ՆԱՐԻՆԷ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Երկու հատվող բուրգերից ծնվում է Նորը

Category: Ամուսնություն և ընտանեկան հարաբերություններ (Page 1 of 2)

Անձնական տարածք

Կնոջս հետ շփումը ուժասպառ է անում ինձ, երբ տանն եմ՝ նրա հետ, հոգնածություն եմ զգում, դրա համար էլ գերադասում եմ ինչքան հնարավոր է նրա կողքին չգտնվել, ուշ եմ վերադառնում աշխատանքից, տարբեր առիթներ եմ փնտրում տնից բացակայելու համար: Ինձ զայրացնում է այն հանգամանքը, որ նա անընդհատ փորձում է ներխուժել իմ կյանքի այնպիսի ոլորտներ, որոնք խիստ անձնական եմ համարում, ինձ վերահսկելու և չարաշահելու նրա փորձերը ճնշում են ինձ, անզորությունից չգիտեմ ինչ անել, կարծես ցանցում բռնված անօգնական թիթեռ լինեմ: Հարցս հետևյալն է՝ ինչպես պաշտպանեմ անձնական տարածքիս սահմանները՝ միևնույն ժամանակ պահպանելով մեր ամուսնական հարաբերությունները: /Ա., 35 տարեկան/

Շնորհակալություն այս կարևոր հարցի համար: Նախ նշեմ, որ այս խնդիրը բավական լայն տարածում ունի և անհանգստացնում է շատերին, թեև կան մարդիկ, ովքեր անգամ չեն էլ գիտակցում, որ սա խնդիր է: Ընդհանրապես սահմանն իր ներսում փակելու միտում ունի, որով սահմանափակվածը դառնում է աշխարհին ներկայանալի առանձին միավոր: Երբ ասում ենք անձնական տարածք, հասկանում ենք ֆիզիկական, մտային և հուզական սահմանագծերով եզրափակված այն տիրույթը, որով մենք ներկայանում ենք աշխարհին որպես առանձին անհատ և կերպար:

Բոլոր առողջ հարաբերություններում, անկախ թե դա ինչ բնույթ է կրում՝ ինտիմ ամուսնական, ընկերական, թե գործնական, հարաբերվող կողմերից յուրաքանչյուրը պետք է գիտակցի անձնական տիրույթի սահմաններ ունենալու և դրանք պաշտպանելու կարևորությունը: Սա անհրաժեշտություն է, քանի որ այդ սահմանները հստակորեն զատում են մեր ինքնությունն այլ մարդկանց ինքնությունից, օգնում զանազանել սեփական կարիքները այլոց կարիքներից, տարբերակել սեփական ցանկություններն ուրիշ մարդկանց ցանկություններից: Այս սահմանները պաշտպանում են մեզ ուրիշ անձանց կողմից օգտագործված, չարաշահված լինելուց, մանիպուլյացիայի ենթարկվելուց:

Կարդալ ավելին

Ինքնության սահմաններ ունեցող անձիք ինքնահարգալից են և գիտեն իրենց իսկական արժեքը: Նրանց ինքնազգացողությունը միշտ բարձր է, իսկ ամբողջականության զգացումը չի թույլատրում շփոթել ու միախառնել սեփական կարիքներն ու ցանկություններն այլոց կարիքներին ու ցանկություններին: Առանց ինքության սահմանների գիտակցման՝ միակողմանի և հիվանդագին հարաբերությունների ու կախվածության մեջ հայտնվելու վտանգ կա: Վերջապես, անձնական տարածքի բացակայությունը կարող է բերել այնպիսի զգացողության, որ ոչ մեկին պետք չես, անարժան ես, անկարող ես ու երբեք չես կարող մենակով ինքդ քեզ բավականացնել: Այլ խոսքերով՝ առկա է ցածր ինքնագնահատական, որի պատճառով մարդիկ դադարում են հավատալ իրենք իրենց ու գտնում, որ արժանի են տառապանքի և արհամարհված լինելու:

Նշաններ կան, որոնք հուշում են անձնական տարածքի անպաշտպանության ու սահմաններ չունենալու մասին, դրանք են՝

  • Ինքնաարտահայտվելու անկարողություն, երբ մեր հետ վատ են վարվում:
  • Համաձայնվում ենք, երբ իրականում համաձայն չեք:
  • Ասում ենք Այո, մինչդեռ ուզում էիք Ոչ պատասխանել:
  • Մեղավոր ենք զգում, որ ժամանակը մեր վրա ենք ծախսում:
  • Զգում ենք, որ մեր պահվածքը թելադրված է ուրիշների պատկերացումներով ու պետք է լինի հենց այս և ոչ՝ այլ կերպ:
  • Երբ դիպչում և ձեռք են տալիս մեր մարմինը, որը կաշկանդող ու տհաճ է, չենք կարողանում արգելել:
  • Հարաբերության մեջ միայն տալիս ենք ու զգում ենք, որ մեզանից միայն վերցնում են:
  • Տեղյակ չենք, թե ինչ կարիքներ ունենք:
  • Ուրիշների համար մեծ զոհաբերություններ ենք անում մեր չունեցած հաշվից:
  • Պասիվ-ագրեսիվ պահելաձև ունենք, հակված ենք մանիպուլյատիվ հնարների՝ իրավիճակը վերահսկելու երբեմնի իշխանությունը հետ բերման նպատակով:
  • Անընդհատ զոհի կերպարում ենք զգում:
  • Մտածում ենք, որ մարդկանց հարգանքին արժանանալու համար պետք է բարեհաճ վարք դրսևորենք:
  • Մեղավոր ենք զգում, երբ տեսնում ենք ոչ երջանիկ մարդկանց:
  • Ձգտում ենք լինել ով կանք, բայց նա ենք, ով ուրիշներն են սպասում, որ լինենք:
  • Մշտապես վախ կա, թե ինչ կմտածեն մեր մասին:
  • Դեպի մեզ ենք ձգում այնպիսի մարդկանց, ովքեր փորձում են վերահսկել կամ իշխել մեզ:

Կա այն միֆը, որ «Անձնական տարածք ունենալը կարող է վտանգել հարաբերությունները»: Իսկապես, եթե կախվածության մեջ ենք մեր ամուսնուց/կնոջից, ապա ինքության սահմաններ գծելը մի պահ տհաճ անհարմարավետություն կպատճառի կողակցին: Երբ ամուսիններն իրար հետ կախյալ միաձուլման մեջ են, ամուսիններից մեկի ինքնասահմանազատումը մյուսի մոտ շոկ է առաջացնում, ընդ որում ինչքան ավելի առողջ ու երջանիկ է դառնում սահմանազատվածը, այնքան ավելի մեծ է խուճապի զգացումը և դիմադրությունը, որով սահմաններից դուրս բերվածը փորձում է հետ բերել նախկին իրավիճակը: Խորհուրդ եմ տալիս լրջորեն մտորել այն հարցի շուրջ՝ արժե արդյոք պահպանել ու ջանքեր գործադրել պահպանելու նմանատիպ հիվանդագին հարաբերությունները, քանի որ առողջ և աջակցող հարաբերություներում երկկողմանիորեն խրախուսվում ու խստագույնս պահպանվում են յուրաքանչյուրի ինքնության սահմանների անձեռնմխելիությունը:

Կան ևս մի քանի տարածված միֆեր՝ կապված ինքության սահմանների տարանջատման հետ, որոնց մասին հարկ է իմանալ:

  • «Անձնական տարածք ունենալն էգոիստություն է»: Իրականում ճիշտ հակառակն է՝ անձնական տարածք ունենալն ինքնահարգանքի նշան է և նաև արժանի ինքնագնահատականի հավաստիք: Հոգեպես առողջ բոլոր մարդիկ տիրապետում են ինքության հստակ եզրագծված սահմանների:
  • «Սահամաններ ունենալը նշանակում է, որ մարդիկ էլ չեն սիրի ինձ»: Ճշմարտությունն այն է, որ սահմաններ գծելն իհարկե կցավեցնի բոլոր այն մարդկանց, ովքեր ոտնակոխ էին արել մեր անձնական տարածքը, և նրանք գուցե դադարեն սիրել մեզ, անգամ վրեժխնդիր լինեն մեզնից իրենց ցավեցնելու համար: Բայց բազում այլ մարդիկ, ովքեր կհայտնվեն մեր շուրջը կյանքի բերումով, կսկսեն հարգել, լսել ու հետևել մեզ: Չկա ավելի հմայիչ անձնավորություն, քան նա, ով հրաժարվում է «աղբանոց» դառնալ ուրիշների չլուծված խնդիրների համար: Երբ ինքության սահմաններն ավելի հստակ են, շատ ավելի մեծ թվով մարդիկ են ձգվում դեպի մեզ, ովքեր հարգում և ակնածում են մեզ և կարող են լինել իսկական ընկերներ/սիրեցյալներ:
  • «Սահմաններ ունենալն ինձ դժբախտության կտանի» Սա շատ տարածված անհանգստություն է: Բայց պատասխանը շատ պարզ է՝ սահմաններ ունենալն իհարկե սկզբում անհարամարավետ է, բայց կարճ ժամանակ անց կզգաք, որ ավելի ուժեղ եք և նորից տիրապետում եք ձեր կյանքի ընթացքին: Այսինքն՝ ստացվում է ճիշտ հակառակը՝ սահմաններ ունենալը մեզ դարձնում է ավելի երջանիկ, քան մինչ այդ էինք:

Ինքնության սահմաններն անպաշտպան թողնելու և մարդկանց համար միջանցիկ տարածք դառնալու գործընթացում պատասխանատու են մեր մանկության մեծերը: Այդ մեծերից շատերը հենց իրենք չեն ունեցել ու դեռ հավանաբար շարունակում են չունենալ ինքության սահմանների գիտակցում, ուստի վատ օրինակ են ծառայում իրենց հովանավորության տակ գտնվողներին: Իսկ մենք մեղավոր չենք, որ չենք կարողացել վերահսկել, թե ինչ են մեզ սովորեցրել մեր ծնողները, ուսուցիչները և բոլոր նրանք, ովքեր զբաղվել են մեր դաստիարակությամբ: Մեծանալով այնպիսի ընտանիքում, որտեղ տիրում են իրարից կախվածության մեջ գտնվող մեծեր, երեխան ձեռք է բերում ինքնության խոցելի սահմաններ: Հատկապես, եթե նրան ներարկում են այն ընկալումը, որ մարդուն սիրում են իր արած գործերի համար, այլ ոչ թե որովհետև նա կա, ընդամենը կա:

Սակայն կարիք չկա մեղավորներ փնտրելու, թե ինչու և ինչպես են խախտվել ինքնության իմ սահմանները: Ավելի կառուցողական է հենց այս պահին պատասխանատվություն ստանձնել դրանք վերականգնելու ուղղությամբ: Առաջին քայլն այս ուղղությամբ մեր առաջին դերային մոդելների՝ ծնողների և ընտանիքի մյուս անդամների՝ մեծ քրոջ, եղբոր, տատու, պապու կողմից ստացված այն խորքային պատկերացումների վերլուծությունն է, որոնք պարբերաբար և կայուն կերպով ներարկվել ու ի վերջո՝ փորագրվել մեր գիտակցության մեջ:

  • Արդյո՞ք մեզ սիրել են միայն այն ժամանակ, երբ ձևացրել ենք, թե այնպիսին ենք, ինչպիսին նրանք էին ուզում, որ լինեինք:
  • Արդյո՞ք մեզ միայն խրախուսել են այն պահերին, երբ հանդես ենք եկել հանուն այլոց կարիքների ու ցանկությունների՝ սեփականը զոհաբերելու գնով:
  • Արդյո՞ք մեզ պատժել են, երբ ասել ենք Ոչ կամ բարձրաձայնել մեր պահանջները:
  • Արդյո՞ք պարտադրված ենք զգացել հուզականորեն սատարելու մեր ծնողին:

