Կան մարդիկ, ովքեր գտնում են, որ սեռական մերձեցումը վերարտադրողական գործառույթ է, նման մարդիկ սեռական մերձեցմանը վերաբերվում են իբրև կնոջ ամուսնական պարտականություն: Այսօր, սակայն, շատ զույգեր համարում են, որ սեռական կյանքը նրանց ամուսնական երջանկության կարևոր բաղադրիչն է և իրենց սեռականության դրսևորման գլխավոր ուղին: Այս առումով զույգերը կարևորում են կնոջ օրգազմ ապրելու հանգամանքը և դրա բացակայությունը խիստ ծանր են տանում, ուստի և կեղծված հեշտանքի երևույթը մեծ տարածում ունեցող խնդիր է բժիշկ-սեքսոլոգի կլինիկական պրակտիկայում:

Հետաքրքիր է, որ այս կապակցությամբ օգնության դիմող զույգի նախաձեռնությունը հաճախ պատկանում է տղամարդուն: Եթե դիմողը կինն է, ապա նա հաճախ դիմում է առանց իր տղամարդու իմացության, թաքուն։

Կարդալ ավելին

Վերջերս հեռուստացույցով մի հետաքրքիր հաղորդում էի դիտում, չեմ հիշում եվրոպական որ երկրում էր նկարահանած, մի լրագրող հարցում էր կատարում փողոցում քայլող պատահական տղամարդ անցորդներին, թե ինչպես են նրանք վերաբերվում կնոջ օրգազմի հիմնախնդրին։ «Ներեցեք, ի՞նչ եք կարծում, կանայք կեղծու՞մ են իրենց օրգազմը,- հարցնում էր լրագրողը տղամարդ անցորդներին: -Իհարկե, շատ կանայք են խաբում և սեռապես անբավարարված են,- անմիջապես պատասխանում էր տղամարդը: -Իսկ Ձե՞րը, Ձեր կինն էլ է կեղծո՞ւմ»: Այս հարցին հետևում էր լարված լռություն, որին հաջորդում էր տղամարդու վստահ պատասխանը. «Իմը՝ ո՛չ, իմը չի կեղծում: -Ո՞չ, -նորից էր հարցնում լրագրողը,- Իհարկե, ոչ- համոզված պատասխանում էր տղամարդը»:

Թե ինչպիսի պատկեր է տիրում այս հարցի շուրջ Հայաստանում, դժվար է ասել, քանի որ չկան համապատասխան վիճակագրական հետազոտություններ։ Արդյո՞ք հայ կանայք նույնպես կեղծում են իրենց օրգազմը և ինչքա՞ն համատարած է այս երևույթը։ Համենայն դեպս մեր կլինիկական փորձը վկայում է, որ նմանատիպ կանայք քիչ չեն։ Օրգազմ չապրելու և այն կեղծելու խնդրով ամուսիններից թաքուն մեր կլինիկա դիմող կանանց թիվը վերջին 5 տարիների ընթացքում աճել է, միգուցե կանանց ֆինանսական անկախության ձեռք բերման շնորհիվ:

Ինչո՞ւ է տղամարդկանց համար այդքան կարևոր իրենց կանանց օրգազմը և ինչո՞ւ են նրանք համոզված, որ իրենց կինը անպայման հասնում է օրգազմի։ Ինչո՞վ է պայմանավորված լռությունը, որը հաջորդում է անձամբ իրենց սեռական կյանքին վերաբերող հարցադրմանը։ Ենթադրենք` վերոնշյալ տղամարդը սեռային կապեր էր ունեցել մի քանի կանանց հետ և լռության այդ մի քանի րոպեները հարկավոր էին, որպեսզի նա մտովի վերհիշեր այդ կանանց հետ իր փորձը: Բայց միևնույն հարցին երկրորդ, երրորդ տղամարդը նույնպես պատասխանում էին հապաղումով: Ի՞նչն է հապաղման այդ պատճառը, ու ի՞նչ են նշանակում այդ կրկնվող «ոչ»-երը: Գրեթե բոլոր տղամարդիկ համոզված էին` կանանց հիմնական մասը ձևացնում է, բայց ոչ իրենցը: Ամեն անգամ լռության միևնույն դադարը, երբ հնչում էր «իսկ ձե՞րը» հարցը:

Երկար մտորելով այս հարցի շուրջ, ահա այսպիսի միտք ի հայտ եկավ` իրենց անգիտության խոստովանումը կնշանակեր բացահայտել և ընդունել, որ իրենք բացարձակ իշխանություն չունեն ինտիմ հարաբերություններում և ոչ միայն՝ ինտիմ։ Մասկուլինային շեշտվածությամբ հասարակություններում սա տղամարդու համար խայտառակ պարտություն է, քանի որ կնոջ նկատմամբ իշխանություն չունենալու փաստը նշանակում է` հարվածի և կասկածի տակ առնել իր առնականությունը՝ տղամարդ լինելը:

Պետք է ասել, որ կանայք շատ հաճախ չունեն օրգազմի պահանջ, դա նախ և առաջ հենց իրեն` տղամարդուն է անհրաժեշտ:- Մեր այցելուներից հաճախ ենք լսում, որ տղամարդը ընկած է իրենց հեշտանքի հետևից, – նա անընդհատ հարցնում է` «Հը՞, ո՞նց էր, վերջացրի՞ր, քանի՞ անգամ վերջացրիր, դուր եկա՞վ քեզ»: Կանանցից շատերը անհարմար են զգում պատասխանելու` «Օրգազմն ինձ հարկավոր չէ, ինձ ուղղակի պետք է քեզ հետ լինել, զգալ, որ դու սիրում ես ինձ»: Փոխարենը, ցածր ձայնով կմկմում են` «այո, վերջացրի» և որպեսզի շատ չխորանան ստի մեջ և երկխոսությանը դադար տան, համեստորեն ամաչելու են տալիս…

Ի՞նչ է նշանակում, ուրեմն, օրգազմի կեղծումը հանուն տղամարդու, եթե կինը չունի դրա կարիքը։ Արդյոք դա կնոջ կողմից բեմադրված խաղ չէ՞ ընդամենը, որով նա իրավիճակի վերահսկողությունն առնում է իր ձեռքի տակ և օգտվելով տղամարդու անինքնավստահությունից՝ տնօրինում նրան տղամարդ դարձնելու կամ ոչնչացնելու գործընթացը։ Հեշտանքի ձևացումով՝ կինն այն համոզվածությանը կարող է գալ, իբր թե ինքը տիրապետում է իրավիճակին. նա կարող է «հեշտանքի պարտականության» կատարմամբ հաճույք շնորհել տղամարդուն, կարող է նաև հեշտանքի բացակայությամբ ապստամբել նրա դեմ, պատժել նրան: Ի՞նչ է ստացվում՝ տղամարդուն թվում է, թե նա իրավիճակի տերն է, ու դա այդպես չէ, քանի որ նա խաբված է։ Կնոջը թվում է, թե նա վերահսկում է տղամարդուն, ու դա այդպես չէ, քանի որ նրա գործիքը սուտն է։

Հայտնի է, որ ցանկացած հարաբերության մեջ իշխանության տնօրինումը և իրավիճակի վերահսկողության պահպանումը կողմերի կարևոր պահանջներից են։ Միջանձնային շատ վեճեր, արտաքնապես ծավալվելով ամենաչնչին մանրուքների շուրջ, խորքում շատ հաճախ ունեն հենց այս պահանջմունքի ոչ բավարարված լինելը, որն էլ տեղափոխվում է ինտիմ կյանք և դառնում սեռական կեղծիքի հիմք։ Ուրեմն ի՞նչ է պետք կեղծիքից խուսափելու համար, եթե ոչ զույգի ներսում իշխանության պայքարից հրաժարումը, վերահսկողության անդադար մոլուցքից ձերբազատումը՝ միմյանց անվերապահորեն վստահելու և փոխհամագործակցության հաստատուն կամքի հաստատմամբ։ Մի՞թե սա չէ խորքային մտերմության գաղափարը, ապահովության զգացումի և անձնային աճի անխոչընդոտ ընթացքի երաշխիքը։

Չտրվելով հեշտանքի ֆետիշացման վտանգավոր միտմանը, նշեմ, որ կնոջ հեշտանքն այնուամենայնիվ կարևոր սեքսուալ դրսևորում է, որից բարձրանում է նրա սեռական կյանքի և կյանքի որակը՝ ընդհանուր առմամբ։ Օրգազմի բացակայությունը մեծ մաս դեպքերում համարվում է սեքսոլոգիական խանգարում, որից իջնում է ինքնագնահատականը, սեփական լիարժեքության զգացումը։ Կինը հաճախ իրեն մեղավոր է համարում օրգազմ չապրելու խնդրում, սակայն դա այդպես չէ։ Կան բազմաթիվ պատճառներ, որոնք պայմանավորում են այս խնդրի առաջացումը։ Կեղծված օրգազմը /իմիտացիան/ կնոջ, ինչպես նաև տղամարդու մոտ սեռական անլիարժեքության առաջացման լուրջ պատճառ է և կարող է բերել զույգի հարաբերությունների ապակայունացման և լարվածության: Պրոֆեսիոնալ բժիշկ-սեքսոլոգի աջակցությամբ կարելի է այս խնդրին մեկընդմիշտ լուծում տալ։

Փակել