ՆԱՐԻՆԷ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Երկու հատվող բուրգերից ծնվում է Նորը

Tag: սեռական թուլություն

Էրեկցիա

Դիաբետ

Բարև Ձեզ տիկին Նարինե: Ես մի հարց-խնդրանք ունեմ Ձեզ. մեկ շաբաթ առաջ վիժել եմ ու մնացել էի դժվարությամբ: Հանձնել եմ անալիզ (ԴՀԷԱ): Խնդրում եմ ասել, թե սա իրենից ինչ է ներկայացնում և արդյոք կարող է դառնալ վիժման պատճառ: Պատասխաններս եկել են նորմայից դուրս՝ 18.5, իսկ նորման 1.3-9.8 է: Իսկ սեռական կյանքում ունեմ դժվարություններ. ամուսնուս մոտ կա շաքարային դիաբետ հիվանդությունը: Հիմա նրա մոտ առկա է թույլ էրեկցիա: Կարո՞ղ եք ասել՝ ինչում է խնդիրը կայանում: Իսկ ինձ մոտ կա ցանկություն. դիմում եմ ձեռնաշարժության: Խնդրում եմ օգնեք ինձ: Նախապես շնորհակալություն:

Պատասխան

Շեղումը, որի մասին նշում եք, իրոք կարող է պատճառ դառնալ վիժման: Հարկավոր է դեղորայքային բուժմամբ կարգավորել հորմոնի քանակությունը: Շաքարային դիաբետի հետևանքով առաջացած սեռական թուլությունը ևս բուժելի է, հարկավոր է, որ Ձեր ամուսինը գա սեքսոպաթոլոգի մոտ: Ձեռնաշարժության դիմել խորհուրդ չեմ տա, քանի որ ամուսնացած լինելով հանդերձ նմանատիպ վարքի դիմելով, Դուք հեռավորություն եք ստեղծում Ձեր և Ձեր ամուսու միջև, փոխանակ լուծելու խնդիրը, փախչում եք այդ ձևով: Խորհուրդ կտամ երկուսով այցելել սեքսոպաթոլոգին։

Փակել


Երկրորդ ակտի անհնարություն

Բարև Ձեզ: Ամուսնուս մոտ հարաբերության ժամանակ առաջին ակտից հետո անդամը կարծես թե թուլանում է, այն ձևականորեն կարող է գրգռվել և շատ շուտ թուլանալ: Նրա կարծիքով, եթե առաջին ակտից հետո ես լվացվեմ, ապա նորմալ կլինի: Բայց ախր ինչպե՞ս է հնարավոր ամեն ակտից հետո լվացվել և նորից շարունակել: Իսկ Դուք ի՞նչ խորհուրդ կտաք, որպեսզի մենք բավարարվենք ոչ թե մեկ, այլ մի քանի ակտերից հետո… Նախապես շատ շնորհակալ եմ հարգելի Նարինե:

Պատասխան

Կա այսպիսի հասկացողություն, կոչվում է տղամրադու սեռական անդրդվելիություն. դա մի շրջան է սեռական ակտից հետո, երբ տղամարդը բացարձակապես ընդունակ չէ նորից գրգռվելու, քանի որ ֆիզիոլոգիան թույլ չի տալիս։ Տարբեր տղամարդկանց մոտ այդ շրջանի տևողությունը տարբեր է և կախված է մի քանի հանգամանքներից՝ տարիք, սեռական կոնստիտուցիա և այլն։ Հավանաբար ձեր ամուսնու մոտ անդրդվելության շրջանի տևողությունը երկար է և նրան ինչ-որ ժամանակ է հարկավոր, որպեսզի նա ֆիզիոլոգիապես վերականգնվի հաջորդ ակտի համար: Դա նրա բնությունն է, իսկ բնության դեմ ոչինչ անել հնարավոր չէ: Լվացվելու ուղարկելը նրա կողմից մի հնար է, նրա կարծիքով դա իրեն ժամանակ կտա վերականգնվելու համար, նույն հաջողությամբ կարելի է անել ցանկացած այլ բան, մինչև որ անցնի այդ անհրաժեշտ ժամանակահատվածը: Դուք կարող եք գնալ լվացվելու, եթե դա ձեզանից մեծ ջանքեր չի պահանաջում, հատկապես որ դա ձեզ կթարմացնի և դուք չեք քնի սպասելով հաջորդին, բայց կարող եք նաև ուղղակի պառկել մինչև ինչ-որ ժամանակ անցնի և անդրդվելիության շրաջանից դուրս գա։ Ընտրությունը Ձերն է։ Ամենակարևորը ձեռք մի տվեք իրեն, հատկապես առնանադամին, դա նրան մեծ տհաճություն կարող է պարգևել և մի պահանջեք նրան նորից գրգռվել, նա չի կարող, այլ ոչ թե չի ուզում: Մի քանի ակտ ունենալու Ձեր ցանկությունը այս դեպքում այդքան էլ խորհուրդ չի տրվում, ավելի ճիշտ լուծում է ակտի տևողությունը երկարացնելը, որպեսզի դուք այդ ընթացքում հասցնեք մի քանի անգամ օրգազմ ունենալ, որը և կտա լիարժեք բավարարման զգացողություն: Այս արդյունքին հասնելու համար Ձեզ մասնագետի օգնություն է հարկավոր։

