Մեր հարաբերության սկզբում իմ սեռական կիրքը շատ բարձր էր, անցել է 1,5 տարի և ես զգում եմ, որ սեռական կյանքը դադարել է ինձ հետաքրքրել, ես օգտագործված եմ զգում ինձ: Այսպես է եղել նաև իմ նախորդ հարաբերության ժամանակ, որը ընդհատվեց, քանի որ նախկին զուգընկերս առանց ինտիմ կյանքի չէր պատկերացնում շփումը: Գիտեմ, որ խնդիրը ինձանում է, ի՞նչ անեմ, որ այս հարաբերությունս նույն բախտին չարժանանա:

Պատասխան


Բավական տարածված սեքսոլոգիական խանգարում է, որը կոչվում է սեռական ցանկության անկում: Խնդիրն այստեղ միայն ձերը չէ, այլ հարաբերության ոչ ճիշտ կառուցման մեջ է, որին մասնակցում են երկու կողմերը հավասարապես։ Այլ կերպ ասած՝ ցանկության անկման խնդիրները հարաբերության կայացման խնդիրներ են։ Կառուցվում են այնպիսի հարաբերություններ, որոնք չեն նպաստում էրոտիկ կյանքի զարգացմանը, ընդհակառակը՝ գնալով հեռացնում են սեքսուալ բավականություն ապրելու հնարավորությունը։ Սովորաբար դրանք միջանձնային կոնֆլիկտներ ունեցող հարաբերություններն են, որտեղ կողմերից և ոչ մեկը կոնֆլիկտից դուրս գալու ելք չի գտնում։ Արդյունքում տեղի է ունենում խնդրի սառեցում և հարաբերության լճացում, որից էրոտիկ հոսքը կանգ է առնում, և սեռական կյանքում գրանցվում է ցանկության նվազում։

Հարաբերության զարգացմանը զուգընթաց օգտագործված լինելու զգացումը խոսում է այն մասին, որ իրեն օգտագործված զգացողը սեռական հաճույք չի ստանում։Հաճույքի բացակայության պատճառները տարբեր են, որոնց բոլորի հետևանքը մեկն է՝ սեռական կյանքի հանդեպ բացասական վերաբերմունքի ձևավորումը։ Երբ խոսում եք օգտագործված լինելու մասին, լավ կլիներ մտածել նաև այն ուղղությամբ, թե արդյոք չկան հարաբերության այնպիսի ոլորտներ, որտեղ ավելի խորքային հայացք նետելով կարելի կլիներ տեսնել, որ իրականում դուք եք օգտագործում տղամարդուն, օրինակ՝ ֆինանսա-տնտեսական բարեկեցության կամ հոգեբանական խորհրդատվությունների համար։ (իհարկե սա բացարձակ անգիտակից կերպով է կատարվում՝ սիրո անվան տակ)։

Սեքսոլոգիական լեզվով ասած՝ գործ ունենք սեքսուալության պլատոնական-էրոտիկ փուլում գտնվող կնոջ և ցանկության սեքսուալ փուլի գերակա դրսևորումներով տղամարդու հետ։ Տղամարդն իր անզուսպ սեքսուալ ցանկությամբ և սովորություններով կասեցնում է կնոջ սեռական ցանկության հասունացման գործընթացը, որն իր հերթին է՛լ ավելի է խորացնում տղամարդու սեքսուալ կրքի բորբոքումը։ Կարճ ասած՝ սեռական ցանկությունների տարբերությունը գնալով սրվում է, ինչքան մեկը չի ուզում, այնքան մյուսի մոտ ավելի շատ է խորանում ցանկությունը։ Կողմերից յուրաքանչյուրը նպաստում է մյուսի բևեռացմանը և կայացմանը այդ բևեռում։ Սեքսոլոգիական պրակտիկայում սա բավական հաճախ հանդիպող զույգային խնդիր է, որի կարգավորումը հնարավոր է միայն պրոֆեսիոնալ բժիշկ-սեքսոլոգի օգնությամբ։

Փակել