ՆԱՐԻՆԷ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Երկու հատվող բուրգերից ծնվում է Նորը

Tag: վախ կուսազրկումից

Վագինիզմ և ներթափանցման խանգարումներ

Վագինիզմը պատկանում է փսիխոգեն սեռական խանգարւմների շարքին, որի ժամանակ բացակայում են սեռական համակարգի օրգանական ախտահարումները:

ԲՆՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Վագինիզմը դա կրկնվող կամ մնայուն սեռական խնդիր է, որի ժամանակ ոչ կամովի սպազմատիկ կծկվում է հեշտոցի արտաքին մեկ երրորդը՝ անհնարին դարձնելով սեռական հարաբերությունը: Այն մեծ անհանգստություն է պատճառում անձին կամ առաջացնում միջանձնային խնդիրներ և պայմանավոևված չէ որևէ այլ հիվանդության առկայությամբ:

Ծանր դեպքերում կծկվում են ոչ միայն հեշտոցի արտաքին մեկ երրորդի, այլ նաև կոնքի հատակի, ազդրերի ու որովայնի առաջային պատի մկանները` սեռական ակտի փորձի և անգամ այդ մասին մտածելու ժամանակ: Առանձնացնում են վագինիզմի 3 աստիճան.

1.Կծկումներն առաջանում են սեռական անդամի ներհրման կամ գինեկոլոգիական հետազոտությունների ժամանակ:

2.Մկանային կծկումներն առաջանում են սեռական օրգանների շփման ժամանակ:

3.Մկանային կծկումներն առաջանում են այն մտքից, որ ունենալու են սեռական ակտ կամ հետազոտվելու են գինեկոլոգի մոտ:

Վագինիզմը կուսական ամուսնության՝ վիրգոգամիայի պատճառ է հանդիսանում: Ամուսնական զույգերը ապրում են համատեղ կենցաղային կյանքով իբրև պարզապես ընկերներ կամ քույր և եղբայր: Եվ միայն երեխա ունենալու ցանկությունն է, որ նրանց կարող է ստիպել դիմելու բժշկական օգնությանը:

Վագինիզմին ավելի հակված են այն կանայք, ովքեր ունեն հետևյալ բնավորության գծերը` էմոցիոնալ անկայունություն, կասկածամտություն, նեղացկոտություն, բարձր ներշնչվողականություն: Պետք է նշել նաև, որ նման կանանց մոտ ցավի ընկալման շեմքը շատ ցածր է:

Կարդալ ավելին

ՊԱՏՃԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԱԽՏԱԾԱԳՈՒՄԸ ԵՎ ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ

Կան մի քանի տեսություններ, որոնք փորձում են բացատրել վագինիզմի առաջացման պատճառները։ Հոգեվերլուծաբանները գտնում են, որ վագինիզմը միջոց է, որով կինը մերժում է կանացի դերի ստանձնումը, դիմադրում է տղամարդու սեռական առաջնայնության դեմ, պաշտպանական դիրք է ընդունում հոր հետ իրական կամ երևակայական ինցեստային կապի սպառնանքի դեմ, կանխում է երևակայության մեջ իր ամորձատման պատկերների հայտնվելը:

Կապլանի կարծիքով վագինիզմը կոնվերսիոն խանգարում է, որը տղամարդկանց հանդեպ թշնամանքի վերափոխման դրսևորումն է և անգիտակցական ցանկություն ամորձատելու նրանց, որով վրեժխնդիր կլինեն սեփական ամորձատման համար: Հաճախ վագինիզմը հանդես է գալիս հիստերիկ (կոնվերսիոն) մոնոախտանիշի ձևով, որին բնորոշ է կախվածությունը կոնկրետ իրավիճակից և զուգընկերոջից: Հիմնականում նման կանանց մոտ դիտվում է վագինիզմի 2-րդ և 3-րդ աստիճանը:

Իմացական-վարքային հոգեբանության տեսանկյունից վագինիզմը վախի հետևանքով զարգացող ռեակցիա է: Առնանդամի ներհրման պահին իրոք կարող է առաջանալ ցավային զգացողություն՝ կապված էռոտիկ գրգռվածության իջեցման հետ, որը լյուբրիկացիայի փսիխոգեն արգելակման հետևանք է, արդյունքում ցավի թեթևակի առաջացումը ամրապնդում է այն համոզմունքը, որ առնանդամի ներհրումը կապված է մեծ դժվարությունների՝ ցավի և դիսկոմֆորտի հետ, որն էլ ծնում է վախ ցավից և հակազդում սպաստիկ կծկման ձևով:

