Բարև Ձեզ: Ամուսնուս հետ սեռական հարաբերություններ ունենալու ընթացքում շատ հաճախակի է լինում, որ երբ հասնում է հանգստանալու իր պահը՝ չի կարողանում: Ինձ հետաքրքրում է, արդյո՞ք ինձնից ինչ-որ մի բան կախված է: Ես էլ իմ հերթին ամեն ինչ փորձում եմ անել, որ ամենը շատ լավ լինի: Նախապես շնորհակալություն:

Պատասխան

Ձեր ամուսնու մոտ առկա խնդրի անունն է ուշացած սերմնաժայթքում: Սա մի խնդիր է, որի ժամանակ տղամարդը չի զգում բավարար սեռական գրգռվածություն, դրա համար էլ չի կարողանում հասնել գրգռման գագաթնակետին և սերմնաժայթքել: Տղամարդու ոչ բավարար սեռական զգայունակության պատճառները բազմաթիվ են: Հիմնականում խնդիրը հենց տղամարդու մեջ է, նրա ենթագիտակցականում առկա հոգեսեռական կոնֆլիկտների՝ հատկապես կնոջ հանդեպ չգիտակցված թշնամանքի և երկակի վերաբերմունքի հետևանք, որից էլ տուժում են միջանձնային հարաբերությունները և սեռական կյանքը մասնավորապես: Հաճախ այս տղամարդկանց անցյալում տեղ է գտել կնոջ կողմից հոգետրավմատիկ միջադեպ, որից հետո նա ոչ թե արտահայտել, այլ ճնշել է կնոջ նկատմամբ իր բարկության զգացումը: Հնարավոր է նաև տղամարդու մեջ առկա լինի մոտիկության, վստահության և հաճույքի հանդեպ չգիտակցված վախ: Երբեմն խնդրի պատճառը օրգանական է՝ տղամարդու շագանակագեղձում կամ նյարդային համակարգում տեղ գտած ախտաբանական փոփոխությունները։ Խնդիրը ձեզանից չէ, հանկարծ թույլ չտաք, որ սեռական անլիարժեքության բարդույթը տիրանա ձեզ։ Լավագույնը, որ կարող եք անել ձեր ամուսնու համար, սեքսոլոգիական բուժման ընթացքում նրա կողքին համբերատար լինելն է և հարկ եղած դեպքում՝ ձեր մասնակցությամբ այդ ընթացքին օժանդակելը։ Խնդիրը հեշտագույներից չէ և պահանջում է կոմպետենտ բժշկի հաստատակամ և համառ միջամտություն:

Փակել