Ես ունեմ խնդիր կապված խանդի հետ, ես ահավոր խանդոտ եմ: Եթե իմ նշանածը գալիս է ինձ տեսնելու և հետո գնում է, ես անմիջապես սկսում եմ մտածել, թե ուր գնաց և ում հետ է այս պահին: Եվ այս հարցերն ինձ ամեն օր հուզում են, ես ոչ մի կերպ չեմ կարողանում վստահել նրան: Խնդրում եմ օգնեք, ո՞նց անեմ որ վստահեմ գոնե մի քիչ: Ինքն էլ գիտի, որ չեմ վստահում, չնայած, որ հակառակն եմ ասում իրեն:

Պատասխան

Խանդը խոսում է արտահայտված կասկածամտության, անինքնավստահության և ինքնաթերագնահատման մասին: Սրանք խնդիրներ են, որոնք պետք է լուծում ստանան: Խանդի հակված են բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց զուգընկերոջը դիտարկում են իբրև իրենց սեփականություն, մինչդեռ թե կինը, թե տղամարդը որևէ մեկի սեփականություն լինել չեն կարող, քանի որ թե կինը, թե տղամարդը մարդ են՝ իսկ դա նշանակում է ի ծնե ազատ են և ոչ թե ստրուկ: Խանդի հակված են նաև կախվածության մեջ ընկնող մարդիկ, ում թվում է, թե իրենց կախվածությունը սեր է, միչդեռ սա հիվանդագին երևույթ է, որից հարկավոր է ձերբազատվել, որպեսզի կարողանալ սիրել: Խանդը բերում է բարկության և կատաղության, որը կարող է ճակատագրական լինել, քանի որ կորցնելով ինքնատիրապետումը խանդոտ կինը կամ տղամարդը կարող են այնպիսի քայլեր անել, որոնք անդառնալի հետևանքների կբերեն: Նա ձեր նշանածն է, ուրեմն իր ազատ կամքով ընտրել է հենց ձեզ իբրև իր կյանքի կողակից, սա հերիք է, որպեսզի դուք որոշեք վստահել նրան և հանգիստ զբաղվեք ձեր գործով, առաջընթաց զարգացում ապրեք այդ գործի մեջ: Զարգացումը և աճը կտան ինքնավստահություն և անկախության զգացում, դուք կապավինեք ձեր սեփական ոտքերին՝ քայլելու համար, կհենվեք ինքներդ ձեր ողնաշարին և կհասկանաք ինչպես կարելի է կարեկցել և օգնել ձեր կողակցին, քանի որ քայլել սովորելիս կզգաք բոլոր այն ցավերը, որ ապրում են դեռ քայլել չիմացող երեխաները վայր ընկնելիս։ Հավատացնում եմ, որ այս ամենից հետո տղամարդու համար շատ ավելի ցանկալի կլինեք, քան թե հիմա ձեր այնպիսի վարքով, որը միայն վանում է տղամարդուն։

Փակել