Սրանք այն դրամատիկ ներգործություններն են, որոնք մանկության տարիներից նպաստում են ինքության սահմաններ չունենալուն: Ու հիմա եկել է ժամանակը, որպեսզի հետ կանգնենք այս անպաշտպան վիճակից ու սատարենք ինքներս մեզ՝ գիտակցենք, որ ունենք սեփական կարիքներ, ճանաչենք դրանք, առանց մեղավորության զգացումի ժամանակ տրամադրենք մեզ, ի վիճակի լինենք խոսել մեզ հուզող խնդիրների շուրջ, արտահայտենք մեր ներքին ձայնը, լսելի դառնանք շրջապատի կողմից: Սրանք քայլեր են, որոնք աստիճանաբար հետ կբերեն սեփական արժանիության և արժեվորության զգացումը, կվերականգնեն մեր ուժերը, հուզական հավասարակշռության կտանեն, կբարձրացնեն իջած ինքնագնահատականը, և համարձակություն կունենանք վերջապես լինելու նա՝ ով կանք:

Սահմանները կարիք ունեն արթուն սահմանապահների, ովքեր անմիջապես կահազանգեն, որ ինչ-որ մեկը հատել է սահմանը: Սակայն երբեմն սահմանների խախտումն աննկատ է տեղի ունենում, նույնիսկ, եթե օր ու գիշեր հսկող սահմանապահներ ունենք, սա հատկապես բնորոշ է ինքության դեռևս ոչ այդքան ամուր գիտակցություն ունեցողներին: Կան մի քանի զգացողություններ, որոնց հիման վրա կարելի է հասկանալ, որ մեր անձնական տարածք մուտք են գործել: Այն պահերին, երբ մեր սահմանները հատում են, մենք անհարմարություն եք զգում, մեզ կարող է համակել հանկարծակի տխրության կամ վշտի զգացումը, ծանրության և դառնության ապրումը: Ֆիզիկապես մենք կարող եք նկատել, որ մարմինը լարվեց, շոգեցինք, այսպես ասած՝ «թիթեռներ հայտնվեցին ստամոքսում», ուշադիր լինելով մարմնական այս զգացողություններին կարող ենք անմիջապես հասկանալ, թե ինչ է տեղի ունենում և կասեցնել ներխուժողի առաջխաղացումը:

Ինքության սահմաններ պահպանելը քաջություն է պահանջում: Այս ընթացքում լիքը ձևական ընկերություններ ու հարաբերություններ կքանդվեն, որը հնարավոր է մեղավորության և ամոթի զգացում առաջացնի, կարծես սխալ բան ենք անում: Սակայն հարկ է հիշել, որ ինքնության սահմաններ ունենալը մարդու ամենահիմքային պահանջմունքերից է: Բոլոր նրանք, ովքեր փորձում են կանգնեցնել մեզ, շարունակում են վերահսկելով, օգտագործելով ու չարաշահելով թունավորել մեր կյանքը, չունեն այդ իրավունքը և հետևաբար չեն կարող տեղ զբաղեցնել մեր կյանքում, համենայն դեպս այնքան ժամանակ՝ քանի դեռ չեն դադարել մեզ հետ նման կերպով վարվել: Մի անհանգստացեք, կգտնվեն մարդիկ, ովքեր իսկապես աջակցող և թևեր տվող են, ովքեր չունեն հետադարձ ակնկալիք ու անշահախնդրորեն կհարգեն ձեզ:

Եվ հիշենք, որ ինքության սահմաններ գծելու գործընթացում ծագած դժվարությունները հաղթահարելու համար այդքան էլ նպատակահարմար չէ օգնություն խնդրել այն մարդկանցից, ումից կախման մեջ ենք, քանի որ նրանք շահագրգիռ չեն, որ մենք անկախանաք իրենցից, փոխարենը օգնության հայտով դիմենք պրոֆեսիանալ մասնագետի:

Խնամքով վերաբերվեք, հոգ տարեք ու փայփայեք ինքներդ ձեզ, դուք արժանի եք երջանիկ լինելու:

Փակել

Ձեզ կարող է հետաքրքրել նաև…

Զոհաբերում

«Բարև սիրելի բժշկուհի: Ինձ թվում է, որ ամուսինս ինձ այլևս չի սիրում: Նախկինում մեր սեռական կյանքում ամեն ինչ նորմալ էր, լինում էր շաբաթ, որ ամեն օր զբաղվում էինք սիրով: Հիմա լինում է հազիվ ամիսը մեկ անգամ, այն էլ իմ կողմից գործադրած ճնշման և ջանքերի շնորհիվ: Ինձ մտահոգում է մեր հարաբերությունների ընթացքը, այն` որ մեր սեռական կյանքում հայտնվել է սառնություն: Ամուսինս պնդում է, որ սիրում է ինձ և չի պատկերացնում իր կյանքն առանց մեզ: Իսկ ես չեմ պատկերացնում սերն առանց սեռական կյանքի, չեմ կարողանում ելք գտնել այս իրավիճակից, խնդրում եմ օգնեք ինձ»:

«Բարև Ձեզ բժշկուհի ջան: Շնորհակալ կլինեմ պատասխանի համար: Ես արդեն երեք տարի է ամուսնացած եմ և ինձ անհանգստացնում է իմ սեռական կյանքը, որը գնալով ավելի ու ավելի հազվակի է դառնում: Ամուսինս պատճառաբանում է, որ իր մոտ խնդիր չկա, պարզապես ցանկություն քիչ է զգում, ինչի պատճառով էլ հաճախ կոնֆլիկտներ ենք ունենում: Այս ամենը բացասական է անդրադարձել իմ նյարդային համակարգի վրա: Խնդրում եմ ինձ ասեք, սա խնդի՞ր է նրա կողմից, թե ուղղակի իր տեսակն է այդպիսին: Ես նրա հետ բազմիցս խոսել եմ, նա ասում է, որ հասկանում է ինձ և որոշ ժամանակ նորմալանում է ամեն ինչ, սակայն նորից, չգիտեմ ինչու, կանգնում ենք նույն խնդրի առաջ: Մենք ունենք մեկ տարեկան երեխա, խնդրում եմ ինձ խորհուրդ տվեք, ի՞նչ անել: Շնորհակալություն»:

Վստահ եմ, որ իջած սեռական ցանկության գանգատը նեղ բժշկական մտածելակերպով, այսինքն` միայն ֆիզիոլոգիական տեսանկյունից նայելով, առաջին հերթին հուշում է այս տղամարդկանց մոտ առկա տեստոստերոնային անբավարարության մասին, որովհետև հայտնի փաստ է, որ սեռական ցանկության հորմոնը տեստոստերոնն է և դրա պակասը բերում է սեռական անտարբերության: Երկրորդը, որ կանցնի փորձառու բժշկի մտքով, էրեկցիայի թուլության մասին մտածելն է, նա կհաստատի կամ կհերքի այս կասկածը` մանրակրկիտ հարցուփորձ անելով: Վերջապես նեղ բժշկական մտածելակերպով բժիշկը օրգանիզմում ընդհանուր վիճակի գնահատում կիրականացնի ու վերջում՝ չգտնելով որևէ լուրջ հիվանդություն և/կամ ախտաբանական վիճակ, կսահմանափակվի տղամարդկանց պոտենցիան խթանող ամենատարբեր բաղադրության սննդային հավելումներ և աֆրոդիզիակներ նշանակելով: Իհարկե, լավագույն դեպքում հիվանդին (այպես են անվանում նեղ բժշկական բաժանմունք դիմած մարդուն), կուղղորդեն հոգեբանի մոտ՝ միջանձնային կամ ներանձնային խնդիրներ որոնելու ու դրանցով զբաղվելու:

Կարդալ ավելին

Որպես ավելի լայն մտածող բժիշկ, այսինքն՝ որպես մարդ բժշկող բժիշկ, այլ ոչ՝ հիվանդություն բուժող, համարյա 20 տարի մտորել եմ այս խնդրի շուրջ և միայն վերջերս եմ հասկացել, թե որտեղ է գտնվում խնդրի արմատը: Նախ ասեմ, որ ամուսնական մտերմության աճին զուգընթաց սեռական ցանկության մակարդակները հաճախ են տարամիտվում, և այս օրինաչափությունը կապված չէ սիրո զգացմունքի վերացման հետ, այլ ավելի խորքային պատճառ ունի: Եթե երկու բառով ասելու լինեմ, սեռական ցանկության մակարդակների անհամապատասխանությունը զույգերի մտահայեցակարգերի տարբեր պարադիգմալ հարթակներում հայտնվելու հետևանք է: Փորձեմ նշված խնդիրն ավելի պարզ լեզվով ներկայացնել «Զոհաբերում» կոչվող այս հոդվածում:

Արժեքների վերանայում

Գալիս է կյանքի մի շրջան, երբ դրսից թելադրվող արժեքներն այլևս դադարում են կյանքում կողմնորոշման և աշխարհում իրերն ու երևույթներն ի մի բերող կարգաբերման գործառույթ կատարել: Երբ դրսից պարտադրվող արժեքներն այլևս արժեզրկվում են, մի բան ես հասկանում՝ եկել է ժամանակը, որ ինքդ պիտի դառնաս հենարան սեփական քայլերիդ համար` փոփոխելով քեզ այնպես, որ ամենը, ինչ խանգարում է այս կյանքում առաջ ընթանալուն, վերամշակվի, վերակազմավորվի հանուն ինքնուրույն առաջընթացի և ազատ ինքնադրսևորման: Այն պահին, երբ հրատապ փոփոխվելու ներքին պահանջն ավելի հզոր է դառնում, քան նույնը մնալու ընդվզող դիմադրության ուժն է, սկսվում է մարդու ներքին կերպարանափոխման գործընթացը, որի մասին խոսել եմ նախորդ գրառումներիցս մեկում և հիմա ավելի պարզ կերպով կշարադրեմ:

«..Եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա» (Հովհ. 25:24): Հովհաննեսի ավետարանից մեջբերված այս խոսքերը վերաբերում են այն մարդուն, ով կյանքի խաչմերուկում կանգնած է ընտրության հրամայականի առաջ՝ շարունակել մնալ անփոփո՞խ՝ որպես ցորենի հատիկ, թե՞ դուրս գալ ցորենի հատկի կերպարանքից ու ընթանալ նորին ընդառաջ: Ցորենի հատիկն այստեղ մեր անձն է՝ այն կաղապարը, որը պարտադրում է, ցորենի հատիկի մահը՝ անձի ենթակայությունից ազատագրումը, անորոշությանն ընդառաջ դուրս գալը:

Պետք է իմանալ, որ անձն այն կառույցն է, որը վաղ թե ուշ, կորցնում է իր ողջ ունեցվածքը՝ թե’ նյութական, թե’ հոգեհուզական ու մտային-իմացական, թե’ մարմնական: Անձն ուղղակի դատապարտված է սնանկացման, որովհետև այն ոտից գլուխ հիմնված է «ես ունեմ» պատրանքի վրա: Մենք իրականում չունենք այն, ինչ մեզ թվում է մերն է, ուստի և անզոր ենք վերահսկել այս կյանքը մեր անձով: Գալիս է ժամանակ, որ առերես հանդիպում ես իրականությանն իր ամենաիսկական դեմքով:

Զոհաբերությունները պատմական տեսանկյունով

Գանք պատմության էջերին: Ինչպես գիտենք, մարդկային զոհաբերությունները տարածված են եղել ամբողջ աշխարհում։ Աստվածներին, երկնային ու գերբնական էակներին զոհ մատուցելը նրանցից կյանք հայցելու և նրանց բարեհաճությանն արժանանալու իմաստ է ունեցել: Զոհաբերությունները եղել են կրոնական ծեսեր, որոնց ժամանակ մարդկանց մարմինները հիմնականում ողջակիզում էին, ինչպես հին հրեաների մոտ էր, կամ գլխատում, ինչպես` Մայաների թագավորությունում: Անգամ քրիստոնեության մեջ Հիսուս Նազովրեցու տանջալից մահը խաչի վրա կրում է զոհաբերման իմաստ, որով նա քավում է մարդկանց մեղքերը և ազատագրման շնորհ բերում:

Անգամ մինչև այսօր որոշ աֆրիկյան պետություններում պահպանվել է մարդկանց զոհաբերման ավանդույթը: Ուգանդայում անցյալ տարի վրա հասած սարսափելի երաշտից ազատվելու համար տեղի կախարդները երեխաներ են զոհաբերել անձրևաբեր ոգիների աչքը քաղցրացնելու հանար:

Նման «մատաղները», իհարկե ոչ մարդկանց, այլ կենդանիների տեսքով, հազվադեպ չեն նաև Հայաստանում: Մինչ օրս գառանը մատաղ անելու ավանդույթը շարունակում է որոշ մարդկանց գիտակցության մեջ Աստծո բարեհաճությանը արժանանալու խորհուրդ կրել:

“Մատաղ լինեմ քեզ” արտահայտությունը նշանակում է մեռնեմ քեզ: Մատաղը մեկի մահն է հանուն մյուսի կյանքի շարունակության: Զոհաբերումը` շարժելով աստվածների գութը, փրկում է այն մեկի կյանքը, ում համար տեղի է ունեցել այդ զոհաբերումը: Հաճախ կյանքի ու մահվան շեմին գտնվող երեխայի ծնողն աղոթում է Աստծուն՝ իմ կյանքը վերցրու, միայն թե երեխաս ողջ մնա… Ծնողը մեռնում է, որ երեխան ապրի…

Զոհաբերման հիմքում ընկած գաղափարը մեկն է՝ կյանքը գալիս է մահվան շնորհիվ:

Մահվան փորձառությունն արթնացնում է կյանքի իմաստալից ապրման գիտակցումը: Երբ այս պարզ ճշմարտությունը փայլատակում է մարդու գլխում, նա հասկանում է, որ ոչինչ հավերժ չէ այս կյանքում, իսկ անձի ապրած կյանքն ընդամենը պատրանք է: Այդ պահին նա գիտակցում է յուրաքանչյուր օրվա կարևորությունը, գնահատում ժամանակը, մտածում, թե ինչպես կարող է ծառայել մտերիմներին: Մնացած բոլոր ժամանակներում նա կենտրոնացած է իր անձնական կարիքների ու շահերի բավարարման վրա և բոլորովին կույր է դիմացի մարդուն տեսնելու համար: Այն աստիճանի կույր, որ տրորելով անցնում է՝ առանց անգամ նկատելու, որ ոտնատակ տվեց կենդանի էակի:

Ցավոք, մատաղի ծիսակարգը շարունակում է ապրել, քանի որ մարդիկ չեն հասկանում, որ իմաստը ոչ թե ֆիզիկական մահվան, այլ անձնական կրքերը հաղթահարելու և անձնական տեսադաշտից այն կողմը տեսնելու մեջ է, որը կարելի է պայմանականորեն «անձի մահ» անվանել, թեև «անձի հաղթահարում» եզրույթն ավելի ստույգ է արտացոլում երևույթի էությունը: Արտաքին զոհերի միջոցով հնարավոր չէ կասեցնել չարի տարալուծումը: Ողջակիզումը, ծիսական արյունահեղումը, հացադուլը, սեռական ժուժկալությունը չեն կարող նպաստել կյանքի պահպանմանն ու առողջության ամրապնդմանը:

Չարի դեմ պայքարելն ան-արդյունավետ է չարի միջոցով՝ բռնությամբ, սպանությամբ, քանդելով, տրորելով, որովհետև դա հակասում է «սիրիր քեզ սկզբունքին», իսկ մարդու մեջ կա ինչպես բարին, այնպես էլ` չարը: Մենք խորը ինքնախաբեության մեջ ենք՝ հավատալով, թե կարող ենք արտաքին աշխարհում «արյուն թափելով» խափանել չարը ու վերականգնել արդարությունը: Այս պատկերացումը անհնարին է դարձնում մեր ամբողջացումը, մեր մութ կողմերի գիտակցումը, մեր ստվերային հատվածի ներառումն այդ ամբողջությանը: Արտաքին զոհեր մատուցելը պահպանում է ցորենի հատիկի ամբողջությունը և կասեցնում դրա ծլարձակումը:

Զոհաբերում չի նշանակում նաև ինքնապատժում, ինքնազրկանք, բարեկեցիկ կյանքից հրաժարում և ասկետիզմի որդեգրում: Զոհաբերում նշանակում է ներքին տարածքի ազատագրում, որից հետո միայն հնարավոր կլինի այնտեղ նորը զետեղելը: Օրինակ՝ եթե մենք ուզում ենք վերակահավորել սենյակը, մենք նախ և առաջ պետք է հանենք այնտեղից հին կահույքը և ազատվենք բազում անպիտան առարկաներից ու իրերից, որոնք կուտակվել են տարիների ընթացքում: Մենք պետք է ուժ գտնենք հրաժարվելու մեր հին սովորույթներից, կարծիքներից, ծուլությունից, ցածր ինքնագնահատականից, գաղափարախոսական կախվածություններից, դոգմատիկ պատկերացումներից, կապվածություններից, կախվածություններից, սոցիալապես մեզ հարկադրված ցանկություններից:

Սա անելու համար առաջին հերթին մեզնից պահանջվում է ինքներս մեզ սիրելու կարողություն, ինքնահանդուրժողություն, ինքնաներողամտություն, իսկ հետո արիություն, քանի որ անձնական ունեցվածքից հրաժարումը սնանկության սարսափելի ապրում է առաջացնում, որին հնարավոր չէ դիմանալ, եթե չունես սեփական ոտքերիդ հենվելու վստահություն և ուղիղ ողնաշար: Բավական է հիշել, թե ինչ ենք մենք զգում, երբ մեզանից խելացի մեկը մարտահրավեր է նետում տարիների կուտակած մեր իմացությանն ու փորձին՝ ապացուցելով դրա սխալական լինելը: Հիշեք ինչպիսի կատաղի հակազդեցությամբ ենք մենք ընդունում մեր կարծիքին հակասող կարծիքը: Ինչ ենք զգում, երբ հանկարծ պահանջվում է հրաժարվել այն դիրքից, որը զբաղեցրել ենք տարիներ շարունակ, անգամ երբ կորցնում ենք հասարակ մի գրիչ, որը թանկ ենք համարել, խորը վիշտ ենք ապրում:

Կյանքի մի շրջանում մենք դառնում ենք ավելի ինքնագիտակից և հասկանում, որ փրկությունը գալիս է ոչ թե դրսից, այլ ներսից: Սովորաբար այս շրջանը համընկնում է ամուսնական կյանքի առաջին կամ երկրորդ տարին լրանալու, ծնող դառնալու իրականության հետ: Գալիս է մի պահ, երբ հասկանում ես, որ աշխարհի վերջ ես ապրում: Սա այն զգացողությունն է, երբ հասկանում ես, որ կյանքը, որտեղ ապրել ու սնուցվել էիր քաղցր պատրանքներով, իրականությունից կտրված մի անուրջ է եղել՝ պարտադրված արտաքին աշխարհի կողմից, սցենարի այնպիսի նուրբ մշակումներով, որտեղ հաշվի են առնված բոլոր դետալները:

Մեզ հավատացրել են, որ ուզում ենք հենց այն, ինչն այդ պահին մեզ կրծում է ներսից՝ կարևոր չէ որտեղից, բայց այդ ցանկությունը տեղ է արել մեր ներսում: Բախտի քմահաճույքով՝ գովազդային վահանակի ազդեցությամբ կամ սոցիալական ցանցերի միջնորդությամբ, սա կարևոր չէ արդեն, մենք ունենում ենք ցանկություններ, որոնք տանում են առաջ, կրքեր, որոնք գունազարդում են կյանքը, հավակնություններ, որոնք մոտիվացնում են քայլերը:

Մեզ ստիպել են հավատալ, որ երջանիկ ենք, քանի որ ունենք ամեն ինչ՝ տուն, ընտանիք, երեխա, աշխատանք, ավտոմեքենա, բանկային հաշիվներ, ավանդներ: Իսկ եթե դժբախտ ենք, դա նրանից է, որ չունենք այս ամենը կամ վերոնշյալներից որևէ մեկը: Մենք հավատացել ենք, որ զբաղված ենք լուրջ գործով, ապրում ենք իմաստալից կյանք, ու եթե այնուհանդերձ դժգոհ ենք կամ չբավարարված, ուրեմն՝ խնդիրը մեր ներսում է կամ էլ տառապում ենք դեպրեսիայով, հարմարման կամ տագնապային խանգարումներով, նևրոտիկ սպեկտրի այլ հիվանդությամբ, ինչու չէ՝ նաև շիզոֆրենիայով:

Մեզ ստիպել են հավատալ անուրջի իրականությանը, ստիպել են դեմ գնալ մեր հոգու կանչին, որովհետև չի կարելի դավաճանել պատրանքը: Մեզ վախեցրել են դավաճան լինելու սպառնալիքով, եթե դեմ գնաս հանրությանը, թայֆին, եթե հետևես քո սրտի ձայնին: Մեզ վախեցրել ու հավատացրել են, ու մենք, ցավոք սրտի, երկար տարիներ ապրել ենք վախի մեջ ու հավատացել Չիրականության գոյությանը:

Ուրեմն աշխարհի վերջը, ոչ թե երկրագնդի տիեզերական կազմալուծումն է, այլ այն անուրջի ավարտը, որում գտնվել ենք երկար տարիներ ու հիմա դուրս գալով այդ անրջային վիճակից՝ հստակ ուրվագծում ենք մեր գիտակցության հորիզոնը: Սա մի ապրում է, որն ունենում են ամուսնացած տղամարդիկ և կանայք, երբ անցնում է կրքի առաջին ամենահզոր ալիքը ու գալիս է ներքին դատարկության խորը զգացումը:

Հենց այս պահին, եթե ազատագրվում ենք հասարարկական արժեքների ստրկությունից ու դադարում խթանիչներից կախվածության մեջ գտնվել, չենք տարվում ունեցվածքը բազմապատկելով, մերժում ենք համայնքի կողմից ընդունելի վարք դրսևորել, պարփակվում ենք ինքներս մեր մեջ, որպեսզի խորհենք վերջի մասին՝ այն աշխարհի, որի անվերապահ գոյությանը հավատացել ենք մինչ այդ պահը: Մեր ընկերներն ու ընտանիքի անդամները՝ կինը, ամուսինը դադարում են առաջվա պես խանդավառել ու հետաքրքրել: Սեռական բուռն կյանքին փոխարինելու է գալիս սեռական անտարբերության շրջանը:

Ինչքան ավելի ես մոտենում ինքդ քեզ, ավելի ու ավելի պակաս ես ստում, այնքան ավելի սուր ես զգում շրջապատի մարդկանց կեղծավորությունը, հարաբերություններում մանիպուլյատիվ խաղերը և երբ հասկանում ես, որ սա այն միջավայրն է եղել, որտեղ ապրել ես երկար ժամանակ, մեծ երանություն ես գտնում մենակության մեջ, քանի որ այստեղ կարող ես դիմակ չկրել ու խաղերին մասնակից չդառնալ:

Մենակության մեջ սկսում ես ինքդ քեզ ավելի լավ տեսնել ու աստիճանաբար մշակել բարձիթողի եղածը, այլանդակության աստիճանի հասածը, կոպիտն ու անտաշը: Տեսնում ես երկատվածությունդ, սեռական պառակտումդ ու հասկանում դրա անիմաստությունը: Շփումների ժամանակ ավելի պակաս են դառնում ռեակտիվ մտքերն ու հուզական հակազդեցությունները: Այն, ինչը ժամանակին հունից հանում էր, այլևս թողնում է անտարբեր: Սկսում ես ավելի պարզ խոսել, քիչ, բայց իմաստալից բառերով արտահայտվել: Դատարկախոսությունը, շատախոսությունը վերանում են կյանքից ու դրանց փոխարինելու է գալիս լեցուն լռությունը: Դադարում ենք կարծիքդ պնդել և խիստ համոզմունքեր ունենալ: Տեսնում ենք, թե ինչքան արհեստական էին մեր տրամադրության տատանումները: Բուռն զգացողությունների կոպտությանը փոխարինելու են գալիս նուրբ համերը, որոնք երբևէ չէինք զգացել: Լռության ու խոհուն մենակության մեջ դառնում ենք հոգով՝ ազնվական, սրտով՝ նրբանկատ, իսկ մտքով՝ բարեկիրթ:

Ինչպես լուծել խնդիրը

Իսկ հիմա այն մասին, թե ինչպես է հնարավոր հասնել ներդաշնակ հարաբերությունների: Առաջին հայացքից պարադոքսալ է հնչում, բայց մենակության մեջ մենք դառնում ենք ավելի սոցիալական, քան սոցիալական խմբի մեջ, քանի որ մարդկանց հանդեպ սկսում ենք զգալ ոչ թե զայրույթ, ոչ թե հակակրանք ու վրդովմունք, այլ խորը կարեկցանք, քանի որ նրանք նույնպես, ինչպես մենք ժամանակին, զոհ են դառնում ներքին քաոսի, սոցիալ պայմանականությունների և հույզերի անգիտակից օվկիանի ալեկոծումների: Մտածողության պարադիգմալ հարթակների տարբերությունը հաճախ ընթանում է զույգերից միայն մեկի (ամուսնու հիմնականում, թեև չի բացառվում նաև կնոջ) մոտ, որից էլ ի հայտ են գալիս անհամաձայնություններ կյանքի տարբեր ոլորտներում, և սեռական կյանքում՝ առաջին հերթին: Ուրեմն` խնդրի լուծումը այդ հարթակների ի մի գալն է, նույն պարադիգմալ մտահորիզոններով շփվելը: Միայն այս պարագայում են հավասարվում սեռական ցանկությունների մակարդակները, և հաստատվում սեռական ներդաշնակությունը:

Փակել

Ձեզ կարող է հետաքրքրել նաև…

Կերպափոխում

Կերպ կամ կերպարանք բառը հունարենում թարգմանվում է eidos, idea, որը նշանակում է գաղափար: Հետաքրքրական է, որ հին հույն փիլիսոփա Պլատոնը իդեա բառը օգտագործել է հենց կերպարանք իմաստով, նկատի ունենալով էության հավերժական իմաստը, իրականության երկնային նախապատկերը:

Դիտարկենք այն դեպքը, երբ իրար սիրող ամուսինները, սիրո զգացմունքով միմյանց փայփայելու պարագայում չեն հաջողում հասնել սեռական գրգռման բավարար մակարդակի, որը թույլ կտա իրականացնել սեռական ակտը կամ էլ գրգռման բավարար մակարդակն առկա է, բայց չկա հոգեսեքսուալ բավարարում: Կարևոր չէ ում՝ կնոջ, թե տղամարդու սեռական խանգարումն է պատճառը, խոսքը գնում է սիրող զույգի մոտ առկա սեռական կրքի բացակայության մասին: Սիրելը դեռևս բավարար պայման չէ միմյանց հանդեպ սեռական կիրք տածելու համար: Ճշմարտությունն այն է, որ մենք չենք տեսնում թե սեռային մտերմության մեջ ինչպես ենք առաջնորդվում սիրո և հոգատարության նմանակներով, քանի որ սիրելի մարդու հանդեպ դեստրուկտիվ և շեղված մղումներ ունենալն անթույլատրելի ենք համարում ու դրա համար նուրբ խնամքով թաքցնում ենք մեր այդ մղումները` առաջին հերթին հենց մեզնից: Նման մղումների գոյության ապացույցը հարաբերությունների սուր շրջաններում գերլարումների ճնշման տակ դրանց անսպասելի ի հայտ գալն է՝ բոլորովին անհամապատասխան ձևով: Քողարկելով մեր այդ մղումները՝ չենք նկատել, թե ինչպես ենք թռիչքաձև անցում կատարել դեպի թվացյալ սիրո և անձնվիրության դաշտ, որտեղ հանդես ենք եկել մեզ համար նախընտրելի տարբերակներով, լավագույնս ներկայացնելով դիմացինին հաճույք պատճառելու մեր ազնվագույն մղումները: Արտաքնապես ամեն ինչ ճիշտ է՝ սիրող զույգ, փոխադարձ քնքշանք, շոյանքներ, ֆիզիկական հաճույք և նույնիսկ՝ օրգազմ… Ամեն ինչ ճիշտ է, բայց չկա այն բուռն կիրքը, այրող այն տենչանքը, որի ներկայությունը վայրագ ուժ է հաղորդում և մարմինը դարձնում անպարտելի:

Ինձ կասեք՝ չի կարող իրական սեր համարվել, եթե կենդանական բիրտ ուժ է թափանցել: Ինձ կփորձեք համոզել, որ ձեր պատկերացրած սերը վեհ է և այդ վսեմ զգացմունքով առաջնորդվող սեքսը ինչ-որ այլ կարգի տիեզերական հաճույք է պատճառում: Թույլ տվեք չհամաձայնվել: Մի խաբեք ինձ, ինչպես որ խաբում եք ինքներդ ձեզ: Գիտե՞ք, թե ինչու են բազմաթիվ սիրող զույգեր գանգատվում սեռական կրքի բացակայությունից և ինչու բազմաթիվ ոչ սիրող զույգեր՝ ուժգին սեռական կիրք ապրում: Գիտե՞ք, թե ինչու են վերջիններս շատ ավելի ամուր սիրող զույգ դառնում հետագայում, քան թե սիրահարված ու անկողնում ոչինչ չզգացող առաջինները: Շատ պարզ պատճառով՝ առաջինները հաշվի են նստում միայն դրական բևեռի հոգեկան ապրումների հետ և անտեսում դրանց ստվերային երկվորյակը՝ նույնականանալով իրենց թվացյալ բարձրագույն Ես-ին, իսկ երկրորդներն ավելի բնական կերպափոխման ուղիով են ընթանում՝ բարձրագույն Ես-ին հասնելով ոչ թե ներքին մի մութ հատված բաց թողնելով, այլ համարձակորեն այնտեղ մուտք գործելով:

Կարդալ ավելին

Անցյալում մեծ ցավ ապրելով, իրենց ուժերից վեր տառապանքի արժանանալով կամ այլոց տանջանքին ականատես դառնալով՝ մարդիկ անհագ ծարավ են զգում գտնելու այնպիսի պատասխան, որն ի վերջո կբացատրի կյանքի թարս դրվածքն ու անարդարությունը: Սակայն այդ պատասխանը դժվար է գտնել, քանի որ համարձակության պակասը թույլ չի տալիս դեմ հանդիման կանգնել կյանքի բիրտ տգեղության ու չարի առջև, համարձակության պակասը թույլ չի տալիս ինքներս մեր մեջ տեսնել խստագույնս դատապարտելի տարրեր: Փոխարենը, լուծումը գտնում ենք տարբեր ինքնապաշտպանական ուղիներ բռնելով, որի պատճառով սակայն, փոխհարաբերություններում ստեղծվում են լարված իրավիճակներ:

Օրինակ՝ այսպես կոչված պոզիտիվ մտածողությամբ առաջնորդվող մարդն իր ուշադրությունը բացառապես հատկացնում է կյանքի միայն դրական և լուսավոր կողմերին՝ հավատում լավին, որպեսզի լավն ու դրականը հայտնվեն իր կյանքում: Թեև որոշ հեղինակներ փորձում են ապացուցել այս կերպ մտածելու արդյունավետությունը, սակայն խորը վերլուծությունը ապացուցում է հակառակը: Այս մտածողության պատճառով մարդն ինքն իրեն գցում է շուրջը տեղի ունեցողին անդադար գնահատական տալու թակարդը: Նա ստիպված է լինում անընդհատ քննել ու դատել շրջապատող աշխարհը, որպեսզի զանազանի լավը վատից, դիմադրի վատի դրսևորմանը: Սա ահռելի մեծ ջանքեր է պահանջում, հոգնեցնում և սովորաբար մեծ խնդիրների հանգեցնում, քանի որ իրականությունը չունի լավ ու վատ կողմեր, և դա զուտ սուբյեկտիվ բաժանում է:

Կյանքի միայն դրական կողմերին ուշադրություն դարձնող մարդիկ մոռանում են, որ մարդն ամբողջական էակ է, և որպես բնության ավարտուն ու ամենակատարյալ ներկայացուցիչ, ներառում է իր մեջ այդ բնության ինչպես մութ, այնպես էլ լուսավոր տարրերը: Երբ չենք ուզում գործ ունենալ մեր ոչ այնքան լուսավոր մասերի հետ, անտեսում ենք մեր ներսում խորը նստած և անհարմարավետություն պատճառող կողմերը և խուսափում ենք այն հատվածներից, որոնք այնքան էլ դուրեկան կամ գեղեցիկ չեն, փախչում ենք ինքներս մեզնից՝ համոզելով մեզ և ուրիշներին, որ չունենք շեղված միտումներ, ու մեր քայլերի հիմքում միայն սերն ու համերաշխությունն է:

Ես չեմ ասում, թե սիրուց դրդված քայլերը, որ անում են մարդիկ հանուն ուրիշների, կեղծավոր են, բնավ: Շատ գնահատելի է, երբ մեր զուգընկերը մեզ ինչ-որ բարի ծառայություն է մատուցում, ամենաազնիվ կերպով փորձում հոգալ մեր կարիքները, թեթևացնել մեր հոգսը, սակայն այդ ամենը բարիք համարելու համար նախևառաջ հարկավոր է, որ մենք ազատվենք մեր անձնական բարդույթներից, աղավաղված պատկերացումներից, հանգուցալուծենք մեր խնդիրները, բուժենք մեր վերքերը, ճանաչենք մեր անտեսված մասերը, որպեսզի իրական լույսը, որը թափանցում է ամենաներսից՝ միջուկից, այլ ոչ թե դաստիարակությամբ պայմանավորված բարեկրթությունից, կարողանա իր նպատակին հասնել: Հակառակ դեպքում լույսի մուտքն արգելակող «անձնական գույքի խառնակույտը», այսինքն՝ մեր կողմից ոչ բավարար ուշադրության արժանացած անձնական խնդիրները, օգնության մեկնած ձեռքը դարձնում են կասկածելի և անվստահություն ներշնչող:

Ինչպես դիմակը չի կարող նույնանալ դեմքին, այնպես էլ սիրո և համերաշխության քողի տակ թաքցրած անձնական շահը, չի կարող փոխարինել նյութական կորստի մասին չմտածող, չափումներ չանող և թվերի աշխարհին անտեղյակ սրտի կամեցողությանը: Եթե լավություն անող անձնավորությունը վիրավորվում է նրանից, ում լավություն է արել, ասելով թե՝ «լավություն անողի գլուխը ծակ է կամ էլ մարդիկ անշնորհակալ են», ապա վստահ եղեք, որ լավություն անողն այդ անելուց առաջ մտածել է իր մասին, այլ ոչ նրա, ում լավություն է արել: Ուրիշներին սիրով օգնելու անձնական մղումը ինչքան էլ ազնիվ լինի, ինչքան էլ լեցուն լինի ջերմությամբ, չի կարող իրական օգնություն համարվել, քանի դեռ չի հաղթահարվել ներքին տարածքների ամենամութ անկյուններում բացահայտումներ անելու դիմադրությունը, քանի դեռ լույսը չի ողողել այդ տարածքները:

