Սեռական հարաբերությունն ավելին է քան սեռական օրգանների միացումը: Կին-տղամարդ սիրային հարաբերությունը ոչ թե օրգանների, այլ էրոտիկ էությունների փոխադարձ ներհյուսումն է: Ընդ որում՝ կողմերն իրար փոխլրացնում են, այլ ոչ թե հավասարաչափ ներդրումներ կատարում, ուստի պասիվ-ընդունող դիրքորոշումը նույնքան կարևոր է, որքան ակտիվ նախաձեռնությունը: Հակառակ դեպքում «առնանդամ-հեշտոց կապը» նման է պատահական անցորդների անտարբեր հայացքների հանդիպմանը, որտեղ կողմերից և ոչ մեկը չի նկատում մյուսին:

Կուսությունը գաղափար է, որը կարելի է բնութագրել իբրև մաքրություն, սրբություն, անարատություն: Կուսաթաղանթը անատոմիական միավոր է, շարակցական հյուսվածքի մի կտոր` տեղակայված հեշտոցամուտքում: Ցավոք սրտի և շատ հաճախ կուսաթաղանթը և կուսությունը օգտագործվում են իբրև հոմանիշներ: Եթե կույս, ապա` կուսաթաղանթի պարտադիր առկայություն և հակառակը: Անտեսվում է կուսություն գաղափարի կրողը, այսինքն՝ մարդը: Կույս լինելը հաղթահարված կիրք է, այլ ոչ անատոմիական չափանիշ: Կույս աղջիկը երբևէ քայլ չի արել ճանաչելու որևէ տղամարդու, չի զգացել տղամարդու մարմնի շունչը: Եվ դա արել է ոչ թե վախից ճնշված ու արտաքին թելադրանքներից դրդված, այլ որովհետև իր կուսությունը, և ոչ թե կուսաթաղանթը, անգնահատելի նվեր է համարել իր ապագա ամուսնու կամ սիրեցյալի համար: Կուսության հետ մեկտեղ օրիորդը ընտանիք է բերում ազնվություն, անկեղծություն, հավատ և վստահություն:

Դժբախտաբար, կուսության պահպանման անաղարտ ձգտմանը մարտահրավեր է նետվում կնոջ սեռական ֆիզիոլոգիայի կողմից: Կնոջ մարմինը սկսում է փթթել, հորմոններն արթնացնում են նրա սեռականությունը, հայտնվում են ներքին սեռային զգացողություններ, որոնց հետ պետք է հաշվի նստել, քանի դեռ ինքը` սեռականությունը, «չի բարձրացրել բողոքի իր ձայնը»: Սեռականությունը պահանջ ունի դրսևորման, այն էլ` լիարժեք դրսևորման, որ վերջին հաշվով ենթադրում է ամբողջացում հակառակ սեռի հետ: Մինչդեռ մեջտեղ են ընկնում կուսությունը պահպանելու ադաթի անզիջում հրամայականը և այդ չարաբաստիկ կուսաթաղանթը: Աղջնակը, որի հոգեսոցիալ հասունությունը դեռևս չի համապատասխանում մարմնասեռային հասունացման աստիճանին, իսկապես հայտնվում է տանջող երկընտրանքի առաջ: Մի կողմից նա չի ուզում արհամարհել սեռականության ներկայությունն իր մարմնում, մյուս կողմից՝ անորոշության տագնապը կասեցնում է նրա վճռականությունը:

Կարդալ ավելին

Շատ հաճախ դեպի սեռային հարաբերություն առաջնորդող մղումն անգիտակից է:

-Ես չէի ուզում, այդպես ստացվեց, – զղջման այս զգացումը գալիս է չգիտակցված քայլերից, որոնց համար անձը, միևնույնն է, միանգամայն պատասխանատու է: Մարմնի տարբեր բարեմասնությունների էրոտիկ ցուցադրումը, որը հաճախ անձի ինքնավստահության պակասի ածանցյալն է և դրա հաղթահարման միջոց, սեռային հարաբերության տանող կարևոր նախադրյալ է: Այսօրինակ կերպով գրավելով տղամարդու ուշադրությունը` աղջկա անձը ինքնահաստատվում է, ընդ որում ինչքան շատ են ուզողները, այնքան ավելի բարձր է լինում ինքնագնահատականը: Իր հրահրող վարքի հետևանքների մասին աղջիկը ամենաքիչն է մտածում այդ պահին: Երբ հասունանում է սեռային հարաբերության պահը, աղջիկն այնքան սերտորեն է նույնացված իր այդ դերին, որ անհնարին է դառնում տղամարդուն մերժելը (ինչը և նրա իրական ցանկությունն է) և ահա…առնանդամ-հեշտոց կապը փաստ է դառնում: Մի տեսակ թակարդի պես բան է ստացվում, ուրիշների դեմ լարած թակարդում հենց լարողն է ընկնում: Կատարվածի վերլուծությունից սովորաբար աղջկա ինքնագնահատականը միանգամից իջնում է, մինչդեռ իր վարքի յուրաքանչյուր քայլով նա անգիտակցաբար տանում էր դեպի այդ «հաղթական ավարտը»:

Ուրեմն, ինչպես է հնարավոր պահպանել կուսությունը, որը չի նշանակում սեռական հարաբերություն ունենալ, խախտել կուսաթաղանթի ամբողջականությունը և հետո կարել այն: Կարծում եմ համաձայն եք, որ կուսության գաղափարի կարևոր մասն են կազմում մաքրությունը, անհասանելի մնալը, մաքրությունից փայլելը, պսպղալը, անհոգ ուրախությունը: Դժվար չէ կռահել, որ նշվածներից և ոչ մեկը կապ չունի կուսաթաղանթի հետ, որը հեշտոցամուտքում տեղակայված շարակցական հյուսվածքի կտոր է: Վերոնշյալ բնութագրիչների կրողը ամենևին կուսաթաղանթը չէ, և ոչ էլ անձը` բարոյականության մասին իր պատկերացումներով, արժեքային համակարգով: Կուսության կրողը սեռականության ինքնաճանաչման հասած, սեռական կիրքը հաղթահարած անձն է՝ անկախ կուսաթաղանթի առկայությունից:

Մեջտեղից վերացնելով գլխավոր արգելքը` կուսաթաղանթը, թեկուզև ժամանակավոր, կամ ուղղակի շրջանցելով այդ արգելքը, մենք խաբում ենք ինքներս մեզ, էլ ինչ արժեք ունի ցուցադրվող անարատությունը, մաքրությունը, անկեղծությունն ու վստահությունը, եթե ես ինքս գիտեմ, որ ադպիսին չեմ: Ավանդապահ երկրներում, ինչպիսին Հայաստանն է, հասարակական օրենքների բախումը բնության օրենքներին ցավոք, շատ հաճախ պատճառ է դառնում սեռականության տարբեր դեֆորմացիաների, սրանից բխող զանազան առողջական հետևանքներով: Չմոռանանք սակայն, որ կրել կուսության գաղափարը չի նշանակում կուսաթաղանթի առկայություն, ուստի շատ կուսաթաղանթ ունեցող աղջիկներ կույս չեն կարող համարվել այն պարզ պատճառով, որ չնայած արգելել են ներթափանցումը, անգամ ֆիզիկական որևէ շփում չի եղել, բայց մտքով ու սրտով մոտեցել են տղամարդուն:

Փակել