Փակել


Էրեկցիայի թուլություն

Բարև Ձեզ հարգելի Բժիշկ Ներսիսյան, շատ, անչափ շատ, շնորհակալ կլինեմ Ձեզ, եթե պատասախանեք իմ այս հարցերին: Իմ ընկերը 21 տարեկան է և նա գանգատվում է իր անդամի թույլ էրեկցիայից, իսկ օրգազմից անմիջապես 10 վայրկյան անց, այն միանգամից թուլանում է: Դա նորմա՞լ է արդյոք: Բացի այդ, նրա մոտ սնկային վարակ է եղել, ինչից նա բուժվել է մեկ տարի առաջ, բավական երկար ժամանակ համապատասխան դեղամիջոցներ է ընդունել և քսուքներ: Ու դրանից հետո մի տեսակ վախի զգացողություն ունի՝ սեքսով զբաղվե՞լ, թե՞ ոչ: Մեկ հարց ևս. արդյոք վատ է երկար ժամանակ ձեռնաշարժությամբ զբաղվելը (ըստ ընկերոջս, քանի որ նա երկրի սահմաններից դուրս է և ստիպված է զբաղել ինքնաբավարարմամբ ): Իսկ այդ թույլ էրեկցիայի պատճառով նա անչափ մտահոգ է և այնքան է մտածում, որ ես շատ եմ անհանգստանում նրա համար: Այդ իսկ պատճառով որոշեցի դիմել Ձեզ: Կանխավ շնորհակալ եմ` Մարի:

Պատասխան

Առնանդամի թույլ էրեկցիան այդ տարիքում առավելապես պայմանավորված է լինում հոգեսեռական գործոններով, հավանաբար Ձեր ընկերը սևեռվել է սեռավարակ ձեռք բերելու մտքի վրա, որից էլ նրա մոտ սեռական ակտից առաջ տագնապախռով հոգեվիճակ է առաջանում և էրեկցիայի նյարդային մեխանիզմները արգելավում են: Իհարկե հաճախակի ձեռնաշարժությունը նույնպես նպաստավոր գործոն է այս դեպքում և կարող է խորացնել առկա խնդիրը: Ձեր անհանգստությունը տեղին է, բայց Դուք ինքնուրույն ուժերով ոչինչ անել չեք կարող, քանի որ այստեղ առկա է մասնագիտական օգնության կարիք: Կարևորը իմացեք, որ խնդիրը միանգամայն լուծելի է, հարկավոր է միայն առանց շատ հետաձգելու դիմել մասնագետին:

Փակել


Բարև Ձեզ, ինձ կօգնե՞ք հասկանալ՝ ինչ անել: Իմ նշանածը, որն արտերկրում է ապրում, ինձ այցելել էր հոկտեմբեր ամսին և սիրային փաղաքշանքների ժամանակ նա շատ էր գրգռվում (ասեմ, որ սեռական հարաբերություն չի եղել), իսկ 2 շաբաթից, երբ նա վերադարձավ իր երկիր, չէր կարողանում իրեն տիրապետել և իր հոր ասածով ընդունեց մեծ քանակությամբ դեղորայք որպեսզի հանգստանալ: Դեկտեմբերին մենք նորից հանդիպեցինք,սակայն նա ասաց,որ խնդիրներ ունի գրգռվածության հետ: Ճիշտ է, ես իրեն օգնեցի. վիճակը ավելի լավացավ, սակայն ամեն անգամ ասում էր, որ նույնը չէ ինչ անցյալ անգամ, շատ չի գրգռվում: Ի՞նչ կաերելի է անել, և արդյո՞ք մի քանի ամսից վիճակը կանցնի: Մենք պատրաստվում ենք ամուսնանալ, և ինձ մտահոգում է այդ հարցը: Խնդրում եմ, կասեք ի՞նչ անել:

Պատասխան

Տղամարդու սեռականությունը այնպես է կառուցված ու կազմակերպված, որ երկարատև սեռական դադարը նշանակալի ազդեցություն է թողնում նրա սեռական գործունեության վրա՝ բացասական առումով: Եվ հակառակը՝ ինչքան հաճախակի և կանոնավոր է տղամարդու սեռական կյանքը, այնքան նա ավելի ու ավելի քիչ սեռական խնդիրներ կունենա: Այնպես է ստացվում, որ հեռու լինելով սիրած աղջկանից ու ցանկանալով հավատարիմ մնալ նրան, նա ռիսկի տակ է առնում իր առողջությունը և ձեռք է բերում որոշակի առողջական խնդիրներ: Սակայն մեր օրգանիզմն այնքան իմաստուն է ստեղծված, որ ազատում է իր տիրոջը սեռական լարվածության ավելորդ դիսկոմֆորտից այն պարագաներում, երբ նա չունի սեռական կյանքի հնարավորություն: Ձեր ընկերոջ մոտ գործել է հենց օրգանիզմի վերոնշյալ իմաստուն մեխանիզմը՝ սեռական գրգռման արգելակմամբ, որից էլ նա գանգատվում է սեռական թուլությունից: Սակայն վտանգավոր որևէ բան չկա, երբ նա վերսկսի կանոնավոր սեռական գրգռումները և սեռական հարաբերություններ ունենա, ամեն ինչ կկարգավորվի, եթե ոչ, ապա շատ թեթևակի բժշկական միջամտությամբ ամեն ինչ իր տեղը կգտնի: Կարևորն այն է, որ նա հիմա հեռու գտնվելով ձեզնից, կիսատ սեռական գրգռումներ չունենա և իր օրգանիզմից բարձր սպաումներ չունենա, չպահանջի, որ իր առնանդամը գործառի ինչպես 18տարեկանում էր: Սրանք ոչ իրատեսական սպասումներ են և բնականաբար կարող են հուսահատության առաջ կանգնեցնել իրականության հետ բախվելուց:

Փակել

Սեռական անկարողություն

Այցելուի հիմնական գանգատը սեռական անկարողությունն էր: 37 տարեկան էր, ամուսնալուծվել էր, կնոջ ծնողները խայտառակ ձևով հետ էին տարել իրենց դստերը: Երբեք չէր դիմել բժշկական խորհրդատվության, քանի որ ֆինանսական կարիքի մեջ էր: Այցելուն հաճախում էր կյանքի խոսք եկեղեցի արդեն 10 տարուց ավել: Իր խոսքերով` աստված էր իրեն պատժել, քանի որ երիտասարդ տարիներին չարաշահել էր ինքնաբավարարումը և բորբոքել աստծու բարկությունը իր նկատմամբ: Վաղուց հաշտվել էր իր սեռական անկարողության /սեռական թուլության/ և աղքատության հետ, գտնում էր, որ երբևէ հաջողություն չի ունենա կյանքում, չի ամուսնանա և ունենա ընտանիք` կին, երեխաներ: Միակ հույսը դրել էր Աստծո բարեհաճության վրա, իր խոսքերով աստված մի օր հրաշք կանի:

Կարդալ ավելին

Ինձ մոտ այցելուն հայտնվեց ոչ իր նախաձեռնությամբ, այլ` մոր և քրոջ: Իմ բոլոր փորձերը նրան հասկացնելու, որ ինքը պատժված չէ աստծո կողմից, այլ չի կարողանում սեռական կյանքով ապրել այն պատճառով, որ ունի հիվանդություն, որի համար ինքը ամենևին պատասխանատու չէ, քանի որ իր ընտրությունը չէ, բոլոր իմ համոզումները, որ 100 % դեպքերում իր հիվանդությունը բուժելի է, ապարդյուն անցան, ինչպես և լինում է բոլոր այն դեպքերում, երբ այցելուն չի գալիս իր նախաձեռնությամբ, այլ մեկ ուրիշի:

Այցելուն ընկճված էր, ճնշված տրամադրության մեջ: Ոչ մի հույս չուներ, որ լավ կլինի, մռայլ վհատությունը լրիվ կուրացրել էր նրան,-Ինձ միայն Աստված կարող է օգնել, ուրիշ ոչ մեկ: Անվստահությամբ նայում էր ինձ ու նկատեցի, որ աչքերի մեջ կատաղության փայլ երևաց, -ուրիշ ոչ մեկ, հասկանու՞մ եք, գոռաց նա հանկարծակի կատաղությամբ, -ես հիվանդ չեմ, ինձ հիվանդ են դարձրել այն աղջկա ծնողները, որ տարան կնոջս ինձանից,-կատաղած վեր բարձրացավ աթոռից ու դուրս եկավ սենյակից` դուռը հետևից այնպես շրմփացնելով, որ գաջի մի քանի ծեփակտոր թափվեցին գետնին:

Հասկացա, ինչ է կատարվում: Վիճակը շատ լուրջ էր, պետք էր անհապաղ մի բան անել: Անհանգստացած վեր կացա, որ դուրս գամ միջանցք և խնդրեմ մի վերջին խոսք ասել նրան: Բայց նա ինքը ներս մտավ ու մի պահ քիչ մնաց բախվեինք իրար:

-Կներեք բժշկուհի, -մեղավոր հայացքով նայեց ինձ, ու արցունքի կաթիլները սկսեցին հորդել աչքերից: Դեմքը թաքցրեց ափերի մեջ և հուզմունքի երկար րոպեներ հաջորդեցին իրար:

Փորձելով յուրաքանչյուր բառս կշռադատել, ծանր ու թեթև անել, հնարավորինս մեղմ ձայներանգով ասեցի`

-Ես հասկանում եմ, ինչքան դժվար է ձեր վիճակում գտնվելը, դուք իսկապես հզոր անձնավորություն եք, որ կարողացել եք տանել ձեր կյանքի բոլոր ծանր ապրումները: Մեկ ուրիշը ձեր փոխարեն կարող էր և չդիմակայել այնպես հերոսաբար, ինչպես դուք եք արել: Ու հետո, փոքր ինչ ավելի լուրջ տոնով, շարունակում եմ`այո, դրանք աստծո պատիժն են ձեր կյանքում, ու ձեզ մնում է միայն աղոթել աստծո բարեհաճության համար ու ես էլ ձեր հետ կաղոթեմ: Բայց չեք կարծում, որ հենց հիմա դուք շարունակում եք նույն բանն անել` բորբոքել Աստծու բարկությունը` չհարգելով ձեր մորը, որ տարիքն առած կին է, ու մեծ դժվարությամբ եկել-հասել է այստեղ հանուն ձեզ, հանուն ձեր առողջության: Ինչու հանուն ձեր մոր, չփորձել մի քանի բժշկական հետազոտություն անցնել: Ձեր մայրը կուրախանա դրանից ու դուք կշահեք աստծո ներողամտությունը:

Կարծես ինչ-որ բան շարժվեց, աչքերի մեջ հայտնվեց հույսի նշույլ:

-Լավ, ի՞նչ պետք է անեմ:

Անմիջապես թղթի վրա գրեցի այն բոլոր հետազոտությունները, որոնք կարող են օգտակար ինֆորմացիա տալ իր հիվանդության ախտորոշման և բուժման կազմակերպման համար:

Թուղթը մեկնեցի նրան, վերցրեց, ուշադիր կարդաց ու խոստացավ անցնել բոլոր հետազոտման սենյակներով:
Մի քանի օր անց, հետազոտությունների արդյունքների հիման վրա պարզվեց, որ առկա է արտահայտված բորբոքում ներքին սեռական օրգաններում, հորմոնալ որոշակի տեղաշարժ և նյարդային համակարգի ախտահարման ցուցանիշներ:

Մշակվեց բազմափուլանի բուժում:

Անցավ երեք շաբաթ, այցելուն եկավ ադեկվատ հագնված, աչքերը փայլում էին, դեմքը լուսավորվել էր: Եկավ առանց ուղեկցության, իր կամքով և հայտնեց, թե ինչքան սրտատրոփ սպասել էր մեր հանդիպմանը: Կարծես թե դրական տեղաշարժեր կան, -ասաց նա ուրախությամբ,- կենդանության նշաններ եմ զգում մարմնիս մեջ:

Խոսակցությունը շրջվեց դեպի իր մեղքի զգացումը, նա հայտնեց, որ դեռ պատանի հասակում միշտ լսել է իր ընկերներից ու ծնողներից, որ ձեռնաշարժությունը ծանր մեղք է, որ մարդիկ, ովքեր զբաղվում են դրանով, անդառնալի վնաս են հասցնում առողջությանը, այդ պատճառով ամեն անգամ այդ միջոցին դիմելուց հետո ծանր մեղքի զգացում էր ունենում: Յուրաքանչյուր հաջորդ անգամ սեռական կիրքը այնքան ուժեղ էր լինում, որ չէր կարողանում դիմակայել դրան ու հարկադրաբար կրկին զբաղվում էր ինքնաբավարարմամբ:

Բժշկական տեսանկյունից միանշանակ կարելի է ասել, որ կան ինքնաբավարարման ձևեր, որոնք ոչ մի ձևով հիվանդագին համարել չի կարելի, այլ ընդհակառակը` նույնիսկ ցուցված են, որպեսզի խուսափել լուրջ հիվանդագին վիճակների առաջացումից: Դրանք են պատանեկան տարիքի ինքնաբավարարումը, փոխարինող ինքնաբավարարումը: Այս դեպքերում ձեռնաշարժությունը հանում է սեռական լարվածությունը և վերականգնում ներքին մարմնական և հոգեկան հավասարակշռության զգացողությունները:

Պատանեկան տարիների ձեռնաշարժությունը հատկապես մեղքի զգացումով է արմատավորվում այն անձանց մոտ, ում միկրոսոցիալ շրջանում բացասական վերաբերմունք է իշխում սեռական դրսևորումների հանդեպ և երեխաներին հաղորդում են այն սխալ համոզումը, որ աստված պապիկը կբարկանա, եթե դու չարություն անես ու կպատժի քեզ:

Հոգևոր գործիչները ինձանից լավ կբացատրեն, թե ինչ տեսակ կործանարար ազդեցություն է ունենում մանկական հոգեբանության վրա աստծո մասին այս տեսակ պատկերացում ստեղծելը:

Սեքսոլոգները կարող են հավաստել, որ ոչ պակաս կործանարար է ազդում հակասեքսուալ դիրքորոշումը ընտանիքում և սեքսուալ դրսևորումների ճնշումը մանկական և պատանեկան տարիներին, ինչպես նաև ավելորդ մեղքի զգացումը, որը հետագայում տարածվում է նաև նորմալ ֆիզիոլոգիական դրսևորումների վրա` սեռական և, ինչու չէ, հոգեկան հիվանդությունների պատճառ դառնալով: Եթե այսպիսի մթնոլորտում մեծացող երեխան ունի նաև հորմոնալ անբավարարություն, ասենք սոմատոսեքսուալ զարգացման ուշացում, և/կամ անձնային որոշակի գծեր` ամաչկոտություն, ինքնամփոփություն, ինքնավերլուծման և ինքնաքննադատման հակվածություն և այլն, ապա շատ մեծ է հավանականությունը, որ կզարգանա որևէ սեռական խանգարում: Սովորաբար այս տեսակ անձանց մոտ անխուսափելի են նաև սեռական օրգանների տեղային ախտահարումները, որոնք իրենց հերթին խորացնում են հիվանդության ընթացքը: Մեծ հավանականությամբ ախտաբանական գործընթացի մեջ է ընդգրկվում նաև նյարդային համակարգը և գլխուղեղի համապատասխան ենթաբաժինները, բերելով այս կամ այն հոգեկան նշանների առաջացմանը:

Անցավ ևս 3 շաբաթ, այցելուն հայտնվեց իմ սենյակում մի երիտասարդ կնոջ ուղեկցությամբ, պարզվեց, որ երկար ժամանակ հավանում էր այս աղջկան, բայց չէր համարձակվել մոտենալ: Հիմա միասին էին, և կինը պատրաստ էր ամեն ինչով աջակցել բուժման ընթացքին: Պարզվեց նաև, որ այցելուն աշխատանքի առաջարկություն էր ստացել իր տան հարևանությամբ գտնվող մի ձեռնարկությունից:

4 ամիս անց այն օրվանից, երբ առաջին անգամ նա հայտնվեց մեր կլինիկայում, ես ստացա մի հեռախոսազանգ` -Բժշկուհի, կինս հղի է… Հուզվելու իմ հերթն էր: Ամեն անգամ, երբ այցելուն բուժվում է և լույս աշխարհ գալիս մի նոր մանուկ, աննկարագրելի հուզմունք է առաջանում մեջս և ուզում եմ ամբողջ ուժով բղավել.

-Սեռական հիվանդությունները ոչ անձի կամքով առաջացող հիվանդություններ են, անձը «մեղավոր» չէ իր հիվանդության համար, սեռական խանգարումները բուժելի են և գրեթե 100% դեպքերում վերականգնվում է սեքսուալ, ինչպես նաև մանկածնման ֆունկցիան, միայն թե պետք է ճանաչել այն ու հավատալ:

Փակել

© 2017 | ՆարինԷ Ներսիսյան | Բոլոր իրավունքները պաշտպանված են |

Besucherzahler
счетчик посещений