Բարև սիրելի բժշկուհի: Ինձ թվում է, որ ամուսինս ինձ այլևս չի սիրում: Նախկինում մեր սեռական կյանքում ամեն ինչ նորմալ էր, լինում էր շաբաթ, որ ամեն օր զբաղվում էինք սիրով: Հիմա լինում է հազիվ ամիսը մեկ անգամ, այն էլ իմ կողմից գործադրած ճնշման և ջանքերի շնորհիվ: Երեխա ունենալուց հետո մարմինս փոքր ինչ փոխվել է, բայց չեմ կարծում, որ կորցրել է իր գրավչությունը: Ինձ մտահոգում է մեր հարաբերությունների ընթացքը, այն` որ մեր սեռական կյանքում հայտնվել է սառնություն: Ամուսինս պնդում է, որ սիրում է ինձ և չի պատկերացնում իր կյանքն առանց մեզ: Իսկ ես չեմ պատկերացնում սերն առանց սեռական կյանքի, չեմ կարողանում ելք գտնել այս իրավիճակից, խնդրում եմ օգնեք ինձ:
Պատասխան
Հարգելի նամակագիր, ամուսնությունն ունի հզոր ազդեցություն զույգի սեռական ցանկությունների վրա: Ամուսնական մտերմության աճին զուգընթաց սեռական ցանկության մակարդակները հաճախ են տարամիտվում: Այս օրինաչափությունը կապված չէ սիրո զգացմունքի վերացման հետ, ոչ էլ դեր են խաղում Ձեր մարմնի տեսքի փոփոխությունները: Ձեր ամուսնու սեռական ցանկության կորուստը նրա և Ձեր միջև գոյություն ունեցող փոխհարաբերությունների բնույթից է կախված։ Հարկ չկա, որ Դուք դիմեք տարբեր հնարների’ Ձեր ամուսնու ցանկությունը հետ բերելու կամ բորբոքելու համար, քանի որ նրա սեռական հետաքրքրությունն է՛լ ավելի կսառի Ձեր ակտիվ քայլերից, նախատինքներից, սպառնալիքներից և տարբեր տեսակի ճնշումներից: Ինչպես նաև անհեթեթ է սեռական սառնությանը վերագրել սիրո բացակայության կամ մարմնի տեսքի փոփոխության հանգամանքները: Դրանով Դուք իզուր կեղեքում եք ինքներդ Ձեզ և նրան: Պետք է նշել, որ սեռական ցանկության վերականգնումը երկարատև հարաբերություններում ամուսիններից յուրաքանչյուրի անհատական աճի միջոցով է հնարավոր, որը գնալով խորացնում է հարաբերությունը՝ էլ ավելի մերձեցնելով զույգին։ Լճացման դեպքում, երբ չկա զարգացում, չկա աճման ձգտում, սեքսն ամուսնական կյանքում դառնում է կաղապարային ստերեոտիպ՝ ամուսնու ներքին ֆիզիոլոգիական պահանջով թելադրված որոշակի ռիթմով։
Փակել