Հոգու խորքում մեզանից յուրաքանչյուրը կրում է իր «վերքը»: Առօրյա կյանքում այդ վերքի գոյության մասին մատնում են շրջապատող մարդկանց և առաջին հերթին` մեր ամենամտերիմ մարդու հետ փոխհարաբերությունները: Շփումների ժամանակ մենք դրսևորում ենք պահվածքի միևնույն կաղապարային կրկնողությունները, միևնույն դրդապատճառային մոտիվները: Մեջբերվածը այցելուի պատմության մի հատվածն է.

-Հարգելի բժշկուհի, ես ինձ շատ թերի ու ոչ ադեկվատ եմ զգում: Սեռական հարաբերության ժամանակ ոչինչ չեմ զգում: Ամուսնացել եմ երկրորդ անգամ, սակայն դարձյալ միևնույն բանն է: Առաջին ամուսնությունս բնազդի, վաղ երիտասարդական կրքերի արդյունք էր: Երկրորդ անգամ ավելի գիտակից եմ եղել, որոշումս կայացրել եմ այն տրամաբանությամբ, որ ընտրյալս լիարժեք համապատասխանում է ինձ՝ ճշգրտորեն լրացնելով բոլոր բացերս: Ինձ համար շատ զարմանալի էր, երբ սեռական կյանքում դարձյալ ոչինչ չզգացի, քանի որ համոզված էի, որ անձնավորությունը, ով այդպես լիարժեք ներդաշնակում է ինձ, կլրացնի նաև սեռական կյանքի բացերը: Անզգայությանս մասին նրան ոչինչ չեմ ասում, սակայն ենթադրում եմ, որ իրեն բնորոշ նրբազգացության շնորհիվ նա կռահում է իմ ոչ լիարժեք լինելը: Ու այսպես ապրում եմ մշտատանջ տագնապի մեջ, քանի որ ինձ հետապնդում է լքման և դավաճանված լինելու վախը:

Նույն իրավիճակն աշխատավայրում է: Գործընկերներիս հետ շփման ժամանակ տագնապով սպասում եմ ոչ ադեկվատ լինելու և անարժեք համարվելուս ցավոտ դատավճռին (որի հետ սրտիս խորքում համաձայն եմ): Այո, ես ապրում եմ ոչնչություն լինելուս մերկացման ու լքման դատապարտվելու ամենօրյա լարվածության մեջ: Ու երբ ի գործ դրված ջանքերս չեն գնահատվում, համակվում եմ հուսահատությամբ՝ մտածելով, որ ձեռնարկածս «մեծ-մեծ գործերն» իզուր էին: Այո, պիտի խոստովանեմ, որ կախված եմ ու ապրում եմ մարդկանց ու հատկապես՝ վերադասի կողմից բարձր գնահատականի արժանանալու հույսով, կարծես թե դրանից է կախված իմ ինչ-որ բան ինձանից ներկայացնելու եղելությունը: Ավաղ, ինքնագնահատականս հիմնվում է գործողություններիս արդյունքների, այլ ոչ թե այդ գործողությունների հիմքում ընկած դրդապատճառների վրա:

Նույնիսկ եթե արածս բարձր գնահատական ստանա ուրիշների կողմից, միևնույնն է՝ չեմ ուրախանա, քանի որ նման դեպքերում ինքս ինձ խստորեն կգնահատեմ ու կցածրացնեմ, չէ՞ որ վստահ եմ, որ իրականում չեմ կարող որևէ արժեքավոր բան տեղծել: Իսկ արածս ոչ մի արժեք չունի, քանի որ ազնիվ չեմ ինքս իմ հանդեպ, անում եմ միայն ուրիշների ուշադրությանն արժանանալու, այլ ոչ թե գործին ինքնամոռաց տրվելու համար: Տեսեք ինչ վատն եմ, ու արդարացի կլինի, որ ինձ չսիրեն, թողնեն հեռանան և երբևէ երջանիկ չզգամ… Եթե միայն պատկերացնեք՝ ինչ ծանր բեռ եմ ինքս ինձ համար, անտանելի է կրելը: Միակ մխիթարանքը, որ ժամանակավոր կարող է թեթևություն բերել (անգամ հաճույք պատճառել) սեփական թշվառությունս է, քանի որ միայն սրա շնորհիվ եմ հեշտորեն ստանում շրջապատի ուշադրությունը և համակրանքը, որին սակայն անհաղորդ եմ մնում, քանի որ արդեն անզգայացել եմ: Ու միակ բանը, որ դեռ շարունակում եմ զգալ անիմաստությունն է, աշխարհից կտրված, օտարված լինելը:

