ՆԱՐԻՆԷ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Երկու հատվող բուրգերից ծնվում է Նորը

Tag: սեռական առողջություն

Հաշմանդամություն և սեռական կյանք

Live in Love

Ճակատագրի բերումով նրան վիճակված էր հաշմանդամություն ունենալ: Ինձ մոտ գալուց առաջ խնդրեց, որպեսզի այնպիսի ժամի հանդիպենք, որ տարածքում ոչ ոք չլինի, որպեսզի որևէ մեկը չնկատի սեքսոլոգիական կլինիկա իր գալը: Նա ամաչում էր այն փաստից, որ ինքը սեռական կյանքի մասին է մտածում, «ի՞նչ կմտածեն մարդիկ». սարսափով ասում էր նա ու շատ հաճախ էին մեր հանդիպումները սկսում ինքնաարդարացման երկար-բարակ նախաբաններով: Նա օգտվում էր սայլակից, իսկ մեր կլինիկայի մուտքը բարձր է գետնի մակարդակից ու թեքահարթակ էլ չունենք: Այնպես որ ամոթը մի կողմ, հարկ կար նախ և առաջ հաղթահարելու ամենապարզունակ տեխնիկական դժվարություններ:

Բնությունից օժտված անզուգական հմայքով այդ կինը խելացի էր և գրավիչ: Նրա մարմնի վերին վերջույթները, դեմքի մկանները, պարանոցը շարժունակ էին և արտացոլում էին իրենց շարժողի ողջ գեղեցկությունն ու նրբագեղությունը: Պատահել էր այնպես, որ իր կյանքում հայտնվել էր մի տղամարդ, ով գնահատել էր իր արժանիքները և խորը հարգանք էր տածում իր նկատմամբ: Հաշմանդամությունը խոչընդոտ չէր հանդիսացել սիրո մեջ ապրելուն և նրանք ամուսնացել էին: Սակայն կար մի խնդիր, որը թույլ չէր տալիս ապրել սեռական կյանքով, դա կնոջ մոտ առկա վագինիզմն էր: Երկարատև ու համառ բուժումից հետո, հաղթհարելով բազում դժվարություններ` մեզ հաջողվեց հաղթահարել հիվանդությունը: Հիմա նրանք ունեն մի շատ գեղեցիկ բալիկ:

Կարդալ ավելին

Կնոջ կյանքում հաշմանդամություն ունենալը մեծ ազդեցություն է գործում նրա կին լինելու գիտակցության վրա: Որովհետև կնոջ մարմնի արտաքին ձևը այն հիմնական խթանն է, որից բորբոքվում է տղամարդու սեռական կիրքը: Կինը շատ լավ գիտակցում է այս փաստը և իր մարմնին չափազանց մեծ կարևորություն տալիս, քանի որ տղամարդու ուշադրության արժանանալը ներքուստ ուրախացնում է կնոջը, բարձրացնում է նրա տրամադրությունը և կանացի ինքնագնահատականը, տղամարդու ուշադրությունը կնոջ հանդեպ վավերացնում է կնոջ գոյության իմաստը: Տղամարդու անտարբերությունը կնոջ համար հարված է, հատկապես այն տղամարդու կողմից ով դուր է գալիս իրեն: Սրա մասին է վկայում այն հանգամանքը, որ նմանատիպ դեպքերում կինը ակամայից փորձում է բացատրություններ գտնել և պաշտպանել իր կանացի արժանապատվությունը ու հետաքրքիր է նկատել, որ առավել հաճախ նա հակված է մտածելու, որ խնդիրը իր մարմնի ոչ բավականաչափ սեքսուալ լինելու մեջ է: Շատ հազվադեպ է լինում, որ առաջին միտքը, թե ինչու է ազատ տղամարդն անտարբեր, այն լինի, որ նա օրինակ, միասեռական է կամ ասենք, ձախողման տագնապից հուսալքված կույս կամ պարզապես պլատոնական սիրով շղթայված կնամեծար էակ: Շուկայում մեծ պահանջարկ ունեցող մարմնի խնամքի միջոցները, արտաքին տեսքը գրավիչ դարձնող, սեքսուալ-էրոտիկ երանգ հաղորդող միջոցները, գեղեցկության և հմայքի սրահները, պլաստիկ վիրահատության դիմող կանանց աճող թիվը, բոլորը ծառայում են տղամարդու ուշադրությունը գրավելուն՝ միայն և միայն մեկ նպատակով՝ լինել կին տղամարդու համար:

Սակայն տղամարդու սեռականության մեջ կա մի տարր, որով նրա սեռական կիրքը էապես տարբերվում է սեռական մղումից, այդ տարրը մի հավելում է, որով սեռական մղումը դառնում է ավելին, քան պարզապես սեռական մղումն է և կնոջ մարմինը ձեռք է բերում տասներորդական նշանակություն խնդրին այս տեսանկյունից նայելու դեպքում:

Հարց է առաջանում, ինչո՞ւ է տղամարդու գրգռման համար կնոջ մարմինն այդքան գերիշխող առաջնություն ձեռք բերում, երբ ֆիզիոլոգիական տեսանկյունից այդ մարմինը ոչ այլ ինչ է, քան ընդամենը սեռական խթաններին ի պատասխան` գրգռման արձագանք դրսևորելու ֆիզիոլոգիական համակարգ: Մի՞թե մարմնի պատասխան տալու ունակությունը և տեսանելի փոփոխման արձանագրումը այն միակ և ցանկալի արդյունքն է, որին ձգտում է տղամարդը և որի համար պատրաստ է ժամանակ տրամադրել: Բնականաբար` ոչ: Սեռական գործողության ժամանակ մարմնական շփումը ամենավերջին տեղ է զբաղեցնում այն իրադարձությունների շարքում, որոնք ծավալվում են այդ ընթացքում: Մարմինը կարելի է ասել, այն վերջնական օղակն է, այն միջոցը, որով հնարավոր է դառնում ներքին՝ շատ ավելի կարևոր և շատ ավելի արժեքավոր դրսևորումների տեսանելի դառնալը: Մարմինն ակամայից հետևում է և ներդաշնակորեն շարժվում ներքին զգացողությունների թելադրանքով, դրանք սեռական զգացողություններ են, որոնք ի հայտ են գալիս մարդու ներքին աշխարհում, երբ վերջինս բախվում է իր սեռի գոյությանը: Հանդիպումը սեփական սեռի հետ ծնում է ուժեղ սեռական մղում, արթնացնում է մի շարք զգացական ընկալումներ, ստեղծում ներքին լարվածություն, հպվելու, միաձուլվելու, ամբողջանալու պահանջ: Այդ պահանջը չի նայում արտաքին տեսքին և ձևին, նրան հետաքրքիր է միայն ամբողջացումը, սեռային ամբողջացումը:

Գեղագիտական տեսանկյունից կնոջ մարմնին գնահատական տալը բոլորովին այլ տեսահարթակ է բացում: Եթե խոսքը գնում է գեղեցկության մասին, ապա կնոջ մարմնին նման գնահատական տալը շատ հեռու է օբյեկտիվ հիմքերից: Սեռի գոյությունը և սեռական մղման արթնացումը չի կարող թույլ տալ անաչառ հայացքով նայել կնոջ մարմնին և օբյեկտիվ գնահատել նրա գեղեցկությունը, գեղագիտական տեսանկյունից կնոջ մարմնի սեքսուալ կամ ոչ սեքսուալ լինելը դատապարտված է սեռական գրգռման սուբյեկտիվ կարծիքին: Եվ ուրեմն` ինչո՞ւ է կնոջ մարմինն, այն էլ խիստ որոշակի ձևի մեջ, իր վրա վերցրել տղամարդու սեռական գրգռման առաջացման մենաշնորհը: Ո՞ւմն է այս փախուստը: Տղամարդո՞ւնը, թե՞ կնոջինը:

Փակել

Իմ պատմությունը

Մասնագիտությամբ բժիշկ եմ, բժիշկ-սեքսոլոգ:

Բժիշկ դառնալու փափագն ունեցել եմ դեռևս մանկուց, հավանաբար այդ մասնագիտության հանդեպ հորս ունեցած ակնածանքի շոնրհիվ։ Իսկ սեքսոլոգիայի ընտրությունը, որպես նեղ մասնագիտացում, պայմանավորված է եղել կյանքի ամենազարմանահրաշ երևույթը՝ ծննդյան առեղծվածը բացահայտելու ցանկությամբ։ Մինչ օրս էլ համոզված եմ, որ երեխան չի ծնվում այն պահին, երբ դուրս է գալիս կնոջ սեռուղիներից, ոչ էլ այն պահին, երբ միմյանց են ձուլվում սեռական բջիջիները (թե չէ մանկաբարձ-գինեկոլոգ կդառնայի), այլ դրանից շատ ավելի վաղ, երբ Գիտակցության հորիզոնում նշմարվում է Լույսի նոր շողքի դրսևորման անհրաժեշտությունը (կարծում եմ պարզ է, թե ինչու եմ ընտրել հոգեբուժության ճյուղ հանդիսացող մասնագիտություն)։

