Անկանոն սեռական կյանքը` բազմակի զուգընկերների հերթափոխմամբ, համարվում է սեռական վարքի խանգարում և սեքսոլոգիայում հայտնի է «պրոմիսկուիտետ» անվամբ: Այս խանգարումը հաճախ հանդիպում է աղջիկների մոտ և արտահայտվում բազմաթիվ սեռական զուգընկերների առկայությամբ, ում հետ չկա հուզական կապվածություն, հաճախ դրանք այսպես կոչված «մի գիշերվա» տղամարդիկ են, սեռական հարաբերությունը նրանց հետ առաջինն ու վերջինն է: Խոսքը չի վերաբերում մարմնավաճառությանը, որովհետև սեռական այս վարքի հիմքում, ոչ մի դեպքում, ընկած չէ նյութական օգնություն ձեռք բերելու դրդապատճառը: Նրանց չի առաջնորդում նաև սեռական հաճույքի անհագ մղումը, ընդհակառակը` հիմնական դեպքերում այս աղջիկները տառապում են անօրգազմիայով և խորը հոգեսեքսուալ անբավարարվածությամբ:

Սեռական վարքի այս խանգարումը անպատասխանատվության մեծ բեռ է կրում իր մեջ, քանի որ այս աղջիկները հաճախ ձեռք են բերում սեռավարակներ և տարածում իրենց զուգընկերների շրջանում: Նույնիսկ այն դեպքերում, երբ կինը դիմում է բժշկին, իր անպատասխանատվության պատճառով հաճախ մնում է թերի բուժված, և սեռավարակը շարունակում է թաքուն ապրել նրա օրգանիզմում` ձեռք բերելով քրոնիկական ընթացք: Շատ դեպքերում այս աղջիկները հետագայում ունենում են անպտղության խնդիր, հատկապես, եթե ընդհատել են չնախատեսված հղիությունները: Բարձր է ալկոհոլիզմով հիվանդանալու հավանականությունը, երբեմն նույնիսկ դիմում են թմրանյութերի օգտագործմանը: Կարելի է ասել, որ պրոմիսկուիտետը նաև սոցիալական չարիք է, բացի առողջական խնդիր լինելուց, քանի որ հասանելի լինելով իբրև սեռական օբյեկտ, այսպիսի աղջիկները ստեղծում են կանացի սեքսուալության այնպիսի պակերացումներ, որտեղ կինը հանդիսանում է լոկ հաճույքի առարկա։

Կարդալ ավելին

Իսկ ինչո՞ւ է աղջկա սեռական կյանքը ձեռք բերում նման ընթացք, արդյո՞ք սա ժառանգական նախատրամադրվածություն է, թե կյանքի անբարեհաջող հանգամանքներն են «մեղավոր»: Հետազոտությունները ցույց են տալիս, որ նման վարքի աղջիկները ունեն աձի սահմանային տիպ, իսկ դա նշանակում է հուզական անկայունություն, առանց հետևանքները հաշվի առնելու, ներքին մղումով գործելու վառ արտահայտված միտում: Միջավայրի ազդեցությունը հեշտությամբ կարող է հրահրել վարքային «պայթյունների», նրանք դյուրագրգիռ են, դժվարանում են իրենք իրենց տիրապետել: Մյուս կողմից այս աղջիկներն ունեն անինքնավստահության զգացում և որպես անլիարժեքության դեմ պայքարի միջոց ընտրել են իրենց սեռի գրոտեսկային ընդգծումը, քանի որ համարում են, որ տղամարդուն գրավում են կրքոտ, սեռազգայուն և մուլտիօրգաստիկ կանայք:

Այն պատճառով, որ այս աղջիկներն ի վիճակի չեն կայուն փոխհարաբերություններ ստեղծել,նրանց «կյանքի ընկերը» երկար չի դիմանում իրենց կողքին և հեռանում է: Սա իր հերթին ավելի է խորացնում թերարժեքության զգացումը, հուսահատության մեջ հայտնվելով՝ նրանք սկսում են իմպուլսիվ կերպով` առանց իրենց հաշիվ տալու փոխարինել մի տղամարդը մյուսով: Սեռական կապերը նրանց կյանքում դառնում են ինքնահաստատման և թերարժեքության խորը զգացումից ձերբազատման կարևոր միջոց:

Իրականում այս աղջիկները խորը թերարժեքության և միայնակության զգացում ունեն և սեռական անկանոն վարքի միջոցով փորձում են խուսափել անտանելի այս զգացողություններից՝ դատարկություն, ցածր ինքնագնահատական, ինքնանվաստացում, մենակության վախ, ընկճվածություն: Սա հոգեսեռական լուրջ խնդիր է համարվում, որը ավելի բարձր տարիքում կարող է հանգեցնել խորը տառապանքի դատապարտված լինելու և անելանելիության զգացման, ուստի հարկ է ժամանակին դիմել կոմպետենտ մասնագետի՝ տվյալ դեպքում՝ բժիշկ-սեքսոլոգի օգնությանը:

Փակել