«Ես շատ եմ վախենում տղամարդկանցից ու չեմ կարողանում լուրջ հարաբերություններ կառուցել, յուրաքանչյուր նոր հանդիպումը հերթական հիասթափությունն է բերում, թե՛ տղամարդկանցից, թե՛ ինձնից: Ու թեև ավելի մոտիկից ճանաչելու դեպքում սկսում եմ ավելի քիչ վախենալ նրանից ու սեռական ձգողություն են զգում, այնուհանդերձ, երբ նա մոտենում է ինձ և փորձում գրկել, համբուրել կամ գուրգուրել, խառնվում եմ և շփոթվում: Ի վերջո, մեր հարաբերությունը ընդհատվում է ու մենք մնում ենք ուղղակի ընկերներ», -պատմում է 38-ամյա չամուսնացած կինը: Մեր զրույցների ընթացքում աստիճանաբար բացահայտում եմ, որ նա հմտորեն շրջանցում է բոլոր այն իրավիճակները, որոնք կարող են դառնալ անվերահսկելի և ինքը կարող է կորցնել ինքնատիրապետումը: Չկա հանպատրաստի երևույթ, չի կարող լինել և «անախորժ պատահար»: Մինչդեռ երազանքների գրկում նա խորասուզվում էր սիրված և սիրող դիցուհու արկածների մեջ և իրականացնում գլխապտույտ թռիչքներ` առանց կապտուկներ ստանալու վախի, օրեցօր էլ ավելի հեռանալով իրականությունից:

Անվերահսկելի վախը տղամարդկանցից և սեռական կյանք սկսելուց խնդիրներ են, որոնք դասվում են սեքսուալ ֆոբիաների շարքին։ Նմանատիպ վախերի հիմքում ընկած է աղջկա հոգեսեռական զարգացումը այնպիսի միօրինակ պատմություններով սնուցելը, որոնք աղջկա անգիտակցականում արթնացնում են կախյալ կնոջ համընդհանուր կերպարը։ Հատկապես մեծ խնդիր են դառնում քնած դիցուհու կամ մոխրոտի պատկերներով բարդույթավորելը, քանի որ միջսեռայն հարաբերություններում գերակա մոտիվ է դառնում սպիտակ ձի հեծնած փրկիչ-ասպետի սպասումը։ Աղջկան դաստիարակում են այնպես, որ նա սկսում է հավատալ, թե անհնար է իր ուժերի սահմանում որևէ դժվարություն հաղթահարելը, որ նա թույլ սեռ է և ոչ բավարար ռեսուրսներ ունի, որպեսզի հասնի իր նպատակին։ Բարդույթավորման այս գործընթացքում նշանակալի դեր են խաղում սեռական օրգանների մասին անատոմիական գիտելիքի պակասը, որը դառնում է սեփական մարմնի սխալ ճանաչողության պատճառ և ամրապնդում թերի սեռ լինելու համոզմունքը։ Հասունացող աղջկա վարքում գերակա մոտիվ է դառնում նստել սպասելը, այլ ոչ թե ինքուրույն գործելն ու նախաձեռնելը։ Հարաբերությունների հաջողության հիմքում դրվում է ոչ թե սեփական ստեղծագործ ներուժին ապավինելը, այլ դրսից պատրաստի լուծումներ ստանալը, ընդ որում խիստ որոշակի ձևաչափի սահմաններում։ Ձևավորվում է կախյալ ու ոչ բավարար անձ, ում համար միակ փրկության հույսը դրսից է, իրականության մեջ գոյություն չունեցող, անրջային երազանք հանդիսացող զուգընկերը։

Ես շատ եմ սիրում այստեղ մեջբերել «Շրեկ» մուլտֆիլմը, որտեղ ակնհայտորեն ի ցույց է դրված սեփական պատկերացումների հետ բախման զարմանքը։ Պատմությունը մի հրեշի մասին է, ով վախկոտ արքայազնի փոխարեն պետք է ազատի վիշապի հսկողության տակ դղյակում գերված արքայադստերը: Բնականաբար, ասպետական դպրոցի կրթություն չունեցող հրեշը արքայադստերը պիտի փրկեր սեփական մոտեցմամբ: Տեսնելով քնից ընդարմացած արքայադստերը, որ շուրթերը կիսաբաց պառկած է, նա գոռում է իր ողջ ուժով.

