Պոռնոգրաֆիկ կախվածություն

1. Ամուսինս, կարելի է ասել ամեն օր պոռնո ֆիլմեր է դիտում, բայց մեզ մոտ սեռական հարաբերություն ամեն օր չի լինում: Ինչպե՞ս կանխել:

Պատասխան

Տղամարդիկ իրենց կյանքի որոշակի շրջանում հետաքրքրությունից դրդված կարիք են զգում ժամանակ առ ժամանակ պոռնո ֆիլմեր դիտելու, դա հարստացնում է նրանց սեռական երևակայությունը, որը դրական է ազդում իրենց սեքսուալության վրա: Սակայն ամեն օր պոռնո ֆիլմ դիտելը, այն էլ, երբ նա ամուսնացած է, լուրջ առողջական խնդիր է համարվում, որը ենթակա է բուժման։ Հնարավոր է, որ ձեր միջև սեռական աններդաշնակություն կա, որի պատճառով էլ ամուսինը լիարժեք չի բավարարվում սեռական մերձեցման ժամանակ: Սակայն չի բացառվում, որ խնդիրը հենց միայն նրա ներսում է՝ պոռնոգրաֆիկ կախվածություն անունով։ Ձեզ հարկավոր է մասնագետի աջակցություն:

Փակել

Պորն-ի գերադասություն

1. Բարև ձեզ Հարգելի Նարինե Ներսիսյան: Ես 21 տարեկան եմ, ամուսինս՝ 29: Ամուսնուս մոտ սեռական ցանկություն դիտվում է ամիսը մեկ անգամ: Ճիշտ է, ոչ միշտ այդքան ուշ, բայց հիմնականում ես ավելի ակտիվ եմ: Մի քանի անգամ խոսել ենք, թե ինչու է այդպես: Երբ ես ցանկություն եմ ունեցել, նրան ասել եմ և մերժում ստացել կամ տարբեր պատճառաբանումներ… Ամուսնացել ենք սիրով: Նախքան ամուսնանալը ամեն ինչ լավ էր. զգում էի ամեն րոպե նրա ցանկությունը: Մեկ տարի ենք ամուսնացաց, և արդեն նրա մոտ նվազել է սեռական ակտ ունենալը: Նրան հետաքրքրում են այլ սայտերում սեռական ակտեր դիտելը: Համոզված եմ՝ ինձ սիրում է: Ես չեմ ուզում նրան ճնշել, թե ինչու ցանկություն չկա, այլևս չեմ ուզում առաջարկել սեռական ակտ ունենալ, որովհետև գիտեմ որ հավանական է չուզեն: Ես դեռ օրգազմ չեմ ունեցել. . Սեռական ակտը տևում է կարճ. երբեմն շատ կարճ: Իսկ երբ տևել է երկար, մեկ է, իմ մոտ ոչինչ չի ստացվել, չեմ էլ կողմնորոշվում՝ ես հաճույք ստանու՞մ եմ, թե՞ ոչ: Բայց ամեն ինչ այդքան տխուր չէ: Մենք ներդաշնակ զույգ ենք իրար հետ, անկեղծ, ազատ: Նամանավանդ սեռական ակտի ժամանակ: Ես նրա համար պարում եմ, որպեսզի ցանկություն առաջանա. դա շատ արդյունավետ է: Ի՞նչ եք մտածում՝ խնդիրն իմ մե՞ջ է: Ի՞նչ խորհուրդ կտաք: Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան

Չեմ կարծում, որ խնդիրը ձեր մեջ է, խնդիրը այլ կայքերում սեռական ակտեր դիտելն է: Կիբեր-սեքսը վտանգավոր և լուրջ խանգարում է համարվում, որի պատճառով տուժում է տղամարդու սեռական կյանքը իր ընտանիքում: Այդ խանգարումը կախվածության տեսակ է, որի հիմքում կա մարմնական մեխանիզմ, ինչպես ծխախոտային կախվածության պահպանման մեջ դեր է խաղում նիկոտինը, այնպես էլ վիրտուալ սեքսից կախվածության մեջ պահող քիմիական նյութը, որի կարիքը ունենում է օրգանիզմը և ստիպում, որ անձը դիմի այդ քայլին, դոֆամինային անբավարարությունն է: Դոֆամինի պաշարները լրանալիս, օրգանիզմը ժամանակավոր հանգստանում է, մինչև նոր քաղցի առաջացում: Պետքէ ասել, որ ամուսնական սեռական կյանքը չունի այդ ազդեցությունը, ինչպիսին ունի պորնոգրաֆիա դիտելը, որովհետև ամուսնական հարաբերության մեջ սեռական կիրքը մարում է բնության օրինաչափ մեխանիզմներով: Հնարավոր է վիրտուալ կախվածությունը նրա խնդրի մակերեսային շերտն է և դրա տակ կան թաքնված ավելի խորքային խնդիրներ, բոլոր դեպքերում ձեր ամուսնու հետ միասին այցելության կարիք կա։

