ՆԱՐԻՆԷ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Երկու հատվող բուրգերից ծնվում է Նորը

Tag: ներդաշնակություն

Հոգևոր կապ

Հաճախ սեռական անհամատեղելիությունը հետևանք է զուգընկերների միջև հոգևոր կապի բացակայության։ Իսկ ի՞նչ ասել է՝ հոգևոր։ Այս բառն ամեն մարդ մի ձևով կարող է հասկանալ և հատկապես, դրա տակ շատ հաճախ հասկացվում է անձնավորության կրոնական դավանանքը և աստվածայինի մասին նրա պատկերացումները։ Սակայն հոգևորը կրոնական հավատալիքներից ու պատկերացումներից վեր, ավելի խորքային ու սերտ կապ է, երբ մարդու հանդեպ ունես մերձավորության զգացում, ընկալում ես նրան իբրև քո հարազատը՝ անկախ նրա պատկերացումներից ու հավատալիքներից, այդ թվում՝ կրոնական։ Հոգևոր կապն ավելին է, քան` միջանձնային կապը, ինչքան էլ վերջինս ամուր թվա։ Հոգևոր կապով իրար միացած երկու մարդ գտնվում են այնպիսի տարածաչափական համակարգում, որը չի ենթարկվում անձի հոգեբանության օրինաչափություններին, չի թաթախվում միջանձնային շահերի և առևտրի ջրերում։ Հոգևոր կապի մեջ գտնվող ամուսնական զույգերին բնորոշ են հետևյալ հատկանիշները`

  • Անկեղծությունը
  • Կարեկից ականջով լսելու կարողությունը
  • Փոխադարձ հարգանքը
  • Միմյանց գնահատանքը
  • Համարձակությունը լինելու ինչպիսին որ կաս, հանդես գալու իրական դեմքով, այլ ոչ դիմակով
  • Իմաստալից զրույցներն ու երկխոսությունները
  • Բաց շփումը, առանց պաշտպանության
  • Էրոտիզմով լեցուն մտերմիկ սեքսուալ կյանքը
  • Երկու կողմերի ինքնուրույնությունը
  • Անպայմանական սերը

Հոգևոր կապ ստեղծել չի նշանակում զուգընկերոջդ դարձնել այնպիսին ինչպիսին դու ես, ստիպել, որ նա հավատա ինչին դու ես հավատում, սիրի այն, ինչ դու ես սիրում, այլ կերպ ասած՝ տարբերությունների վերացում։ Այսպես անելով՝ զույգերն ավելի են հեռանում իրարից, քանի որ դադարում են միմյանց ձգել կամ տեղի է ունենում նույնականացում, որը նշանակում է զուգընկերներից մեկի անհատականության լրիվ վերացում՝ մյուսի ինքնության կրկնօրինակումով, մինչդեռ հոգևոր կապով իրար միացած զույգերը ձգտում են մեկը մյուսի անհատականության կայացմանը։

Պետք է ասել, որ առողջ հարաբերություններին բնորոշ են մտերմության աստիճանի տատանումները, երբ ինչ-որ շրջան զույգն ապրում է մերձեցման ավելի խորը աստիճան, ավելի ուժեղ սեքսուալ ձգողություն, ժամանակը համատեղ անցկացնելու ավելի արտահայտված պահանջ, որին հաջորդում է մեկուսացման և իրարից հեռու գտնվելու շրջանը՝ սեռական առտնին կյանքով։ Այս տատանումը շատ բնական է, քանի որ մարդիկ դինամիկ, այսինքն՝ կայացող էակներ են և գտնվում են աճման անընդհատ ընթացքի մեջ։ Ուրեմն հարաբերությունը ևս՝ գնալով զարգանում ու ձևափոխվում է, դառնալով է՛լ ավելի իմաստալից ու է՛լ ավելի խորքային։ Եթե հարաբերությունը չի զարգանում, նշանակում է այն լճացման մեջ է և վաղ թե ուշ՝ կքանդվի։

Հարաբերությունը սովորաբար չի զարգանում այն դեպքերում, երբ մարդիկ կառչած են լինում իրենց անցյալից ու հարկադրաբար ստիպում են, որ ներկայիս փոխհարաբերությունը առավելագույնս համապատասխանի իրենց անցյալի փորձառությանը, իսկ դա նշանակում է զարգացմանն ու աճին դեմ լինել, այլ կերպ ասած՝ կյանքի բնական հոսքին դիմակայել ու արհեստական խոչընդոտներ ստեղծել։ Սա երբեք չի կարող երկար տևել և վաղ թե ուշ «ճաք է տալիս ու արանք բացում, որը գնալով մեծանում է և հեռացնում սիրեցյալներին»:

Հոգևոր կապ հաստատել մարդու հետ չի նշանակում նաև նրան ավելի հոգևոր «դարձնել»։ Միշտ պետք է ուշադիր լինել, որպեսզի չհայտնվել հոգևոր կապ փնտրող զույգերի ճանապարհին հայտնվող կրոնական ծուղակներում: Հոգևոր կապ հաստատել մարդու հետ նշանակում է դառնալ ավելի բաց ու խոցելի, ավելի մասնակից նրա կյանքին, ավելի ուշադիր և ավելի հանդուրժող։ Հոգևոր կապը երկու մարդու հոգիների միաձուլում է, որտեղ երկու հաճախականության ալիքներ տատանվում են միևնույն հաճախությամբ և բերում ներդաշնակ ու պտղաբեր միության։

Ամուսնանալ ի հեճուկս

Այդ տղային ես չէի հավանում, բայց ամուսնացա, քանի որ ծնողներս ասացին, որ շատ լավ տղա է, ես էլ լսեցի նրանց ու ամուսնացա: Մինչդեռ սիրում էի ուրիշ տղայի, ով ֆինանսապես կայուն և ինքնուրույն չէր, դրա համար մերոնք չէին ուզում այդ տղայ հետ ամուսնանամ: Ծնողներս նրա առաջ պայման դրեցին, որ մեկ տարում ի վիճակի լինի ապահով ապագայի կայուն հիմքեր ստեղծել, մեկ տարին անցավ ու նա չհասցրեց, ես էլ վիրավորված նրանից ամուսնացա այս մեկի հետ:

Ամուսնությունը շատ լուրջ պարտավորություն է, ամուսնական դաշինքի խորհուրդը շատ վեհ ու խորն է, ամուսնանալ ինչ-որ մեկին ինադու, դա անլրջության գագթնակետն է, նույն անլրջությամբ կարելի է քանդել այդ ամուսնությունը, կանայք ովքեր չեն գիտակցում ամուսնության խորհուրդը, խաղի են վերածում իրենց և ուրիշների կյանքը: Ինչ-որ մեկին ինադու ամուսնանալը վրեժխնդրություն է:

Ամուսնանալու որոշումը կայացվել է վրեժխնդրության զգացումից ելնելով, շատ կարևոր է, թե ինչի վրա է կինը հիմնվում ամուսնանալու որոշում կայացնելիս: Բոլոր այն դեպքերում, երբ կյանքի՝ այդ ամենապատասխանատու որոշումը կայացվում է զգայական ապրումներից և հույզերից կազմված անհուսալի հիմքի վրա, ամուսնական կյանքը վտանգված է, ինչպես վտանգված է այն տան ամրությունը, որի հիմքը գցված է ավազին: Մեր զգայական ապրումները և հույզերը նման են բնության ժամանակավոր երևույթներին, տարերային ուժերի դրսևորումներին: Դրանք իրենց բնույթով զգայացունց են, կարող են մինչև հոգու խորքը ցնցել մարդուն, օրինակ՝ մեծ ալիքները օվկիանոսում, հրդեհված անտառը, ջրհեղեղի պատճառած ավիրածությունները, բայց դրանք մնայուն չեն, այդ երևույթների կյանքի տևողությունը շատ կարճ է: Դրանք գալիս են, բերում են իրենց հետևանքները և հեռանում, անհետանում են մեր կյանքից:

Այո, բայց նա տղամարդու պես իրեն չդրսևորեց և ես գտա, որ արժանի չէ ինձ, ամուսնուս հանդեպ հարգանք էի զգում, համենայն դեպս սկզբում նա շատ ուշադիր էր իմ նկատմամբ: Բայց այդ ուշադրությունից իմ մեջ սեռային հույզեր և ձգտումներ նրա հանդեպ չէին առաջնում:

Կարդալ ավելին

Իսկ քանի՞ տարեկան եք և ե՞րբ է եղել ձեր առաջին դաշտանը:

28 տարեկան եմ, առաջին դաշտանը եղել է 14-ում, սկզբում խախտումներով, հետո կարգավորվեց:

Կանանց սեքսուալությունը միանգամից չի արթնանում, ժամանակ է հարկավոր, որպեսզի կանոնավոր սեռական կյանքը արթնացնի նրա սեքսուալությունը, 14 տարեկանում առաջին դաշտանի դեպքում 26-30-ը այն տարիքն է, որում հենց առաջին անգամ դուք ի վիճակի եք սեռային զգացողություններ ապրել, եթե ձեր ամուսինը ձեր կյանքի այդ ժամանակահատվածում կարողանա պահպանել տղամարդու իդեալ լինելու իր պատկերը:

Ամուսինս շատ ուշ ուշ է մոտենում ինձ, նա անընդհատ աշխատում է և հոգնած է տուն գալիս, մեր հարաբերությունները սառն են, ես նրան տղամարդու իմ իդեալը չեմ համարում, նա շատ հեռու է դրանից: 3 ամիս առաջ, գործի բերումով հանդիպեցի մի տղամարդու և չգիտեմ ինչպես, մեր միջև առաջացավ ինչ-որ կապ, որը գնալով խորացավ ու հասավ անկողին: Ես քնեցի այդ տղամարդու հետ և ինձ շատ լավ զգացի նրա հետ: Հիմա միայն նրա մասին եմ մտածում և այդ մտածումից անգամ ուժեղ գրգռված եմ զգում, մի բան, որ ամուսնուս նկատմամբ չեմ զգացել:

Շատ օրինաչափ երևույթ է, որ Ձեր կյանքում հայտնվել է ուրիշ տղամարդ ձեր կյանքի հենց այն պահին, երբ ձեր սեքսուալությունը ամենամոտն է եղել իր արթնացմանը, դրանից օգտվել է ուրիշ տղամարդ, այստեղ ձեր տղամարդու մեղքի բաժինը շատ մեծ է, քանի որ նա իր տեղում և դերում չի եղել, իսկ ինչ վերաբերում է կնոջ հավատարմությանը, ապա դա մի բան է, որը ունենալու համար նրա կողքին պետք է լինի ուժեղ տղամարդ, կինը իր բնությամբ պոլիգամ է, սխալ է այն տարածված կարծիքը, որ պոլիգամ են տղամարդիկ: Կողքի տղամարդն է ստեղծում կնոջ արժանապատվությունը, իր սեփականը ստեղծելու համար կնոջից սխրագործություն է պահանջվում, որը հազվադեպ հանդիպող երևույթ է կանանց շրջանում, այն կանայք ովքեր իրենց հավատարիմ են համարում, իրականում խոնարհության շղթաներով կապված ստրկուհիներ են կամ իրենց կողքին ունեն գերսեքսուալ տղամարդիկ, ովքեր շատ ինտենսիվ սեռական կյանք են ապահովում:

Բայց ես հիմա ինչ անեմ, որ այդ տղամարդը առաջվա պես ուշադիր լինի, միշտ զանգի ինչպես առաջ էր, նա անտարբեր է դարձել, ես շատ վատ եմ զգում:

Ինչքան էլ հաճելի լինի տղամարդու սերը և կիրքը, այն անցողիկ է, սեռական կիրքը, սիրահարվածությունը օրինաչափորեն մարում են, դրանք ժամանակավոր երևույթներ են: Ամուսնական կյանքի միապաղաղ ֆոնի վրա այսպիսի զգայացունց փոթորիկը կնոջը կարող է լրիվ «ապուշացնել», կտրել իրականության զգացումից և պարուրել պատրանքի գիրկը: Նրան կարող է թվալ, որ իր կյանքի ողջ գորշության պատճառը ամուսինն է, որ ինքը դժբախտ է ամուսնու պատճառով, ապրում է բանտում, տխուր միապաղաղ կյանքով, մինչդեռ կյանքում կան այնպիսի ապրումներ, որոնցից ինքը անարդարացիորեն զրկված է իր ամուսնական կարգավիճակի պատճառով:

ՄԻնչդեռ բոլոր այս մտքերը զգայական պատրանքի ազդեցությամբ հորինված մտքեր են, հեռու իրականությունից:

Այո, այդ տղամարդու հանդեպ իմ ունեցած զգացումը այնքան ուժեղ է, որ մտածում եմ, թե պատրաստ եմ լքել ամուսնուս հանուն նրա:

Մարդիկ դժվար են ընդունում ավարտի գաղափարը, երբ ինչ-որ բան վերջանոմ է մեր կյանքում, մենք չենք ուզում հավատալ, որ դա իրականություն է: Մենք փորձում ենք կախվել փրփուրներից, բայց իրականությունն անկասելի է և չի նայում մեր ցանկությանը: Երբ կրքի ուժեղ վերապրումը վերջացել է ու գալիս է տառապանքի ու ցավի զգացումը, միայն մեկ բան է մեզ անհրաժեշտ-վերականգնել այն, ինչ ունեինք, մենք համաձայն ենք նույնիսկ ինքնախաբեության գնով ձեռք բերված հանգստությանը, միայն թե դա չլինի վերջը:

Երբեմն մտածում եմ վնասել այդ տղամարդուն, այդ աստիճան չարություն է գալիս վրաս.

Այդ տղամարդու հետ այս կնոջ զգացածը իրական է, ուժեղ-բուռն կիրք, սեր, քնքշանք, ջերմություն, ապահովություն, պաշտպանվածություն, այն ամենը ինչի կարիքն ունի կինը, սակայն բոլոր այս զգացումները անարժեք են, որովհետև դրանք բնականոն-ինքնահոսով առաջ եկած զգացումներ են, ջուրը բերում է, ջուրն էլ տանում է: Արժեք են ներկայացնում մնայուն զգացումները, իսկ դրանք այն զգացումներն են, որնքն ստեղծում է զույգը, ինքնուրույն մասնակցությամբ և փոխհարաբերությամբ: Չկա մարդու ներկայությունը և մասնակցությունը, չի կարող լինել հավերժություն, հոգևոր-մշակութային գանձանակում պահպանվում են մարդու կողմից ստեղծած արժեքները և մոռացվում պահի տակ առաջ եկած և տպավորության վրա հիմնված աշխատանքները:

Ինչպես և ամուսնանալիս, այս կնոջ որոշումը եղել է առանց իր գիտակցության՝ վրեժխնդրության ալիքով հրահրված, այնպես էլ այժմ, այս նույն կինը հայտնվել է հիմա էլ կրքի ալիքի մեջ, վաղը նա կհայտնվի մյուս ալիքների հորձանուտում, մինչև որ այդ ալիքները մի օր կբախվեն սուր քարերին՝ առանց նկատելու անգամ, որ այդ հարվածից ինչ-որ կարևոր բան կանհետանա այս աշխարհից:

Տղամարդու որոշումը այլևս չզանգել ու հանգիստ թողնել այդ կնոջը՝ խղճի խայթի դրսևորում կարող է դիտվել, սակայն դա միայն ինքնաարդարացման տխուր փորձ է: Այն միտքը, որ հեռու լինեմ ամուսնացած կնոջից, որպեսզի չքանդեմ նրա ընտանիքը, վախկոտության և փոքրոգության գերագույն դրսևորում է: Տղամարդիկ, ովքեր լքում են կնոջը՝ նրա մեջ կիրք բորբոքելուց հետո, նման են հրդեհված տան մեջ այրվող կնոջը լքող տղամարդկանց: Այդպես վարվում են միայն մանրապճեղ հետաքրքրություններ և նեղ անձնական շահեր հետապնդող տղամարդիկ, ովքեր ստանալով իրենց նեղ անձնական բավարարումը, այլևս չեն հետաքրքրվում իրենց արածի հետևանքներով և թե ինչ կլինի իրենիցից հետո այդ մարդկանց իրավիճակը:

Պատասխանատու և ազնիվ տղամարդը կհանի կնոջը իր իսկ սարքած հրդեհից և այնուհետև ցույց կտա ճանապարհը, որով կինը կարող է դուրս գալ այդտեղից իր ինքնուրույն ուժերով , սա կլինի ազնիվ մարդու մեծահոգի պահվածք: Իսկ կինը կարող է նորից հայտնվել այս իրավիճակում, քանի որ հրդեհի մեղավորներից մեկն էլ ինքն է, չիմացությունը ինչպես վարվել լուցկիների հետ:

Այս տղամարդու տմարդ լինելը ինձ հույս է ներշնչում, որ կկարողանամ սիրել ամուսնուս.

Եթե հասկանաք ինչ է նշանակում ամուսնություն, իրոք կսիրեք ձեր ամուսնուն, նա ամենամտերիմ անձնավորությունն է այսօր ձեր կյանքում, ում հետ կարող եք զգալ բոլոր այդ սեռային զգայական վիճակները, նա ձեր տղամարդն է, ձեր երեխաների հայրը, այն որ դուք ամուսնացած եք եղել, ամուսնություն չի կարելի համարել, քանի որ անինքնագիտակից, հոսանքի ազդեցության տակ կայացրած որոշում է եղել, հիմա ունենալով սեռական կյանքի մասին ճանաչողություն և սեռական մնայուն զգացողությունների մասին պատկերացում, կարող եք գիտակից ամուսնության դաշինք կնքել ձեր մեջ և ձեր երդմանը հավատարիմ մնալ, որը նշանակում է սխրագործություն՝ հաղթանակելու միայն մեկ տղամարդուն հավատարիմ լինելու փորձությունները: Սա անընդհատ ներիքն աշխատանք պահանջող հոգեվիճակ է, որի պտուղները ամուսնական կյանքի բերկրանք ու ամուսնական երջանկությունն է:

Փակել

© 2017 | ՆարինԷ Ներսիսյան | Բոլոր իրավունքները պաշտպանված են |

Besucherzahler
счетчик посещений