-Հե՜յ, արթնացե՛ք:

-Ի՞նչ,-քնաթաթախ մրմնջում է արքայադուստրը:

-Դուք արքայադուստր Ֆիո՞նան եք:

-Այո՛, ես եմ, սպասում եմ քաջարի ասպետին, նա շուտով պիտի փրկի ինձ:

-Պարզ է,-անտարբեր ձայնով ասում է Շրեկը ու քաշելով Ֆիոնայի ձեռքից՝ բղավում՝ գնացի՛նք, արագ:

-Սպասեցե՛ք, ասպե՛տ: Չէ՞ որ սա մեր առաջին հանդիպումն է: Մի՞թե սա չպիտի լինի մեր սիրո ամենառոմանտիկ ու հեքիաթային պահը:

Արքայադուստրը դրամատիկ թատերականությամբ վայր է ընկնում` ձեռքը ճակատին դրած: -Ցավում եմ, բայց մենք ժամանակ չունենք,- ասում է Շրեկը`քաշելով նրա թևից:

-Այս ի՞նչ եք անում: Դուք պետք է գրկեիք ինձ, պատուհանից դուրս բերեիք և նստեցնեիք ձիու վրա:

-Երևում է` Դուք շատ ժամանակ եք ունեցել այս ամենի մասին մտածելու համար,- ասում է Շրեկը, թափով բացում դուռը և մեծ-մեծ լոնքերով վազում աստիճաններն ի վար:

-Հարկավոր է վայելել այս պահը, Դուք միգուցե բանաստեղծությու՞ն կարդայիք ինձ համար, սոնե՞տ, բալլա՞դ, դե մի բան գոնե, օ՜, ես չեմ կարող հավատալ, ի՞նչ է ,Դու՞ք չեք սպանել վիշապին. չէ՞ որ այդպես էր նախատեսված ծրագրով:

-Արագացրե՛ք:

-Դե՛, այսպես չի լինի, Դուք պետք է հարձակվեիք` թուրը ձեռքն առած, ինչպես մյուս ասպետները… այս ի՞նչ տեսակ ասպետ եք Դուք:

-Ես էլ այս տեսակի ասպետ եմ:

Իր տեսակի մեջ ուրույն ասպետ, ահա, թե ինչը չեն կարողանում ընդունել և հասկանալ արքայադուստր Ֆիոնան, 38-ամյա կինը և շատ այլոք, ովքեր գերադասում են իրենց երևակայության մեջ ստեղծված տղամարդուն իրականից: Որովհետև իրականության օբյեկտիվ ընկալումը և երազներից հրաժարումը նշանակում է հոգնատանջ աշխատանք` ամեն վարկյան իրականության հեղինակ, պատասխանատվություն, համառություն, հաստատակամություն, ինչպես նաև հիասթափություն, հուսալքություն… Իսկ երազում ապահով ես, ամեն ինչ վերահսկման տակ է և հեշտ կառավարելի:

38-ամյա այս կինը խուսափում էր մտերմիկ հարաբերություններ կառուցել տղամարդու հետ, քանի որ ուներ «Քնած դիցուհու» կամ «Մոխրոտի» բարդույթ: Նրան թվում էր, որ մի օր, վերջապես, հայտնվելու է ասպետը սպիտակ ձիով ու փրկելու է իրեն իր անլիարժեքությունից։ Սա այն վիճակն է, որի զարգացման հնարավոր ելքերից մեկը վագինիզմի առաջացումն է։ Առնանդամի հեշտոց ներթափանցման միտքը թվում է գռեհիկ ու կեղտոտ մի բան։ Սեռական գործողության յուրաքանչյուր փորձ պսակվում է անհաջողությամբ։

Սեքսուալ ֆոբիայով բարդացած վագինիզմի բուժումը կազմակերպվում է բժիշկ-սեքսոլոգի օգնությամբ։ Հաճախ անձն իրեն մեղավոր է զգում, որ ունի այս խնդիրը, կաշկանդվում է մեղավորության զգացումով ու խուսափում դիմել օգնության, այդ թվում բժշկական օգնության։ Պետք է հիշել, որ ինքնահոսի թողնելու դեքպում խնդիրը կարող է ոչ միայն խորանալ ու դառնալ դժվար լուծելի, այլ նաև ազդել զուգընկերոջ սեռականության վրա: