Արդեն 2 տարի է ինչ ամուսնացած եմ, բայց շատ քիչ եմ ապրում սեռական կյանքով: Ամուսինս պատճառաբանում է, որ հոգնած է: Չեմ ժխտում՝ շատ ծանր է նրա աշխատանքը: Բայց ընդամենը 26 տարեկան է: Հնարավո՞ր է հոգնածությունը բերի նրան, որ շատ ուշ-ուշ սեքս ուզենա: Շնորհակալություն:

Պատասխան

Տեսականորեն հնարավոր է, որ հոգնածությունը բերի սեռական ցանկության անկման, բայց այնուհանդերձ կարծում եմ կարիք կա մասնագիտական հետազոտման, քանի որ հավանականություն կա նաև, որ նրա մոտ լինի որևէ սեռական խնդիր, որի մասին նա չգիտի և վերագրում է իր գերհոգնածությանը: Ինչպես նաև հնարավոր է, որ խնդիրը ոչ թե նրա մեջ է, այլ ձեր հարաբերության մեջ կա ինչ-որ «չարտասանված կամ չարտահայտված» վիրավորանք, հիասթափություն, որը «ասում է իրենը» անկողնային կյանքում: Այսպիսի դեպքերում քիչ չեն նաև ամուսնու կյանքում այլ զուգընկերոջ հայտնվելը` իրական կամ վիրտուալ, հոմո-կամ հետերոսեքսուալ: Ի վերջո հնարավոր է, որ դա իր տեսակից է, այսինքն` մարմնակազմվածքի առանձնահատկությունն է, որի պատճառով նա պարզապես քիչ սեռական պահանջ է զգում, և դա գենետիկորեն է պայմանավորված ու փոխել հնարավոր չէ:

Փակել

Խնդրում եմ, օգնե՛ք: Երեք տարի է ամուսնացած եմ, ունեմ երկու տարեկան բալիկ: Ամուսնության առաջին օրվանից օրգազմ չեմ ապրել: Հարաբերության առաջին մի քանի վայրկյանն եմ հաճույք զգում, հետո միանգամից վերանում է հարաբերության ցանկությունը, և այդպես ամեն անգամ: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ անեմ:

Պատասխան

Նախ և առաջ հարկավոր է անկեղծ լինել ամուսնու հետ և ասել, որ դուք սեռական հարաբերությունից հաճույք չեք ստանում, կայացած տղամարդը նման հայտարարությունից ոչ թե կբարդույթավորվի, իրեն վիրավորված ու նվաստացած կզգա, ինչպես մտածում են շատ կանայք, այլ հակառակը՝ կդառնա ավելի ուշադիր և շրջահայաց այս հարցում: Դուք պետք է գիտակցեք, որ օրգազմ չապրելու խնդիրը ձեր կամ ձեր ամուսնու մեղավորությունը չէ, պետք չէ մեղավորներ փնտրել կամ ամաչել դրա համար: Նաև խորհուրդ կտամ չմտածել օրգազմ ապրելու մասին, սեռական հարաբերման նպատակ չդարձնել օրգազմի հասնելը, որովհետև ինչքան զույգը հետապնդում է այդ նպատակը, այնքան դրա առաջանալու հավանականությունը փոքրանում է: Հաշվի առնելով, որ օրգազմի առաջացմանը մասնակցում են նաև օրգանիզմի նյարդահումորալ մեխանիզմները, որոնք կարող են խաթարված լինել տարբեր ախտաբանական գոործընթացների և ֆիզիկական հիվանդությունների պատճառով, ապա ցանկացած դեպքում խորհուրդ է տրվում դիմել կոմպետենտ բժիշկ-սեքսոլոգի։ Վերջինս համապատասխան հետազոտություններ իրականացնելուց հետո կբացահայտի օրգազմի բացակայության հնարավոր ֆիզիակական պատճառները և կնշանակի անհրաժեշտ բուժում։ Եթե հետազոտությունների արդյուքները փաստեն, որ չկա ֆիզիկական խնդիր, ապա անօրգազմիայի բուժումը կոմպետենտ մասնագետի կողմից իրականացվում է սեքս-թերապիայի միջոցով, որը վարքային թերապիայի մեթոդ է՝ համակցված իմացական թերապիայի տեխնիկական հնարներով։

Փակել

Բարև Ձեզ: Ես 23 տարեկան եմ: Արդեն մեկ ամիս է ամուսնացած եմ, բայց մինչ օրս դեռ կույս եմ, մեզ մոտ ոչինչ չի ստացվում: Ես շատ եմ լարվում և մի տեսակ վախենում եմ , երբ ամուսինս ինչ-որ գործողություն է ձեռնարկում, ցանկությունը շատ մեծ է: Ի՞նչ խորհուրդ կտաք: Ինչպե՞ս հաղթահարենք այս ամենը:

Պատասխան

Ամենայն հավանականությամբ խնդիրը, որի հետ գործ ունենք, վագինիզմ կոչվող սեքսոլոգիական խանգարումն է։ Դա բավականին լայն տարածում ունեցող խնդիր է, որը սակայն հաղթահարելի է մասնագետի օգնությամբ, բուժումը տևում է առնվազն մեկ ամիս, բայց կարող է ձգվել մինչև մեկ տարի՝ եթե անձի մոտ առկա են հոգեախտաբանական լրացուցիչ խանգարումներ: Այն լարվածությունը, որի մասին խոսում եք, նյարդամկանային ախտաբանական լարվածություն է, որի պատճառը վախն է՝ հիմնականում ցավից։ Խնդիրը տարածված է հատկապես հոգեսեռական զարգացման հապաղում և հոգեսեռական ինֆանտիլություն ունեցող կանանց մոտ։ Հնարավոր է լինի նաև սեռական ցանկության բացակայության խնդիր, որն արտահայտվում է ձեր նկարագրած ձևով, այս դեպքում նույնպես պահանջվում է բժիշկ-սեքսոլոգի մասնագիտական օգնություն, ընդ որում բուժման մեջ նման դեպքերում պարտադիր ներգրավվում է նաև ամուսինը, վերջապես չի բացառվում նաև կոիտոֆոբիա ախտորոշումը, որի բուժումը դարձյալ իրականացվում է սեքսոլոգիական ծառայության շրջանակներում։ Ամեն դեպքում, անկախ խնդրի բուն պատճառից և ախտորոշումից, խորհուրդ է տրվում սեռական մերձեցման նոր փորձ չձեռնարկել և ինչքան հնարավոր է շուտ դիմել բժշկի։ Լինում են դեպքեր, երբ զույգը մտածում է, թե ժամանակի հետ խնդիրն ինքն իրեն կացնի, սակայն սա սխալ պատկերացում է, ընդհակառակը՝ ժամանակի հետ խնդիրն է՛լ ավելի է բարդանում, հաճախ տուժում է նաև տղամարդու պոտենցիան, հարաբերության բնույթը կին-տղամարդ լինելուց վեր է ածվում քույր-եղբայր հարաբերության, այսինքն ամուսիններն այլևս իրար չեն ընկալում իբրև սեռական ցանկության ցանկալի օբյեկտ։

Փակել

Դաշտանից հետո քանի՞ օր կարելի է զբաղվել սեքսով առանց պահպանակի և չհղիանալ… Եվ խնդրում եմ ասեք՝ հղիության ընդհատումից անմիջապես հետո կարելի՞ է սեռական հարաբերություն ունենալ, թե՞ պետք է որոշ ժամանակ անցնի:

Պատասխան

Դաշտանի առաջին օրվանից մինչև 10-րդ օրն անվտանգ է (եթե ձեր ցիկլը կանոնավոր է): Իսկ հղիության ընդհատումից հետո ցանկալի է առնվազն մեկ ամիս սպասել, հետո միայն վերսկսել սեռական կյանքը:

Փակել

Ես ունեմ խնդիր կապված խանդի հետ, ես ահավոր խանդոտ եմ: Եթե իմ նշանածը գալիս է ինձ տեսնելու և հետո գնում է, ես անմիջապես սկսում եմ մտածել, թե ուր գնաց և ում հետ է այս պահին: Եվ այս հարցերն ինձ ամեն օր հուզում են, ես ոչ մի կերպ չեմ կարողանում վստահել նրան: Խնդրում եմ օգնեք, ո՞նց անեմ որ վստահեմ գոնե մի քիչ: Ինքն էլ գիտի, որ չեմ վստահում, չնայած, որ հակառակն եմ ասում իրեն:

Պատասխան

Խանդը խոսում է արտահայտված կասկածամտության, անինքնավստահության և ինքնաթերագնահատման մասին: Սրանք խնդիրներ են, որոնք պետք է լուծում ստանան: Խանդի հակված են բոլոր այն մարդիկ, ովքեր իրենց զուգընկերոջը դիտարկում են իբրև իրենց սեփականություն, մինչդեռ թե կինը, թե տղամարդը որևէ մեկի սեփականություն լինել չեն կարող, քանի որ թե կինը, թե տղամարդը մարդ են՝ իսկ դա նշանակում է ի ծնե ազատ են և ոչ թե ստրուկ: Խանդի հակված են նաև կախվածության մեջ ընկնող մարդիկ, ում թվում է, թե իրենց կախվածությունը սեր է, միչդեռ սա հիվանդագին երևույթ է, որից հարկավոր է ձերբազատվել, որպեսզի կարողանալ սիրել: Խանդը բերում է բարկության և կատաղության, որը կարող է ճակատագրական լինել, քանի որ կորցնելով ինքնատիրապետումը խանդոտ կինը կամ տղամարդը կարող են այնպիսի քայլեր անել, որոնք անդառնալի հետևանքների կբերեն: Նա ձեր նշանածն է, ուրեմն իր ազատ կամքով ընտրել է հենց ձեզ իբրև իր կյանքի կողակից, սա հերիք է, որպեսզի դուք որոշեք վստահել նրան և հանգիստ զբաղվեք ձեր գործով, առաջընթաց զարգացում ապրեք այդ գործի մեջ: Զարգացումը և աճը կտան ինքնավստահություն և անկախության զգացում, դուք կապավինեք ձեր սեփական ոտքերին՝ քայլելու համար, կհենվեք ինքներդ ձեր ողնաշարին և կհասկանաք ինչպես կարելի է կարեկցել և օգնել ձեր կողակցին, քանի որ քայլել սովորելիս կզգաք բոլոր այն ցավերը, որ ապրում են դեռ քայլել չիմացող երեխաները վայր ընկնելիս։ Հավատացնում եմ, որ այս ամենից հետո տղամարդու համար շատ ավելի ցանկալի կլինեք, քան թե հիմա ձեր այնպիսի վարքով, որը միայն վանում է տղամարդուն։

Փակել

Բարև Ձեզ: Ես 26 տարեկան եմ, կցանկանայի իմանալ արդյո՞ք երկար ժամանակով ինքնազսպումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Այլընտրանքային ի՞նչ տարբերակներ կառաջարկեիք: Նշեմ, որ մինչ այժմ ունեցել եմ կանոնավոր սեռական հարաբերություններ մոտ 3 տարի (ամուսնինս արդեն 8 ամիս է մեկնել է):

Պատասխան

Գոյություն ունի ինքնազսպման ճիշտ տարբերակ, որի դեպքում սեռական ցանկությունը ոչ թե խեղդվում, այլ պարզապես հեռանում է, այդ դեպքում ոչ մի վտանգ չկա: Իսկ եթե ցանկություն կա, բայց այն խեղդում եք կամային մեծ լարում գործադրելով, ապա այն կարող է բերել լուրջ խնդիրների առաջացման: Ցանկությունը հեռավորության վրա պահելը արվում է այնպես, որ սեռական հետաքրքրություն հարուցող իրավիճակներից հնարավորինս խուսափում եք և շատ պատասխանատու եք ձեր վարքի, հագուստի նկատմամբ, որը լրացուցիչ սեռական լարում չի առաջացնում՝ ինքներդ ձեր վրա, կամ այլոց ուշադրությունը ձեր վրա հրահրելով: Այստեղ աշխատում է ոչ թե կամքը, այլ միտքը, որը արմատներից շեղում է անձի հետաքրքրությունը։

Փակել

Ես 20 տարեկանեմ, ունեմ ընկեր, սեռական կյանքով չեմ ապրում` ելնելով մինչ ամուսնական հարաբերություններին հասարակության կողմից բացասական վերաբերմունքից: Միաժամանակ անընդհատ զգում եմ սեռական ցանկություն: Ասացեք խնդրեմ, կարող է արդյոք սեռական ցանկությունը և միաժամանակ սեռական կյանքի բացակայությունը բացասաբար ազդել կնոջ հոգեկան և ֆիզիկական առողջության վրա:

Պատասխան

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ մինչև ամուսնությունը սեռական կյանքով ապրող անձանց մոտ մի քանի անգամ բարձր է սեռավարկներով հիվանդացության, անսպասելի հղիության, փոքր կոնքի քրոնիկ բորբոքային հիվանդություն ձեռք բերելու, դեպրեսիվ-տագնապային խանգարումներ ունենալու տոկոսը: Պետք է գիտենալ, որ սեռական կյանքը բավականին մեծ պատասխանատվություն է իր մեջ ներառում, որովհետև այն կարող է ինչպես պաշտպանել և պահպանել մարդու առողջութունը, այնպես էլ կարող է ավերել և քայքայել այն: Թե սեքսով ապրելը, թե չապրելը ունեն ինչպես առավելություններ, այնպես էլ` թերություններ, որոնք բազմաթիվ  են: Դժվարանում եմ ասել, թե որն է 20 տարեկանի համար առավել նախընտրելի տարբերակը` ապրել, թե չապրել սեռական կյանքով, որովհետև դա կախված է տվյալ անձնավորության հոգեսեքսուալ հասունության աստիճանից, սեռական կոնստիտուցիայի տիպից, նրա անձի տեսակից և ընդհանրապես՝ նրա ով լինելուց: Պետք է նշեմ նաև, որ շատ հաճախ սեռական ցանկություն ասելով՝ այս տարիքում, հատկապես աղջիկները, նկատի ունեն գուրգուրանքների և շոյանքների պահանջը, այլ ոչ թե բուն սեռական ներթափանցումը։ Ներթափանցված լինելու ցանկությունը հայտնվում է ավելի մեծ տարիքում, երբ ավարտվում է հոգեսեքսուալ զարգացումը, իսկ դա տեղի է ունենում հիմնականում 21 տարեկանը լրանալուց հետո։

Փակել

Ես 23 տարեկան եմ: Ամուսնացած եմ, սեռական հարաբերության ժամանակ այրող ցավի զգացում ունեմ, հետազոտվել եմ գինեկոլոգի մոտ, բժիշկն ասաց, որ ամեն ինչ կարգին է, և իմ ցավի պատճառը հոգեբանական է: Ի՞նչ խորհուրդ կտաք, ինչպե՞ս վարվեմ այս վիճակից դուրս գալու համար:

Պատասխան

Այրող ցավը սեռական հարաբերության ժամանակ կոչվում է դիսպարեունիա: Ընդհանրապես ցավն ունի պաշտպանիչ դեր, միայն թե այս դեպքում այն պաշտպանում է ոչ թե իրական վտանգից, այլ հորինված։ Դուք իհարկե չեք գիտակցում, թե այդ ինչպես է, որ դուք ինքներդ եք այդ ցավի հեղինակը, հնարավոր էլ չէ, որ ինքնուրույն ուժերով գիտակցեք դա, քանի որ այն շատ խորը արմատներ ունեցող հոգեսեռական կոնֆլիկտի արդյունք է։ Հնարավոր է, որ ցավի պատճառը լինի նաև հարաբերության ենթատեքստում, այսինքն կապված լինի ձեր ամուսնու հետ, նրա մոտեցման և ձեր հանդեպ նրա վերաբերմունքի խնդիր լինի։ Ամեն դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագիտական օգնության, դուք չեք կարող ինքնուրույն ազատվել այդ ցավից։

Փակել

Սիրելի բժշկուհի, ես մտահոգ եմ մի հարցով, որի համար բավարար ինֆորմացիա ակնկալում եմ Ձեզնից՝ իմ մոտեցումը ճիշտ դրսևորելու համար: Տասներեք տարեկան աղջկաս մոտ նկատել եմ ձեռքով ինքնաբավարարմամբ զբաղվելը: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչը կարող էր նման արարքի պատճառ դառնալ, ինչքանով է՞դա նորմալ այդ տարիքում, և ո՞րն է լինելու իմ արձագանքը դրան:

Պատասխան

Դեռահասությունը այն տարիքն է, երբ աղջիկների և տղաների մոտ սկսվում է սեռական արբունքը։ Արտադրվում են մեծ քանակությամբ սեռային հորմոններ, որոնց ազդեցությամբ հասունանում և ձևավորվում են սեռին բնորոշ ֆիզիկական և հոգեկան առանձնահատկությունները, հայտնվում են նոր վարքագծային ստերեոտիպեր։ Սեռական ինքնաբավարարումը այս տարիքին շատ բնորոշ սեռային դրսևորում է, հատկապես տղաների մոտ, սակայն հանդիպում է նաև աղջիկների մոտ: Այն ուղղված է սեռական լարվածության հաղթահարմանը, որը կուտակվում է դեռահասի մարմնում։ Այդ լարվածության զգացողությունը սկզբում անգիտակից է, դեռահասը չգիտի, թե ինչ է կատարվում իր հետ, նա միայն զգում է, որ ինչ-որ նոր զգացողություններ են հայտնվել, որոնք հանգիստ չեն տալիս: Հատկապես մեծ շփոթություն կարող են առաջացնել էրոտիկ բովանդակությամբ երևակայությունները։ Հաճախ այս տարիքում դեռահասները զրուցում են իրար հետ նման հարցերի շուրջ կամ էլ ինքնուրույն համացանցում որոնում են իրենց հուզող հարցերի պատասխանները։ Քանի որ ինքնաբավարարումը բերում է երանելի խաղաղության զգացման, ապա այս զբաղմունքը դառնում է սովորության պես մի բան և դրանից կարող է առաջանալ կախվածություն: Ձեր մտահոգությունը իբրև ծնողի միանգամայն հասկանալի է, սակայն ձեր կողմից այդ անհանգստությունը կարող է է՛լ ավելի վնասել դեռահասին՝ բարդացնելով նրա ապրումները մեղավորության զգացումով և առաջացնել զզվանք սեռական դրսևորումների հանդեպ: Ձեր կողմից գրագետ մոտեցում կլինի խոսել ձեր աղջկա հետ նրա սեռական զգացողությունների, սեռական հետաքրքրության, սեռական գրգռման մասին, ասել նրան, որ դրանք նրա սեռի միանգամայն նորմալ դրսևորումներ են և լրիվ առողջ են: Շատ կարևոր է, որ զրույցը տանեք առանց ամոթի, զայրույթի, կշտամբանքի ներթաքույց զգացումների, որոնք լսելի կլինեն ձեր ձայնի մեջ: Հարկավոր է սովորեցնել դեռահասին, թե ինչպես նա կարող է ճանաչել և առողջ ձևով տիրապետել այդ զգացողությունները, որպեսզի դրանք չդառնան գերիշխող իր առօրյայում և չկլանեն նրա ամբողջ ուշադրությունը, այլ համեստորեն զբաղեցնեն իրենց տեղը նրա անձնական կյանքում: Կան այս թեմաներով սեմինարներ, բայց ավելի մեծ ուսուցիչ է բնությունը, ուստի այս տարիքում խորհուրդ է տրվում հնարավորինս շատ գտնվել բնության գրկում, որպեսզի դեռահասի հոգեսեռական հասունացումը ներդաշնակի բնության ռիթմերին: Բնությունից քաղած ամենամեծ դասը դա սեռականության և վերարտադրողության անխզելի կապի գիտակցումն է։ Բացի այդ, անչափ կարևոր է այս տարիքում գեղարվեստական գրականության ընթերցումը և սպորտով զբաղվելը: Ամեն ինչ պետք է անել, որ սեռական զարգացման հետ մեկտեղ հարստանան նաև դեռահասի իմացական, հոգեկան, հոգեսոցիալ և սոցիալ-մշակութային աշխարհները: Սովորաբար համակողմանիորեն մատուցած սեռական դաստիարակությունը կասեցնում է պատանեկության տարիքի մաստուրբացիոն ակտիվությունը՝ շեշտը դնելով զույգային հարաբերություններ կառուցելու կարևորության և այդ հարաբերության ենթատեքստում սեռական դրսևորումները ներառելու հմտությունների ձևավորման վրա։

Փակել