Բարև Ձեզ: Ես 23 տարեկան եմ: Արդեն մեկ ամիս է ամուսնացած եմ, բայց մինչ օրս դեռ կույս եմ, մեզ մոտ ոչինչ չի ստացվում: Ես շատ եմ լարվում և մի տեսակ վախենում եմ , երբ ամուսինս ինչ-որ գործողություն է ձեռնարկում, ցանկությունը շատ մեծ է: Ի՞նչ խորհուրդ կտաք: Ինչպե՞ս հաղթահարենք այս ամենը:

Պատասխան

Ամենայն հավանականությամբ խնդիրը, որի հետ գործ ունենք, վագինիզմ կոչվող սեքսոլոգիական խանգարումն է։ Դա բավականին լայն տարածում ունեցող խնդիր է, որը սակայն հաղթահարելի է մասնագետի օգնությամբ, բուժումը տևում է առնվազն մեկ ամիս, բայց կարող է ձգվել մինչև մեկ տարի՝ եթե անձի մոտ առկա են հոգեախտաբանական լրացուցիչ խանգարումներ: Այն լարվածությունը, որի մասին խոսում եք, նյարդամկանային ախտաբանական լարվածություն է, որի պատճառը վախն է՝ հիմնականում ցավից։ Խնդիրը տարածված է հատկապես հոգեսեռական զարգացման հապաղում և հոգեսեռական ինֆանտիլություն ունեցող կանանց մոտ։ Հնարավոր է լինի նաև սեռական ցանկության բացակայության խնդիր, որն արտահայտվում է ձեր նկարագրած ձևով, այս դեպքում նույնպես պահանջվում է բժիշկ-սեքսոլոգի մասնագիտական օգնություն, ընդ որում բուժման մեջ նման դեպքերում պարտադիր ներգրավվում է նաև ամուսինը, վերջապես չի բացառվում նաև կոիտոֆոբիա ախտորոշումը, որի բուժումը դարձյալ իրականացվում է սեքսոլոգիական ծառայության շրջանակներում։ Ամեն դեպքում, անկախ խնդրի բուն պատճառից և ախտորոշումից, խորհուրդ է տրվում սեռական մերձեցման նոր փորձ չձեռնարկել և ինչքան հնարավոր է շուտ դիմել բժշկի։ Լինում են դեպքեր, երբ զույգը մտածում է, թե ժամանակի հետ խնդիրն ինքն իրեն կացնի, սակայն սա սխալ պատկերացում է, ընդհակառակը՝ ժամանակի հետ խնդիրն է՛լ ավելի է բարդանում, հաճախ տուժում է նաև տղամարդու պոտենցիան, հարաբերության բնույթը կին-տղամարդ լինելուց վեր է ածվում քույր-եղբայր հարաբերության, այսինքն ամուսիններն այլևս իրար չեն ընկալում իբրև սեռական ցանկության ցանկալի օբյեկտ։

Փակել