ՆԱՐԻՆԷ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Երկու հատվող բուրգերից ծնվում է Նորը

Tag: սեռական հարաբերություն

Անկեղծ զրույց` առողջ հարաբերություններ

Ինչո՞ւ մարդիկ չեն կարողանում առանց ամաչելու և անհարմար զգալու խոսել օրգազմի մասին: Ե’վ տղամարդիկ, ե’վ կանայք հաճախ դժվարությամբ են զրույց ծավալում սեռական հարաբերությունների, հատկապես, օրգազմի մասին: Միամիտ, անպարկեշտ կամ անհեթեթ երևալու վախը դրդում է, որ շատերն այս հարցում որդեգրեն պաշտպանողական մարտավարություն և նույնիսկ դիմեն այնպիսի ծայրահեղ անհեթեթ հնարքների` ինչպես հումորն ու սարկազմն են: Այս կերպ շատերը փորձում են շեղել, խուսափել կամ խեղաթյուրել առկա խնդրրը: Սեռական կարիքների, ցանկությունների ու մտահոգությունների շուրջ անհրաժեշտ քննարկման հանդեպ վախն ու խուսափողականությունը կարող է հիմնովին վնասել ու խաթարել մտերիմ ու ջերմ փոխհարաբերությունները: Երկարատև հարաբերությունների ընթացքում զույգերն անցնում են կյանքի տարբեր փուլեր և հաղթահարում տարատեսակ մարտահրավերներ` հղիություն, երեխայի ծնունդ, առողջության կորուստ, ծերացում և հենց այս պարագայում է, որ սեռական հարաբերությունների շուրջ անկեղծ քննարկումների ու զրույցների բացակայությունը կարող է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը կհանգեցնի մտերմության խաթարման, օտարացման ու հարաբերությունների վատթարացման:

Թեև գոյություն չունի օրգազմի վերաբերյալ զրույց ծավալելու համար որևէ հստակ ու կատարյալ ձևաչափ, որը կարելի է առաջարկել զույգերին, բայց մի բան անառարկելի է` բացառապես անօգուտ է նմանատիպ զրույցներն ու քննարկումները սկսել քննադատությամբ կամ մեղադրանքով: Առավել նպատակահարմար է զրույցի մեկնարկը տալ հաճոյախոսությամբ, օրինակ` «Ինձ իսկապես շատ է դուր գալիս, երբ դու…» կամ «Ինձ համար հաճելի է, երբ դու…» կամ նմանատիպ այլ ոգևորող ձևակերպումներ: Փոխադարձ վստահության և հարգանքի շնորհիվ կարելի է հաղթահարել ամաչկոտությունը և ծավալել արդյունավետ քննարկում: Սեռական ցանկությունների, նախապատվությունների, համոզմունքների շուրջ զրույցն ու քննարկումը կարող են ջերմ և անկեղծ փոխհարաբերությունների ձևավորման կարևոր նախապայման դառնալ և ձևավորել այնպիսի մտերմություն, որով զույգերը կուզենան կիսվել հենց օրգազմի պահին:

Պետք է միշտ փայփայել ու սրտացավությամբ պահպանել առողջ սեռական հարաբերությունները: Սեքսը մեր ողջ կյանքի ընթացքում զբաղեցնում է կարճ ժամանակ, բայց այն շատ կարևոր ժամանակ է:

Պաշտպանվել հղիությունից

Հղիություն անալ սեքսից

1. Բարև Ձեզ: Ես մոտ մեկ ու կես ամիս առաջ ընկերուհուս հետ զբաղվել եմ անալ սեքսով: Ընթացքում ոչ մի խնդիր չի առաջացել: Դրանից 3-4 օր հետո էլ նրա մոտ նորմալ հունով ընթացել է դաշտանի փուլը: Վերջերս էլ ինչ-որ տեղ կարդացել եմ, որ անալ սեքսից հետո հնարավոր է սերմնահեղուկը ուղիղ աղիքի պատով ներթափանցի արգանդ, ու տեղի ունենա բեղմնավորում: Արդյո՞ք իրականում նման բան հնարավոր է: Եթե այո, ապա ինչքա՞ն ժամանակ կարող է այդ ներթափանցումը տեղի ուենանլ: Հարցս տալիս եմ, որովհետև այս ամսվա ընթացքում նրա մոտ դաշտանի փուլը արդեն մոտ մեկ շաբաթ է, եթե ոչ ավել, ուշանում է, ու ես մտավախություններ ունեմ, որ նա կարող է հղի լինել: Նախապես շնորհակալ եմ:

Պատասխան

Անալային սեքսից հնարավոր է հղիանալ, բայց ոչ ձեր նկարագրած մեխանիզմով, այլ հետանցքից դեպի հեշտոցամուտք սերմնահեղուկի հոսքով և սերմնաբջիջների ակտիվ շարժմամբ դեպի հեշտոց և արգանդ։

Փակել

Վերջացնել դրսում

1. Բարև Ձեզ: Ուզում էի մեկ հարց տալ. սեռական հարաբերության ավարտին ամուսինս ձեռքով է ավարտում սերմնաժայթքումը՝ այդ ձևով հղիությունից խուսափելու համար: Ուզում եմ իմանալ՝ դա նորմա՞լ է: Շնորհակալություն:

Պատասխան

Բարև ձեզ: Իհարկե որպես հղիությունից խուսափելու ձև այն գուցե և հարմար է, սակայն դա կարող է վնասել նրա սեռական առողջությունը, ինչպես նաև ձերը՝ հատկապես այս մեթոդի երկարատև կիրառման դեպքում, քանի որ նյարդային համակարգը սովորում է գրգիռների մի տեսակին և հետագայում այլ տեսակի գրգիռները գուցե և բավարար չլինեն սերմնաժայթքման ռեֆլեքսն առաջացնելու համար: Ուստի խորհուրդ չի տրվում այս ձևով կանոնավոր հղիությունից պաշտպանվել, հարկավոր է գտնել այլ միջոց:

Փակել

Վերջացնել ձեռքով

1. Բարև Ձեզ: Ուզում էի մեկ հարց տալ: Սեռական հարաբերության ավարտին ամուսինս ձեռքով է ավարտում սերմնաժայթքումը` այդ ձևով հղիությունից խուսափելու համար: Ուզում եմ իմանալ դա նորմա՞լ է: Շնորհակալություն:

Պատասխան

Բարև ձեզ: Իհարկե որպես հղիությունից խուսափելու ձև այն գուցե և հարմար է, սակայն երկարատև կիրառման դեպքում դա կարող է վնասել նրա սեռական առողջությունը, ինչպես նաև ձերը, քանի որ նյարդային համակարգը սովորում է գրգիռների մի տեսակին և հետագայում այլ տեսակի գրգիռները գուցե և բավարար չլինեն սերմնաժայթքման ռեֆլեքսն առաջացնելու համար: Ուստի խորհուրդ չի տրվում այս ձևով կանոնավոր հղիությունից պաշտպանվել, հարկավոր է գտնել այլ միջոց:

Փակել

Օրացուցային հակաբեղմնավորում

Դաշտանից հետո քանի՞ օր կարելի է զբաղվել սեքսով առանց պահպանակի և չհղիանալ… Եվ խնդրում եմ ասեք՝ հղիության ընդհատումից անմիջապես հետո կարելի՞ է սեռական հարաբերություն ունենալ, թե՞ պետք է որոշ ժամանակ անցնի:

Պատասխան

Դաշտանի առաջին օրվանից մինչև 10-րդ օրն անվտանգ է (եթե ձեր ցիկլը կանոնավոր է): Իսկ հղիության ընդհատումից հետո ցանկալի է առնվազն մեկ ամիս սպասել, հետո միայն վերսկսել սեռական կյանքը:

Փակել

Սեռական անկարողություն

Այցելուի հիմնական գանգատը սեռական անկարողությունն էր: 37 տարեկան էր, ամուսնալուծվել էր, կնոջ ծնողները խայտառակ ձևով հետ էին տարել իրենց դստերը: Երբեք չէր դիմել բժշկական խորհրդատվության, քանի որ ֆինանսական կարիքի մեջ էր: Այցելուն հաճախում էր կյանքի խոսք եկեղեցի արդեն 10 տարուց ավել: Իր խոսքերով` աստված էր իրեն պատժել, քանի որ երիտասարդ տարիներին չարաշահել էր ինքնաբավարարումը և բորբոքել աստծու բարկությունը իր նկատմամբ: Վաղուց հաշտվել էր իր սեռական անկարողության /սեռական թուլության/ և աղքատության հետ, գտնում էր, որ երբևէ հաջողություն չի ունենա կյանքում, չի ամուսնանա և ունենա ընտանիք` կին, երեխաներ: Միակ հույսը դրել էր Աստծո բարեհաճության վրա, իր խոսքերով աստված մի օր հրաշք կանի:

Կարդալ ավելին

Ինձ մոտ այցելուն հայտնվեց ոչ իր նախաձեռնությամբ, այլ` մոր և քրոջ: Իմ բոլոր փորձերը նրան հասկացնելու, որ ինքը պատժված չէ աստծո կողմից, այլ չի կարողանում սեռական կյանքով ապրել այն պատճառով, որ ունի հիվանդություն, որի համար ինքը ամենևին պատասխանատու չէ, քանի որ իր ընտրությունը չէ, բոլոր իմ համոզումները, որ 100 % դեպքերում իր հիվանդությունը բուժելի է, ապարդյուն անցան, ինչպես և լինում է բոլոր այն դեպքերում, երբ այցելուն չի գալիս իր նախաձեռնությամբ, այլ մեկ ուրիշի:

Այցելուն ընկճված էր, ճնշված տրամադրության մեջ: Ոչ մի հույս չուներ, որ լավ կլինի, մռայլ վհատությունը լրիվ կուրացրել էր նրան,-Ինձ միայն Աստված կարող է օգնել, ուրիշ ոչ մեկ: Անվստահությամբ նայում էր ինձ ու նկատեցի, որ աչքերի մեջ կատաղության փայլ երևաց, -ուրիշ ոչ մեկ, հասկանու՞մ եք, գոռաց նա հանկարծակի կատաղությամբ, -ես հիվանդ չեմ, ինձ հիվանդ են դարձրել այն աղջկա ծնողները, որ տարան կնոջս ինձանից,-կատաղած վեր բարձրացավ աթոռից ու դուրս եկավ սենյակից` դուռը հետևից այնպես շրմփացնելով, որ գաջի մի քանի ծեփակտոր թափվեցին գետնին:

Հասկացա, ինչ է կատարվում: Վիճակը շատ լուրջ էր, պետք էր անհապաղ մի բան անել: Անհանգստացած վեր կացա, որ դուրս գամ միջանցք և խնդրեմ մի վերջին խոսք ասել նրան: Բայց նա ինքը ներս մտավ ու մի պահ քիչ մնաց բախվեինք իրար:

-Կներեք բժշկուհի, -մեղավոր հայացքով նայեց ինձ, ու արցունքի կաթիլները սկսեցին հորդել աչքերից: Դեմքը թաքցրեց ափերի մեջ և հուզմունքի երկար րոպեներ հաջորդեցին իրար:

Փորձելով յուրաքանչյուր բառս կշռադատել, ծանր ու թեթև անել, հնարավորինս մեղմ ձայներանգով ասեցի`