Ծնվել ու մեծացել եմ Երևանում։ Հայրս, ում նախնիները Ղարսից են գաղթել, ճարտարապետ էր, մայրս՝ (ում մայրական կողմը ռուսական արյուն է կրում) հորս օգնականն էր, թե´ աշխատավայրում, թե´տանը։ Կարծում եմ, որ տներ նախագծելու ծնողներիս մեծ սերն ու հակումը փոխանցվել է նաև ինձ, քանի որ իբրև բժիշկ զբաղվում եմ նույն գործով, եթե ընդունենք, որ մարդու մարմինը ևս տուն է, «այն տաճարը, որում բնակվում ենք», իսկ ցանկացած տուն վերանորոգման, պահպանման ու մաքրման կարիք ունի։

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորելու հենց առաջին տարիներից իմ նախասիրությունների շարքում միշտ եղել են մարդու վարքն ուսումնասիրող գիտությունները։ Իբրև ուսանող այն համոզումն ունեի, որ հորմոնները մարդու վարքի կազմակերպման գործում ամենավերջին տեղն են զբաղեցնում։ Ինչն էր ինձ ամենից շատ անհանգստացնում այն ժամանակ, դա լաբորատոր առնետների վրա մեր կատարած գիտափորձերն էին, որոնց հիման վրա հոդվածներ էինք տպագրում։ Իմ մեջ միշտ այն սկեպտիկ վերաբերմունքն էր տիրում, թե այդ ինչպես կարելի է առնետների վրա կատարած հայտնագործումները հետագայում տարածել մարդու վրա և դեռ մարդկային վարքի կանխատեսումներ անել։ Երիտասարդ գլխումս անընդհատ հնչում էր հուզախռով հարցը. «Մի՞թե մարդը չի տարբերվում կենդանուց»:

Կարդալ ավելին

Երևանի բազմաթիվ կլինիկաներում անցկացրած ժամանակը, հայազգի և արտերկրյա բժիշկների հետ շփումը, հիվանդների հետ աշխատանքը, ինձ ավելի ու ավելի էր մոտեցնում այն մտքին, որ առողջությունը չի սահմանափակվում ֆիզիկական մարմնով, այլ ամփոփում է իր մեջ մարդու հոգեկան և սոցիալական գործունեության ոլորտները։ Ֆիզիկապես կատարյալ առողջ, բայց հոգեկան ու սոցիալական ոլորտներում բարձրագույն արժեքներից զուրկ մարդուն դեռ ուսանող տարիներին առողջ չէի համարում, այլ կերպ ասած, մարդկային կերպարը կորցրած մարդը ինձ համար հիվանդ մարդ էր, թեկուզ նրա բոլոր օրգան համակարգերը կատարյալ գործառեին։ Ինչպես չենք կարող առողջ համարել վանդակում փակված առյուծին, որ կորցրել է կենդանական բնազդները դրսևորելու հանարավորությունը, այնպես էլ առողջ չէ այն մարդը, ով կորցրել է մարդկային կոչման իր առաքելությունը՝ վերածվելով վեգետատիվ օրգանիզմի կամ բնազդները բավարարող կենդանի էակի։

Մտքիս անդադար որոնումները բերեցին Երևանի հոգեբուժական կլինիկաներ և վերջնական ձևակերպում տվեցին իմ գլխում շարունակ պտտվող այն վարկածին, ըստ որի առողջությանը հասնելու համար անհրաժեշտ է սկսել ներսից, ներքին ճիգ գործադրել՝ «ի մահ հիվանդությանը»՝ «մարմինը կառուցելով հոգու շուրջ»։ Հակառակ դեպքում, ինչպես օրինակ հոգեկան հիվանդությունների պարագայում, երբ բանական քննադատությունն ի սպառ վերացած է, առողջացման ամեն տեսակի հույսերը մարում են։

