Սիրելն ու սիրվելը մարդու ամենախորքային, հիմքային պահանջներից են: Դա կենսաբանական, հոգեբանական, հուզական և հոգևոր պահանջ է, որի բավարարումը խիստ կարևոր է լիարժեք մարդ լինելու համար: Կին-տղամարդ սիրային կապի միջոցով բավարարվում է այդ կարևոր պահանջմունքը, ու միանգամայն բնական է, որ ցանկություն ունենք ինտիմ հարաբերություններ կառուցել ինչ-որ մեկի հետ, ով կդառնա մեր կյանքի ուղեկիցը: Ոչ ոք չի ուզում մենակ մնալ, մենակ ապրող կնոջը անվանում են «տանը մնացած», մենակ տղմարդուն՝ «ծեր ամուրի»: Նույն վերաբերմունքը կա ամուսնալուծված մարդկանց հանդեպ, նրանց համարում են սխալ մարդիկ, պակասորդ ունեցող մարդիկ: Սա խոսում է այն մասին, որ մենակ մարդկանց հանդեպ հասարակությունը չունի հանդուրժող վերաբերմունք: Ցավոք, շատերը ձգտում են գտնել իրենց կողակցին, որպեսզի չարժանանան նման պիտակի, ու եթե տարիքն անցել է ու դեռ ամուսնացած չեն, ներքին տագնապի զգացում է հայտնվում, կարծես թե կյանքը գնաց ու այդպես էլ չիրագործեցին կյանքի ամենագլխավոր նպատակը՝ չգտան իրենց լրացնող կեսին:

Ռոմանտիկ-սիրային հարաբերություններ փափագելը լիովին բնական է, սակայն խնդրահարույց է, երբ այդ տեսակ սիրո միջոցով փորձում ենք լուծել մեր կյանքի բոլոր խնդիրները` մտածելով, որ ռոմանտիկ սերը կոչված է լրացնելու մեզ, ամբողջացնելու մեր էությունը: Ընդհանրապես, պետք է ընդունել, որ ռոմանտիզմն իրոք երջանկացնելու հատկություն ունի: Սիրահարված մարդուն աշխարհը թվում է թեթև ու վարդագույն` ինչպես բարի հեքիաթներում է: Ընդ որում, ռոմանտիզմի հակված մարդիկ նման վերաբերմունք են տածում ոչ միայն իրերի ու երևույթների, այլ անգամ հիվանդությունների հանդեպ՝ հավատալով և հուսալով, որ որևէ լուրջ բան չի կարող պատահել, եթե անգամ ախտորոշվել է լուրջ հիվանդություն:

Կարդալ ավելին

Իհարկե, ռոմանտիկ լինելը պաշտպանում է կյանքի դառնություններից ու ինչ-որ տեղ հարմարողական նշանակություն ունի, սակայն ռոմանտիկ վերաբերմունք տածելով մարդկանց ու աշխարհի հանդեպ՝ կտրում ենք մեզ իրականությունից: Եթե ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան այս աշխարհում չի համապատասպանում մեր պատկերացրած իդեալին, ռոմանտիզմը հերքում է այդ փաստը: Ուստի վարդագույն ակնոցներով աշխարհին նայելը աղավաղում է ճշմարտությունը: Եվ ինչքան շատ աղավաղենք իրականությունը, այնքան շատ ենք հետո զղջալու և տառապելու: Սյս ճշմարտությունը հասկանալով` ռոմանտիկ մարդիկ իբրև այլընտրանք, ընտրում են պրագմատիզմը, ինչն էլ նրանց դարձնում է ցինիկ, ջղային, դառնացած, ատելությամբ լցված ու դեպրեսիվ:

Ինչո՞ւ են ռոմանտիզմով լցված մարդիկ տառապում մտերիմների հետ հարաբերություններում: Որովհետև նրանց հոգին պատսպարած դյուրահավատ անմեղությունը ներս է թողնում միայն իրականության իդեալիստական պատկերները: Բայց ակնոցները կոտրվելու հակում ունեն, դե հիմա պատկերացրեք՝ ինչ տեղի կունենա, եթե մի օր կոտրվեն այդ վարդագույն ակնոցները: Ակնոց կրող մարդիկ կհավաստեն ասածս, քանի որ իրենց մաշկի վրա զգացածել են, թե դա ինչ է: Առանց ակնոցների` աշխարհը հանկարծ, մի ակնթարթում կորցնում է իր նախկին հստակությունը, խավարում է, ու տիրում է անպաշտպանության մի անհաղթահարելի զգացում, կարծես թե բոլորովին մերկ ես մնացել` ի ցույց հանված անվերահսկելի վտանգավոր աշխարհին: Անպաշտպանության այս անտանելի վիճակը հաղթահարելու համար ռոմանտիզմի հակված շատերը շտապում են անմիջապես նոր ակնոց դնել, որն այս անգամ ուրիշ պրիզմայով է բեկում աշխարհը՝ ցինիզմի, աուտիզմի, նիհիլիզմի, սեքսիզմի և մնացած -իզմերի: Նայեցեք ձեր շուրջը և հաստատ շրջապատում կտեսնեք մարդկանց, ովքեր պաշտպանվում են ցինիզմի, ջղայնության, հիպերֆեմինային կեցվածքի կամ մեկուսացման վահանների ետևում:

Երբ մենք սիրահարվում ենք ու մեզ թվում է, թե վերջապես գտել ենք մեր երկրորդ կեսին ու հանգստացած շունչ ենք քաշում, որ ահա, մեր բոլոր խնդիրներն այլևս լուծված են, երբ մենք ապրում ենք ինտիմ մտերմության ամենակրքոտ րոպեները և միաձուլման բերկրալի զգացումը, գալիք հիասթափությունն անխուսափելի է: Նախքան ամուսնությունն ամեն ինչ ռոմանտիկ է, սեքսոլոգիայում նույնիսկ հատուկ եզրույթ են օգտագործում՝ ռոմանտիկ լիբիդոյի փուլ, որի ընթացքում հարաբերությունները ոգեշնչող են, թեևեր պարգևող, տիրում է յուրատեսակ թմրածության զգացում, կարծես մշտապես հաճույքի մեջ լինես: Ամուսնության առաջին տարվա ավարտից սկսած, իսկ գուցե և ավելի շուտ, որոշ դեպքերում նույնիսկ հենց առաջին ամուսնական գիշերից հետո, շատերի թևերը կարծես պոկվում են, ու ցավով գահավիժում են ցած: Սկսվում է ընտանեկան կյանքի դժոխային փուլը, զգում ես, թե ինչքան ոչ ադեկվատ ես, իջնում է ինքնագնահատականը, տագնապի և անհանգստության աճող զգացումները դառնում են անվերահսկելի, հուսահատությունն ու ափսոսանքը կյանքը դարձնում են դատարկ և ունայն:

Միգուցե այն միտքը, որ մեր երկրորդ կեսը չի կարող լրացնել ու երջանկացնել մեզ, դիմադրություն առաջացնի: Բնական է, որ այդպես լինի, քանի որ ծնված օրվանից մեզ սովորեցնում են, որ կյանքի նպատակը պակասող կեսին գտնելն է, բոլոր հեքիաթներում, կինոներում, երգերում, գլխավոր սյուժեն այն է, որ սիրած տղան հասավ իր մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին, ու նրանք ապրեցին երկար ու երջանիկ, ունեցան բազում զավակներ։ Ֆիլմի ավարտը։ Երբ ծնված օրվանից մեզ ներարկում են, որ մենք կիսատ ենք ու մեզ կարող է լրացնել միայն մեր սիրած անձնավորությունը, դժվար է ընդունել, որ դա այդպես չէ, բայց դժբախտաբար, իսկ միգուցե նաև բարեբախտաբար՝ դա այդպես է: Բարեբախտաբար, որովհետև հենց այն պահին, երբ հասկանում ենք, որ մեր ամբողջական լինելը կախված չէ մեր զուգընկերոջից, կատարյալ ու համապատասխանող զուգընկեր գտնելուց, մենք միանգամից, հենց այդ վայրկյանին տեղափոխվում ենք հանգստության դաշտ:

Անքննելի է, թե ինչքան լարվածություն է առաջացնում այն միտքը, որ մեր երջանկության բանալին գտնվում է ինչ-որ մեկի ձեռքին: Այս մտքից ծնվում են տագնապներ և դեպրեսիա: Մենք զոհ ենք դառնում այն մտածելակերպին, որ մեր երջանկությունը կախված է հաջող ամուսնությունից, ներդաշնակող զուգընկերոջ ընտրությունից: Ուրեմն՝ ինչ է մնում անել, եթե չենք ուզում տառապել՝ հրաժարվում ենք երջանկությունը դրսում փնտրելուց և սկսում ենք ներսից փնտրել մեր պակասող մասերը, ինքնալրացվել ու ամբողջանալ:

Բոլոր ժամանակների իմաստուն մարդիկ ասել են, որ մարդն ամբողջական է։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ այն ամենն, ինչը մեզ երջանկացնում է դրսից, մի օր դադարում է գոյություն ունենալ, իսկ այն շնորհը, որը մենք կրում ենք ներսում, հավերժ մեր հետ է և երջանկության անսպառ աղբյուր է: Բոլորիս հայտնի է այն ցավը, որն ի հայտ է գալիս, երբ կորցնում եմ արտաքին աշխարհում գտնվող ինձ երջանկացնող թանկ բանը: Ու ինչքան էլ ամուր եմ բռնում, միևնույնն է, այն հեռանում է ինձնից՝ բռունցքից հոսող ավազահատիկների պես: Ես կորցնում եմ իմ սիրելի գնդակը, գրիչը, հեռախոսը, ավտոմեքենան, տունը, գործը, մարդուն, երեխային… Ես կորցնում եմ իմ մարմնի ինչ-որ մասը՝ կուրծքը, ոտքը, աչքը, երիկամը… կորցնում եմ իմ երիտասարդությունը, գեղեցկությունը, հույզերը, զգացմունքները, պատկերացումները, համոզմունքերը, կարծիքները… Բոլորն ապրել են կորստի ցավ ու գիտեն, թե ինչքան դառն է կորստի տառապանքը:

Կան և այնպիսինները, ովքեր կորցնում են այս բոլորը միասին, կորցնում են այն ամենը, ինչ թանկ էր իրենց համար, կորցնում են ամեն ինչ…: Եվ ի՞նչ է մնում տակը: Դատարկություն: Մենակություն: Մթություն: Խավար… Խելագարության հասցնող անվերջ խավար: Ու մի օր, մի պայծառ օր արթնանում ես, ու տեսնում, որ լույսի շող է նշմարվում, շատ նուրբ, մի հույլ շող, որն ուզում ես փայփայել, գրկել, գուրգուրել, բայց չես համարձակվում շարժվել, որ հանկարծ չկորչի, այդպես անշարժացած հայացքդ հառում ես այդ շողին ու առաջին անգամ կյանքում հասկանում, որ գտել ես այն, ինչ քեզ պակասել է, այնքան թանկ մի բան, որի ներկայությունն ամեն ինչ է: Շողը գնալով դառնում է է՛լ ավելի պայծառ ու բացվում է լույսը… Գիշերվա արևը: Ինչքան թանձր է եղել խավարը, այնքան հստակ են լույսի շողերը: Կյանքը սկսվում է նորից, բայց այս Արևի ներքո այն լրիվ ուրիշ է, այս արևի ճառագայթներից հալվում է այն ամենը, ինչն իմը չէ, արևը խանձում է ու սրբում օտարը, որից թուլանում էր լույսի ներթափանցումը:

Թափանցիկությունը հանգուցալուծված խնդիրներն են, երբ ներաշխարհի մթնոլորտն աղտոտող կարծիքները, պատկերացումները, համոզմունքները ցրվում և տարրալուծվում են։ Ամենն ինչ օտար է, արևի լույսից չքանում է, հալվում-գնում: Մնում է միայն այդ Արևի պայծառ լույսը, ջերմացնող ու կենսածին լույսը: Ամենևին չթերագնահատելով այս պահին տառապող հոգիների ցավը, հորդորում եմ կորուստ ապրող մարդկանց չհանձնվել ու շարունակել տառապանքի ճանապարհը դեպի անդունդ, որտեղ այս հրաշագործ լույսի ներքո կբացահայտվի, որ տառապանքը գալիս է միայն ու միայն մեր մտքերից, որոնք անգամ մերն էլ չէին, այլ հայտնվել էին այնտեղ շատ պատահական, ճակատագրի բերումով:

Մեր ամենախորքային պահանջը սիրելն ու սիրված լինելն է, սա շատ բնական պահանջ է, ու ես բացարձակապես դեմ չեմ ռոմանտիկ հարաբերություններին, ասածս միայն այն է, որ երջանկությունը չհիմնենք այս հարաբերությունների վրա: Երբ սկսում ենք մտածել, որ մեր ամուսինը կամ կինը մեզ պետք է տա այն ամենը, ինչ մեզ պակասում է, մենք մեզ թակարդն ենք գցում: Մեր կողակիցը չի կարող մեզ ապահովել այն ամենով, ինչի պակասը զգում ենք, մի հոգին չի կարող ապահովել մի ամբողջ համայնքի պարգևածը: Թույլ տվեք, որ այս միտքը տեղ գտնի ձեր ներսում և տառապանքի փակուղին անմիջապես կքանդվի, կբացվի ազատագրման դուռը: Այդ դռնով հեղեղի պես դուրս կհորդեն կուտակված զայրույթը, վիշտը, հիասթափությունը, խռովքը, միայնությունը, վախը: Խնդրում եմ դատարկեք ձեր տառապանքը, թույլ տվեք տառապանքը դուրս գա ձեր միջից, տառապանքը հոգնել է ձեզնից և ուզում է թողնել ձեզ, տվեք նրան այդ հնարավորությունը, բացեք դռները:

Իսկ մեր զուգընկերը, ընկերը, ամուսինը, կինը, ով չի կարող լրացնել ու ամբողջացնել մեզ, այս գործում մեկ այլ կարևոր դեր է խաղում` նրանք արագացնում են մեր այս ընթացքը դեպի անդունդ, նրանք արտացոլում են մեզ ու օգնում, որ տեսնենք ինքներս մեզ և հասկանանք, թե որ ճանապարհով պիտի ընթանանք: Նորից կրկնեմ, ռոմանտիկ հարաբերությունները ոչ թե լրացնում են մեզ, այլ օգնում որ ինքներս մոտենանք մեր լրիվությանը, այն մեր ներսում է, լրիվությունը մենք ենք:

Պլատոնական սիրո մեջ մեր սիրտը բաց է, ահա թե ինչու ազատության զգացումը լիուլի լցնում է մեզ, ու սա շատ նման է այն զգացողությանը, որը կոչվում է անպայմանական սեր, բայց դա միայն արտաքնապես է նույնը: Անպայմանական սեր ասելով նկատի ունեմ սերն առանց նախապայմանների, երբ ընդունում և սիրում ես մարդուն առանց նախապայմանների, անկախ այն ամենից, թե նա ինչ է ասում, զգում, անում, ինչ է մտածում, ինչին է հավատում: Միչդեռ ռոմանտիկ սիրո երջանկությունը պատրանք է: Ու դրանից կառչելը բերելու է տառապանքի: Ուրեմն` եթե չենք ուզում տառապել, հիշենք՝ սիրելու և սիրվելու մեր պահանջը շատ բնական ու շատ առողջ է, բայց սիրած անձնավորությունից չսպասենք ամեն ինչ, նա չի կարող լրացնել մեր բոլոր բացերը, իրականացնել մեր բոլոր երազանքները, երկնքից իջեցնել բոլոր աստղերը: Հիշենք, որ ինքներս մեզնից չենք փախչի, դեմ առ դեմ կանգնենք այն խնդրի առջև, որից փախչում ենք, չվազենք երջանկության ետևից, երջանկությունը ինքը կգա մեր դուռը թակելու, երբ այլևս ոչ մի հենարան չենք փնտրի:

Փակել