Վագինիզմը պատկանում է փսիխոգեն սեռական խանգարւմների շարքին, որի ժամանակ բացակայում են սեռական համակարգի օրգանական ախտահարումները:

ԲՆՈՐՈՇՈՒՄԸ ԵՎ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Վագինիզմը դա կրկնվող կամ մնայուն սեռական խնդիր է, որի ժամանակ ոչ կամովի սպազմատիկ կծկվում է հեշտոցի արտաքին մեկ երրորդը՝ անհնարին դարձնելով սեռական հարաբերությունը: Այն մեծ անհանգստություն է պատճառում անձին կամ առաջացնում միջանձնային խնդիրներ և պայմանավոևված չէ որևէ այլ հիվանդության առկայությամբ:

Ծանր դեպքերում կծկվում են ոչ միայն հեշտոցի արտաքին մեկ երրորդի, այլ նաև կոնքի հատակի, ազդրերի ու որովայնի առաջային պատի մկանները` սեռական ակտի փորձի և անգամ այդ մասին մտածելու ժամանակ: Առանձնացնում են վագինիզմի 3 աստիճան.

1.Կծկումներն առաջանում են սեռական անդամի ներհրման կամ գինեկոլոգիական հետազոտությունների ժամանակ:

2.Մկանային կծկումներն առաջանում են սեռական օրգանների շփման ժամանակ:

3.Մկանային կծկումներն առաջանում են այն մտքից, որ ունենալու են սեռական ակտ կամ հետազոտվելու են գինեկոլոգի մոտ:

Վագինիզմը կուսական ամուսնության՝ վիրգոգամիայի պատճառ է հանդիսանում: Ամուսնական զույգերը ապրում են համատեղ կենցաղային կյանքով իբրև պարզապես ընկերներ կամ քույր և եղբայր: Եվ միայն երեխա ունենալու ցանկությունն է, որ նրանց կարող է ստիպել դիմելու բժշկական օգնությանը:

Վագինիզմին ավելի հակված են այն կանայք, ովքեր ունեն հետևյալ բնավորության գծերը` էմոցիոնալ անկայունություն, կասկածամտություն, նեղացկոտություն, բարձր ներշնչվողականություն: Պետք է նշել նաև, որ նման կանանց մոտ ցավի ընկալման շեմքը շատ ցածր է:

Կարդալ ավելին

ՊԱՏՃԱՌԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԱԽՏԱԾԱԳՈՒՄԸ ԵՎ ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ

Կան մի քանի տեսություններ, որոնք փորձում են բացատրել վագինիզմի առաջացման պատճառները։ Հոգեվերլուծաբանները գտնում են, որ վագինիզմը միջոց է, որով կինը մերժում է կանացի դերի ստանձնումը, դիմադրում է տղամարդու սեռական առաջնայնության դեմ, պաշտպանական դիրք է ընդունում հոր հետ իրական կամ երևակայական ինցեստային կապի սպառնանքի դեմ, կանխում է երևակայության մեջ իր ամորձատման պատկերների հայտնվելը:

Կապլանի կարծիքով վագինիզմը կոնվերսիոն խանգարում է, որը տղամարդկանց հանդեպ թշնամանքի վերափոխման դրսևորումն է և անգիտակցական ցանկություն ամորձատելու նրանց, որով վրեժխնդիր կլինեն սեփական ամորձատման համար: Հաճախ վագինիզմը հանդես է գալիս հիստերիկ (կոնվերսիոն) մոնոախտանիշի ձևով, որին բնորոշ է կախվածությունը կոնկրետ իրավիճակից և զուգընկերոջից: Հիմնականում նման կանանց մոտ դիտվում է վագինիզմի 2-րդ և 3-րդ աստիճանը:

Իմացական-վարքային հոգեբանության տեսանկյունից վագինիզմը վախի հետևանքով զարգացող ռեակցիա է: Առնանդամի ներհրման պահին իրոք կարող է առաջանալ ցավային զգացողություն՝ կապված էռոտիկ գրգռվածության իջեցման հետ, որը լյուբրիկացիայի փսիխոգեն արգելակման հետևանք է, արդյունքում ցավի թեթևակի առաջացումը ամրապնդում է այն համոզմունքը, որ առնանդամի ներհրումը կապված է մեծ դժվարությունների՝ ցավի և դիսկոմֆորտի հետ, որն էլ ծնում է վախ ցավից և հակազդում սպաստիկ կծկման ձևով:

Որոշ հեղինակներ վագինիզմը, որի զարգացման հիմքում ընկած է վախը, անվանում են սեքսուալ ֆոբիկ նևրոզ: Սեքսուալ ֆոբիկ նևրոզ ասելով նրանք հասկանում են անհաղթահարելի վախ սեռական ակտից (կոիտոֆոբիա) կամ դեֆլորացիայից (դեֆլորացիոֆոբիա), որը սրանում է անմիջապես սեռական ակտի փորձի ժամանակ, դարձնելով անհնարին բուն ակտը և դեֆլորացիան: Նշված դեպքերում ի հայտ են գալիս էմոցիոնալ խանգարումներ` տագնապ, անհանգստություն, որի հետևանքով նման կանայք խուսափում են բոլոր այն իրավիճակներից, որոնց կարող է հաջորդել սեռական մերձեցումը, և որպես կանոն հրաժարվում են սեռական կյանքից ընդհանրապես:

Ֆոբիկ վագինիզմը ուղեկցվում է փսիխոէռոտիկ գրգռման արգելակմամբ, որն էլ բերում է լյուբրիկացիայի խիստ իջեցման և զարգանում է 3-րդ աստիճանի վագինիզմ:

Վագինիզմի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ ուշացած սոմատո-փսիխոսեքսուալ զարգացումը, «սխալ» սեռական դաստիարակությունը, անբավարար տեղեկացվածությունը, անցյալում սեքսուալ տրավմաները (սեռական հետապնդումներ), երբեմն նաև վախը հղիությունից: Կարևոր նշանակություն ունեն նաև միջանձնային հարաբերությունները: Բացասաբար է անդրադառնում զուգընկերոջ հանդեպ անվստահությունը:

ԲՈՒԺՈՒՄԸ

Վագինիզմի բուժման համար կիրառվում են մի քանի մեթոդներ՝ հիպնոտիկ-սուգեստիվ թերապիա, որն ուղղված է սեռական ակտից կամ գինեկոլոգիկան հետազոտությունից առաջ վախի զգացողության հանմանը, իմացական փսիխոթերապիա` ուղղված վագինիզմի առաջացման պատճառների բացահայտմանը, սեքս-թերապիա ըստ Masters Johnson-ի և Kaplan-ի, ինչպես նաև դեղորայքային բուժում և հեշտոցային լայնիչների կիրառում:

Փակել