Ուշացած սերմնաժայթքում կամ տղամարդու հեշտանքի խանգարում

Տղամարդու հեշտանքի խանգարում (302.74) Նախկինում այն կոչում էին ուշացած սերմնաժայթքում (ejaculatio tarda):

Ինչպես հայտնի է, տղամարդու սեռական ցիկլի հեշտանքի փուլը բաղկացած է երկու մասից՝ էմիսիա և էյակուլյացիա: Էմիսիայի ժամանակ տղամարդու ներքին վերարտադրողական օրգանների՝ սերմնատար ծորանների և սերմնաբշտերի կծկման շնորհիվ սերմը կուտակվում է հետին միզուկում: Էյակուլյացիայի ժամանակ ռիթմիկորեն կծկվում են առնանդամի հիմքի կմախքային մկանները՝ mm bulbo- et ischio-cavernosi, շագանակագեղձը և միզուկի m. constrictor urethrae-ն, որի շնորհիվ էլ հետին միզուկում կուտակված սերմը խառնվելով շագանակագեղձի հյութին բարձր ճնշման տակ դուրս է հրվում միզուկի արտաքին բացվածքից:

Կանանց մոտ հեշտանքի փուլը բաղկացած է միայն մեկ մասից՝ կմախքային մկանների ռիթմիկ կծկումից, որը ըստ էության ընթանում է նույն մեխանիզմով, ինչ և էյակուլյացիան:

Այսպիսով տղամարդու հեշտանքի փուլում տարբերվում են երկու սեռական դրսևորումներ՝ սերմնաժայթքում և բուն հեշտանք: Կախված թե այս երկուսից ինչի վրա է շեշտադրում կատարվում՝ սեռական խանգարումը ստանում է համապատասխան անվանում: Եթե զույգը անհանգստացած է անպտղության խնդրով, սերմնաժայթքման բացակայությունը հայտնվում է ուշադրության առաջին պլանում, ախտորոշվում է ուշացած սերմնաժայթքում:

Կարդալ ավելին

Սակայն գործնական աշխատանքում ուշացած սերմնաժայթքումը անհանգստություն է պատճառում ավելի շուտ հեշտանքի բացակայության կամ բթության պատճառով և բուժումը ուղղված է կոիտալ լիարժեք հեշտանք ունենալու անկարողության հաղթահարմանը: Այս դեպքում ավելի ստույգ է սեռական խանգարումը անվանել հեշտանքի խանգարում: Չնայած սրան, ուշացած սերմնաժայթքում տերիմինը (ejaculatio tarda) գերադասելի է, որովհետև ավելի ակնառու է բնութագրում վիճակը:

Երբեմն անհանգստություն է պատճառում այն հանգամանքը որ սեռական հարաբերության ժամանակ ստացվող հաճույքը որակապես տարբերվում է՝ ավելի թույլ և բթացած է ձեռնաշարժության ժամանակ հաճույքի զգացումից:

Ուշացած սերմնաժայթքումով որոշ տղամարդիկ հպարտանում են իրենց ուշ սերմնաժայթքման փաստով, քանի որ դա հնարավորություն է տալիս բազմակի անգամ բավարարելու զուգընկերոջը: Այնուհանդերձ սերմնաժայթքման ուշացումը կամ անկարողությունը ոչ միայն տհաճորեն հոգնեցնում է տղամարդուն, այլ նաև կարող է լուրջ միջանձնային խնդիրներ առաջացնել, քանի որ կնոջ մոտ մերժվածության զգացում է հայտնվում՝ կապված սերմնաժայթքման բացակայության հետ:

Հետաքրքիր է նշել, որ մեր հասարակությունում տիրում է տղամարդու ուժեղ սեռականության մասին պատկերացում, համաձայն որի ուժեղ տղամարդը պետք է ունենա բարձր սեռական ցանկություն, հաճախակի և պինդ էրեկցիաներ, ունակ լինի երկարատև սեռական հարաբերության: Սովորաբար սերմնաժայթքման կառավարման բացակայության դեպքում, ուժեղ սեռական կոնստիտուցիայով տղամարդիկ ավելի շուտ են սերմնաժայթքում, քան թույլ սեռական կոնստիտուցիա ունեցողները: Սա հետաքրքիր գիտական փաստ է, քանի որ եթե վերոնշյալ երեք կետերից առաջին երկուսը իսկապես ուժեղ սեռականության մասին են վկայում, ապա տղամարդու սերմնաժայթքման ուշացումը ընդհակառակը՝ թույլ սեռական կոնստիտուցիայի նշան է: Այս տղամարդիկ, որոնք չունեն էրեկցիայի խանգարում, այս տեսանկյունից կարող են իրոք համարվել սեռապես ուժեղ և սերմնաժայթքման հապաղումով մրցել սերմնաժայթքման կառավարման մեծ փորձով տղամարդկանց հետ: Մինչդեռ, ուժեղ սեռականության նշանը հենց այս վերջին, սերմնաժայթքման կառավարման ունակության փաստն է, որը ուժեղ սեռական կոնստիտուցիայի բնորոշիչ հատկանիշն է:

Մյուս կողմից թյուր պատկերացում կա, որ տղամարդը պետք է կարողանա այնքան հետաձգել իր սերմնաժայթքումը, քանի դեռ կինը չի հասել հեշտանքի: Սակայն շատ կանայք, իրենց հոգեսեռական զարգացման ընթացքում ստանում են հակասեքսուալ դիրքորոշումներ, որը դանդաղեցնում կամ լրիվ անհնարին է դարձնում հեշտանքին հասնելը: Այսպիսի դեպքերում միանգամայն անհեթեթ է տղամարդուց պահանջել իր սերմնաժայթքման անվերջ ձգձգում, որը կարող է միայն ախտաբանական առեակտիվության դեպքում գործել:

ԲՆՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԱԽՏՈՐՈՇԻՉ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

DSM-IV-ում տղամարդու հեշտանքի խանգարումը բնութագրվում է հետևյալ չափանիշներով «Պարբերաբար կրկնվող և կայուն ուշացող կամ բացակայող հեշտանք, որին նախորդում է բավարար գրգռանքի փուլը»:

Ուշացած կամ բացակայող հեշտանքն ախտորոշելու համար հիմք չի ծառայում հեշտանքին հասնելու երկարատևությունը: Սեռական ցիկլի բոլոր փուլերի տևողությունը տարբերվում է տարբեր անհատների մոտ և տարբեր իրավիճակների պարագայում: Շատերը նույնիսկ կարող են ինքնուրույն տատանել ցանկացած փուլի տևողությունը իրենց և իրենց զուգընկերոջ լիարժեք բավարարման համար: Ուշացած սերմնաժայթքման մասին խոսք է գնում այն ժամանակ, երբ տղամարդը ուզում է պլատոյի փուլից անցնել սերմնաժայթքման փուլին, բայց չի կարողանում:

Սերմնաժայթքման հասնելու աճող ցանկությունը բարձրացնում է լարվածության մակարդակը և էլ ավելի դժվարեցնում այդ գործընթացը, իջեցնում հաճույքի զգացումը: Անգամ եթե սերմնաժայթքումը տեղի է ունենում, այն լի է անբավարարության զգացումով: Սովորաբար այս խանգարումով տղամարդիկ ձեռնաշարժության ժամանակ նմանատիպ խնդիր չեն ունենում:
Տարբերում են փսիխոգեն և օրգանոգեն ուշացած սերմնաժայթքումներ, կախված առաջացման էթիոպաթոգենեզից: Տարբերում են նաև առաջնային և երկրորդային ձևերը հաշվի առնելով ուշացած սերմնաժայթքման առաջացման պատմությունը:

ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ Իրականացվում է տարբերակիչ ախտորոշում օրգանական և փսիխոգեն ուշացած սերմնաժայթքումների միջև, որը դեպքերի մեծամասնությունում բավականին հեշտ խնդիր է: Ուշացած սերմնաժայթքումով 50-ից ցածր տարիքի տղամարդիկ առանց դժվարության կարող են հասնել հեշտանքի ձեռնաշարժության ժամանակ: Այս դեպքերում ախտածագման օրգանական պատճառները կարելի է հերքել: Ավելի տարեց մարդկանց մոտ սերմնաժայթքման ուշացումը, որ տեղի է ունենում ցանկացած իրավիճակում, օրգանական պատճառների մասին մտածելու տեղիք է տալիս:

Սերմնաժայթքումը կարող է արգելակվել ցանկացած ֆիզիոլոգիական սթրեսորներից, որոնք ազդում են սեռական ֆունկցիայի վրա, այն է՝ տեստոստերոնային անբավարարությունը, դեպրեսիան, որոշ դեղեր, որոնք ներգործում են նյարդային համակարգի վրա, ալկոհոլը, սեդատիվները, նարկոտիկները:

Տարիքը, որ սովորաբար երկարեցնում է հեշտանքի ռեֆրակտեր շրջանը, ալֆա-ադրենոբլոկատորները և թիորիդազինը այն օրգանական պատճառներն են, որոնք ընտրողաբար ազդում են սեռական ցիկլի հեշտանքի փուլի վրա, առանց այլ սեռական խանգարումների առաջացման:

Առաջնային ուշացած սերմնաժայթքումը սովորաբար հոգեծին է, երկրորդայինը ունի օրգանական ախտածագման նշանակալի վտանգ: Եթե տղամարդը հեշտանքի հետ կապված խնդիրներ նախկինում չի ունեցել և այժմ գանգատվում է ուշացած սերմնաժայթքումներից, չհաշված եթե տեղ ունի տարիքային գործոնը, այցելուին պետք է մանրակրկիտ բժշկական քննություն և նյարդաբանական հետազոտություն անցկացնել, որովհետև կասկած կա լուրջ նյարդային հիվանդության:

Նյարդային հիվանդություններից, որ ուղեկցվում են հեշտանքի խանգարումով կարելի է նշել ողնուղեղի և կոնքի նյարդերի տրավմատիկ կամ վիրահատական վնասումները, հիվանդությունները: Շաքարային դիաբետը, որ ախտահարում է պերիֆերիկ նյարդերը ևս կարող է առաջացնել սերմնաժայթքման դժվարություններ: Ինչևիցե, նման դեպքերում այցելուն ունի անամնեզ՝ կոնքի կամ որովայնի շրջանում տարած վիրահատության, ողնուղեղի տրավմայի մասին: Մյուս կողմից այցելուի մոտ մեծ հավանականությամբ կարող են հայտնաբերվել այլ նևրոլոգիական նշաններ և ախտանշաներ: Հնարավոր է, որ դիտվեն ստորին վերջույթների շարժական կամ զգացողական ֆունկցիայի խանգարումներ: Եվ քանի որ հեշտանքի ռեֆլեքսն ապահովող ողնուղեային կենտրոնները մոտիկ են գտնվում միզելու և աղիների դատարկման համար պատասխանատու կենտրոններին, այս վերջիններիս խանգարումները հաճախ ուղեկցում են սերմնաժայթքման խանգաման հետ:

Երբեմն այցելուն նշում է, որ հեշտանքի նորմալ գգացողությունը պահպանված է, բայց գանգատվում է սերնահեղուկի արտաբերման բացակայությունից: Նման դեպեքերում ախտորոշիչ տարբերակումը անց է կացվում անէյակուլյատոր հեշտանքի և ռետրոգրադ էյակուլյացիայի միջև: Տարբերակումը այնքան էլ բժվար չէ, որովհետև այս երկու վիճակները ունեն տարբեր ախտածագում: Ռետրոգրադ էյակուլյացիայի ամենից հաճախ հանդիպող պատճառը տրանսուրետրալ պրոստատէկտոմիան է: Անէյակուլյատոր հեշտանքի պատճառը կարող է լինել զուտ հոգեբանական, սերմի արտադրման խանգարուման կամ սերմնատար ծորանների խցանման պատճառներով: Վազեկտոմիան անէյակուլյատոր հեշտանքի ամենահաճախ հանդիպող պատճառն է:

Անէյակուլյատոր հեշտանքի և ռետրոգրադ էյակուլյացիայի միջև ախտորոշիչ տարբերակումը անց է կացվում հետհեշտանքային մեզի նստվածքի մանրադիտակային քննությամբ: Ռետրոգրադ էյակուլյացիայի հետևանքով միզապարկում կհայտնվեն սպերմատոզոիդներ, որոնք կհայտնաբերվեն մանրադիտակային քննության ժամանակ: Անէյակուլյատոր հեշտանքի պարագայում սպերմատոզոիդներ չեն հայտնաբերվի:

ՊԱՏՃԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

Ուշացած սերմնաժայթքման պատճառագիտությունը մնում է վիճելի: Հաճախ այս դեպքում տեղ են գտնում ներքին հոգեբանական կոնֆլիկտներ սեռական հարաբերության և սերմնաժայթքման վերաբերյալ, որոնք տղամարդը համարում է անընդունելի: Սովորաբար այս խնդիրը ունի երկար պատմություն և զարգանում է հոգետրավմատիկ միջադեպից (օրինակ զուգընկերուհու դավաճանություն), կնոջ նկատմամբ արտամղված կամ ճնշված բարկության բացահայտումից հետո, նախկինում տեղ գտած նորմալ սեռական կյանքից հետո:

Հիմնականում, անմիջական հոգեբանական մեխանիզմը, որն արգելակում է սերմնաժայթքման թողարկումը նույնն է, ինչ որ կանանց հեշտանքի խանգարման ժամանակ է, այն է՝ օբսեսիվ ինքնադիտարկումը: Այցելուին հետապնդում են կպչուն մտքեր սեռական հարաբերության տևողության, սերմնաժայթքմանը հասնելու պահի, զուգընկերուհու կարծիքի մասին: Սովորաբար այս տիպի մտքերը բացակայում են, երբ նա ձեռնաշարժության է դիմում՝ ընկղմվելով իր սեռական երևակայությւոնների մեջ: Արդյունքում նա հեշտորեն հասնում է սերմնաժայթքման և ունենում է հեշտանքի բուռն զգացում:

Ավելի խորը հոգեբանական պատճառները ներառում են նևրոտիկ կոնֆլիկտներ սեռական կյանքի շուրջ, միջանձնային հարաբերությունների դժվարություններ: Այս խմբի տղամարդկանց բնորոշ է կանանց նկատմամբ թշնամանքի և երկիմաստ վերաբերմունքի դրսևորում, որի արմատները ձգվում են խորը մանկության տարիներ՝ մոր հետ չլուծված հոգեբանական խնդիրների հետևանքով: Նման զարգացում կարող է ապահովել վախը մտերմությունից, հավատ ընծայելուց և հաճույքից: Այցելուի զգացմունքների վերլուծությունը կանանց նկատմամբ և հարաբերությունների մանրակրկիտ վերլուծությունը մոր և ներկա զուգընկերոջ հետ թույլ են տալիս հայտնաբերելու նևրոտիկ պրոցեսներ, որոնք լուրջ բուժական մոտեցում են պահանջում: Ուշացած սերմնաժայթքումով այցելուները հաճախ բարկությամբ են լցված իրենց կանանց և սիրեցյալների նկատմամբ, որոնց հետ հաստատում են սադոմազոխիստական հարաբերություններ: Նրանք «հետ են պահում» իրենց սերմնաժայթքումը բարկության հետ միասին: Այցելուների այս խումբը աչքի է ընկնում անձնային այնպիսի գծերով, ինչպիսիք են ռիգիդությունը, գերինքնակառավարումը, բարկությունը զսպելու դժվարությունը:

Օրգանական ծագման ուշացած սերմնաժայթքումը երբեմն հետևանք է ինտրաուրետրալ ոչ ժիշտ կատարված ինստիլյացիաների և մետաղական բուժավորման, որի հետևանքով առաջանում է սերմնային թմբիկի ասեպտիկ բորբոքում և գերէպիթելիզացիա: Սա իր հերթին բարձրացնում է գրգռողականության շեմը և բերում ուշացած սերմնաժայթքման:

Օրգանական պատճառների մեջ դեր են խաղում նաև շագանակագեղձի խրոնիկական բորբոքային հիվանդությունները, որոնք բերել են գեղձի սկլերոտիկ ձևախախտման:

ԲՈՒԺՈՒՄԸ

Ուշացած սերմնաժայթքման բուժումը սովորաբար դժվար խնդիր է և հաճախ բուժման հաջողությունը կարող է ընդհատվել կրկնողություններով: Հաճախ զույգի հուզական զարգացումները ընդգրկվում են բուժական գործընթացում, ինչը պետք է զգուշորեն հաշվի առնել: Կիրառվում է վարքային հոգեթերապիա, որը կարող է շաբաթներ տևել: Առաջադրվում են ձեռնաշարժության վարժություններ, սկզբում զուգընկերուհու ներկայությամբ, այնուհետև նրա ակտիվ մասնակցությամբ մինչև իմիսիայի իրականացում այն պահին, երբ սերմնաժայթքումն ուր որ է վրա է հասնելու:

Որպես դեղորայքային բուժում կիրառվում են նյարդային գրգռի հաղորդականությունը հեշտացնող պրեպարատներ, օրինակ՝ պրոզերին, գալանտամին:

Փակել