Կարդալ ավելին

Երիտասարդ այս կինը մեկն է այն կանանցից, ովքեր մանկության տարիներին ենթարկվել են չարաշահման։ Ընդ որում՝ այստեղ բոլորովին կարևոր չէ չարաշահման բնույթը՝ ֆիզիկական, հոգեէմոցիանալ, թե սեքսուալ, ամեն դեպքում՝ չարաշահված երեխան չի կարողացել հանդարտեցնել իր ներաշխարհը փոթորկող հուժկու էմոցիոնալ ալիքները, որոնք հարվածներ են հասցրել ու խորը վերքեր բացել: Երեխայի հոգեկանը ինքնապաշտպանական քայլ է արել` Նա տարանջատվել է իր էմոցիոնալ աշխարհից՝ խզելով կապերն այդ աշխարհի ցանկացած զգացական դրսևորման հետ: Հոգեբուժական լեզվով ասած՝ տեղի է ունեցել դիսոցիացիա, որը կարելի է բնութագրել ինքնօտարում բառով: Իհարկե՝ «փշալարեր դնելով, պարիսպներ շարելով կամ դռնել փակելով» մենք մի կողմից պաշտպանում ենք մեր ներքին անդորրությունը, սակայն նույն այդ արգելքների պատճառով ինքներս ենք կտրվում մեր հոգուց և մարմնից, կյանքի զգայական բավականության հնարավորություններից, ազատության վայելքից:

Ի՞նչ է տեղի ունենում ինքնօտարումից հետո: Կյանքը շարունակում է իր բնականոն ընթացքը, սակայն երեխան այլևս առաջվանը չէ: Չկա այլևս այն ազատ երեխան, ով հավատացած է, որ իրեն սիրում են առանց պայմանների և պատրաստ են բավարարել ցանկացած կարիք: Երեխան ձեռք է բերել նոր ես, որը սակայն չունի նախորդի թեթևությունը: Այս անձն այլևս չի առաջնորդվում իր նախկին խանդավառությամբ, անկեղծ հույզերով ու զգացմունքներով, դրանց փոխարինելու են եկել արհեստածին զսպված հույզեր, որոնք կեղծ են իրենց հիմքում, քանի որ սնվում են ոչ թե հոգու խորքից, այլ գիտակցությունից: Սիրվելու բնականոն պահանջն ի վերջո արել է իրենը՝ ճնշումն այնքան է մեծացել, որ հանուն սիրված լինելու ամենաթանկ գինն է վճարվել՝ սեփական էությունից հեռացումը: Այժմ Երեխան իրեն պահում է այնպես, որ իրեն սիրեն, չպատժեն, ուշադրության արժանացնեն, այլ կերպ ասած՝ նրա քայլերն այլևս չեն բխում Է-ությունից, այլ տվյալ միջավայրում հավանություն ստացած սպասումներից ու պահանջներից: Այդ տարիքում երեխան դեռ չի գիտակցում, որ դաստիարակված ու հնազանդ պահվածքի շնորհիվ վաստակված սիրո մեջ նույնպես չարաշահում կա, քանզի նրան չեն սիրում որովհետև ինքը կա, ինչպիսին որ կա, այլ որովհետև իրեն պահել է ըստ սպասվածի, ըստ ընդունված պահանջների: Այն օրը, երբ այս գիտակցումը կփայլատակի նրա մտքում, կդառնա հաղթանակի օր՝ հոգեկան աշխարհի անբեկանելի շրջադարձի և իրական ինքնության հաղթանակի, նա կհասկանա, որ սերը շնորհ է, այլ ոչ թե վաստակ, որ ինքն ազատ է լինելու ինչպիսին կա ու հարկ չկա պաշտպանվել սեփական էմոցիաներից, կարիք չկա դրանք բուժելու, դրանցից պաշտպանվելու, այլ միայն պետք է դրանց շնորհիվ սեփական եսը կատարելագործել սովորել:

Վերքեր հասցնող փորձառությունները շատ են, այստեղ նշեմ դրանցից միայն նրանք, որոնք հետք են թողնում սեռականության վրա՝ ծնողների պատիժը մանկապատանեկան տարիքում դրսևորած սեռական բնույթի գործողություններ կատարելիս, հիմնականում՝ մանկական ձեռնաշարժություն, սեռական օրգանների զննում, շոշափում, սեռադերային խաղերում սեռային տարբեր իմիտացիաներ, ինչպես նաև՝ ծնողների սեռական հարաբերությանը ականատես լինելը, հոր կամ մոր կամ երկուսի հետ միաժամանակ օտարացած հարաբերություններ ունենալը, սեռական դրսևորումների հանդեպ ծնողի կողմից միաժամանակ հանդուրժող և պատժող վերաբերմունքների դրսևորումը, նարցիսային հոր կամ մոր ամբիվալենտ սերը, սեռական ոտնձգությունները, բռնաբարությունը, այդ թվում նույնասեռական բնույթի:

Խորը վերքեր ունեցող անձիք շատ հաճախ հասարակությանը ներկայանում են իբրև կարևոր և մեծ լրջություն ունեցող անձինք, հաճախ բարձր հասարակական դիրքեր են նվաճում, ձգտում են պաշտոնի, ճանաչման, փառքի: Նրանք բարեհաջող ամուսնանում են նույնքան մեծահամբավ այլ մարդկանց հետ: «Մեծ մարդ» դառնալով սակայն, հոգու խորքում, նրանք մնում են միևնույն խոցված երեխան, հավատալով, որ իրենք ոչնչություն են, տգեղ են, կեղտոտ, անարժեք: Հոգեկան աշխարհի մասնատվածության պատճառով այս մարդիկ միշտ ձգտում են ինչ-որ մեկի օգնությամբ իրենց ամբողջականության լրացմանը, նրանք անընդհատ իրենց պակասորդով են զգում, ու փնտրում են այդ պակսող մասը: Փոխհարաբերություններում ամեն ինչ անում են, որ գոհացնեն, հաճոյանան, հավանության արժանան, դուր գան: Այս մարդիկ ապրում են այլ մարդկանց կարծիքից կախված, հավանության արժանանալու գերության շղթաներում գամված՝ միայն թե սիրեն իրենց, միայն թե իրենք չմնան անպատասխան, անուշադրության մատնված, չգնահատված, ստվերում հայտնված:

Այս մարդիկ անկողնում վարվում են նույն կերպ: Նրանք ցանկություն են հայտնում, միայն այն ժամանակ, երբ իրենց ցանկանում են՝ ամեն ինչ անում են, որ իրենց մյուս անգամ էլ ուզեն, որովհետև սեփական ցանկությունը կեղտոտ և ամոթալի են համարում: Փոխանակ տրվելու սեռական հաճույքի ինքնաբուխ բերկրանքին, նրանք խաղում են կրքոտ զուգընկերոջ/զուգընկերուհու դերը, նմանակվում զանգվածային լրատվամիջոցների ստեղծած սեքսուալ կերպարին, որովհետև այդպես է սովոր վարվելու իրենց արհեստածին անձը:

Սեռական անզգայությունից պետք է անհապաղ ազատվել, քանի որ դա լուրջ խնդիր է՝ հղի բազում առողջական հետևանքներով: Ես-ի կորուստը, ես-ի անմնացորդ միաձուլումը զուգընկերոջը/ուհուն սիրո թվացյալ դրսևորում է, որով նրանք փարատում են իրենց հոգին և լցնում ներքին դատարկությունը, առանց հասկանալու, որ իրականում անգիտակցաբար պաշտպանվում են իրականությունից: Այդ դատարկությունը կարող է լցվել ամենատարբեր հիվանդություններով՝ սեռական զանազան դիսֆունկցիաներ, պրոմիսկուիտետ, թմրանյութերից կախվածություն, դեպրեսիա, տագնապային խանգարումներ, խուճապի գրոհներ, կպչուն-սևեռուն խանգարումներ, ֆիզիկական հիվանդություններ:

Խնդրի լուծումը հարկավոր է սկսել վերքի մշակումից, հետևելով վերքի մշակման բոլոր կանոններին: Նախ և առաջ պետք է սկսել ինքնախաբեությունից ի սպառ ազատվելով, այն ինչ օտար է, պետք է կտրել ու հեռացնել, թողնել միայն ինչպիսին որ կամ, լինեմ այդպիսինը՝ բոլոր թերություններով հանդերձ, ու դա չի նշանակում ազատ արձակել հակասոցիալ հակումներն ու մղումները, փոխարենը պետք է ընդունել, որ մարդն անկատար է ու պատասխանատու ինքն իր անձը վերաձևավորելու գործում: Չկա լավ ու վատ, կա մշտական ինքնաբարելավման, ինքնակատարելագործման ընթացք: Սեռական կյանքում անզգայացումից ազատագրումը տեղի է ունենում մերժելով կեղծ սեռային ինքությունը, զարգացնելով ներքին էրոտիկ կարողությունները, վստահելով սեփական բնազդային սեքսուալությանը, հրաժարվելով արհեստական միջոցներով խթանված սեքսուալությունից, վիրտուալ աշխարհից սնվող երևակայական պատկերներից, խուսափելով գնահատականներ տալուց և այդ գնահատականների հիման վրա դատողություններ անելուց, դադարել համեմատվելուց, չվախենալով ոչ հմուտ և անփորձ երևալուց, զուգընկերոջ/ուհու առջև վերքերն ու խոցերը բացելուց:

Սեռական չարաշահման հետևանքով առաջացած անզգայությունը սովորաբար այնպիսի սեքսոլոգիական խանգարում է, որը պահանջում է մասնագետի օգնություն, մի վարանեք դիմել մասնագետին, եթե գտնում եք, որ դուք ունեք այս խնդիրը:

Փակել