Որոշ հեղինակներ վագինիզմը, որի զարգացման հիմքում ընկած է վախը, անվանում են սեքսուալ ֆոբիկ նևրոզ: Սեքսուալ ֆոբիկ նևրոզ ասելով նրանք հասկանում են անհաղթահարելի վախ սեռական ակտից (կոիտոֆոբիա) կամ դեֆլորացիայից (դեֆլորացիոֆոբիա), որը սրանում է անմիջապես սեռական ակտի փորձի ժամանակ, դարձնելով անհնարին բուն ակտը և դեֆլորացիան: Նշված դեպքերում ի հայտ են գալիս էմոցիոնալ խանգարումներ` տագնապ, անհանգստություն, որի հետևանքով նման կանայք խուսափում են բոլոր այն իրավիճակներից, որոնց կարող է հաջորդել սեռական մերձեցումը, և որպես կանոն հրաժարվում են սեռական կյանքից ընդհանրապես:

Ֆոբիկ վագինիզմը ուղեկցվում է փսիխոէռոտիկ գրգռման արգելակմամբ, որն էլ բերում է լյուբրիկացիայի խիստ իջեցման և զարգանում է 3-րդ աստիճանի վագինիզմ:

Վագինիզմի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ ուշացած սոմատո-փսիխոսեքսուալ զարգացումը, «սխալ» սեռական դաստիարակությունը, անբավարար տեղեկացվածությունը, անցյալում սեքսուալ տրավմաները (սեռական հետապնդումներ), երբեմն նաև վախը հղիությունից: Կարևոր նշանակություն ունեն նաև միջանձնային հարաբերությունները: Բացասաբար է անդրադառնում զուգընկերոջ հանդեպ անվստահությունը:

ԲՈՒԺՈՒՄԸ

Վագինիզմի բուժման համար կիրառվում են մի քանի մեթոդներ՝ հիպնոտիկ-սուգեստիվ թերապիա, որն ուղղված է սեռական ակտից կամ գինեկոլոգիկան հետազոտությունից առաջ վախի զգացողության հանմանը, իմացական փսիխոթերապիա` ուղղված վագինիզմի առաջացման պատճառների բացահայտմանը, սեքս-թերապիա ըստ Masters Johnson-ի և Kaplan-ի, ինչպես նաև դեղորայքային բուժում և հեշտոցային լայնիչների կիրառում:

Փակել

Վագինիզմ

Ներթափանցման խանգարում

1. Բարև Ձեզ բժշկուհի: Ես 23 տարեկան եմ ու արդեն երկու ամիս է ամուսնացած եմ, սակայն ունենք հետևյալ խնդիրը. ամուսնուս առնանդամը մինչև վերջ առաջ չի գնում՝ հենց այդ պահին անտանելի ցավ եմ ունենում: Ինչի՞ց է այդպես, և ի՞նչ խորհուրդ կտաք: Նման պարագայում հնարավո՞ր է հղիանալ: Նախապես շնորհակալություն:

Պատասխան

Բարև Ձեր խնդիրը կապված է հեշտոցի մկանային լարվածության հետ, որը հասնում է ախտաբանական աստիճանի՝ փակելով հեշտոցի լուսանցքը: Այս խնդիրը ունի շատ խորքային պատճառ, որը ձեր գիտակցությունից դուրս է, դրա համար դուք ի զորու չեք տեսնել այն և հաղթահարել սեփական ուժերով, խնդիրը հոգեսեռական կոնֆլիկտ է, որը ծագել է ձեր զարգացման ընթացքում այն պահին, երբ ձեր սեռականության արթնացումը բախվել է ձեր բնության այդ դրսևորումը անընդունելի համարող արտաքին հեղինակավոր ազդեցությանը: Այդ ժամանակ դուք մերժել եք ձեր կանացի բնությունը վախից դրդված ու մինչ այսօր կրում եք այդ մերժման հետևանքները: Այս խնդիրը պահանջում է բուժում, որը նաև կօգնի հեշտ հղիացմանը, քանի որ այսպես հղիություն թեև չի բացառվում, բայց հավանականությունը շատ ցածր է:

Փակել

2. Ես արդեն երկու տարի է ամուսնացել եմ, բայց այդպես էլ սեռական հարաբերություն չեմ ունեցել վախիս պատճառով, մի քանի տարբեր բժիշկների մոտ բուժում եմ անցել, բայց անարդյունք: Հնարավոր է իմ մոտ անբուժելի խնդիր կա:

Պատասխան

Հավանաբար ձեզ մոտ բուժել են վագինիզմ կոչվող հիվանդությունը, մինչդեռ ձեզ մոտ առկա է այլ հիվանդություն։ Ի դեպ այսօր, ժամանակակից գիտության հետազոտություններով պարզ է դարձել, որ վագինիզմը ունի մի քանի ենթատիպեր, որոնց բուժումները տարբեր են։ Պետ ք է ասել, որ այսօր վագինիզմ դիագնոզը ընդհանրապես փոխարինվել է ներթափանցման խանգարում ախտորոշմամբ և դրա պատճառն այն է, որ երբեմն ներհրման անհնարինության խնդիրը ոչ թե հեշտոցամուտքի մկանների ակամա սպաստիկ կծկումն է, այլ ներթափանցման նկատմամբ ֆոբիկ նյարդային ռեակցիան, այսինքն անհիմն ու անկառավարելի վախը: Այս դեպքում բուժումն ուղղված է ոչ թե բուն վագինիզմին, այլ այդ ֆոբիայի հաղթահարմանը, որը բոլորովին այլ կարգի բուժում է: Հիմնականում այստեղ կիրառվում է հոգեթերապիայի մեթոդը, ընդ որում հոգեթերապիայի տարբեր եղանակներ, իհարկե կան նաև դեղեր, որոնք կասեցնում են այդ ֆոբիկ ռեակցիան: Ոչ մի դեպքում մի հուսահատվեք, այլ շարունակեք ձեր բուժումը:

Փակել

Վագինիզմ

1. Հարգելի բժիշկ ես արդեն 20 օր է ինչ ամուսնացած եմ, բայց սեռական հարաբերություն տեղի չի ունենում (կուսազրկում), որի պատճառը իմ լարվածությունն է, շատ եմ լարվում և առնանդամը չի ներթափանցում, ես նախապես տրամադրվում եմ, որ չլարվեմ, սակայն դա ներքուստ է ստացվում, խնդրում եմ կարող եք ասել ինչն է պատճառը, ինչ կարող եմ անել:

Պատասխան

Այդ լարվածությունը, որի մասին խոսում եք, ունի իրպատճառը, որը մեծամասամբ կապված է սեռական կյանքի կամ տղամարդկանց հանդեպ ունեցած բացասական վերաբերմունքի հետ։ Լարվածությունը ձեր կամքով չի հայտվում, այլ առաջանում է նյարդային համակարգի վեգետատիվ հատվածով, իսկ դա այն հատվածն է, որն աշխատում է անկախ մեր կամքից և պատասխանատու է մեր կենսական գոյության համար։ Բանը նրանումն է, որ երբ դուք սեռական մերձեցման փորձ եք կատարում, ձեր ուղեղը հասկանում է, որ կյանքին սպառնացող վտանգ կա և անմիջապես ողջ մկանային համակարգը, այդթվում՝ հեշտոցամուտքի մկանը գլխուղեղից կծկման հրաման են ստանում։ Մարմինն այդ պահին կարծես թե պաշտպանվում է անտեսանելի թշնամուց` տալով նմանատիպ արձագանք: Ձեր տառապանքը սեքսոլոգիական լեզվով ասած կոչվում է վագինիզմ: Սահիվանդություն է, որը մասնագիտական օգնություն է պահանջում:

Փակել

2. Բարև ձեզ, սեռական հարաբերությունից առաջ ինձ մոտ տեղի է ունենում հեշտոցամուտքի մկանի կծկում, ուղեկցվում է ցավով, որը անհնարին է դարձնում սեռական հարաբերությունը. կարդալով ինտերնետում բազմաթիվ նյութեր, հասկացա, որ ինձ մոտ վագինիզմ է և հարկավոր է դիմել մասնագետի, և արդեն մեկ ամիս է ինձ չեմ կարող պատրաստել մասնագետի այցելելուն, կասե՞ք ինչպես է բուժվում վագինիզմը, ինչքա՞ն ժամանակում և ուզում եմ հասկանալ դեղորայքային բուժում է:

Պատասխան

Ես ինչքանով հասկցա այս խնդիրը ավելի շատ հոգեբանական խնդիր է: Այո, նշանները, որ նկարագրում եք բնորոշ է վագինիզմին: Սա հոգեմարմնական խանգարում է, այլ ոչ հոգեբանական, բուժման մեջ անպայմանորեն կիրառվում են մարմնի նյարդամկանային լարվածությունը թուլացնող միջոցներ՝ դասական կամ ալտերնատիվ բժշկության մեթոդներով: Սակայն վագինիզմի բուժամն ամենաարդյունավետ մեթոդը խոսքային թերապիան է, որի նպատակը սեփական մարմինը ճանաչելն ու կառավարելի դարձնելն է: Հատուկ պատրաստվել պետք չէ, պարզապես այցելեք և զրույցի հենց առաջին րոպեներից բժիշկը ձեզ պաշտպանվածության և ապահովության զգացում կներշնչի, դուք կզգաք, որ այս խնդրում մենակ չեք և կա մեկը, որ իր գիտելիքներով և հմտություններով ավելի ուժեղ է, քան վագինիզմը։

Փակել

3. Բարև Ձեզ: Ես 23 տարեկան եմ: Արդեն մեկ ամիս է ամուսնացած եմ, բայց մինչ օրս դեռ կույս եմ,մեզ մոտ ոչինչ չի ստացվում: Ես շատ եմ լարվում և մի տեսակ վախենում եմ, երբ ամուսինս ինչ-որ գործողություն է ձեռնարկում, ցանկությունը շատ մեծ է: Ի՞նչ խորհուրդ կտաք: Ինչպե՞ս հաղթահարենք այս ամենը: Շնորհակալություն:

Պատասխան

Ինչպես նշել է իմ հարգարժան կոլեգան, խնդիրը կոչվում է վագինիզմ և հաղթահարելի է միայն մասնագետի օգնությամբ, բուժումը տևում է առնվազն մեկ ամիս, բայց կարող է ձգվել մինչև մեկ տարի՝ եթե անձի մոտ առկա են հոգեախտաբանական լրացուցիչ խանգարումներ: Այն լարվածությունը, որի մասին խոսում եք, նյարդամկանային ախտաբանական լարվածություն է, որի պատճառը վախն է՝ հիմնականում ցավից։ Խնդիրը բավականին տարածված է հատկապես հոգեսեռական զարգացման հապաղում և հոգեսեռական ինֆանտիլություն ունեցող կանանց մոտ։ Հնարավոր է լինի նաև սեռական ցանկության բացակայության խնդիր, որը բժշկական դիագնոզ է, ուստի այս դեպքում ևս խնդրով զբաղվում է բժիշկ-սեքսոլոգը, ընդ որում բուժման մեջ պարտադիր ներգրավվում է զույգը, վերջապես չի բացառվում նաև կոիտոֆոբիա ախտորոշումը, որի բուժումը ամենաբարդն է և դարձյալ իրականացվում է սեքսոլոգիական ծառայության շրջանակներում։ Հաճախ մեր պրակտիկայում հանդիպում են ֆոբիկ վախերի Սա նշանակում է, որ կինը դեռ բավականաչափ հասուն չէ ներթափանցման ցանկը պատրաստ լինելու համար։ Կնոջ մարմնի մեջ պրում է աղջնակ՝ 5-6 տարեկան:

Փակել

4. Շատ եմ խնդրում պատասխանեք հարցիս: Ես արդեն համարյա երկու տարի է ամուսնացած եմ, ունեմ երեխա, բայց մենք չենք կարողանում սեռական հարաբերություն ունենալ: Հղիացա կարծես հրաշքով, նույնիսկ արյուն չեկավ առաջին անգամ: Հղիության ժամանակ, ներզննումի ժամանակպարզվեց, որ վագինիզմ է մոտս: Ահավոր էր ռեակցիաս ներզննման ժամանակ: Հիմա կարծես ամուսնուս մոտ ևս առաջացել են կոմպլեքսներ: Այժմ ինձ հավաքում եմ, տրամադրվում ու պատրաստ եմ լինում ակտին, սակայն չիստացվում: Վերջին ժամանակներում էլ կարծես վաղաժամ է գալիս սերմնահեղուկը ու դարձյալ ակտ չի լինում: Մի խոսքով, հարաբերություն չենք ունեում: Օգնեք, խնդրում եմ չասեք դիմեք մասնագետի՝ չեմ կարող ամուսնուս համոզել: Ես ուզում եմ, որ այսպես գոնե ինձ օգնեք, խորհուրդ տաք: Շա~տ շնորհակալություն:

Պատասխան

Դուք ներկայացնում եք այնպիսի լուրջ սեքսոլոգիական խնդիր, որն անհնար է լուծել առանց մասնագետին հանդիպելու: Պետք է գիտակցել, որ հակառակ դեպքում խնդիրը կարմատանա, կխորանա, կբարդանա ու կքայքայի ձեր ընտանքը: Մեղքը ձերը չէ, որ ձեր մարմինը չի ընդունում տղամարդու սեռական օրգանը, այնպես որ կարիք չկա անհարմար զգալ, ամաչել կամ մեղավորության զգացումով ինքնապարփակվել: Դա առողջական խնդիր է, որը ախտահարում է կանանց մոտ 20-45%-ին ըստ տարբեր վիճակագրական աղբյուրների, այն ունի բուժման հատուկ մեթոդներ, ինչպես ցանկացած այլ հիվանդություն:

Փակել

Վախ սեռական հարաբերությունից

1. Հարգելի Նարինե, ես 22 տարեկան եմ, նշանված եմ: Նշանածիս հետ հանդիպում ենք արդեն 5 տարի: Արդեն մեկ տարուց ավել է փորձում ենք սեռական հարաբերություն ունենալ, բայց վախիս զգացումը շատ մեծ է: Շատ եմ նրան սիրում ու սեռական ցանկությունս էլ նրա հանդեպ շատ մեծ է, բայց հենց պետք է ակտը տեղի ունենա, ես վախենում եմ ու չեմ թողնում: Խնդրում եմ օգնեք ինձ, զգում եմ, որ դրա պատճառով մեր հարաբերությունները վատանում են: Կանխավ շնորհակալ եմ:

Պատասխան

Սեռական վախի զգացումը բավական հաճախ հանդիպող խնդիր է: Այն կասեցնում է սեռական կյանքով ապրելու զույգի ցանկությունը և, այո, սրում միջանձնային հարաբերությունները: Սեռական վախի առաջացման պատճառն այն է, որ անձը սեռական կապի մասին ունի սխալ պատկերացումներ, կարծես այն իր մեջ մեծ վտանգ է պարունակում, ինչը կարող է վնաս հասցնել անձին և ծանր հետևանքների առաջ կանգնեցնել: Այս պատկերացումների առաջացումը տեղի է ունեցել հոգեսեռական զարգացման ընթացքում, սեռական բնույթի ինչ-որ փորձությունների հաղթահարման ժամանակ: Սովորաբար նման իրավիճակներում մեր կողքին կանգնած են լինում խորհրդատուներ՝ փորձառու ընկերուհիներ կամ անտեղյակ ծնողներ, ովքեր իրենց անձնական սխալ պատկերացումներով կարողանում են վարպետորեն սարսափ ներշնչել դիմացինին սեռական կյանքի նկատմամբ: Մանկության կամ պատանեկության տարիներին տեղ գտած այս փորձառությունները չեն մոռացվում, այլ պահվում են մեր ենթագիտակցականի շերտերում՝ իրենց դերը խաղալով հետագայում, երբ գալիս է ժամանակը սեռական ինքնադրսևորման: Այդ վախի հաղթահարումը մասնագետի օգնության կարիքն ունի, քանի որ այդ վախն իր բնույթով այնպիսին է, որ զուգակցվում է սեփական անկարողության, թերահավատության, անլիարժեքության, թուլության, հուսահատության զգացումներով, որոնք մի փնջի մեջ հանդես գալով ավելի զորեղ են անձից և հաղթում են նրան:

Փակել

© 2017 | ՆարինԷ Ներսիսյան | Բոլոր իրավունքները պաշտպանված են |

Besucherzahler
счетчик посещений