Ճամփորդության ժամանակ այդ հատվածը մենակով ես անցնում՝ ապավինելով սեփական ուժերիդ, վստահելով ինքդ քեզ ու քո մարմնին: Կյանքի իրական զգացողությունը կախված է այդ հատվածից ու թե ինչպես կհաղթահարես այն:

Ես գնում էի մենակ, ինքս էի իմ աշխարհի հեղինակը և պատասխանատուն, գործում էին իմ օրենքները և կանոնները, որոնցով առաջնորդվում, բացվում ու ծավալվում էի այդ տարածքներում: Ազատության լիակատար վերապրում էր: Ու մի պահ թվաց, թե լքել եմ ընկերոջս, թողել եմ նրան հեռու հեռվում: Մտածեցի. մի՞թե օգտագործում եմ նրան: Մեղքի զգացումի ուժեղ հորձանուտը սկսեց հարվածել ու ներծծել հոգիս, հիասթափություն զգացի ինձնից, մտածում էի, որ այդ պահին ապրածս զգացողությունն ու հաճույքը անձնասեր են, որևէ կապ չունեն նրա հետ, իմն են բացառապես, բայց կար մի այլ զգացողություն ևս, որ հուշում էր, թե դա այդպես չէ, ուրիշ բան կա: Այդ մենակությունն անձնասեր առանձնության պես չէր, քանի որ հիմքում կար մերձավորիս հանդեպ տածած խորը վստահություն, առանց որի հնարավոր չէր էլ լինի հայտնվել այդտեղ, որտեղ կարող ես ազատ լինել ու չվախենալ, այդ մենակությունը շնորհիվ նրա սիրո էր, քանի որ գնում էի մի տեղ, որտեղից գալիս էի հույսով ու սիրով լցված: Մտածեցի, որ սիրելու համար պետք է թողնել միմյանց, միայն հեռանալով կարելի է իսկական սեր տալ, առանց այդ տարանջատումի չկա այդ սերն ու չկա հարաբերություն, կա ծանրություն, կցորդություն, միաձուլում, ու դու պասիվ կրկնող ես, վերադարձնում ես այն՝ ինչ ստանում ես, եթե ոչ պակասած, չկա քոնը, թվում է դու ես, բայց նրա արտացոլումն ես: Ես սա խորապես հակաբարոյական եմ համարում, քանի որ այստեղ դու ոչնչացնում ես ինքդ քեզ ու եթե համոզված ես, որ հաճույք ես զգում, ապա դա ինքնախաբեություն է կամ ստրկամիտ կեցվածք ու թուլություն, դա նույնիսկ ինքնաբավարարումից էլ է վատ:

Կարդալ ավելին

Այդտեղ կարևոր է սահմանի գիտակցումը` զույգի մեջ անհատականության սահմանների, քանի որ պահպանելով անհատականությունդ` վտանգ կա, որ կկորցնես հարաբերությունդ, ես իսկապես հեռացել էի նրանից` նրան կորցնելու իրական ռիսկի գնալով ու հենց այստեղ է, որ պիտի երևա իսկական սերը, քանի որ հենց այդ սերն է, որ ընդունում է քեզ ամեն պարագայում, քանի որ գիտի, թե դու ով ես ու կարևոր չէ՝ կողքին ես, թե հեռու, երբեմն ու թերևս ավելի հաճախ վճարում ես անձնազոհության գինը ու արժի վճարել այդ գինը:

Վերապրել այդ սերը ու հասնել կյանքի ու սիրո զգացողությանը, կարող ես ներքին ուժ ու համարձակություն ունենալու դեպքում, որպեսզի հաղթահարես այդ պահին գրոհող բազում վախերը՝ մենակության, մերժումի, քննադատության, մեղադրման, կորցնելու, կորսվելու, կյանքի անիմաստության ու վերջապես նաև մեծ հաշվով՝ մահվան… Եվ միայն այդ մահվան գնով կարող ես հասնել կյանքի զգացողության:

Փակել