Առաջին անգամը խմած վիճակում

1. Բարև Ձեզ տիկին Նարինե: Ինձ միայն մի հարց է շատ տանջում: Ինձ հետ մի դժբախտ, եթե կարելի է այդպես ասել, դեպք է տեղի ունեցել: Հիմա անգամ զզվանք եմ զգում, երբ պետք է խոսեմ այդ մասին: Սիրածս տղան հրավիրեց ինձ սուրճ խմելու մի վայրում, որտեղ մարդ չէր խանգարի: Մի քիչ խմեցինք և չգիտեմ թե ինչպես տեղի ունեցավ: Բայց այստեղ գլխավոր հարցը՝ մենք բաժանվեցինք զուտ այն պատճառով, որ ինձ հետ տեղի ունեցածի ժամանակ արյունահոսություն չեղավ ու նա կարծեց թե առաջին անգամը չէ: Սա ինձ համար շա~տ բարդ խնդիր է: Ես շատ եմ կարդացել այս մասին և գուցե հասկանում եմ, բայց հիմա, երբ նա չկա, աջքիս ոչ ոք չի գալիս և նաև մի տեսակ զզվանք եմ ապրում տղամարդկանցից:

Պատասխան

Ինձ համար մեծ ցավ է լսել նման պատմություն: Երկար մտածելուց հետո հարգելի նամակագիր, խնդիրը տեսնում եմ հենց ձեր մեջ: «Չգիտեմ էլ ինչպես տեղի ունեցավ»-ը խոսում է հոգեսեքսուալ խորը ինֆանտիլության մասին (Ինֆանտիլություն-թարգմանաբար մանկամտություն), Նշանակում է դուք չեք ճանաչում ձեր սեռական կիրքը, չունեք իմացություն տղամարդու սեռական ցանկությունների, սեռական վարքի մասին: Այդ պահին ձեզ առաջնորդել են տարերային ուժերը, դուք բոլորովին գիտակից չեք եղել ձեր կյանքի ամենապատասխանատու քայլն անելիս: Ոգելից խմիչքի ազդեցությունը խորացրել և նպաստել է գիտակցության ի սպառ անջատմանը:Սեռական նման վարքը, երբ զուգընկերներից մեկը անգիտակից է, կարելի է համարել սեռական բռնության մի ձև, ինչը կնշանակի որ դուք սեռական բռնության «զոհ» եք դարձել: Դա մեծ սթրես է հոգեկանի համար և զզվանքը տղամարդկանցից այն պաշտպանական միջոցն է, որով դուք այժմ պաշտպանվում եք: Սա շատ լուրջ խնդիր է, որը հետագայում մեծ բարդությունների առաջ կարող է կանգնեցնել: Պատմությունը բարդացել է նրանով, որ կուսազրկումը արյամբ չի ուղեկցվել, մի հանգամանք, որը պայմանավորված է կուսաթաղանթի տեսակով՝ այն պարզապես շատ առաձգական է եղել և պատռվելու փոխարեն լայնացել է՝ բացելով մուտքը դեպի հեշտոց: Տղայի կողմից կուսության կասկածը և դրա պատճառով ձեզ լքելը կրկնակի հարված է եղել ձեր հոգեկանի համար, հատկապես եթե նա ձեզ համար կարևոր և մտերիմ անձ է եղել, ում վստահել եք: Կարծում եմ խնդիրը, որի առաջ կանգնած եք մասնագիտական միջամտության կարիք ունի, որպեսզի այս պատմությունից կարողանք առողջ դուրս գալ՝ առանց տրավմայի:

Փակել

Սեռական բռնություն

Դեռ փոքր տարիքում՝ ընկնելով վատ, շատ վատ շրջապատ, գուցե իմ կամքից ակախ գուցե իմ կամքով, մի քանի սեռական հարաբերություններ եմ ունեցել, իսկ ավելի շուտ դրանց մի գուցե հարաբերություն էլ չի կարելի անվանել, սեռական ինչ-որ մի բան: Դա եղել է մինչև 8-9 տարեկան, դրանից հետո ինչ-որ անհասկանալի հանգամանքներում սկսեցի ձեռնաշարժությամբ զբաղվել: Թեպետ հիիմա հնարավորինս քիչ, նույնիսկ ընդհանրապես չեմ զբաղվում, անկեղծ ասած, անգամ վերջերս եմ իմացել, որ այդ երևույթը որպես այդպիսին ՙՙՁեռնաշարժություն՚՚ կկոչվի: Ինչևէ: Ինձ հիմա, իսկապես, շատ անհանգստացնում է մի հարց, արդյոք հնարավոր է կուսությունից զրկվել այդ տարիքում, ինչ-ոչ չբավարարված սեռական գործողության ժամանակ: Խնդրում եմ, հնարավորության դեպքում ինձ անպայման օգնել, այս հարցն ինձ համար իսկապես մղձավանջային է դարձել:

Պատասխան

Ցավալի է լսել, որ երեխան սեռական կյանքի մեջ է ընդգրկված եղել, դա միանշանակ եղել է ոչ ձեր կամքով, դուք այդ տարիքում չէիք կարող գիտակցական սեռական գործողություններ կատարել, ուստի և չէր կարող դրսևորվել ձեր կամքը: Ձեր հետ եղածը այլ կամքի, այլ գիտակցության իրագործում է եղել, դուք այդտեղ միանշանակ զոհի կարգավիճակում եք եղել, իբրև միջոց, ում օգտագործել են սեռական շահադիտությամբ: Սարսափելին այն է, որ նման տիպի շահարկման ենթարկելով՝ քմահաճորեն ձև են տվել ձեր սեռական մղումին, ձեր մեջ ձևավորելով որոշակի սեռական հակումներ և սովորություններ, որոնց հետ դուք ստիպված եք հիմա ապրել: Ձեռնաշարժությունը այդ սովորություններից մեկն է: Ձեր սեռականությունը խեղաթյուրվել է և ձեր ձևավորման մեջ այսպիսով տեղ են գտել երևույթներ, որոնք ձեր հետ անքան էլ կապ չունեն, թեև դուք դրանց վերաբերվում եք իբրև սեփական զգացողություններ և ցանկություններ: Կուսաթաղանթի խնդիրը ձեր դեպքում ամենաաննշան հարցն է, որը ձեզ պիտի հուզի, վնասվել է այն թե ոչ, բոլորովին էական չէ, քանի որ կան շատ ավելի հիմնավոր և առողջությանը վերաբերող հարցեր, որոնք պետք է լուծում ստանան առաջնահերթ: Իսկ եթե այնուհանդերձ կուզենաք կուսաթաղանթի ամբողջականությունը ստուգել, ապա պետք է դիմեք մասնագետին, դա շատ հեշտ հետազոտություն է՝ զննում անզեն աչքով՝ գինեկոլոգիական բազկաթոռում։

Փակել


Առաջին սեռական հարաբերություններս ունեցել եմ 12 տարեկանում, անծանոթ տղայի հետ, 3 անգամ, ում այլևս երբեք չեմ տեսել: Դրանից հետո սեռական կյանքով չեմ ապրում: Այժմ 19 տարեկան եմ, 2 տարի է ընկեր ունեմ, բայց սեռական ցանկություն չեմ ունենում երբեք: Ինքանաբավարարմամբ չեմ զբաղվում և սեքսի մասին մտքերն անգամ տհաճ են ինձ: Արդյո՞ք դա կարող է կապված լինել նրա հետ, որ վաղ տարիքում եմ ունեցել առաջին հարաբերություններս: Նախապես շնորհակալություն:

Պատասխան

Այո, հնարավոր է։ Խնդիրն այստեղ նրանումն է, որ 12 տարեկանում պատանին իր կամքով և գիտակից որոշմամբ չի կարող սեռական կապ ունենալ տղայի հետ: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այդ տարիքի աղջիկները հաճախ չեն էլ պատկերացնում՝ ինչ է կատարվում իրենց հետ, կարելի է ասել նրանք սեռական ոտնձգության զոհ են դառնում: Նման դեպքերում սեռական զզվանքը պաշտպանական միջոց է այն ցավի դեմ, որը դուք չեք ուզում վերապրել կապված այդ տղայի՝ ձեր հանդեպ գործած բռնության հետ: Հնարավոր է դուք ունեք հետտրավմատիկ սթրեսային խանագարում և սեռական ցանկության արգելակում, հոգեսեռական առողջության լուրջ խնդիրներ, որոնք պարտադիր կերպով մասնագիտական միջամտություն են պահանջում ապագա ընտանիքում սեռական ներդաշնակ կյանք ունենալու համար:

Փակել