Սեռական առողջության ոլորտն ընտրեցի, որովհետև այստեղ գործ ունես հոգեկանի ամենանուրբ շերտերի հետ, իսկ էությամբ, որպես մարդ՝ ինքս էլ շատ խորը և նուրբ զգացումներ ապրող եմ։

Կլինիկական պրակտիկ աշխատանքի սկզբնական տարիներին հիմնականում առաջնորդվել եմ ռուսական դպրոցի մոտեցումներով, քանի որ իմ պատկառելի ուսուցիչը՝ Արամ Էդուարդի Հակոբյանը, այդ դպրոցի սանն է։ Հետագայում, Օքսֆորդի համալսարանում աշխարհի առաջատար ու հեղինակավոր մասնագետների կողմից մեկ ամսյա ինտենսիվ ուսուցումը և շփումն արտերկրյա կոլեգաների հետ իմ մեջ ձևավորեց բժշկական սեքսոլոգիայի դասական՝ անգլո-եվրոպական մտածողություն։ Երբ վերադարձա Հայաստան, սկսեցի գիտական հետազոտություն իրականացնել ուղղված կանանց սեռական խանգարումների պատճառածագմանը՝ առաջնորդվելով գիտական աշխարհի համընդհանուր պատկերացումներով, տպագրեցի մի քանի գիտական հոդվածներ։ Այդ ժամանակ էր, որ առաջարկություն ստացա աշխատել հաշմանդամություն ունեցող կանանց և տղամարդկանց հետ։ Դա հանդիպում էր կյանքի նկատմամբ մարդկային ոգու անբացատրելի ուժի և ձգտման հետ, որի պարագայում անհեթեթ է դառնում մտածել, թե ֆիզիկական մարմինն իրենով ի զորու է որոշիչ դեր կատարել կամ որևէ սահմանափակում բերել։

Մի քանի տարի անց Esalen-ում (ԱՄՆ, Կալիֆորնիա), որտեղ մասնակցում էի սեռականը և հոգևորը թեմայով մի սեմինարի, հանդիպեցի այլընտրանքային բժշկությամբ զբաղվող մի քանի նշանակալի մարդկանց, այդ թվում մի շամանի, ով բավական տպավորիչ աշխատանքային արդյունքեր ուներ, ինչին ականատես եղա իմ աչքով։ Արևելյան և Արևմտյան մշակույթների խաչմերուկում ձևավորված նոր տեսակի մտածողությամբ վերադարձա հայրենիք, մարդիկ, ում հանդիպեցի Սան Ֆրանցիսկո քաղաքում, իմ մեջ ամրապնդեցին սեռական առողջության դասական գիտական պատկերացումների սահմանափակությունը և ժամանակակից բժշկության ուղեցուցային մոտեցումների անկատարելությունը։

Սեռական առողջության ոլորտում մասնագիտական գործունեություն եմ ծավալում գրեթե 20 տարի, այս ընթացքում հանդիպել եմ բազմաթիվ ու բազմապիսի սեռական խանգարումների ու խնդիրների։ Աշխատել եմ ինչպես զույգերի, այնպես էլ առանձին անհատների, թե´ կանանց, թե´ տղամարդկանց հետ, սեռական աններդաշնակությունների, սեռական տրավմա տարած, սեռային ինքնության խնդիրներ ունեցող անձանց հետ։ Աշխատանքային փորձը և սեփական հետազոտությանս արդյունքները փաստում են, որ սեռական բոլոր կարգի խնդիրները լուծելի են, որոշները մեծ համառություն և ահռելի ջանքերի գնով, մյուսներն ավելի հեշտ ու մի քանի թեթև միջամտությամբ։ Բուժման մեջ ամենից շատ կարևորում եմ խոսքը, քանի որ հավատում եմ խոսքի հրաշագործ ազդեցությանը, կարելի է ասել կիրառում եմ հիմնականում խոսքային թերապիա և միայն եզակի դեպքերում դիմում եմ դեղորայքի օգնությանը, որով պահանջվում է վերականգնել մարմնի վրա հիվանդության թողած հետքը։

Ինչն է ինձ ամենից շատ ոգեշնչում՝ բուժման արդյունքում հայտնված իրական սերն իր պտուղներով, բերկրանքի ու երջանկության րոպեներով, որը զույգն ապրում է էրոտիկ հարաբերությունների իրական նշանակությանը հասնելով։ Աշխատանքային գործունեությանս յուրաքանչյուր վայրկյան գործ ունեմ հիվանդությունը հաղթելու, մարդուն առողջացնելու բարդ ու դժվարին պատասխանատվության հետ։