Ցած իջնենք երկնքից, բնական կիրք զգալու համար սիրո քողի տակ չթաքցնենք մեր պասիվ-ագրեսիվ մղումները, այլ հանդիպենք դրանց ու ներգրավենք մեր հոգեկան ամբողջին: Բերեմ թրթուրից թիթեռ փոխակերպման զարմանահրաշ օրինակը: Երբ թրթուրը բոժոժ է դառնում, նա շարունակում է թրթուր մնալ բոժոժի ներսում ու երբ թիթեռ է դառնում, դարձյալ շարունակում է թրթուր լինել, սակայն արդեն մեջքին թևեր աճած թրթուր: Այսինքն՝ կերպափոխում չի ենթադրում մերժել սեփական բնույթը և ինքնախաբեությամբ համոզել, որ այլևս չունենք մարդկային այս կամ այն արատավոր հակումը, մղումը կամ թուլությունը: Եթե նկատում եք, որ ձեր աչքին զարնում է ձեր մտերիմի որևէ բացասական որակը, անմարդկային հատկանիշը, տգեղությունն ու անբարոյությունն, ապա վստահ եղեք՝ դա ազդանշան է, որ դուք ինքներդ կրում եք այդ նույն որակը ձեր ներսում, սակայն չեք ուզում ինքներդ ձեզ խոստովանել: Հոգեբանության մեջ կա պրոյեկցիա հասկացությունը, որը մեր անձի կողմից գործի դրվող հնար է՝ ազատվելու սեփական անընդունելի կողմերից և որակներից՝ ուրիշներին դրանք վերագրելու միջոցով: Փոխանակ իմ աչքի գերանը տեսնելու, տեսնում եմ դիմացինի աչքի շյուղը:

Կերպափոխում նշանակում է դուրս գալ մեզնից անդին միայն այն բանից հետո երբ միացրել ենք մեր եղածին չգիտակցված չեղածը, այսինքն՝ այն ամենն, ինչն անհարիր ենք համարում մարդկային բնույթին, ինչից փախել ենք, ինչը քննադատել ենք, նույնիսկ եթե քննադատել ենք քննադատումը, դա էլ պիտի միացնենք: Ամբողջանալու համար պետք է դեմ առ դեմ կանգնենք անընդունելի համարվող ներքին տարրերի առջև: ՈՒ թեև այդ հանդիպումը կայանում է ներսում, սա բնավ չի նշանակում թե այդ տարրը ես եմ: Չի կարելի նույնականացնել մեզ այդ տարրին, դառնալ մեր ներսի այդ փոքրիկ մասնիկը, որովհետև խնդիրը ամբողջացման մեջ է, այլ ոչ թե այդ տարրը նշմարելու: Բոժոժի մեջ եղած ընթացքը ներգրավման ժամանակն է: Բոժոժից դուրս են գալիս, երբ պատկերն ամբողջացած է: Այս պահին է, որ տեղի է ունենում հրաշքը, որովհետև թիթեռի ծնունդը թրթուրից այլ բան չի կարող կոչվել, քան հրաշք: Իզուր չեն երեխաները հրճվում թիթեռներով, անմեղության խորհրդանիշ հանդիսացող երեխաները չեն կորցրել հրաշքի նկատմամբ իրենց զգայունությունը: Եվ հիշենք, որ Մարդը նա չէ, ով ամբողջացել է իրեն պակասող մասերով, այլ նա, ով ծնվում է դրանից հետո, այսինքն կերպափոխմամբ ծնված Մարդը հրաշք է:

Մի քանի հստակեցումներ, թե ինչպիսի սխալ մոտեցումներ մենք կարող ենք թույլ տալ, երբ փորձում ենք կերպափոխել մեզ: Առաջին հերթին, դա անձի մերժումն է: Հիշենք, որ անձը ոչ թե պետք է բնաջնջել, այլ առողջացնել որպեսզի նա ի վիճակի լինի ներդաշնակորեն գործառել հասարակության մեջ: Առողջ անձ ենթադրում է վերքերից բուժված անձ, իր մութ կողմերը ճանաչած անձ, կայուն ինքնագնահատական ունեցող անձ, ուրիշներին ներող անձ, անցյալում տեղ գտած տրավմատիկ փորձառությունները լուծած անձ: Երբ անձն առողջանում է, նա շարունակում է իր գործառությունը մեր կյանքում, սակայն տարբերությունն այն է, որ երբ մեր անձն առողջ է, ու մենք ճանաչում ենք այն, մենք դադարում ենք կուրորեն լսել նրան ու ենթրակվել նրա հրամաններին ու քմահաճույքներին:

Մյուս վտանգավոր մոտեցումն այն է, որ ամբողջացման հասնելու միտքը հաճախ նույնացվում է երեխայի և մոր նախնական միաձույլ վիճակին: Երբ պորտալարով դեռ կպած ենք մեր մորը, մենք չունենք զատված անձ լինելու փորձառություն, դեռ չկա աշխարհից բաժան լինելու զգացողություն: Ամբողջացման գալ, չի նշանակում վերադառնալ մոր հետ միաձույլ վիճակի զգացողությանը՝ սերտաճելով զուգընկերոջ հետ: Մանկան անմեղությունը կուրության հետևանք է, իսկ հասուն մարդունը՝ ինքնաճանաչողության: Ամբողջացած մարդն ունի շրջապատի մարդկանց հետ փոխկապակցվածության գիտակցում և պատասխանատու է իրեն զգում կյանքի բոլոր իրադարձություններում:

Անարդարությունների համար պատճառներ փնտրելու կարիք չկա, որովհետև արտաքին աշխարհը ես եմ:

Փակել

Հաղթահարված անձ

Զույգերի հարաբերություններում միջանձնային խնդիրների պատճառով ծագած կոնֆլիկտները մեծ ազդեցություն ունեն ոչ միայն սեռական, այլև կյանքի մյուս բոլոր ոլորտների որակական բնութագրերի վրա:

Ի՞նչ է անձը և ինչպե՞ս է այն գործառում: Ինչո՞ւ երկու անձ, հատկապես մտերիմ հարաբերության մեջ գտնվող անձիք, չեն կարողանում շատ հաճախ լեզու գտնել և պատահում է, որ իրարից խռովված ապրում են մինչև կյանքի վերջ:

Ամենապարզ ձևով ասած՝ անձը նա է, ում ես վերապրում եմ իբրև իմ «ես»: Օրինակ՝ երբ ասում եմ՝ ես իրավաբան եմ կամ՝ ես մայր եմ, այդ պահին խոսում եմ իմ անձի մասին: Անձը բնութագրող տվյալները հաստատագրված են փաստաթղթերում, ինչպիսիք են՝ անձնագիրը, ծննդյան վկայականը, համալսարանի դիպլոմը, վերապատրաստման վկայականները, ամուսնության վկայագիրը և այլ նմանատիպ թղթեր: Անձի ինքնահաստատման համար այս փաստաթղթերը մեծ նշանակություն ունեն, որովհետև նրանք ամրագրում եմ անձի ով լինելը, հիմք են տալիս և ձևավորում այլ անձանց հետ հարաբերվելու ձևաչափն ու ընթացքը:

Անձ ասելով՝ նկատի ունենք նաև մարդու բնավորությունը, խառնվածքը, սեռականությունը, նախասիրությունները, ցանկությունները, հույսերը, հույզերը, կրքերը, տպավորությունները, հիշողությունները, զգացմունքները, երազանքները, պատկերացումները, համոզմունքները, սպասումները, կարծիքները, ճաշակը, մի խոսքով՝ այն ամենը, ինչ մենք մտածում ենք մեր մասին, թե դա մենք ենք և այն ամենը, ինչ իրականում մեր դրդապատճառների հիմքում է, բայց մեր գիտակցական տեսադաշտից դուրս, մենք ենք՝ մեր անձը:

Կարդալ ավելին

Անձը շատ հաճախ փոխարինում են էգո հոմանիշով, էգոիստ կամ անձնասեր չլինելու մասին շատերս ենք դասեր առել: Եվ հաճախ, երբ խոսքը գնում է անձի մասին, հասարակությունը և մարդիկ լցվում են մի տեսակ արհամարհանքով, կարծես թե անձը մի պախարակելի բան է, որից մենք պետք է ամաչենք ու հնարավորինս շուտ ազատվենք: Այսպիսի միտումն անգամ ընկած է որոշ հոգեբանների և նույնիսկ հոգևոր ուսուցիչների ուսմունքի հիմքում՝ որի նպատակն է՝ ջնջել, վերացնել անձը՝ մարդկային հարաբերություններում ծագած բոլոր կոնֆլիկտների մեղավորին: Սեռականության ոլորտում այս միտումը բերում է սեռական նևրոզների առաջացման, երբ մարդը փորձում է խեղդել, գլխատել իր սեռական կարիքները և զգացմունքները, քանի որ դրանք համարում է իր անձին ոչ հարիր և անբարո դրսևորումներ: Սակայն մի՞թե մենք պետք է ոչնչացնենք մեր անձը:

Անձը ստեղծվել և պահպանվում է մի շատ կոնկրետ պատկերացման շնորհիվ, այն է՝ ես առանձին էակ եմ, այսինքն՝ սա ես եմ, իսկ դրանք՝ ուրիշները: Ես իրենցից զատ՝ այս կողմում եմ, իրենք՝ ինձնից զատ՝ այն կողմում: Ես և մյուսները տարբեր ենք, մենք գալիս ենք տարբեր տեղերից, ունենք տարբեր անցած ուղիներ, տարբեր մարմիններ: Մեր անձն անդադար հիշեցնում է մեզ, որ մենք ուրիշ ենք և կապ չունենք մեկս մյուսի հետ: Այսպիսի դիրքորոշումը ստեղծում է վախ և ահռելի մեծ տառապանք, քանի որ մարդկանցից և աշխարհից բաժան լինելու գաղափարը բերում է կյանքի երկատված ընկալման: Երկատումը բաժանման արդյուքն է: Դա մտքով իրականության արհեստական կիսումն է, քանի որ իրականությունն ի սկզբանե ամբողջական է: Բաժանման արդյուքնում ի հայտ են գալիս երկատված բևեռներ՝ բարի և չար, լավ ու վատ, ճիշտ ու սխալ, գեղեցիկ և տգեղ, սիրել ու ատել… Երկատման մեխանիզմով մենք ինքներս մեզ դատապարտում ենք տառապանքի, քանի որ այսուհետ անհնար է դառնում գրկաբաց ընդունել կյանքը, մենք դառնում ենք քննադատ, սկսում ենք մեղադրել և վախենալ սեփական կյանքի համար: Մենք օտարվում ենք բոլոր նրանցից, ում ընկալում ենք «ոչ մերոնքական», դատում ենք սխալ կամ մեղավոր լինելու մեջ, որպեսզի պաշտպանենք ճշտի և անմեղի գաղափարը մեր ներսում:

Սակայն բևեռացման արյունքում մենք օտարվում ենք նաև ինքներս մեզնից, քանի որ դատապարտում ենք նաև մեր մեջ գտնվող բացասականը ու հեռացնում այն մեր գիտակցականից: Ինքնաքննադատությունը պակաս վտանգավոր չէ այլոց քննադատելուց, քանի որ ինքնամերժման պատճառով է, որ մարդիկ տառապում են դեպրեսիայից, պարանոյալ և տագնապային խանգարումներից, այլասերումներից, ատում են իրենք իրենց ու իրենց մտերիմներին:

Անձը ոչ բացասական, ոչ էլ դրական կառույց է, այն ուղղակի կա այնպիսին, ինչպիսին կա: Անձի համար չի կարելի է կիրառել լավ կամ վատ ածականները, անձը ուղղակի մի գործիք է, որով մենք հնարավորություն ունենք այլ անձերի հետ հարաբերվելու և ինքնաճանաչման գալու: Դանդաղ մաղելով անձի ունեցվածքը, ես ի վերջո գալիս եմ իմ իսկական Ես-ին, վերադառնում ինքս ինձ, ով ներկայությունն Է: Ես ներկան եմ, նա ով ականատես է անձի դրսևորումներին: Ես գիտակցություն եմ, ով ճանաչում է անձը և օգնում ինքնահաղթահարմամբ վերադառնալ բարձրագույն Ես-ին: Այս բառերը դիմադրություն առաջացնելու հակում ունեն, որովհետև մարդը կառչած է իր անձից: Անձի բացակայությունը և բոլոր մարդկանց հետ ընդհանրությունը վանող գաղափար է: Տագնապի, վախի և անգամ խուճապի գրոհ է սկսվում, երբ ինչ-որ մի բան կամ ինչ-որ մեկը սպառնում է մեր անձի գոյությանը: Իզուր չեն մեր անձի կողմից մշակված այդքան մեծ թվով ինքնապաշտպանական մեխանիզմներ:

«Ճանաչի՛ր ինքդ քեզ և դու կճանաչես աշխարհը» գրված է Դելֆիի տաճարի վրա: Միայն ինքնաճանաչ մարդը կարող է հասկանալ ով է ինքը և ինչ կապ ունի նա այս աշխարհի հետ: Ինքնաճանաչողությունը օգնում է մարդուն կողմնորոշվել այս կյանքում, գտնել իր տեղը և առավելագույն կերպով ապրել ու ռեալիզացնել իրեն:

Ինքնահաղթահարված անձը նա չէ, ով սպանել է իր անձը, այլ նա, ով դանդաղ բայց հաստատուն հետևողականությամբ ճանաչել ու հաղթահարել է ինքն իրեն՝ իր կրքերը, կարծրատիպերը, իր վախերն ու դոգմատիկ համոզմունքները, իր մեղավորությունն ու ամոթը: Ինքնահաղթահարված անձը ազատության, խաղաղության, կարեկցանքի ու ամենաանկեղծ սիրո վերապրողն է, ինքնահաղթահարված անձը ինքը Սերն է:

Փակել

Հանդուրժողություն

Դժվար է պատկերացնել իրար հակասող երկու գաղափարների համատեղ գոյությունը, օրինակ՝ մտնել ջուրը և չթրջվել, կամ ասենք՝ անկում ապրել դեպի վեր։ Մեր միտքն ի զորու չէ հաշտվել ու ընդունել երկիմաստությունը, այն չի կարող համաձայնվել հակասող դրույթների միատեղ գոյության հետ։ Սա խնդիր է, որը լուծում է ստացել մի պարզ հնարով՝ անորոշություն ստեղծող առարկան պարզապես կիսվում է երկու հակադիր մասերի, որից հետո համաձայնություն է հաստատվում մասերից մեկի հետ ու մերժվում է մյուսը: Այսպիսով, աշխարհը բաժանավում է բևեռների՝ լավ-վատ, ճիշտ-սխալ, գեղեցիկ-տգեղ, բարի-չար, այլ կերպ ասած՝ աշխարհը դառնում է սև ու սպիտակ: Տեխնիկական այս հնարի կիրառումը հաջողությամբ ազատում է մեզ տհաճ զգացողություններ ապրելուց և ստեղծում թվացյալ ներքին խաղաղություն: Հոգեբանության մեջ այս հնարը կոչվում է կիսում (անգլ. splitting) և համարվում է անձի պաշտպանական մեխանիզմ, այսինքն` անձը և նրա բարեկեցությունը պաշտպանող մեխանիզմ:

Ընդհանրապես պաշտպանական մեխանիզմները այնպիսի գործիքներ են, որոնք պաշտպանում են մեր անձը տհաճ զգացողություններից՝ վախի, անորոշության և ամոթի ապրումներից: Պաշտպանական մեխանիզմները մեր անձի կողմից գործի են դրվում անգիտակցաբար, այսինքն՝ մենք նույնիսկ «գլխի չենք ընկնում», որ նման բան ենք անում: Կարելի է ասել մեր փոխարեն, առանց մեզ տեղյակ պահելու, մեր մեջ տեղի են ունենում որոշակի իրադարձություններ, ինչի արդյունքում հայտնվում ենք աղավաղված իրականության մեջ, որը սակայն չենք տեսնում ու շարունակում ենք վստահ լինել, որ պատրանքի մեջ չենք: Մենք հավատացած ենք, որ ճիշտ ենք ու վստահ շարժվում ենք առաջ՝ չհասկանալով, որ անիմաստ դեգերում ենք լաբիրինթում: Արդյունքում շարունակում ենք հեռու մնալ մեր խնդիրների լուծման հեռանկարից ու դատապարտվում դուրս գալ հերթական փակուղի:

Կարդալ ավելին

Կիսման հնարը ոչ միշտ է բացասական, երբեմն, երբ հուզական ալիքի հզորությունն այնքան մեծ է, որ կարող է ավերիչ հետևանքներ ունենալ, այս մեխանիզմը թույլ է տալիս խուսափել անվերադարձ հետևանքներից, օրինակ՝ երբ կատաղության մեջ ենք և ցանկություն է առաջանում բռնի գործողության դիմել, մեր ներսում լավ-վատ բաժանումով կանխում ենք այդ մարդու հանդեպ բռնության կիրառումը:

Զույգային հարաբերություններում կիսման այս մեխանիզմը դրսևորվում է սիրո և ատելության դիլեմայով: Ինչպե՞ս կարելի է ատել միևնույն մարդուն ում սիրում ես: Շատերի համար սա անընդունելի է: Շատերը կդիմադրեն այս մտքին, բայց մինչև վերջ անկեղծ լինելու դեպքում կարող ենք տեսնել, որ մենք շատ հաճախ ատում ենք այն մարդուն ում սիրում ենք ու դա մեզ ծայրաստիճան շփոթեցնող է թվում, այն աստիճան, որ մենք արտամղում ենք ատելությունը մեր գիտակցությունից, որպեսզի պահպանենք մեր անձի ամբողջականությունը: Բոլոր այն մարդիկ ովքեր կիրառում են կիսման այս մեխանիզմը իբրև իրենց անձի պաշտպանության գլխավոր մեխանիզմ, մեծ դժվարություններ ունեն իրենց անձնական կյանքում, քանի որ հարաբերություններում չեն կարող հանդուրժել իրենց սիրած անձնավորության «վատ» կողմերը: Նրանք միտված են աստվածացնելու իրենց սիրեցյալին կամ հակառակը՝ իջեցնելու գետնից էլ ցած: Նրանց համար իրենց սիրեցյալը հրեշտակ է կամ հրեշ, չի կարող լինել որևէ այլ դետալ, նրբություն, որևէ թերություն, չի թույլատրվում գորշագույնը:

Բոլոր նրանք, ովքեր ի վիճակի չեն գույներ հանդուրժելու, դատապարտված են տառապանքի, քանի որ իրականությունը բազմագույն է: Բոլոր նրանք, ում համար աշխարհը սև կամ սպիտակ է, մի օր գիտակցում են պատրանքի մեջ կյանքը վատնելու իրողությունը: Մեր սպասումները չպետք է բխեն մեր անձի հարմարավետությունից: Բևեռային երկատումը միշտ հեռացնում է մեզ օբյեկտիվ իրականությունից, որն ավելի բարձր է ու վեր է կանգնած մեր նեղ անձնական շահերից:

Փակել

Վստահություն

Վստահության խնդիրը մարդկային փոխհարաբերությունների մեջ ամենակարևոր և հիմքային սյուներից է: Ոչ մի համագործակցություն չի կարող հաջողությամբ պսակվել, եթե գործընկերները չեն վստահում միմյանց, ընդ որում առանց վերապահումների: Վստահել ինչ-որ մեկին՝ նշանակում է հույս դնել և ապավինել նրան: Սա ունակություն է, որը բնորոշ է ուժեղ մարդկանց, քանի որ վստահությունը համարձակություն է, անորոշության վախի հաղթահարում:

Ահա թե ինչպիսի բնույթով է վստահության խնդիրը բարձրաձայնվում կին-տղամարդ փոխհարաբերություններում: «Ինչպե՞ս նորից վստահեմ, երբ բռնացրել եմ, որ ամուսինս դավաճանում է ինձ»:

Սկսենք նրանից, որ շատ կանանց հուզող այս հարցն ունի երկու կողմ, նախ՝ պետք է ընդունել, որ տեղի ունեցածը իրոք մեծ ցավ է պատճառել ու այդ տառապանքը պետք է գիտակցված ապրել: Ուղղակի տառապելն անթույլատրելի է, մարդը միշտ պետք է հասկանա իր տառապանքը և գիտակցաբար վերափոխի այն: Դրա համար կարևոր է, որ զույգը ստեղծի ներընտանեկան այնպիսի մթնոլորտ, որտեղ հնարավոր է առանց կաշկանդվելու արտահայտել ու ապրել այդ ցավը: Ոչ մի դեպքում չի կարելի խեղդել, ճնշել, արտամղել, անզգայանալ այդ ցավից: Կարևոր է, որ ամուսինը ընդունի, որ իր քայլը ցավ է պատճառել, բայց սա չի նշանակում թե նա պետք է մեղավոր զգա իրեն ու պատժվի, բնավ: Իր կատարած քայլի հետևանքների գիտակցումը թույլ է տալիս որակապես նոր ու ավելի ինտիմ հարաբերություններ կառուցել, ուրեմն՝ փոխանակ մեղքի զգացումով ծանրաբեռնվելու, ավելի կառուցողական է պատասխանատվություն ստանձնել նոր հարաբերությունների կառուցման համար, ինչի երաշխիքը կլինի նախորդ քայլի հետևանքերի շտկումը:

Կարդալ ավելին

Հարաբերությունը շարունակություն կունենա, եթե թույլ տրվի, որ կնոջ տառապանքը գոյության իրավունք ստանա: Ընդհանրապես, երբ հաշվի ես նստում մարդու հույզերի հետ, այսինքն՝ կիսում ես դրանք, մարդն իրեն թեթևացած է զգում և համարում, որ հարգված է: Հակառակ դեպքում, երբ փոխհարաբերությունների մեջ անտարբերություն ու արհամարհանք է, ու զուգընկերները չեն կիսում մեկը մյուսի հույզերը, նրանք աստիճանաբար հեռանում և օտարանում են միմյանցից: Իհարկե, սա չպետք է դառնա սեփական հույզերով զուգընկերոջը խեղդելու պահվածք, հույզը կիսել նշանակում է երկուսով մշակել այդ հույզը, որի նպատակն է ի վերջո դուրս գալ կամ վեր կանգնել այդ հույզից՝ տվյալ դեպքում՝ վիրավորանքից ու անցնել առաջ, ոչ թե մնալ այդ հույզի տիրապետման տակ:

Հարցի մյուս կողմն ամուսնու կատարած քայլի դրդապատճառներն են: Երբեմն խորը վերլուծություն կատարելիս կարելի է տեսնել, որ ամուսնու նմանատիպ քայլի հետևում կան մարդկային տեսակետից հասկանալի դրդապատճառներ, սակայն սա չի նշանակում, թե նա ճիշտ է արել՝ ցավացնելով կնոջը: Ու անգամ, երբ ամուսնու վարքը բխել է ներքին հարգելի դրդապատճառներից, ասենք՝ կնոջ անտարբերությունից կամ իր հանդեպ ոչ բավարար ուշադրություն դարձնելուց, միևնույնն է՝ պատճառած ցավը կարող է մեղմանալ միայն այն դեպքում, եթե նա իր կատարած քայլի համար ներում հայցի ու իր այդ նոր քայլով մաքրի նախորդի պատճառած դառնությունը:

Իսկ թե ինչքանով է ամուսնու արարքը սխալ՝ վիճելի է, որովհետև ճիշտ թե սխալ երկատումը անձի պաշտպանական մեխանիզմներից է, ուստի և՝ սուբյեկտիվ է: Բևեռային երկատումը միշտ հեռացնում է մեզ օբյեկտիվ իրականությունից, որն ավելի բարձր է ու վեր է կանգնում նեղ անձնական շահերից: Երբ ամուսինը առաջին կառուցողական քայլը կատարի՝ ընդունելով իր արարքի հետևանքները, ու ներում խնդրի պատճառած ցավի համար, հնարավոր կդառնա այնպիսի միջանձնային շփման տարածք բացել, որտեղ ոչ քննադատող հայացքով հարցի ուսումնասիրումը կարող է երևան հանել ամուսնու վարքի իրական դրդապատճառը, որը բնավ չի եղել կնոջը գիտակցված ցավ պատճառելը, այլ մի գուցե իրեն պակասող մասի որոնումը, այն պակասող մասի, որի փնտրտուքն ի վերջո նրան հանդիպացրել է մի նոր կնոջ հետ: Պակասող մասը սեռականի հետ որևէ կապ չունի, այլ ժամանակակից մարդու բզկտված հոգու հետևանքն է, մեր հոգիները միշտ ձգտում են ամբողջանալ և մագնիսական ուժի պես ձգում են այդ ամբողջությանը պակասող մասնիկները:

Հիմա անդրադառնամ բուն հարցին՝ ինչպե՞ս վստահել նորից: Երբ վստահում ես ու հույսերդ չեն արդարանում, ավելին, երբ թիկունքից հարվածում են, բնական է, որ դադարես վստահել: Վստահության չարաշահումը հանգեցնում է աշխարհից մեկուսանալուն, պարփակվելուն և ինքնամփոփ դառնալուն, ու սա միանգամայն հասկանալի է: Նորից վստահել նշանակում է համարձակություն ունենալ բաց սրտով շարունակել ապրել, համարձակություն ունենալ նորից բացել սիրտդ առանց հետևանքների մասին մտածելու: Սա համարձակություն է, քանի որ չգիտես ինչ կլինի ու չես կարող երաշխավորված լինել, որ նույնը չի կրկնվի, բայց կարևորն այստեղ ոչ թե այն է, թե կկրկնվի, չի կրկնվի, այլ սեփական համարձակությունը, որը նշանակում է իրավիճակի վերահսկողությունից հրաժարվելու քայլն անել: Եվ եթե ամենադժվար իրագործելի քայլն ամուսնու համար գիտակցված ներողություն խնդրելն է, ապա ամենադժվար իրագործելի քայլը խանդոտ ու կախյալ կնոջ կողմից ամուսնուն վերահսկելու ու իր ուզածով կյանքի իրադարձություններն ու իրողությունները դասավորելու դադարեցումն է: Միայն այս գիտակցումով զույգը կարող է նորից վստահություն զգալ հարաբերության մեջ, ինչը կարող է նոր հարաբերության սկիզբ դառնալ և իսկապես խորը միջանձնային հարաբերություններ ստեղծել:

Փակել

Հոգևոր կապ

Հաճախ սեռական անհամատեղելիությունը հետևանք է զուգընկերների միջև հոգևոր կապի բացակայության։ Իսկ ի՞նչ ասել է՝ հոգևոր։ Այս բառն ամեն մարդ մի ձևով կարող է հասկանալ և հատկապես, դրա տակ շատ հաճախ հասկացվում է անձնավորության կրոնական դավանանքը և աստվածայինի մասին նրա պատկերացումները։ Սակայն հոգևորը կրոնական հավատալիքներից ու պատկերացումներից վեր, ավելի խորքային ու սերտ կապ է, երբ մարդու հանդեպ ունես մերձավորության զգացում, ընկալում ես նրան իբրև քո հարազատը՝ անկախ նրա պատկերացումներից ու հավատալիքներից, այդ թվում՝ կրոնական։ Հոգևոր կապն ավելին է, քան` միջանձնային կապը, ինչքան էլ վերջինս ամուր թվա։ Հոգևոր կապով իրար միացած երկու մարդ գտնվում են այնպիսի տարածաչափական համակարգում, որը չի ենթարկվում անձի հոգեբանության օրինաչափություններին, չի թաթախվում միջանձնային շահերի և առևտրի ջրերում։ Հոգևոր կապի մեջ գտնվող ամուսնական զույգերին բնորոշ են հետևյալ հատկանիշները`

  • Անկեղծությունը
  • Կարեկից ականջով լսելու կարողությունը
  • Փոխադարձ հարգանքը
  • Միմյանց գնահատանքը
  • Համարձակությունը լինելու ինչպիսին որ կաս, հանդես գալու իրական դեմքով, այլ ոչ դիմակով
  • Իմաստալից զրույցներն ու երկխոսությունները
  • Բաց շփումը, առանց պաշտպանության
  • Էրոտիզմով լեցուն մտերմիկ սեքսուալ կյանքը
  • Երկու կողմերի ինքնուրույնությունը
  • Անպայմանական սերը

Հոգևոր կապ ստեղծել չի նշանակում զուգընկերոջդ դարձնել այնպիսին ինչպիսին դու ես, ստիպել, որ նա հավատա ինչին դու ես հավատում, սիրի այն, ինչ դու ես սիրում, այլ կերպ ասած՝ տարբերությունների վերացում։ Այսպես անելով՝ զույգերն ավելի են հեռանում իրարից, քանի որ դադարում են միմյանց ձգել կամ տեղի է ունենում նույնականացում, որը նշանակում է զուգընկերներից մեկի անհատականության լրիվ վերացում՝ մյուսի ինքնության կրկնօրինակումով, մինչդեռ հոգևոր կապով իրար միացած զույգերը ձգտում են մեկը մյուսի անհատականության կայացմանը։

Պետք է ասել, որ առողջ հարաբերություններին բնորոշ են մտերմության աստիճանի տատանումները, երբ ինչ-որ շրջան զույգն ապրում է մերձեցման ավելի խորը աստիճան, ավելի ուժեղ սեքսուալ ձգողություն, ժամանակը համատեղ անցկացնելու ավելի արտահայտված պահանջ, որին հաջորդում է մեկուսացման և իրարից հեռու գտնվելու շրջանը՝ սեռական առտնին կյանքով։ Այս տատանումը շատ բնական է, քանի որ մարդիկ դինամիկ, այսինքն՝ կայացող էակներ են և գտնվում են աճման անընդհատ ընթացքի մեջ։ Ուրեմն հարաբերությունը ևս՝ գնալով զարգանում ու ձևափոխվում է, դառնալով է՛լ ավելի իմաստալից ու է՛լ ավելի խորքային։ Եթե հարաբերությունը չի զարգանում, նշանակում է այն լճացման մեջ է և վաղ թե ուշ՝ կքանդվի։

Հարաբերությունը սովորաբար չի զարգանում այն դեպքերում, երբ մարդիկ կառչած են լինում իրենց անցյալից ու հարկադրաբար ստիպում են, որ ներկայիս փոխհարաբերությունը առավելագույնս համապատասխանի իրենց անցյալի փորձառությանը, իսկ դա նշանակում է զարգացմանն ու աճին դեմ լինել, այլ կերպ ասած՝ կյանքի բնական հոսքին դիմակայել ու արհեստական խոչընդոտներ ստեղծել։ Սա երբեք չի կարող երկար տևել և վաղ թե ուշ «ճաք է տալիս ու արանք բացում, որը գնալով մեծանում է և հեռացնում սիրեցյալներին»:

Հոգևոր կապ հաստատել մարդու հետ չի նշանակում նաև նրան ավելի հոգևոր «դարձնել»։ Միշտ պետք է ուշադիր լինել, որպեսզի չհայտնվել հոգևոր կապ փնտրող զույգերի ճանապարհին հայտնվող կրոնական ծուղակներում: Հոգևոր կապ հաստատել մարդու հետ նշանակում է դառնալ ավելի բաց ու խոցելի, ավելի մասնակից նրա կյանքին, ավելի ուշադիր և ավելի հանդուրժող։ Հոգևոր կապը երկու մարդու հոգիների միաձուլում է, որտեղ երկու հաճախականության ալիքներ տատանվում են միևնույն հաճախությամբ և բերում ներդաշնակ ու պտղաբեր միության։

Կրոնական ծուղակներ

Սեռական ցանկության մակարդակների անհամապատասխանությունը սեքսոլոգիական պրակտիկայում ոչ հազվադեպ հանդիպող խնդիրներից է: Բավական հաճախ այսպիսի գանգատով ներկայացող զույգերը նշում են, որ իրենք կորցրել են միմյանց նկատմամբ հոգևոր կապի զգացողությունը, որի տակ հասկանում են իրենց կրոնական պատկերացումները և այդ շրջանակներում ծագած անհամաձայնությունները:

Այս դեպքի քննարկումը վերաբերում է մի զույգի, ովքեր իրենց խնդրի արմատները փորձում են գտնել քրիստոնեության ակունքներում։ Կինը գանգատվում է սեռական զզվանքից, բայց մերժել չի կարողանում, քանի որ իրեն քրիստոնյա է համարում, իսկ Սուրբ գրքում գրված է, թե կնոջ պարտականությունն է իր ամուսնուն չմերժելը, ու որ կինն իր մարմնի տերը չէ և իրարից հեռու պետք չէ մնալ։ Քրիստոնեական այս հրահանգները կնոջ համար օրենք են և նա չի կարող իրեն թույլ տալ մերժել իր ամուսնուն, չնայած այն հանգամանքին, որ դադարել է սեռական գրգռում ապրել, օրգազմը բացակայում է և ոչինչ չի զգում սեռական մերձեցումից, նույնիսկ վերջին ժամանակներում սեռական զզվանք է ապրում։

Պետք է նշեմ, որ կնոջ այս մեջբերումները կատարվել են Նոր Կտակարանից, բայց մեջբերված հատվածը կիսատ է ու իր ամբողջությունից կտրված։ Ամբողջացնենք Պողոս Առաքյալի խոսքը. «Ամուսինը թող իր պարտականությունը կատարի կնոջ հանդեպ. նմանապես՝ կինը տղամարդու հանդեպ։ Կինն իր մարմնի տերը չէ, այլ՝ ամուսինը. նմանապես՝ ամուսինն իր մարմնի տերը չէ, այլ՝ կինը։ Իրարից հեռու մի՛ մնացեք, այլ միայն՝ փոխադարձ համաձայնությամբ և կարճ ժամանակով, աղօթքի նվիրվելու նպատակով, ապա վերադարձեք իրար» (1 Կորնթ 7։3-5)։ Ինչպես տեսնում էք, ուսուցանվում է կատարյալ ՓՈԽԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ։ Կնոջ իրավունքները ֆեմինիստները չեն ձեռքբերել 20րդ դարում, այլ Քրիստոնեությունը 2000 տարի առաջ։ Բավական է, որ ամուսիններն ԻՐՈՔ ապրեն այդ Քրիստոնեությունը, փոխադարձաբար, այլ ո՛չ թե միակողմանի։

Կարդալ ավելին

Այն հանգամանքը, որ տվյալ զույգի պարագայում ոչ միայն կինը, այլ նաև ամուսինն է իրեն «քրիստոնյա» համարում և իբր թե շարժվում քրոստոնյային հարիր կերպով, խիստ կասկածի տեղիք է տալիս։ Եթե իրոք քրիստոնյա լիներ, ուշադիր կլիներ կնոջ վիճակին, ոչ միայն սեռային հարցում, այլ ընդհանրապես, քանի որ «տեր լինել» չի նշանակում միայն սեռային տիրապետում, այլ ավելի համընդհանուր ուշադրություն կնոջ անձի նկատմամբ՝ որպես նախևառաջ մարդկային էակի։ «Քրիստոնյա» անունը դեռ բավական չէ այդպիսին իրոք լինելու համար։ Իրականում, քրիստոնեությունը տալիս է սեռային կյանքի իրական հավասարակշռության բազում բանալիներ, ուշադրություն՝ Քրիստոնեությունը, այլ ոչ քրիստոնյաները։ Իսկ հայերի մոտ առկա այդ խնդիրներն ավելի մուսուլմանական լծի դարերից մնացած ժանգն է և ոչ մի կապ չունի Քրիստոնեության հետ։

Միանշանակ կարող եմ պնդել, որ այցելուի սեռական առողջության խնդիրը Քրիստոնեության հետ չէ կապված, այլ սուրբգրային խոսքերի աղճատված և սխալ մեկնաբանությունների հետևանք է: Իսկ Նոր Կտակարանից մեջբերված հատվածը ամբողջությունից կտրվել է անգիտակցաբար։ Եվ իրոք, ինչո՞ւ է սխալ և հատվածաբար ընկալվում սուրբգրային խոսքը` կտրված իր ենթատեքստից, ամբողջությունից:

Նմանատիպ երևույթը, երբ իրականությունը ընկալվում է ոչ թե իր ամբողջության մեջ, այլ սուբյեկտիվ մասնատմամբ, (այսինքն մարդը ուշադրությունը կենտրոնացնում է իրական աշխարհի միայն մի կողմի վրա, անտեսելով դրան հակառակ մյուս կողմը, ենթատեքստից առանձնացնում է միայն իրեն հետքրքիր, իրեն շահավետ հատվածը), ծառայում է սեփական տեսակետի պաշտպանությանը և բխում է վերջին հաշվով ներքին անձնային խնդիրներից:

Տվյալ դեպքում կնոջ հուսահատ վիճակի պատճառը նրա հոգեսեռական զարգացման խանգարման արդյունք է` սեռադերային վարքի ձևավորման շրջանում (5-13 տարեկան հասակը) ամրապնդվել է գերդերային` հիպերֆեմինին պահվածքը, ինչն էլ հետագայում սեռական կյանքի մեջ արտահայտվում է սեռային մազոխիզմի նշաններով: Կնոջ կողմից մեջբերված Սուրբգրային հատվածը հենց այդպես է կտրվել իր ամբողջությունից, որովհետև առավելագույնս համահունչ է գտնվել և արձագանքել իր աղճատված սեռականությանը:

Սեռական ցանկությունների խնդրահարույց այս անհամապատասխանությունը, երբ ամուսիններից մեկը ավելի շատ է սեռական պահանջ զգում քան մյուսը, կնոջ և տղամարդու «ախտահարված» սեռականությունների բախման դինամիկ զարգացման արդյունք է և իբրև հիվանդություն ենթակա է բուժման, հակառակ դեպքում ռիսկային է երկրորդային նևրոտիկ ախտանշանների և այլ մարմնական խանգարումների առաջացման համար:

Ես այն խորը համոզման եմ, որ Քրիստոնեությունը կարող է տալ սեռային կյանքի հավասարակշռության պատասխանը, եթե անձը ներհայեցողության ընդունակ է և կարող է բուժել իր «վիրավոր» սեռականությունը Քրիստոնեական պատգամներով: Սակայն ինչպես վկայում է մեր կլինիկական փորձը սեռական խնդիրների ինքնաբուժումը հաճախ ձախողման ենթակա է, քանի որ ներհայեցողության ընթացքում անձը հաճախ հայտնվում է ինքնաանդրադարձման ծուղակում: Այստեղ հարկավոր է մասնագետի միջամտությունը, որը կարող է օգնել քրիստոնյային ազատվելու այդ ծուղակից:

Փակել

Անվերնագիր

Մի հարուստ վաճառական էր ապրում, շատ հարգված ու անունով մեկը։ Նա ուներ գեղեցկուհի մի կին, ում հմայքը անտարբեր չէր թողնի որևէ մեկին։ Վաճառականը սիրում էր կնոջն իր բոլոր գանձերից առավել ու չէր պատկերացնում կյանքն առանց նրա։

Գալիս է մի օր, երբ վաճառականը մեկնում է հերթական շրջագայության՝ առևտուր անելու: Եվ ինչպես միշտ, տան հսկողությունը նա թողնում է հավատարիմ ծառայի ուշադրությանը, ում գիտեր դեռևս մանկությունից և վստահում էր անվերապահորեն։

Անցնում է մի որոշ ժամանակ, և վաճառականը վերադառնում է տուն։ Նա հարցնում է ծառային՝ ինչպես են ընթացել օրերն իր բացակայության ժամանակ, ծառան պատասխանում է՝

-Ո՛վ Տեր, կինդ բացակայությանդ օրերին այլ տղամարդու է հանդիպել, ով հիմա թաքնված է ձեղնահարկի հնամաշ սնդուկում։

Կատաղությունից կուրացած վաճառականը՝ խելքը թռցրած՝ պահանջում է կնոջից իրեն տալ սնդուկի բանալին։ Կինը պայման է դնում՝ բանալին կտամ, եթե գործից հեռացնես հավատարիմ ծառայիդ։

Վաճառականը ազատ է արձակում ծառային։

Կինը տալիս է բանալին։

Վաճառականը բանալին ձեռքին վազում է դեպի ձեղնահարկ, հետո կանգ է առնում մի պահ, մտածում․ ապա հրամայում իր մյուս ծառաներին, որ վերցնեն այն սնդուկը և խորը թաղեն այգում ծառի տակ։

Ծառաները կատարում են հրամանը․․․

Այդ օրվանից այս պատմությունը մոռացվեց ու այդ մասին որևէ մեկը որևէ բառ այլևս չխոսեց։

Հին հնդկական առակ

Չարաշահված հավատ

Սեռական բռնության ենթարկված կանանց հիմնական մասը լռում են իրենց հետ տեղի ունեցածի մասին և կրում այդ փորձի ամոթալի հիշողությունը իրենց կյանքի ողջ ընթացքում։ Բազմաթիվ սեռական խնդիրներ իրենց ակունքում ունեն մանկության կամ վաղ պատանեկության տարիներին տեղ գտած սեռական տրավմատիկ փորձառություններ։

Խնդիրն այստեղ այն է, որ այդ կանայք ամաչելու ոչ մի լուրջ հիմքեր չունեն, քանի որ սեռական բռնության զոհ դառնալը իրենց մեղքով չի եղել։

Աշխատելով սեռական տրավմաներ տարած բազում կանանց հետ՝ ինչ-որ մի պահ սկսեցի նկատել ու հետագայում նաև համոզվեցի, որ բռնություն տարած կանայք մի շատ առանձնահատուկ հատկություն ունեն։ Նրանք հենց ամենասկզբից հավատում են տղամարդու՝ մարդ լինելուն։ Այդպիսի կանայք նախ և առաջ տղամարդու մեջ տեսնում են մարդկային էություն, արժանապատվություն ունեցող էակի, ով չի կարող բռնություն գործադրել երեխայի հանդեպ։ Ու հենց այս վերաբերմունքն է, որ աղջիկներին դարձնում է սեռական բռնության զոհ, քանի որ բռնարարը չարաշահում է  աղջնակի հավատը և բռնարարի անձի հանդեպ վստահությունը: Այն աղջիկները, ովքեր ի սկզբանե թերահավատ են տղամարդու նկատմամբ, սեռական բռնության զոհ ավելի քիչ են դառնում, որն այս աղջիկներին առավել իմաստուն չի դարձնում նախորդ խմբի համեմատ, մի գուցե նաև՝ ճիշտ հակառակը։

Կարդալ

Պետք չէ բռնություն ասելով հասկանալ միայն ֆիզիկական բռնության դեպքերը, շատ հաճախ սեռական բռնությունը զույգերի հարաբերություններում հանդես է գալիս հոգեհուզական չարաշահման տեսքով։ Ընդհանուր առմամբ, պատկերավոր կարելի է ասել՝ երբ մարդկային ինքնությունը կորցրած տղամարդը թափանցում է կնոջ աշխարհ (կամ ավելի ստույգ՝ ներխուժում է), նա շտապ-շտապ, ագահաբար սկսում է « գրպանները լցնել այդ աշխարհի գանձարաններում պահված թանկարժեք գոհարեղենով ու քարերով, ոսկեղենով ու ակնեղենով», մի խոսքով՝ թալանում է գանձարանը, ինչքան կհասցնի, քանի դեռ դռները բաց են։ Ի՞նչ է անում կինն այդ ընթացքում, նա ապշահար, զարմացած ու վախեցած հետևում է այդ տղամարդու վարքին և պապանձվում ցավից, որը նա ապրում է ոչ թե իր, այլ հենց այդ տղամարդու անկման համար, ում նա հավատացել ու ներս էր թողել…

Չարաշահված կանանց հետ զրուցելիս նկատել եմ նրանց զարմանքը, թե ինչպես կարելի է չհարգել ուրիշի ունեցվածքը, չգիտենալ պարզապես նայել՝ առանց ուզելու, չգիտենալ տեսնել, տեսնել ու հիանալ, հիանալ ու ակնածել։ Այդ կանայք ապշահար զարմանում են, որ տղամարդը կարող է այդչափ հիմար գտնվել ու իրեն զրկել աշխարհի ամենաչքնաղ վայելքից, որն է՝ կնոջ վստահությունը, երբ դռները երբեք չեն կողպվում։ Չարաշահված կանայք ապագայում այլևս մեծ դժվարությամբ են հավատում տղամարդուն և շատ հաճախ նրանց մոտ իբր հետևանք զարգանում են սեքսուալ մի շարք խնդիրներ՝ վագինիզմ, սեռական ցանկության բացակայություն, սեռական գրգռման խանգարում։

Բռնության ենթարկված ու չարաշահված կանայք ամաչում են ոչ թե իրենց, այլ բռնարար տղամարդու վայրագ վարքից, քանի որ նրան պատկերացնում էին ազնիվ ու ազատ ոգի կրող անձնավորություն, մինչդեռ իրականում գործ ունեն կրքի կրակով կուրացած ան-ասունի հետ, չէ, ավելի վատ՝ քան կենդանու, որը գոնե արդարացում ունի ի ծնե այդպիսին լինելով։

Սիրելի կանայք, տղամարդու կողմից սեռական բռնության և չարաշահման զոհ դառնալը ձեր մեղքը չի եղել, պետք չէ ամաչել ու փակվել ամբողջ կյանքում նմանատիպ փորձառություն ունենալու դեպքում։ Ձեր հավատը տղամարդու ազնվությանը և մարդկային ոգու ազատությանը միանգամայն արդար ու վեհ է, իսկ նմանատիպ իրավիճակներում զոհ գնալու փոխարեն պետք է ուղղակի պաշտպանվել և անգամ հարձակվել։

Փակել

Page 1 of 2

© 2022 | ՆարինԷ Ներսիսյան | Հեղինակային իրավունքները պաշտպանված են |

Besucherzahler
счетчик посещений