Սեքսից հետո լացելու անզուսպ պահանջը և ինքնաբուխ դուրս հորդող արցունքները որոշ կանանց և աղջիկների սեռական կյանքի դրսևորումներից է: Եզակի դեպքերում դրանք երջանկության արցունքներ են` պայմանավորված սեռական հաճույքի ժամանակ մեծ քանակությամբ հորմոնների ձերբազատմամբ: Մեծ մաս դեպքերում այս դրամատիկ գանգատը ընդամենը «լողացող սառցալեռան գագաթն է հիշեցնում», և խորը հոգեսեռական վերլուծությունը բացահայտում է այդ գանգատի ողջ լրջությունը: Սովորաբար նման գանգատ ներկայացնող կինը սեռական մերձեցման ժամանակ տագնապի մեջ է ընկնում և դիսկոմֆորտի զգացում ապրում, որի պատճառով, երբ կենակցումն ավարտվում է` կուտակված բացասական էմոցիաները մեծ ճնշման տակ դուրս են գալիս լացի տեսքով: Տագնապի զգացումը, որը թույլ չի տալիս թուլանալ և սեռական հաճույք ապրել, կապված է անցյալի բացասական փորձի, տարած հոգեսեռական տրավմայի և հորմոնների հետ:

Լացը խոսում է այն մասին, որ մերձեցման ժամանակ կնոջ ինտիմ ապրումները հակասության մեջ են մտնում իր ունեցած հարաբերության և իր իսկ հետ: Հարաբերությունը տղամարդու հետ չունի հուզական այն հագեցվածությունը, որին սովոր է կինը` իր անցյալ փորձի հիշողությամբ, ուստի սեքսը բախում է նրան իրականության հետ, որը ցավ է պատճառում և բերում լացի: Կնոջը կարող է թվալ, որ նա չի սիրում տղամարդուն, ում հետ ինտիմ մերձեցման մեջ է և դա բերում է խորը դժբախտության: Երբեմն կանայք լացում են, քանի որ անգիտակցաբար սպասում են, որ իրենց պիտի լքեն սեքսից հետո: Այսպսիսի կանայք չեն հավատում, որ տղամարդու դրսևորած հոգատարությունն ու քնքշանքը ճշմարիտ են: Իրենց անարժան են համարում և անգիտակցաբար քանդում իրենց կապը, որը խոստումնալից է և վերջապես կարող է իրական երջանկություն բերել: Անցյալում լքված լինելու փորձառության ցավը նրանք հաղթահարում են նրանով, որ իրենք են դառնում լքողներ և դրանով իսկ կանխում հավանական լքման հնարավորությունը: Անկախ այն բանից, թե որն է լացի պատճառը, հարկավոր է միանգամայն լրջորեն վերաբերվել սեքսոլոգիական այս ախտանիշին, քանի որ ժամանակին ցուցաբերած մասնագիտական օգնությունը կարող է կանխել կին-տղամարդ լուրջ հարաբերության քայքայումը և անգամ այնպիսի լուրջ բարդություն` ինչպիսին սուիցիդալ փորձն է: