ՆԱՐԻՆԷ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Երկու հատվող բուրգերից ծնվում է Նորը

Author: ՆարինԷ Ներսիսյան (Page 1 of 6)

Ինքնավաճառք կամ պոռնկության լայն պատկերը

Պոռնիկ բառը սովորաբար ասոցացվում է մարմնավաճառության հետ, պոռնիկ է համարվում նա, ով սեռական բնույթի ծառայություններ է մատուցում որոշակի գումարի դիմաց, այլ կերպ ասած՝ վաճառում է իր մարմինը։ Բայց պետք է իմանալ, որ վաճառել կարելի է ոչ միայն մարմինը, այլ նաև այդ մարմնում բնակվողին կամ նրա մասերից որևէ մի բան։

Այս գրառման մեջ պոռնիկ բառի տակ ես նկատի չունեմ փողի դիմաց մարմինը վաճառող մեկին, այլ հասկանում եմ լրիվ ուրիշ բովանդակություն։ Խոսքը գնում է ավելի շուտ արքետիպի մասին, մեր ներսում ապրող միտման, կաղապարի, ունիվերսալ սիմվոլի, որը ժառանգվում է սերնդեսերունդ՝ իբրև վարքային մոդել և ազդում կյանքի ընթացքի վրա՝ թողնելով տարբեր հետևանքներ։

Բոլոր մարդիկ իրենց ներսում ունեն Պոռնիկի արքետիպը՝ թե կանայք, թե տղամարդիկ՝ արտահայտման տարբեր աստիճաններով։ Պոռնիկի արքետիպը մեր կյանքում արտահայատվում է, երբ պատկերավոր ասած՝ մենք վաճառում ենք մեր որևէ մասը ինչ-որ օգուտի դիմաց, երբ գործում ենք «քյարից» դրդված:

Կարդալ ավելին

Պոռնիկի արքետիպը սնվում է այն վախերով, որոնք կապված են գոյության պահպանման և ապոհովության պահանջի հետ։ Իզուր չէ, որ այս արքետիպով առաջնորդվողները մարդիկ են, ովքեր ունեցել են դժվար մանկություն՝ ֆիզիկական և հուզական կյանքի վայրիվերումներով, գոյության պահպանության սպառնալիքներով։ Այսպիսի մանկությունը, ինչպես հայտնի է, մարդու մոտ ձևավորում է խորքային պատկերացումներ ու համոզմունքներ այն մասին, որ այս աշխարհն ապահով տեղ չէ, իսկ կյանքն անհուսալի է։ Պոռնիկի արքետիպը ծաղկում և հզորանում է, երբ մարդը սկսում է վախենալ ապագայի համար, մտածելով, որ չի կարող ապրուստի բավարար միջոցներ վաստակել։ Ու ահա, որպեսզի իրեն ազատի անապահովության կեղեքող զգացումից ու պաշտպանված զգա, հուսահատության ամենավերջին պահերին նա տեղ է տալիս հետևյալ մտքին՝ ի վերջո կզոհեմ այն արժեքները, եթե այլ ելք չունենամ։

Ահա թե ինչն է վաճառքի հանվում այդ րոպեներին մեր ներսում՝

  • Նվիրական երազանքը՝ հանուն բարեկեցիկ կյանքի։
  • Սեփական արժեքներն ու սկզբունքները՝ հանուն հանրային հավանության,
  • Կամքը՝ հանուն փողի չսիրած գործն անելով։
  • Ինքնատիպությունը՝ հանուն հանրային ճանաչման և հայտնի դառնալու։
  • Կյանքը՝ հանուն հուզական/սոցիալական/ֆինանսական ապահովության, երբ պետք է հանդուրժել թունավոր կամ չարաշահող հարաբերությունները, որոնցում գտնվում եմ։
  • Անկեղծությունը՝ հանուն այն մարդկանց սիրաշահելու, ումից ապագայում ակնկալիքներ կան։
  • Ճշմարտախոսությունը՝ հանուն անձնական շահերի պաշտպանության։
  • Ինտելեկտը, զգացմունքները, սիրտը, հոգին, ընկերությունը, ստեղծագործականությունը՝ հանուն անձնական ապահովության։

Ինչպես տեսնում եք պոռնիկը մեր ներսում շատ կերպերով է հանդես գալիս։ Եթե փորձենք դուրս բերել պոռնկության բանաձևը, ապա այն կունենա այսպիսի տեսք՝ ես քեզ կտամ այն ամենը, ինչ ուզում ես, անգամ իմ հավատը, ինքնահարգանքը, ինքնաբավությունս, այնքան ժամանակ, քանի դեռ ինձ հետ կվերադարձնես իմ ուզածը՝ ֆինանսական կամ անձնական օգուտի տեսքով։ Այսպիսով Պոռնիկի արքետիպը զոհասեղանին կարող է դնել շատ բաներ, միայն թե ի վերջո ձեռք բերի ապահովության և անվտանգության բաղձալի զգացումը։ Նա չունի սրբություն, վաճառքի ենթակա է ամեն բան, ամեն բան անխտիր։ Ամեն ինչ իր գինն ունի և կարող է վաճառվել, գրավի տակ դրվել։

Սակայն, ինչքան էլ առաջին հայացքից Պոռնիկի արքետիպը բացասական կարող է թվալ, այնուհանդերձ, այն միանգամայն չեզոք ուժ է և խնդիր է դառնում միայն այն դեպքերում, երբ չենք գիտակցում դրա ակտիվ մասնակցությունը մեր կյանքում։ Ներքին պոռնիկն անգամ դրական դեր կարող է խաղալ, երբ ահազանգում է, որ պատրաստվում ենք ծախել մեզ կամ մեր ինչ-որ մի մասը՝ հանուն ինչ-որ նեղ անձնական շահի, այս իմաստով Պոռնիկի արքետիպը հավատքի յուրօրինակ դռնապանի դեր է կատարում, քանի որ նրա կողմից հնչեցրած ահազանգը նշանակում է, որ թերանում ենք հավատքի մեջ։

Պոռնկի արքետիպից պիտի սովորենք մի կարևոր դաս՝ վստահության դասը։ Վստահել նշանակում է հավատալ, որ մենք ունենք բարօրություն և հարստություն ապրելու ներքին կարողություն ու անսպառ զորություն։ Երբ կասկածում ենք մեր այդ կարողությանը ու սկսում փնտրել վստահության արտաքին երաշխիքներ ու աղբյուրներ, խարխլում և ոտնահարում ենք մեր այդ ներքին կարողությունը, ու որպես հետևանք հաջորդում է ներքին Պոռնիկի կոմպուլսիվ վարքը։

Պոռնիկին չեզոքացնելու միակ ճանապարհը ինքներս մեզ վստահություն շնորհելն է։ Որպես ինքնա-վստահության գրավական, պետք է ընդունենք, որ իրականում մենք կանք ավելին, քան մեզ թվում է, քանի որ մեր մասին ունեցած մեր պատկերացումների հիմքում ընկած են մեր անձի հնարավորությունները, որոնք միշտ սահմանափակ են։ Մենք ավելին ենք, քան մեր պաշտոնը, ձեռք բերած տիտղոսները, աշխատանքը, մարմինը, մտքերը, զգացմունքերը։ Սակայն շատ դժվար է, գրեթե անհնար, հավատալ նրան, որ մենք իրականում նա չենք, ով գիտենք, որ Ենք։ Շատ վաղ մանկությունից մեզ սովորեցրել են հավատալ, որ ես նա եմ, ով կամ առերևույթ, բայց չի կարող երբեք անցողիկը բերել բարեկեցություն և անվտանգության զգացում, եթե անձը փոփոխական ու հեղհեղուկ կառույց է, եթե մարմինը ծերանում է, աշխատանքը ժամանակավոր է, եթե մտքերը անվերահսկելի են, ինչպե՞ս ուրեմն կարող են դրանք ոգեշնչել մեր հավատը։

Որպեսզի ներքին Պոռնիկից դասեր քաղենք, նախ պետք է վերահաստատենք կապը մեր այն հատվածի հետ, որը երբեք չի փոփոխվում, ու այդ հատվածը Գիտակցությունն է՝ անսահման, համատարած, իմաստուն և սիրող տիեզերական գիտակցությունը կամ Աստված, ումից սկսում է ամեն ինչ, ում դիմում ենք հուսահատության վերջին պահերին։

Ու պետք է հիշել, որ Պոռնիկի արքետիպը մեր անձի մի մասն է միայն, ուրեմն ոչ թե ձուլվենք և նույնանանք, այլ օբյեկտիվորեն դիտարկենք այն։ Պոռնիկը մեր թշնամին չէ, ոչ էլ պետք է ամաչենք նրանից, այն նորմալ պաշտպանական մեխանիզմ է, որն առկա է բոլորիս ներսում տարբեր աստիճանի դրսևորմամբ, պետք է չէ բուժել այն, կամ այնպես անել, որ անհետանա, պարզապես պետք է գիտակցել դրա գոյությունը, և ընդունել նրան, ինչպիսին որ կա, սակայն առանց թույլատրելու, որ նա մեր փոխարեն որոշումներ կայացնի ու թելադրի, թե ինչ ենք անելու, առանց որևէ փոխզիջման գնալու։

Պոռնիկի արքետիպից դասեր քաղելու համար ամուր պետք է կանգնած մնալ այն հավատքի վրա, որ Գիտակցությունը կամ Աստված, ինչպես կուզեք անվանեք այն, միշտ ու հավիտյան մեր հետ է, որպեսզի օգնի մեզ, որովհետև այն իմ ներսում է, որովհետև Այն Ես եմ։

Մեկնաբանությունները ողջունելի են։

Օգտագործված գրականություն՝

  1. Caroline Myss, Sacred Contracts, 2003
  2. C.G.Jung, The Archetypes and the Collective Unconscious, 1981

Փակել


Ձեզ կարող է հետաքրքրել նաև…


 

Ստվերը

Մեջբերում եմ մի հատված բժշկական գործունեությանս ընթացքում տեղի ունեցած մի զրույցից (կա զրուցակցի նախնական համաձայնությունը, դետալները փոփոխված են).

«…Կան շատ բաներ, որոնք ուզում եմ իմանաք իմ մասին, ես պատասխան չեմ ակնկալում, ուղղակի ուզում եմ ասել ինչ եմ զգում: Զգում եմ, որ իմ մեջ ապրում է մի հրեշ ու ես չեմ կարողանում նրան սաստեմ, իրականում չեմ էլ փորձում… Ինձ թվում է դուք էլ եք հանձինս ինձ տեսնում մի փոքրիկ ու թույլ երեխայի, դա այդպես էլ կա, բայց կա նաև էն մութ կողմը, որից ես ամաչում եմ, բայց ինքը կա… Ես էնքան վատն եմ, վատը շատ պրիմիտիվ բառ է, ես կասեմ տականք ու ստոր եմ, որ ես շփվում են էն մարդկանց հետ, ես հաց եմ ուտում էն մարդկանց տանը, որոնց, որ իմ իմ մտքում բազմիցս վատ խոսքեր եմ ասել… ու ես արդեն չգիտեմ էլ՝ արդյո՞ք ինձ վատ եմ զգում այդ կեղտոտ խոսքերի համար, թե ոչ այդքան, քանզի այդ ամենը դարձել է շատ սովորական ինձ համար: Եղել են պահեր, որ իմ զզվանքը մամայիս հանդեպ էնքան ուժեղ է եղել, որ ես զզվել եմ էն մտքից, որ ես իր ներսում եմ սաղմնավորվել… Այս տողերը գրում եմ շատ հանգիստ, քանզի հիմա չեմ զգում այն, ինչ գրում եմ, ուղղակի շարադրում եմ երբևէ զգացածս ինչ-որ բաներ…»:

Իհարկե մինչև վերջ անկեղծ լինելու դեպքում մարդն իր մեջ այնպիսի որակներ ու կողմեր կարող է տեսնել, որոնք ընդունելը ծայրաստիճան շփոթեցնող է և անգամ կարող է խելագարության հանգեցնել: Այս առումով կցանկանայի մեջբերում անել Կարլ Յունգի՝ մարդու հոգեբանության ոլորտում խորքային ուսումնասիրություններ կատարած այս հեղինակի «Անգիտակցականի հոգեբանությունը» աշխատությունից.

Կարդալ ավելին

«Համակվում ես վախով, երբ մտածում ես, որ մարդն ունի նաև մութ կողմ, որը սոսկ անէական թուլություններ ու թերություններից չէ բաղկացած, այլև ունի միանգամայն դիվական մեխամիզմ: Անհատը հազվադեպ է տեղյակ լինում սրանից: Անհավանական է թվում, որ անհատը երբևէ որևէ հանգամանքում կանցնի իր իսկ սեփական սահմանները: Սակայն բավական է, որ այդ անվնաս էակները կազմեն զանգված, ու այդժամ կառաջանա կատաղած մի հրեշ»:

Յունգը հայտնի է իբրև Ֆրոյդի ախոյան՝ վերջինիս մի քանի տեսական դրույթներին հակադրվելու պատճառով: Հոգու էությունը լուսաբանող մի շարք ծանրակշիռ աշխատություններում Յունգի կողմից առաջ են քաշվել հոգեբանության ոլորտում նշանակալի ազդեցություն թողած «հավաքական անգիտակցական» և «արքետիպեր» հասկացությունները: Արքետիպների մասին իր մոդելում Յունգը նշում է, որ մարդու անգիտակցականում կան իրարից առանձնացված մի քանի «ես»-եր (արքետիպեր), ովքեր տարբեր կերպ են ստիպում վերապրել կյանքը: Ընդհանրապես, մարդու մասին խոսելիս մենք պատկերացնում ենք նրա անձնավորությունը, սակայն, փաստորեն, գոյություն ունեն բազմաթիվ ենթաանձեր, որոնք կարող են ցուցաբերել ինքնուրույնություն և կամք, նաև՝ հակադրվել մեկը մյուսին: Նշված ենթաանձերից խիստ կարևոր են, այսպես կոչված, Ստվերն ու Պերսոնան՝ ինչպես անվանում է դրանց Յունգը:

Պերսոնան այն արքետիպն է, որը պայմանավորում է, թե ինչպես եմ ներկայանում աշխարհին և ինչ եմ ուզում լինել: Պերսոնան ձգտում է հարմարվելուն և նյութական աշխարհը վայելելուն: Persona բառը լատիներեն է և թարգմանաբար նշանակում է դիմակ, պատկերավոր ասած այս բառը վերաբերում է այն սոցիալական դիմակներին, որոնք մենք կրում ենք տարբեր սոցիալական իրավիճակներում, մարդկանց տարբեր խմբերի մեջ գտնվելիս:

Դրան հակառակ, Ստվերը անգիտակցականի մի մասն է, որը կազմված է ճնշված գաղափարներից, բնազդներից, մղումներից, թուլություններից, ցանկություններից, վախերից: Ստվերային անձն ի տարբերություն Պերսոնայի, քողարկված է և դրսևորվում է միայն հատուկ հանգամանքներում: Այս արքետիպով նկարագրում են մեր ամենամութ կողմը, այն ենթաանձը, որը ներկայացնում է անմշակը՝ վայրին, քաոսայինը, անհայտը: Յունգը հավատում էր, որ բոլոր մարդիկ կրում են այս ստվերային կողմն իրենց մեջ, որը շատ դեպքերում ստեղծագործ ներուժի հզոր աղբյուր է դառնում:

Նորածին մանուկը բնության բոլոր տարրերը ներառող ներդաշնակ ու հավասարակշիռ ամբողջություն է: Սակայն սոցիալական միջավայրում մեծանալիս՝ մեզ անընդհատ սովորեցնում են, որ աշխարհում կա բարի ու չար: Ու ահա, ճաշակելով բարու և չարի իմացության պտուղը՝ մենք բևեռանում ենք, քանզի ինքներս մեզ նույնպես սկսում ենք նայել և գնահատել այդ պրիզմայով՝ իրարից տարանջատելով մեր բարի ու չար դրսևորումները: Հասարակական կանոնների և նորմերի ազդեցության ներքո մենք որակավորում ենք գրեթե ամեն հատկանիշ՝ համարելով, որ կան հասարակության կողմից ընդունելի կամ ոչ ընդունելի որակներ: Ընդունված նորմերի հետ բախումից խուսափելու համար ոչ ընդունելի հատկանիշների համախումբը հետագայում դառնում է անգիտակցականում ապրող Ստվերի բովանդակությունը: Ինչպես շվաքն անբաժանելի է իրեն ծնող երևույթից, այնպես էլ Ստվեր արքետիպը անքակտելի է մեր Անձից, սակայն ի տարբերություն շվաքի, այն չի ենթարկվում մեր Անձին, այլ մի փոքր այլ տրամաբանությամբ է գործում:

Ինչպես ասում է Յունգը՝ այն, ինչին մենք անվանում ենք քաղաքակիրթ գիտակցություն, խզել է կապը մեր հիմքային բնազդների հետ, որոնք սակայն չեն անհետացել, այդ բնազդները պարզապես կորցրել են կապը գիտակցականի հետ, այդ իսկ պատճառով ինքնահաստատվելու համար հարկադրված են երևան գալ անուղղակի ձևերով: Այսպես կարող են ի հայտ գալ տարբեր նևրոտիկ ախտանիշեր, տրամադրության չհիմնավորված տատանումներ, անսպասելի մոռացություն, խոսքի վրիպակներ:

ժամանակակից մարդը տեղյակ չէ իր պառակտված վիճակից: Անձի կողմից գործի դրված հոգեբանական պաշտպանական մեխանիզմների շնորհիվ մենք շատ հազվադեպ ենք տեսնում այդ իրողությունը՝ շարունակելով կուտակել այս մութ ցանկությունները, դրդապատճառները և վախերը անգիտակցականի անկյուններում: Ու սա կարող է մեծ վտանգ ներակայացնել: Երկար տարիներ ճնշելով ստվերը մեր ներսում, այն մի օր այնպիսի թափ է հավաքում, որ ջարդուխուրդ է անում ամեն տեսակի արգելք, որը միտված էր իրեն զսպելու: Ընթացքը կասեցնող շինությունը ցաքուցրիվ է լինում ահռելի մեծ հզորություն կուտակած ճնշումից, և արհեստականորեն արգելափակված ուժը դուրս է հորդում այնպիսի թափով, որն անկարելի է արդեն կասեցնել կամ որևէ կերպ վերահսկել: Այդպիսի հզորության ալիքները մեծ վնաս են հասցնում մեր առողջությանը՝ մենք հայտնվում ենք դեպրեսիայի մեջ կամ ձեռք բերում այլ հոգեբանական ու հոգեկան խնդիրներ:

Համաձայն եմ, որ մենք չենք կարող ազատություն տալ մեր այն կողմերին, որոնք չեն համապատասխանում հասարակության բարոյական հրամայականներին: Թեև երբեմն այս հարցում մեծ շփոթություն է տիրում, թե հատկապես ինչն է ընդունելի կամ անընդունելի հասարակության կողմից: Երբեմն ընդունելին խիստ հակասական է մի մշակույթից մյուսը և կարող է երկու իրար հակառակ իմաստներ կրել տարբեր մշակույթներում, օրինակ՝ աչքերի կոնտակտը արևմուտքում համարվում է մարդուն շփման մեջ ներգրավելու փորձ, մինչդեռ Ճապոնիայիում խիստ անհարգալից վերաբերմունք է: Սեքսուալ բաց սցենարներ պարունակող ֆիլմերը լավ չեն դիտվում պահպանողական բարքերով հասարակության մեջ, օրինակ հենց Հայաստանում, մինչդեռ եվրոպական կինոարվեստում դրանք միանգամայն նորմալ և ընդունելի են:

Սակայն հասարակության կողմից թելադրված բարոյական արժեքների պատճառով մենք փաստորեն հարկադրված ենք անընդունելի ճանաչվող մի շարք հատկություններ և հույզեր խնամքով թաքցնել ուրիշներից և առաջին հերթին՝ ինքներս մեզնից: էլ ինչպե՞ս բացահայտենք մեր ով լինելը, ինչպե՞ս բացահայտենք մարդու առեղծվածը: Անկարելի բան է իրական սիրով սիրել՝ նախքան ճանաչելը:

Կան հոգևոր ուսմունքեր, որոնք մեզ սովորեցնում են, որ մեր հիմնական դիրքորոշումը պետք է միտված լինի դեպի բարձր ու վեհ գաղափարներ, մենք պետք է անընդհատ ձգտենք դեպի բարձրագույնը, վեհը, դեպի լույսը: Սակայն եկենք մտածենք՝ մի՞թե հնարավոր է շարժման գոյություն, եթե չլիներ հակառակ բևեռը: Ո՛չ, իհարկե: Ուրեմն՝ ձգտելով միայն դրական բևեռին, առանց պատշաճ ուշադրություն դարձնելու բացասականին, մենք արհամարհում ենք մարդ լինելու ամբողջականությունը: Այսպիսի ուսմունքերը քարոզում են միայն դրական արժեքներ, ինչպիսիք են՝ սիրի՛ր դիմացինին, հարգե՛նք միմյանց, խաղաղություն բոլորիս, ներդաշնակություն, կարեկցանք, լրիվ մոռանալով ու արհամարհելով մեր մյուս կողմը՝ բարկությունը, վրեժխնդրությունը, վերահսկողությունը, վախը, ամոթը, մրցակցությունը, նախանձը, կիրքը…

Կան ամուսիններ, ովքեր պառակտում են իրենց կանանց՝ աստվածացնելով նրանց մայրությունը և խստագույնս պատժելով ոչ էրոտիկ միտումներ հետապնդող ցանկացած կանացի դրսևորում: Այդպիսի ամուսինների համար անտանելի է թվում համատեղել իգական սեռի այդ երկու կողմերի համատեղ գոյությունը ու նրանք, իրենց կամքից անկախ, դատապարտում են իրենց մշտական սեռական մերժման՝ կնոջ մոտ սեռական ցանկության անկման պատճառով: Մայր հանդիսացող կնոջ էրոտիկ կերպարն անհարիր է թվում մայրության սուրբ կերպարանքին, ուստի և այն անխնա կերպով ենթարկվում է արգահատման ու ՛՛գլխատման՛՛: Իրականում կնոջը երկատելու այս միտումը հզոր էներգետիկ աղբյուր է, որով սնվում է նմանատիպ տղամարդը՝ անտեղյակ լինելով նման աղբյուրի ստվերային բնույթի և կործանարար լինելու մասին:

Մինչդեռ առանց այս մութ կողմերը ճանաչելու և դրանք ընդհանուր կառուցվածքի մեջ ներառելու պատրաստակամության հնարավոր չէ առողջանալ: Բանալի բառն այստեղ ներառումն է, լատիներեն integratus, ինտեգրել, որը նշանակում է լրիվության բերել: Ներքին որակների ինտեգրելը նշանակում է տեր դառնալ և պատասխանատու լինել դրանցից յուրաքանչյուրի համար, այլ ոչ թե մասնակիորեն մերժել կամ հերքել դրանցից որոշները: Առողջությունը ամբողջացման և համալրման մեջ է, դրան հակառակ պրոցեսը դեզինտեգրումն է, ներքին տրոհումը, մասնատումը, իրարից անջատումը, առանձին կտորների բաժանումը: Այն անձը, ով անկարող է ամբողջանալու, ներառելու առանձին կտորներ, հատկապես մութ նշան ունեցողները, ուժեղ սթրեսային պայմաններում նյարդային անկում է ապրում: Իրականում տրոհված անձիք մեծ դժվարությամբ են ամբողջացման գալիս, քանի որ նրանք չունեն կենտրոն, որի շուրջ կարելի կլիներ հավաքագրել մասնատված կտորները, այդպիսի մարդիկ ապրում են անձի պերիֆերիկ հատվածներով:

Ինչպես ասում են վաղնջական ժամանակների իմաստունները. «Ի սկզբանե եղել է խավարը, լույսը ծնվում է խավարից, իսկ խավարը ծնվել է ինքն իրենից»: Լույսն ու խավարը կարիք ունեն մեկ-մեկու: Քանի դեռ մարդը չի հանդիպել խավարին, նա չի կարող գալ ներդաշնակության և ինքնահավասարակշռման: Հաճախ դաստիարակության մեջ շեշտը դրվում է բարձրագույն արժեքների հետևորդ դառնալու վրա, սակայն մարդը չի կարող վեհ գաղափարների մարմնավորող լինել, քանի դեռ նա չգիտի ինչ է ցածրագույնը, չի ճանաչել իր Ստվերի բովանդակությունը: Տան հիմքը կարևոր է ամբողջ շինության ամրության համար, քանի որ, եթե չկան ամուր հիմքեր, ինչքան էլ շքեղ վերանորգված լինեն վերնահարկերը, միևնույնն է՝ շինությունը մի օր փլվում է: Նմանատիպ կերպով և մարդը, եթե չի ճանաչել իր ցածրագույն հակումները, չի կարող վստահ լինել իր հոգեկան կայունության և առողջության ամրության վրա: Իզուր չէ, որ մարդու լրիվության գաղափարը խորհրդանշող Բուդդան և Աստծո որդի Հիսուսը նախքան արթնություն ապրելը անցել են Ստվերի աշխարհով՝ Բուդդան հանդիպեց Մարային, իսկ Քրիստոսը փորձություն անցավ անապատում: Նախքան լույսին գալը նրանք անցան խավարի միջով:

Հարկ է նշել, որ ստվերային կողմը ինտեգրել՝ չի նշանակում տեղի տալ մութ հոգեվիճակներին, ցանկություններին ու մղումներին: Տեղի տալ ասելով՝ նկատի ունեմ թաթախվել դրանց մեջ, որից այդ վիճակներն է՛լ ավելի մեծ ուժգնություն են ձեռք բերում: Ներառել ասելով նկատի ունեմ, որ պետք է ընդունել ստվերային կողմի գոյությունը, այն փաստը, որ այդ բանը կա, որովհետև միայն ընդունելու քայլն է թույլ տալիս պատասխանատվություն վերցնել և տեր դառնալ այդ տարրին: Հենց այն պահին, երբ անկեղծորեն ընդունում ենք այդ մութ տարրի գոյությունը, փոխանակ խուսափելու դրանից, այն դադարում է այլևս իշխանություն ունենալ մեզ վրա, քանի որ մեր այդ քայլով հնարավորություն ենք ստեղծում տարանջատվելու և տեսնելու, որ մենք այդ տարրը չենք: Ես Ես եմ, իսկ դա իմ մեջ գտնվող ինչ-որ տարր: Մեր մեջ պարզապես կան որոշակի մտքեր, որոշակի զգացողություններ և հակումներ, որոնք ինչպես գալիս են, այնպես էլ գնում են ու մինչև դրանց չենք նկատում, ընդունում դրանց գոյությունը, դրանցից չենք ազատվում, կարծես թե դրանց սպասումը մեզնից իրենց ինքնահաստատումը լինի, որով հանգստություն են ձեռք բերում և հեռանում մեզնից:

Հակառակ դեպքում, ինչքան խուսափենք և թաքնվենք Ստվերից, մեղադրելու ենք այլ մարդկանց իրենց ստվերային կողմերի համար, երբ իրականում գործ ունենք ինքներս մեր չբացահայտված Ստվերի հետ:

Ամբողջական և հավասարակշռված մարդը խորը ազնվության և գիտակից իրազեկության լույսի ներքո իր բոլոր մասերի հաշտեցմանն ու միավորմանը եկած մարդն է: Ու դա չի նշանակում մեր մութ կողմերին երես տալ, հանդուրժել դրանց ամենաթող ինքնագործունեությունը, այլ պատասխանատվություն ստանձնել մեր իսկ ընտրությունների և որոշումների համար: Սա շրջադարձորեն հակառակ է այնպիսի հոգևոր ուղղությունների, որոնք հերքում, խլացնում, խեղդում, ասկետիկ ինքնազսպմամբ «մաքրագործվում են չարից»:

Ստվերի հետ աշխատանքը անպայման չէ, որ մութ և մռայլ գործընթաց լինի, այստեղ կարելի է գտնել բազում ստեղծագործ և լուսավոր նյութեր, որոնք գաղտնի կերպով թաքցվել են մարդկանցից: Շատ հաճախ ստեղծագործ, եզակի, նորարական և տարբերվող գաղափարները ուղարկվում են մեր ստվերային Ես-ի մեջ, որովհետև դրանք չեն ընդունվում սոցիումի արդեն հաստատված ու կարգաբերված պահպանողական իրականության մեջ:

Որպեսզի առողջացում լինի, չարը և բարին պետք է փոխծածկեն միմյանց: Լույսը չէ, որ բերում է առողջացում, ոչ էլ՝ մութը, այլ այն կետը, որտեղ այդ երկուսը հանդիպում են: Այս գաղտնիքը բացահայտել են շատ վաղուց՝ հին քաղաքակրթությունները, շամանները, մայաները, ամերիկացի տեղաբնակ հնդիկները: Այս գաղտնիքի իմացության մասին է վկայում նաև քրիստոնեական սրբապատկերներում նշաձև տեսքով շրջագիծը, որն իր մեջ է առնում սուրբ Մարիամի կամ Հիսուսի պատկերները: Երկու հավասար շառավիղներ ունեցող շրջանների այնպիսի հատումը, երբ յուրաքանչյուր շրջանի կենտրոն հայտնվում է մյուսի շրջագծի եզրին, ստեղծում է այնպիսի գծապատկեր, որը լատիներենում ունի հատուկ անուն՝ Vesica piscis, թարգմանաբար նշանակում է ձկան պարկ, քանի որ գոյացող նշաձև գծապատկերը շատ նման է ձկան օդապարկին: Իտալերեն այդ նշաձև գծապատկերն անվանում են mandorla, որը թարգմանվում է նուշ: Մանդորլա կարելի է հանդիպել շատ սրբապատկերներում, գոթիկ ճարտարապետության մեջ, կաթոլիկ եկեղեցիների վարդակ պատուհաններին: Մանդորլան երկնքի և երկրի հատումն է, կամ Ոգու և Նյութի հատումը, և կարող է սահմանվել, որպես այն տեղը, որտեղ տեղի է ունենում վերածնունդ, վերափոխում և վերամարմնավորվում:

Իսկ հիմա ներկայացնեմ մի քանի պրակտիկ միջոցներ, թե ինչպես կարող ենք ընդգրկել խավարի հատվածը: Դա հնարավոր է իրականացնել ամենից առաջ գծագրելու կամ նկարելու օգնությամբ՝ ներքին լարումները թղթին կամ կտավին հանձնելով: Սա հնարավորություն է ստեղծում տեսանելի դարձնել և նյութականացնել այդ լարումը, թույլ է տալիս, որպեսզի ինքնադրսևորվի Ստվերը: Երեխաների հոգեբանության ոլորտում երեխային ճանաչելու ամենահեշտ ձևը նրան մատիտ և թուղթ տալն է՝ առաջարկելով, որ նա նկարի իր մտքին եկած ինչ-որ բան: Մեծահասակների դեպքում այս մեթոդն այնքան էլ արդյունավետ չէ, քանի որ մեծերը այնքան խորն են արտամղել, որ ստվերային կողմերը հեշտորեն դուրս չեն գալիս կտավի վրա: Սակայն եթե չվախենանք ինքնաքննադատությունից, հետևողական գտնվելու դեպքում աստիճանաբար ստվերային ես-ը կսկսի երևալ, և մենք կբացահայտենք մեր թաքնված կեսը:

Փայտագործությունը, կավագործությունը, երաժշտություն գրելը այնպիսի զբաղմունքներ են, որոնք մութ կողմերի վերհանման համար միջավայր են ստեղծում, և նյութի հետ առնչվող ստեղծագործ մարդն աստիճանաբար մաքրագործվում է իր ստվերային հատվածից և ի վերջո մոտենում ու հաղորդակից է դառնում իր իսկական էությանը, որով ծնվում է իրական արվեստը:

Ստվերի բացահայտման այլ ուղի է գրելը: Գյոթեի Ֆաուստը Պերսոնայի և Ստվերի հանդիպումն է: Գրելով մի պատմություն, որտեղ կստեղծենք մի կերպար, ում կարելի է վերագրել բոլոր մեր մութ կողմերը, երբ գրի առնենք մեր դրական և բացասական հույզերը, մտքերը, նկարագրենք դրանք, փորձենք խորանալ դրանց մեջ, ապա կրկին աստիճանաբար կմոտենանք մեր իրական էությանը:

Ուշադրություն դարձրեք ձեր պրոյեկցիաներին, մենք անգիտակցաբար պրոյեկտում ենք մեր ստվերային գծերը դիմացինի վրա, որպեսզի խուսափենք դրա հետ գործ ունենալուց: Ուշադրություն դարձրեք, որ մենք պրոյեկտում ենք ոչ միայն մեր բացասական, այլ նաև դրական կողմերը: Սա տեղի է ունենում որովհետև Էգոն վախենում է, որ այս կամ այն դրական տարրը ինտեգրելուց կխարխլվի իր հարմարավետ ամբողջությունը, ուստի Անձն անգիտակցաբար հրաժարվում է ընդունել այդ ազնվագույն տարրերը:

Հաճախ մենք պրոյեկտում ենք մեր դրական կողմերը այն մարդուն, ով հիացմունք է առաջացնում, ում սիրահարվել ենք, ումով հիանում ենք, հավանում ենք նրան: Պրոյեկցիան սարսափելի է, ոչ միայն որովհետև ծանրաբեռնում ենք մեր կողքիններին մեր ստվերային գծերով, այլ նաև նրանով, որ ֆետիշացնում ենք մյուսներին, նրանց վրա ենք դնում մեր բարեկեցության պատասխանատվությունը՝ զրկելով մեզ ինքնուրույնությունից և կորցնելով մեր ամբողջանալու հնարավարությունը:

Փակել

Ձեզ կարող է հետաքրքրել նաև…

Անձնական տարածք

Կնոջս հետ շփումը ուժասպառ է անում ինձ, երբ տանն եմ՝ նրա հետ, հոգնածություն եմ զգում, դրա համար էլ գերադասում եմ ինչքան հնարավոր է նրա կողքին չգտնվել, ուշ եմ վերադառնում աշխատանքից, տարբեր առիթներ եմ փնտրում տնից բացակայելու համար: Ինձ զայրացնում է այն հանգամանքը, որ նա անընդհատ փորձում է ներխուժել իմ կյանքի այնպիսի ոլորտներ, որոնք խիստ անձնական եմ համարում, ինձ վերահսկելու և չարաշահելու նրա փորձերը ճնշում են ինձ, անզորությունից չգիտեմ ինչ անել, կարծես ցանցում բռնված անօգնական թիթեռ լինեմ: Հարցս հետևյալն է՝ ինչպես պաշտպանեմ անձնական տարածքիս սահմանները՝ միևնույն ժամանակ պահպանելով մեր ամուսնական հարաբերությունները: /Ա., 35 տարեկան/

Շնորհակալություն այս կարևոր հարցի համար: Նախ նշեմ, որ այս խնդիրը բավական լայն տարածում ունի և անհանգստացնում է շատերին, թեև կան մարդիկ, ովքեր անգամ չեն էլ գիտակցում, որ սա խնդիր է: Ընդհանրապես սահմանն իր ներսում փակելու միտում ունի, որով սահմանափակվածը դառնում է աշխարհին ներկայանալի առանձին միավոր: Երբ ասում ենք անձնական տարածք, հասկանում ենք ֆիզիկական, մտային և հուզական սահմանագծերով եզրափակված այն տիրույթը, որով մենք ներկայանում ենք աշխարհին որպես առանձին անհատ և կերպար:

Բոլոր առողջ հարաբերություններում, անկախ թե դա ինչ բնույթ է կրում՝ ինտիմ ամուսնական, ընկերական, թե գործնական, հարաբերվող կողմերից յուրաքանչյուրը պետք է գիտակցի անձնական տիրույթի սահմաններ ունենալու և դրանք պաշտպանելու կարևորությունը: Սա անհրաժեշտություն է, քանի որ այդ սահմանները հստակորեն զատում են մեր ինքնությունն այլ մարդկանց ինքնությունից, օգնում զանազանել սեփական կարիքները այլոց կարիքներից, տարբերակել սեփական ցանկություններն ուրիշ մարդկանց ցանկություններից: Այս սահմանները պաշտպանում են մեզ ուրիշ անձանց կողմից օգտագործված, չարաշահված լինելուց, մանիպուլյացիայի ենթարկվելուց:

Կարդալ ավելին

Ինքնության սահմաններ ունեցող անձիք ինքնահարգալից են և գիտեն իրենց իսկական արժեքը: Նրանց ինքնազգացողությունը միշտ բարձր է, իսկ ամբողջականության զգացումը չի թույլատրում շփոթել ու միախառնել սեփական կարիքներն ու ցանկություններն այլոց կարիքներին ու ցանկություններին: Առանց ինքության սահմանների գիտակցման՝ միակողմանի և հիվանդագին հարաբերությունների ու կախվածության մեջ հայտնվելու վտանգ կա: Վերջապես, անձնական տարածքի բացակայությունը կարող է բերել այնպիսի զգացողության, որ ոչ մեկին պետք չես, անարժան ես, անկարող ես ու երբեք չես կարող մենակով ինքդ քեզ բավականացնել: Այլ խոսքերով՝ առկա է ցածր ինքնագնահատական, որի պատճառով մարդիկ դադարում են հավատալ իրենք իրենց ու գտնում, որ արժանի են տառապանքի և արհամարհված լինելու:

Նշաններ կան, որոնք հուշում են անձնական տարածքի անպաշտպանության ու սահմաններ չունենալու մասին, դրանք են՝

  • Ինքնաարտահայտվելու անկարողություն, երբ մեր հետ վատ են վարվում:
  • Համաձայնվում ենք, երբ իրականում համաձայն չեք:
  • Ասում ենք Այո, մինչդեռ ուզում էիք Ոչ պատասխանել:
  • Մեղավոր ենք զգում, որ ժամանակը մեր վրա ենք ծախսում:
  • Զգում ենք, որ մեր պահվածքը թելադրված է ուրիշների պատկերացումներով ու պետք է լինի հենց այս և ոչ՝ այլ կերպ:
  • Երբ դիպչում և ձեռք են տալիս մեր մարմինը, որը կաշկանդող ու տհաճ է, չենք կարողանում արգելել:
  • Հարաբերության մեջ միայն տալիս ենք ու զգում ենք, որ մեզանից միայն վերցնում են:
  • Տեղյակ չենք, թե ինչ կարիքներ ունենք:
  • Ուրիշների համար մեծ զոհաբերություններ ենք անում մեր չունեցած հաշվից:
  • Պասիվ-ագրեսիվ պահելաձև ունենք, հակված ենք մանիպուլյատիվ հնարների՝ իրավիճակը վերահսկելու երբեմնի իշխանությունը հետ բերման նպատակով:
  • Անընդհատ զոհի կերպարում ենք զգում:
  • Մտածում ենք, որ մարդկանց հարգանքին արժանանալու համար պետք է բարեհաճ վարք դրսևորենք:
  • Մեղավոր ենք զգում, երբ տեսնում ենք ոչ երջանիկ մարդկանց:
  • Ձգտում ենք լինել ով կանք, բայց նա ենք, ով ուրիշներն են սպասում, որ լինենք:
  • Մշտապես վախ կա, թե ինչ կմտածեն մեր մասին:
  • Դեպի մեզ ենք ձգում այնպիսի մարդկանց, ովքեր փորձում են վերահսկել կամ իշխել մեզ:

Կա այն միֆը, որ «Անձնական տարածք ունենալը կարող է վտանգել հարաբերությունները»: Իսկապես, եթե կախվածության մեջ ենք մեր ամուսնուց/կնոջից, ապա ինքության սահմաններ գծելը մի պահ տհաճ անհարմարավետություն կպատճառի կողակցին: Երբ ամուսիններն իրար հետ կախյալ միաձուլման մեջ են, ամուսիններից մեկի ինքնասահմանազատումը մյուսի մոտ շոկ է առաջացնում, ընդ որում ինչքան ավելի առողջ ու երջանիկ է դառնում սահմանազատվածը, այնքան ավելի մեծ է խուճապի զգացումը և դիմադրությունը, որով սահմաններից դուրս բերվածը փորձում է հետ բերել նախկին իրավիճակը: Խորհուրդ եմ տալիս լրջորեն մտորել այն հարցի շուրջ՝ արժե արդյոք պահպանել ու ջանքեր գործադրել պահպանելու նմանատիպ հիվանդագին հարաբերությունները, քանի որ առողջ և աջակցող հարաբերություներում երկկողմանիորեն խրախուսվում ու խստագույնս պահպանվում են յուրաքանչյուրի ինքնության սահմանների անձեռնմխելիությունը:

Կան ևս մի քանի տարածված միֆեր՝ կապված ինքության սահմանների տարանջատման հետ, որոնց մասին հարկ է իմանալ:

  • «Անձնական տարածք ունենալն էգոիստություն է»: Իրականում ճիշտ հակառակն է՝ անձնական տարածք ունենալն ինքնահարգանքի նշան է և նաև արժանի ինքնագնահատականի հավաստիք: Հոգեպես առողջ բոլոր մարդիկ տիրապետում են ինքության հստակ եզրագծված սահմանների:
  • «Սահամաններ ունենալը նշանակում է, որ մարդիկ էլ չեն սիրի ինձ»: Ճշմարտությունն այն է, որ սահմաններ գծելն իհարկե կցավեցնի բոլոր այն մարդկանց, ովքեր ոտնակոխ էին արել մեր անձնական տարածքը, և նրանք գուցե դադարեն սիրել մեզ, անգամ վրեժխնդիր լինեն մեզնից իրենց ցավեցնելու համար: Բայց բազում այլ մարդիկ, ովքեր կհայտնվեն մեր շուրջը կյանքի բերումով, կսկսեն հարգել, լսել ու հետևել մեզ: Չկա ավելի հմայիչ անձնավորություն, քան նա, ով հրաժարվում է «աղբանոց» դառնալ ուրիշների չլուծված խնդիրների համար: Երբ ինքության սահմաններն ավելի հստակ են, շատ ավելի մեծ թվով մարդիկ են ձգվում դեպի մեզ, ովքեր հարգում և ակնածում են մեզ և կարող են լինել իսկական ընկերներ/սիրեցյալներ:
  • «Սահմաններ ունենալն ինձ դժբախտության կտանի» Սա շատ տարածված անհանգստություն է: Բայց պատասխանը շատ պարզ է՝ սահմաններ ունենալն իհարկե սկզբում անհարամարավետ է, բայց կարճ ժամանակ անց կզգաք, որ ավելի ուժեղ եք և նորից տիրապետում եք ձեր կյանքի ընթացքին: Այսինքն՝ ստացվում է ճիշտ հակառակը՝ սահմաններ ունենալը մեզ դարձնում է ավելի երջանիկ, քան մինչ այդ էինք:

Ինքնության սահմաններն անպաշտպան թողնելու և մարդկանց համար միջանցիկ տարածք դառնալու գործընթացում պատասխանատու են մեր մանկության մեծերը: Այդ մեծերից շատերը հենց իրենք չեն ունեցել ու դեռ հավանաբար շարունակում են չունենալ ինքության սահմանների գիտակցում, ուստի վատ օրինակ են ծառայում իրենց հովանավորության տակ գտնվողներին: Իսկ մենք մեղավոր չենք, որ չենք կարողացել վերահսկել, թե ինչ են մեզ սովորեցրել մեր ծնողները, ուսուցիչները և բոլոր նրանք, ովքեր զբաղվել են մեր դաստիարակությամբ: Մեծանալով այնպիսի ընտանիքում, որտեղ տիրում են իրարից կախվածության մեջ գտնվող մեծեր, երեխան ձեռք է բերում ինքնության խոցելի սահմաններ: Հատկապես, եթե նրան ներարկում են այն ընկալումը, որ մարդուն սիրում են իր արած գործերի համար, այլ ոչ թե որովհետև նա կա, ընդամենը կա:

Սակայն կարիք չկա մեղավորներ փնտրելու, թե ինչու և ինչպես են խախտվել ինքնության իմ սահմանները: Ավելի կառուցողական է հենց այս պահին պատասխանատվություն ստանձնել դրանք վերականգնելու ուղղությամբ: Առաջին քայլն այս ուղղությամբ մեր առաջին դերային մոդելների՝ ծնողների և ընտանիքի մյուս անդամների՝ մեծ քրոջ, եղբոր, տատու, պապու կողմից ստացված այն խորքային պատկերացումների վերլուծությունն է, որոնք պարբերաբար և կայուն կերպով ներարկվել ու ի վերջո՝ փորագրվել մեր գիտակցության մեջ:

  • Արդյո՞ք մեզ սիրել են միայն այն ժամանակ, երբ ձևացրել ենք, թե այնպիսին ենք, ինչպիսին նրանք էին ուզում, որ լինեինք:
  • Արդյո՞ք մեզ միայն խրախուսել են այն պահերին, երբ հանդես ենք եկել հանուն այլոց կարիքների ու ցանկությունների՝ սեփականը զոհաբերելու գնով:
  • Արդյո՞ք մեզ պատժել են, երբ ասել ենք Ոչ կամ բարձրաձայնել մեր պահանջները:
  • Արդյո՞ք պարտադրված ենք զգացել հուզականորեն սատարելու մեր ծնողին:

Սրանք այն դրամատիկ ներգործություններն են, որոնք մանկության տարիներից նպաստում են ինքության սահմաններ չունենալուն: Ու հիմա եկել է ժամանակը, որպեսզի հետ կանգնենք այս անպաշտպան վիճակից ու սատարենք ինքներս մեզ՝ գիտակցենք, որ ունենք սեփական կարիքներ, ճանաչենք դրանք, առանց մեղավորության զգացումի ժամանակ տրամադրենք մեզ, ի վիճակի լինենք խոսել մեզ հուզող խնդիրների շուրջ, արտահայտենք մեր ներքին ձայնը, լսելի դառնանք շրջապատի կողմից: Սրանք քայլեր են, որոնք աստիճանաբար հետ կբերեն սեփական արժանիության և արժեվորության զգացումը, կվերականգնեն մեր ուժերը, հուզական հավասարակշռության կտանեն, կբարձրացնեն իջած ինքնագնահատականը, և համարձակություն կունենանք վերջապես լինելու նա՝ ով կանք:

Սահմանները կարիք ունեն արթուն սահմանապահների, ովքեր անմիջապես կահազանգեն, որ ինչ-որ մեկը հատել է սահմանը: Սակայն երբեմն սահմանների խախտումն աննկատ է տեղի ունենում, նույնիսկ, եթե օր ու գիշեր հսկող սահմանապահներ ունենք, սա հատկապես բնորոշ է ինքության դեռևս ոչ այդքան ամուր գիտակցություն ունեցողներին: Կան մի քանի զգացողություններ, որոնց հիման վրա կարելի է հասկանալ, որ մեր անձնական տարածք մուտք են գործել: Այն պահերին, երբ մեր սահմանները հատում են, մենք անհարմարություն եք զգում, մեզ կարող է համակել հանկարծակի տխրության կամ վշտի զգացումը, ծանրության և դառնության ապրումը: Ֆիզիկապես մենք կարող եք նկատել, որ մարմինը լարվեց, շոգեցինք, այսպես ասած՝ «թիթեռներ հայտնվեցին ստամոքսում», ուշադիր լինելով մարմնական այս զգացողություններին կարող ենք անմիջապես հասկանալ, թե ինչ է տեղի ունենում և կասեցնել ներխուժողի առաջխաղացումը:

Ինքության սահմաններ պահպանելը քաջություն է պահանջում: Այս ընթացքում լիքը ձևական ընկերություններ ու հարաբերություններ կքանդվեն, որը հնարավոր է մեղավորության և ամոթի զգացում առաջացնի, կարծես սխալ բան ենք անում: Սակայն հարկ է հիշել, որ ինքնության սահմաններ ունենալը մարդու ամենահիմքային պահանջմունքերից է: Բոլոր նրանք, ովքեր փորձում են կանգնեցնել մեզ, շարունակում են վերահսկելով, օգտագործելով ու չարաշահելով թունավորել մեր կյանքը, չունեն այդ իրավունքը և հետևաբար չեն կարող տեղ զբաղեցնել մեր կյանքում, համենայն դեպս այնքան ժամանակ՝ քանի դեռ չեն դադարել մեզ հետ նման կերպով վարվել: Մի անհանգստացեք, կգտնվեն մարդիկ, ովքեր իսկապես աջակցող և թևեր տվող են, ովքեր չունեն հետադարձ ակնկալիք ու անշահախնդրորեն կհարգեն ձեզ:

Եվ հիշենք, որ ինքության սահմաններ գծելու գործընթացում ծագած դժվարությունները հաղթահարելու համար այդքան էլ նպատակահարմար չէ օգնություն խնդրել այն մարդկանցից, ումից կախման մեջ ենք, քանի որ նրանք շահագրգիռ չեն, որ մենք անկախանաք իրենցից, փոխարենը օգնության հայտով դիմենք պրոֆեսիանալ մասնագետի:

Խնամքով վերաբերվեք, հոգ տարեք ու փայփայեք ինքներդ ձեզ, դուք արժանի եք երջանիկ լինելու:

Փակել

Ձեզ կարող է հետաքրքրել նաև…

Երկսեռ ամբողջություն

.

 

 

 

Մարդու մեջ, անկախ նրա սեռային պատկանելությունից և սեռադերային վարքից, որով նա տվյալ պահին հանդես է գալիս սոցիալ միջավայրում, գործում են երկու տեսակի սեռային սկզբունքներ, որոնք կյանքի տարբեր ժամանակահատվածներում կարող են հանդես գալ տարբեր համակցություններով: Դրանք արական և իգական սկզբունքներն են, որոնք անկախ իրենց արտահայտման աստիճանից, անհատի հոգեկան աշխարհում ոչ թե հակամարտում, այլ սերտորեն ներհյուսված և բնույթով փոխլրացնում են իրար: Ընդհանրապես՝ սեռ հասկացության տակ նկատի է առնվում մարմնի անատոմիական կառուցվածքը։ Հենց մարմինն է այն վերջնական ու ծանրակշիռ որոշիչ գործոնը, որով պայմանավորվում է անհատի սեռային պատկանելիությունը։ Արական և իգական սեռային սկզբունքների ներկայությունն այդ մարմնում հուշում է Նախամարդու անդրոգին բնույթի մասին։ Անդրոգին Նախամարդը չի ապրել սեռական կյանքով, քանի որ չի ունեցել սերնդաշարունակության խնդիր։ Մինչդեռ իրեն անդրոգին հավակնող տրանսգենդեր անձնավորությունը  մահկանացու է և իր մարմինը, որը ժամանակավոր է, դարձրել է սեռական հեշտասիրության և վավաշոտության կացարան, այդ անձնավորությունը ոչ մի կապ չունի նախամարդու անդրոգին բնույթի, երկսեռ ամբողջականության հետ, ընդհակառակը՝ նա այդ ամբողջության կոտորակման արգասիքն է, 1/1000000000․․․րդ-ականն այն Ամբողջի, ով դեռևս չէր ճաշակել Եդեմական խնձորը։

Եթե բնութագրենք արական սկզբունքը, ապա այն կարելի է բնորոշել հետևյալ բառերով՝ արական ուժը տաք է ու պինդ, նպատակաուղղված, առաջխաղացող, տրամաբանված, միտված դեպի դուրս: Արականն իր բնույթով նպատակ ունի ղեկավարել, կարգաբերել, հրամաններ արձակել, վերահսկել: Արական ուժը մարմնավորում են արևը, սարերը, կրակը: Մենք կարող ենք տեսնել այս ուժի ազդեցիկ ներկայությունն ամենուր, կարելի է նույնիսկ ասել, որ արականը մեր իրականության մեջ գերիշխող ուժ է, որի ապացույցն ակնհայտ է ամենապարզ դիտարկմամբ: Նայեցեք ձեր շուրջը՝ սեռական կյանքից մինչև կրոն, քաղաքականություն և պարզապես ամենօրյա մարդկային հարաբերություններ, գործում են տղամարդկանց կողմից սահմանված կանոններ ու կարգաբերման մեխանիզմներ: Ինչպես երգում է Ջեյմս Բրաունը՝ սա տղամարդկանց աշխարհն է, It’s a man’s man’s man’s world. Սակայն չպետք է կարծել, թե արական ուժը միայն բացասական լիցք է կրում, համենայն դեպս՝ պարտադիր չէ, որ դա միանշանակ այդպես լինի: Բայց անգամ, եթե գործ ունենք արական ուժի դրական դրսևորումների հետ, շատ կարևոր է հաշվի առնել, որ միայն արական ուժի գերիշխանությամբ չի կարող լինել ներդաշնակություն և խաղաղություն: Արական ուժի գերիշխող մենաշնորհը կարող է կործանիչ ու ավերող գտնվել, եթե չբալանսավորվի իգական ուժով:

Կարդալ ավելին

Դարեր շարունակ արական գերիշխանության ազդեցությունը խորը արմատներ է գցել մարդու գիտակցության ու ողջ հոգեկանի կառուցվածքում: Դարեր շարունակ մարդը խոնարհվել է արական աստվածների իշխանության առաջ, նրան առաջնորդել են արդյունաբերական աշխարհի օրենքները, ագրեսիվ հաստատակամություն խրախուսող հասարակարգերը, նպատակաուղղվածություն քարոզողները՝ ստեղծելով մի այնպիսի իրականություն, որն, ավաղ, զուրկ է կենսական բովանդակությունից ու ողորկ է, քանի որ կտրված է դատարկությունը լցնող միակ աղբյուրից՝ իգական աշխարհից:

Իգական սկզբունքի բնութագրականը կարելի է տալ հետևյալ բառերով՝ իգական ուժը փափուկ է, սնուցող, անձև, ինտուիտիվ, դեպի ներս միտված: Իգական ուժը մարմնավորում են լուսինը, մայր հողը, ջուրը: Իգական ալիքների տատանումները նրբագույն հաճախականություն ունեն և զգայական են իրենց բնույթով: Իգականը բացի այդ, կապակցված է վերարտադրողության հետ, ինչպես նաև սեքսուալ հաճույքի աղբյուր է, ինչի պատճառով էլ դարեր շարունակ ճնշման տակ է գտնվել հայրիշխանական Եկեղեցու մեծն հայրերի կողմից: Անկարող գտնվելով սեքսուալ հաճույքի գերող ազդեցությունից ազատագրվելու՝ հայրիշխանական Եկեղեցու այրերը նպատակահարմար են գտել կրոնական լծակների օգնությամբ պարզապես ճնշել ու ասպարեզից դուրս բերել սեքսուալը, փոխանակ ինտեգրելու այն կրոնի ամբողջական պատկերի մեջ, փոխանակ ընդունելու աստվածության երկսեռությունը և գալու լրիվ, այլ ոչ թե պառակտված Աստծու գաղափարին: Սեռական հաճույքից վեր կանգնելու անկարողության պատճառով կրոնը պառակտել է աստվածայինը ու դարձրել Աստծուն արական էակ՝ իգականին թողնելով միայն մայրության խորհուրդը:

Մինչդեռ Իգականը կյանքի աղբյուր է, առանց որի մենք պարզապես օտարանում ենք մեր մարմնից, հույզերից, երազանքներից: Առանց Իգականի հետ հաղորդակցության` հետևելով միայն արական ուժին, մենք նպատակաուղղված գնում ենք դեպի թիրախակետ, հետևում անձնական ամբիցիաներին, որոնք, սակայն, զուտ ֆորմալ եղելություն են դառնում, զուրկ մնալով ներքին խորհուրդներից, կյանքի բերկրանքից, գերբնական իմաստներից: Իգական ուժից կտրված լինելը բերում է ներքին դատարկության, որն ապարդյուն փորձում ենք լցնել խթանիչներով, վիրտուալ սեքսի գռեհիկ հաճույքով, ագահությամբ, թալանով: Մարդիկ ովքեր ոչնչացնում են բնությունը` կտրված են իգական ուժի աղբյուրից և չեն տեսնում իրենց նույնությունն այդ բնության հետ: Մարդիկ ովքեր անխնա չարաշահում և սպառում են բնությունը` կորցրել են կապը Իգականի հետ: Չի կարող մարդը լինել բավարարված ու իրեն լիարժեք զգալ առանց իգական ուժի ներկայության, նա կթունավորի իր կողքինների կյանքը հենց միայն այս պատճառով:

Առանց Իգականի կյանքը մակերեսային ու ձևական է՝ սևեռված արտաքին երևույթներին, որոնք խեղաթյուրում են իրականությունը՝ լինելով իրականության սոսկ հատվածային ու երևացող արտապատկերումները: Հակառակ դեպքում, երբ Իգականը մեր ներսում չափից ավել է, մենք անընդհատ պտտվում ենք քաոտիկ շրջապտույտում, ինքներս մեզ քայքայում հուզական ռեակտիվությամբ, զոհ դառնում էմոցիոնալ ալիքների հարվածներին: Չափից շատ իգական ուժը տանում է կախվածությունների, ինքնախղճահարման և սեռադերային ոչ առողջ վարքի, օրինակ` մազոխիզմի կամ մարտիրոսության: Դրա համար էլ պետք է բալանսավորել Արականը և Իգականը մեր ներսում, ին-յանը, անիմուս-անիման:

Հունական դիցաբանության մեջ կա մի աստվածուհի՝ պատերազմի դիցուհի Աթենասը: Այս աստվածուհին Արականի և Իգականի սուրբ խառնուրդն է, ով իր մեջ ներառում է մի կողմից՝ ողջախոհության, ուժի, երկաթյա վճռականության և արիության, մյուս կողմից՝ կանացի նրբագեղության և քնքշանքի տարրեր: Ին-Յանը բալանսի մեջ են Զինվոր Աստվածության` Աթենասի մեջ։ Մեզանից յուրաքանչյուրն իր մեջ ունի Աթենասին, հաղորդակցվել այս արքետիպի հետ, նշանակում է գործ ունենալ ամբողջականության, վստահության, ուրախության հետ:

Իսկ ինչու բոլորը չէ, որ ճանաչում են իրենց ներքին աթենասին։ Ինչո՞ւ է այդպես: Սա գալիս է մանկուց և ոչ ճիշտ սեռային դաստիարակությունից: Փոքր տարիքից մեզ սովորեցնում են, որ պետք է հետևենք ինչ-որ կանոնների՝ աղջիկները պարտավոր են պահպանել իրենց կուսաթաղանթը նախքան ամուսնանալը, նստեն ու սպասեն մինչև հայտնվի իրենց ուզողը, պետք է անպայման ամուսնանան, հետո պետք է անպայման երեխաներ ունենան, տնային լավ տնտեսուհի դառնան, համով ճաշեր եփեն, լվացք-արդուկ անեն, շրջազգեստով ման գան, համեստորեն լռեն, խոնարհվեն, երբ խոսում է տղամարդը, հավատարիմ մնան Աստծուն (ով իհարկե արական սեռի է): Տղաներին սովորեցնում են, որ նրանք պետք է նպատատակաուղղված լինեն, մրցունակ, չտրվեն հույզերին։ Ամոթ է, երբ տղան լացում է, դրսևորում է հուզականություն, թուլության ցանկացած դրսևորում դատապարտվում է, անընդունելի են հետաքրքրություններն այսպես ասած՝ կանացի զբաղմունքների ոլորտում՝ ձեռագործ, խոհանոց, տնարարություն։ Փոքր տարիքից այսպիսի պատկերներով ողողում են մեր գիտակցությունը՝ ձևավորելով սեռադերային մոդելի արհեստական մի կառուցվածք, որն աղավաղում, դեֆորմացնում է մեր ողջ հոգեկան ու հոգևոր զարգացումը: Փոխանակ բնականոն զարգացումը խթանելուն, որն իրենից ներկայացնում է առողջ ու ներդաշնակ միջավայրի ապահովում, մեզ ներարկում են նեղ սուբյեկտիվ պատկերացումներ, սոցիալ-մշակութային վարքային կարծրատիպեր, որոնց բացակայության պարագայում ինքնուրույն մտածող մարդը վաղ թե ուշ կհասներ այն գիտակցմանը, ըստ որի հակասական միասնությունը մարդկային ինքնության հենց էությունն է, որով կրակը և ջուրը, լուսինը և արևը, մութն ու լույսը մեկը մյուսով են, փոխկապակցված ու փոխպայմանավորված։

Մեզանից յուրաքանչյուրն ունի իր սեռադերային պատմությունը, որը ժառանգել ենք իբրև կյանքի սցենար մեր ծնողներից ու նեղ սոցիալական շրջապատից: Ու այդ դերը, որպես այդպիսին, արդեն իսկ սահմանափակ է, քանի որ դրա մեջ գերիշխում են այս կամ այն բևեռային դրսևորումները, այս կամ այն սեռային ուժի իշխանությունը, որի պատճառով էլ դադարում ենք լինել այնպիսին, ինչպիսին կանք: Բավական է լինել անկեղծ և ճշտախոս, որպեսզի մոտենանք մեր իսկական ինքությանը: Պարզապես պետք է ճանաչել, թե որն է մեր սրտի ուզածն այս կյանքում, ինչ ենք ուզում այլ մարդկանցից, ինչ եք ուզում ինքներս մեզանից և մյուսներից, ինչի կարիք ունենք: Հասկանանք, թե որն է մեր երազանքը և զգուշորեն, բայց հաստատակամ հետամուտ լինենք այդ երազանքների իրականացմանը:

Մեզանից շատերը, սակայն, ովքեր դժվարանում են սահմանազատել իրենց ինքությունը, այս ճանապարհին հայտնվում են տարբեր թակարդներում: Եթե գերակշռում է արական ուժը, խնդիրներ են ծագում մարդկանց գերիշխելու և ագրեսիվության դրսևորման հետ, իսկ իգական ուժի գերիշխանության դեպքում մանիպուլյատիվ և պասիվ-ագրեսիվ վարքի վտանգ կա: Ուրեմն` ինչպես լինել առողջ և սեռային բալանսավորմամբ հասնել մեր նպատակներին: Դա կարելի է անել, եթե միտքը և սիրտը միաժամանակ գործադրելու պարտավորություն վերցնենք: Իսկ սա պարտավորություն է սիրել այն ամենը ինչ կա մեր ներսում` թե’ լուսավոր, թե’ մութ կողմերը, լույսը և ստվերը, գեղեցիկն ու տգեղը, մաքուրն ու փչացածը: Սա խորքային հաշտեցում է, թեկուզ և հեղաշրջման մեծ ցավի գնով, երբ ստիպված ես հրաժեշտ տալ սովորույթի ուժով արմատացած բարեկեցությանն ու հարմարավետությանը, սա համաձայնություն է ընդունելու այն ամենն, ինչից բաղկացած ես:

Սեքսուալության ինտեգրումն այս գործընթացում ամենադժվար ու ամենակարևոր պայմանն է: Դժվար է հպարտանալ, թե շատ խորքային շերտերում հասկացել ենք, թե ով ենք մենք իբրև սեքսուալ էակ, մենք կրում ենք այս հարցի շուրջ մեր նախնիների մեղավորության զգացումը, զրկանքը և ճնշվածությունը, բայց ճշմարտությունն այն է, որ մենք այնուամենայնիվ սեռային ենք, ուզենք, թե չուզենք, ու դա ամնևին կեղտոտ կամ սխալական չէ, անպարկեշտ կամ անբարո չէ, ինչպես մեզ մի գուցե համոզել են ու անդադար սովորեցնել: Ընդհակառակը, մեր սեքսուալությունը կրում է ստեղծագործականության հզոր ներուժ, այն կյանքի աղբյուր է, բնության շարժիչը: Սեքսուալության ինքնաբացահայտումները համարձակություն և համբերատարություն են պահանջում ու սա դանդաղընթաց պրոցես է: Սակայն արժե  ջանքեր գործադրել ու միջոցներ չխնայել, քանի որ սեքսուալության ինտեգրումն ինքնության մեջ մարդուն դարձնում է լիարժեք, ինքնավստահ, կենտրոնացած ու ստեղծագործ: Ու ոչ միայն, այդ ինտեգրումն օգնում է նաև դեն շպրտել ամոթն ու մեղքի զգացումը, որի պատճառով երկար տարիներ զրկված ենք եղել համտեսելու կյանքի այդ հիրավի օրհնյալ բերկրանքը:

Ու այնուհանդերձ, մարդու մարմինը մահկանացու է, և մահվան այս խնդիրը չի լուծվում սեռական կյանքով։ Սեռական կյանքն ապահովում է ֆիզիկական կյանքի շարունակականությունը միայն, իսկ մահվան խնդիրը մնում է բաց, ու երեխաները այն հույսն են, ում նայելով՝ կարող ենք գտնել այդ լուծումը։ Իսկ արհեստական բեղմնավորմամբ մանկածնման կամ միասեռ ամուսինների կողմից երեխա որդեգրելու ժամանակակից միտումները Նախամարդու երկսեռ ամբողջականության վերականգնման պատրանքներն են միայն։

Փակել

Ձեզ կարող է հետաքրքրել նաև…

Ազատություն

Բազում անհատների և զույգերի հետ աշխատելով՝ շատ հաճախ եմ հանդիպել մի այսպիսի նկարագրության. «կարծես թե վանդակում լինեմ և չգիտեմ ինչպես ազատվել»։ Վանդակից դուրս պրծնելու այս ձգտումը, լինի կին, թե տղամարդ, շատ բնորոշ է մարդուն և հավանաբար ծանոթ է շատերին: Ամեն անգամ, երբ մարդը հուսահատորեն փորձում է ազատվել վիրավորանքից, խռովքից, տրավմաներից, անվստահությունից, հուզական ռեակտիվությունից, կախվածությունից, սպասումներից, կպչուն մտքերից, դեպրեսիայից, ցանկություններից, կրքերից, մոլուցքներից, մրցակցությունից, ինքնաքննադատությունից և հատկապես՝ վախերից, գործ ունենք ազատության տենչանքի հետ։ Բոլոր ժամանակներում, բոլոր տեսակի քաղաքակրթություններում ազատության ապրումը եղել ու մնում է մարդու ամենահիմնարար պահանջմունքներից մեկը՝ անկախ սեռային և ազգային պատկանելությունից, տարիքից, մասնագիտությունից, կրոնական դավանանքից, սոցիալական դիրքից, քաղաքական դիրքորոշումից, ամուսնական կարգավիճակից: Առանց ազատության չկա երջանկություն, միայն  ազատ մարդը կարող է լիակատար ինքնիրագործվել ու իրեն բավարարված զգալ այս կյանքում:  Սերը և ներդաշնակությունը անհնարին են առանց ազատության, ստրուկը չի կարող սիրել, սիրել կարող է միայն ազատ մարդը:

Սակայն ի՞նչ է ազատությունը հարցին շատերը պատասխանում են՝ ազատ լինել նշանակում է՝ «ինչ կուզեմ, կանեմ», այսինքն՝ մի վիճակ, որը չի սահմանափակում իրականացնելու անձի ցանկությունները: Չենք կարող չընդունել, որ սա իրականում ոչ թե ազատություն, այլ ամենաթողություն է, քանի որ, եթե ամեն մեկն աներ իր ուզածը, ապա մի մեծ քաոս կտիրեր այս աշխարհում: Ամեն մարդ իր գաղափարն ունի, թե ինչ կարելի է ուզել այս կյանքում և եթե ինչ-որ մեկի ուզածը որոշ մարդկանց համար օգտակար է, ապա մյուսներին այն կարող է ի սպառ կործանել: Իհարկե, սրտի խորքում յուրաքանչյուր ոք գիտի, որ գործելու ազատություն նշանակում է անել այն, ինչն օգտակար կլինի բոլորին ու չի վնասի ոչ ոքի, այսինքն՝ ճշմարիտ և բարոյական է թե առանձին անհատի, թե ողջ համայնքի համար: Սակայն ո՞վ է որոշում այդ «ճիշտը» և ո՞րն է ի վերջո բարոյականը:

Կարդալ ավելին

Դարեր շարունակ ճշմարիտի սահմանումը փորձել են տալ կրոնական պատկերացումներից ելնելով: Տարբեր կրոնական առաջնորդներ սահմանել են բարոյականության իրենց համակարգը՝ տալով որոշակի պատվիրաններ, սակայն ինչպես ցույց են տալիս պատմության էջերը, կրոնական ուղեցույցներն այդքան էլ արդյունավետ չեն գտնվել: Փորձեր են արվել ճիշտը սահմանելու համար հասարարակական օրենքներ և կանոններ հաստատել՝ ելնելով ժողովրդական իմաստությունից ու դարերի ժառանգած փորձից, սակայն սրանք նույնպես խախտողներ են գտնվել, իսկ օրենքները՝ շրջանցվել:

Այդ դեպքում ի՞նչ է պահանջվում, որպեսզի մենք, ունենալով ազատություն, առաջնորդվենք միայն հանուն բարին ու ճշմարիտը կարգախոսով: Ըստ էության, հարկավոր է որպեսզի կարողանանք գիտակցել մեր կատարած քայլերի ու վարքի հետևանքերը, ինչի համար բավականաչափ հասունություն և իմաստություն է պետք, հետևաբար «ազատ լինել անելու այն, ինչը ճիշտ ենք համարում» նշանակում է պատասխանատվություն կրելու ունակություն ունենալ, մինչդեռ շատ շատերը գերադասում են խուսափել պատասխանատվությունից:

Մարդիկ ովքեր ազատության ջատագովներ են իրենց համարում, շատ հաճախ կամայականություն սերմանող և տարածողներ են: Ազատությունը նրանց համար ոչ թե վերընթաց, այլ վարընթաց շարժում է՝ ցանկությունների և կրքերի, բնազդային մղումների բավարարմանը խոչընդոտող արգելքների վերացում, այլ ոչ թե աճ դեպի կատարյալը՝ ավելի կարեկից, ավելի ներողամիտ, ավելի գնահատանքի ունակ դառնալը: Եվ եթե ազատ վարքը չի տանում դեպի կատար, ապա վստահաբար կարող ենք ասել, որ գործ ունենք գերության մի նոր ձևի, մի նոր անազատության հետ, քանի որ պարփակվում ենք վախի, հուզական ռեակտիվ արձագանքումների, խթանող ազդեցությունների անդադար որոնումների և հաճույքից կախվածության վանդակներում:

Սովորաբար ազատություն ասելով՝ առաջին հերթին պատկերացնում են արտաքին պլանի վրա գոյություն ունեցող վիճակ, այսինքն՝ բավարար է ազատագրվել արտաքին սահմանափակող ուժերից, օրինակ՝ ընտանիքի հայր, եղբայր, տիրող սոցիալ-քաղաքական իշխանություն և այլն, որպեսզի համարես, թե ազատ ես: Իրականում ազատությունը ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգեբանական ու հոգևոր մակարդակներ ունի: Ֆիզիկական մակարդակի ազատությունը վերաբերում է մեր ֆիզիկական մարմնին, որը կարող է շղթայված և կապված լինել՝ բանտում, ճաղերի հետևում, բերդում, տանը, աշխատավայրում, անգամ օրորոցում: Ֆիզիկական մակարդակի անազատությունը վերաբերում է նաև համակարգի, ռեժիմի, բռնատերության տիրապետման տակ գտնվելուն: Կան կանայք, ովքեր ոչնչով չեն տարբերվում բանտարկյալներից, քանի որ գտնվում են իրենց ամուսինների ֆիզիկական և ֆինանսական իշխանության ճնշման տակ, որով սահմանափակվում են նրանց ամենապարզ իրավունքները: Ֆիզիկապես անազատության մեջ եղած մարդիկ կարող են փաստել այս վիճակի անտանելությունը, սահմանափակման նվաստացնող իշխանությունը:

Եթե ֆիզիկական անազատությունն այնպիսի ապրում է, որն անհնար է չզգալ ու ինչ-որ ձևով չարձագանքել, ապա հոգեբանական անազատության մեջ գտնվող մարդը շատ հաճախ անգամ չի էլ գիտակցում, որ գերության մեջ է: Այսպես օրինակ՝ մեծանալով մի մշակույթի մեջ, որը մանկուց ի վեր ներարկել է քաղաքական, սոցիալական և կրոնական պատկերացումների մի ամբողջ տեսականի, մենք ակամայից դառնում ենք այդ մշակութային գաղափարախոսության կրողը ու մեր ընկալած միակ իրականությունը հիմնվում է բացարձակ ճշմարտություն հանդիսացող այդ գաղափարախոսության վրա, որն այնքան սերտորեն է ներհյուսվել մեր էությանը, որ գրեթե անհնար է պատկերացնել, թե այդ մենք չենք այդպես մտածում, այլ մեր փոխարեն մեր մտքի մեջ խոսում է գլխի մեջ ներբեռնած գաղափարախոսությունը: Նմանատիպ կերպով մանկությունից սկսած ինքներս մեր մասին ստեղծում ենք որոշակի պատկերացումներ, շատ հաճախ սխալական, օրինակ՝ որ մենք ծույլ ենք, տգեղ, ստախոս և հիմար, ձախողակ և անարժան, այսպիսով՝ դադարում ենք սիրել մեզ՝ կորցնելով կապը մեր իսկական ինքնության հետ:

Ահա, մեզ ասում են, որ ապրում ենք ազատ երկրում, բայց այս պնդումը վերաբերում է միայն արտաքին ազատությանը: Եթե անգամ նկատի ունեն ներքին ազատությունը, ապա դրա տակ սովորաբար հասկանում են ոչ այլ բան, քան՝ խոսքի ազատությունը: Մինչդեռ իրականում ոչ թե խոսքի, այլ մտքի և հոգու ազատությունն է մարդուն ճախրելու թևեր տալիս: Միայն օբյեկտիվ մտածողության շնորհիվ մենք կարող ենք լինել ազատ: Մենք կանք քանի դեռ մտածում ենք, որը չի նշանակում կրկնել ինչ մեզ սովորեցրել են, այլ սեփական խելքով խորամուխ լինել և հասկանալ՝ ինչին առնչվում ենք:

Մեզանից շատերը սովոր են մեղադրել կառավարությանը, ծնողներին, ուսուցիչներին, հասարակությանը, բայց ճշմարտությունն այն է, որ մենք ինքներս ենք սահմանափակում մեր ազատությունը՝ պատասխանատվություն չկրելով մեր մտքերի, զգացմունքերի, որոշումների և վարքի համար։ Հետևաբար ազատագրման մեխանիզմը մեզ գերության մեջ պահող այդ ամենի գիտակցումն է՝ գիտենալը:

Իսկ կարո՞ղ է մարդն ամենախորքային գիտակցության պարագայում հասնել բացարձակ ազատության: Մեջբերում՝ «Աստված մահացած է: Ու մենք ենք նրան սպանել»-Ֆրիդրիխ Նիցշեի այս խոսքերը բացարձակ ազատության տենչալու նրա ձգտումն են արտացոլում: Եվ իսկապես՝ մեզ երբեք չեն հարցրել, արդյոք մենք ուզո՞ւմ ենք ծնվել, մեռնե՞լ: Մենք ծնվում և մեռնում ենք առանց մեր համաձայնության, մարդը տեր չէ ո՛չ իր ծննդյան, ո՛չ էլ մահվան: Առաջ քաշելով այն միտքը, որ երբ Աստված կենդանի է, մարդը չի կարող երբևէ ազատ լինել, այլ ընդամենը խամաճիկ է նրա ձեռքին, Նիցշեն տանում է այն ուղղությամբ, որ եթե Աստված մեռնի, մարդը կդադարի իր կամքին հակառակ մեռնելուց ու ծնվելուց: Սակայն Նիցշեի այս խոսքերը պետք չէ սխալ հասկանալ: Խոսքն այստեղ գնում է «արտաքին Աստծո» մահվան մասին, այսինքն՝ մեզ դրսից կառավարող և մեր փոխարեն որոշումներ կայացնող այն բարձրագույն Ուժի, ումից մենք կախման մեջ ենք մեզ պահում մինչև այն պահը, երբ այդ Աստծուն ներառում ենք մեր մեջ: Եթե Աստված իմ ներսում է, եթե Աստված ես եմ, ուրեմն իմ որոշմամբ այսուհետ կարող եմ «մեռնել», ու «իմ ծնունդը» իմ ձեռքերում է:

Նիհիլիզմը, որպես ճանապարհ, չի կարող երբևէ տանել ազատության: Մտածեք ինքներդ՝ ինչպես կարող է օրինակ աթեիստը լինել ազատ, երբ Աստծուն դեմ գնալով նա իրեն ստրկացնում է՝ դառնալով Աստծուն ընդդիմախոս: Ինչպես ցանկացած այլ ընդդիմադիր, ով կռվում է ինչ-որ բանի դեմ՝ անընդհատ գտնվում է կռվի առարկային վերաբերող մտքերի և ռեակտիվ հույզերի գերության մեջ: Պարզաբանեմ այս միտքը մեր թավշյա հեղափոխության օրինակով: Հաղթանակը, որով պսակվեց հեղափոխությունը, հենց այն հանգամանքով է բացատրվում, որ Փաշինյանի վարքի մեջ չկար կռվի որևէ նշույլ, նա չէր կռվում ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի դեմ, ուստի և ազատ էր գերող մտքերից ու հույզերից, նա շարժվում էր առաջ հանուն սիրո և համերաշխության, նա քայլում էր ազատության շնչով, նա չէր կռվում, այլ սիրում էր: Նա՝ ով կռվի մեջ է ստրուկ է: Ուրեմն ազատությունը ոչ թե կռվելով է, այլ գիտակցելով, քանի որ միայն գիտակցության շնորհիվ մենք կարող ենք դուրս գալ հակադարձ բևեռների օրինաչափությունից  և գտնել մեր ամբողջությունը: Ազատությունը խորը ինքնաճանաչողություն է, կյանքի խորքային իմացություն:

Անչափ հետաքրքրական է, որ դրախտ բառը պարսկերեն (Behesht, بهشت, հին պարսկերեն` Paridayda) նշանակում է ցանկապատված պարտեզ, այսինքն՝ լինելով գեղեցիկ ու չքնաղ մի վայր, դրախտն այնուհանդերձ մնում է բանտ ու մարդիկ այնտեղ ապրելով ոչ այլ ինչ են, քան բանտարկյալներ: Միայն պտուղը ճաշակելուց հետո Ադամն ու Եվան դարձան գիտակից ու հենց դրա շնորհիվ ազատվեցին բանտից, այսինքն՝ պարադիսից (դրախտից): Առանց գիտակցության մենք ակամայից ստեղծում ենք այս կամ այն բանտը, որում բնակվում ենք, լինի դա ազգային, կրոնական, քաղաքական, սոցիալ-մշակութային, սեռական, թե ցանկացած այլ գաղափարախոսությամբ սահմանափակում: Պետք է վերջ դնել ազատության միայն արտաքին լինելու ընկալմանը՝ լինի դա դրախտ, օրենքի գերակա իշխանություն, ֆինանսական բարեկեցություն, հոգեբանական հարմարավետություն, սեռական անկաշկանդվածություն, կարևոր չէ թե ինչից են սարքված բանտի պատերը՝ մենք անազատ կլինենք այնքան ժամանակ, քանի դեռ չենք գիտակցել ազատ լինելու մեր ներքին պատասխանատվությունը, քանի դեռ մենք չենք ունեցել համարձակություն ապրելու մեր «ներքին աստծուն»։

Պատահում է, որ խնդրում ենք Աստծուն, որ նա մեզ տա այսինչ կամ այնինչ բանը, ու նեղանում ենք նրանից, որ նա չի լսում մեզ ու կատարում մեր ցանկությունը: Ինչ ենք անում այդ դեպքում՝ սկսում ենք մեղավորներ փնտրել դրսում՝ փոխանակ պատասխանատու դառնանք մեր կյանքի ու բարեկեցության համար, սկսում ենք դատապարտել շրջապատող անձանց: Գիտե՞ք թե ինչու ենք հայտնվում սիրային կախվածության մեջ: Որովհետև այնքան չենք սիրում ինքներս մեզ, որ երբ հանկարծակի ի հայտ է գալիս ինչ-որ անձ, ով ողողում է մեզ իր սիրով, անմիջապես հայտնվում ենք երջանկության դրախտում: Առանց հապաղելու սեփական երջանկության ողջ պատասխանատվությունը մի ակնթարթում գցում ենք մեզ սիրողի ուսերին՝ սպասելով, որ նա իրականություն կդարձնի մեր նվիրական երազանքները, ի կատար կածի բոլոր ցանկությունները, մենք նույնիսկ չենք կասկածում, որ ահա այսպես մտածելով՝ ինքներս ենք մեր գերության շղթաները կողպում: Բավական է, որ մեզ սիրող անձնավորությունը թուլացնի մեր հանդեպ ուշադրությունը կամ նրա կյանքում հայտնվի մեկ ուրիշը, անմիջապես կհայտնվենք խանդի վանդակում, բավական է, որ նա թողնի մեզ ու կհայտնվենք կախվածության վանդակում, իսկ եթե իրեն պահի հակառակ մեր սպասումների՝ զայրույթի վանդակում, վարվի ոչ մեր հրահանգներով՝ նեղացածության վանդակում:

Ուրիշների պահվածքից կախված սեփական բարեկեցության որոնման սովորույթը կարող ենք նկատել նաև անծանոթ մարդկանց հետ մեր հարաբերություններում: Օրինակ, երբ ինչ-որ վարորդ երթևեկության մեջ նյարդայնացնում է մեզ իր ոչ բարեխիղճ պահվածքով, մենք զայրույթից բոռում ենք նրա վրա՝ հայհոյանքների տարափ տեղալով նրա գլխին, փոխանակ այդ պահին պատասխանատվություն վերցնենք մեր համբերատարության և հանդուրժողության համար: Չէ՞ որ հենց ամենասկզբից, մենք այդ տեսակ վարորդների հետ պայմանավորվածություն չենք ունեցել, որ իրենք մեր նկատմամբ խնամքով և աչալրջորեն են վերաբերվելու, մի՞թե չենք տեսնում, որ պրոյեկտում ենք պատասխանատվության մեր սպասումը այդ մարդկանց վրա, և պահանջում, որ նրանք չբարդացնեն մեր կյանքը, փոխանակ գիտակցենք, որ խաղաղ լինելու բանալին մեր ներսում է, և պետք է փոխենք ինչ-որ բան հենց մեր ներսում, այլ ոչ թե սպասենք դրսից:

Այլ օրինակ կարող են ծառայել կանանց էմանսիպացիան քարոզող շարժումները: Արտաքինից վեհ հնչեղություն ունեցող այս գաղափարախոսությունը մի նոր տիպի գերության է տանում, որովհետև ֆեմինիստական շարժումների նպատակը տղամարդկանց չեզոքացնելն է, տղամարդկանց իշխանությունից ազատագրվելը, մինչդեռ ոչ թե տղամարդն է կնոջը ստրկացնում, այլ կնոջ ներսում տղամարդու հանդեպ թերարժեքության բարդույթը, վախը, կախվածությունը, սեռական մոլուցքը: Ընդհանրապես ազատությունը հերքում է հավասարությունը, որովհետև ազատությունը ոչ թե անձի, այլ անհատականության մենաշնորհն է, անձը չի կարող ազատ լինել, անձը կարող է միայն ունենալ իրավունքներ, օրինակ գենդերային հավասարության իրավունք: Իսկ ազատությունը անձից ազատագրումն է՝ խորանի վրա դրվում է անձը, որպեսզի այդ նույն տեղում հայտնվի անհատականությունը:

Ազատություն նշանակում է արժանապատվություն կրող մարդ, անկախ և ինքնուրույն մարդ, ով ապրում է ներկա իրավիճակով, ով ներկայի ամեն ակնթարթ ստեղծագործում է, ով պարզապես կա: Ազատ մարդը նա է, ով գիտի թե ինչն է իրեն երջանկացնում ու պատասխանատվություն է վերցրել մարմնավորելու իր երջանկությունը: Մենք չենք կարող փոխել աշխարհը, եվ պետք էլ չի, որովհետև միայն աշխարհը փոխելու մտադրությունն արդեն գերի է դարձնում, քանի որ անմիջապես հայտնվում ենք մեր սպասումների զնդանում: Մենք կարող ենք փոխել միմիայն մեզ և մարմնավորել մեր էությունը:

Իսկ ի՞նչ է նշանակում մարմնավորել էությունը: Մարմնավորել չի նշանակում հուզական արձագանքում տալ իրավիճակին, քանի որ ցանկացած ռեակտիվ դրսևորում գալիս է անձից: Պատասխան քայլը, որով էությունը ինքնադրսևորման հնարավորությոն է ստանում և մարմին առնում, ծնվում է ներկա պահին: Դա հանգիստ ու հավասարակշռված քայլ է, որտեղ ուշադրությունը ամբողջովին կենտրոնացած է լինել-ության վրա: Ես կամ-ի գիտակցումը քայլի ակունքն է: Ցանկացած իրավիճակ, որը պահանջում է քայլ անել, չունի իր նախադեպը, չկան պատրաստի գործելակերպեր, գործելու սխեմաներ, որոնք պետք է ունենալ պահեստում: Պահեստի կարիք չկա, երբ կա ստեղծարար ներկայություն: Զույգերի հարաբերության մեջ ստեղծված իրավիճակները որտեղ կոնֆլիկտային լարվածություն է առաջանում, չունեն պատրաստի լուծումներ, որոնք պետք է գտնել զույգային թերապևտի առանձնասենյակում: Որովետև այդ մեկանգմյա լուծումը չի գործում մյուս հերթական կոնֆլիկտի պարագայում: Յուրաքանչյուր նոր ծնված խնդիր կարող է լուծել միայն ազատ մարդը, ով ունի պատասխանատվության լիարժեք գիտակցություն, ծույլ և անպատասխանատու անձն ի վիճակի չէ քայլ անել և չի կարող իրավիճակի տեր դառնալ:

Քայլ անել չի նշանակում նաև վերահսկել իրավիճակը, որովհետև վերահսկումը գերության մեկ այլ օրինակ է: Լեվ Տոլստոյի հայտնի «Հայր Սերգեյ» վիպակում հերոսը վերահսկում էր իր սեռական մղումները, ճնշելով դրանց գոյությունը: Եվ երբ նա արդեն տոնում էր սեռական բնազդի դեմ տարած հաղթանակը, դաժան փորձությունն ապացուցեց հակառակը: Հայր Սերգեյի ազատությունը ոչ այլ ինչ էր, քան վերահսկողություն, որը մի օր պարզապես «պայթեց»: Հայր Սերգեյն սովորական նևրոտիկ անձ էր, ինչպես ցանկացած ոք ով փորձում է իր ներսում վերահսկել ու խեղդել անցանկալի դրսևորումներ, որպեսզի դրանք հանկարծ չերևան:

Ազատ լինելն արիություն է, որպեսզի կարողանաս ազատությունից դրդված քայլ անել մեծ ռիսկ է պահանջվում, որովհետև դեմ ես դուրս գալիս անորոշությանը, անհայտին, նախապես չգրվածին: Սակայն միայն ազատության շնորհիվ կարելի է մոտենալ իրական Ես-ին, զգալ իրական բերկրանք, իրական հաճույք, իրական կիրք, մոտենալ իրական կոչմանը:

Մենք երբեք չենք կարող բացարձակ ազատ լինել ֆիզիկական մարմնի մակարդակում: Շատ դժվար է նաև ազատագրվելը հոգեբանական և հոգևոր մակարդակներում: Լինելով էվոլյուցիոն սանդղակի բարձրագույն էակներ, մենք այնուհանդերձ  կրում ենք մեր մեջ կենդանականը և բուսականը: Մեր նյարդային համակարգում կան բաժիններ, որոնք համընդհանուր են և գործում են միևնույն սկզբունքներով, ինչպես ցածրակարգ կենդանուն կամ բույսին է բնորոշ:  Եվ եթե մեր ազատությունը ոտնահարում է այլ մարդկանց ազատությունը, ապա դա նշան է մարդուն ներհատուկ բարձրագույն նյարդային կազմավորումների թերի զարգացման:

Մեր ազատությունը կամայականություն է, եթե այն խանգարում է այլ մարդկանց ազատությունը: Մենք ազատ ենք միայն մի կետում, որտեղ ես իմ ինքնությունն եմ, որով ես կարող եմ հարաբերվել այլ մարդու ինքությանը՝ առանց կաշկանդելու նրա ազատությունը: Ուրիշի ազատությունը կարող ես հարգել, երբ հարգում ես սեփական ազատությունդ։

«Մարդիկ փնտրում են մեկուսացում ամայության մեջ՝ ծովի ափին ու լեռներում, ու դու նույնպես սովոր ես կարոտագին ձգտել դրան: Սակայն սա տգիտություն և թուլություն է, քանի որ դու ունես ցանկացած պահի ինքդ քո մեջ պարփակվելու ազատությունը: Չկա մարդու համար ավելի լուռ ու հանգիստ ապաստան, քան սեփական հոգին, մանավանդ եթե նա իր խորքում ունի հատկություններ, որոնց հայելիս միանգամից վայելում է կատարյալ անդորր, ու այս անդորրը, ըստ իս, ոչ այլ ինչ է, քան սեփական բարեպարշտության՝ մաքուր խղճի գիտակցումը»: – Մարկ Ավրելիոս

Փակել

Ձեզ կարող է հետաքրքրել նաև…

Զոհաբերում

«Բարև սիրելի բժշկուհի: Ինձ թվում է, որ ամուսինս ինձ այլևս չի սիրում: Նախկինում մեր սեռական կյանքում ամեն ինչ նորմալ էր, լինում էր շաբաթ, որ ամեն օր զբաղվում էինք սիրով: Հիմա լինում է հազիվ ամիսը մեկ անգամ, այն էլ իմ կողմից գործադրած ճնշման և ջանքերի շնորհիվ: Ինձ մտահոգում է մեր հարաբերությունների ընթացքը, այն` որ մեր սեռական կյանքում հայտնվել է սառնություն: Ամուսինս պնդում է, որ սիրում է ինձ և չի պատկերացնում իր կյանքն առանց մեզ: Իսկ ես չեմ պատկերացնում սերն առանց սեռական կյանքի, չեմ կարողանում ելք գտնել այս իրավիճակից, խնդրում եմ օգնեք ինձ»:

«Բարև Ձեզ բժշկուհի ջան: Շնորհակալ կլինեմ պատասխանի համար: Ես արդեն երեք տարի է ամուսնացած եմ և ինձ անհանգստացնում է իմ սեռական կյանքը, որը գնալով ավելի ու ավելի հազվակի է դառնում: Ամուսինս պատճառաբանում է, որ իր մոտ խնդիր չկա, պարզապես ցանկություն քիչ է զգում, ինչի պատճառով էլ հաճախ կոնֆլիկտներ ենք ունենում: Այս ամենը բացասական է անդրադարձել իմ նյարդային համակարգի վրա: Խնդրում եմ ինձ ասեք, սա խնդի՞ր է նրա կողմից, թե ուղղակի իր տեսակն է այդպիսին: Ես նրա հետ բազմիցս խոսել եմ, նա ասում է, որ հասկանում է ինձ և որոշ ժամանակ նորմալանում է ամեն ինչ, սակայն նորից, չգիտեմ ինչու, կանգնում ենք նույն խնդրի առաջ: Մենք ունենք մեկ տարեկան երեխա, խնդրում եմ ինձ խորհուրդ տվեք, ի՞նչ անել: Շնորհակալություն»:

Վստահ եմ, որ իջած սեռական ցանկության գանգատը նեղ բժշկական մտածելակերպով, այսինքն` միայն ֆիզիոլոգիական տեսանկյունից նայելով, առաջին հերթին հուշում է այս տղամարդկանց մոտ առկա տեստոստերոնային անբավարարության մասին, որովհետև հայտնի փաստ է, որ սեռական ցանկության հորմոնը տեստոստերոնն է և դրա պակասը բերում է սեռական անտարբերության: Երկրորդը, որ կանցնի փորձառու բժշկի մտքով, էրեկցիայի թուլության մասին մտածելն է, նա կհաստատի կամ կհերքի այս կասկածը` մանրակրկիտ հարցուփորձ անելով: Վերջապես նեղ բժշկական մտածելակերպով բժիշկը օրգանիզմում ընդհանուր վիճակի գնահատում կիրականացնի ու վերջում՝ չգտնելով որևէ լուրջ հիվանդություն և/կամ ախտաբանական վիճակ, կսահմանափակվի տղամարդկանց պոտենցիան խթանող ամենատարբեր բաղադրության սննդային հավելումներ և աֆրոդիզիակներ նշանակելով: Իհարկե, լավագույն դեպքում հիվանդին (այպես են անվանում նեղ բժշկական բաժանմունք դիմած մարդուն), կուղղորդեն հոգեբանի մոտ՝ միջանձնային կամ ներանձնային խնդիրներ որոնելու ու դրանցով զբաղվելու:

Կարդալ ավելին

Որպես ավելի լայն մտածող բժիշկ, այսինքն՝ որպես մարդ բժշկող բժիշկ, այլ ոչ՝ հիվանդություն բուժող, համարյա 20 տարի մտորել եմ այս խնդրի շուրջ և միայն վերջերս եմ հասկացել, թե որտեղ է գտնվում խնդրի արմատը: Նախ ասեմ, որ ամուսնական մտերմության աճին զուգընթաց սեռական ցանկության մակարդակները հաճախ են տարամիտվում, և այս օրինաչափությունը կապված չէ սիրո զգացմունքի վերացման հետ, այլ ավելի խորքային պատճառ ունի: Եթե երկու բառով ասելու լինեմ, սեռական ցանկության մակարդակների անհամապատասխանությունը զույգերի մտահայեցակարգերի տարբեր պարադիգմալ հարթակներում հայտնվելու հետևանք է: Փորձեմ նշված խնդիրն ավելի պարզ լեզվով ներկայացնել «Զոհաբերում» կոչվող այս հոդվածում:

Արժեքների վերանայում

Գալիս է կյանքի մի շրջան, երբ դրսից թելադրվող արժեքներն այլևս դադարում են կյանքում կողմնորոշման և աշխարհում իրերն ու երևույթներն ի մի բերող կարգաբերման գործառույթ կատարել: Երբ դրսից պարտադրվող արժեքներն այլևս արժեզրկվում են, մի բան ես հասկանում՝ եկել է ժամանակը, որ ինքդ պիտի դառնաս հենարան սեփական քայլերիդ համար` փոփոխելով քեզ այնպես, որ ամենը, ինչ խանգարում է այս կյանքում առաջ ընթանալուն, վերամշակվի, վերակազմավորվի հանուն ինքնուրույն առաջընթացի և ազատ ինքնադրսևորման: Այն պահին, երբ հրատապ փոփոխվելու ներքին պահանջն ավելի հզոր է դառնում, քան նույնը մնալու ընդվզող դիմադրության ուժն է, սկսվում է մարդու ներքին կերպարանափոխման գործընթացը, որի մասին խոսել եմ նախորդ գրառումներիցս մեկում և հիմա ավելի պարզ կերպով կշարադրեմ:

«..Եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա» (Հովհ. 25:24): Հովհաննեսի ավետարանից մեջբերված այս խոսքերը վերաբերում են այն մարդուն, ով կյանքի խաչմերուկում կանգնած է ընտրության հրամայականի առաջ՝ շարունակել մնալ անփոփո՞խ՝ որպես ցորենի հատիկ, թե՞ դուրս գալ ցորենի հատկի կերպարանքից ու ընթանալ նորին ընդառաջ: Ցորենի հատիկն այստեղ մեր անձն է՝ այն կաղապարը, որը պարտադրում է, ցորենի հատիկի մահը՝ անձի ենթակայությունից ազատագրումը, անորոշությանն ընդառաջ դուրս գալը:

Պետք է իմանալ, որ անձն այն կառույցն է, որը վաղ թե ուշ, կորցնում է իր ողջ ունեցվածքը՝ թե’ նյութական, թե’ հոգեհուզական ու մտային-իմացական, թե’ մարմնական: Անձն ուղղակի դատապարտված է սնանկացման, որովհետև այն ոտից գլուխ հիմնված է «ես ունեմ» պատրանքի վրա: Մենք իրականում չունենք այն, ինչ մեզ թվում է մերն է, ուստի և անզոր ենք վերահսկել այս կյանքը մեր անձով: Գալիս է ժամանակ, որ առերես հանդիպում ես իրականությանն իր ամենաիսկական դեմքով:

Զոհաբերությունները պատմական տեսանկյունով

Գանք պատմության էջերին: Ինչպես գիտենք, մարդկային զոհաբերությունները տարածված են եղել ամբողջ աշխարհում։ Աստվածներին, երկնային ու գերբնական էակներին զոհ մատուցելը նրանցից կյանք հայցելու և նրանց բարեհաճությանն արժանանալու իմաստ է ունեցել: Զոհաբերությունները եղել են կրոնական ծեսեր, որոնց ժամանակ մարդկանց մարմինները հիմնականում ողջակիզում էին, ինչպես հին հրեաների մոտ էր, կամ գլխատում, ինչպես` Մայաների թագավորությունում: Անգամ քրիստոնեության մեջ Հիսուս Նազովրեցու տանջալից մահը խաչի վրա կրում է զոհաբերման իմաստ, որով նա քավում է մարդկանց մեղքերը և ազատագրման շնորհ բերում:

Անգամ մինչև այսօր որոշ աֆրիկյան պետություններում պահպանվել է մարդկանց զոհաբերման ավանդույթը: Ուգանդայում անցյալ տարի վրա հասած սարսափելի երաշտից ազատվելու համար տեղի կախարդները երեխաներ են զոհաբերել անձրևաբեր ոգիների աչքը քաղցրացնելու հանար:

Նման «մատաղները», իհարկե ոչ մարդկանց, այլ կենդանիների տեսքով, հազվադեպ չեն նաև Հայաստանում: Մինչ օրս գառանը մատաղ անելու ավանդույթը շարունակում է որոշ մարդկանց գիտակցության մեջ Աստծո բարեհաճությանը արժանանալու խորհուրդ կրել:

“Մատաղ լինեմ քեզ” արտահայտությունը նշանակում է մեռնեմ քեզ: Մատաղը մեկի մահն է հանուն մյուսի կյանքի շարունակության: Զոհաբերումը` շարժելով աստվածների գութը, փրկում է այն մեկի կյանքը, ում համար տեղի է ունեցել այդ զոհաբերումը: Հաճախ կյանքի ու մահվան շեմին գտնվող երեխայի ծնողն աղոթում է Աստծուն՝ իմ կյանքը վերցրու, միայն թե երեխաս ողջ մնա… Ծնողը մեռնում է, որ երեխան ապրի…

Զոհաբերման հիմքում ընկած գաղափարը մեկն է՝ կյանքը գալիս է մահվան շնորհիվ:

Մահվան փորձառությունն արթնացնում է կյանքի իմաստալից ապրման գիտակցումը: Երբ այս պարզ ճշմարտությունը փայլատակում է մարդու գլխում, նա հասկանում է, որ ոչինչ հավերժ չէ այս կյանքում, իսկ անձի ապրած կյանքն ընդամենը պատրանք է: Այդ պահին նա գիտակցում է յուրաքանչյուր օրվա կարևորությունը, գնահատում ժամանակը, մտածում, թե ինչպես կարող է ծառայել մտերիմներին: Մնացած բոլոր ժամանակներում նա կենտրոնացած է իր անձնական կարիքների ու շահերի բավարարման վրա և բոլորովին կույր է դիմացի մարդուն տեսնելու համար: Այն աստիճանի կույր, որ տրորելով անցնում է՝ առանց անգամ նկատելու, որ ոտնատակ տվեց կենդանի էակի:

Ցավոք, մատաղի ծիսակարգը շարունակում է ապրել, քանի որ մարդիկ չեն հասկանում, որ իմաստը ոչ թե ֆիզիկական մահվան, այլ անձնական կրքերը հաղթահարելու և անձնական տեսադաշտից այն կողմը տեսնելու մեջ է, որը կարելի է պայմանականորեն «անձի մահ» անվանել, թեև «անձի հաղթահարում» եզրույթն ավելի ստույգ է արտացոլում երևույթի էությունը: Արտաքին զոհերի միջոցով հնարավոր չէ կասեցնել չարի տարալուծումը: Ողջակիզումը, ծիսական արյունահեղումը, հացադուլը, սեռական ժուժկալությունը չեն կարող նպաստել կյանքի պահպանմանն ու առողջության ամրապնդմանը:

Չարի դեմ պայքարելն ան-արդյունավետ է չարի միջոցով՝ բռնությամբ, սպանությամբ, քանդելով, տրորելով, որովհետև դա հակասում է «սիրիր քեզ սկզբունքին», իսկ մարդու մեջ կա ինչպես բարին, այնպես էլ` չարը: Մենք խորը ինքնախաբեության մեջ ենք՝ հավատալով, թե կարող ենք արտաքին աշխարհում «արյուն թափելով» խափանել չարը ու վերականգնել արդարությունը: Այս պատկերացումը անհնարին է դարձնում մեր ամբողջացումը, մեր մութ կողմերի գիտակցումը, մեր ստվերային հատվածի ներառումն այդ ամբողջությանը: Արտաքին զոհեր մատուցելը պահպանում է ցորենի հատիկի ամբողջությունը և կասեցնում դրա ծլարձակումը:

Զոհաբերում չի նշանակում նաև ինքնապատժում, ինքնազրկանք, բարեկեցիկ կյանքից հրաժարում և ասկետիզմի որդեգրում: Զոհաբերում նշանակում է ներքին տարածքի ազատագրում, որից հետո միայն հնարավոր կլինի այնտեղ նորը զետեղելը: Օրինակ՝ եթե մենք ուզում ենք վերակահավորել սենյակը, մենք նախ և առաջ պետք է հանենք այնտեղից հին կահույքը և ազատվենք բազում անպիտան առարկաներից ու իրերից, որոնք կուտակվել են տարիների ընթացքում: Մենք պետք է ուժ գտնենք հրաժարվելու մեր հին սովորույթներից, կարծիքներից, ծուլությունից, ցածր ինքնագնահատականից, գաղափարախոսական կախվածություններից, դոգմատիկ պատկերացումներից, կապվածություններից, կախվածություններից, սոցիալապես մեզ հարկադրված ցանկություններից:

Սա անելու համար առաջին հերթին մեզնից պահանջվում է ինքներս մեզ սիրելու կարողություն, ինքնահանդուրժողություն, ինքնաներողամտություն, իսկ հետո արիություն, քանի որ անձնական ունեցվածքից հրաժարումը սնանկության սարսափելի ապրում է առաջացնում, որին հնարավոր չէ դիմանալ, եթե չունես սեփական ոտքերիդ հենվելու վստահություն և ուղիղ ողնաշար: Բավական է հիշել, թե ինչ ենք մենք զգում, երբ մեզանից խելացի մեկը մարտահրավեր է նետում տարիների կուտակած մեր իմացությանն ու փորձին՝ ապացուցելով դրա սխալական լինելը: Հիշեք ինչպիսի կատաղի հակազդեցությամբ ենք մենք ընդունում մեր կարծիքին հակասող կարծիքը: Ինչ ենք զգում, երբ հանկարծ պահանջվում է հրաժարվել այն դիրքից, որը զբաղեցրել ենք տարիներ շարունակ, անգամ երբ կորցնում ենք հասարակ մի գրիչ, որը թանկ ենք համարել, խորը վիշտ ենք ապրում:

Կյանքի մի շրջանում մենք դառնում ենք ավելի ինքնագիտակից և հասկանում, որ փրկությունը գալիս է ոչ թե դրսից, այլ ներսից: Սովորաբար այս շրջանը համընկնում է ամուսնական կյանքի առաջին կամ երկրորդ տարին լրանալու, ծնող դառնալու իրականության հետ: Գալիս է մի պահ, երբ հասկանում ես, որ աշխարհի վերջ ես ապրում: Սա այն զգացողությունն է, երբ հասկանում ես, որ կյանքը, որտեղ ապրել ու սնուցվել էիր քաղցր պատրանքներով, իրականությունից կտրված մի անուրջ է եղել՝ պարտադրված արտաքին աշխարհի կողմից, սցենարի այնպիսի նուրբ մշակումներով, որտեղ հաշվի են առնված բոլոր դետալները:

Մեզ հավատացրել են, որ ուզում ենք հենց այն, ինչն այդ պահին մեզ կրծում է ներսից՝ կարևոր չէ որտեղից, բայց այդ ցանկությունը տեղ է արել մեր ներսում: Բախտի քմահաճույքով՝ գովազդային վահանակի ազդեցությամբ կամ սոցիալական ցանցերի միջնորդությամբ, սա կարևոր չէ արդեն, մենք ունենում ենք ցանկություններ, որոնք տանում են առաջ, կրքեր, որոնք գունազարդում են կյանքը, հավակնություններ, որոնք մոտիվացնում են քայլերը:

Մեզ ստիպել են հավատալ, որ երջանիկ ենք, քանի որ ունենք ամեն ինչ՝ տուն, ընտանիք, երեխա, աշխատանք, ավտոմեքենա, բանկային հաշիվներ, ավանդներ: Իսկ եթե դժբախտ ենք, դա նրանից է, որ չունենք այս ամենը կամ վերոնշյալներից որևէ մեկը: Մենք հավատացել ենք, որ զբաղված ենք լուրջ գործով, ապրում ենք իմաստալից կյանք, ու եթե այնուհանդերձ դժգոհ ենք կամ չբավարարված, ուրեմն՝ խնդիրը մեր ներսում է կամ էլ տառապում ենք դեպրեսիայով, հարմարման կամ տագնապային խանգարումներով, նևրոտիկ սպեկտրի այլ հիվանդությամբ, ինչու չէ՝ նաև շիզոֆրենիայով:

Մեզ ստիպել են հավատալ անուրջի իրականությանը, ստիպել են դեմ գնալ մեր հոգու կանչին, որովհետև չի կարելի դավաճանել պատրանքը: Մեզ վախեցրել են դավաճան լինելու սպառնալիքով, եթե դեմ գնաս հանրությանը, թայֆին, եթե հետևես քո սրտի ձայնին: Մեզ վախեցրել ու հավատացրել են, ու մենք, ցավոք սրտի, երկար տարիներ ապրել ենք վախի մեջ ու հավատացել Չիրականության գոյությանը:

Ուրեմն աշխարհի վերջը, ոչ թե երկրագնդի տիեզերական կազմալուծումն է, այլ այն անուրջի ավարտը, որում գտնվել ենք երկար տարիներ ու հիմա դուրս գալով այդ անրջային վիճակից՝ հստակ ուրվագծում ենք մեր գիտակցության հորիզոնը: Սա մի ապրում է, որն ունենում են ամուսնացած տղամարդիկ և կանայք, երբ անցնում է կրքի առաջին ամենահզոր ալիքը ու գալիս է ներքին դատարկության խորը զգացումը:

Հենց այս պահին, եթե ազատագրվում ենք հասարարկական արժեքների ստրկությունից ու դադարում խթանիչներից կախվածության մեջ գտնվել, չենք տարվում ունեցվածքը բազմապատկելով, մերժում ենք համայնքի կողմից ընդունելի վարք դրսևորել, պարփակվում ենք ինքներս մեր մեջ, որպեսզի խորհենք վերջի մասին՝ այն աշխարհի, որի անվերապահ գոյությանը հավատացել ենք մինչ այդ պահը: Մեր ընկերներն ու ընտանիքի անդամները՝ կինը, ամուսինը դադարում են առաջվա պես խանդավառել ու հետաքրքրել: Սեռական բուռն կյանքին փոխարինելու է գալիս սեռական անտարբերության շրջանը:

Ինչքան ավելի ես մոտենում ինքդ քեզ, ավելի ու ավելի պակաս ես ստում, այնքան ավելի սուր ես զգում շրջապատի մարդկանց կեղծավորությունը, հարաբերություններում մանիպուլյատիվ խաղերը և երբ հասկանում ես, որ սա այն միջավայրն է եղել, որտեղ ապրել ես երկար ժամանակ, մեծ երանություն ես գտնում մենակության մեջ, քանի որ այստեղ կարող ես դիմակ չկրել ու խաղերին մասնակից չդառնալ:

Մենակության մեջ սկսում ես ինքդ քեզ ավելի լավ տեսնել ու աստիճանաբար մշակել բարձիթողի եղածը, այլանդակության աստիճանի հասածը, կոպիտն ու անտաշը: Տեսնում ես երկատվածությունդ, սեռական պառակտումդ ու հասկանում դրա անիմաստությունը: Շփումների ժամանակ ավելի պակաս են դառնում ռեակտիվ մտքերն ու հուզական հակազդեցությունները: Այն, ինչը ժամանակին հունից հանում էր, այլևս թողնում է անտարբեր: Սկսում ես ավելի պարզ խոսել, քիչ, բայց իմաստալից բառերով արտահայտվել: Դատարկախոսությունը, շատախոսությունը վերանում են կյանքից ու դրանց փոխարինելու է գալիս լեցուն լռությունը: Դադարում ենք կարծիքդ պնդել և խիստ համոզմունքեր ունենալ: Տեսնում ենք, թե ինչքան արհեստական էին մեր տրամադրության տատանումները: Բուռն զգացողությունների կոպտությանը փոխարինելու են գալիս նուրբ համերը, որոնք երբևէ չէինք զգացել: Լռության ու խոհուն մենակության մեջ դառնում ենք հոգով՝ ազնվական, սրտով՝ նրբանկատ, իսկ մտքով՝ բարեկիրթ:

Ինչպես լուծել խնդիրը

Իսկ հիմա այն մասին, թե ինչպես է հնարավոր հասնել ներդաշնակ հարաբերությունների: Առաջին հայացքից պարադոքսալ է հնչում, բայց մենակության մեջ մենք դառնում ենք ավելի սոցիալական, քան սոցիալական խմբի մեջ, քանի որ մարդկանց հանդեպ սկսում ենք զգալ ոչ թե զայրույթ, ոչ թե հակակրանք ու վրդովմունք, այլ խորը կարեկցանք, քանի որ նրանք նույնպես, ինչպես մենք ժամանակին, զոհ են դառնում ներքին քաոսի, սոցիալ պայմանականությունների և հույզերի անգիտակից օվկիանի ալեկոծումների: Մտածողության պարադիգմալ հարթակների տարբերությունը հաճախ ընթանում է զույգերից միայն մեկի (ամուսնու հիմնականում, թեև չի բացառվում նաև կնոջ) մոտ, որից էլ ի հայտ են գալիս անհամաձայնություններ կյանքի տարբեր ոլորտներում, և սեռական կյանքում՝ առաջին հերթին: Ուրեմն` խնդրի լուծումը այդ հարթակների ի մի գալն է, նույն պարադիգմալ մտահորիզոններով շփվելը: Միայն այս պարագայում են հավասարվում սեռական ցանկությունների մակարդակները, և հաստատվում սեռական ներդաշնակությունը:

Փակել

Ձեզ կարող է հետաքրքրել նաև…

Ինքնասիրահարվածը

Ամուսնական հարաբերություններում զույգային աններդաշնակության պատճառներից մեկը զուգընկերներից մեկի ներքին համոզումն է, իբր թե ինքն առանձնահատուկ է: Այս համոզումը շատ խորը արմատներ կարող է ունենալ, որոնք երբեմն ձգվում են մինչև վաղ մանկություն: Երբ երեխային ուժերից վեր կյանքի փորձառություն է պատահում, ինքնապաշտպանական դրդապատճառով երեխան կարող է թաքնվել առանձնահատուկ լինելու պատյանի մեջ: Պետք է նշել, որ առանձնահատուկ լինելու համոզումը շատ հաճախ գալիս է բարդույթներից, իսկ ցանկացած բարդույթ խոսում է այն մասին, որ տվյալ անձնավորությունն իրեն լիարժեք չի զգում և թաքցնում է մի թերություն, որից գտնվում է կախվածության մեջ: Տվյալ թերությունը անպայաման չէ որ արատ լինի օբյեկտիվ առումով, այլ շատ հաճախ թերություն է դիտարկվում անձնավորության սուբյեկտիվ ընկալման պատճառով: Օրինակ՝ իրեն գեր համարող ու այդ մտքից տանջվող կինը օբյեկտիվորեն կարող է գեր չլինել:

Առանձնահատուկ լինելու մտքից մարդը ներթաքույց հաճույք է ստանում, ու սա այն թակարդն է, որի պատճառով նա, ինչքան էլ պարադոքսալ հնչի, չի ցանկանում ազատվել իր բարդույթից, քանի որ այդ դեպքում կկորցնի իր առանձնահատուկ լինելու հնարավորությունը ու կդառնա մյուսների պես սովորական, որից նա սարսափում է: Առանձնահատուկ լինելու համոզումը, որի հիմքում ընկած է բարդույթը, այլ ոչ թե իրական անհատական առանձնահատկությունները՝ արիությունը, աշխատասիրությունը, ազնվությունը, շնորհալիությունը և այլն, կարող է բերել ահռելի մեծ ողբերգությունների:

Առանձնահատուկ լինելու անմիջական հետևանքը մեծամտությունն է՝ ուրիշներից ավելի բարձր լինելու, ուրիշներից ավելի շատ բան իմանալու, ի տարբերություն այլոց՝ ավելի հասուն կամ անձնային աճ ապրած և հոգևոր արթուն լինելու համոզմունքները: Ահա թե ինչու, այս մարդիկ ձգտում են «օգնել» ուրիշին, ամեն քայլափոխի խորհուրդ տալ, դասեր տալ, արհեստական հնարներով արթնացնել իբր քնած զուգընկերոջը, փրկել նրան:

Փրկչի դեր ստանձնած զուգընկերն ուրիշին փրկելու, մեղքերից ազատելու պատասխանատվություն է վերցնում՝ հիմնված այն համոզման վրա, որ զուգընկերն անկարող է իրեն ազատել իր կեղտերից, որոնց մեջ թաթախվել է իր չիմացության և պարզամտության պատճառով:

Խորհուրդ տալու միտումը ամենևին էլ վատ բան չէ, քանի դեռ չի հատում ուրիշի անձնական սահմանները: Սակայն ուրիշներից բարձր լինելու, ավելի շատ բան իմանալու թյուր համոզման պատճառով փրկչի առաքելություն ստանձնած մարդիկ, սկսում են այլոց նայել վերևից, իբր իրենք անմեղ են, իսկ մյուսները՝ մեղավոր, սկսում են մեղադրանքներ հնչեցնել, ապացույցներ բերել այդ մեղադրանքներին: Սա կարող է սնուցել հետապնդման և զուգընկերոջը վերահսկելու հակումները ու փրկչի դերը ստանձնած զուգընկերոջը դարձնել ամենաանցանկալի մարդն աշխարհում:

Կարդալ ավելին

Ուրիշներին օգնելու և փրկելու միտումը հաճախ ի հայտ է գալիս այն դեպքում, երբ մարդը չի գիտակցում, որ հենց ինքը օգնության կարիք ունի: Փոխանակ ընդունելու, որ այդ ինքն է, որ կարիք ունի օգնության և «մեղքերի թողության», այս մարդիկ կպչուն կախվածություն ունեն կողակցին մաքրելու մոլուցքից, սա փախուստ է սեփական անձից, որը պայմանավորված է սեփական անձի մութ կողմերին հանդիպելու վախով:

Իրենց առանձնահատուկ համարող մարդկանց թվում է, թե իրենց առաքելությունն է ուղղել մյուսներին: Այս մարդիկ հաճախ օգնության ձեռք մեկնող մասնագիտություններ ունեցողների շարքից են, և մտածում են, որ իրենց տիեզերական առաքելությունը մոլորակը փրկելն է: Սա ելնում է այն պատկերացումներից, թե աշխարհում ինչ-որ բան այն չէ, իրականությունը սխալմունք է, չհաջողված փորձ, իսկ մարդիկ՝ թերի ու արատավոր, նրանց անհրաժեշտ է ուղղել, դաստիարակել, դարձի բերել շեղված ճանապարհից, փրկել կործանումից: Այսպես մտածելով նա իրեն համարում է ավելի առանձնահատուկ և ընդգծում սեփական կարևորությունը ու մի վայրկյան անգամ չի գիտակցում, որ այդ նա է կործանվածը ու փրկության արժանանալու առաջին թեկնածուն:

Փակել

Կին և Մայր

Կանանց դերի կարևորությունը ընտանիքում և հասարակության մեջ պայմանավորված է մայրական բնազդին բնորոշ այն հոգատարությամբ ու ջերմությամբ, առանց որի հնարավոր չէ նոր կյանքի պահպանումը: Սակայն չպետք է մոռանալ, որ «կինը մայր է» պատկերացումը ամուսնական հարաբերություններում շատ հաճախ բերում է լարված կոնֆլիկտային իրավիճակների, քանի որ այդ պատկերացմամբ միաժամանակ ծնվում է և հակառակ պնդումը՝ «մայրն էլ կին է», ու ահա դուալիզմի այս թակարդի պատճառով, որում հայտնվում են թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, շատ դժվարին է դառնում այդ թակարդում հայտնված մարդու ամբողջացման գործընթացը:

Իմ նախորդ գրառումներից մեկում նշել եմ, որ հարաբերություններում օգնության ձեռք մեկնողը նախ և առաջ պետք է իրեն օգնած լինի, որպեսզի սիրո այն լույսը, որն ի վիճակի է փակուղուց դուրս բերել և ազատագրել լաբիրինթում հայտնվածին, բնական լինի, այլ ոչ թե արհեստական: Կանանց կողմից անաչառ օգնության ձեռք մեկնելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ մայրության և մայրական սիրո ոչ պակաս հզոր լույսը խամրեցնում և կասեցնում է ինքնության կենարար լույսի թափանցումը:

Սա ունի նաև իր անատոմիա-ֆիզիոլոգիական հիմքը՝ կանանց կոնքի և սեռական օրգանների անատոմիայում գերիշխում են ընդունող կառուցվածքային առանձնահատկությունները, այլ ոչ թե անջատմանը-դուրս բերմանը նպաստող միավորները: Տարանջատման դժվարության պատճառով կանայք՝ անզոր գտնվելով սեռից վեր կանգնել, իրենց դրսևորած բարութան մեջ հաճախ առաջնորդվում են մայրական բնազդի թելադրանքով, որը մի կողմից մայրական սիրո և հոգատարության անգնահատելի գանձ է, մյուս կողմից սակայն՝ կրում է զգուշորեն թաքցրած կանացի սեռի ստվերային կողմը՝ տղամարդուն գերութան մեջ առնելու և սեփական հաճույքներին ու կարիքներին ծառայեցնելու միտումը:

Ես բնավ չեմ ասում, թե մայրական բնազդը կեղծ բարություն է, այլ միայն փաստում եմ, որ մայրությունը իգական սեռի միայն մի կողմն է, ու մյուս կողմում առկա է նույնքան հզոր հակառակ բևեռը, որից հենց կանայք՝ առաջին հերթին, սարսափում և թաքնվում են: Կանացի մրցակցությունը, խորամանկությունը, նենգությունը, անհավատարմությունը և գայթակղելու խարդավանքը ինչքան էլ զարհուրելի է հնչում, մայրական բնազդի հակառակ երեսն են, որը մարդկանց կողմից միշտ մնում է անտեսված, ապահով թաքցրած ու աչքից հեռու՝ մի անկյունում պահված, որպեսզի հանկարծ իրենց վարքի մեջ չհայտնվեն շեղված մոտիվներ, նեգատիվ քայլեր: Իզուր չէ, որ կանացի սեռը խորհրդանշող մոլորակը՝ Վեներան, ունի երկու անուն՝ Լուսաբեր և Գիշերավար:

Կարդալ ավելին

Կոմպլեմենտար ձևով տղամարդու կողմից դրսևորած հոգատարությունը նույնպես ունի իր ստվերային կողմը: Հաճախ հոգատարության անվան տակ ներկայացվող օգնությունն իրականում սեռական տիրապետման, կնոջը օբյեկտ դարձնելու, իշխելու, արական ինքնահաստատման գալու, հաճույք առնելու, ինչպես նաև՝ կնոջը պատժելու, տանջելու, ծաղրելու, նսեմացնելու, դաժանության ծարավը հագեցնելու ներթաքույց մոտիվներ է կրում: «Անձնազոհ հոգատարության» քողի տակ թաքնված այս միտումներն իրականում սեռական գրգռում հարուցելու ներուժ ունեն և սնուցում են գրգռման այդ ռեակցիան, ուստի և կախվածության մեջ են պահում տղամարդուն: Եվ քանի որ նմանատիպ շեղված միտումներն անընդունելի են սիրո պարագայում, ապա դրանք արտաքնապես ներկայացվում են իբրև սեռական զոհաբերման և միայն հանուն կնոջ հաճույքի կատարվող քայլեր: Պատահական չէ, որ  դրանց գիտակցման դեպքում, տղամարդը ժամանակավորապես կորցնում է իր պոտենցիան: Եվ միայն այն բանից հետո, երբ նա հանձն է առնում աշխատել իր այս ստվերային մղումների հետ ու նրան հաջողվում է հաղթահարել ու տիրապետել դրանք, սեռային գրգռման ռեակցիան զրկվելով նախկին սնուցման աղբյուրից, ձեռք է բերում գրգռման նոր ներուժի հեռանկար՝ դարձնելով տղամարդուն առավել հզոր ու ցանկալի զուգընկեր:

«Հիմարիկ կանայք» սեռական գրգռում են առաջացնում հենց այն պատճառով, որ  զոհ են դառնում որսորդ տղամարդու վերոնշյալ ստվերային մղումներին իրենց կախյալության, ագահության, կարճամտության, հեշտասիրության հետևանքով: Մինչդեռ մայր-կինը զուրկ է սեռական գրգռում առաջացնելու իշխանությունից, քանի որ իրեն բնորոշ սրբության խորհրդով, երբեք չի հայտնվում որսորդի ուշադրության տիրույթում:

Այս երկուսի միջև միջանկյալ դիրք են զբաղեցնում իմաստուն կանայք, ովքեր բոլոր ժամանակներում գրավել են թե՛ որսորդական հակումներ ունեցող, թե՛ դրանցից վեր կանգնած տղամարդուն հենց միայն իրենց խելքով, այլ ոչ թե սեռական օրգաններով կամ մարմնի այլ բարեմասնությամբ: Իմաստուն կանանց հետ սեռական ինտիմությունը չի կարելի սեքս անվանել, քանի որ կերպափոխված Մարդու ներկայությունը ստեղծում է ուրիշ իրականություն, որտեղ սեռական գրգռումը սնուցվում է իրական սիրո լույսով, իսկ այդ սերը չի կարող օգտագործել որևէ մեկին:

Իհարկե, երբեմն մարդիկ թյուրիմացաբար կարծում են, թե դիմացինին ծառայելու մղումը և հանուն դիմացինի «ինքնազոհաբերումը» վսեմագույն մղում է և չունի իր ստվերային կոմղը: Ճշմարտությունն այն է, որ ստորացման ենթարկվելու, պատժվելու, ուրիշներին ծառայություն մատուցելու մեջ նույնքան անձնական շահ ու շահադիտական մոտիվներ կան, ինչքան հակառակ դեպքում է:

Հիշենք, որ կին և մայր դուալիզմով առաջնորդվող մարդիկ էականորեն չեն տարբերվում իրարից, իր կրքերին տուրք տված կնոջը նսեմացնելը նույնն է, ինչպես՝ սեռական անզգայությամբ մորն աստվածացնելը: Կանացի հեշտասիրությունից հրաժարվելը և մայր լինելու պարգևով պաշտպանվելը՝ նույնն են իրենց խորքում: Մայրությամբ խոնարհության գալը և կանացի հեշտանքով հպարտորեն մեծամտանալը չեն տարբերվում էականորեն: Թե մեկ, թե մյուս բևեռի դրսևորումները զուգահեռ իրականություններ են, որոնց միաժամանակյա գոյության փաստի գիտակցումն է՛լ ավելի կբարձրացնի կնոջ ընտանեկան և հասարակական անփոխարինելի դերակատարումը:

Փակել

Կերպափոխում

Կերպ կամ կերպարանք բառը հունարենում թարգմանվում է eidos, idea, որը նշանակում է գաղափար: Հետաքրքրական է, որ հին հույն փիլիսոփա Պլատոնը իդեա բառը օգտագործել է հենց կերպարանք իմաստով, նկատի ունենալով էության հավերժական իմաստը, իրականության երկնային նախապատկերը:

Դիտարկենք այն դեպքը, երբ իրար սիրող ամուսինները, սիրո զգացմունքով միմյանց փայփայելու պարագայում չեն հաջողում հասնել սեռական գրգռման բավարար մակարդակի, որը թույլ կտա իրականացնել սեռական ակտը կամ էլ գրգռման բավարար մակարդակն առկա է, բայց չկա հոգեսեքսուալ բավարարում: Կարևոր չէ ում՝ կնոջ, թե տղամարդու սեռական խանգարումն է պատճառը, խոսքը գնում է սիրող զույգի մոտ առկա սեռական կրքի բացակայության մասին: Սիրելը դեռևս բավարար պայման չէ միմյանց հանդեպ սեռական կիրք տածելու համար: Ճշմարտությունն այն է, որ մենք չենք տեսնում թե սեռային մտերմության մեջ ինչպես ենք առաջնորդվում սիրո և հոգատարության նմանակներով, քանի որ սիրելի մարդու հանդեպ դեստրուկտիվ և շեղված մղումներ ունենալն անթույլատրելի ենք համարում ու դրա համար նուրբ խնամքով թաքցնում ենք մեր այդ մղումները` առաջին հերթին հենց մեզնից: Նման մղումների գոյության ապացույցը հարաբերությունների սուր շրջաններում գերլարումների ճնշման տակ դրանց անսպասելի ի հայտ գալն է՝ բոլորովին անհամապատասխան ձևով: Քողարկելով մեր այդ մղումները՝ չենք նկատել, թե ինչպես ենք թռիչքաձև անցում կատարել դեպի թվացյալ սիրո և անձնվիրության դաշտ, որտեղ հանդես ենք եկել մեզ համար նախընտրելի տարբերակներով, լավագույնս ներկայացնելով դիմացինին հաճույք պատճառելու մեր ազնվագույն մղումները: Արտաքնապես ամեն ինչ ճիշտ է՝ սիրող զույգ, փոխադարձ քնքշանք, շոյանքներ, ֆիզիկական հաճույք և նույնիսկ՝ օրգազմ… Ամեն ինչ ճիշտ է, բայց չկա այն բուռն կիրքը, այրող այն տենչանքը, որի ներկայությունը վայրագ ուժ է հաղորդում և մարմինը դարձնում անպարտելի:

Ինձ կասեք՝ չի կարող իրական սեր համարվել, եթե կենդանական բիրտ ուժ է թափանցել: Ինձ կփորձեք համոզել, որ ձեր պատկերացրած սերը վեհ է և այդ վսեմ զգացմունքով առաջնորդվող սեքսը ինչ-որ այլ կարգի տիեզերական հաճույք է պատճառում: Թույլ տվեք չհամաձայնվել: Մի խաբեք ինձ, ինչպես որ խաբում եք ինքներդ ձեզ: Գիտե՞ք, թե ինչու են բազմաթիվ սիրող զույգեր գանգատվում սեռական կրքի բացակայությունից և ինչու բազմաթիվ ոչ սիրող զույգեր՝ ուժգին սեռական կիրք ապրում: Գիտե՞ք, թե ինչու են վերջիններս շատ ավելի ամուր սիրող զույգ դառնում հետագայում, քան թե սիրահարված ու անկողնում ոչինչ չզգացող առաջինները: Շատ պարզ պատճառով՝ առաջինները հաշվի են նստում միայն դրական բևեռի հոգեկան ապրումների հետ և անտեսում դրանց ստվերային երկվորյակը՝ նույնականանալով իրենց թվացյալ բարձրագույն Ես-ին, իսկ երկրորդներն ավելի բնական կերպափոխման ուղիով են ընթանում՝ բարձրագույն Ես-ին հասնելով ոչ թե ներքին մի մութ հատված բաց թողնելով, այլ համարձակորեն այնտեղ մուտք գործելով:

Կարդալ ավելին

Անցյալում մեծ ցավ ապրելով, իրենց ուժերից վեր տառապանքի արժանանալով կամ այլոց տանջանքին ականատես դառնալով՝ մարդիկ անհագ ծարավ են զգում գտնելու այնպիսի պատասխան, որն ի վերջո կբացատրի կյանքի թարս դրվածքն ու անարդարությունը: Սակայն այդ պատասխանը դժվար է գտնել, քանի որ համարձակության պակասը թույլ չի տալիս դեմ հանդիման կանգնել կյանքի բիրտ տգեղության ու չարի առջև, համարձակության պակասը թույլ չի տալիս ինքներս մեր մեջ տեսնել խստագույնս դատապարտելի տարրեր: Փոխարենը, լուծումը գտնում ենք տարբեր ինքնապաշտպանական ուղիներ բռնելով, որի պատճառով սակայն, փոխհարաբերություններում ստեղծվում են լարված իրավիճակներ:

Օրինակ՝ այսպես կոչված պոզիտիվ մտածողությամբ առաջնորդվող մարդն իր ուշադրությունը բացառապես հատկացնում է կյանքի միայն դրական և լուսավոր կողմերին՝ հավատում լավին, որպեսզի լավն ու դրականը հայտնվեն իր կյանքում: Թեև որոշ հեղինակներ փորձում են ապացուցել այս կերպ մտածելու արդյունավետությունը, սակայն խորը վերլուծությունը ապացուցում է հակառակը: Այս մտածողության պատճառով մարդն ինքն իրեն գցում է շուրջը տեղի ունեցողին անդադար գնահատական տալու թակարդը: Նա ստիպված է լինում անընդհատ քննել ու դատել շրջապատող աշխարհը, որպեսզի զանազանի լավը վատից, դիմադրի վատի դրսևորմանը: Սա ահռելի մեծ ջանքեր է պահանջում, հոգնեցնում և սովորաբար մեծ խնդիրների հանգեցնում, քանի որ իրականությունը չունի լավ ու վատ կողմեր, և դա զուտ սուբյեկտիվ բաժանում է:

Կյանքի միայն դրական կողմերին ուշադրություն դարձնող մարդիկ մոռանում են, որ մարդն ամբողջական էակ է, և որպես բնության ավարտուն ու ամենակատարյալ ներկայացուցիչ, ներառում է իր մեջ այդ բնության ինչպես մութ, այնպես էլ լուսավոր տարրերը: Երբ չենք ուզում գործ ունենալ մեր ոչ այնքան լուսավոր մասերի հետ, անտեսում ենք մեր ներսում խորը նստած և անհարմարավետություն պատճառող կողմերը և խուսափում ենք այն հատվածներից, որոնք այնքան էլ դուրեկան կամ գեղեցիկ չեն, փախչում ենք ինքներս մեզնից՝ համոզելով մեզ և ուրիշներին, որ չունենք շեղված միտումներ, ու մեր քայլերի հիմքում միայն սերն ու համերաշխությունն է:

Ես չեմ ասում, թե սիրուց դրդված քայլերը, որ անում են մարդիկ հանուն ուրիշների, կեղծավոր են, բնավ: Շատ գնահատելի է, երբ մեր զուգընկերը մեզ ինչ-որ բարի ծառայություն է մատուցում, ամենաազնիվ կերպով փորձում հոգալ մեր կարիքները, թեթևացնել մեր հոգսը, սակայն այդ ամենը բարիք համարելու համար նախևառաջ հարկավոր է, որ մենք ազատվենք մեր անձնական բարդույթներից, աղավաղված պատկերացումներից, հանգուցալուծենք մեր խնդիրները, բուժենք մեր վերքերը, ճանաչենք մեր անտեսված մասերը, որպեսզի իրական լույսը, որը թափանցում է ամենաներսից՝ միջուկից, այլ ոչ թե դաստիարակությամբ պայմանավորված բարեկրթությունից, կարողանա իր նպատակին հասնել: Հակառակ դեպքում լույսի մուտքն արգելակող «անձնական գույքի խառնակույտը», այսինքն՝ մեր կողմից ոչ բավարար ուշադրության արժանացած անձնական խնդիրները, օգնության մեկնած ձեռքը դարձնում են կասկածելի և անվստահություն ներշնչող:

Ինչպես դիմակը չի կարող նույնանալ դեմքին, այնպես էլ սիրո և համերաշխության քողի տակ թաքցրած անձնական շահը, չի կարող փոխարինել նյութական կորստի մասին չմտածող, չափումներ չանող և թվերի աշխարհին անտեղյակ սրտի կամեցողությանը: Եթե լավություն անող անձնավորությունը վիրավորվում է նրանից, ում լավություն է արել, ասելով թե՝ «լավություն անողի գլուխը ծակ է կամ էլ մարդիկ անշնորհակալ են», ապա վստահ եղեք, որ լավություն անողն այդ անելուց առաջ մտածել է իր մասին, այլ ոչ նրա, ում լավություն է արել: Ուրիշներին սիրով օգնելու անձնական մղումը ինչքան էլ ազնիվ լինի, ինչքան էլ լեցուն լինի ջերմությամբ, չի կարող իրական օգնություն համարվել, քանի դեռ չի հաղթահարվել ներքին տարածքների ամենամութ անկյուններում բացահայտումներ անելու դիմադրությունը, քանի դեռ լույսը չի ողողել այդ տարածքները:

Ցած իջնենք երկնքից, բնական կիրք զգալու համար սիրո քողի տակ չթաքցնենք մեր պասիվ-ագրեսիվ մղումները, այլ հանդիպենք դրանց ու ներգրավենք մեր հոգեկան ամբողջին: Բերեմ թրթուրից թիթեռ փոխակերպման զարմանահրաշ օրինակը: Երբ թրթուրը բոժոժ է դառնում, նա շարունակում է թրթուր մնալ բոժոժի ներսում ու երբ թիթեռ է դառնում, դարձյալ շարունակում է թրթուր լինել, սակայն արդեն մեջքին թևեր աճած թրթուր: Այսինքն՝ կերպափոխում չի ենթադրում մերժել սեփական բնույթը և ինքնախաբեությամբ համոզել, որ այլևս չունենք մարդկային այս կամ այն արատավոր հակումը, մղումը կամ թուլությունը: Եթե նկատում եք, որ ձեր աչքին զարնում է ձեր մտերիմի որևէ բացասական որակը, անմարդկային հատկանիշը, տգեղությունն ու անբարոյությունն, ապա վստահ եղեք՝ դա ազդանշան է, որ դուք ինքներդ կրում եք այդ նույն որակը ձեր ներսում, սակայն չեք ուզում ինքներդ ձեզ խոստովանել: Հոգեբանության մեջ կա պրոյեկցիա հասկացությունը, որը մեր անձի կողմից գործի դրվող հնար է՝ ազատվելու սեփական անընդունելի կողմերից և որակներից՝ ուրիշներին դրանք վերագրելու միջոցով: Փոխանակ իմ աչքի գերանը տեսնելու, տեսնում եմ դիմացինի աչքի շյուղը:

Կերպափոխում նշանակում է դուրս գալ մեզնից անդին միայն այն բանից հետո երբ միացրել ենք մեր եղածին չգիտակցված չեղածը, այսինքն՝ այն ամենն, ինչն անհարիր ենք համարում մարդկային բնույթին, ինչից փախել ենք, ինչը քննադատել ենք, նույնիսկ եթե քննադատել ենք քննադատումը, դա էլ պիտի միացնենք: Ամբողջանալու համար պետք է դեմ առ դեմ կանգնենք անընդունելի համարվող ներքին տարրերի առջև: ՈՒ թեև այդ հանդիպումը կայանում է ներսում, սա բնավ չի նշանակում թե այդ տարրը ես եմ: Չի կարելի նույնականացնել մեզ այդ տարրին, դառնալ մեր ներսի այդ փոքրիկ մասնիկը, որովհետև խնդիրը ամբողջացման մեջ է, այլ ոչ թե այդ տարրը նշմարելու: Բոժոժի մեջ եղած ընթացքը ներգրավման ժամանակն է: Բոժոժից դուրս են գալիս, երբ պատկերն ամբողջացած է: Այս պահին է, որ տեղի է ունենում հրաշքը, որովհետև թիթեռի ծնունդը թրթուրից այլ բան չի կարող կոչվել, քան հրաշք: Իզուր չեն երեխաները հրճվում թիթեռներով, անմեղության խորհրդանիշ հանդիսացող երեխաները չեն կորցրել հրաշքի նկատմամբ իրենց զգայունությունը: Եվ հիշենք, որ Մարդը նա չէ, ով ամբողջացել է իրեն պակասող մասերով, այլ նա, ով ծնվում է դրանից հետո, այսինքն կերպափոխմամբ ծնված Մարդը հրաշք է:

Մի քանի հստակեցումներ, թե ինչպիսի սխալ մոտեցումներ մենք կարող ենք թույլ տալ, երբ փորձում ենք կերպափոխել մեզ: Առաջին հերթին, դա անձի մերժումն է: Հիշենք, որ անձը ոչ թե պետք է բնաջնջել, այլ առողջացնել որպեսզի նա ի վիճակի լինի ներդաշնակորեն գործառել հասարակության մեջ: Առողջ անձ ենթադրում է վերքերից բուժված անձ, իր մութ կողմերը ճանաչած անձ, կայուն ինքնագնահատական ունեցող անձ, ուրիշներին ներող անձ, անցյալում տեղ գտած տրավմատիկ փորձառությունները լուծած անձ: Երբ անձն առողջանում է, նա շարունակում է իր գործառությունը մեր կյանքում, սակայն տարբերությունն այն է, որ երբ մեր անձն առողջ է, ու մենք ճանաչում ենք այն, մենք դադարում ենք կուրորեն լսել նրան ու ենթրակվել նրա հրամաններին ու քմահաճույքներին:

Մյուս վտանգավոր մոտեցումն այն է, որ ամբողջացման հասնելու միտքը հաճախ նույնացվում է երեխայի և մոր նախնական միաձույլ վիճակին: Երբ պորտալարով դեռ կպած ենք մեր մորը, մենք չունենք զատված անձ լինելու փորձառություն, դեռ չկա աշխարհից բաժան լինելու զգացողություն: Ամբողջացման գալ, չի նշանակում վերադառնալ մոր հետ միաձույլ վիճակի զգացողությանը՝ սերտաճելով զուգընկերոջ հետ: Մանկան անմեղությունը կուրության հետևանք է, իսկ հասուն մարդունը՝ ինքնաճանաչողության: Ամբողջացած մարդն ունի շրջապատի մարդկանց հետ փոխկապակցվածության գիտակցում և պատասխանատու է իրեն զգում կյանքի բոլոր իրադարձություններում:

Անարդարությունների համար պատճառներ փնտրելու կարիք չկա, որովհետև արտաքին աշխարհը ես եմ:

Փակել

Հաղթահարված անձ

Զույգերի հարաբերություններում միջանձնային խնդիրների պատճառով ծագած կոնֆլիկտները մեծ ազդեցություն ունեն ոչ միայն սեռական, այլև կյանքի մյուս բոլոր ոլորտների որակական բնութագրերի վրա:

Ի՞նչ է անձը և ինչպե՞ս է այն գործառում: Ինչո՞ւ երկու անձ, հատկապես մտերիմ հարաբերության մեջ գտնվող անձիք, չեն կարողանում շատ հաճախ լեզու գտնել և պատահում է, որ իրարից խռովված ապրում են մինչև կյանքի վերջ:

Ամենապարզ ձևով ասած՝ անձը նա է, ում ես վերապրում եմ իբրև իմ «ես»: Օրինակ՝ երբ ասում եմ՝ ես իրավաբան եմ կամ՝ ես մայր եմ, այդ պահին խոսում եմ իմ անձի մասին: Անձը բնութագրող տվյալները հաստատագրված են փաստաթղթերում, ինչպիսիք են՝ անձնագիրը, ծննդյան վկայականը, համալսարանի դիպլոմը, վերապատրաստման վկայականները, ամուսնության վկայագիրը և այլ նմանատիպ թղթեր: Անձի ինքնահաստատման համար այս փաստաթղթերը մեծ նշանակություն ունեն, որովհետև նրանք ամրագրում եմ անձի ով լինելը, հիմք են տալիս և ձևավորում այլ անձանց հետ հարաբերվելու ձևաչափն ու ընթացքը:

Անձ ասելով՝ նկատի ունենք նաև մարդու բնավորությունը, խառնվածքը, սեռականությունը, նախասիրությունները, ցանկությունները, հույսերը, հույզերը, կրքերը, տպավորությունները, հիշողությունները, զգացմունքները, երազանքները, պատկերացումները, համոզմունքները, սպասումները, կարծիքները, ճաշակը, մի խոսքով՝ այն ամենը, ինչ մենք մտածում ենք մեր մասին, թե դա մենք ենք և այն ամենը, ինչ իրականում մեր դրդապատճառների հիմքում է, բայց մեր գիտակցական տեսադաշտից դուրս, մենք ենք՝ մեր անձը:

Կարդալ ավելին

Անձը շատ հաճախ փոխարինում են էգո հոմանիշով, էգոիստ կամ անձնասեր չլինելու մասին շատերս ենք դասեր առել: Եվ հաճախ, երբ խոսքը գնում է անձի մասին, հասարակությունը և մարդիկ լցվում են մի տեսակ արհամարհանքով, կարծես թե անձը մի պախարակելի բան է, որից մենք պետք է ամաչենք ու հնարավորինս շուտ ազատվենք: Այսպիսի միտումն անգամ ընկած է որոշ հոգեբանների և նույնիսկ հոգևոր ուսուցիչների ուսմունքի հիմքում՝ որի նպատակն է՝ ջնջել, վերացնել անձը՝ մարդկային հարաբերություններում ծագած բոլոր կոնֆլիկտների մեղավորին: Սեռականության ոլորտում այս միտումը բերում է սեռական նևրոզների առաջացման, երբ մարդը փորձում է խեղդել, գլխատել իր սեռական կարիքները և զգացմունքները, քանի որ դրանք համարում է իր անձին ոչ հարիր և անբարո դրսևորումներ: Սակայն մի՞թե մենք պետք է ոչնչացնենք մեր անձը:

Անձը ստեղծվել և պահպանվում է մի շատ կոնկրետ պատկերացման շնորհիվ, այն է՝ ես առանձին էակ եմ, այսինքն՝ սա ես եմ, իսկ դրանք՝ ուրիշները: Ես իրենցից զատ՝ այս կողմում եմ, իրենք՝ ինձնից զատ՝ այն կողմում: Ես և մյուսները տարբեր ենք, մենք գալիս ենք տարբեր տեղերից, ունենք տարբեր անցած ուղիներ, տարբեր մարմիններ: Մեր անձն անդադար հիշեցնում է մեզ, որ մենք ուրիշ ենք և կապ չունենք մեկս մյուսի հետ: Այսպիսի դիրքորոշումը ստեղծում է վախ և ահռելի մեծ տառապանք, քանի որ մարդկանցից և աշխարհից բաժան լինելու գաղափարը բերում է կյանքի երկատված ընկալման: Երկատումը բաժանման արդյուքն է: Դա մտքով իրականության արհեստական կիսումն է, քանի որ իրականությունն ի սկզբանե ամբողջական է: Բաժանման արդյուքնում ի հայտ են գալիս երկատված բևեռներ՝ բարի և չար, լավ ու վատ, ճիշտ ու սխալ, գեղեցիկ և տգեղ, սիրել ու ատել… Երկատման մեխանիզմով մենք ինքներս մեզ դատապարտում ենք տառապանքի, քանի որ այսուհետ անհնար է դառնում գրկաբաց ընդունել կյանքը, մենք դառնում ենք քննադատ, սկսում ենք մեղադրել և վախենալ սեփական կյանքի համար: Մենք օտարվում ենք բոլոր նրանցից, ում ընկալում ենք «ոչ մերոնքական», դատում ենք սխալ կամ մեղավոր լինելու մեջ, որպեսզի պաշտպանենք ճշտի և անմեղի գաղափարը մեր ներսում:

Սակայն բևեռացման արյունքում մենք օտարվում ենք նաև ինքներս մեզնից, քանի որ դատապարտում ենք նաև մեր մեջ գտնվող բացասականը ու հեռացնում այն մեր գիտակցականից: Ինքնաքննադատությունը պակաս վտանգավոր չէ այլոց քննադատելուց, քանի որ ինքնամերժման պատճառով է, որ մարդիկ տառապում են դեպրեսիայից, պարանոյալ և տագնապային խանգարումներից, այլասերումներից, ատում են իրենք իրենց ու իրենց մտերիմներին:

Անձը ոչ բացասական, ոչ էլ դրական կառույց է, այն ուղղակի կա այնպիսին, ինչպիսին կա: Անձի համար չի կարելի է կիրառել լավ կամ վատ ածականները, անձը ուղղակի մի գործիք է, որով մենք հնարավորություն ունենք այլ անձերի հետ հարաբերվելու և ինքնաճանաչման գալու: Դանդաղ մաղելով անձի ունեցվածքը, ես ի վերջո գալիս եմ իմ իսկական Ես-ին, վերադառնում ինքս ինձ, ով ներկայությունն Է: Ես ներկան եմ, նա ով ականատես է անձի դրսևորումներին: Ես գիտակցություն եմ, ով ճանաչում է անձը և օգնում ինքնահաղթահարմամբ վերադառնալ բարձրագույն Ես-ին: Այս բառերը դիմադրություն առաջացնելու հակում ունեն, որովհետև մարդը կառչած է իր անձից: Անձի բացակայությունը և բոլոր մարդկանց հետ ընդհանրությունը վանող գաղափար է: Տագնապի, վախի և անգամ խուճապի գրոհ է սկսվում, երբ ինչ-որ մի բան կամ ինչ-որ մեկը սպառնում է մեր անձի գոյությանը: Իզուր չեն մեր անձի կողմից մշակված այդքան մեծ թվով ինքնապաշտպանական մեխանիզմներ:

«Ճանաչի՛ր ինքդ քեզ և դու կճանաչես աշխարհը» գրված է Դելֆիի տաճարի վրա: Միայն ինքնաճանաչ մարդը կարող է հասկանալ ով է ինքը և ինչ կապ ունի նա այս աշխարհի հետ: Ինքնաճանաչողությունը օգնում է մարդուն կողմնորոշվել այս կյանքում, գտնել իր տեղը և առավելագույն կերպով ապրել ու ռեալիզացնել իրեն:

Ինքնահաղթահարված անձը նա չէ, ով սպանել է իր անձը, այլ նա, ով դանդաղ բայց հաստատուն հետևողականությամբ ճանաչել ու հաղթահարել է ինքն իրեն՝ իր կրքերը, կարծրատիպերը, իր վախերն ու դոգմատիկ համոզմունքները, իր մեղավորությունն ու ամոթը: Ինքնահաղթահարված անձը ազատության, խաղաղության, կարեկցանքի ու ամենաանկեղծ սիրո վերապրողն է, ինքնահաղթահարված անձը ինքը Սերն է:

Փակել

Page 1 of 6

© 2022 | ՆարինԷ Ներսիսյան | Հեղինակային իրավունքները պաշտպանված են |

Besucherzahler
счетчик посещений