Փակել

2. Բարև ձեզ: Ես 22 տարեկան եմ, 5 ամիս է, ինչ ամուսնացած եմ: Մեկ ամիս է, հղի եմ, հղիությունը նորմալ եմ տանում, սակայն իմ և ամուսնուս միջև հարաբերություն չի լինում, քանի որ ամուսինս չի ցանկանում վնասել ինձ կամ երեխային: Ամուսինս նաև նշում է, որ ինքը կարող է 9 ամիս դիմանալ և առանց սեռական կյանքի ապրել, սակայն նրա նման դիրքորոշումը տարօրինակ էր ինձ համար այնքան ժամանակ մինչև որ նկատեցի, որ նա գիշերը, երբ ես քնում եմ, հեռուստացույցով ֆիլմեր դիտելիս ձեռնաշարժությամբ է զբաղվում և այդ կերպ ինքնաբավարարվում: Ես նրա հետ այդ թեմայով ոչինչ չեմ խոսել և չգիտեմ էլ նույնիսկ ինչպես խոսեմ: Արդյո՞ք դա նշանակում է, որ նա խուսափում է ինձանից կամ ես նրա համար այնքան էլ հաճելի չեմ, որ նա այդ տարբերակն է ընտրել, և արդյո՞ք ճիշտ կլինի ամուսնուս հետ այդ թեմայով խոսելը: Խնդրում եմ ուղղություն տվեք ինձ, ես անելանելի վիճակում եմ գտնվում, չէ՞ որ նա նույն բանը կարող է նաև իմ մասնակցությամբ անել:

Պատասխան

Նախ և առաջ կարևոր է իմանալ, որ ձեր ամուսնու սեռական վարքը ոչ մի ձևով գնահատական չի տալիս ձեր սեքսուալությանը, այդ վարքը ոչ մի կերպ չի նշանակում, որ դուք ցանկալի կին չեք: Այնուհետև հարկավոր է իմանալ, որ հղիությունը ոչ մի դեպքում հակացուցում չէ սեռական կյանքի համար և սեռական հարաբերությունը չի կարող վնասել պտղին, կարիք չկա 9 ամիս զերծ մնալ սեռական մերձեցումից: Հնարավոր է, որ նա դիմում է սեռական ինքնաբավարարման այդ տարբերակին ելնելով հղիության հետ կապված իր թյուր պատկերացումներից, բայց հնարավոր է նաև, որ հղիությունը պարզապես հարմար առիթ է ինքն իրեն արդարացնելու և ազատորեն իր նախընտրած տարբերակով սեռական բավարարում ստանալու համար: Այս վերջին դեպքում գործ ունենք լուրջ սեքսոլոգիական խնդրի հետ: Ամուսնացած տղամարդու վարքը, ով գերադասում է այլ տեսակի սեռական ակտիվություն, երբ ունի իր կնոջ հետ ռեալ հարաբերվելու հնարավորություն, նորմալ չի համարվում: Իսկ վիրտուալ սեռական ակտիվության վտանգները շատ լուրջ են և կարող են տանել հոգեսեռական առողջության ամենածանր խանգարումների: Սա լուրջ անհանգստության առիթ է և մի վիճակ, որը համարվում է կպչուն-սևեռուն սեքսոլոգիական նևրոտիկ խանգարում:

Փակել

Վիրտուալ սեքս

1. Հարգելի բժշկուհի, ես իմ ամուսնուն շատ եմ սիրում, ինքն էլ ինձ: Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է, բայց նա ուշ-ուշ է հարաբերություններ ունենում ինձ հետ: Ես չեմ հասկանում պատճառը: Մտածում եմ, որ գուցե նա ցանկություն չի ունենում, հոգնած է լինում աշխատանքից հետո: Բայց երբ նրանից թաքուն վերցնում եմ նրա հեռախոսը, տեսնում եմ, որ նա սոցիալական ցանցերում ամեն օր վիրտուալ սեքս է անում տարբեր աղջիկների հետ:

Պատասխան

Ձեր ամուսինը հիվանդացել է մի հիվանդությամբ, որի անունն է վիրտուալ սեռական կախվածություն: Հարկավոր է օգնել նրան դուրս գալ այդ իրավիճակից: Ինքնուրույն նա չի կարող դա անել: Նա նման է ճահճի մեջ հայտնված մարդու. ճահիճը նրան քաշում է ավելի ու ավելի խորը: Հարկավոր է նրան տեղեկացնել, որ ձեզ հայտնի է նրա թաքուն կախվածությունը և համոզել, որ նա այցելի մասնագետի:

Փակել