ՆԱՐԻՆԷ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Երկու հատվող բուրգերից ծնվում է Նորը

Tag: կույս

Վագինիզմ և ներթափանցման խանգարումներ

Վագինիզմը պատկանում է փսիխոգեն սեռական խանգարւմների շարքին, որի ժամանակ բացակայում են սեռական համակարգի օրգանական ախտահարումները:

ԲՆՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Վագինիզմը դա կրկնվող կամ մնայուն սեռական խնդիր է, որի ժամանակ ոչ կամովի սպազմատիկ կծկվում է հեշտոցի արտաքին մեկ երրորդը՝ անհնարին դարձնելով սեռական հարաբերությունը: Այն մեծ անհանգստություն է պատճառում անձին կամ առաջացնում միջանձնային խնդիրներ և պայմանավոևված չէ որևէ այլ հիվանդության առկայությամբ:

Ծանր դեպքերում կծկվում են ոչ միայն հեշտոցի արտաքին մեկ երրորդի, այլ նաև կոնքի հատակի, ազդրերի ու որովայնի առաջային պատի մկանները` սեռական ակտի փորձի և անգամ այդ մասին մտածելու ժամանակ: Առանձնացնում են վագինիզմի 3 աստիճան.

1.Կծկումներն առաջանում են սեռական անդամի ներհրման կամ գինեկոլոգիական հետազոտությունների ժամանակ:

2.Մկանային կծկումներն առաջանում են սեռական օրգանների շփման ժամանակ:

3.Մկանային կծկումներն առաջանում են այն մտքից, որ ունենալու են սեռական ակտ կամ հետազոտվելու են գինեկոլոգի մոտ:

Վագինիզմը կուսական ամուսնության՝ վիրգոգամիայի պատճառ է հանդիսանում: Ամուսնական զույգերը ապրում են համատեղ կենցաղային կյանքով իբրև պարզապես ընկերներ կամ քույր և եղբայր: Եվ միայն երեխա ունենալու ցանկությունն է, որ նրանց կարող է ստիպել դիմելու բժշկական օգնությանը:

Վագինիզմին ավելի հակված են այն կանայք, ովքեր ունեն հետևյալ բնավորության գծերը` էմոցիոնալ անկայունություն, կասկածամտություն, նեղացկոտություն, բարձր ներշնչվողականություն: Պետք է նշել նաև, որ նման կանանց մոտ ցավի ընկալման շեմքը շատ ցածր է:

Կարդալ ավելին

ՊԱՏՃԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԱԽՏԱԾԱԳՈՒՄԸ ԵՎ ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ

Կան մի քանի տեսություններ, որոնք փորձում են բացատրել վագինիզմի առաջացման պատճառները։ Հոգեվերլուծաբանները գտնում են, որ վագինիզմը միջոց է, որով կինը մերժում է կանացի դերի ստանձնումը, դիմադրում է տղամարդու սեռական առաջնայնության դեմ, պաշտպանական դիրք է ընդունում հոր հետ իրական կամ երևակայական ինցեստային կապի սպառնանքի դեմ, կանխում է երևակայության մեջ իր ամորձատման պատկերների հայտնվելը:

Կապլանի կարծիքով վագինիզմը կոնվերսիոն խանգարում է, որը տղամարդկանց հանդեպ թշնամանքի վերափոխման դրսևորումն է և անգիտակցական ցանկություն ամորձատելու նրանց, որով վրեժխնդիր կլինեն սեփական ամորձատման համար: Հաճախ վագինիզմը հանդես է գալիս հիստերիկ (կոնվերսիոն) մոնոախտանիշի ձևով, որին բնորոշ է կախվածությունը կոնկրետ իրավիճակից և զուգընկերոջից: Հիմնականում նման կանանց մոտ դիտվում է վագինիզմի 2-րդ և 3-րդ աստիճանը:

Իմացական-վարքային հոգեբանության տեսանկյունից վագինիզմը վախի հետևանքով զարգացող ռեակցիա է: Առնանդամի ներհրման պահին իրոք կարող է առաջանալ ցավային զգացողություն՝ կապված էռոտիկ գրգռվածության իջեցման հետ, որը լյուբրիկացիայի փսիխոգեն արգելակման հետևանք է, արդյունքում ցավի թեթևակի առաջացումը ամրապնդում է այն համոզմունքը, որ առնանդամի ներհրումը կապված է մեծ դժվարությունների՝ ցավի և դիսկոմֆորտի հետ, որն էլ ծնում է վախ ցավից և հակազդում սպաստիկ կծկման ձևով:

Որոշ հեղինակներ վագինիզմը, որի զարգացման հիմքում ընկած է վախը, անվանում են սեքսուալ ֆոբիկ նևրոզ: Սեքսուալ ֆոբիկ նևրոզ ասելով նրանք հասկանում են անհաղթահարելի վախ սեռական ակտից (կոիտոֆոբիա) կամ դեֆլորացիայից (դեֆլորացիոֆոբիա), որը սրանում է անմիջապես սեռական ակտի փորձի ժամանակ, դարձնելով անհնարին բուն ակտը և դեֆլորացիան: Նշված դեպքերում ի հայտ են գալիս էմոցիոնալ խանգարումներ` տագնապ, անհանգստություն, որի հետևանքով նման կանայք խուսափում են բոլոր այն իրավիճակներից, որոնց կարող է հաջորդել սեռական մերձեցումը, և որպես կանոն հրաժարվում են սեռական կյանքից ընդհանրապես:

Ֆոբիկ վագինիզմը ուղեկցվում է փսիխոէռոտիկ գրգռման արգելակմամբ, որն էլ բերում է լյուբրիկացիայի խիստ իջեցման և զարգանում է 3-րդ աստիճանի վագինիզմ:

Վագինիզմի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ ուշացած սոմատո-փսիխոսեքսուալ զարգացումը, «սխալ» սեռական դաստիարակությունը, անբավարար տեղեկացվածությունը, անցյալում սեքսուալ տրավմաները (սեռական հետապնդումներ), երբեմն նաև վախը հղիությունից: Կարևոր նշանակություն ունեն նաև միջանձնային հարաբերությունները: Բացասաբար է անդրադառնում զուգընկերոջ հանդեպ անվստահությունը:

ԲՈՒԺՈՒՄԸ

Վագինիզմի բուժման համար կիրառվում են մի քանի մեթոդներ՝ հիպնոտիկ-սուգեստիվ թերապիա, որն ուղղված է սեռական ակտից կամ գինեկոլոգիկան հետազոտությունից առաջ վախի զգացողության հանմանը, իմացական փսիխոթերապիա` ուղղված վագինիզմի առաջացման պատճառների բացահայտմանը, սեքս-թերապիա ըստ Masters Johnson-ի և Kaplan-ի, ինչպես նաև դեղորայքային բուժում և հեշտոցային լայնիչների կիրառում:

Փակել

Կուսաթաղանթ

Անալ սեքս

– Բարև Ձեզ… Շատ եմ մտահոգվում այս հացերի շուրջ, կխնդրեմ պատասխանել: Ես անալ սեքսով եմ զբաղվում և պետք է անալիզ հանձնեմ կեղտի (մաշկային խնդիրներիս պատճառով)… Արդյո՞ք անալիզները ցույց կտան, որ ես անալ սեքսով եմ զբաղվել, նաև արյան անալիզ եմ հանձնել… Ուղղակի մայրիկիս հետ պետք է գնամ պատասխաններն իմանալու և շատ եմ վախենում:

Պատասխան

Հարգելի Օֆելյա, հանգիստ կարող եք հանձնել ցանկացած անալիզ, դրնացով չեն կարող բացահայտել, թե Դուք ինչ տեսակի սեռական կոնտակտ եք ունենում:

Փակել

Ավանդույթի զոհ

1. Ես իմ տղամարդուն բավարարում եմ օրալ սեքսով: Երբ տեսնում եմ, թե ինչպիսի սուր զգացողություն է դա նրան պարգևում, հրճվանքի խորը զգացում եմ ապրում: Վերջին ժամանակներում նկատել եմ, որ նրա սերմնաժայթքման պահը ձգձգվում է: Իսկ երեկ սերմնաժայթքում ընդհանրապես չեղավ` չնայած բավականին երկարատև օրալ գրգռմանը: Հեշտոցային կոնտակտից խուսափում ենք` ավանդական նորմերից ելնելով: Արդյո՞ք սերմնաժայթքման բացակայությունը առողջական խնդիր է և կապվա՞ծ է այն մեր սեռական վարքի հետ:

Պատասխան

Այո, սերմնաժայթքման բացակայությունը սեքսոլոգիական խանգարում է և ենթակա է հոգեսեքսուալ թերապիայի: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ տղամարդը չի ունենում սեռական գրգռման աճի զգացողություն, իսկ սերմնաժայթքման և օրգազմի հասնելու համար հարկավոր է սեքսուալ գրգիռների կուտակում մինչև այն առավելագույն մակարդակը, որից թողարկվում է սերմնաժայթքման նյարդային ռեֆլեքսը: Օրալ կոնտակտը ընդհանուր առմամբ առնանդամի թույլ մեխանիկական գրգռում է ապահովում: Այն գուցե ունի սուր զգացողություն պարգևելու ներուժ, քանի որ արտասովոր սեռական վարք է, բայց իբրև սեռական կյանքի հիմնական ձև, այն չի կարող երկար շարունակվել, քանի որ շատ արագ կորցնելով իր արտասովորությունը, այն դադարում է ունենալ հոգեսեքսուալ գրգռման ազդեցություն: Քանի որ բացակայում է նաև մեխանիկական գրգռման հանգամանքը, ապա օրալ կոնտակտը, վերջ ի վերջո, բերում է տղամարդու մոտ սեռական խանգարման առաջացման։ Ուստի օրալ կոնտակտը հարկավոր է կիրառել միայն իբրև սեռական կյանքը հարստացնող մի տարր, սիրախաղի մի ձև, բայց ոչ երբեք սեռական կյանքի հիմնական ձև: Ինչ վերաբերում է ավանդական նորմեր չխախտելուն, ապա իմացեք, որ ավանդույթը չի ասում չունենալ հեշտոցային հարաբերություն մինչև ամուսնությունը, այլ չունենալ սեռային հարաբերություն։ Իսկ սա նշանակում է թե հեշտոցային, թե օրալ, թե անալ, թե բոլոր այլ տեսակի սեռային շփումներից զերծ մնալ։ Ավանդույթը նպատակ ունի պահպանել սեռական առողջությունը, որը շատ փխրուն է, ավանդույթը պաշտպանող, պահպանող դեր է կատարում, այլ ոչ թե արգելող, որից անհրաժեշտ է զարտուղի ճանապարհով ազատվել։

Փակել

2. Հարգելի Նարինե, ես 23 տարեկան տղա եմ և ունեմ արտահայտված սեռական ցանկություն, իմ խնդիրն այն է, որ մեր աղջիկների հետ սեռական հարաբերություն ունենալու համար նրանց կողմից անմիջապես դրվում է երկարատև հարաբերություն կառուցելու պահանջը, որն անպայման կավարտվի ամուսնությամբ, մինչդեռ ես չեմ ուզում ամուսնանալ, այլ ընդամենը կարճատև շփում և սեռական մերձեցում ունենալ իմ դուր եկած աղջկա հետ: Ես չեմ ուզում խաբել աղջկան և խոստանալ, որ մեր կապը կլինի հարատև, բայց անկեղծ լինելու դեպքում էլ գրեթե միշտ մերժում եմ ստանում: Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս վարվեմ:

Պատասխան

Շատ ողջունելի է ձեր անկեղծությունն ու ազնիվ լինելը: Կարծում եմ, որ այս խնդիրը լայն տարածում ունի մեր իրականության մեջ և Դուք միակը չեք, ով բախվում է դրան: Երկարատև հարաբերություն կառուցելու ցանկությունը բնորոշ է կանանց հոգեսեքսուալությանը, քանի որ կանայք շատ հաճախ սեռական մերձեցում ունենալու համար պետք է այն համոզումն ունենան, որ մերձեցումից հետո տղան չի կորցնի հետաքրքրությունն իր նկատմամբ: Այդ պատճառով սիրո զգացմունքի առկայությունն աղջկա հանդեպ այն երաշխիքն է, որ սեռական կապը չի լինի առաջինը և վերջինը: Նման հոգեսեքսուալ կերտվածքով աղջիկները միանգամյա սեռական կապից կորցնում են իրենց ինքնագնահատականը և հայտնվում խորը հուսահատության գրկում: Սակայն պետք է նշեմ, որ ոչ բոլոր աղջիկներն ու կանայք են երկարատև հարաբերություն փնտրում և սեռական հետաքրքրասիրությունը նրանց նույնչափ բնորոշ է, ինչքան որ Ձեզ: Առողջական տեսանկյունից, սակայն, պետք է նշեմ, որ սեռական մերձեցումն առանց հոգեէմոցիոնիալ կապվածության և նվիրումի ավելի շատ անասնական ակտի է նման և վնասում է մարդու հոգեկան առողջությունը։ Կարծում եմ ձեր խնդիրը իգական սեռի հանդեպ օգտապաշտական վերաբերմունքն է, այսինքն, կանանց նայում եք իբրև սեռական կարիքների բավարարման միջոց։ Սա անընդունելի է մարդկային հարաբերությունների մեջ, որտեղ մեկը մյուսին օգտագործելը շահադիտական նպատակներով հեռացնում է մարդուն իր մարդկային կերպարից։

Փակել

3. Բարև ձեզ: Ես, կարելի է ասել, սեռական հարաբերություն եմ ունեցել սիրելիիս հետ: Սակայն նա իր առնանդամը չի մտցրել հեշտոցս, ուղղակի արտաքին շփում է տեղի ունեցել, որից հետո մի կաթիլ կամ առավելագույնը 2 կաթիլ սերմնահեղուկ թափվել է հեշտոցիս վերևի հատվածում: Նշեմ, որ ես կույս եմ, դեպքը տեղի է ունեցել նոյեմբեր ամսին, դեկտեմբեր ամսին հիվանդացել եմ. սովորականից տարբեր մուգ գույնի էր արտադրությունը, իսկ հունվար ամսին հիվանդացել եմ 10 օր ուշացումով և տևել է 3 օր 7-ի փոխարեն: Նաև նկատել եմ, որ փորս մեծացած է: Խնդրում եմ ասեք հնարավոր է հղիություն լինի, նաև նշեմ, որ 2 անգամ թեստը բացասական է եղել: Կանխավ շնորհակալություն:

Պատասխան

Քիչ հավանական է Ձեր նկարագրած տարբերակով հղիանալ։ Սակայն ինչ-որ խնդիր հաստատապես կա և պահանջվում է այցելություն բժշկին առողջության պահպանման նկատառումներից:

Փակել

Կիսատ թողած գրգռում

Բարև Ձեզ հարգելի բժիշկ: Ձեզ մի հարց եմ ուզում ուղղել և շատ ուրախ կլինեմ, եթե պատասխանեք: Ես և ընկերս արդեն մոտ մեկ տարի է ընկերություն ենք անում, երկուսս էլ դեմ ենք մինչամուսնական սեռական հարաբերություններին, ուստի ոչ մի հարաբերություն չենք ունենում: Բայց ընկերոջս մոտ հաճախակի ցանկություն է լինում սեքսով զբաղվելու: Երբեմն ունենում ենք կրքոտ համբույրներ, շոյանքներ, բայց հարաբերություն չենք ունենում: Համբյուրներից ու շոյանքներից հետո ես երևի թե օրգազմ եմ ունենում, իսկ նա՝ ոչ: Խնդրում եմ ասեք՝ որքանո՞վ է վտանգավոր առողջության համար այդ ամենը, և ի՞նչ հետևանքներ կարող է հետագայում լինել:

Պատասխան

Սեռական հարաբերություն ասելով պետք չէ հասկանալ միայն սեռական մերձեցման ամենասերտ պահը, համբույրները և զգայական շոյանքները նույնպես սեռային հարաբերության տարատեսակներ են և ունեն իրենց ազդեցությունը օրգանիզմի վրա: Սեռական գրգռվածության և ցանկության բորբոքումը նմանօրինակ վարքի հետևանքով ի վիճակի է հասնելու իր առավելագույն կետին, որն ուղեկցվում է օրգազմի առաջացումով: Եթե գրգռման այդպիսի աճն ինչ-ինչ պատճառներով ամեն անգամ սահմանափակվում է իր աճի մեջ, ապա օրգանիզմը` ինքն իրեն հուսախաբությունից պաշտպանելու համար արտադրում է այնպիսի նյութեր, որպեսզի մյուս անգամ գրգռման առաջացումը չուղեկցվի նմանօրինակ անցանկալի լարումով և դա կարող է կասեցնել սեռական լարվածություն պահելու և պահպանելու օրգանիզմի կարողությունը, հանգեցնելով լուրջ առողջական խնդիրների՝ օրինակ վաղաժամ սերմնաժայթքման: ՈՒստի խորհուրդ չի տրվում կանոնավոր կերպով կիսատ թողնված գրգռումներ ունենալ:

Փակել


Բարև Ձեզ, ես մի հարց ունեմ: Ես ունեմ ընկեր, հանդիպում ենք մեկ տարի նա 23 տարեկան է, ես 18: Ճանաչում ենք երկար տարիներ միմյանց, եղբորս ըներն է: Ամեն անգամ, երբ մենակ ենք լինում մեր տանը ամեն ինչ շատ է խորանում, երկուսս էլ ցանկանում ենք դա, եւ միաժամանակ չենք ցանկանում,որ մինչև ամուսնություն նման բան լինի: Նա առաջարկեց մի տարբերակ մտածենք, որ ամեն անգամ վատ չզգանք մեզ: Նաև առաջարկեց կազմակերպել այդ օրը, բայց դա այդքան էլ ճիշտ չէ: Որոշեցինք այլևս մենակ չմնալ տանը, բայց չի ստացվում ամեն անգամ շատ ավելի հեռու ենք գնում: Հասկանում ենք, որ դա նաև հոգեկան խնդիրներ կարող է առաջացնել: Ունենք Ձեր օգնության կարիքը: Շնորհակալություն:

Պատասխան

Ձեր միջև ծագած սեռական մղումը միանգամայն բնական և առողջ է: Սակայն ես խորհուրդ չէի տա սեռական հարաբերություն ունենալ հիմա ոչ թե այն պատճառով, որ դուք ամուսնացած չեք, այլ այն, որ դուք դեռ լիովին չեք պատկերացնում, թե ինչ է սեռական կյանքը և այն բոլոր ՛՛ծուղակները՛՛, որոնցով լեցուն է այդ կյանքը, ձեր տարիքում հնարավոր չէ հաղթահարել, եթե դուք չունեք որոշակի հիմք և հատկապես ուժեղ արտահայտված անհատականություն: Սեռական կյանքը վտանգավոր կողմեր ունի և կարելի է ասել, որ գրեթե հնարավոր չէ խուսափել այդ վտանգներից ձեր տարիքում՝ ասենք օրինակ՝ կախվածություն, հիասթափություն, տառապանք, ցավ, վախ, մեղավորության զգացում, հուսահատություն, անհամբերություն և ջղային գրգռում, դուք ստիպված եք լինելու ապրել այս ամենը, ու դա ձեզանից այնքան ժամանակ է խլելու, որ անհնարին կդառնա կենտրոնանալ ապագայի կառուցման ուղղությամբ: Ես խորհուրդ կտամ սեռական հարաբերություններ ունենալ ոչ թե անզուսպ կրքի մղումով, այլ գիտակցված որոշմամբ՝ Միթե արժե կրել սեռական կյանքի դժվարությունները ձեր կյանքի այս փուլում, երբ դուք կարող եք մասնագիտկան կայացման հասնել, ունենալով դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները՝ երիտասարդություն, խնամողներ, ժամանակ, անհրաժեշտ է կամքը լարել ոչ թե այնպիսի ապրումներից ձեռրբազատվելու համար, որոնք բերում է իր հետ սեռական կյանքը, այլ ինքնուրույն ոտքի կանգնելու ուղղությամբ, էլ չեմ ասում, որ սկսվում են մարմնական հոգսեր՝ հեշտոցային արտադրություն, բորբոքումներ և դուք ստիպված պիտի լինեք առնվազն 6 ամիսը մեկ անգամ սպասել գինեկոլոգիական հետազոտման ձեր հերթին և ընդունել որոշակի դեղեր, մոմիկներ, որպեսզի առողջ պահեք ձեր սեռական ուղիները:

Փակել


Կուսաթաղանթ

1. Բարև հարգելի բժշկուհի… Ես 24 տարեկան եմ, ունեմ ընկեր: Բժշկուհի, մենք հարաբերություններ ենք ունենում, բայց ես կույս եմ: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք դա կարող է ազդել իմ սեռական առողջության վրա, և արդյո՞ք ես կույս եմ: Բժշկուհի, երկուսս էլ օրգազմ ենք ապրում, բայց երբ ես հարցնում եմ նրան, արդյոք կուսաթաղանթս չի պատռվել, նա պատասխանում է, որ իր անդամը մինչև վերջ չի մտցնում և ես կույս եմ մնում: Արդյո՞ք դա հնարավոր երևույթ է, բժշկուհի:

Պատասխան

Խնդրում եմ պատասխանել «Ես հարաբերություններ եմ ունենում, բայց կույս եմ»-միթե՞ Ձեզ այս պնդումը հակասական չի թվում, միթե՞ Դուք չեք տեսնում, որ ինքներդ Ձեզ անողոք ձևով խաբում եք։ Առնանդամը մինչև վերջ չմտցնելը, արյան բացակայությունը չի նշանակում, որ կուսազրկում չի եղել: Դուք կույս չեք։ Ինչ վերաբերում է սեռական առողջության վրա թողած ազդեցությանը, ապա հարկավոր է իմանալ, որ ոչ լիարժեք հարաբերման դեպքում, երբ ամեն ինչ արվում է, բացի բուն սեռական գործողությունից, ձևավորվում են որոշակի սեքսոլոգիական ստերեոտիպեր, որոնք հետո շատ դժվար է լինում փոխելը: Կինը ձգտում է հեշտոցային օրգազմ ունենալ, մինչդեռ հեշտոցը չի պատասխանում իր ուզած ձևով, քանի որ մարմինը սովորել է, որ սեռական հաճույքի աղբյուրը պետք է բխի այլ տեղերից: Սա իհարկե հնարավոր է փոխել, բայց պահանջում է մեծ ջանքեր և շատ հաճախ առանց մասնագիտական աջակցության գործը գլուխ չի գալիս:

Փակել

2. Բարև Ձեզ, ես 20 տարեկան եմ, երբևէ սեռական կյանքով չեմ զբաղվել, բայց վախենում եմ, որ լվացվելու ժամանակ կամ ինքնաբավարարման հետևանքով վնասած լինեմ կուսաթաղանթս: Ինչպե՞ս կարող եմ առանց բժշկի, ես՝ ինքս հասկանամ կուսությունս վնասվա՞ծ է, թ՞ե ոչ: Նախապես շնորհակալություն:

Պատասխան

Եթե որևէ իր, առարկա կամ մատով ներհրում չի եղել դեպի հեշտոց, ապա կուսաթաղանթի վնասման հավանականություն գրեթե չկա: Կուսաթաղանթը հեշտոցի բացվածքը փակող բարակ, բավական նուրբ, սակայն էլաստիկ թաղանթ է: Ուստի նրա վնասումը հնարավոր է միայն կտրուկ շարժման դեպքում, օրինակ մատով հեշտոցամուտքում կտրուկ շարժումներ անելիս, կամ էլ կուսաթաղաթի բնականոն բացվածքի չափերը մի քանի անգամ գերազանցող տրամագծի առարկայով ներհրում կատարելիս: Եթե այդ շարժումները կատարվեն նուրբ, ապա կուսաթաղանթը ոչ թե կպատռվի, այլ կլայնանա իր բացվածքի տրամագծով և կուսազրկումը կլինի առանց արյան հետքերի։ Եթե ձեր դեպքում արյուն չլինի, ապա դա ոչ թե կուսաթաղանթի բացակայության նշան է, այլ ընդամենը առաձգական կուսաթաղանթի լայնացման փաստ` զգուշավոր շարժումների պարագայում: Սա կարող է ստուգել և հավաստել միայն մասնագետը՝ բժշկական զննման պարագայում։

Փակել

Կուսաթաղանթի վնասում

1. Ես ծլիկիս միջոցով զգացել եմ այն զգացողությունը, ինչ սեքսի ժամանակ: Սակայն ես ամուսնացած չեմ. արդյո՞ք դա կարող է ինչ-որ ձևով ազդեցություն ունենալ կուսաթաղանթի վրա: Նշեմ, որ կույս եմ: Ծլիկային գրգռումով սեռական հաճույք ստանալը չի կարող ազդել կուսաթաղանթի ամբողջականության վրա:

Պատասխան

Կուսաթաղանթը գտնվում է հեշտոցամուտքում, իսկ ծլիկը դրանից բավական հեռու է, այնպես որ զուտ տարածական առումով մեկը մյուսից հեռու գտնվելու պատճառով հնարավոր չէ կուսաթաղանթի վնասում: Ինչ վերաբերում է օրգազմի պահին տեղի ունեցող զգացողությանը, որի ժամանակ տեղի են ունենում հեշտոցամուտքի մկանային կծկումներ, ապա հարկավոր է իմանալ, որ կուսաթաղանթը առաձգական թաղանթ է, որը այդ կծկումների ժամանակ այսպես ասած ՛՛ծալծլվում է կամ ճմրթվում է՛՛: Այն մտավախությունը, որ իբր կուսաթաղանթը կարող է ՛՛պայթել՛՛ մոլորություն է, այն փուչիկ չի, որ պայթի, ինչպես հաճախ մտածվում է կենցաղային պատկերացման մեջ, ՛՛փուչիկ, որը լված է արյունով՛՛: Նշեմ նաև, որ ծլիկի միջոցով հնարավոր չէ զգալ այն զգացողությունը, որ լինում է զույգային ինտիմ կապի ժամանակ, դրանք միմյանցից կտրուկ տարբերվող սեռավարքային դրսևորումներ են, ինչպես սար և ձոր։

Փակել

2. Բարև Ձեզ հարգելի Նարինե: Ես 19 տարեկան եմ, ունեմ ընկեր: Սեռական հարաբերություն երբեք չեմ ունեցել (կույս եմ), սակայն հագուստով եղել են դիրքեր, որոնք սեռական հարաբերության դիրքերից են: Եղել են ակտիվ շարժումներ, կրկնեմ ևս մեկ անգամ, որ եղել ենք հագուստով… Ցանկանում եմ իմանալ՝ հնարավո՞ր է արդյոք վնասվի կուսաթաղանթը: Եվ բացի գինեկոլոգի հետազոտությունից հնարավոր է այլ կերպ ստուգել կուսաթաղանթս վնասվե՞լ է, թ՞ե ոչ: Նախապես շնորհակալություն:

Պատասխան

Այս հարցադրման մեջ կարելի է մի քանի լուրջ խնդիրներ առանձնացնել, որոնք ուշադրության արժանի են, նախ այն, որ Դուք վախ եք ապրում Ձեր վարքի հետևանքների համար, խոսում է այն մասին, որ Դուք բավականաչափ չեք հասունացել՝ պատասխանատվություն կրելու Ձեր վարքի համար: Հասուն և պատասխանատու աղջիկը չի վախենում կորցնել իր կուսությունը, երբ սեռական հարաբերության փորձ է կատարում, ավելին, նա ուրախ է դրա համար, քանի որ գիտակցում է ինչ է անում: Իսկ Ձեր դեպքում վախը խոսում է այն մասին, որ ձեր կամքի թելադրանքով չէ, որ ներգրավվել եք սեռական բնույթի իրադարձության մեջ, դուք չեք գիտակցում սեռական հարաբերության խորհուրդը և չունեք բավականաչափ գիտելիք սեռական կյանքի մասին: Սա մեծ խնդիր է, որվհետև առանց այդ իմացության սեռական հարաբերության դիրքեր ընդունելը հղի է Ձեր հոգեսեռական առողջությսւնը վտանգելու մեծ ռիսկով: Այն, ինչ մտահոգում է Ձեզ՝ կուսաթաղանթի վնասումը, ամենա ոչ էականն է, երբ խոսքը գնում է իրար սիրող երկու մարդու ֆիզիկական միաձուլման մասին: Երբ պատրաստ չեք նման փորձ ունենալու, չի կարելի սեռական հարաբերության դիրքեր փորձարկել՝ կապ չունի շորերով, թե առանց: Եթե չեք ուզում կուսություն կորցնել, մի արեք ոչ մի քայլ, որ տանում է այդ ուղղությամբ, ճանապարհի կեսից կանգնելը՝ հիվանդագին սևեռումների պատճառ կդառնա հետագայում, երբ արդեն կարելի լինի սեռական կյանք ունենալ, դուք ի վիճակի չեք լինի որևէ սեռական զգացողություն ապրել ու կդառնաք ֆրիգիդ: Ինչ վերաբերում է կուսաթաղանթի ամբողջականությանը, ապա դրա ստուգման համար պետք է այցելեք մասագետին, այլ տարբերակը ինքնուրույն նայելն է, բայց դրա համար հատուկ բժշկական հմտություններ և անատոմիական գիտելիքներ են պահանջվում։

