«Բարև Ձեզ: Սիրելի բժշկուհի ես Ձեզ եմ դիմում մի հարցով, որը վաղուց արդեն քայքայում է մեր նորաստեղծ ընտանիքի հանգստությունն ու համերաշխությունը: 2 տարի է, ինչ ամուսնացել ենք, սկզբում ամեն ինչ հրաշալի էր, մեր առաջնեկի ծնվելուց հետո գնալով ամեն ինչ փոխվում էր: Չնայած, որ ես վստահ եմ ամուսնուս կյանքում մեկ այլ կին չկա, բայց նրա անտարբերությունը ինձ հունից հանում է, ես ամեն ինչում միշտ ինձ եմ մեղադրել, փորձել եմ ամեն ինչ, բայց իզուր են. էլ ոչինչ առաջվանը չի: Ես էությամբ կենսուրախ, էմոցիոնալ ու կրքոտ կին եմ ու ամեն բան փորձել եմ ամուսնուս մեջ կայծ առաջացնելու համար, բայց նրա համար սեռական հարաբերություններն ամենավերջին տեղում են, նա ինձ մոտ չի գալիս, ու երբ ես փորձում եմ զրուցել նրա հետ, միշտ խուսափում ու փոխում է թեման, մենք ամսվա մեջ ընդամենը 1 կամ 2 անգամ ենք միասին լինում: Արդեն հուսահատվել եմ ու չգիտեմ ինչ անել խնդրում եմ խորհուրդ տվեք, թե ինչպես դուրս գամ այս անտանելի վիճակից: Նախապես շնորհակալություն»:

Պատասխան

Հարգելի հարցադրող, Ձեր հուսահատությունը միանգամայն զուր է և անիմաստ, քանի որ ձեր բարեկեցության հույսը կապում եք մի բանի հետ, որը գոյություն չունի և բնականաբար այն չի կարող իրականություն դառնալ: Հարաբերությունների սկզբում դուք ունեցել եք զգացողություններ, որոնց հաշվին ձեր տրամադրությունը և կանացի ինքնագնահատականը միշտ եղել է բարձր կետում: Սխալը սկսվել է հենց այստեղից, քանի որ կին-տղամարդ հարաբերությունների մասին ձեր պատկերացումները հիմնվել են այս զգացողությունների վրա: Դուք միշտ ձեզ ցանկալի կին եք զգացել, հետո հաջորդել են հղիության և մայրության բերկրանքը, կրծքով կերակրման երանությունը, որոնք է՛լ ավելի են բարձրացրել ձեր կանացի ինքնագնահատականը: Այժմ դուք հայտնվել եք կյանքի մի շրջանում, երբ այլևս արտաքինից որևէ խթանիչ ազդեցություն տեղի չի ունենում, որպեսզի դուք ձեզ բարձունքում զգաք: Չկան արտաքինից հարուցվող ոգևորիչ զգացողություններ և այդ պատճառով առաջանում է ներքին դատարկության վերապրում, անիքնավստահություն, ցածր ինքնագնահատական և, ինչպես նշում եք, անտանելի հոգեվիճակ: Դուք այս ամենը կապում եք ամուսնու սեռական անտարբերության հետ, բայց դա այդպես չէ: Ճշմարտությունն այն է, որ ձեր կյանքում եկել է այն պահը, երբ դուք պետք է վերանայեք կին-տղամարդ հարաբերության ձեր պատկերացումները:

Ներքին դատարկությունը, որից տառապում են ամուսինները, երբ անցնում է կրքի առաջին մեծ ալիքը, որևէ կապ չունի զուգընկերոջ/ուհու վարքի և պահվածքի հետ: Այդ դատարկությունն անշուշտ պետք է լցվի, բայց դրա համար պատասխանատու անձը ձեր ամուսինը չէ: Մեր պատկերացումներում գերիշխում է այն համոզումը, որ երբ ամուսնանանք ու գտնենք մեր սիրելի կեսին, ապա մեր բոլորը խնդիրները միանգամից կլուծվեն, իսկ նվիրական երազանքներն ի կատար կածվեն: Մենք հավատատում ենք սրան ու այս պատկերացմամբ ապրում մինչև կյանքի այն պահը, երբ կյանքը մեզ դեմ է տալիս բոլորովին ուրիշ իրականություն:

Ներքին դատարկությունը հարկավոր է լցնել ներսից, ընդ որում ոչ թե կանացի սեռային զգացողություններով, այլ էության գիտակցումով: Կարևոր չէ, թե ամսվա մեջ քանի անգամ է տեղի ունենում սեռական մերձեցում, քանի որ քանակը չի, որ տալիս է կին լինելու և կանացի բավարարման զգացողոթյուն: Կարևորը էության ներկայությունն է սեռական կյանքում, որով Դուք կարող եք բացահայտել ձեր սեռականության նորանոր տարածքներ ու հետաքրքիր դարձնեք այն թե ձեր, թե ձեր ամուսնու համար: Էրոտիզմը սնուցվում է էությամբ, սեռական ցանկությունը սնուցող հորմոնի՝ տեստոստերոնի արտադրությունը խթանվում է էրոտիզմի ապրումով միայն: ՄԻայն էրոտիզմի շնորհիվ է հնարավոր խուսափել սեռական ձանձրույթից, որովհետև միայն այս պարագայում կարելի է հանգիստ շեղվել հիմնական ուղուց, որով ընթանում են իրար հարմարված ամուսինները: Այս հարցում ձեզ կարող է օգնել բժիշկ-սեքսոլոգը, գտնելու էրոտիզմի իսկական և ճշմարիտ ուղիներ, որոնք կախում չունեն արտաքին պայմաններից և հիմնվում են միայն յուրաքանչյուրի ներքին ապրումների և բացահայտումների վրա:

Փակել