-Ես հասկանում եմ, ինչքան դժվար է ձեր վիճակում գտնվելը, դուք իսկապես հզոր անձնավորություն եք, որ կարողացել եք տանել ձեր կյանքի բոլոր ծանր ապրումները: Մեկ ուրիշը ձեր փոխարեն կարող էր և չդիմակայել այնպես հերոսաբար, ինչպես դուք եք արել: Ու հետո, փոքր ինչ ավելի լուրջ տոնով, շարունակում եմ`այո, դրանք աստծո պատիժն են ձեր կյանքում, ու ձեզ մնում է միայն աղոթել աստծո բարեհաճության համար ու ես էլ ձեր հետ կաղոթեմ: Բայց չեք կարծում, որ հենց հիմա դուք շարունակում եք նույն բանն անել` բորբոքել Աստծու բարկությունը` չհարգելով ձեր մորը, որ տարիքն առած կին է, ու մեծ դժվարությամբ եկել-հասել է այստեղ հանուն ձեզ, հանուն ձեր առողջության: Ինչու հանուն ձեր մոր, չփորձել մի քանի բժշկական հետազոտություն անցնել: Ձեր մայրը կուրախանա դրանից ու դուք կշահեք աստծո ներողամտությունը:

Կարծես ինչ-որ բան շարժվեց, աչքերի մեջ հայտնվեց հույսի նշույլ:

-Լավ, ի՞նչ պետք է անեմ:

Անմիջապես թղթի վրա գրեցի այն բոլոր հետազոտությունները, որոնք կարող են օգտակար ինֆորմացիա տալ իր հիվանդության ախտորոշման և բուժման կազմակերպման համար:

Թուղթը մեկնեցի նրան, վերցրեց, ուշադիր կարդաց ու խոստացավ անցնել բոլոր հետազոտման սենյակներով:
Մի քանի օր անց, հետազոտությունների արդյունքների հիման վրա պարզվեց, որ առկա է արտահայտված բորբոքում ներքին սեռական օրգաններում, հորմոնալ որոշակի տեղաշարժ և նյարդային համակարգի ախտահարման ցուցանիշներ:

Մշակվեց բազմափուլանի բուժում:

Անցավ երեք շաբաթ, այցելուն եկավ ադեկվատ հագնված, աչքերը փայլում էին, դեմքը լուսավորվել էր: Եկավ առանց ուղեկցության, իր կամքով և հայտնեց, թե ինչքան սրտատրոփ սպասել էր մեր հանդիպմանը: Կարծես թե դրական տեղաշարժեր կան, -ասաց նա ուրախությամբ,- կենդանության նշաններ եմ զգում մարմնիս մեջ:

Խոսակցությունը շրջվեց դեպի իր մեղքի զգացումը, նա հայտնեց, որ դեռ պատանի հասակում միշտ լսել է իր ընկերներից ու ծնողներից, որ ձեռնաշարժությունը ծանր մեղք է, որ մարդիկ, ովքեր զբաղվում են դրանով, անդառնալի վնաս են հասցնում առողջությանը, այդ պատճառով ամեն անգամ այդ միջոցին դիմելուց հետո ծանր մեղքի զգացում էր ունենում: Յուրաքանչյուր հաջորդ անգամ սեռական կիրքը այնքան ուժեղ էր լինում, որ չէր կարողանում դիմակայել դրան ու հարկադրաբար կրկին զբաղվում էր ինքնաբավարարմամբ:

Բժշկական տեսանկյունից միանշանակ կարելի է ասել, որ կան ինքնաբավարարման ձևեր, որոնք ոչ մի ձևով հիվանդագին համարել չի կարելի, այլ ընդհակառակը` նույնիսկ ցուցված են, որպեսզի խուսափել լուրջ հիվանդագին վիճակների առաջացումից: Դրանք են պատանեկան տարիքի ինքնաբավարարումը, փոխարինող ինքնաբավարարումը: Այս դեպքերում ձեռնաշարժությունը հանում է սեռական լարվածությունը և վերականգնում ներքին մարմնական և հոգեկան հավասարակշռության զգացողությունները:

Պատանեկան տարիների ձեռնաշարժությունը հատկապես մեղքի զգացումով է արմատավորվում այն անձանց մոտ, ում միկրոսոցիալ շրջանում բացասական վերաբերմունք է իշխում սեռական դրսևորումների հանդեպ և երեխաներին հաղորդում են այն սխալ համոզումը, որ աստված պապիկը կբարկանա, եթե դու չարություն անես ու կպատժի քեզ:

Հոգևոր գործիչները ինձանից լավ կբացատրեն, թե ինչ տեսակ կործանարար ազդեցություն է ունենում մանկական հոգեբանության վրա աստծո մասին այս տեսակ պատկերացում ստեղծելը:

Սեքսոլոգները կարող են հավաստել, որ ոչ պակաս կործանարար է ազդում հակասեքսուալ դիրքորոշումը ընտանիքում և սեքսուալ դրսևորումների ճնշումը մանկական և պատանեկան տարիներին, ինչպես նաև ավելորդ մեղքի զգացումը, որը հետագայում տարածվում է նաև նորմալ ֆիզիոլոգիական դրսևորումների վրա` սեռական և, ինչու չէ, հոգեկան հիվանդությունների պատճառ դառնալով: Եթե այսպիսի մթնոլորտում մեծացող երեխան ունի նաև հորմոնալ անբավարարություն, ասենք սոմատոսեքսուալ զարգացման ուշացում, և/կամ անձնային որոշակի գծեր` ամաչկոտություն, ինքնամփոփություն, ինքնավերլուծման և ինքնաքննադատման հակվածություն և այլն, ապա շատ մեծ է հավանականությունը, որ կզարգանա որևէ սեռական խանգարում: Սովորաբար այս տեսակ անձանց մոտ անխուսափելի են նաև սեռական օրգանների տեղային ախտահարումները, որոնք իրենց հերթին խորացնում են հիվանդության ընթացքը: Մեծ հավանականությամբ ախտաբանական գործընթացի մեջ է ընդգրկվում նաև նյարդային համակարգը և գլխուղեղի համապատասխան ենթաբաժինները, բերելով այս կամ այն հոգեկան նշանների առաջացմանը:

Անցավ ևս 3 շաբաթ, այցելուն հայտնվեց իմ սենյակում մի երիտասարդ կնոջ ուղեկցությամբ, պարզվեց, որ երկար ժամանակ հավանում էր այս աղջկան, բայց չէր համարձակվել մոտենալ: Հիմա միասին էին, և կինը պատրաստ էր ամեն ինչով աջակցել բուժման ընթացքին: Պարզվեց նաև, որ այցելուն աշխատանքի առաջարկություն էր ստացել իր տան հարևանությամբ գտնվող մի ձեռնարկությունից:

4 ամիս անց այն օրվանից, երբ առաջին անգամ նա հայտնվեց մեր կլինիկայում, ես ստացա մի հեռախոսազանգ` -Բժշկուհի, կինս հղի է… Հուզվելու իմ հերթն էր: Ամեն անգամ, երբ այցելուն բուժվում է և լույս աշխարհ գալիս մի նոր մանուկ, աննկարագրելի հուզմունք է առաջանում մեջս և ուզում եմ ամբողջ ուժով բղավել.

-Սեռական հիվանդությունները ոչ անձի կամքով առաջացող հիվանդություններ են, անձը «մեղավոր» չէ իր հիվանդության համար, սեռական խանգարումները բուժելի են և գրեթե 100% դեպքերում վերականգնվում է սեքսուալ, ինչպես նաև մանկածնման ֆունկցիան, միայն թե պետք է ճանաչել այն ու հավատալ:

Փակել

© 2017 | ՆարինԷ Ներսիսյան | Բոլոր իրավունքները պաշտպանված են |

Besucherzahler
счетчик посещений