Փակել

3. Բարև Ձեզ: Խնդրում եմ հարցիս պատասխանել: Ես ամուսնացել եմ, ու մի քանի օր հետո հեշտոցիցս մսի կտոր էր կախվել, ինձ ասացին, որ դա կուսաթաղանթ է և կպոկվի, բայց արդեն երկար ժամանակ է ինչ չի պոկվում ու երկարել է: Ի՞նչ կարող եմ անել: Ու՞մ դիմեմ:

Պատասխան

Այո, դա կուսաթաղանթի մնացորդն է, որին Դուք մսի կտոր եք անվանում: Եթե այն իրոք անհանգստացնում է, կարոք եք դիմել պլաստիկ վիրաբույժի կամ վիրահատող գինեկոլոգի, ովքեր մի րոպեում կլուծեն այդ հարցը` կտրելով թաղանթի ավելորդ կախված մասնիկը:

Փակել

4. Բարև ձեզ, հարգելի բժիշկ: Ինձ մեկ հարց է հուզւմ: Բանն այն է, որ ես վստահ չեմ՝ կու՞յս եմ, թ՞ե ոչ: Երեք տարի առաջ ընկերոջս հետ ոչ լիարժեք հարաբերություններ եմ ունեցել մեկ անգամ: Ընկերս ինձ հավատացրեց, որ կուսաթաղանթս չի վնասել չնայած, որ ես ոչ ցավ եմ զգացել, ոչ էլ արնահոսություն եմ ունեցել: Բայց արդեն երկար ժամանակ է ընկերոջիցս բաժանվել եմ, ու ինձ միշտ անհանգստացնում է այն միտքը, որ միգուցե այլևս կույս չեմ: Բժշկի ամանչում եմ այցելել: Ինձ ինչ-որ բանով կարո՞ղ եք օգնել: Նախապես շնորհակալություն:

Պատասխան

Ցավի և արյան բացակայությունը չի բացառում, որ կուսաթաղանթը կարող է վնասված լինել: Կուսության ստուգման միակ հավաստի միջոցը հեշտոցամուտքի բուժզննում իրականացնելն է: Պետք է ասել, որ կուսաթաղանթը այնքան էլ խորը չի գտնվում, ինչպես կարծում են շատերը, առնանդամի գլխիկի ներհրումը արդեն իսկ բավարար է, որ կուսաթաղանթը վնասվի:

Փակել

Կուսության ստուգում

1. Ինչպե՞ս իմանամ՝ կու՞յս եմ, թե՞ ոչ: Ինձ թվում է ներլվացում անելուց վնասել եմ կուսաթաղանթս:

Պատասխան

Կուսությունը ստուգելու համար վերցրեք հայելի և այն տեղադրեք Ձեր առջև ոտքերը բաց արած վիճակում, այնուհետև երկու մատով հեռացրեք միմյանցից փոքր շուրթերը: Անհրաժեշտ է ոչ միայն իրարից հեռացնել, այլ նաև մի փոքր առաջ բերել դրանք, այսինքն՝ երկու մատով բռնել շուրթից ու այն քաշել դեպի կողք և առաջ: Ձեր առջև բացվում է սեռական ճեղքը, որը մտովի բաժանեք վերին և ստորին կեսերի: Ստորին կեսին ուշադիր նայելով կտեսնեք վարդագույն մակերես, դա հենց կուսաթաղանթն է, մի փոքր ավելի մանրազնին նայելով՝ կտեսնեք փոքր անցք՝ այդ մակերևույթի վրա, դա կուսաթաղանթի վրա գտնվող անցքն է: Նորմայում, այսինքն կույսերի մոտ, այդ անցքը մեկ մատ տրամաչափ ունի և սովորաբար հարթ եզրեր: Եթե այդ անցքի մեծությունը գերազանցում է մեկ մատ տրամաչափը, ապա շատ հնարավոր է, որ Դուք վնասել եք Ձեր կուսաթաղանթը:

Փակել

2. Հարգելի Նարինե Ներսիսյան, ինձ հետաքրքում է՝ արդյո՞ք սովորական ուլտրաձայնային հետազոտության միջոցով հնարավոր է ստուգել կույս լինել չլինելը… կանխավ շնորհակալություն:

Պատասխան

Ոչ, հնարավոր չէ կուսությունը ստուգել ուլտրաձայնային հետազոտության միջոցով, քանի որ կուսաթաղանթը այնքան բարակ ու թաղանթ է, որ գործիքը չի ֆիքսում այն:

Փակել

Նախաամուսնական սեքս

1. Բարև Ձեզ… ես Ձեր խորհրդի կարիքն ունեմ և այդ հարցի պատասխանը ինձ շատ է հուզում: Ես 22 տարեկան եմ և ունեմ ընկեր։ Ընկերություն եմ անում 5 տարի։ Մեր մոտ ամեն ինչ լուրջ է։ Որոշել ենք օրինականացնել մեր հարաբերությունները գալիք տարի։ Բայց էլ չենք կարողանում մեր զգացմունքները զսպել։ Ընկերս ասում է, որ մենք այսպես թե այնպես իրար հետ ենք լինելու, առաջարկում է, որ իրար հետ սիրով զբաղվենք։ Ասում է, որ եթե ես չհամաձայնվեմ ու փորձեմ մեջս պահել ու ինձ զսպել, կարող է առողջական խնդիրներ ունենամ… Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ անեմ, ո՞նց վարվեմ: Նախապես շնորհակալություն։

Պատասխան

Ի՞նչ է նշանակում, որոշել ենք օրինականացնել մեր հարաբերությունները։ Մի՞թե դրանք հիմա օրինական չեն։ Մի՞թե Ձեր սեփական օրենքներն ի զորու չեն կարգավորելու Ձեր հարաբերությունը։ Եթե դուք կարոտում եք իրար և առանց մեկմեկու կյանք չունեք, եթե դուք ֆիզիկական ուժեղ ձգողություն ունեք և մտերմացել ենք այնքան, որ ձեր արանքում ոչ մի տարածություն չեք հանդուրժում, ապա պետությու՞նը ձեզ պիտի թույլատրի սեռական կապ ունենալ։ Ինչու եք որոշել ենթարկվել ամուսնության և ընտանիքի վերաբերյալ պետության օրենքներին։ Չեք վստահում ինքներդ ձե՞զ, թե նրա՞ն։ Ձեր ընկերոջ ասածի մեջ ճշմարտության հատիկ կա: Իրոք, սեռական ցակության խեղդումը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ ձեր սեռական և նյարդահոգեկան առողջության վրա: Ձեր սեռական պահանջը միանշանակ կարիք ունի բավարարման: Բայց դուք վարանում եք, Ձեզ տանջում է այն միտքը, որ սեռական կիրքը տղամարդկանց մոտ մարելու միտում ունի։ Եվ Դուք ճիշտ եք՝ տղամարդու (ինչպես նաև կնոջ) սեռային բնությունն այնպես է կառուցված, որ միևնույն զուգընկերուհու/ոջ հետ սեռային երկարատև հարաբերություններից նրա օրգանիզմը սեռային առումով հագենում է և այլևս չի դրսևորում նախքին հետաքրքրությունը: Այսպիսի հեռանկարը կանխելու համար է, որ մարդիկ՝ կանայք ավելի հաճախ, ուզում են ապավինել պետությանը, որպեսզի օրինազանցության վախով ստիպեն զուգընկերոջը մնալ իրենց կողքին։ Բայց մի՞թե դուք ուզում եք վախի միջոցով պահել նրան Ձեր կողքին։ Մտածում եք իրավական ուժերի աջակցությա՞մբ պաշտպանված զգալ։ Ասեմ ձեզ, որ նման մտածողությամբ հարաբերություն չի կառուցվում, այսպիսի մտածողությամբ դուք վաղ թե ուշ կկորցնեք նրան։ Նա պարզապես կփախչի ձեզանից, երբ ամուսնանաք և ոչ միայն նա, ցանկացած տղամարդ կփախչի ձեզանից։ Ես հասկանում եմ Ձեր վախի հիմքերը, որը մեզ է հասել ժողովրդական ավանդույթով, որի մեջ իհարկե իմաստություն կա- եթե դուք սկսեք ապրել նախաամուսնական սեռական կյանք, ապա կկորցնեք մի շատ կաևոր բան՝ «տղամարդու» կողմից հարգանքը: Եվ իրոք «տղամարդը» դադարում է հարգել «կնոջը», երբ տիրում է նրան, քանի որ նա կորցրեց իր բարձրագույն արժանիքն իբրև կին՝ կուսությունը։ Իհարկե, միանգամից հեռանալ այդ տեսակ կնոջից նա չի ուզի, այլ միառժամանակ հետո, երբ լիուլի կհագեցնի իր սեռական կիրքը: Միգուցե նաև ամբողջ կյանքի ընթացքում կպահի կապն այդ կնոջ հետ, բայց երբեք այլևս չի հարգի նրան, երբեք չի ուզի «ամուսնական սուրբ անկողնում» տեսնել նման թեթևաբարո կին արարածի, որն այդպես հեշտությամբ կարող է կորցնել, անփութորեն վարվել իրեն պատկանող ամենաթանկ արժեքի հետ։ «Ինչ կանի նման կինն ամուսնությունից հետո»,-մտածում է տղամարդը, «դե իհարկե, նա միանշանակ կդավաճանի իրեն»։ Դուք կասեք, որ ես սխալվում եմ, Ձեր տղամարդն արժանապատիվ ասպետ է և երբեք չի լքի Ձեզ։ Նա ինքը, հավանաբար, վստահ է, որ սեռական կյանքը նախքան ամուսնությունը, չի խանգարի մնալ նույնքան հավատարիմ, ինչքան հիմա է։ Կներեք, ես չեմ հավատում այսպիսի տղամարդուն, քանի որ իսկական ասպետն իրեն թույլ չի տա սեռական հարաբերության առաջարկություն անել, նրա արժանապատվությունը պարզապես կըմբոստանա նման ցանկության դեմ՝ քանի որ ասպետական գլխում չի տղավորվում սեռական կրքի բավարարման համար կնոջն իբրև միջոց օգտագործելու միտքը։ Նա անպայման ուժ կգտնի իր մեջ հաղթահարելու իր սեռական պահանջը նախքան ամուսնությունը, այլ ոչ թե փաստարկներ կբերի այն արդարացնելու համար: Իհարկե այստեղ մեծ դեր է խաղում նաև Ձեր սեփական սեռական կիրքը, որով դուք անընդհատ հրահրում եք նրան։ Ձեզ դժվար է պատկերացնել հարաբերություն առանց սեռական կյանքի ու դուք ինքներդ ակտիվորեն՝ անկախ ձեր կամքից սեռայնացնում եք ձեր կապը՝ գայթակղելով Ձեր տղամարդուն: Ձեզանից է գալիս ձեր միջև բորբոքված սեռական կրակը, դուք եք տենչում սեռական միավորման: Տղամարդը տենչում է կնոջ կուսությանը, այլ ոչ նրա հետ սեռական հարաբերմանը: Խորհուրդն իմ կողմից ուղղված Ձեզ` մի փորձեք ստրկացնել ու խեղդել Ձեր տղամարդուն։ Եթե ուզում եք սեռական կապ ունենալ, ունեցե՛ք, դա միմիայն Ձեր որոշումն է, որի պատասխանատվությունը Դուք եք կրում։ Տղամարդը չի ստիպում Ձեզ այդ բանն անել։ Պետք չէ նրան մեղադրել հետո, որ Ձեր կուսությունն առավ ու չամուսնացավ։ Եթե այդքան ուժ չունեք, որ նման պատասխանատու որոշում կայացնեք, ուրեմն հանգիստ թողեք այդ տղամարդուն, իր տեղը դրեք սեռական կիրքը, որով խաղում եք։ Նամակս շատ երկար ստացվեց և բազում շատ լուրջ թեմաներ շարադրեցի ահավոր սեղմ և անթույլատրելի հակիրճ ձևով: Այստեղ ավելին չեմ կարող ասել, եթե կլինեն հարցեր, խնդրում եմ ժամադրություն վերցնել:

Փակել

2. Բարև Ձեզ Նարինե: Ես 27 տարեկան եմ: Ընկերուհուս (25 տարեկան) նկատմամբ կորցրել եմ հետաքրքրությունս, բայց նա ինձ սիրում է, և ես չեմ կարողանում նրան հրաժեշտ տալ, քանի որ նա ինքը պատրաստ չէ այդպիսի հարվածի: Պատճառներից մեկն էլ բացի սիրելը այն է, որ մենք ապրում ենք նորմալ սեքսուալ կյանքով: Եվ նա պնդում է, որ չի պատկերացնում իրեն ուրիշ տղամարդու հետ: Անգամ ասում է՝ եթե ես գնամ, նա ինքնասպան կլինի: Նա հիմա գտնվում է ծանր հոգեկան վիճակում, քանի որ վերջերս մեր անփութության հետևանքով նա հղիացել էր և ստիպված դիմեց հղիության ընդհատմանը՝ դեղահաբի միջոցով: Նա ցանկանում է ամուսնանալ, բայց ես կարծում եմ, որ ամուսնությունը առանց սիրելու անտարբերության հողի վրա երևի թե կրկնակի սխալ կլինի իմ կողմից: Ակնկալում եմ Ձեր օգնությունը այս իրավիճակում: Նախապես Շնորհակալություն:

Պատասխան

Սեռական հետաքրքրության և ձեր ասած սիրո կորուստը օրինաչափ երևույթ է հոգեկանի աշխարհում: Այսպես ասած բնականոն առաջացած կիրքը կամ ինքնաբուխ սիրո զգացումը դատապարտված են անհետացման: Դա օրինաչափ երևույթ է անկախ զուգընկերուհուց: Սեռական կյանքի առկայությունը խոսում է աղջկա մեծ վստահության մասին ձեր նկատմամբ, քանի որ հաղթահարելով հասարակական մեծ ճնշումը նա ընտրել է իր զգացմունքներին հետևելը և սիրո մեջ անձնազոհաբար անմնացորդ տրվելը: Իսկ դուք ընդամենը բավարարել եք Ձեր սեռական հետաքրքրությունը, որն այժմ լրիվ հագեցել է։ Հնարավոր է Ձեր պատկերացումներում գերիշխում է հասարարական մտածողությունը և աղջկա վարքը ըստ այդ պատկերացումների մեկնաբանելը և քննադատելը: Ըստ այդ պատկերացման նա մի աղջիկ է, ով թուլություն է դրսևորել և տրվել տղամարդուն, դա նշանակում է նա կարող է էլի նման ձևով իրեն դրսևորել և հանձնվել մեկ այլ տղամարդու, ուրեմն ինչպես կարելի է վստահել և ամուսնանալ նման՝ սեռականի հանդեպ թուլություն ունեցող աղջկա հետ: Սա բավականաչափ լուրջ տեղիք է հիասթափության առաջացման համար, քանի որ կա պատկերացում, որ ՛՛նամուսով աղջիկը՛՛ պետք է երկաթյա նյարդեր ունենա և կարողանա զսպել իր սեռական կիրքը: Այս հիասթափությունը խորացրել և արագացրել է սեռական կրքի օրինաչափ մարման գործընթացը, ի վերջո բերելով անտարբերության առաջացման: Սա մի պատմություն է, որտեղ Ձեր կողմից չեմ տեսնում իսկական սիրո որևէ դրսևորում, ի սպառ բացակայում է պատասխանատվության և ազնվության զգացումը և կարծում եմ լուրջ մտածելու տեղիք պիտի տա, ինչ եմ ակնկալում իգական սեռից՝ սեռական կրքի բավարարում, թե ընտանիք կազմելու լուրջ մտադրություն: Խնդրահարույց է նաև աղջկա վիճակը, նա հավանաբար մինչև վերջ, ամբողջ խորությամբ չի գիտակցել՝ ինչ է անում, երբ որոշել է տրվել ձեզ։ Ու հիմա հայտնվել է հենց իր որոշման հետևանքների առաջ, որոնք մարսելու համար սեփական ուժերը չեն հերիքում։

Փակել

© 2017 | ՆարինԷ Ներսիսյան | Բոլոր իրավունքները պաշտպանված են |

Besucherzahler
счетчик посещений