ՆԱՐԻՆԷ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Երկու հատվող բուրգերից ծնվում է Նորը

Tag: սեքսոլոգ

Գլխավոր

ՆարինԷ Ներսիսյան

ՆարինԷ Ներսիսյան

Զույգային հարաբերությունների բժիշկ, սեքսոլոգ, հոգեթերապևտ, ԼԳԲՏ խորհրդատու, սեռական դաստիարակության փորձագետ, դասախոս, հետազոտող

Ողջույն

Ուրախ եմ այս տիրույթում ընթերցողի ուշադրությանը ներկայացնել բազմամյա աշխատանքային գործունեությանս պտուղները և կիսվել մասնագիտական փորձառության ձեռքբերումներով՝ հետամուտ լինելով օգնել բոլոր նրանց, ովքեր ունեն սեռական առողջության, հարաբերություների և ամուսնական ներդաշնակության հետ կապված խնդիրներ՝ ոչ լիարժեք սեռական կյանք, զույգային հաղորդակցման դժվարություններ, ընտանեկան կյանքում հարաբերությունների ու շփման դժվարություններ, սեռական հարաբերության իրականացման խանգարումներ, սեռական հակման անհանգստություններ՝ կապված «սխալ սեռի» և տարիքի զուգընկերոջ հանդեպ սեռական գրավչությամբ, սեռային ինքնության հաստատման ձախողումներ, սեռական բարդույթներ, կաշկանդվածություն, ձանձրույթ, դավաճանության հետևանքով զուգընկերոջ կորստի վտանգ, ընտանիքը պահպանելու հուսահատություն, անպտուղ ամուսնություն:

Չնայած սեռական առողջության հետ կապված խնդիրների բազմազանությանը, որը պայմանավորված է մարդու սեռականության համընդգրկուն բնույթով՝ սկսած սոցիալ-մշակութային արժեքներից, կրոնա-քաղաքական մոտեցումներից, հոգեկան ոլորտի բարձրագույն կարգավորիչներից մինչև բջջաթաղանթում տեղակայված պրոտեինների բիոքիմիական տրանսֆիգուրացիաներ, վստահեցնում եմ, որ ճիշտ մոտեցման պարագայում բոլոր վերոնշյալ խնդիրները ԼՈՒԾԵԼԻ ԵՆ։

Սեքսոլոգիան բժշկության միակ բացառիկ մասնագիտությունն է, որտեղ օգնության դիմողին «հիվանդ» չեն անվանում գուցե այն պատճառով, որ սեռական խնդիր ունեցող մարդն ավելի հիմնարար հարցադրման առջև է կանգնած, քան միայն սեռական ֆիզիոլոգիայի վերականգնումը։ էրոտիկ-սեքսուալը մարդկային էության այն ոլորտն է, որտեղ ծնվում են բազմաթիվ հարցեր կապված մարդկային ինքնության հետ։ Կենդանին իր բնազդի կույր կրողն է և դրա բավարարումը որևէ հարց չի առաջացնում, նրան չի հուզում՝ «ո՞վ եմ ես» հարցը, մինչդեռ Մարդու սեռականությունը հենց այդ հարցադրման պատասխանին տանող կարևոր անցումային ու, թերևս, ամենավերջին օղակն է, որին հետևում է ներդաշնակության ու խաղաղ հարաբերությունների հաստատումը՝ սեռական առողջացմամբ ու ինքնադրսևորմամբ։

Հանդիպում

Ում դիմել` սեքսոլոգի՞ն, թե՞ հոգեբանին

Հաճախ միջսեռային հարաբերություններում դժվարություն ունեցեղ մարդիկ չեն կողմնորոշվում` ով ավելի օգտակար խորհուրդ կտա իրենց` հոգեբա՞նը, թե՞ բժիշկ-սեռաբանը, այսինքն` սեքսոլոգը: Սովորաբար ընդունված է, որ բժշկին այցելում են այն դեպքերում, երբ, կոպիտ ասած, ինչ-որ տեղդ ցավում է: Սեռական խնդիրների և սեռային հարաբերությունների հարցում պատկերը մի փոքր այլ է: Քանի որ միջսեռային դժվարությունները մարդուն հոգեկան տառապանք են պատճառում, նա հաճախ մտածում է, որ իր խնդիրը հոգեբանական է և օգնության է դիմում հոգեբանին: Եվ իրոք, շատ դեպքերում հոգեբանը մեծ արդյունավետությամբ օգնում է հաղթահարել անինքնավստահությունը, անլիարժեքությունը, օգնում է բարձրացնել ինքնագնահատականը:

Սակայն, գոյություն ունի այն սխալ պատկերացումը, որ եթե միջանձնային հարաբերություններում ամեն ինչ կարգին է, այսինքն՝ զույգի միջև առկա է փոխադարձ հասկացողություն, սեր և հարգանք, ապա նրանց սեռական կյանքում ամեն ինչ կարգին է:

Կարդալ ավելին

Կլինիկական փորձը ցույց է տալիս, որ իրականությունը բոլորովին այլ է: Բժիշկ-սեքսոլոգին դիմում են բազմաթիվ զույգեր, որոնք ունեն շատ ջերմ հարաբերություններ, սիրում և փայփայում են միմյանց, բայց փաստացի, անկողնում ոչինչ չի ստացվում: Սիրո զգացումի առկայությունը գուցե և պարտադիր պայման է սեռական մերձեցման համար, սակայն միայն սերը բավարար չէ:

Սեռական հարաբերություններում և, հատկապես սեռական ակտի ընթացքում, բացի հոգեկան գործընթացներից, մասնակցում են նաև մի շարք ֆիզիոլոգիական մեխանիզմներ: Սեռական ցանկության առաջացումը, սեռական գրգռումը և օրգազմն ունեն իրենց մարմնական հիմքը: Այստեղ անհրաժեշտ է նյարդային միջնորդանյութերի, անոթների, հորմոնների, մկանների համատեղ և ներդաշնակ համագործակցություն, որպեսզի սեռական հարաբերությունն անխափան ընթացք ունենա՝ ցանկության առաջացումից մինչև օրգազմ: Ֆիզիկական տարաբնույթ շեղումները, որոնք հաճախ տեսանելի չեն, խափանում են սեռական ֆունկցիայի ֆիզիոլոգիան, որն էլ իր հերթին արժանանալով մարդու ոչ առողջ մեկնաբանությանը` բերում է բացասական հույզերի առաջացման և վերոնշյալ ֆիզիոլոգիական շեղումների ամրապնդման:

Հոգին ու մարմինը համատեղ են գործում և այս միասնությունը հատկապես ակնհայտ և ընդգծված է մարդու սեռական գործառույթի մեջ։ Մարդու բոլոր սեռական խանգարումները կամ դժվարությունները հոգեմարմնական բնույթ ունեն:

Սեռական դժվարությունների և հոգեսեռական անբավարարվածության զգացումը պետք է գիտակցվի զույգերի կողմից և կարևորվի իբրև խնդիր, քանի որ այն դառնում է ոչ միայն հարաբերությունների քանդման, այլ նաև մարմնական հիվանդությունների առաջացման պատճառ և նպաստում է կյանքի որակի իջեցմանը:

Ուստի մի վարանեք դիմել օգնության, եթե առկա են անգամ թեթև խնդիրներ։ Պրոֆեսիոնալ օգնությունն այս հարցում անգնահատելի բարիք կբերի ձեր ինտիմ կյանքում, հարաբերություններում և կյանքի մյուս բոլոր ոլորտներում։

Փակել

© 2017 | ՆարինԷ Ներսիսյան | Բոլոր իրավունքները պաշտպանված են |

Besucherzahler
счетчик посещений