Փակել

Վտանգավոր չիմացություն

Մտահոգիչ փաստ է, որ «պոռնո» բառի որոնման հաճախականությամբ Հայաստանն առաջին տեղն է գրավում համացանցում (armenianherald.com): ՈՒշագրավ են նաև մեր դիտարկումներն այն մասին, որ բազում տղամարդիկ և կանայք ունենալով այս կամ այն սեքսուալ խնդիրը և այդ խնդրի լուծման պոտենցիալ հնարավորությունը, այնուհանդերձ շարունակում են ապրել այդ խնդրով: Սեռական խանգարումներով այցելուների դիմելիությունը Հայաստանում շատ հեռու է առաջին հորիզոնականում լինելուց: Ավելին` շատերը նույնիսկ չեն էլ գիտակցում, որ իրենց սեռական կյանքում կա իրական խնդիր, որը հղի է ընդհանուր առողջությանը վնասելու վտանգով: Մի գուցե մարդիկ չեն էլ հասկանում, թե ինչ է սեռական առողջությունը՝ դրա տակ պարզունակորեն հասկանալով միայն սեռական օրգանների ֆիզիոլոգիական գործունեությունը և այդ գործունեության հաճույքաբեր կողմը:

«Սեռական» բառը, էլ չենք ասում «սեքսը», անմիջապես այնպիսի բուռն և ոչ ադեկվատ հակազդեցության է հանդիպում մեր հայ իրականության մեջ, որ հաճախ մենք ստիպված ենք լինում օգտագործել ամենատարբեր հոմանիշներ, որ այլևայլ ձևերով բացատրենք մեր միտքը, որպեսզի լսարանի կողմից չարժանանանք «այլասերվածների բժիշկ» լինելու պիտակին:

Կարդալ ավելին

«Մեզ մոտ ամեն ինչ նորմալ է», հաճախ լսում ենք պաշտպանական այսօրինակ մեջբերումներ: Միչդեռ այս նույն մարդիկ թաքուն կերպով անհամար ժամեր են անցկացնում համակարգչի առջև` իրենց հուզող հարցի պատասխանը փնտրելու հույսով կամ ուղղակի այս թեմայի շուրջ հետաքրքրասիրության բավարարման նպատակով: Եվ քանի որ համացանցը ողողված է սեռական կյանքի մասին անթիվ-անհամար հանրամատչելի նյութերով, որոնք շատ հեռու են գիտական հիմքերից, այս մարդիկ հայտնվում են սեքսի վերաբերյալ պարզունակ ու աղճատված պատկերացում ունենալու ռիսկի խմբում:

Համացանցում շրջանառող բազում խեղաթյուրված պատկերացումները և մոտեցումները գիտակցաբար նպատակաուղղված են սեռական առողջության քայքայմանը, քանի որ այն կարող է իջեցնել ծնելիության ցուցանիշը: Բացի այդ, այն ձեռնտու է նաև կոմերցիալ տեսանկյունից, քանի որ ֆինանսական հզոր եկամտի աղբյուր է:

Պոռնոկայքերը ստեղծում են անգիտակացական սեռական կոմպլեքսներ, անիրական սեռական սպասումներ, սեռական միֆեր: Սեռական հարաբերությունը նսեմացվում է մինչև զուտ սեռական ակտ լինելու մակարդակի, որտեղ ամենաէականը առնանդամի պնդության աստիճանն է, սեռական հարաբերության տևողությունը կամ կնոջ օրգազմը ու դրա քանակությունը: Էլ չեմ ասում, որ պոռնո կախվածությունը, ինչպես ցանկացած այլ կախվածություն, հիվանդություն է իր բոլոր ծանր հետևանքներով:

Մինչդեռ սեռական առողջությունը ենթադրում է իրական, փոխադարձ մարդկային հարաբերություն, որը հարստացնում է անձի ներաշխարհը և նպաստում նրա ինքնառեալիզացիային և ընդհանուր առողջության ամրապնդմանը:

Փակել

© 2017 | ՆարինԷ Ներսիսյան | Բոլոր իրավունքները պաշտպանված են |

Besucherzahler
счетчик посещений