ՆԱՐԻՆԷ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Երկու հատվող բուրգերից ծնվում է Նորը

Tag: կենսաբանական սեռ

Անկեղծ զրույց` առողջ հարաբերություններ

Ինչո՞ւ մարդիկ չեն կարողանում առանց ամաչելու և անհարմար զգալու խոսել օրգազմի մասին: Ե’վ տղամարդիկ, ե’վ կանայք հաճախ դժվարությամբ են զրույց ծավալում սեռական հարաբերությունների, հատկապես, օրգազմի մասին: Միամիտ, անպարկեշտ կամ անհեթեթ երևալու վախը դրդում է, որ շատերն այս հարցում որդեգրեն պաշտպանողական մարտավարություն և նույնիսկ դիմեն այնպիսի ծայրահեղ անհեթեթ հնարքների` ինչպես հումորն ու սարկազմն են: Այս կերպ շատերը փորձում են շեղել, խուսափել կամ խեղաթյուրել առկա խնդրրը: Սեռական կարիքների, ցանկությունների ու մտահոգությունների շուրջ անհրաժեշտ քննարկման հանդեպ վախն ու խուսափողականությունը կարող է հիմնովին վնասել ու խաթարել մտերիմ ու ջերմ փոխհարաբերությունները: Երկարատև հարաբերությունների ընթացքում զույգերն անցնում են կյանքի տարբեր փուլեր և հաղթահարում տարատեսակ մարտահրավերներ` հղիություն, երեխայի ծնունդ, առողջության կորուստ, ծերացում և հենց այս պարագայում է, որ սեռական հարաբերությունների շուրջ անկեղծ քննարկումների ու զրույցների բացակայությունը կարող է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը կհանգեցնի մտերմության խաթարման, օտարացման ու հարաբերությունների վատթարացման:

Թեև գոյություն չունի օրգազմի վերաբերյալ զրույց ծավալելու համար որևէ հստակ ու կատարյալ ձևաչափ, որը կարելի է առաջարկել զույգերին, բայց մի բան անառարկելի է` բացառապես անօգուտ է նմանատիպ զրույցներն ու քննարկումները սկսել քննադատությամբ կամ մեղադրանքով: Առավել նպատակահարմար է զրույցի մեկնարկը տալ հաճոյախոսությամբ, օրինակ` «Ինձ իսկապես շատ է դուր գալիս, երբ դու…» կամ «Ինձ համար հաճելի է, երբ դու…» կամ նմանատիպ այլ ոգևորող ձևակերպումներ: Փոխադարձ վստահության և հարգանքի շնորհիվ կարելի է հաղթահարել ամաչկոտությունը և ծավալել արդյունավետ քննարկում: Սեռական ցանկությունների, նախապատվությունների, համոզմունքների շուրջ զրույցն ու քննարկումը կարող են ջերմ և անկեղծ փոխհարաբերությունների ձևավորման կարևոր նախապայման դառնալ և ձևավորել այնպիսի մտերմություն, որով զույգերը կուզենան կիսվել հենց օրգազմի պահին:

Պետք է միշտ փայփայել ու սրտացավությամբ պահպանել առողջ սեռական հարաբերությունները: Սեքսը մեր ողջ կյանքի ընթացքում զբաղեցնում է կարճ ժամանակ, բայց այն շատ կարևոր ժամանակ է:

Սեռ և գենդեր

Մարդը սոցիալական էակ է և միակ կենդանի արարածը, ով նաև արարիչ է: Ապրելով իր իսկ արարած մշակույթում, ի տարբերություն մնացած բոլոր կենդանի էակների, որոնք ապրում են բնության մեջ և առաջնորդվում բնության օրենքներով, մարդը մշտապես ենթարկվում է մշակույթի ազդեցությանը, որը սնում և ուղղորդում է նրան: Սեռերի փոխհարաբերությունը և դրա կարգավորման տարաբնույթ հարցերը մեր մշակույթում վաղուց են արտահայտվել դիցաբանության, բանահյուսության, կրոնի, արվեստի, բարոյագիտության, քաղաքական ուսմունքերի մեջ: Մարդկային լեզուն մեծ դեր է խաղացել այդ մշակույթի ձևավորման վրա և միշտ հայերի լեզվամտածողության մեջ սեռերին վերաբերող հարցերում հնչեցվել է երկու բառ՝ սեռ և սեր:

Հայոց վիպերգության մեջ ՛՛Առյուծը առյուծ է, էգ լինի, թե որձ՛՛ խոսքը շատ խորը իմաստ ունի (այսպես է խրատում Քեռի Թորոսը Սասունցի Դավթին, երբ վերջինս փոքր-ինչ կարկամում է հարսնացուի՝ Խանդութի վստահ կեցվածքից:) Կին-տղամարդ փոխհարաբերությունների կարգավորվան մասին սա մի ամբողջ փիլիսոփայություն է ու սեռային ներդաշնակության ապահովման գրավական: Մեր մշակույթի ընթացքում մենք ստիպված չենք եղել սեռային խտրականության ջատագով լինել, որովհետև մարդու արժանապատվությունը մեր մշակույթում միշտ վեհ ու բարձրագույն դիրքում է եղել, իբրև ամենահին քրիստոնյա ազգ: Հայաստանում սեռերի միջև հարաբերությունները կարգավորվել են մարդկային արժեքներով, կին-տղամարդ հարաբերությունները բխել են նախ և առաջ մարդ լինելու չափանիշից, որն ամենաբարձրագույն կարգավորիչն է եղել: Մարդ լինել, ահա թե որն է կին-տղամարդ հարաբերության ներդաշնակության գրավականը: ՈՒ կարիք չի լինի սեռը արհեստականորեն տարանջատել կենսաբանականի և հանրային-մշակութայինի (գենդեր կամ ջենդեր): Արժանապատվություն ունեցող կինը տղամարդու գենդեր ունենալու նշան չէ, ինչպես և՝ արժանապատվությունից զուրկ տղամարդը՝ կանացի գենդերի հավաստիք։

© 2017 | ՆարինԷ Ներսիսյան | Բոլոր իրավունքները պաշտպանված են |

Besucherzahler
счетчик посещений