Սեռական զզվանքը հիմնականում կանանց մոտ հանդիպող վիճակ է: Այն կնոջ ծայրաստիճան բացասական վերաբերմունքն է սեռական հարաբերությանը կամ սեռական կյանքին ընդհանրապես:

Այն կարող է պայմանավորված լինել զուգընկերոջ մոտ այս կամ այն սեռական խանգարման հետևանքով տևական սեռական անբավարարվածությամբ, զուգընկերների սեռադերային դիրքորոշումների անհամապատասխանությամբ, սիրո բացակայությամբ, սեռական հարաբերության մոտիվացիաների տարանջատմամբ:

Տարբերում են սեռական ավերսիայի զարգացման 3 փուլ. (А.К.Агишева, 1998).

Առաջին փուլում զուգընկերների միջև սեռական հարաբերությունները կրում են ձևական բնույթ, այսինքն կինը հարաբերություն է ունենում ամուսնական պարտքից դրդված: Այս դեպքում դիտվում է սեռական ակտիվության իջեցում, սեռական հարաբերության ժամանակ կնոջ խիստ պասիվ վարք, ի վերջո փսիխոսեքսուալ անբավարարվածություն:

Երկրորդ փուլում սեռական հարաբերությունները արդեն կրում են բացասական իմաստ: Կինը օգտագործում է ցանկացած առիթ սեռական հարաբերությունից խույս տալու համար և նույնիսկ հնարավոր է ընդհանրապես հրաժարվի կենակցումից: Նրա մոտ զարգանում է ալիբիդեմիա, սեռական հիպեսթեզիա կամ անեսթեզիա և անհեշտանքիա, երբեմն կարող է ձևավորվել կոիտոֆոբիա:

Սեռական ավերսիան իր զարգացման առաջին և երկրորդ փուլում ունի հարաբերական բնույթ, այսինքն դրսևորվում է միայն տվյալ զուգընկերոջ հետ: Երրորդ փուլում կանանց մոտ ի հայտ է գալիս զզվանք հանդեպ հակառակ սեռին և սեռական կյանքին ընդհանրապես: Այս փուլում, ի տարբերություն նախորդ փուլերի, սեռական ավերսիան կրում է բացարձակ բնույթ:

Կարդալ ավելին

Սեռական ավերսիան կարող է պայմանավորված լինել ինչպես գիտակցված, այնպես էլ չգիտակցված մեխանիզմներով: Սեռական ավերսիայի դրսևորման աստիճանը կախված է մի կողմից զագացման փուլից, մյուս կողմից փսիխոգեն գործոնների ներգրավվածության աստիճանից: Զուգընկերների ցածր ընդհանուր և սեռական կուլտուրան ինչպես նաև պլատոնիկ և Էրոտիկ լիբիդոյի ցածր մակարդակը կամ ընդհանրապես բացակայությունը նպաստում է սեռական ավերսիայի զարգացմանը:

Տվյալ սեռական խանգարմամբ կանանց մոտ հնարավոր է լինի վաղաժամ կամ ուշացած սոմատոսեքսուալ զարգացում, բայց առավել հաճախ հանդիպում են հոգեսեռական զարգացման խանգարումներ, հատկապես ուշացած կամ համակցված ձևերը: Մոտ 1/3 կանանց մոտ նկատվում է նաև սեռադերային վարքի խանգարում` տրանսֆորմացիայի ձևով: Սեռական կոնստիտուցիան հիմնականում թույլ է, սակայն հնարավոր է նաև միջին կամ ուժեղ լինել:

Սեռական ավերսիայի ժամանակ կանանց մոտ ախտահարված է հիմնականում սեռական առողջության սոցիալ-հոգեբաանկան և ավելի քիչ հոգեբանական կոմպոնենտը:

Ինչպես արդեն նշվեց սեռական ավերսիան զարգանում է աստիճանաբար և դրսևորվում է սեռական ցանկության իջեցմամբ և անհեշտանքիայով, սակայն ուժեղ սեռական կոնստիտուցիայով կանանց մոտ երբեմն հոգեբանական ավերսիան չի ուղեկցվում սեռական ավերսիայով:

Փակել