ՆԱՐԻՆԷ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Երկու հատվող բուրգերից ծնվում է Նորը

Tag: ծլիկային օրգազմ

Կանանց հեշտանքի խանգարում

Հեշտանքի փուլի խանգարումները լայնորեն տարածված են: Կլինիկական փորձը վկայում է, որ 40-ից ցածր տարիքի այցելուների մեջ կանանց հեշտանքի խանգարումները և տղամարդկանց վաղաժամ սերմնաժայթքումը, ըստ էության, ամենից հաճախ հանդիպող սեռական գանգատներն են:

ԲՆՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

DSM-IV-ում կանանց հեշտանքի խանգարումները, որոնք պայմանավորված են հոգեբանական գործոններով, բնութագրվում են հետևյալ ձևով «Հեշտանքի պարբերաբար կամ մշտական արգելակում, որը դրսևորվում է սեռական ակտիվության ժամանակ հեշտանքի ուշացումով կամ լրիվ բացակայությամբ, երբ դրան նախորդում է բժշկի կողմից իբրև ադեկվատ գնահատված գրգռանքի փուլը»:

Այս ախտորոշումը չի համապատասխանում նախկինում լայնորեն կիրառվող ֆրիգիդություն անվանը, քանի որ այս կանայք կարող են սիրել, հետաքրքրված են տղամարդկանցով և սեռական կյանքով, ունեն էռոտիկ հաճույք զգալու կարողություն: Սիրախաղի ժամանակ նրանք ի վիճակի են գրգռվելու և ունենալու հեշտոցի խոնավացում, իբրև սեռական գրգռմանը տրվող պատասխան ռեակցիա: Այլ խոսքերով ասած սեռական ցիկլի սկզբնական երկու, այն է՝ ցանկության և գրգռանքի փուլերը, խանգարված չեն, և միակ ներկայացվող գանգատը հեշտանքի հասնելու դժվարությունը կամ անկարողությունն է:

Կարդալ ավելին

Կանանց հեշտանքի շեմը ունի տարբեր մակարդակներ:
1. Փոքր թիվ կազմող որոշ կանայք կարող են հեշտանք ունենալ առանց սեռական օրգանների անմիջական տակտիլ գրգռման, բավարար է էռոտիկ երևակայությունը կամ կրծքագեղձերի համբուրումը և գրգռող շոշափումը:
2. 20-30% կանայք ունակ են սեռական հարաբերության ընթացքում հասնելու հեշտանքի միայն հեշտոցային գրգիռների կուտակման արդյունքում (հեշտոցային հեշտանք) առանց ծլիկի որևէ գրգռման:
3. Հաջորդաբար գալիս է այն կանանց խումբը, ովքեր ի վիճակի են հասնելու հեշտանքի իրենց զոըգընկերոջ հետ, եթե սեռական հարաբերությունը պարտադիր ուղեկցվի ծլիկի անմիջական գրգռմամբ (խառը՝ հեշտոցա-ծլիկային կամ միայն ծլիկային հեշտանք):
4. Հետևյալ խմբի կանայք չեն կարող հասնել հեշտանքի սեռական հարաբերության ժամանակ, նույնիսկ եթե այն ուղեկցվում է ծլիկի գրգռմամբ: Սակայն առանձին լինելու դեպքում, առանց զուգընկերոջ ներկայության, էռոտիկ երևակյությունների և ձեռնաշարժության միջոցով նրանք կարող են հեշտանք ունենալ:
5. Վերջին խմբի կանայք բացարձակ անօրգաստիկ են, նրանք երբևէ հեշտանք չեն ունեցել: Ըստ ամերիկյան մի հետազոտության տվյալների (Fisher, 1973), այս խումբը կազմում են ամերիկուհիների մոտավորապես 8%-ը:

Սեռական պատասխանի վերջին երկու տարբերակները որոշակի վերապահումով համարվում են ախտաբանական, և այդ կանանց կարելի է առաջարկել բուժում: Բուժման ենթակա են նաև այն հեշտանքի խանգարումները կանանց մոտ, որոնք իրավիճակային են, այսինքն հեշտանքն առաջանում է միայն որոշակի պայմաններում, որոշակի զուգընկերոջ, բայց ոչ իրենց ուզեցած զուգընկերոջ հետ: Հոգեվերլուծաբանությանը ուղղորդված որոշ մասնագետներ գտնում են, որ բոլոր դեպքերում, երբ ներթափանցման ժամանակ հեշտանքն անհնարին է առանց ծլիկի լրացուցիչ գրգռման, կարիք ունեն բուժման, չնայած, որ այդ պարագայում նրանք հասնում են հեշտանքի: Այնուհանդերձ, ժամանակակից սեքսալոգիայում մասնագետների միջև գոյություն ունի փոխհամաձայնություն, որ ծլիկի լրացուցիչ գրգռման պահանջը հեշտանքի հասնելու համար նորմայի սահմաններում է և նմանատիպ կանայք ենթակա չեն բուժման:

Կլինիկական փորձը ցույց է տալիս, որ սեռական հարաբերության ժամանակ հեշտանք չունեցող որոշ կանայք կարող են ձեռք բերել այդ ունակությունը, ուստի պետք է ստանան համապատասխան բուժման հնարավորություն, մինչդեռ որոշներին բուժելը իմաստ չունի: Այն հարցը, թե հարկավո՞ր է բուժել հեշտանքի խանգարումը, թե՝ ոչ, պարզ է դառնում այցելուի հետազոտության ժամանակ:

Կանանց և տղամարդկանց կողմից հեշտանքի խանգարումներին տրվող հուզական պատասխանները տարբեր են: Ի տարբերություն տղամարդկանց, ում մեծ մտահոգություն է պատճառում սերմնաժայթքման բացակայությունը սեռական գրգռվածության գագաթնակետին, որոշ կանանց պարագայում, հեշտանքի բացակայությունը ամենևին չի բերում դժգոհության և սեռական անբավարարվածության առաջացման, նրանց չի անհանգստացնում սեռական գրգռման հետևանքով փոքր կոնքում ի հայտ եկած լարվածության և անհարմարավետության զգացումը: Իհարկե որոշ դեպքերում սա մերժման պատասխանի արդյունք է, սակայն կան նաև կանայք, որոնց իսկապես սեռական բավարարվածություն են ապրում հեշտանքի բացակայության պարագայում: Սա ոչ անպայման է ախտաբանական պասիվության նշան: Կնոջ կարծիքը այս հարցի շուրջ պետք է հաշվի առնել և հարգել: Այս կանայք ոչ մի դեպքում չպետք է հարկադրվեն բուժման իրենց ամուսինների կամ «լավգիտակ» մասնագետների կողմից: Ինչևիցե, կանանց մյուս մասը իրենց վիճակից հուսահատության են մատնվում, երբեմն մինչև հիվանդագին ֆիքսումի աստիճան: Նրանք գանգատվում են փոքր կոնքում անհարմարավետության, լարվածության զգացումից և բարկանում են իրենց զուգընկերոջ վրա, քանի որ սեռական հարաբերությունը վերջինիս համար միշտ ավարտվում է հեշտանքի բերկրալից զգացումով, ինչից իրենք անարդարացիորեն զուրկ են:

Երբեմն զուգընկերոջ մտահոգությունը կնոջ հեշտանքի խանգարման կապակցությամբ գերազանցում է կնոջ հուսահատությանը: Զուգընկերը կարող է եզրակացնել, որ դրանում կա իր մեղքի բաժինը: Սա հաճախ պատահում է այն դեպքերում, երբ տղամարդը սխալմամբ կարծում է, որ կնոջ հեշտանքը տղամարդու պատասխանատվությունն է, ինչ-որ մի բան, որ տղամարդը պետք է «տա» կնոջը: Այս տիպի մտածելակերպը հղի է տղամարդու մոտ թերարժեքության բարդույթի առաջացման վտանգով և սեռական խանգարման զարգացման համար նպաստավոր հող է ստեղծում:

Զուգընկերոջ վերաբերմունքը կարևոր ախտորոշիչ չափանիշ է: Թեև նա ինքը չի առաջացրել զուգընկերուհու հեշտանքի խանգարումը, բայց նրա բացասական և ճնշող վարքը կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ բուժման ճանապարհին, մինչդեռ նրա աջակցությունը և համագործակցությունը արժեքավոր ներդրում կունենան բուժման մեջ:

Տարբերում են առաջնային և երկրորդային անհեշտանքիա: Առաջնային անհեշտանքիայի դեպքում կինը երբևիցե հեշտանք չի ունեցել, երկրորդայինի դեպքում նախկինում առանց որևէ դժվարության հեշտանքի հասնող կինը ինչ-որ պատճառներով դադարում է հեշտանք ապրել ներկայումս:

ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ

Ընդհանուր առմամբ, կնոջ հեշտանքը եզակի հիվանդություններ և դեղորայք են ի վիճակի խանգարելու: Այս համախտանիշը հիմնականում ունի հոգեբանական արմատներ:

Հեշտանքի խանգարումից գանգատվող կանանց համարյա կեսը ի վիճակի են հեշտանք ունենալու ձեռնաշարժության ժամանակ և չեն հաջողում հեշտանքի հասնել զուգընկերոջ հետ սեռական հարաբերության ընթացքում: Այս դեպքերում ֆիզիկական պատճառներ փնտրելը նպատակահարմար չէ: Սակայն կինը, որ երբևիցե որևէ պայմանում չի հաջողել հեշտանք ունենալ, պետք է բժշկական հետազոտություն անցնի բացառելու համար այն հիվանդագին վիճակները, որոնք կարող են բերել դրան: Հավանական է նաև հիվանդագին վիճակի մեղավորությունը երկրորդային անհեշտանքիայի ժամանակ:

Դեղորայքներից հեշտանքի առաջացումը ի վիճակի են խանգարելու ՄԱՕ-ինհիբիտորները (հակադեպրեսանտներ) և ալֆա-ադրենոբլոկատորները (հակահիպերտենզիվներ):

Հետևյալ հիվանդագին վիճակները կարող են ուշացնել կամ անհնարին դարձնել հեշտանքի առաջացումը.
1. Ծլիկի բնածին անոմալիաները
2. Ծլիկի ֆիմոզը
3. Հեշտանքի ռեֆլեքսն ապահովող նյարդային ուղիների և ողնուղեղային կենտրոնների ախտահարումը նյարդային դեգեներատիվ հիվանդությունների, տրավմաների, ուռուցքային պրոցեսների հետևանքով
4. Սեռական օրգանների վիրահատական վնասումները (ուռուցքային հիվանդությունների ռադիկալ վիրահատումներ)
5. Շաքարային դիաբետի հետևանքով ծլիկի նյարդերի դեգեներատիվ փոփոխությունները

Վերոնշյալ դեպքերում հիվանդության հիմնական նշանների առկայությունը տարբերակիչ ախտորոշման հավաստի հիմք են հանդիսանում:

ՊԱՏՃԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Հեշտանքի առաջնային խանգարման օրգանական ախտածագումը շատ ցածր հավանականություն ունի: Ուստի երբ հետազոտության ընթացքում բացառվում են որևէ սպեցիֆիկ հիվանդության կամ դեղորայքի հնարավոր ազդեցությունը և սեռական օրգանների անատոմիան նորմայի սահմաններում է, այցելուին անմիջապես ցուցվում է սեքս-թերապիայի կուրս, որն այս պարագայում ամենաարդյունավետ բուժական միջոցն է: Իսկ եթե կինը նախկինում հեշտանքի հետ կապված խնդիրներ չի ունեցել և այժմ էլ չկա հոգեբանական որևէ լուրջ պտճառ, որն ի վիճակի լիներ խաթարելու հեշտանքը, ամենայն հավանականությամբ հեշտանքի խանգարումը հետևանք է որևէ բժշկական խնդրի: Այս դեպքում զգուշորեն պետք է բացառվեն վերոնշյալ օրգանական պատճառները, ներառյալ շաքարային դիաբետը, բազմակի սկլերոզը, ողնուղեղի ուռուցքային և դեգեներատիվ հիվանդությունները:

Կնոջ հեշտանքի արգելակման հիմնական հոգեբանական մեխանիզմը սեռական հարաբերության ժամանակ օբսեսիվ ինքնազննումն է, որը մեծ հաջողությամբ արգելակում է հեշտանքի ռեֆլեքսի թողարկումը:

Մյուս հիմնական պատճառը այն է, որ այցելուն չի ստանում բավարար սեռական գրգռում, հատկապես ծլիկի շրջանում: Սա պատահում է այն զույգերի մոտ, ովքեր սխալմամբ կարծում են, թե հեշտանքի առաջացման համար բավարար է ընդամենը առնանդամի ներթափանցումը հեշտոց, առանց սիրային նախերգանքի և ծլիկի ուղեկցող գրգռման: Այլ դեպքերում, ամոթի և անապահովության զգացումից դրդված կինը չի ասում զուգըկերոջը, թե հատկապես ի՞նչ է իրեն հարկավոր սեռական գրգռման և հեշտանքի հասնելու համար:

Որոշ անօրգաստիկ կանայք ի վիճակի չեն էռոտիկ երևակայության: Մյուսները նշում են, որ սեռական հարաբերության ժամանակ անցանկալի և անիմաստ մտքեր են ներխուժում իրենց միտքը: Այլ դեպքերում ծլիկի շոշափումը չեզոք և նունիսկ տհաճ զգացողություններ է առաջ բերում, որը նյարդայնացնում է կնոջը: Կարելի է եզրակացնել, որ այս կանայք էռոտիկ զգացողություների դեմ զարգացրել են պաշտպանական մեխանիզմներ և վախենում են իրենց ազատություն տալ՝ սեռական գրգռմանը տրվելու և անկաշկանդորեն վայելելու սեռական հաճույքը (վախ կառավարելիությունը կորցնելու վտանգից, վախ ինտիմությունից):

Զուգընկերոջ հետ հաղորդակցվելու անկարողությունը կամ ցանկության բացակայությունը նույնպես զուգակցվում են անհեշտանքիայի հետ: Խորը ներհոգեբանական կոնֆլիկտները, որոնք ընկած են շփման անկարողության հիմքում, բացահայտվում են ընտանիքի և փսիխոսեքսուալ զարգացման պատմությւոնից, զույգի միջանձհային հարաբերությունների գնահատումից: Մանկության ձեռնաշարժության և սեռական այլ դրսևորումների դեմ ծնողների խստիվ արգելքները և բացասական վերաբերմունքը ներհոգեբանական կոնֆլիկտների աղբյուր են: Այդպիսի կոնֆլիկտներ հաճախ տեղ են գտնում սեռական խանգարումով կանանց փսիխոսեքսուալ զարգացման պատմության մեջ: Այս կանանցից շատերը ունեն թշնամական կամ հեռակա հարաբերությւոններ իրենց մայրերի հետ, ում կողմից նրանք երբեք խրախուսանք չեն ստացել իրենց արթնացող սեռականության վերաբերյալ:

Կանանց սեռական խանգարումների առաջացման հիմքում հոգեվերլուծությունը նշանավոր դեր է տալիս անգիտակից նևրոտիկ գործընթացներին (էդիպյան բարդույթներ): Ըստ հոգեվերլուծական տեսանկյունի սեռականության դեմ պաշտպանական մեխանիզմների հիմքում ընկած են «հայրական փոխադրումները», որի արդյունքում հանձինս զուգընկերոջ կինը տեսնում է իր հորը: Իրականում, շփման և սեռական խանգարումներ ունեցող որոշ կանանց հարաբերությունները իրենց հայրերի հետ ակնհայտորեն փակ են կամ կրում են երկիմաստ բնույթ:

Հաճախ այս կանանց ընթացիկ հարաբերություններում տղամարդկանց հետ նկատվում է հաճույքի զգացման արգելակումներ, մտերմության և հավատի դրսևորման ամբիվալենտություն: Որոշ կանայք տղամարդկանց հետ մրցակցության մեջ են մտնում և զուգընկերոջ նկատմամբ ունենում են անվստահության, վախի և երկմտանքի պահեր: Սա հաճախ գալիս է մեր հասարակության, հատկապես տղամարդկանց, անարդարացի վերաբերմունքից հանդեպ կնոջ ձեռք բերումները, որոնք կանանց մոտ ծնում են բարկության և ագրեսիայի դրսևորումներ տղամարդկանց նկատմամբ:

Անձի այնպիսի գծեր, ինչպիսիք են գերինքնակառավարումը կարող են առաջ բերել «տրվելու ազատության» դժվարություններ անհեշտանքիկ կանաց մոտ:

ԲՈՒԺՈՒՄԸ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ԵԼՔԵՐԸ

Անհեշտանքիայի բուժումը պետք է նպատակաուղղված լինի վախերի և սխալ պատկերացումների ուղղմանը: Այն պետք է օգնի կնոջը բարձրացնելու իր հաստատականությունը (պնդելու իր ցանկությունները) և սեռական նախաձեռնությունը: Կնոջ մեջ պետք է ամրացնել այն համոզմունքը, որ սեռական ակտիվությունը հավասարապես ծառայում է իր հաճույքին: Մի քանի սեռական վարժությունների միջոցով կինը կարող է ճանաչել իր սեռական նախընտրությունները և պատասխանները, սեռական բավարարվածության հասնելու միջոցները:

Հեշտանքի խանգարումները կանանց մոտ բուժվում են մեծ արդյունավետությամբ: Գրեթե բոլոր ընդհանրապես անօրգաստիկ կանայք կարող են սովորել, թե ինչպես հասնել հեշտանքի, նույնիսկ եթե պատճառը խորը ներհոգեբանական և միջանձնային խնդիրներն են: Բուժման արդյունավետության կանխատեսումը փոքր-ինչ դժվար խնդիր է, քանի որ այն կախված է զույգի փոխհարաբերություների բնույթից և երբեմն կարող է պահանջել ավելի բարդ ու երկարատև բուժում, որն ընդգրկում է նաև զուգընկերոջը:

Փակել

Կնոջ էրոգեն գոտիները

Շատ մասնագետներ պնդում են, որ կա կանացի օրգազմի երեք տեսակ` հեշտոցային, ծլիկային և խառը: Կնոջ սեռական հաճույքի այսպիսի մեխանիկական դասակարգումը այն աստիճանի պարզունակ է դարձնում կանացի սեքսուալությունը, որ կարող է լուրջ սեռական խանգարումների հիմք հանդիսանալ:

Հայտնի է, որ սեռական օրգանների ռիթմիկ և երկարատև գրգռումը ի վիճակի է գրգռում առաջացնելու տղամարդկանց մոտ, ինչը չի կարելի ասել կանանց համար: Կնոջ գրգռման համար բացի վերոնշյալ գրգռումից, հարկ է նշել շատ կարևոր մի քանի պայմաններ ևս` ներքին հոգեբանական տրամադրվածությունը, սեռական զուգընկերոջ հանդեպ բարյացակամ և էրոտիկ վերաբերմունքը, առանց որոնց ինչ աստիճանի ինտենսիվ և երկարատև էլ լինի սեռական գրգռումը` հեշտոցի խոնավացում և սեռական գրգռման զգացողություն կնոջ մոտ ի վիճակի չէ առաջանալու: Այնպես որ, պետք չէ գրգռել կանանց երկարատև հոգնացուցիչ մեխանիկական գրգռումներով, նա միևնույնն է չի գրգռվի, եթե էրոտիկ չի տրամադրված և զուգընկերն ազդում է նյարդերի վրա` իր համառ փորձերով:

© 2017 | ՆարինԷ Ներսիսյան | Բոլոր իրավունքները պաշտպանված են |

Besucherzahler
счетчик посещений