Բազում անհատների և զույգերի հետ աշխատելով՝ շատ հաճախ եմ հանդիպել մի այսպիսի նկարագրության. «կարծես թե վանդակում լինեմ և չգիտեմ ինչպես ազատվել»։ Վանդակից դուրս պրծնելու այս ձգտումը, լինի կին, թե տղամարդ, շատ բնորոշ է մարդուն և հավանաբար ծանոթ է շատերին: Ամեն անգամ, երբ մարդը հուսահատորեն փորձում է ազատվել վիրավորանքից, խռովքից, տրավմաներից, անվստահությունից, հուզական ռեակտիվությունից, կախվածությունից, սպասումներից, կպչուն մտքերից, դեպրեսիայից, ցանկություններից, կրքերից, մոլուցքներից, մրցակցությունից, ինքնաքննադատությունից և հատկապես՝ վախերից, գործ ունենք ազատության տենչանքի հետ։ Բոլոր ժամանակներում, բոլոր տեսակի քաղաքակրթություններում ազատության ապրումը եղել ու մնում է մարդու ամենահիմնարար պահանջմունքներից մեկը՝ անկախ սեռային և ազգային պատկանելությունից, տարիքից, մասնագիտությունից, կրոնական դավանանքից, սոցիալական դիրքից, քաղաքական դիրքորոշումից, ամուսնական կարգավիճակից: Առանց ազատության չկա երջանկություն, միայն  ազատ մարդը կարող է լիակատար ինքնիրագործվել ու իրեն բավարարված զգալ այս կյանքում:  Սերը և ներդաշնակությունը անհնարին են առանց ազատության, ստրուկը չի կարող սիրել, սիրել կարող է միայն ազատ մարդը:

Սակայն ի՞նչ է ազատությունը հարցին շատերը պատասխանում են՝ ազատ լինել նշանակում է՝ «ինչ կուզեմ, կանեմ», այսինքն՝ մի վիճակ, որը չի սահմանափակում իրականացնելու անձի ցանկությունները: Չենք կարող չընդունել, որ սա իրականում ոչ թե ազատություն, այլ ամենաթողություն է, քանի որ, եթե ամեն մեկն աներ իր ուզածը, ապա մի մեծ քաոս կտիրեր այս աշխարհում: Ամեն մարդ իր գաղափարն ունի, թե ինչ կարելի է ուզել այս կյանքում և եթե ինչ-որ մեկի ուզածը որոշ մարդկանց համար օգտակար է, ապա մյուսներին այն կարող է ի սպառ կործանել: Իհարկե, սրտի խորքում յուրաքանչյուր ոք գիտի, որ գործելու ազատություն նշանակում է անել այն, ինչն օգտակար կլինի բոլորին ու չի վնասի ոչ ոքի, այսինքն՝ ճշմարիտ և բարոյական է թե առանձին անհատի, թե ողջ համայնքի համար: Սակայն ո՞վ է որոշում այդ «ճիշտը» և ո՞րն է ի վերջո բարոյականը:

Կարդալ ավելին

Դարեր շարունակ ճշմարիտի սահմանումը փորձել են տալ կրոնական պատկերացումներից ելնելով: Տարբեր կրոնական առաջնորդներ սահմանել են բարոյականության իրենց համակարգը՝ տալով որոշակի պատվիրաններ, սակայն ինչպես ցույց են տալիս պատմության էջերը, կրոնական ուղեցույցներն այդքան էլ արդյունավետ չեն գտնվել: Փորձեր են արվել ճիշտը սահմանելու համար հասարարակական օրենքներ և կանոններ հաստատել՝ ելնելով ժողովրդական իմաստությունից ու դարերի ժառանգած փորձից, սակայն սրանք նույնպես խախտողներ են գտնվել, իսկ օրենքները՝ շրջանցվել:

Այդ դեպքում ի՞նչ է պահանջվում, որպեսզի մենք, ունենալով ազատություն, առաջնորդվենք միայն հանուն բարին ու ճշմարիտը կարգախոսով: Ըստ էության, հարկավոր է որպեսզի կարողանանք գիտակցել մեր կատարած քայլերի ու վարքի հետևանքերը, ինչի համար բավականաչափ հասունություն և իմաստություն է պետք, հետևաբար «ազատ լինել անելու այն, ինչը ճիշտ ենք համարում» նշանակում է պատասխանատվություն կրելու ունակություն ունենալ, մինչդեռ շատ շատերը գերադասում են խուսափել պատասխանատվությունից:

Մարդիկ ովքեր ազատության ջատագովներ են իրենց համարում, շատ հաճախ կամայականություն սերմանող և տարածողներ են: Ազատությունը նրանց համար ոչ թե վերընթաց, այլ վարընթաց շարժում է՝ ցանկությունների և կրքերի, բնազդային մղումների բավարարմանը խոչընդոտող արգելքների վերացում, այլ ոչ թե աճ դեպի կատարյալը՝ ավելի կարեկից, ավելի ներողամիտ, ավելի գնահատանքի ունակ դառնալը: Եվ եթե ազատ վարքը չի տանում դեպի կատար, ապա վստահաբար կարող ենք ասել, որ գործ ունենք գերության մի նոր ձևի, մի նոր անազատության հետ, քանի որ պարփակվում ենք վախի, հուզական ռեակտիվ արձագանքումների, խթանող ազդեցությունների անդադար որոնումների և հաճույքից կախվածության վանդակներում:

Սովորաբար ազատություն ասելով՝ առաջին հերթին պատկերացնում են արտաքին պլանի վրա գոյություն ունեցող վիճակ, այսինքն՝ բավարար է ազատագրվել արտաքին սահմանափակող ուժերից, օրինակ՝ ընտանիքի հայր, եղբայր, տիրող սոցիալ-քաղաքական իշխանություն և այլն, որպեսզի համարես, թե ազատ ես: Իրականում ազատությունը ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական ու հոգևոր մակարդակներ ունի: Ֆիզիկական մակարդակի ազատությունը վերաբերում է մեր ֆիզիկական մարմնին, որը կարող է շղթայված և կապված լինել՝ բանտում, ճաղերի հետևում, բերդում, տանը, աշխատավայրում, անգամ օրորոցում: Ֆիզիկական մակարդակի անազատությունը վերաբերում է նաև համակարգի, ռեժիմի, բռնատերության տիրապետման տակ գտնվելուն: Կան կանայք, ովքեր ոչնչով չեն տարբերվում բանտարկյալներից, քանի որ գտնվում են իրենց ամուսինների ֆիզիկական և ֆինանսական իշխանության ճնշման տակ, որով սահմանափակվում են նրանց ամենապարզ իրավունքները: Ֆիզիկապես անազատության մեջ եղած մարդիկ կարող են փաստել այս վիճակի անտանելությունը, սահմանափակման նվաստացնող իշխանությունը:

Եթե ֆիզիկական անազատությունն այնպիսի ապրում է, որն անհնար է չզգալ ու ինչ-որ ձևով չարձագանքել, ապա հոգեբանական անազատության մեջ գտնվող մարդը շատ հաճախ անգամ չի էլ գիտակցում, որ գերության մեջ է: Այսպես օրինակ՝ մեծանալով մի մշակույթի մեջ, որը մանկուց ի վեր ներարկել է քաղաքական, սոցիալական և կրոնական պատկերացումների մի ամբողջ տեսականի, մենք ակամայից դառնում ենք այդ մշակութային գաղափարախոսության կրողը ու մեր ընկալած միակ իրականությունը հիմնվում է բացարձակ ճշմարտություն հանդիսացող այդ գաղափարախոսության վրա, որն այնքան սերտորեն է ներհյուսվել մեր էությանը, որ գրեթե անհնար է պատկերացնել, թե այդ մենք չենք այդպես մտածում, այլ մեր փոխարեն մեր մտքի մեջ խոսում է գլխի մեջ ներբեռնած գաղափարախոսությունը: Նմանատիպ կերպով մանկությունից սկսած ինքներս մեր մասին ստեղծում ենք որոշակի պատկերացումներ, շատ հաճախ սխալական, օրինակ՝ որ մենք ծույլ ենք, տգեղ, ստախոս և հիմար, ձախողակ և անարժան, այսպիսով՝ դադարում ենք սիրել մեզ՝ կորցնելով կապը մեր իսկական ինքնության հետ:

Ահա, մեզ ասում են, որ ապրում ենք ազատ երկրում, բայց այս պնդումը վերաբերում է միայն արտաքին ազատությանը: Եթե անգամ նկատի ունեն ներքին ազատությունը, ապա դրա տակ սովորաբար հասկանում են ոչ այլ բան, քան՝ խոսքի ազատությունը: Մինչդեռ իրականում ոչ թե խոսքի, այլ մտքի և հոգու ազատությունն է մարդուն ճախրելու թևեր տալիս: Միայն օբյեկտիվ մտածողության շնորհիվ մենք կարող ենք լինել ազատ: Մենք կանք քանի դեռ մտածում ենք, որը չի նշանակում կրկնել ինչ մեզ սովորեցրել են, այլ սեփական խելքով խորամուխ լինել և հասկանալ՝ ինչին առնչվում ենք:

Մեզանից շատերը սովոր են մեղադրել կառավարությանը, ծնողներին, ուսուցիչներին, հասարակությանը, բայց ճշմարտությունն այն է, որ մենք ինքներս ենք սահմանափակում մեր ազատությունը՝ պատասխանատվություն չկրելով մեր մտքերի, զգացմունքերի, որոշումների և վարքի համար։ Հետևաբար ազատագրման մեխանիզմը մեզ գերության մեջ պահող այդ ամենի գիտակցումն է՝ գիտենալը:

Իսկ կարո՞ղ է մարդն ամենախորքային գիտակցության պարագայում հասնել բացարձակ ազատության: Մեջբերում՝ «Աստված մահացած է: Ու մենք ենք նրան սպանել»-Ֆրիդրիխ Նիցշեի այս խոսքերը բացարձակ ազատության տենչալու նրա ձգտումն են արտացոլում: Եվ իսկապես՝ մեզ երբեք չեն հարցրել, արդյոք մենք ուզո՞ւմ ենք ծնվել, մեռնե՞լ: Մենք ծնվում և մեռնում ենք առանց մեր համաձայնության, մարդը տեր չէ ո՛չ իր ծննդյան, ո՛չ էլ մահվան: Առաջ քաշելով այն միտքը, որ երբ Աստված կենդանի է, մարդը չի կարող երբևէ ազատ լինել, այլ ընդամենը խամաճիկ է նրա ձեռքին, Նիցշեն տանում է այն ուղղությամբ, որ եթե Աստված մեռնի, մարդը կդադարի իր կամքին հակառակ մեռնելուց ու ծնվելուց: Սակայն Նիցշեի այս խոսքերը պետք չէ սխալ հասկանալ: Խոսքն այստեղ գնում է «արտաքին Աստծո» մահվան մասին, այսինքն՝ մեզ դրսից կառավարող և մեր փոխարեն որոշումներ կայացնող այն բարձրագույն Ուժի, ումից մենք կախման մեջ ենք մեզ պահում մինչև այն պահը, երբ այդ Աստծուն ներառում ենք մեր մեջ: Եթե Աստված իմ ներսում է, եթե Աստված ես եմ, ուրեմն իմ որոշմամբ այսուհետ կարող եմ «մեռնել», ու «իմ ծնունդը» իմ ձեռքերում է:

Նիհիլիզմը, որպես ճանապարհ, չի կարող երբևէ տանել ազատության: Մտածեք ինքներդ՝ ինչպես կարող է օրինակ աթեիստը լինել ազատ, երբ Աստծուն դեմ գնալով նա իրեն ստրկացնում է՝ դառնալով Աստծուն ընդդիմախոս: Ինչպես ցանկացած այլ ընդդիմադիր, ով կռվում է ինչ-որ բանի դեմ՝ անընդհատ գտնվում է կռվի առարկային վերաբերող մտքերի և ռեակտիվ հույզերի գերության մեջ: Պարզաբանեմ այս միտքը մեր թավշյա հեղափոխության օրինակով: Հաղթանակը, որով պսակվեց հեղափոխությունը, հենց այն հանգամանքով է բացատրվում, որ Փաշինյանի վարքի մեջ չկար կռվի որևէ նշույլ, նա չէր կռվում ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի դեմ, ուստի և ազատ էր գերող մտքերից ու հույզերից, նա շարժվում էր առաջ հանուն սիրո և համերաշխության, նա քայլում էր ազատության շնչով, նա չէր կռվում, այլ սիրում էր: Նա՝ ով կռվի մեջ է ստրուկ է: Ուրեմն ազատությունը ոչ թե կռվելով է, այլ գիտակցելով, քանի որ միայն գիտակցության շնորհիվ մենք կարող ենք դուրս գալ հակադարձ բևեռների օրինաչափությունից  և գտնել մեր ամբողջությունը: Ազատությունը խորը ինքնաճանաչողություն է, կյանքի խորքային իմացություն:

Անչափ հետաքրքրական է, որ դրախտ բառը պարսկերեն (Behesht, بهشت, հին պարսկերեն` Paridayda) նշանակում է ցանկապատված պարտեզ, այսինքն՝ լինելով գեղեցիկ ու չքնաղ մի վայր, դրախտն այնուհանդերձ մնում է բանտ ու մարդիկ այնտեղ ապրելով ոչ այլ ինչ են, քան բանտարկյալներ: Միայն պտուղը ճաշակելուց հետո Ադամն ու Եվան դարձան գիտակից ու հենց դրա շնորհիվ ազատվեցին բանտից, այսինքն՝ պարադիսից (դրախտից): Առանց գիտակցության մենք ակամայից ստեղծում ենք այս կամ այն բանտը, որում բնակվում ենք, լինի դա ազգային, կրոնական, քաղաքական, սոցիալ-մշակութային, սեռական, թե ցանկացած այլ գաղափարախոսությամբ սահմանափակում: Պետք է վերջ դնել ազատության միայն արտաքին լինելու ընկալմանը՝ լինի դա դրախտ, օրենքի գերակա իշխանություն, ֆինանսական բարեկեցություն, հոգեբանական հարմարավետություն, սեռական անկաշկանդվածություն, կարևոր չէ թե ինչից են սարքված բանտի պատերը՝ մենք անազատ կլինենք այնքան ժամանակ, քանի դեռ չենք գիտակցել ազատ լինելու մեր ներքին պատասխանատվությունը, քանի դեռ մենք չենք ունեցել համարձակություն ապրելու մեր «ներքին աստծուն»։

Պատահում է, որ խնդրում ենք Աստծուն, որ նա մեզ տա այսինչ կամ այնինչ բանը, ու նեղանում ենք նրանից, որ նա չի լսում մեզ ու կատարում մեր ցանկությունը: Ինչ ենք անում այդ դեպքում՝ սկսում ենք մեղավորներ փնտրել դրսում՝ փոխանակ պատասխանատու դառնանք մեր կյանքի ու բարեկեցության համար, սկսում ենք դատապարտել շրջապատող անձանց: Գիտե՞ք թե ինչու ենք հայտնվում սիրային կախվածության մեջ: Որովհետև այնքան չենք սիրում ինքներս մեզ, որ երբ հանկարծակի ի հայտ է գալիս ինչ-որ անձ, ով ողողում է մեզ իր սիրով, անմիջապես հայտնվում ենք երջանկության դրախտում: Առանց հապաղելու սեփական երջանկության ողջ պատասխանատվությունը մի ակնթարթում գցում ենք մեզ սիրողի ուսերին՝ սպասելով, որ նա իրականություն կդարձնի մեր նվիրական երազանքները, ի կատար կածի բոլոր ցանկությունները, մենք նույնիսկ չենք կասկածում, որ ահա այսպես մտածելով՝ ինքներս ենք մեր գերության շղթաները կողպում: Բավական է, որ մեզ սիրող անձնավորությունը թուլացնի մեր հանդեպ ուշադրությունը կամ նրա կյանքում հայտնվի մեկ ուրիշը, անմիջապես կհայտնվենք խանդի վանդակում, բավական է, որ նա թողնի մեզ ու կհայտնվենք կախվածության վանդակում, իսկ եթե իրեն պահի հակառակ մեր սպասումների՝ զայրույթի վանդակում, վարվի ոչ մեր հրահանգներով՝ նեղացածության վանդակում:

Ուրիշների պահվածքից կախված սեփական բարեկեցության որոնման սովորույթը կարող ենք նկատել նաև անծանոթ մարդկանց հետ մեր հարաբերություններում: Օրինակ, երբ ինչ-որ վարորդ երթևեկության մեջ նյարդայնացնում է մեզ իր ոչ բարեխիղճ պահվածքով, մենք զայրույթից բոռում ենք նրա վրա՝ հայհոյանքների տարափ տեղալով նրա գլխին, փոխանակ այդ պահին պատասխանատվություն վերցնենք մեր համբերատարության և հանդուրժողության համար: Չէ՞ որ հենց ամենասկզբից, մենք այդ տեսակ վարորդների հետ պայմանավորվածություն չենք ունեցել, որ իրենք մեր նկատմամբ խնամքով և աչալրջորեն են վերաբերվելու, մի՞թե չենք տեսնում, որ պրոյեկտում ենք պատասխանատվության մեր սպասումը այդ մարդկանց վրա, և պահանջում, որ նրանք չբարդացնեն մեր կյանքը, փոխանակ գիտակցենք, որ խաղաղ լինելու բանալին մեր ներսում է, և պետք է փոխենք ինչ-որ բան հենց մեր ներսում, այլ ոչ թե սպասենք դրսից:

Այլ օրինակ կարող են ծառայել կանանց էմանսիպացիան քարոզող շարժումները: Արտաքինից վեհ հնչեղություն ունեցող այս գաղափարախոսությունը մի նոր տիպի գերության է տանում, որովհետև ֆեմինիստական շարժումների նպատակը տղամարդկանց չեզոքացնելն է, տղամարդկանց իշխանությունից ազատագրվելը, մինչդեռ ոչ թե տղամարդն է կնոջը ստրկացնում, այլ կնոջ ներսում տղամարդու հանդեպ թերարժեքության բարդույթը, վախը, կախվածությունը, սեռական մոլուցքը: Ընդհանրապես ազատությունը հերքում է հավասարությունը, որովհետև ազատությունը ոչ թե անձի, այլ անհատականության մենաշնորհն է, անձը չի կարող ազատ լինել, անձը կարող է միայն ունենալ իրավունքներ, օրինակ գենդերային հավասարության իրավունք: Իսկ ազատությունը անձից ազատագրումն է՝ խորանի վրա դրվում է անձը, որպեսզի այդ նույն տեղում հայտնվի անհատականությունը:

Ազատություն նշանակում է արժանապատվություն կրող մարդ, անկախ և ինքնուրույն մարդ, ով ապրում է ներկա իրավիճակով, ով ներկայի ամեն ակնթարթ ստեղծագործում է, ով պարզապես կա: Ազատ մարդը նա է, ով գիտի թե ինչն է իրեն երջանկացնում ու պատասխանատվություն է վերցրել մարմնավորելու իր երջանկությունը: Մենք չենք կարող փոխել աշխարհը, եվ պետք էլ չի, որովհետև միայն աշխարհը փոխելու մտադրությունն արդեն գերի է դարձնում, քանի որ անմիջապես հայտնվում ենք մեր սպասումների զնդանում: Մենք կարող ենք փոխել միմիայն մեզ և մարմնավորել մեր էությունը:

Իսկ ի՞նչ է նշանակում մարմնավորել էությունը: Մարմնավորել չի նշանակում հուզական արձագանքում տալ իրավիճակին, քանի որ ցանկացած ռեակտիվ դրսևորում գալիս է անձից: Պատասխան քայլը, որով էությունը ինքնադրսևորման հնարավորությոն է ստանում և մարմին առնում, ծնվում է ներկա պահին: Դա հանգիստ ու հավասարակշռված քայլ է, որտեղ ուշադրությունը ամբողջովին կենտրոնացած է լինել-ության վրա: Ես կամ-ի գիտակցումը քայլի ակունքն է: Ցանկացած իրավիճակ, որը պահանջում է քայլ անել, չունի իր նախադեպը, չկան պատրաստի գործելակերպեր, գործելու սխեմաներ, որոնք պետք է ունենալ պահեստում: Պահեստի կարիք չկա, երբ կա ստեղծարար ներկայություն: Զույգերի հարաբերության մեջ ստեղծված իրավիճակները որտեղ կոնֆլիկտային լարվածություն է առաջանում, չունեն պատրաստի լուծումներ, որոնք պետք է գտնել զույգային թերապևտի առանձնասենյակում: Որովետև այդ մեկանգմյա լուծումը չի գործում մյուս հերթական կոնֆլիկտի պարագայում: Յուրաքանչյուր նոր ծնված խնդիր կարող է լուծել միայն ազատ մարդը, ով ունի պատասխանատվության լիարժեք գիտակցություն, ծույլ և անպատասխանատու անձն ի վիճակի չէ քայլ անել և չի կարող իրավիճակի տեր դառնալ:

Քայլ անել չի նշանակում նաև վերահսկել իրավիճակը, որովհետև վերահսկումը գերության մեկ այլ օրինակ է: Լեվ Տոլստոյի հայտնի «Հայր Սերգեյ» վիպակում հերոսը վերահսկում էր իր սեռական մղումները, ճնշելով դրանց գոյությունը: Եվ երբ նա արդեն տոնում էր սեռական բնազդի դեմ տարած հաղթանակը, դաժան փորձությունն ապացուցեց հակառակը: Հայր Սերգեյի ազատությունը ոչ այլ ինչ էր, քան վերահսկողություն, որը մի օր պարզապես «պայթեց»: Հայր Սերգեյն սովորական նևրոտիկ անձ էր, ինչպես ցանկացած ոք ով փորձում է իր ներսում վերահսկել ու խեղդել անցանկալի դրսևորումներ, որպեսզի դրանք հանկարծ չերևան:

Ազատ լինելն արիություն է, որպեսզի կարողանաս ազատությունից դրդված քայլ անել մեծ ռիսկ է պահանջվում, որովհետև դեմ ես դուրս գալիս անորոշությանը, անհայտին, նախապես չգրվածին: Սակայն միայն ազատության շնորհիվ կարելի է մոտենալ իրական Ես-ին, զգալ իրական բերկրանք, իրական հաճույք, իրական կիրք, մոտենալ իրական կոչմանը:

Մենք երբեք չենք կարող բացարձակ ազատ լինել ֆիզիկական մարմնի մակարդակում: Շատ դժվար է նաև ազատագրվելը հոգեբանական և հոգևոր մակարդակներում: Լինելով էվոլյուցիոն սանդղակի բարձրագույն էակներ, մենք այնուհանդերձ  կրում ենք մեր մեջ կենդանականը և բուսականը: Մեր նյարդային համակարգում կան բաժիններ, որոնք համընդհանուր են և գործում են միևնույն սկզբունքներով, ինչպես ցածրակարգ կենդանուն կամ բույսին է բնորոշ:  Եվ եթե մեր ազատությունը ոտնահարում է այլ մարդկանց ազատությունը, ապա դա նշան է մարդուն ներհատուկ բարձրագույն նյարդային կազմավորումների թերի զարգացման:

Մեր ազատությունը կամայականություն է, եթե այն խանգարում է այլ մարդկանց ազատությունը: Մենք ազատ ենք միայն մի կետում, որտեղ ես իմ ինքնությունն եմ, որով ես կարող եմ հարաբերվել այլ մարդու ինքությանը՝ առանց կաշկանդելու նրա ազատությունը: Ուրիշի ազատությունը կարող ես հարգել, երբ հարգում ես սեփական ազատությունդ։

«Մարդիկ փնտրում են մեկուսացում ամայության մեջ՝ ծովի ափին ու լեռներում, ու դու նույնպես սովոր ես կարոտագին ձգտել դրան: Սակայն սա տգիտություն և թուլություն է, քանի որ դու ունես ցանկացած պահի ինքդ քո մեջ պարփակվելու ազատությունը: Չկա մարդու համար ավելի լուռ ու հանգիստ ապաստան, քան սեփական հոգին, մանավանդ եթե նա իր խորքում ունի հատկություններ, որոնց հայելիս միանգամից վայելում է կատարյալ անդորր, ու այս անդորրը, ըստ իս, ոչ այլ ինչ է, քան սեփական բարեպարշտության՝ մաքուր խղճի գիտակցումը»: – Մարկ Ավրելիոս

Փակել

Ձեզ կարող է հետաքրքրել նաև…