարար մակարդակ, որին նա հասնում է 25 տարեկանին մոտ:

Փակել

Վիբրատոր

1. Բարև Ձեզ բժշկուհի: Ես 16 տարեկան եմ, երբեք սեքսով չեմ զբաղվել, միայն մեկ անգամ մայրիկիս վիբրատորով ինքնաբավարարմամբ եմ զբաղվել: Դրանից հետո սկսել եմ պորնոֆիլմեր դիտել և սեռական ցանկություն ունեմ: Ի՞նչ կասեք այս ամենի մասին, և ինչպե՞ս իմանալ՝ կույ՞ս եմ, թե՞ ոչ:

Պատասխան

Կարող եմ ասել, որ այս տարիքում սեքսուալության նմանատիպ դրսևորումը մի փոքր վաղաժամ է համարվում և դա կարող է որոշակի դժվարություններ ստեղծել կյանքում: Պորնոֆիլմներ նայելը հարկավոր է անմիջապես և կտրականապես դադարեցնել, քանի որ դա բերում է գլխուղեղի կառուցվածքային փոփոխության, որի բարդությունները ճակատագրական կարող են լինել: Կարծում եմ ձեր դեպքում առողջությանը նպաստող կլինի շուտ ամուսնանալը և երեխաներ ունենալը: Կուսությունն էլ ստուգելու համար բուժզննումի կարիք կա:

Փակել

Պատանեկան ձեռնաշարժություն

Ձեռնաշարժությունը (մաստուրբացիա, ինքնաբավարարում, օնանիզմ) ձեռքի օգնությամբ ինքնագրգռման հասնելն է, որն ավարտվում է սերմնաժայթքումով` տղամարդկանց մոտ և հեշտանքի զգացումով` երկու սեռերի մոտ: Կան ձեռնաշարժության մի քանի ձևեր: Նախ և առաջ դա պատանեկան ձեռնաշարժությունն է: Սա պատանեկան տարիքում տղաների սեռական հասունացման բնորոշ դրսևորումներից է: Ձեռնաշարժության այս տեսակը պայմանավորված է ֆիզիոլոգիական և սոցիալական գործոններով: Ֆիզիոլոգիական գործոնն այս տարիքում առաջացող նեյրոհորմոնալ բուռն տեղաշարժերն են:

Պատանեկության շրջանում կտրուկ բարձրանում է արական սեռական հորմոնի` տեստոստերոնի քանակությունը, որը երկու ճանապարհով խթանում է ձեռնաշարժության երևույթը: Նախ, տեստոստերոնի աճող քանակը արագացնում է ամորձիների զարգացումը և սերմի արտադրության պրոցեսը: Արագ տեմպերով կուտակվող սերմնահեղուկը լարում է առաջացնում սերմնատար ուղիներում` ճնշում գործադրելով այդ ուղիների պատերում տեղակայված մեխանոռեցեպտորների վրա: Այս ճնշումը ընկալվում է իբրև ֆիզիոլոգիական դիսկոմֆորտի վիճակ, որից ամեն կերպ ազատվելու ձգտումը դառնում է գերիշխող շարժառիթ:

Կարդալ ավելին

Մյուս կողմից, տեստոստերոնն ազդելով բարձրագույն նյարդային համակարգում տեղակայված սեռական վարքի համար պատասխանատու կենտրոնների վրա` թողնում է էրոտիզացնող հատկություն, որը դրսևորվում է սեռազգայնության բարձրացմամբ, սեռական բնույթի երևակայությունների առաջացմամբ: Ձեռնաշարժությանը նպաստող սոցիալական գործոններն են` ընտանիքի ձևավորման տարիքային բարձր շեմը և մեր հասարակության մեջ կնոջ և տղամարդու համար գործող բարոյական նորմերի երկակի ստանդարտները:

Պատանին այս տարիքում ոչ կարող է ամուսնանալ, քանի որ սոցիալապես հասուն չէ, ոչ էլ սեռական կապ ունենալ իր հասակակից աղջիկների հետ, քանի որ վերջիններս պետք է պահպանեն իրենց կուսությունը նախքան ամուսնանալը: Այսպիսով, պատանեկան տարիքում հորմոնալ փոթորկով պայմանավորված սեքսուալ դիսկոմֆորտից ձերբազատվելու ուղին դառնում է ձեռնաշարժությունը: Բժշկական տեսանկյունից պատանեկան հիպերսեքսուալության ձեռնաշարժությունը չունի ախտաբանական ազդեցություն առողջության վրա: Այն ունի ժամանակավոր բնույթ և սովորաբար անցնում է, երբ ավարտվում է սեռական հասունացման բուռն շրջանը, սովորաբար 21 տարեկանին մոտ:

Սակայն, կրոնական պատկերացումների ազդեցության տակ ձեռնաշարժությունը սերտ կապով ամրացել է մեղքի զգացումի հետ: Հին Կտակարանում այս երևույթին տրվում է խիստ բացասական գնահատական, համարվելով ծանրագույն մեղք:

Փակել

© 2017 | ՆարինԷ Ներսիսյան | Բոլոր իրավունքները պաշտպանված են |

Besucherzahler
счетчик посещений